Հիմնական
Գործի համար: ԵԴ/40817/02/19Վիճակագրական տողի համար: 12.4
Հայցվոր
Թեհմինե Մխիթարի Ենոքյան
Անի Ռազմիկի Խաչատրյան
Արթուր Արմենի Գրիգորյան
Լևոն Գերասիմի Գալստյան
Արկադի Գագիկի Գրիգորյան
Միհրդատ Խորենի Ներսիսյան
Գագիկ Արտուշի Գրիգորյան
Թեհմինե Կամոյի Հունանյան
Սուսաննա Խաչիկի Մարգարյան
Հենրի Մանվելի Հարությունյան
Ասքանազ Աշխարհաբեկի Հովհաննիսյան
Բորիս Արկադյայի Խաչատրյան
Գոռ Մկրտիչի Այվազյան
Աննա Նիկոլայի Շահնազարյան
Միլենա Վլադիմիրի Բաղդասարյան
Պատասխանող
Տիգրան Արմենի Ավինյան
Դատավոր
Երևան քաղաքի դատարան:Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40817/02/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՎՃԻՌ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
07 հուլիսի 2020թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Մխեյանի, դատական նիստերի քարտուղար Նազելի Մահորյան, մասնակցությամբ հայցվոր Աննա Նիկոլայի Շահնազարյանի, հայցվորների ներկայացուցիչ Գուրգեն Ռոդիսլավի Թորոսյանի, քննելով թիվ ԵԴ/40817/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Թեհմինե Մխիթարի Ենոքյանի (ն/ք՝ 004962445, տրված՝ 22.07.2014թ., 011-ի կողմից), Անի Ռազմիկի Խաչատրյանի (անձնագիր՝ AM 0777184, տրված՝ 27.06.2012թ., 003-ի կողմից), Արթուր Արմենի Գրիգորյանի (ն/ք՝ 007459555, տրված՝ 26.11.2015թ., 035-ի կողմից), Լևոն Գերասիմի Գալստյանի (ն/ք՝ 001010164, տրված՝ 14.01.2013թ., 012-ի կողմից), Արկադի Գագիկի Գրիգորյանի (ն/ք՝ 002644219, տրված՝ 13.05.2015թ., 035-ի կողմից), Միհրդատ Խորենի Ներսիսյանի (անձնագիր՝ AN 0467201, տրված՝ 13.05.2013թ., 035-ի կողմից), Գագիկ Արտուշի Գրիգորյանի (ն/ք՝ 000866251, տրված՝ 13.01.2014թ., 035-ի կողմից), Թեհմինե Կամոյի Հունանյանի (անձնագիր՝ AS 0215898, տրված՝ 07.06.2018թ., 035-ի կողմից), Սուսաննա Խաչիկի Մարգարյանի (անձնագիր՝ AM 0604050, տրված՝ 19.01.2012թ., 035-ի կողմից), Հենրի Մանվելի Հարությունյանի (անձնագիր՝ AS 0550978, տրված՝ 21.03.2019թ., 035-ի կողմից), Ասքանազ Աշխարհաբեկի Հովհաննիսյանի (ն/ք՝ 003159654, տրված՝ 27.03.2014թ., 035-ի կողմից), Բորիս Արկադյայի Խաչատրյանի (անձնագիր՝ AM 0487495, տրված՝ 25.10.2011թ., 035-ի կողմից), Գոռ Մկրտիչի Այվազյանի (անձնագիր՝ AN 0313586, տրված՝ 09.01.2013թ., 035-ի կողմից), Աննա Նիկոլայի Շահնազարյանի (ն/ք ՝ 000425074, տրված՝ 24.10.2013թ., 001-ի կողմից), Միլենա Վլադիմիրի Բաղդասարյանի (անձնագիր՝ AT 0486299, տրված՝ 23.10.2019թ., 009-ի կողմից) ընդդեմ պատասխանող Տիգրան Արմենի Ավինյանի (անձնագիր՝ BA 1999560, տրված՝ 11.06.2015թ., 011-ի կողմից)` զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջի մասին՝
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Դատավարական նախապատմությունը
1.1. Հայցվորներ Թեհմինե Մխիթարի Ենոքյանը, Անի Ռազմիկի Խաչատրյանը, Արթուր Արմենի Գրիգորյանը, Լևոն Գերասիմի Գալստյանը, Արկադի Գագիկի Գրիգորյանը, Միհրդատ Խորենի Ներսիսյանը, Գագիկ Արտուշի Գրիգորյանը, Թեհմինե Կամոյի Հունանյանը, Սուսաննա Խաչիկի Մարգարյանը, Հենրի Մանվելի Հարությունյանը, Ասքանազ Աշխարհաբեկի Հովհաննիսյանը, Բորիս Արկադյայի Խաչատրյանը, Գոռ Մկրտիչի Այվազյանը, Աննա Նիկոլայի Շահնազարյանը, Միլենա Վլադիմիրի Բաղդասարյանը (այսուհետ՝ նաև Հայցվորներ)՝ ի դեմս Հայցվորների ներկայացուցիչ Գուրգեն Ռոդիսլավի Թորոսյանի (այսուհետ՝ նաև Ներկայացուցիչ), հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Դատարան) ընդդեմ Տիգրան Արմենի Ավինյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)` հայցելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները:
1.2. Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարան են մուտքագրվել 25.11.2019թ.-ին, դատավորի աշխատակազմին են տրամադրվել 28.11.2019թ.-ին:
1.3. Դատարանը 2019թ-ի դեկտեմբերի 02-ին կայացրել է որոշում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, որն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է կողմերին:
1.4. Պատասխանողը 30.12.2019թ. ներկայցրել է հայցադիմումի պատասխան։
1.5. Դատարանը 05.02.2020թ. կայացրել է որոշում՝ դատական ակտում վրիպակ ուղղելու մասինհ։
1.6. Դատարանը 06.02.2020թ.-ին կայացած նախնական դատական նիստի շրջանակներում կատարեց ապացուցման պարտականության բաշխում, որի վերաբերյալ կողմերը առարկություններ չներկայացրեցին և տրամադրեց ժամանակ՝ ապացույցներ կամ ապացույցներ ձեռք բերելու միջնորդություններ ներկայացնելու համար։
1.7. Հայցվորների ներկայացուցիչը 17.02.2020թ. նախնական դատական նիստում ներկայացրեց գրավոր երկու միջնորդություն՝ ուղղված ապացույցների ձեռք բերմանը, այն է՝ որպես վկա ցուցմունք տալու համար Պատասխանողին և հայցվորներ Թեհմինե Մխիթարի Ենոքյանին, Անի Ռազմիկի Խաչատրյանին և Լևոն Գերասիմի Գալստյանին հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ։ Պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ միջնորդություններին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար, որը Դատարանը բավարարեց։
1.8. Դատարանը 28.02.2020թ. կայացած նախնական դատական նիստում՝ քննարկելով Հայցվորի միջնորդությունները և դրանց վերաբերյալ Պատասխանողի ներկայացուցչի գրավոր առարկությունները որոշեց՝ որպես վկա ցուցմունք տալու համար Պատասխանողին հրավիրելու և հարցաքննելու մասով միջնորդությունը մերժել, իսկ հայցվորներ Թեհմինե Մխիթարի Ենոքյանին, Անի Ռազմիկի Խաչատրյանին և Լևոն Գերասիմի Գալստյանին հրավիրելու և հարցաքննելու մասով՝ բավարարել։
1.9. Դատարանը 28.02.2020թ. կայացած նախնական դատական նիստում սահմանելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը և իրականացնելով նախապատրաստական մյուս միջոցառումները գործը հայտարարեց դատաքննության նախապատրաստված և նշանակեց դատաքննություն՝ 13.03.2020թ.-ին։
1.10. Դատաքննությանն ուղղված 13.03.2020թ.-ի, 17.04.2020թ., 06.05.2020թ. նշանակված դատական նիստերը հետաձգվել են։
1.11. Հայցվորի ներկայացուցիչը 22.05.2020թ. կայացած դատական նիստում ներկայացրեց Դատավորին բացարկ (ինքնաբացարկ առաջարկելու) հայտնելու վերաբերյալ միջնորդություն, որի քննարկման նպատակով դատաքննությունը ընդհատվեց և նշանակվեց 25.05.2020թ.-ին։
1.12. Դատարանը 25.05.2020թ.-ին կայացած դատաքննության շրջանակներում հրապարակեց բացարկի (ինքնաբացարկի առաջարկի) միջնորդությունը մերժելու վերաբերյալ գրավոր դատական ակտը՝ դրա օրինակները տրամադրելով կողմերին։ Նշված նիստի շրջանակներում ցուցմունքներ տվեցին հայցվորներ Թեհմինե Մխիթարի Ենոքյանը և Լևոն Գերասիմի Գալստյանը, իսկ Անի Ռազմիկի Խաչատրյանի՝ ցուցմունք տալն ապահովելու նպատակով՝ հաշի առնելով վերջինիս բացակայությունը, Դատարանը բավարարեց Ներկայացուցչի միջնորդությունը՝ դատաքննությունը հետաձգելու վերաբերյալ։
1.13. 05.06.2020թ.-ին կայացած դատաքննության շրջանակներում ցուցմունք տվեց Անի Ռազմիկի Խաչատրյանը, կատարվեց գործում առկա ապացույցների հետազոտում։ Հայցվորների ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց դատական ակտի նախագիծ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու վերաբերյալ, որը Դատարանի կողմից բավարարվեց և հաջորդ դատական նիստը նշանակվեց 09.06.2020թ.-ին։
1.14. Հայցվորների ներկայացուցիչը 09.06.2020թ.-ին կայացած դատական նիստի շրջանակներում ներկայացրեց եզրափակիչ դատական ակտի նախագծի գրավոր և էլեկտրոնային տարբերակները։ Դատարանը դատաքննությունը հայտարարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է սահմանել 22.06.2020թ-ը։
1.15. Դատավոր առողջական վիճակով պայմանավորված վճռի հրապարակման ժամանակը երկարաձգվել է և տեղափոխվել է 07.07.2020թ.։
2. Հայցվորի դիրքորոշումը (հայցապահանջը, հայցի փաստական և իրավական հիմքերը).
Հայցի առարկան.
Ներկայացված հայցադիմումով Հայցվորները հայցել են պարտավորեցնել Պատասխանողին հերքել 22.10.2019թ.-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, Ամուլսարի հանքի շահագործման մասին խոսելիս Հայցվորների հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող հետևյալ տեղեկությունները. «Բայց կան նաև մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանում գործող հանքարդյունա-բերական որոշակի գործարարների հետ և այդ մարդիկ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդրում, համենայն դեպս՝ նախկինում ներդրում էին, որպեսզի այս արշավը կազմակերպվի, թե չէ, ես վստահեցնում եմ՝ դուք այս արշավի մասին չէիք լսելու, որովհետև նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է»:
Որպես հայցի փաստական և իրավական հիմքեր Հայցվորը նշել է, որ՝
Հայցվորները հանդիսանում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներ: Հայցվորներն ակտիվորեն մասնակցում են Ամուլսարի շահագործման դեմ ուղղված ցույցերին, ինչպես նաև կազմակերպում են հանդիպումներ պետական և հասարակական մարմինների հետ:
Պատասխանող Տիգրան Ավինյանը հանդիսանում է ՀՀ փոխվարչապետ: Պատասխանողը 22.10.2019թ.-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ արդի թեմաների, խոսել է Ամուլսարի հանքի շահագործման մասին, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է 23.10.2019թ.-ին: Վերջինս, մասնավորապես, անդրադառնալով հանքի շահագործման դեմ հնչող բողոքների թեմային, հայտարարել է. «Ես ձեզ նաև տեղեկացնեմ, որ Ամուլսարի դեմ արշավն, ընդհանուր առմամբ, միանշանակ արշավ չի, որովհետև կան անկեղծ ու ազնիվ մարդիկ, ովքեր որ իրապես հավատում են, որ այս ծրագիրն աղետ է։ Բայց կան նաև մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ և այդ մարդիկ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդրում, համենայն դեպս՝ նախկինում ներդրում էին, որպեսզի այս արշավը կազմակերպվի, թե չէ, ես վստահեցնում եմ՝ դուք այս արշավի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
«Զրպարտություն» հասկացությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում սահմանված է հետևյալ կերպ. «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
Նշված նորմը մեկնաբանվել է Վճռաբեկ դատարանի կողմից մի շարք որոշումներում: Մասնավորապես թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով կայացրած որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշներին՝ արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ «հրապարակային ներկայացնել», «փաստեր» և «գնահատողական դատողություններ» եզրույթները և դրանց մեկնաբանությունները հավասարապես կիրառելի են նաև զրպարտության դեպքերի համար:
Այսպես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով:
Տեղեկատվության տարածումը այս դեպքում ևս ենթադրում է հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ փաստաթղթում տեղ գտած եզրահանգումների կամ փաստերի բարեխիղճ շարադրանք: Ելույթ պետք է դիտարկել անձի կողմից հնչեցրած բանավոր խոսքը, որը նպատակ ունի որոշակի տեղեկատվություն հասու դարձնել անորոշ թվով անձանց և արվում է որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառումների ժամանակ (օրինակ` կոնֆերանսներ, համաժողովներ, հավաքներ, հանրահավաքներ և այլն):
Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված դրույթում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե´ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե´ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):
Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:» (տե´ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):
Վճռաբեկ դատարանը նշել, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Այս դեպքում, Պատասխանողը հրապարակայնորեն՝ Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ /հանդիպումը տեսաձայնագրվել է, ներբեռնվել է համցանց և հասանելի է եղել բոլորին/ հայտնել է, որ. «... Ամուլսարի դեմ արշավն, ընդհանուր առմամբ, միանշանակ արշավ չի, որովհետև կան անկեղծ ու ազնիվ մարդիկ, ովքեր որ իրապես հավատում են, որ այս ծրագիրն աղետ է։ Բայց կան նաև մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ և այդ մարդիկ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդրում, համենայն դեպս՝ նախկինում ներդրում էին, որպեսզի այս արշավը կազմակերպվի, թե չէ, ես վստահեցնում եմ՝ դուք այս արշավի մասին չէիք լսելու․․․»:
Համադրելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները սույն գործի փաստերի հետ, գտնում եմ, որ վերը նշված արտահայտությունները նսեմացնում են հայցվորների պատիվն ու արժանապատվությունը հետևյալ պատճառաբանությամբ՝
Ինչպես արդեն նշվեց Հայցվորները հանդիսանում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներ: Պատասխանողը հրապարակային հանդիպման ժամանակ, խոսելով Ամուլսարի հանքի շահագործման դեմ արշավի մասին, արշավի ներկայացուցչիներին ուղղակիորեն կապել է Հայաստանում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ, որոնք իբրև թե լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որպեսզի այդ արշավը կազմակերպվի: Գտնում է, որ պատասխանող Տիգրան Ավինյանը պարտավոր է ներկայացնել, թե Ամուլսարի պահպանության համար պայքարող ակտիվիստներից ովքեր են լուրջ ֆինանսական միջոցներ ստանում հանքարդյունաբերական ոլորտի գործարարներից։ Ինչպես նաև վերջինս պետք է հաստատի կամ հերքի, թե արդյո՞ք այդ անձին է նկատի ունեցել իր հայտարարության մեջ։
Պատասխանողը արել է նման արտահայտություն, առանց ներկայացնելու որևէ վերաբերելի ապացույց կամ փաստարկ, որը կփաստեր իր այն խոսքերի իսկությունը, թե Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող մարդիկ լուրջ ֆինանսական միջոցներ են ստանում հանքարդյունաբերական ոլորտի գործարարներից: Այսինքն, եթե Պատասխանողը ներկայացրել է գնահատողկան դատողություն, Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիքորոշումների համաձայն, անհրաժեշտ է, որպեսզի այդ գնահատողական դատողությունը ուղեկցվի բավարար ապացույցների և փաստերի վրա:
Խոսքի ազատության իրավունքի գնահատման համար հիմնային նշանակություն ունի հրապարակային արտահայտություններ կատարած անձը, նրա զբաղեցրած հասարակական կամ սոցիալական դիրքը, քաղաքական հայացքները, կատարած արտահայտության նպատակը, լսարանը, լսարանի տեղեկացվածության մակարդակը և ժամանակաշրջանը:
Այնուամենայնիվ հրապարակային հայտարարություն կատարած անձն իրեն օրենսդրությամբ վերապահված շրջանակներից չպետք է դուրս գա, իսկ խոսքը պետք է լինի հավասարակշռված:
Հայաստանի Հանրապետությունում կառավարության անդամի պաշտոնը քաղաքական է:
Պետական պաշտոն զբաղեցնող անձի դեպքում հրապարակային խոսքը պետք է բխի նրա գործառույթներից: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում կարևոր է պարզել հրապարակային խոսքի նպատակը և շարժառիթները: Քաղաքական գործիչները պետք է զերծ մնան ոչ հավաստի չճշտված տեղեկությունների հիման վրա հրապարակային խոսքից, ատելության խոսքից, այլոց պատիվը արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող խոսքից: Այսինքն` քաղաքական գործչի խոսքը ևս պետք է կրի «կանոնակարգված» բնույթ և խստիվ պետք է հետևի համընդհանուր մոտեցումներին:
Եվրոպական դատարանի մոտեցումների լույսի ներքո մեկնաբանելիս կարելի է հանգել այն եզրահանգմանը, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրապարակային խոսքը չէր կարող բխել անմիջականորեն իր գործառույթներից:
Անդրադառնալով սույն գործի փաստերին՝ գտնում ենք, որ քաղաքացիական գործի համար էական նշանակություն ունի այն հանգամանքը՝ արդյո՞ք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում կատարած որոշակի հրապարակային արտահայտություն-ները վերաբերել են հայցվորներին:
Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով պատասխանողին, հայցվորները խնդրել են հայտնել, թե, արդյո՞ք Պատասխանողը նկատի է ունեցել, որ Հայցվորները ուղղակիորեն կապված են հանքարդյունաբերական ոլորտի որևէ գործարարի հետ և արդյո՞ք այդ գործարարն իր պայքարի մեջ լուրջ ֆինանսական միջոցներ է ներդնում։ Նշված հարցմանը մինչ օրս պատասխան չի տրվել։
Եվրոպական դատարանը արձանագրել է նաև, որ վիճելի պահանջի և զրպարտության պահանջի միջև պետք է առկա լինի օբյեկտիվ կապ: Անհատական ենթադրությունները կամ սուբյեկտիվ ընկալումը բավարար է, որպեսզի ուղղակիորեն տուժեն անձի շահերը: Սովորական ընթերցողը պետք է զգա, որ կոնկրետ անձը դարձել է քննադատության թիրախ (տե´ս Թոման ընդդեմ Լյուքսեմբուրքի, 29 մարտի 2001 թ. ՄԻԵԴ վճիռը 38432/97, պարագրաֆ 56):
Եվրոպական դատարանի նման մոտեցման հիմքում դրված է այն հանգամանքը, որ հրապարակային խոսքը պետք է լինի հավասարակշռված և հիմքում լինի բարեխղճությունը: Բանախոսը պետք է իր խոսքը կառուցի այնպես, որպեսզի լսարանի համար լինի ընկալելի, կոնկրետ, հասցեական, իսկ քննադատության ենթարկված անձը պետք է զգա, որ այն ուղղված է իրեն: Դատարանի համար գնահատման առարկա պետք է լինեն ոչ միայն խոսքի հիմքում ընկած փաստարկները, այլև որքան է բարեխիղճ գտնվել այդ փաստերը ներկայացնելիս:
Սույն գործի փաստերի համաձայն, ինչպես վերը նշվեց հասարակության մեջ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողներ և համապատասխան ակցիաներ և ցույցեր կազմակերպողները և ակտիվիստները հայցվորներն են։ Հասարակությունը որպես Ամուլսարի դեմ պայքարող անձ դիտարկում է հայցվորներին և խոսելիս Ամուլսարի դեմ պայքարողների մասին, առաջին հերթին հասկացվում են հայցվորները։
Վերոգրյալ հոդվածների համատեքստում գտնում ենք, որ հայց ներկայացնելով Հայցվորները օգտվում են իրենց պատիվն ու արժանապատվությունը դատական կարգով պաշպանելու իրավունքից, որպիսի եղանակ է հանդիսանում նաև դատական կարգով պատիվն ու արժանապատվությունն արատավորող Տեղեկությունները հերքելու պահանջ ներկայացնելը և դրամական փոխհատուցում ստանալը։
Հաշվի առնելով Սահմանադրության նորմերի անմիջականորեն գործելու և բարձրագույն իրավաբանական ուժ ունենալու հատկանիշները` Սահմանադրության 61-րդ հոդվածի ուժով, գտնում է, որ Հայցվորները Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքների պաշտպանության` դատական պաշտպանության իրավունք ունեն: Ընդ որում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանվել է իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու մեկ ամսյա ժամկետ, վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Բացի այդ, Դատարան դիմելու իրավունքը ամրագրված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, համաձայն որի` յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար, որպիսի իրավունքից էլ Հայցվորները օգտվում է։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Արդյունքում Հայցվորները օգտվել են միայն պաշտպանության ոչ նյութական եղանակից՝ պահանջելով համապատասխան տեղեկության հերքում։
Դատաքննության ընթացքում Հայցվորների ներկայացուցիչն ամբողջությամբ պնդեց ներկայացված հայցապահանջը և խնդրեց այն բավարարել:
Դատարանը 28.02.2020թ. որոշմամբ բավարարել է որպես վկա ցուցմունք տալու համար հայցվորներ Թեհմինե Մխիթարի Ենոքյանին, Անի Ռազմիկի Խաչատրյանին և Լևոն Գերասիմի Գալստյանին հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ միջնորդու-թյունը՝ կապված տարածված տեղեկատվությունը հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորելու փաստի ապացուցման հետ։
Հայցվորները ցուցմունք տալիս գրավոր նախազգուշացվել են սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաև վերջիններիս պարզաբանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ մասով որպես վկա հանդես գալու սահմանափակումները և նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշակի հարցերին չպատասխանելու իրավունքը։
Թեհմինե Մխիթարի Ենոքյանը և Լևոն Գերասիմի Գալստյանը ցուցմունք են տվել 25.05.2020թ.-ին, իսկ Անի Ռազմիկի Խաչատրյանը՝ 05.06.2020թ.-ին։
3. Պատասխանողի դիրքորոշումը
Պատասխանողը չի ընդունել ներկայացված հայցապահանջը և հայցադիմումի պատասխանում, ինչպես նաև դատական նիստերի շրջանակներում խնդրել է մերժել հայցը՝ հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ նշել է. «…զրպարտությանը բնորոշ հատկանիշներն են.
ա) խոսքը վերաբերում է փաստացի տվյալներին,
բ) դրանք չեն համապատասխանում իրականությանը,
գ) ներկայացվել են հրապարակայնորեն,
դ) արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը,
ե) դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներով ներկայացված փաստացի տվյալներին:
Հստակ է, որ խոսքը վերաբերում է փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ ունեն կոնկրետ առարկայական դրսևորում: Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով «զրպարտությունը»` որպես այդպիսին, գոյություն չունի»:
Նման դիրքորոշում է արտահայտել նաև վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործի շրջանակներում:
Վճռաբեկ դատարանը նաև հավելել է.
«Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե´ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44): …
Հետևաբար, նշված վավերապայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետևաբար նաև` դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:», մեջբերման ավարտ:
Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի որոշմամբ, բացի վճռաբեկ դատարանի կողմից վկայակոչվածից նշված է նաև. «Դատարանը նաև նկատում է, որ զրպարտության հայցով հայցվորները հանդիսացել են առանձին պետական պաշտոնյաներ, Պենզայի տարածքային կառավարության անդամներ»: Նրանցից որևէ մեկը չի նշվել իր անվամբ կամ նամակում չի անհատականացվել: Իրականում, միակ անձը, ով ուղղակիորեն անհատականացվել էր այդ փաստաթղթում հանդիսանում էր մարզպետը (regional governor): Թեև նամակի զգալի մասը ուղղված էր նրա ենթադրյալ չարաշահումների բացահայտմանը, վերջինս այնուամենայնիվ հայցվորների մեջ չէր, ովքեր ընդհանրական ձևով նկարագրվել էին որպես «Մերձավոր շրջապատ», «թիմ», «ալկոլիտներ» կամ պարզապես որպես «տեղական իշխանություններ» (տե´ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 42):
Նույն որոշմամբ եվրոպական դատարանը նաև նշել է. «Ներպետական դատարանները ընդունել են, որ հրապարակումը ազդեցություն է ունեցել հայցվորների վրա և այդ պատճառով նրանք ունեցել են պահանջի իրավունք, որովհետև «տեղական իշխանություններ», «թիմ», և այլ արտահայտությունները եղել են բավարար չափով ընդհանուր, որպեսզի ընդգրկեն այն պետական պաշտոնյաներին, ովքեր, ինչպես հայցվորները, աշխատել են Պենզայի տեղական կառավարության համար: Դատարանը համոզված չէ, որ նման հետևության հանգելիս ներպետական դատարանը կիրառել է այնպիսի չափանիշներ, որոնք համապատասխանում են 10-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին (տե´ս, օրինակ, Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի, No. 23472/03, § 27, 21 հուլիս 2005): Դատարանը կրկնում է, որ զրպարտության օրենքի հիմնարար պահանջ է հանդիսանում, որ պահանջի իրավունքի առաջացման համար անհրաժեշտ է, որպեսզի զրպարտչական հայտարությունը (defamatory statement) ուղղված լինի կոնկրետ անձի» (տե´ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 43, Ֆեդչենկոն ընդդեմ Ռուսաստանի no. 17221/13 §45)
Մեկ այլ գործով եվրոպական դատարանը նշել է. «Դատարանը կրկնում է, որ քաղաքական խոսքը կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը սահմանափակելու առումով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի շրջանակը նեղ է» (տե´ս Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի no. 23472/03 §25) :
Վերոնշյալ դիրքորոշումների կիրառումը սույն գործի շրջանակներում.
Անհրաժեշտ է փաստել, որ հայտարարության տեքստից չի հետևում, որ այն ուղղված է կոնկրետ անձի: Պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջի իրավունքը կարող է առաջանալ միայն, երբ հայտարարությունը ուղղված է որոշակի անձի: Հայտարարությունը վերաբերում է հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցի:
Նման հայտարարությունը կարող էր դիտարկվել պատվի և արժանապատվության պաշտպանության տեսանկյունից, եթե դրանում կոնկրետ անձինք նշվեին իրենց անուններով կամ անհատականացնող այլ տվյալներով: Բոլորովին այլ իրավիճակում, նման հայտարարությունը միգուցե տեղին կլիներ գնահատել անձի պատվի և արժանապատվության պաշտպանության տեսանկյունից, առնվազն եթե, օրինակ՝ հայտարարությունը վերաբերեր անձանց ոչ մեծ խմբի և դրանից պարզ լիներ, որ այն հասցեագրված է այդ խմբի բոլոր անդամներին (Օրինակ՝ եթե որևէ հայտարարություն հասցեագրված լինի ոչ մեծ թվով աշխատակիցներ ունեցող պետական մարմնի կոնկրետ ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին): Ընդ որում, անձանց նման ոչ մեծ խմբի անդամների շրջանակը պետք է լիներ որոշակի: Տվյալ դեպքում, Հայաստանում կան անորշ թվով անձինք ովքեր դեմ են Ամուլսարի շահագործմանը:
Ավելին, հայտարարության սկզբում, ուղղակիորեն նշվում է, որ «կան անկեղծ ու ազնիվ մարդիկ, ովքեր որ իրականում հավատում են, որ այս ծրագիրը աղետ է…»: Նույնիսկ այդ ձևակերպման բացակայության դեպքում, հայտարարությունը չի կարող համարվել զրպարտություն: Այնուամենայնիվ այն ուղղակիորեն նշում է անկեղծ և ազնիվ մարդկանց մասնակցության մասին: Նման ձևակերպումը նաև վկայում է հայտարարության հավասարակշռված բնույթի մասին: Նման պայմաններում, պարզ չէ, թե ինչու են հայցվորները գտնում, որ իրենց վերաբերում է հայտարարության երկրորդ մասը:
Հայցվորները, նաև գտնում են, որ «Տիգրան Ավինյանը պարտավոր է ներկայացնել, թե ովքեր են ֆինանսական միջոցներ ստանում հանքարդյունաբերական ոլորտի գործարարներից: Ինչպես նաև վերջինս պետք է հավաստի կամ հերքի, և թե արդյո՞ք այդ անձին է նկատի ունեցել իր հայտարարության մեջ»:
Այս առումով անհրաժեշտ եմ համարում նկատել, որ Տիգրան Ավինյանը նման պարտականություն կունենար միայն այն դեպքում, երբ վերջինիս հայտարարությունը հասցեագրված լիներ հայցվորներին:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ պատասխանողը պետք է հայտնի, թե ում է նկատի ունեցել իր հայտարարության մեջ, ապա գտնում եմ, որ դա էական նշանակություն չունի սույն գործի լուծման համար:
Տվյալ դեպքում էական է ինքնին հայտարարության տեքստը, այլ ոչ թե այն, թե հայարարություն անողը հետագայում այն ինչպես է մեկնաբանում կամ ինչ է նկատի ունեցել կոնկրետ հայտարարություն անելիս:
Տվյալ դեպքում էական է այն, թե արդյո՞ք սովորական ունկնդիրը կամ ընթերցողը ընկալում է, որ հայտարարությունն ուղղված է անմիջականորեն հայցվորին: Նման դիրքորոշումը ուղղակիորեն հետևում է վճռաբեկ դատարանի և եվրոպական դատարանի վերոնշյալ դիրքորոշումներից:
Ներկայացված պահանջը կարելի է, օրինակ՝ համեմատել հետևյալ հիփոթետիկ իրավիճակի հետ.
Որևէ անձ հատարարություն է անում, որ որևէ պետական մարմնում առկա են ինչպես բարեխիղճ աշխատակիցներ, այնպես էլ ոչ բարեխիղճ աշխատակիցներ:
Այնուհետև այդ պետական մարմնի 15 աշխատակից հայցադիմում են ներկայացնում հայտարարություն անողի դեմ՝ պահանջելով հերքել արված հայտարարությունը:
Նման մոտեցումը հիմնավոր չի կարող համարվել: Եթե այսպիսի արտահայտությունը գնահատվեր որպես զրպարտություն, ապա շատ մեծ թվով արտահայտություններ կդառնային դատական քննության առարկա:
Հայցվորների մոտ պարզապես առկա է կասկած արված հայտարարության զրպարտչական բնույթի վերաբերյալ: Նման կասկածը ըստ վճռաբեկ դատարանի բավարար չէ արտահայտությունը զրպարտություն որակելու համար:
Պահանջել որպեսզի Տիգրան Ավինյանը հերքի, իր հայտարարությունը ոչ թե նշանակում է պահանջել, որպեսզի վերջինս հերքի զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, այլ, որ նա հերքի, որ «կան նաև մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ և այդ մարդիկ որոշակի ֆինանսական միջոցներ են ներդնում, համենայն դեպս՝ նախկինում ներդնում էին, որպեսզի արշավը կազմակերպվի»:
Դա հանդիսանում է քաղաքական գործչի խոսքի սահմանափակման պահանջ, որը կապ չունի հայցվորների պատվի և արժանապատվության պաշտպանության հետ:
Արտահայտության մեջ տեղ գտած ձևակերպումները վերլուծելու համար, այն կարելի է առանձնացնել հետևյալ կերպ.
«կան նաև մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ» ձևակերպումը և
«այդ մարդիկ որոշակի ֆինանսական միջոցներ են ներդնում, համենայն դեպս՝ նախկինում ներդնում էին, որպեսզի արշավը կազմակերպվի» ձևակերպումը:
Ակնհայտ եմ համարում, որ այդ ձևակերպումներից որևէ մեկում առկա չէ այնպիսի արտահայտություն, որը սովորական ունկնդրի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ դրանք ուղղված են անմիջականորեն հայցվորներին:
Պետք է նաև նկատել, որ պահանջը ներկայացվել է ոչ թե Հայաստանում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների կողմից, այլ անձանց կողմից, ովքեր պնդում են, որ հանդիսանում են Ամուլսարի հանքի շահագործման պայքարի ակտիվիստներ: Այս հանգամանքը, թեև սույն գոծով չհանդիսանալով վճռորոշ գործոն, նույնպես վկայում է հայցվորների և հայտարարության միջև օբյեկտիվ կապի բացակայության մասին:
Ամփոփելով վերոգրյալը, նշել է, որ, ինչպես վճռաբեկ դատարանն է մատնանշում սույն պատասխանում վկայակոչված որոշմամբ, զրպարտությանը բնորոշ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում «խոսք չի կարող լինել զրպարտության … մասին»: Նման պայմաններում անհրաժեշտ չի համարում անդրադառնալ զրպարտության մյուս հատկանիշների բացակայությանը:
4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1) Պատասխանող Տիգրան Ավինյանը 22.10.2019թ.-ին Թիֆլիսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ես ձեզ նաև տեղեկացնեմ, որ Ամուլսարի դեմ արշավն, ընդհանուր առմամբ, միանշանակ արշավ չի, որովհետև կան անկեղծ ու ազնիվ մարդիկ, ովքեր որ իրապես հավատում են, որ այս ծրագիրն աղետ է։ Բայց կան նաև մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ և այդ մարդիկ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդրում, համենայն դեպս՝ նախկինում ներդրում էին, որպեսզի այս արշավը կազմակերպվի, թե չէ, ես վստահեցնում եմ՝ դուք այս արշավի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է» (անվիճելի փաստ է)։
2) Պատասխանող Տիգրան Ավինյանի կողմից հայտարարությունը կատարվել է հրապարակային (անվիճելի փաստ է)։
3) Հայցվորներ Լևոն Գալստյանի և Աննա Շահնազարյանի՝ Պատասխանողին ուղղված գրավոր հարցումներին առ այն՝ 22.10.2019թ.-ին Թիֆլիսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կատարված հայտարարությամբ վերջինս ի նկատի է ունեցել իրենց, թե ոչ, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը պատասխանել է. «Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ուղղված Ձեր 11.11.2019 թվականի դիմումի, հայտնում ենք, որ Թբիլիսիում փոխվարչապետի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ հավելյալ մեկնաբանու-թյուններ առկա չեն» (հիմք՝ առցանց հարցումների և պատասխան գրությունների պատճենները)։
4) Հայցվորների կողմից ներկայացված գրավոր ապացույցներում, այն է՝ «asekose.am» կայքի ներկայացված հրապարակման, «Լիդիան Արմենիա» ընկերության կայքում խնդրո առարկա թեմայի վերաբերյալ հրապարակման արտատպման, որը բովանդակում է նաև տարբեր օգտատերերի մեկնաբանությունները հարցի առնչությամբ, «Ժողովուրդ» օրաթերթի 15.02.2020թ. հրապարակման արտատպման մեջ Հայցվորների վերաբերյալ անվանական տեղեկատվություն առկա չէ (հիմք՝ նշված փաստաթղթերի պատճենները)։
5) «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության մասնակիցներ, անդամներ, հետևորդներ, «Բնապահպանական ակտիվիստներ» հասկացությունները չունեն անդամների (մասնակիցների) սպառիչ շրջանակ, Հայցվոր Անի Խաչատրյանը Դատարանի ճշգրտող հարցին ի պատասխան չկարողացավ տարանջատել իր իսկ կողմից կիրառված «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության մասնակիցներ և հետևորդներ սուբյեկտներին և նրանց շրջանակը (հիմք՝ հայցվորներ Թեհմինե Մխիթարի Ենոքյանի, Անի Ռազմիկի Խաչատրյանի և Լևոն Գերասիմի Գալստյանի ցուցմունքները)։
5. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Դատարանը, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ հիմնավորմամբ.
Դատարանը՝ գնահատելով Հայցվորի և Պատասխանողի կողմից ներկայացված հայցադիմումի և դրա պատասխանի իրավական և փաստական հիմքերը արձանագրել է, որ վիճելի իրավահարաբերությունը վերաբերում է զրպարտության եղանակով վնասի պատճառումից ծագող պարտավորական իրավահարաբերությանը, որի նկատմամբ կիրառելի են հանդիսանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ զրպարտության մասով իրավական կարգավորումները, ինչպես նաև դրանց առնչությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունները։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակ-տելի հիմքն է:
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն, Մարդու արժանապատվու-թյունն անխախտելի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականու-թյունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
ՀՀ վճռաբեկ դատարանը՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 15.11.2011թ. թիվ ՍԴՈ-997 որոշմամբ տրված մեկնաբանությունները՝ զրպարտության վերաբերյալ, 27.04.2012թ. թիվ ԵԿԴ/2293/02/10 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: ...
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե´ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44): ...
Հետևաբար, նշված վավերապայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետևաբար նաև` դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:»։
Անդրադառնալով վիրավորանքի և զրպարտության սուբյեկտային կազմին Վճռաբեկ դատարանը 27.04.2012թ. թիվ ԵԿԴ/2293/02/10 և 05.04.2013 թվականի թիվ ԵԿԴ/3246/02/11 որոշումներով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի դրույթից հետևում է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը:
Տուժողը (զրպարտության կամ վիրավորանքի ենթարկված անձ) այն ֆիզիկական անձն է, ում պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավն արատավորել է մեկ այլ անձ (ֆիզիկական կամ իրավաբանական) վիրավորանքի կամ զրպարտության միջոցով։ ...
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Համադրելով վերոնշյալ դրույթը նույն հոդվածի 3-րդ կետում ամրագրված «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statemeոt օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը» դրույթի հետ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. զրպարտության վերաբերյալ գործերի քննության ընթացքում գործում է այն կանխավարկածը, որ փաստերի` իրականությանը համապատասխանելու ապացուց-ման բեռը կրում է պատասխանողը: Այս ընդհանուր կանոնից բացառություն է հանդիսանում միայն այն դեպքը, երբ ապացուցման պարտականությունը պատասխա-նողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր: Այս պարագայում ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը, սակայն միայն այն դեպքում, երբ պատասխանողը կհիմնավորի իրենից պահանջվող գործողությունների և ջանքերի ոչ ողջամիտ լինելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Եթե նույնիսկ պատասխանողից պահանջվող գործողու-թյունները կամ ջանքերը ոչ ողջամիտ են, սակայն անհրաժեշտ ապացույցներին հայցվորը չի տիրապետում, ապացուցման պարտականությունը կրում է պատաս-խանողը:
Վիճարկվող փաստերի` իրականությանը համապատասխանելու հանգամանքի հաստատումը պատասխանողին (ենթադրյալ վնաս պատճառողին) ազատում է պատասխանատվությունից, հետևաբար հանգեցնում է ենթադրյալ պարտավորության դադարման: ... »:
Հաշվի առնելով զրպարտության էությունը և դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումները, Դատարանը գործի համար էական նշանակություն ունեցող փաստեր է սահմանել՝
1) անձի՝ սույն դեպքում հայցվորների վերաբերյալ փաստացի տվյալներ ներկայացված լինելը, որի ապացուցման բեռը Դատարանը դրել է Հայցվոր կողմի վրա.
2) ներկայացված տեղեկատվության՝ որոշակի գործողության կամ անգործու-թյան վերաբերյալ կոնկրետ, հստակ տեղեկություններ բովանդակելու փաստը, որի ապացուցման բեռը Դատարանը դրել է Հայցվոր կողմի վրա.
3) փաստացի տվյալները հրապարակային ներկայացված լինելը (անվիճելի փաստ է՝ հիմք ընդունելով Կողմերի դիրքորոշումը).
4) ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի, որի ապացուցման բեռը դրվել է Պատասխանող կողմի վրա.
5) ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, որի ապացուցման բեռը դրվել է Հայցվոր կողմի վրա:
Հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումն առ այն, որ վերոհիշյալ պայմաններից յուրաքանչյուրը պարտադիր է արարքը զրպարտություն որակելու համար, Դատարանն արձանագրում է, որ Հայցվորների կողմից չի ապացուցվել Պատասխանողի կողմից ներկայացված փաստացի տվյալների վերաբերելիությունը Հայցվորներին՝ հետևյալ հիմնավորմամբ.
Քննարկվող իրավահարաբերության տեսանկյունից՝ հաշվի առնելով պաշտպա-նության ենթակա ոչ նյութական բարիքը, այն է՝ արժանապատվությունը, պատիվը, գործարար համբավը, առանցքային է հանդիսանում այն սուբյեկտի որոշումը, ով հանդիսանում է համապատասխան ոչ նյութական բարիքի կրողը, այսինքն՝ կոնկրետ սուբյեկտից դուրս նշված ոչ նյութական բարիքների պաշտպանություն չի կարող լինել, ինչը համապատասխանաբար արձանագրել է վճռաբեկ դատարանը՝ հետևյալ ձևակերպմամբ. « ... Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ ...»։
Նշվածի արդյունքում Դատարանն անհրաժեշտ է համարում առաջնային անդրադառնալ հետևյալ փաստին՝ Պատասխանողի հայտարարությունն ուղղված է եղել Հայցվորներին՝ որպես ֆիզիկական անձանց, այսինքն՝ քաղաքացիական իրավահարաբերության ինքնուրույն սուբյեկտներին։
Դատարանն արձանագրում է, որ Հայցվորների կողմից նշված փաստի առկայությունը հավաստող բավարար ապացույցներ չեն ներկայացվել՝ հետևյալ հիմնավորմամբ.
- նախ, Պատասխանողի հայտարարությունը չի բովանդակում որևէ ֆիզիկական անձի անուն, ինչը քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտի անհատակա-նացման առաջնային պայմանն է՝ հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ քաղաքացին իրավունքներ և պարտականու-թյուններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը: Այսինքն, Հայցվորներից որևէ մեկի անունը Պատասխանողի կողմից արված հայտարարությամբ չի շոշափվել, ինչի արդյունքում Դատարանն արձանագրում է, որ նշված հայտարարության ուղղակի վերաբերելիությունը Հայցվորների անձին բացառվում է։
- երկրորդ, ուղղակի վերաբերելիության բացակայության պայմաններում Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Պատասխանողի կողմից արված հայտարարության՝ այլ եղանակով վերաբերելիությանը Հայցվորների անձին, որպիսին կարող է գնահատվել նշված անձանց պատկանելությունը որոշակի կազմակերպությանը, սոցիալական խմբի, որի մասնակիցների շրջանակի խիստ որոշակի լինելը կարող է հիմք ծառայել անձի հստակ նույնականացման համար։
Սույն դեպքում Դատարանն արձանագրում է, որ Հայցվորների կողմից կիրառված բնորոշումները՝ ինչպիսիք են «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության մասնակիցներ, անդամներ, հետևորդներ, բնապահպանական ակտիվիստներ հանդիսանալը, չեն կրում որոշակիության այնպիսի աստիճան, որը հնարավորություն կտա միանշանակ նույնականացնել այդպիսին հանդես եկող անձանց, որպիսի եզրահանգումն անմիջականորեն բխում է սույն գործով Հայցվորների կողմից տրված ցուցմունքներից առ այն, որ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը գրանցված կազմակերպություն չէ, անհասկանալի է դրա «անդամ», «մասնակից» կամ «հետևորդ» կարգավիճակները ու դրանց տարբերակման չափանիշները։
- երրորդ, Պատասխանողի հայտարարության բովանդակությունը հաշվի առնելով, այն է՝ «Ես ձեզ նաև տեղեկացնեմ, որ Ամուլսարի դեմ արշավն, ընդհանուր առմամբ, միանշանակ արշավ չի, որովհետև կան անկեղծ ու ազնիվ մարդիկ, ովքեր որ իրապես հավատում են, որ այս ծրագիրն աղետ է։ Բայց կան նաև մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ և այդ մարդիկ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդրում, համենայն դեպս՝ նախկինում ներդրում էին, որպեսզի այս արշավը կազմակերպվի, թե չէ, ես վստահեցնում եմ՝ դուք այս արշավի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է», Դատարանն արձանագրում է, որ այն բովանդակում է միևնույն անորոշ շրջանակին ուղղված Հայցվորների բնորոշմամբ և´ բացասական, և´ դրական բովանդակություն, որպիսի պարագայում բացասական բովանդակության վերաբերելիությունը Հայցվորներին կրում է ենթադրական բնույթ, ինչն անթույլատրելի է զրպարտության հարաբերության շրջանակներում՝ հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի դիրքորոշումն առ այն, որ գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ։
Դատարանն արձանագրում է, որ Հայցվորների կողմից ներկայացված գրավոր ապացույցները չեն բովանդակում կոնկրետ փաստական տվյալներ առ այն, որ հայտարարության՝ Հայցվորների կողմից բացասական գնահատվող մասն անմիջականորեն վերագրվել է Հայցվորներին, որպիսի պարագայում Հայցվորների սուբյեկտիվ ընկալումները՝ արտահայտված ցուցմունքներում, չեն կարող գնահատվել որպես բավարար ապացույցներ քննարկվող հայտարարության վերաբերելիությունը Հայցվորների անձին ապացուցված գնահատելու համար, ինչի արդյունքում դրա բացասական հետևանքները կրում է Հայցվոր կողմը՝ որպես նշված փաստի ապացուցման բեռը կրող կողմ՝ հիմք ընդունելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը։
Վերոգրյալի արդյունքում՝ հաշվի առնելով նշված փաստի առկայության ապացուցված չլինելը, Դատարանն անհիմն է համարում զրպարտության համար անհրաժեշտ մյուս պայմաններին անդրադառնալը, քանի որ դրանք անմիջականորեն ածանցված են քննարկվող պայմանից և դրա բացակայությունը՝ հիմք ընդունելով նաև վճռաբեկ դատարանի դիրքորոշումն առ այն, որ. «նշված վավերապայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետևաբար նաև` դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին», դադարեցնում է քննարկվող իրավահարաբերությունը զրպարտություն բնորոշելու հնարավորությունը։
6. Դատական ծախսեր.
ՔԴՕ 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՔԴՕ 108-րդ հոդվածի համաձայն. «1. Դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում:
2. Գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:»։
ՔԴՕ 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
Հայցն ամբողջությամբ մերժելու հիմքով Դատարանը գտնում է, որ դատական ծախսերը պետք է կրի Հայցվոր կողմը։ Միաժամանակ, հաշվի առնելով Հայցվորների կողմից պետական տուրքի նախապես վճարված լինելու փաստը՝ հավաստված հայցադիմումին կից ներկայացված անդորրագրերով, ինչպես նաև այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջի բացակայությունը, Դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188-189-րդ, 191-192-րդ, 198-րդ, 362-րդ հոդվածներով՝
ՎՃՌԵՑ
1. Թիվ ԵԴ/40817/02/19 քաղաքացիական գործով Թեհմինե Մխիթարի Ենոքյանի, Անի Ռազմիկի Խաչատրյանի, Արթուր Արմենի Գրիգորյանի, Լևոն Գերասիմի Գալստյանի, Արկադի Գագիկի Գրիգորյանի, Միհրդատ Խորենի Ներսիսյանի, Գագիկ Արտուշի Գրիգորյանի, Թեհմինե Կամոյի Հունանյանի, Սուսաննա Խաչիկի Մարգարյանի, Հենրի Մանվելի Հարությունյանի, Ասքանազ Աշխարհաբեկի Հովհաննիսյանի, Բորիս Արկադյայի Խաչատրյանի, Գոռ Մկրտիչի Այվազյանի, Աննա Նիկոլայի Շահնազարյանի, Միլենա Վլադիմիրի Բաղդասարյանի հայցն ընդդեմ Տիգրան Արմենի Ավինյանի` զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջի մասին, մերժել։
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակելու պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ ԴԱՆԻԵԼ ՄԽԵՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 10 Դեկտեմբեր 2020 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|