Հիմնական
Գործի համար: ՎԴ/13452/05/21Վիճակագրական տողի համար: 2.1
Հայցվոր
Իրազեկ Քաղաքացիների Միավորում խորհրդատվական հասարակական կազմակերպություն
Պատասխանող
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Դատավոր
Վարչական վերաքննիչ:Գործ թիվ ՎԴ/13452/05/21
Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
18 հոկտեմբերի 2022թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը`
նախագահությամբ` դատավոր Արթուր Ծատուրյանի
քարտուղարությամբ` Սվետլանա Կաուկչյանի
մասնակցությամբ`
հայցվոր՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության
(ք.Երևան, Աբելյան 6/1, սենյակ Ա 316,
ՀՎՀՀ՝ 01261445, գրանցման համար՝ 211.171.807639)
ներկայացուցիչ՝
Դանիել Իոաննիսյանի
(նույնականացման քարտ՝ 006969471, տրված 23.07.2015թ., 012-ի կողմից, լիազորագիր` տրված 15.06.2021 թվականին, երկու տարի ժամկետով)
պատասխանող՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի (ք.Երևան, Կառավարական տուն 1)
ներկայացուցիչ`
Տաթևիկ Սարուխանյանի
(նույնականացման քարտ՝ 008620528, տրված 30.10.2017թ., 007-ի կողմից, լիազորագիր` տրված 24.01.2022 թվականին, երեք տարի ժամկետով)
դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի` «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի՝ հետևյալ պահանջի մասին, այն է՝ «Պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետի աշխատակազմին կատարել գործողություն, այն է՝ Հայցվոր «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021թ նոյեմբերի 23-ի Ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը»,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը 27.12.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի՝ հետևյալ պահանջի մասին, այն է՝ «Պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետի աշխատակազմին կատարել գործողություն, այն է՝ Հայցվոր «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021թ նոյեմբերի 23-ի Ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը», որը Դատարանի 03.01.2022 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
24.01.2022 թվականին Դատարանում ստացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի պատասխանը ՝ հայցադիմումի վերաբերյալ:
Դատարանի 20.04.2022 թվականի որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության:
Գործի քննությունն ավարտվել է 03.10.2022 թվականին և վճռի հրապարակումը նշանակվել 18.10.2022 թվականին:
2.Հայցի հակիրճ բովանդակությունը.
Հայցվորի ներկայացուցիչը դիմելով Դատարան հայտնում է հետևյալը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև՝ Հայցվոր), հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով, 25.11.2021թ.-ի թիվ Ֆ-178/21 գրությամբ հարցում է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ի դեմս ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով սահմանված հնգօրյա ժամկետում տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ի Ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը:
Ի պատասխան վերոնշյալ հարցմանը՝ 29.11.2021 թվականին պատասխանող Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը առանց որևէ իրավական և փաստական հիմք վկայակոչելու հայտնել է, որ նպատակահարմար չեն գտնում տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:
Պատասխանողի տեղեկատվության տրամադրումը մերժելու մասին որոշումը հիմնավորված չէ և չի բխում օրենքի պահանջներից, հետևյալ հիմնավորումներից և պատճառաբանություններից ելնելով:
ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի, «Մարդու իրավունքների հ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վկայակոչմամբ հայտնել է, որ վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը տեղեկատվություն ստանալու իրավունքը դասել է մարդու հիմնարար ն կարևորագույն իրավունքների շարքին՝ ամրագրելով, որ տեղեկություններ ստանալու անձի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Այսինքն, յուրաքանչյուր անգամ պետական մարմինները, մերժելով տրամադրել որևէ կոնկրետ տեղեկություն, պարտավոր են հղում կատարել օրենքի կոնկրետ նորմին և պատճառաբանել, որ տեղեկատվության տրամադրումը մերժվել է հանրային շահերի ամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Հիմք ընդունելով սահմանադրական վերոնշյալ իրավունքների բովանդակությունը՝ օրենսդիրը տեղեկատվության տրամադրման ավելի մանրամասն իրավակարգավորումներն ամրագրել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 9-րդ հոդվածի 7-րդ մասի, 11-րդ հոդվածի 3-րդ մասի վկայակոչմամբ հայտնել է, որ վերոևշյալ իրավակարգավորումների բովանդակությունից հստակորեն բխում է, որ պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել միայն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով:
Սույն դեպքում Պատասխանողը մերժել է հայցվորին տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ի Ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը՝ գրությամբ զուտ վկայակոչելով, որ նպատակահարմար չեն գտնում տրամադրել: Սակայն դրանով հանդերձ գրությամբ հստակ չի նշել, թե նշված որ իրավանորմի հիմքով են մերժել տեղեկատվության տրամադրումը՝ պետական, ծառայողական գաղտնիք լինելու, թե բանկային կամ առևտրային գաղտնիք համարվելու հիմքով: Ավելին՝ Պատասխանողի կողմից տրված գրության ուսումնասիրությունից ակնհայտ է, որ տեղեկատվության տրամադրումը եղել ոչ թե որևէ իրավական կարգավորման հիմքով, այլ Պատասխանողը, ակնհայտորեն անտեսելով վերոնշյալ իրավական նորմերով սահմանված կարգավորումների առկայությունը և կարծես թե ունենալով անպատժելիության զգացում, ակնհայտ անհիմն պատճառաբանությամբ մերժել է պահանջվող տեղեկատվության տրամադրումը:
Ելնելով վերոգրյալից խնդրել է պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետի աշխատակազմին կատարել գործողություն, այն է՝ Հայցվոր «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021թ նոյեմբերի 23-ի Ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար, Դատարանը գործի քննությունն անցկացրել է առանց հայցվոր կողմի մասնակցության:
3.Պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը.
24.01.2022 թվականին Դատարան ներկայացված պատասխանով պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է հետևյալը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը (լրագրող՝ Լուսինե Ոսկանյան) 2021 թվականի նոյեմբերի 25-ին թիվ Ֆ-178/21 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել տեղեկատվություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը:
Ի պատասխան նշված հարցմանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2021 թվականի նոյեմբերի 29-ի գրությամբ հայտնել է, որ «հայցվող տեղեկատվությունը վերաբերում է ներքին գործավարության շրջանակում կազմված ցանկին, որը նպատակահարմար չէ տրամադրել»:
Հայցվորի պնդմամբ տեղեկատվության տրամադրումը մերժելը հիմնավորված չէ և չի բխում օրենքի պահանջներից, քանի որ տեղեկատվության տրամադրումը մերժվել է անհիմն պատճառաբանությամբ և իրավական նորմերով սահմանված կարգավորումների անտեսմամբ, հետևաբար՝ առկա են բոլոր իրավական և փաստական հիմքերը՝ պատասխանողին պահանջվող տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու համար (տե'ս Հայցադիմումի 4-րդ էջը):
Ներկայացված պահանջի հետ կապված գտնում են, որ թեպետ ՀՀ վարչապետի աշխատակազմի 2021 թվականի նոյեմբերի 29-ի գրությամբ ուղղակիորեն չի մատնանշվել հայցվող տեղեկատվության՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքվ սահմանված մերժման հիմքը, այդուհանդերձ առկա է հիշյալ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հայցվող տեղեկատվության տրամադրման մերժման հիմք:
Այդ պայմաններում վարչապետի աշխատակազմի գրությունում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված մերժման հիմքի չմատնանշումը, ինքնին, չի կարող հիմք հանդիսանալ Հայցվորի ներկայացրած հայցը բավարարելու համար: Հետևաբար, Հայցվորի կողմից ներկայացված պահանջը հիմնավորված չէ և հայցը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքերով և հիմնավորումներով:
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 74-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ հայտնել է, որ նշվածից կարելի է արձանագրել, որ Սահմանադրությունը երաշխավորում է տեղեկություններ ստանալու իրավունքը, որը ենթակա է սահմանափակման միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Միաժամանակ, Սահմանադրությունը երաշխավորում է նաև յուրաքանչյուր անձի՝ իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունքը:
Սույն գործի ուսումնասիրությունից բխում է, որ Հայցվորի կողմից պահանջվել է վարչապետի աշխատակազմ ուղարկված հարցերի և զանգվածային լրատվամիջոցների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) և կազմակերպությունների ցանկը: Մինչդեռ, ՀՀ վարչապետի աշխատակազմն իրավասու չէ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության համապատասխան տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ վերջիններիս տրամադրել տվյալներից օգտվելու հնարավորություն, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի ուժով իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Տվյալ դեպքում վերաբերելի օրենքը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ վերջիններիս տրամադրել տվյալներից օգտվելու հնարավորություն, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ:
Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում գտնում են, որ առկա է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման մերժման հիմքը, այն է՝ տեղեկության տրամադրումը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը: Հետևաբար՝ վարչապետի աշխատակազմի կողմից հայցվող տեղեկության տրամադրումը կխախտի ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին հարցեր ուղարկած լրատվամիջոցների՝ անձնական տվյալների պաշտպանության՝ Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորած իրավունքները:
Միաժամանակ, հայցվող տեղեկատվության հրապարակման կամ տարածման տեսանկյունից կարևորություն ունի նաև այն հանգամանքը, թե ինչ նպատակով են համապատասխան լրատվամիջոցները հարցեր ուղարկել press@gov.am էլ. փոստին: Նպատակը, տվյալ դեպքում եղել է ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հնչեցնելը: Այդ պայմաններում, լրատվամիջոցների կողմից հետապնդվող նպատակի շրջանակներում ևս իրենց վերաբերյալ տվյալների հրապարակումը կամ երրորդ անձանց փոխանցելը հիմնավորված չէ՝ վերը նշված սահմանադրաիրավական և օրենսդրական կարգավորումների համատեքստում:
Ելնելով վերոգրյալից խնդրել է հայցը մերժել:
Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը պնդեց առարկությունները և խնդրեց հայցը մերժել:
4.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված 25.11.2021 թվականի թիվ Ֆ-178/21 գրությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը (լրագրող՝ Լուսինե Ոսկանյան) խնդրել է տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը:
2) Ի պատասխան նշված հարցմանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը 29.11.2021 թվականի գրությամբ հայտնել է, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է ներքին գործավարության շրջանակում կազմված ցանկին, որը նպատակահարմար չէ տրամադրել:
Լսելով պատասխանողի ներկայացուցչին, գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
Տվյալ դեպքում դիմելով Դատարան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) խնդրել է պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետի աշխատակազմին կատարել գործողություն, այն է՝ հայցվոր Կազմակերպությանը տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021թ նոյեմբերի 23-ի Ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Միաժամանակ ՀՀ Սահմանադրությունը կոնկրետացնում է խոսքի ազատության իրավունքի դրսևորումներից մեկը` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Անդրադառնալով վերոնշյալ հոդվածի բովանդակությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) գտել է, որ տեղեկություն որոնելու և ստանալու իրավունքը հանդիսանում է արտահայտվելու ազատության իրավունքի բովանդակությունը կազմող տարր, որը ներառում է հասարակության, ինչպես նաև անհատի հիմնական իրավունքը՝ հանրային շահի վերաբերյալ փնտրել և ստանալ տեղեկություն (տե՛ս, MAGYAR HELSINKI BIZOTTSÁG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետ 142):
Մեկ այլ գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղեկություն ստանալու իրավունքը պարտավորեցնում է կառավարությանը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց կամ անգործություն դրսևորելուց, որով կսահմանափակվի անձի՝ տեղեկություն ստանալու հիմնարար իրավունքը (տե՛ս, LEANDER v. SWEDEN գործով Եվրոպական դատարանի 26.03.1987 թվականի վճիռը, կետ 74):
Դատարանն արձանագրում է, որ արտահայտվելու իրավունքն անձի՝ Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող հիմնարար իրավունքներից մեկն է: Վերոնշյալ իրավունքի կարևորագույն բաղկացուցիչ տարրերն են սեփական կարծիք ունենալու և ազատ արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև տեղեկություններ, գաղափարներ որոնելու, պահանջելու, ստանալու և տարածելու իրավունքը, որոնց պատշաճ իրացման համար պետական մարմինները պետք է զերծ մնան օրենքով չնախատեսված միջամտությունից: Ի լրումն նշված տարրերի՝ արտահայտվելու իրավունքը ներառում է նաև պետական մարմիններից տեղեկություն ստանալու իրավունքը, ներառյալ՝ երբ նշված տեղեկությունը վերաբերում է հանրային շահերին: Դատարանը հարկ է համարում նշել, որ արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ և ենթակա է որոշ սահմանափակումների: Ըստ այդմ, նշված իրավունքը ենթակա է սահմանափակումների օրենքով սահմանված կարգով՝ ելնելով պետական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ հասարակության անվտանգությունը պահպանելու, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակից:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, նույն օրենքից և իրավական այլ ակտերից: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են նույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ տեղեկատվության ազատությունը՝ տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է։ Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ տեղեկությունն՝ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ): Նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը՝ տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն են, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք: Նույն հոդվածի 6-րդ պարբերության համաձայն՝ հարցումը՝ տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու նպատակով նույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումն է:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը, տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը, տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը, հրապարակայնությունը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը, տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն:
Վերոնշյալ դիրքորոշումների և իրավանորմերի հիման վրա Դատարանը գտնում է, որ տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության էական նախապայմաններից մեկն է, որը երաշխավորվում է պետական մարմինների կողմից: Պետական մարմինների կողմից պահպանվող փաստաթղթերի կամ որոշակի տեղեկության տրամադրումը պետք է պայմանավորված լինի հանրային շահագրգռվածությամբ: Նման ձևով հասարակության վերահսկողության իրականացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեության վրա: Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ նշված իրավունքը բացարձակ չէ և ենթակա է որոշ իրավաչափ սահմանափակումների: Ընդ որում, նշված սահմանափակումները կիրառվում են այն դեպքում, երբ հայցվող տեղեկությունը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեղեկության տրամադրման մերժման դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է գնահատման առարկա դարձվեն Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տեղեկության ազատության իրավունքի լույսի ներքո:
Նման պայմաններում անհրաժեշտ է դիտարկել Կոնվենցիայով պաշպանվող ցանկացած երկու հիմնարար իրավունքների միջև բախման պայմաններում իրավունքներից որևէ մեկին նախապատվություն տալու դեպքերը: Մասնավորապես՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։
Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայով հավասարապես պաշտպանվող երկու իրավունքների միջև ծագած հակասության դեպքում Դատարանը վճիռ կայացնելիս պետք է գնահատի մրցակցող շահերը: Եվրոպական դատարանը նշել է, որ պետք է հաշվի առնել ներգրավված տարբեր շահերի միջև ճիշտ հավասարակշռության գործադրման անհրաժեշտությունը (տե՛ս, BÉDAT v. SWITZERLAND գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետեր 52, 54):
Այն, թե ինչպես և ինչ չափով է տեղեկության տրամադրման մերժումն անձի արտահայտվելու իրավունքին խոչընդոտ, պետք է գնահատվի յուրաքանչյուր գործով առանձին՝ տվյալ գործի հանգամանքների լույսի ներքո: Այդ իրավունքի շրջանակների հետագա սահմանման համար Եվրոպական դատարանը գտել է, որ պետք է հաշվի առնել հետևյալ չափորոշիչները՝
1) տեղեկություն ստանալու պահանջի նպատակը,
2) փնտրվող տեղեկության բնույթը (տե՛ս, MAGYAR HELSINKI BIZOTTSÁG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետ 157):
Վերոգրյալ իրավական վերլուծությունները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ, Դատարանն արձանագրում է, որ Կազմակերպությունը 25.11.2021 թվականի թիվ Ֆ-178/21 գրությամբ դիմելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ խնդրել է տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը: Սակայն հայցադիմումը, ինչպես նաև 25.11.2021 թվականի թիվ Ֆ-178/21 վերոնշյալ գրությունը չեն բովանդակում տեղեկություններ՝ հայցվող տեղեկությունը ստանալու պահանջի նպատակի մասին:
Անդրադառնալով փնտրվող (25.11.2021 թվականի թիվ Ֆ-178/21 գրությամբ հայցվող) տեղեկության բնույթին, Դատարանն արձանագրում է հետևյալը.
«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անձնական տվյալը` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկությունն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ:
Տվյալ դեպքում Կազմակերպությունը հայցում է իրեն տրամադրել տեղեկություն, որն իրենից ներկայացնում է էլեկտրոնային եղանակով կատարված հաղորդում՝ լրատվամիջոցների (ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից:
Հետևաբար, Դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում առկա է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքը (խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը), տեղեկության տրամադրումը մերժելու համար:
Ինչ վերաբերում է կազմակերպությունների մասով հայցվող տեղեկատվության տրամադրմանը, ապա Կազմակերպության կողմից հայցվող տեղեկությունը ստանալու պահանջի նպատակը հայտնի չլինելու պայմաններում, առկա է կասկած, որ կազմակերպությունների մասով հայցվող տեղեկատվության տրամադրման դեպքում՝ այդ տեղեկության հրապարակմամբ կարող են խախտվել այդ կազմակերպությունների՝ հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները: Հետևաբար առկա է նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքը՝ հայցվող տեղեկության տրամադրումը մերժելու համար:
Ուստի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի վերոնշյալ իրավակարգավորման հաշվառմամբ Դատարանի չի կարող պարտավորեցնել պատասխանողին տրամադրելու Կազմակերպության կողմից 25.11.2021 թվականի թիվ Ֆ-178/21 գրությամբ հայցվող տեղեկությունը:
Այսպիսով, վերոնշյալ փաստական և իրավական հիմնավորումներով Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման ամբողջությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է ... մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով, որ հայցը ենթակա է մերժման և հայցվորը վճարել է հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ պետական տուրքի գումարը, Դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
5.Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 114-րդ, 123-126-րդ հոդվածներով, Դատարանը`
Վ Ճ Ռ Ե Ց
1. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հայցը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի՝ հետևյալ պահանջի մասին, այն է՝ «Պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետի աշխատակազմին կատարել գործողություն, այն է՝ Հայցվոր «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021թ նոյեմբերի 23-ի Ֆեյսբուքյան ասուլիսի համար press@gov.am էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը», մերժել:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից` 2022թ. հոկտեմբերի 18-ից, մեկ ամիս հետո:
3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ
_______________________________________-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 17 Դեկտեմբեր 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|