Հիմնական
Գործի համար: ՎԴ/10584/05/19Վիճակագրական տողի համար: 1.1
Հայցվոր
Ռուբեն Հայրապետյան
Պատասխանող
Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հա
Դատավոր
Վարչական:Վարչական վերաքննիչ:
Վճռաբեկ:
Վարչական գործ թիվ ՎԴ/10584/05/19
Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն Ո Ւ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
14.07.2020թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան) հետևյալ կազմով.
Նախագահությամբ դատավոր` Ռաֆիկ Խանդանյանի,
քարտուղարությամբ` Աննա Քոչարյանի,
մասնակցությամբ`
հայցվոր Ռուբեն Հայրապետյան
(վարորդական վկայական 126590),
հայցվորի ներկայացուցիչ Արա Խզմալյանի
(նույն. քարտ 004657383 տրվ. 23.06.2014թ.
011-ի կողմից),
պատասխանողի ներկայացուցիչ Ալլա Եղիազարյանի
(01.07.2020թ. լիազորագիր, նույն. քարտ
006458756 տրվ. 07.1.2017թ. 007-ի կողմից),
2020 թվականի հուլիսի 07-ի դռնբաց դատական նիստում քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Ռուբեն Հայրապետյանի (այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն), Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի (այսուհետ նաև՝ ԲՈԿ), Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով)՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատավարական նախապատմությունը.
Ռուբեն Հայրապետյանը դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 23.08.2019 թվականի եզրակացությունը:
Դատարանի 13.12.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել նախնական դատական նիստ 30.01.2020 թվականին:
Դատարանի 30.01.2020 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներգրավվել է դատավարության մեջ որպես երրորդ անձ:
Դատարանի 02.03.2020 թվականի որոշումներով երրորդ անձ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանվել է դատավարության մասնակիցների կազմից և ներգրավվել որպես երկրորդ պատասխանող, Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեն դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ:
Դատարանի 27.05.2020 թվականի որոշմամբ երրորդ անձ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեն հանվել է դատավարության մասնակիցների կազմից և ներգրավվել որպես երկրորդ պատասխանող:
18.06.2020 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարանը թույլատրել է հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ Հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը, որով Հայցվորը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված իրեն սպառած գործողությունը:
Դատարանի 18.06.2020 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության 07.07.2020 թվականին:
2020 թվականի հուլիսի 07-ին գործի քննությունն ավարտվել է և վճռի հրապարակման օր է նշանակվել 2020 թվականի հուլիսի 14-ը:
Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը.
Հայցվորի ներկայացուցիչ Արա Խզմալյանը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից 2019 թվականի օգոստոսի 15-ին կայացվել է 449-Ա հրամանը, որի համաձայն Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: 23.08.2019 թվականին հանձնաժողովը ՀՀ կրթության, գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի www.bok.am կայքում հրապարակել է «Եզրակացություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի օգոստոսի 15-ի 449-Ա հրամանով Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովին» վերնագրված փաստաթուղթ: Փաստաթուղթը եզրափակվում է հետևյալ պնդմամբ. «Ակնհայտ է, որ և Ռուբեն Հայրապետյանը, և աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները թույլ են տվել տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ»:
Ըստ Հայցվորի՝ Եզրակացություն կոչված փաստաթուղթը Հայցվորի կողմից չի ստացվել որևէ եղանակով, Հայցվորը նաև չի ծանուցվել հանձնաժողովի գործունեության մասին: Բացի այդ, Հայցվորին որևէ կերպ չի ծանուցվել նաև հանձնաժողովի գործունեության հիմք ծառայած ու անմիջապես նրան վերաբերող՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի օգոստոսի 15-ի 449-Ա հրամանը:
Եզրակացությունը ունեցել է արտաքին ներգործություն Հայցվորի իրավունքների և պարտականությունների սահմանման առումով՝ որոշելով, թե նրա ատենախոսության կամ այլ գիտական աշխատանքներում առկա են եղել խախտումներ: Բացի այդ, ակնհայտ է, որ եզրակացությունը կազմվել է հանրային իրավունքի՝ վարչարարության շրջանակներում:
Հայցվորը գտել է, որ եզրակացությունը հանդիսանում է այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտ կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողություն կամ անգործություն, և Հայցվորն արդարացիորեն շահագրգռված է այն ոչ իրավաչափ ճանաչելու մեջ:
Ըստ Հայցվորի՝ եզրակացությունը ոչ իրավաչափ է, քանի որ այն կայացվել և հրապարակվել է դրա իրավունքը չունեցող մարմնի կողմից:
Վկայակոչելով իրավանորմեր՝ Հայցվորը գտել է, որ նախարարը իրավունք ունի ստեղծել խորհրդակցական մարմիններ միայն Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված դեպքում և կարգով:
Սույն դեպքում հրամանն ուղղված է եղել Հայցվորի իրավունքները և օրինական շահերը ուղղակիորեն շոշափող խնդրի լուծմանը, վարույթի ընթացքում ուսումասիրվել և քննարկվել են Հայցվորի գիտական աշխատանքները, դրանցում տեղ գտած ենթադրյալ թերությունները կամ խախտումները, սակայն Հայցվորը մասնակից չի դարձվել այդ բողոքի քննության և մասնավորապես հրամանի կայացման գործընթացում:
Բացի այդ, հրամանը նաև չի սահմանել եզրակացության հրապարակման պահանջ, այլ միայն այն նախարարին ներկայացնելու հաձնարարություն: Մինչդեռ հրամանը հրապարակվել է օրենքի խախտումներով:
Հայցվոր կողմը վկայակոչել է հետևյալ իրավական հիմքերը.
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, 50-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 37-րդ, 38-րդ, 53-րդ, 61-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը,
Ղեկավարվելով վերը նշված իրավական և փաստական հիմնավորումներով՝ խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը:
Դատաքննության ընթացքում Հայցվորի ներկայացուցիչը խնդրեց հիմք ընդունել հայցադիմումում վկայակոչվածը և հայցը բավարարել:
Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը.
Նախարարությունը Դատարան ներկայացված գրավոր դիրքորոշմամբ առարկել է հայցի դեմ՝ հայտնելով, որ հանձնաժողովի գործունեությունը չէր կարող որակվել որպես վարչարարություն, հետևաբար՝ չէր կարող Հայցվորի համար առաջացնել փաստական հետևանքներ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 13.08.2019 թվականի թիվ 02/14.7/36797-2019 հանձնարարականի ի կատարումն՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից բախախարություն է ներկայացվել բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը, վերջինս էլ 23.08.2019 թվականի թիվ 04/20.3/17467-19 գրությամբ տրամադրվել է վարչապետի ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Նախարարությունը կողմը գտել է, որ վարչական դատավարության կարգով բողոքարկման են ենթակա միայն Հայցվորի իրավունքին կամ ազատությանը միջամտող վարչական մարմինների ակտերը, իսկ նախարարի հրամանով Հայցվորի որևէ իրավունքի կամ ազատության միջամտություն տեղի չի ունեցել:
Պատասխանողը վկայակոչել է հետևյալ իրավական հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ՀՀ Վարչապետի 01.06.2019 թվականի թիվ 661-Լ որոշումը:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանող կողմը չի ապահովել իր կամ իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով` դատարանը որոշել է գործի քննությունը շարունակել Պատասխանողի բացակայությամբ:
Պատասխանողներ Հանձնաժողովի և ԲՈԿ-ի փաստարկները և իրավական դիրքորոշումները.
Պատասխանող Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 15.08.2019 թվականի թիվ 449-Ա հրամանի հիմքով գործել է որոշակի ժամկետով, ապա դադարեցրել է գործունեությունը:
Պատասխանողներ Հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեն հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանող կողմերը չեն ապահովել իրենց կամ իրենց ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանը որոշել է գործի քննությունը շարունակել պատշաճ ծանուցված կողմերի բացակայությամբ:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով համակողմանի քննարկում կազմակերպելու և արդյունքների մասին վարչապետին տեղեկացնելու համար ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ կապված Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հետ ներկայացված բողոքի կապակցությամբ: Միաժամանակ հաստատվել է հանձնաժողովի կազմը, և ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին հրամայվել է ութօրյա ժամկետում ամփոփել հանձնաժողովի աշխատանքը և եզրակացությունը ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին (հիմք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 15.08.2019 թվականի թիվ 449-Ա հրաման):
2) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի օգոստոսի 15-ի 449-Ա հրամանով Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացության համաձայն ակնհայտ է, որ և՛ Ռ. Հայրապետյանը, և՛ աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները թույլ են տվել տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ (հիմք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի օգոստոսի 15-ի 449-Ա հրամանով Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 23.08.2020 թվականի եզրակացություն):
Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանություններն ու եզրահանգումները.
Դատարանը, լսելով Հայցվորին, ներկայացուցչին և Նախարարության ներկայացուցչին, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցվորը, դիմելով ՀՀ վարչական դատարան, խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը, որը Դատարանի գնահատմամբ հանդիսանում է հանրային իրավունքի բնագավառում վարչական մարմնի կողմից գործողության կատարում, որն իրեն կատարմամբ սպառել է և ուղղված չի եղել վարչական ակտի ընդունմանը:
գ Դատարանի հիմնավորումները, սույն վեճը հանրային իրավահարաբերություններից բխելու և վարչական դատարանին ընդդատյա լինելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք)10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Տվյալ դեպքում ի տարբերություն վարչական ակտի` ռեալ ակտը վարչական մարմնի այնպիսի գործողությունը կամ անգործությունն է, որն ուղղակիորեն կոնկրետ գործի կարգավորման նպատակով չի առաջացնում իրավական հետևանքներ, սակայն ունի իրավական նշանակություն և ներազդում է անձի փաստացի իրավիճակի վրա` առաջացնելով փաստական հետևանք: Սույն գործով հանրապետական գործադիր իշանության մարմինը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, հանդիսանում է վարչական մարմին, որի 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 449-Ա հրամանով Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Դատարանը գտնում է, որ թեև հրամանը չի պարունակում իրավական համակարգում վարչական ակտին բնորոշ տարրերը և արտաքին ներգործություն չունի և ուղղակիորեն Հայցվորի համար չի սահմանում իրավունքներ կամ պարտականություններ, այդուհանդերձ հենց Հայցվոր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու գործողությունը վերաբերելի է Հայցվորին, առնչվում և շոշափում է վերջինիս իրավունքներն և օրինական շահերն, և հանձնաժողովի ստեղծման փաստն ինքնին ունի իրավական նշանակություն և ակնհայտորեն կարող էր ներգործել անձի փաստական իրավիճակի վրա` առաջացնելով փաստական հետևանք (սույն դեպքում ատենախոսության վերաբերյալ եզրակացության ընդունումը, որն ուղղակիորեն վերաբերելի է Հայցվորի ատենախոսության վերաբերյալ որոշակի փաստերի արձանագրմանը, ինչը բացասական է անդրադարձել Ռուբեն Հայրապետյանի փաստացի իրավիճակի վրա): Հետևաբար` Դատարանը գտնում է, որ սույն գործով վեճը ծագել է հանրային իրավունքում վարչական մարմնի կողմից որոշակի գործողության (հանձնաժողովի ստեղծմանը) կատարմանը, որն ուղղված է եղել ուղղակիորեն Հայցվորի փաստացի իրավիճակի վրա ներգործելուն:
Գիտնական և հանրային իշխանության մարմին փոխհարաբերությունները:
Հաջորդիվ Դատարանն արձանագրում է, որ սույն գործն առնչվում է գիտնականի և հանրային իշխանության մարմինների հարաբերությանը, մասնավորապես՝ հանրային իշխանության մարմինների կողմից անձի` գիտական աստիճանաշնորհումից հետո ենթադրյալ ընթացակարգային և նյութաիրավական խախտումների հայտնաբերմանն ու արձանագրմանը: Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ վճռում օգտագործվել են «գիտական աստիճանաշնորհման գործընթացի վերանայում», «վերագնահատում», «բացահայտում» եզրույթները՝ նկատի ունենալով անձին գիտական աստիճան շնորհելուց հետո ցանկացած եղանակով արդեն իսկ ավարտված գործընթացի վերագնահատում, որը չի առաջացնում գիտնականի կարգավիճակի փոփոխություն, և «գիտական աստիճանից զրկում» եզրույթը՝ նկատի ունենալով անձին գիտական աստիճան շնորհելուց հետո գործընթացի վերանայում, որն ուղղված է գիտանականի կարգավիճակի փոփոխմանը՝ առաջացնելով իրավունքից զրկում: Գիտական աստիճանաշնորհման վերանայում և գիտական աստիճանից զրկում հասկացություններ օրենսդրորեն սահմանված չեն, և Դատարանը դրանք պայմանական հասկացություններ է դիտարկում:
Գործով վեճի համակողմանի և օբյեկտիվ լուծման նկատառումներից ելնելով, Դատարանը կարևորում է որոշակի իրավիճակների և հարցադրումների համակարգային բացահայտումը, որոնք ներկայացվում են ստորև:
1. Գիտական ստեղծագործության ազատության իրավունքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքի հարաբերակցությունը.
ՀՀ Սահմանադրության (այսուհետ նաև` Սահմանադրություն) 42-րդ հոդվածի համաձայն՝ 1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն` 1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի համաձայն` 1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին:
2. Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ և հատուկ պատասխանատվություն: Հետևաբար, այն կապված է որոշ սահմանափակումների հետ, սակայն, պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.
ա/ այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար.
բ/ պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության համար:
Inter alia, գիտական ստեղծագործության ազատության ամրագրումը Սահմանադրությունում Դատարանի գնահատմամբ ինքնանպատակ չէ: Սահմանադիրը գիտական ստեղծագործության ազատության իրավունքը դասել է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների շարքին, որն իր ամրագրումն է ստացել բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող հիմնական օրենքում: Դատարանը գտնում է, որ գիտական ստեղծագործության ազատությունը ոչ այլ ինչ է, քան գիտնականի կողմից կարծիքի ազատ արտահայտում:
Գիտական ստեղծագործության ազատությունը` որպես մարդու հիմնարար իրավունք, ճանաչվել և ամրագրվել է նաև մի շարք միջազգային կարևորագույն փաստաթղթերում, ընդ որում` այն երբեմն ներառվել է կարծիքի ազատ արտահայտման իրավունքում և թեև ուղղակիորեն չի ամրագրվել, սակայն գիտական ստեղծագործության ազատության իրավունքը բխեցվել է կարծիքի ազատության իրավունքից: Դատարանի գնահատմամբ ՀՀ Սահմանադրությունում տարանջատվել է կարծիքի արտահայտման ազատության իրավունքը ստեղծագործության ազատության իրավունքից՝ շեշտադրելով ստեղծագործության ազատության իրավունքի կարևորությունը: Հետևաբար՝ կարծիքի ազատ արտահայտման և ստեղծագործության ազատության իրավունքները սերտորեն փոխկապակցված են և լայն նշանակությամբ գիտական ստեղծագործության ազատությունն առկախված է կարծիքի ազատ արտահայտման իրավունքից: Դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերի ուսումնասիրությունից ևս բխում է, որ գիտնականների կողմից իրենց աշխատանքներում արտահայտված կարծիքի կամ տեսակետի առնչությամբ առաջացած վեճերը լուծելիս կիրառվել է կարծիքի ազատության իրավունքի վերաբերյալ կոնվենցիոն նորմը: Հետևաբար՝ Դատարանը եզրահանգում է, որ գիտական ստեղծագործության ազատության իրավունքը հանդես է գալիս որպես հատուկ նորմ, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի հետ հարաբերակցությունում:
2. Գիտնական, գիտական աստիճան և գիտական աստիճանաշնորհման գործընթաց.
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ (...) գիտնական` գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտ, որն զգալի ներդրում ունի գիտության մեջ.
գիտական աշխատող` գիտական կազմակերպություններում, հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարող անձ. (...):
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ գիտական և գիտատեխնիկական գործունեությունն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) սահմանված կարգով:
Գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներ են գիտնականները, գիտական աշխատողները, գիտամանկավարժական բնագավառի աշխատողները, գիտական (ներառյալ` հասարակական) կազմակերպությունները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ը» կետերի համաձայն՝ 1. Գիտնականը և գիտական աշխատողն իրավունք ունեն`
դ) իրենց որակավորմանը, ստացված գիտական արդյունքների, կատարվող աշխատանքի որակի և բարդության աստիճանին համապատասխան ակնկալել իրենց գործունեության անաչառ գնահատական և նյութական խրախուսում, ինչպես նաև վարձատրվել կամ եկամուտ ստանալ իրենց գիտական կամ գիտատեխնիկական գործունեության արդյունքի իրացումից.
ը) գիտության զարգացման, տեխնոլոգիաների, գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքների, արտադրության մեջ դրանց ներդրման ու գիտական կադրերի պատրաստման համար արժանանալ գիտական աստիճանների, գիտական կոչումների, մրցանակների, տիտղոսների, պատվավոր կոչումների:
Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գիտական կադրերի պատրաստման հիմնական ձևերն են` ասպիրանտուրա, օրդինատուրա, դոկտորանտուրա և հայցողների համակարգ: Ասպիրանտուրայում, օրդինատուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը սահմանում է կառավարությունը:
(...):
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճաններ, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ (…):
7. Գիտական աստիճանները շնորհում են գիտական կազմակերպություններին առընթեր մասնագիտական խորհուրդները` կառավարության սահմանած կարգով:
8. Գիտական աստիճանները հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է Բարձրագույն որակավորման կոմիտեն` կառավարության սահմանած կարգով: Դիպլոմների նմուշները հաստատում է կառավարությունը (…):
ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» 08.08.1997 թվականի թիվ 327 որոշմամբ հաստատված կանոնակարգի (այսուհետ նաև՝ Կանոնագիրք) 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝
3. Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը:
4. Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ԲՈԿ-ը:
Կանոնագրքի 6-րդ կետի համաձայն՝ ատենախոսությունը հեղինակի գիտական հետազոտությունների հիման վրա կազմված աշխատություն է, որը ներկայացվում է գիտական աստիճանի հայցման համար:
Կանոնագրքի 28-րդ կետի համաձայն՝ ատենախոսության պաշտպանությունից հետո գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը խորհուրդն ընդունում է գաղտնի քվեարկությամբ: Գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը դրական է, եթե «կողմ» է քվեարկել նիստին ներկա անդամների երեք քառորդը:
Կանոնագրքի 30-րդ կետի համաձայն՝ դրական որոշման դեպքում խորհուրդը ԲՈԿ է ուղարկում որակավորման գործը, որն ընդգրկում է ատենախոսությունը, սեղմագիրը և խորհրդի աշխատանքի կանոնակարգով սահմանված փաստաթղթերը: Բացասական որոշման դեպքում խորհուրդն այդ մասին գրավոր հայտնում է ԲՈԿ-ին և հայցորդին է տալիս քաղվածք խորհրդի նիստի արձանագրությունից` գաղտնի քվեարկության արդյունքների մասին:
Կանոնակարգի 31-րդ հոդվածի համաձայն՝ ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ:
Կանոնագրքի 33-րդ կետի համաձայն՝ սույն կանոնակարգի 31-րդ կետով սահմանված խախտումներ չհայտնաբերելու դեպքում ԲՈԿ-ը սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, ինչպես նաև 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը ստուգելու և եզրակացություն ստանալու նպատակով ատենախոսությունը տալիս է համապատասխան գիտության բնագավառից գիտական աստիճան ունեցող մասնագետի, ով վերջին հինգ տարում ունի հրապարակած առնվազն 5 գիտական աշխատանք` հրատարակված միջազգային նշանակություն ունեցող կամ ԲՈԿ-ի ցուցակում ընդգրկված գրախոսվող գիտական հրատարակություններում:
Կանոնագրքի 36-րդ կետի համաձայն՝ սույն կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում ԲՈԿ-ը հաստատում է խորհրդի որոշումը թեկնածուական ատենախոսության համար` այն ԲՈԿ մուտքագրվելու օրվանից երեք, իսկ դոկտորական ատենախոսության համար` հինգ ամսվա ընթացքում և հանձնում է գիտական աստիճանի վկայագիր:
Վկայակոչված իրավանորմերի վերլուծության արդյունքում Դատարանը գտնում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներ են գիտնականները, գիտական աշխատողները, գիտամանկավարժական բնագավառի աշխատողները, գիտական (ներառյալ` հասարակական) կազմակերպությունները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները, իսկ գիտնականն այն անձն է, ով զգալի ներդրում ունի գիտության մեջ և որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Այլ կերպ ասած՝ Դատարանի գնահատմամբ անձը գիտական գործունեություն իրականացնող և գիտության մեջ զգալի ներդրում ունեցող է համարվում, եթե գործունեությունն իրականացրել է օրենսդրությամբ սահմանված կարգով, և այդպիսին է ճանաչվել պետության կողմից (գիտնական), որն իրենից ենթադրում է որոշակի գործընթաց (գիտական աստիճանաշնորհման գործընթաց): Դատարանն արձանագրում է, որ գիտական աստիճանաշնորհման գործընթացն ունի էական նշանակություն, քանզի այն վերահսկողության հիմնական գործիքակազմն է, որի միջոցով ստուգվում է հավակնող հայցորդի՝ գիտական աստիճանին համապատասխանությունը: Գիտական աստիճանաշնորհմանը մասնակցում են մի քանի սուբյեկտներ, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին իրավասություններ վերահսկելու գիտական աստիճան հայցող անձի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Օրենսդրությամբ սահմանված նյութական և ընթացակարգային պահանջների իրացման արդյունքում ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատում է խորհրդի որոշումը և անձին հանձնում գիտական աստիճանի վկայագիր, ինչը ենթադրում է անձին որոշակի իրավունքի տրամադրում:
3. Գիտական աստիճանաշնորհման վերանայում, գիտական աստիճանից զրկում.
Դատարանն արձանագրում է, որ պետության կողմից գիտական գործունեությամբ զբաղվող անձին գիտնական ճանաչելը և գիտական աստիճան շնորհելը ենթադրում է որոշակի իրավունքների տրամադրում, ուստի որոշակի իրավունքներից զրկումը, այդ թվում՝ հնարավոր որևէ ձևով սահմանափակումն ու միջամտությունը պետք է դրսևորվի բացառապես օրենքով սահմանված կարգով: Հիմնական իրավունքի սահմանափակման հիմքերն ու ծավալը պետք է նախատեսված լինեն բացառապես օրենքով՝ դրան ներկայացվող պահանջների հաշվառմամբ: Մասնավորապես՝ տրամադրված իրավունքների այս կամ այն կերպ սահմանափակումը և դադարեցումը Սահմանադրության 79-րդ հոդվածի համատեքստում պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի: Հետևաբար՝ գիտական աստիճանից զրկումը անուղղակիորեն հանգեցնում է գիտական ստեղծագործության ազատության իրավունքի սահմանափակման, և գիտական որակավորումից անձին զրկելու և/կամ այն որևէ եղանակով սահմանափակելու համար անհրաժեշտ են օրենսդրությամբ սահմանված պատշաճ հիմքեր և կարգ, հակառակ պարագայում այն համարվում է անթույլատրելի: Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ որպես այդպիսին գիտական աստիճանաշնորհման գործընթացի վերանայումը իրավական կատեգորիա չէ, այն բացառապես հանդիսանում է, ի թիվս այլնի, հասցեատիրոջ փաստացի իրավիչակի փոփոխման, հեղինակության անկման: Այլ կերպ ասած՝ գիտական աստիճանաշնորհման գործընթացի վերանայումը կարող է և պետք է նշանակի ու առաջացնի փաստական և իրավական հետևանքներ: Բացի այդ, գիտական աստիճանի շնորհումը իրավունքի տրամադրում է, որից հետո անձը պետք է լեգիտիմ ակնկալիք ունենա դրա իրավաչափության վերաբերյալ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի հաստատվել ոչ իրավաչափությունը: Նման պայմաններում հանրային իշխանության մարմինները պետք է ձեռնպահ մնան անձին տրամադրված իրավունքին, այդ թվում՝ դրա իրավաչափությանը միջամտությունից, եթե այն օրենքով սահմանված կարգով չէ և չի հետապնդում համարժեք ու իրավաչափ նպատակ: Միևնույն ժամանակ Դատարանը կարևորում է ընդգծել, որ առանց օրենքով սահմանված հիմքերի և կարգով գիտնականի կարգավիճակին ուղղակի կամ անուղղակի միջամտությունը կարող է վտանգել նաև ակադեմիական ազատությունը (ակադեմիական ազատության և համալսարանական ինքնավարության մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 30.06.2006 թվականի թիվ 1762 հանձնարարական):
Սույն գործով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով համակողմանի քննարկում կազմակերպելու և արդյունքների մասին վարչապետին տեղեկացնելու համար ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ կապված Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հետ ներկայացված բողոքի կապակցությամբ: Միաժամանակ հաստատվել է հանձնաժողովի կազմը, և ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին հրամայվել է ութօրյա ժամկետում ամփոփել հանձնաժողովի աշխատանքը և եզրակացությունը ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին:
Դատարանը գտնում է, որ գիտական աստիճան և կոչում ունեցող անձի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելն անձի գիտական որակավորման գործընթացի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակ է հետապնդել: Այսինքն՝ ստեղծված հանձնաժողովի նպատակն է եղել գիտական աստիճան և կոչում ստանալու գործընթացում անձի կատարած գիտական աշխատանքի և գիտական աստիճան և/կամ կոչում ստանալու ընթացակարգում թերացումների կամ խախտումների վերհանումը, բացահայտումը: Դատարանն արձանագրում է՝ արդյունքում Հայցվորի ատենախոսության վերաբերյալ բողոքի ուսումնասիրման արդյունքում գնահատման առարկա է դարձվել գիտնականի աստիճանաշնորհման գործընթացն, ընդհուպ՝ արձանագրվել են խախտումներ և թերացումներ, ինչը Դատարանի գնահատմամբ հանդիսանում է պետության կողմից անձին իրավունքի տրամադրման իրավաչափության վերագնահատում, որը սակայն կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված ընթացակարգով, ուստի Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է պարզաբանել պետության՝ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ ի դեմս նախարարության և վերջինիս ենթակա մարմին բարձրագույն որակավորման կոմիտեի օրենսդրությամբ սահմանված իրավասության առկայությունն առ գիտական աստիճանաշնորհման իրավաչափության վերագնահատումը:
Այսպես, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Նախարարությանը ենթակա մարմիններն են՝
(...),
15) Բարձրագույն որակավորման կոմիտեն.
(...):
Նույն օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևյալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե.
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում կառավարության իրավասությունն է`
ա) գիտական և գիտատեխնիկական միասնական քաղաքականության իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների որոշումը.
գ) գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը.
դ) գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման պետական պատվերի հաստատումը.
ե) պետական բյուջեի համաձայն գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը.
զ) գիտական պետական կազմակերպությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.
է) գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգի ու չափանիշների հաստատումը.
ը) գիտական կադրերի որակավորման կարգի և գնահատման չափանիշների հաստատումը.
թ) գիտության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինների և նրանց խնդիրների սահմանումը:
(…):
Օրենքի 15.2-րդ հոդվածի համաձայն՝ 1. Բարձրագույն որակավորման կոմիտեն ապահովում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը և դրանց աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը:
2. Բարձրագույն որակավորման կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
3. Բարձրագույն որակավորման կոմիտեն՝
1) կազմում և համապատասխան նախարարի հաստատմանն է ներկայացնում այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ.
2) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը.
3) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.
4) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.
5) համապատասխան նախարարին ներկայացնում է եզրակացություն օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնելու մասին.
6) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.
7) կազմակերպում է ատենախոսությունների և սեղմագրերի պահպանումը.
8) կազմակերպում է տեղեկագրերի հրատարակումը:
ՀՀ Վարչապետի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, հայաստանի հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 701-լ, N 703-լ և N 705-լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 01.06.2019 թվականի թիվ 661-Լ որոշման 4-րդ բաժնի 19-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ նախարարը պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար:
Վկայակոչված հոդվածի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում Կառավարությունն իրավասություն ունի հաստատել գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգն ու չափանիշները, հաստատել գիտական կադրերի որակավորման կարգն և գնահատման չափանիշները, մինչդեռ գիտական աստիճանից զրկելու, այն դադարեցնելու կամ որևէ եղանակով գիտական աստիճանաշնորհման գործընթացը վերագնահատելու որևէ լիազորություն չունի:
Սույն դեպքում Նախարարությունը պատճառաբանել է, որ հրամանով հանձնաժողովի ստեղծումը որևէ փաստական և իրավական հետևանք չի առաջացրել Հայցվորի համար, քանզի ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն նախարարությանը ենթակա մարմին է, որը նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրել է Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ բողոքը: Մինչդեռ Դատարանը գտնում է, որ թեպետ իրավացիորեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն նախարարությանը ենթակա մարմին է և նախարարը ենթակա մարմնին որոշակի հանձնարարական է տվել, այդուհանդերձ Սահմանադրության 6-րդ հոդվածի տիրույթում պետական մարմինն իրավասու չէր ցանկացած բնույթի հանձնարարական տալ ենթակա մարմնին և ցանկացած հանձնարարական պետք է ուղղված լինի օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացմանը՝ նկատի ունենալով, որ նախարարը պատասխանատու է միայն նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար: Սույն դեպքում Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչ իրավական ակտով կամ դրույթով ղեկավարվելով է ստեղծել ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու հանձնաժողով: Նախարարությունը չի հիմնավորել իր գործողությունների իրավական հիմքն ու նպատակը, մինչդեռ Դատարանը գտնում է, որ հանրային իշխանության սուբյեկտների, հանրային իրավունքի իրավաբանական անձանց գործողությունները պետք է բխեն բացառապես օրենքով հատկորոշված իրավասություններից և լիազորություններից ու ուղղված լինեն որոշակի նպատակի իրագործմանը: Հետևաբար՝ Դատարանը եզրահանգում է, որ դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքեր օրենսդրությունում նախատեսված չեն:
4. Պետական մարմնի կողմից օրենքով նախատեսված չլինելու դեպքում գիտական աստիճանաշնորհման գործընթացի վերագնահատման թույլատրելիությունը.
Անդրադառնալով սույն գործով Նախարարության կողմից հանձնաժողով ստեղծելու արդյունքում Հայցվորի իրավունքներին և օրինական շահերին միջամտությանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ գիտնականը և գիտական աշխատողն իրավունք ունեն` իրենց որակավորմանը, ստացված գիտական արդյունքների, կատարվող աշխատանքի որակի և բարդության աստիճանին համապատասխան ակնկալել իրենց գործունեության անաչառ գնահատական և նյութական խրախուսում, ինչպես նաև վարձատրվել կամ եկամուտ ստանալ իրենց գիտական կամ գիտատեխնիկական գործունեության արդյունքի իրացումից:
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ հեղինակային իրավունքի օբյեկտներ են գրական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաև համակարգչային ծրագրերը:
Նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`
(...)
գ) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք) (...):
Վկայակոչված նորմերի մեկնաբանման և սույն գործի փաստական հանգամանքների հետ համադրման արդյունքում Դատարանն արձանագրում է, որ գիտնականը և գիտական աշխատողն իրավունք ունեն իրենց որակավորմանը, ստացված գիտական արդյունքների, կատարվող աշխատանքի որակի և բարդության աստիճանին համապատասխան ակնկալել իրենց գործունեության անաչառ գնահատական, ինչը սույն դեպքում Դատարանի գնահատմամբ դրսևորվում է նաև ատենախոսության հաջող պաշտպանության արդյունքում անձին գիտական աստիճան շնորհելով: Բացի այդ, գիտական ստեղծագործությունները հեղինակային իրավունքի օբյեկտ են հանդիսանում, և, ի թիվս այլնի, օրենսդիրը երաշխավորել է հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը: Ընդ որում՝ էական նշանակություն ունի, որ հեղինակի պաշտպանության իրավունքը երաշխավորելու պոզիտիվ պարտականությունը կրում է պետությունը՝ ի դեմս հանրային իշխանության մարմինների, հանրային իրավունքի իրավաբանական անձանց՝ ի տարբերություն այլոց նեգատիվ պարտականության՝ ձեռնպահ մնալ հեղինակի համբավին ու արժանապատվությանը ոտնձգող գործողությունից:
Սույն գործով Դատարանը հաստատված է համարում, որ պետական մարմինների կողմից օրենքով սահմանված լիազորության բացակայության պայմաններում Հայցվորին տրամադրված իրավունքի վերագնահատումը եղել է ոչ իրավաչափ, հետևաբար՝ այն նաև հանդիսացել է Հայցվորի իրավունքների միջամտություն: Դատարանը հարկ է համարում հատուկ արձանագրել, որ անձի հիմնարար իրավունքի խախտումը և սահմանափակումը կարող է հանդես գալ ինչպես դասական միջոցներով և եղանակներով, այնպես էլ միջնորդավորված: Մասնավորապես՝ սույն դեպքում Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի գործունեության արդյունքը հրապարակայնացվել է (փաստը վիճելի չէ, հրապարակվել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի ֆեյսբուքյան էջում, որի վերաբերյալ վարչական գործում առկա է ԲՈԿ-ի գրությունը), գործունեության արդյունքում արձանագրվել է, որ նախկինում անձին տրամադրված իրավունքը եղել է ոչ իրավաչափ (թերացումներով և խախտումներով), ինչն իրապես ինչպես նշել է Նախարարությունը, որևէ իրավական հետևանք չի առաջացրել Հայցվոր կողմի համար, քանզի Հայցվորի՝ որպես գիտնականի կարգավիճակը փոփոխության չի ենթարկվել, մինչդեռ Դատարանի գնահատմամբ այն ներազդել է փաստացի դրությանը: Հայցվորի գիտական ատենախոսությունում առկա թերացումների արձանագրումն ու վերհանումն ուղղակիորեն անաչառ երրորդ դիտորդի մոտ կարող էր հեղինակազրկել հեղինակի համբավը, քանզի փաստի արձանագրումն իրականացվել է այն հանրային իշխանության սուբյեկտի կողմից, որն անձին տրամադրել է որոշակի իրավունք, սակայն ապագայում արձանագրել իրավունքի տրամադրման ոչ իրավաչափ լինելը, ինչն օրենքով նախատեսված չի եղել, հետևաբար՝ զրկել է նաև հասցեատիրոջը ողջամտորեն դրա դեմ իրացնել իր պաշտպանության իրավունքը: Նման պայմաններում Դատարանը եզրահանգում է, որ գիտնականին գիտական աստիճան շնորհած սուբյեկտի կողմից աստիճանաշնորհման ոչ իրավաչափության փաստի հրապարակային հաստատումը, արատավորում է գիտնականի՝ ի դեմս ստեղծագործության հեղինակի համբավը:
Եզրահանգում.
Ամբողջ վերը շարադրված իրավավերլուծության, գործի փաստական հանգամանքների և նորմատիվ պատվիրանների հաշվառման արդյունքում Դատարանը եզրահանգում է, որ անձին գիտական աստիճան շնորհելը հանրային իրավունքի իրավաբանական անձի կողմից որոշակի իրավունքի տրամադրում է: Գիտնականն ունի գիտական գործունեության ազատության իրավունք, որը սերտորեն փոխկապակցված է կարծիքի ազատ արտահայտման իրավունքի հետ, ուստի գիտական աստիճանից զրկումը հանդիսանում է անձին տրամադրված իրավունքից զրկում, իրավունքի սահմանափակում՝ ներառյալ գիտական գործունեությամբ զբաղվելու ազատության սահմանափակում, ուստի սահմանափակման հիմքերն ու ծավալը անպատճառ պետք է սահմանված լինի օրենքով: Գիտական գործունեության ազատության իրավունքի սահմանափակում է ոչ միայն գիտական կոչումից զրկելը, այլև ցանկացած ձևով միջամտությունը, այդ թվում՝ իրավունքի տրամադրման ոչ իրավաչափ լինելը հաստատելը: Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գիտական աստիճանից զրկելու կամ գիտական աստիճանավորման գործընթացը վերանայելու կառուցակարգ նախատեսված չէ, հետևաբար՝ պետությունը՝ ի դեմս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական աստիճանից զրկելուն ուղղված որևէ միջամտություն իրավասու է կատարել միմիայն օրենքով դրանք նախատեսելուց հետո (օրինակ՝ ինչպես Գերմանայի փորձն է, վարչական ակտը մարմնի նախաձեռնությամբ ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգով):
Հետևաբար՝ սույն գործով Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու վերաբերյալ բուն հանձնաժողով ստեղծելու գործողությունը չի եղել օրենքով սահմանված հիմքերով ու կարգով, ուստի ենթակա է ոչ իրավաչափ ճանաչման:
Դատական ծախսերի բաշխման հարցը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
Նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են §Պետական տուրքի մասին¦ ՀՀ օրենքով։ Իսկ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Նկատի ունենալով, որ Հայցվորը նախապես վճարել է պետական տուրքի գումարը և հայցը ենթակա է բավարարման՝ Դատարանը գտնում է, որ հօգուտ Հայցվորի պատասխանողից ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-127-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգրքի 24-րդ հոդվածով՝ Դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Ռուբեն Հայրապետյանի հայցը բավարարել:
Ոչ իրավաչափ ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Ռուբեն Հայրապետյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը՝ պետական տուրքի գումարի մասով, կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վարչական գործ թիվ ՎԴ/10584/05/19
վարչական դատարանի վճիռ
Նախագահող դատավոր` Ռ. Խանդանյան
08 հոկտեմբերի 2021 թվական ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող դատավոր Աշոտ Սարգսյան,
դատավոր Կարինե Բաղդասարյան,
դատավոր Արթուր Պողոսյան,
մասնակցությամբ` հայցվոր Ռուբեն Հայրապետյանի,
հայցվորի ներկայացուցիչ Արա Խզմալյանի,
պատասխանող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
ներկայացուցիչ Ալլա Եղիազարյանի,
դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի Ռուբեն Հայրապետյանի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի, Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի` Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/10584/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 14.07.2020 թ. վճռի դեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) 14.07.2020 թվականի վճռով Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի, Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի` Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, բավարարել է:
Նշված վճռի դեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն բերել են վերաքննիչ բողոքներ:
Վերաքննիչ դատարանը 14.09.2020թ. որոշումներով բողոքներն ընդունել է վարույթ:
Վերաքննիչ բողոքների դեմ պատասխան չի ներկայացվել:
2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ պահանջի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը 18.06.2020 թ. կայացած դատական նիստի ընթացքում թույլատրելով հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը, որով հայցվորը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով Հանձնաժողովի ստեղծմանն ուղղված իրեն սպառած գործողությունը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմը, որն արգելում է հայցի առարկայի փոփոխությունը, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձան՝ վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության: Բնականաբար, տփալ դեպքում չի կարող լինել մեկնաբանություն՝ համաձայն որի նորմի ձևակերպումը նախատեսում է դատական բացարձակ հայեցողություն: Տվյալ դեպքում նորմը պետք է մենկաբանվի որպես դատարանի համար հայցի առարկայի փոփոխությունը չթույլատրելու իմպերատիվ պահանջ սահմանող նորմ, եթե նման փոփոխությունը հանգեցնում է հայցի էության փոփոխության: Սույն գործով սկզբնական ներկայացված պահանջը հանդիսացել է վիճարկման հայց: Հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 23.08.2019 թվականի եզրակացությունը՝ որպես վարչական ակտ:
Տվյալ դեպքում, կատարված փոփոխությունը հանգեցրել է հայցի էության փոփոխության, քանի որ սկզբնապես ներկայացված վիճարկման հայցը փոխվել է ճանաչման հայցով (գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ), ինչն անթույլատրելի է:
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմը: Դատարանը թույլատրելով հայցի էությունը փոփոխող միջնորդության ներկայացումը (ինչի ոչ իրավաչափության վերաբերյալ հիմնավորումները ներկայացված են նախորդ կետում), պարտավոր էր կարճել փոփոխված հայցի առարկայով գործի վարույթը, քանի որ տվյալ գործն արդեն իսկ ենթակա չէր Դատարանում քննության:
Ներկայացված միջնորդությամբ հայցվորը դատարանից պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված իրեն սպառած գործողությունը: Տվյալ դեպքում, առկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 15.08.2019 թ. թիվ 449-Ա հրաման, այլ ոչ թե՝ գործողություն:
Ուստի, միջնորդությամբ փոփոխված պահանջն առարկայազուրկ է, քանի որ հրամանից առանձին հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողություն առկա չէ և դա հստակ պարզ է եղել գործում առկա նյութերից: Թերևս, ակնհայտ է, որ անթույլատրելի է վարչական ակտի փոխարեն վիճարկել վարչական ակտի էությունը կազմող գործողությունները: Օրինակ՝ ստուգման ակտի փոխարեն պահանջել ոչ իրավաչափ ճանաչել տնտեսվարողի մոտ թաքցված հարկային պարտավորության առկայությունն արձանագրելու գործողությունը, և այլն: Ուստի, փոփոխված հայցապահանջով գործը պետք է կարճվեր վեճի առարկա (հրամանից առանձին ոչ իրավաչափ ճանաչման ենթակա գործողություն չլինելու) չունենալու հիմքով, ինչը, տվյալ դեպքում, չի արվել:
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով սահմանված նորմը, անտեսել է, որ սույն գործով հայցվորի և պատասխանողների միջև առկա չեն հանրային իրավահարաբերություններ, հետևաբար, հայցվորների և պատասխանողների միջև առկա իրավահարաբերություններից (եթե նման իրավահարաբերություններ, ընդհանրապես, առկա են) ծագող վեճերը ենթակա չեն քննության որպես հանրային իրավահարաբերություններից բխող վեճեր:
Այսպես, սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով համակողմանի քննարկում կազմակերպելու և արդյունքների մասին վարչապետին տեղեկացնելու համար ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ կապված Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ ներկայացված բողոքի կապակցությամբ: Միաժամանակ հաստատվել է հանձնաժողովի կազմը, և ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին հրամայվել է ութօրյա ժամկետում ամփոփել հանձնաժողովի աշխատանքը և եզրակացությունը ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին:
Որպեսզի հարաբերությունը հանրային իրավական որակվի, անհրաժեշտ է, որպեսզի դրանից ծագեն հանրային-իրավական իրավունքներ ու պարտականություններ (նաև, որոշ հեղինակների կարծիքով՝ հետևանքներ): Այլ կերպ ասած՝ իրավահարաբերության բնույթի մասին կարելի է դատողություն անել դրա հետևանքից: Եթե առաջացած հետևանքը չունի հանրային իրավական բնույթ, ապա նաև իրավահարաբերությունը հանրային-իրավական լինել չի կարող:
Սույն գործով Դատարանը, փորձելով հիմնավորել վեճի՝ հանրային իրավահարաբերություններից ծագող լինելը, ուստի և վեճի՝ Դատարանում քննելու հիմքերը, բերել է մի շարք փաստարկներ (իրականում, վճիռը հիշեցնում է ավելի շատ վեճի առարկայից դուրս տեսական դատողությունների ամբողջություն, քան հիմնավորված դատական ակտ), որոնց համաձայն՝ Հրամանի հիմքով ստեղծված Հանձնաժողովի Եզրակացությունը կարող էր բացասաբար անդրադառնալ Հայցվորի, որպես գիտնականի, մասնագիտական (գործարար) համբավին: Մինչդեռ, նման հնարավոր իրավական հետևանքը վկայում է իրավահարաբերության մասնավոր (որպես պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասից բխող լինելու), այլ ոչ թե՝ հանրային-իրավական բնույթ ունենալու մասին:
Սույն գործով վիճարկվում է ոչ թե Հանձնաժողովի եզրակացությունը (միայն, որից կարող էին առաջանալ վերոգրյալ մասնավոր-իրավական հարաբերությունները), այլ՝ Հանձնաժողովը ստեղծելու գործողությունը, որն անգամ տվյալ մասնավոր իրավական հետևանքն էլ չէր կարող առաջացնել, քանի որ, միանշանակ պարզ է, որ որևէ բան հետազոտելու գործողությունը չի կարող առաջացնել որևէ մեկի իրավունքների խախտում, առավել ևս՝ բացասաբար ազդել վերջինիս գործարար համբավին:
Եվ վերջապես, անգամ, եթե ստեղծված իրավիճակում կարող էին առաջանալ հանրային իրավական հարաբերություններ, և Դատարանն էլ իրավացի է եղել հրամանի փոխարեն հնարավոր համարելով այդ հրամանի կայացման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու գործողության ոչ իրավաչափ ճանաչելու հայցի քննությունը, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ նման հանրային իրավական հարաբերություններ կարող էին առաջանալ միայն եզրակացության կայացման և հրապարակման գործողությունից, և ոչ երբեք՝ հանձնաժողով ստեղծելու գործողությունից, որը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ սույն գործով ներկայացվել է:
Այսինքն, որևէ պարագայում հանձնաժողով ստեղծելու գործողությունը չէր կարող հայցվորի համար առաջացնել իրավական հետևանքներ, քանի որ Հանձնաժողով ձևավորելու արդյունքում Հանձնաժողովի կողմից հրապարակված եզրակացության իրավական հետևանքները անթույլատրելի է համարել որպես Հանձնաժողով ստեղծելու գործողության իրավական հետևանք:
Իրականում, հասկանալի է Հայցվորի ձգտումը Եզրակացության էության փոխարեն քննարկման առարկա դարձնել Եզրակացության կայացման համար հիմք ծառայած Հանձնաժողովի ձևավորման իրավական հիմքը, քանի որ ակնհայտ է, որ Եզրակացությունը վիճարկվելու դեպքում, ստիպված է լինելու քննարկել հարցն ըստ էության, այսինքն՝ առերեսվել Եզրակացության հիմքերի վիճարկման անհեռնկար փաստի հետ: Ի դեպ, Նախարարության գնահատմամբ, հենց դա էլ եղել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով հայց չներկայացնելու պատճառը, քանի որ այդ դեպքում, ևս, հայցվորը ստիպված էր լինելու առերեսվել հայցի անհիմն լինելու փաստին, ինչը ստրատեգիական տեսանկյունից Նախարարության համար հասկանալի է:
Ի վերջո, անհասկանալի է նաև սույն գործով Կոմիտեին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու Դատարանի որոշման տրամաբանությունը. Հետաքրքիր է՝ ինչպես է Դատարանը պատկերացրել հանձնաժողով ստեղծելու Նախարարության գործողությամբ Կոմիտեի պատասխանողի կարգավիճակը:
Ինչ վերաբերում է վճռի՝ մի շարք այլ դատողություններին. Օրինակ՝ նախարարաության՝ գիտական աստիճանը վերանայելու, վերագնահատելու իրավունքի բացակայությունը, պետական մարմնի՝ միայն այնպիսի գործողություններ իրականացնելու իրավունքին, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ապա տվյալ հարցերին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ, ինչպես նշվեց, Նախարության և հայցվորի միջև հանրային իրավական հարաբերությունների բացակայության պայմաններում, տվյալ հարցերը չեն կարող լինել դատական քննարկման առարկա:
Վերոշարադրյալից ելնելով` խնդրել է բեկանել 14.07.2020 թ. վճիռը և ՎԴ/10584/05/19 վարչական գործի վարույթը կարճել:
ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ պահանջի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 3-րդ մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 9-րդ կետը:
Դատարանն անտեսել է, որ Նախարարության՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը վարչարարություն չէ: Այլ կերպ ասած՝ այդ գործողությունը ռեալ ակտ չէ:
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Նախարարության՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը անձանց համար փաստական հետևանքներ չի առաջացրել: Այսինքն՝ այդ գործողությունը օժտված չէ ռեալ ակտին բնորոշ՝ անձանց համար փաստական հետևանքներ առաջացնելու հատկանիշով:
Վիճարկվող գործողությամբ Նախարարության կողմից ընդամենը ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով: Փաստորեն, այդ գործողության էությունն այն է, որ Նախարարությունը ստեղծել է հանձնաժողով՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ .բողոքն ուսումնասիրելու նպատակով:
Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը որևէ փաստական հետևանք չի առաջացրել անձանց, այդ թվում նաև՝ հենց Ռուբեն Հայրապետյանի համար: Ավելին՝ վիճարկվող գործողությունը չի առաջացրել նաև որևէ իրավական հետևանք անձանց, այդ թվում նաև՝ հենց Ռուբեն Հայրապետյանի համար:
Դատարանը վիճարկվող գործողության՝ իրավական և փաստական հետևանքներ առաջացնելու հանգամանքը կապել է »Ռուբեն Հայրապետյանիե տրամադրված իրավունքի վերագնահատման ոչ իրավաչափ լինելու«, »հանձնաժողովի գործունեության արդյունքը հրապարակայնացվելու«, »Հայցվորի գիտական ատենախոսությունում առկա թերացումներն արձանագրելու ու վերհանելու«, »աստիճանաշնորհման ոչ իրավաչափության փաստը հրապարակային հաստատելու« հետ:
Սակայն Դատարանի մատնանշած՝ »Ռուբեն Հայրապետյանին տրամադրված իրավունքի վերագնահատման ոչ իրավաչափ լինելու«, »հանձնաժողովի գործունեության արդյունքը հրապարակայնացվելու«, »Հայցվորի գիտական ատենախոսությունում առկա թերացումներն արձանագրելու ու վերհանելու«, »աստիճանաշնորհման ոչ իրավաչափության փաստը հրապարակային հաստատելու« հանգամանքների գնահատումը դուրս է սույն վարչական գործի քննության շրջանակից: Այսպես՝ սույն վարչական գործով վիճարկվում է զուտ Նախարարության այն գործողությունը, որն ուղղված է եղել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանը: Դա նշանակում է, որ սույն վարչական գործով քննության առարկան ընդամենը Նախարարության կոնկրետ այդ գործողության իրավաչափությունն է՝ անկախ հետագայում »Ռուբեն Հայրապետյանին տրամադրված իրավունքի վերագնահատման ոչ իրավաչափ լինելու«, »հանձնաժողովի գործունեության արդյունքը հրապարակայնացվելու«, »Հայցվորի գիտական ատենախոսությունում առկա թերացումներն արձանագրելու ու վերհանելու«, »աստիճանաշնորհման ոչ իրավաչափության փաստը հրապարակային հաստատելու« հանգամանքների առկայությունից:
Հետևաբար, Դատարանի մատնանշած վերոգրյալ հանգամանքները չեն ենթադրում, որ սույն գործով վիճարկվող գործողությունը՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը, փաստական կամ իրավական հետևանքներ է առաջացրել Ռուբեն Հայրապետյանի համար:
Բանն այն է, որ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը, ինքնին, որևէ փաստական կամ իրավական հետևանքներ չի առաջացրել Ռուբեն Հայրապետյանի համար, այդ գործողությունը, ինքնին, չի միջամտել Ռուբեն Հայրապետյանի իրավունքներին և նրա համար, ինքնին, որևէ փաստական հետևանք չի առաջացրել:
Այսպիսով, բողոք բերող անձը գտնում է, որ սույն գործով վիճարկվող գործողությունը՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը վարչարարության արդյունք չէ (ռեալ ակտ չէ): Հետևաբար, այդ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը չի կարող դառնալ Վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի առարկա:
Ավելին՝ սույն գործով վիճարկվող գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը չի կարող դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված որևէ հայցատեսակով հայցի առարկա: Այսինքն՝ սույն գործով Ռուբեն Հայրապետյանի ներկայացրած հայցն ընդդատյա չէ Դատարանի քննությանը, քանի որ այդ հայցով վիճարկվող գործողությունը անձանց համար իրավական կամ փաստական հետևանքներ չի առաջացրել, այն վարչարարության արդյունք չէ (ռեալ ակտ չէ):
Դատարանն անտեսել է, որ սույն գործը ենթակա էր կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, քանի որ Ռուբեն Հայրապետյանի ներկայացրած հայցն առհասարակ ենթակա չէ որևէ դատարանի քննությանը:
Նշված դատողության հիմքում բողոք բերող անձը դնում է այն հանգամանքը, որ Նախարարության վիճարկվող գործողությունը չի առնչվում հայցվոր Ռուբեն Հայրապետյանի իրավունքներին և ազատություններին: Ուստի վերջինս Նախարարության այդ գործողության դեմ չունի դատարան դիմելու իրավունք: Այլ կերպ ասած՝ Նախարարության՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողության իրավաչափությունը չի կարող դառնալ առհասարակ որևէ դատարանի քննության առարկա, քանի որ այդ գործողությունն ինքնին որևէ անձի իրավունքներին և ազատություններին չի առնչվում, դրանց վրա չի ազդել, միջամտություն չի իրականացրել:
ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո սույն գործով առկա չէ »իրական« և »լուրջ վեճ« հայցվորի »իրական (ռեալ)« իրավունքների վերաբերյալ:
Ուստի սույն գործով Դատարանի առջև բարձրացված վեճը ենթակա չէ քննության որևէ դատարանի կողմից: Հետևաբար, սույն գործը ենթակա էր կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Ելնելով Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ վիճարկվող գործողությունը որևէ կերպ չի առնչվում Ռուբեն Հայրապետյանի իրավունքներին և օրինական շահերին:
Այսպես՝ Նախարարության վիճարկվող գործողությամբ պարզապես ստեղծել է հանձնաժողով՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով: Այդ գործողությունը որևէ փաստական կամ իրավական հետևանք չի առաջացրել: Դրանով ոչ միայն չեն խախտվել Ռուբեն Հայրապետյանի իրավունքները կամ օրինական շահերը, այլ ավելին՝ այդ գործողությունը չի առնչվել Ռուբեն Հայրապետյանի իրավունքներին կամ օրինական շահերին: Հետևաբար, Դատարանը պարտավոր էր գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների հիման վրա վճիռ կայացնել Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժելու կամ գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ գնահատելով Ռուբեն Հայրապետյանի մոտ իրավական շահագրգռվածության բացակայության ակնհայտությունը:
Վերոգրյալի հիման վրա` խնդրել է բեկանել 14.07.2020 թ. վճիռը և կարճել սույն գործի վարույթը, կամ փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ վարչապետի աշխատակազմ ղեկավարը 13.08.2019 թ. թիվ 02/14.7/36797-2019 գրությամբ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարից խնդրել է 10-օրյա ժամկետում համակողմանի քննարկել և արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն (Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հետ ներկայացրած բողոքի կապակցությամբ):
2) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, 15.08.2019 թ. կայացրել է »Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին« թիվ 449-Ա հրամանը, որտեղ նշվել է հետևյալը.
»Համաձայն Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 13.08.2019թ. հ.02/14.7/36797-2019 գրության` (ստեղծել մասնագիտական հանձնաժողով, կապված Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հետ ներկայացրած բողոքի կապակցությամբ` համակողմանի քննարկում կազմակերպելու և արդյունքների մասին Վարչապետին տեղեկացնելու համար`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
1. Հաստատել հանձնաժողովի կազմը՚ համաձայն հավելվածի:
2. ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին` 8 օրյա ժամկետում ամփոփել հանձնաժողովի աշխատանքը և եզրակացությունը ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:« (հատոր 1, գ. թ. 14):
3) Ի կատարումն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 13.08.2019 թ. թիվ 02/14.7/36797-2019 գրությամբ հանձնարարականի` Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է ներկայացվել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը, վերջինս էլ 28.08.2019 թ. գրությամբ տրամադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին (հատոր 2, գ. թ. 25):
4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքները նշված պահանջների սահմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք ենթակա են բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ դատարանը, նախ, հարկ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատվարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության: Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում:
Փաստորեն, հայցվորի կողմից հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու հետ կապված, օրենսդիրը վարչական դատարանին վերապահել է ըստ էության որոշիչ դերակատարություն` օժտելով վերջինիս խնդրո առարկա փոփոխությունը թույլ չտալու լիազորությամբ, այն դեպքերում, երբ տվյալ փոփոխությունը հանգեցնում է հայցի էության փոփոխության: Ընդ որում, հայցի առարկան փոփոխելն ինքնին դեռևս միանշանակորեն չի ենթադրում հայցի առարկայի փոփոխության թույլատրելիություն, քանի որ հայցի առարկայի փոփոխության թույլատրելիության հարցը պարզելիս Դատարանի կողմից գնահատման է ենթակա ներկայացված փոփոխության` հայցի էության փոփոխությանը չհանգեցնելու հանգամանքը:
Տվյալ դեպքում, Ռուբեն Հայրապետյանը դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 23.08.2019 թ. եզրակացությունը: 18.06.2020 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարանը թույլատրել է հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը, որով հայցվորը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված իրեն սպառած գործողությունը:
Վերաքննիչ դատարանը ներկայացված հայցադիմումի և հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդության ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ թե՛ հայցադիմումով, թե՛ հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցին բնորոշ պահանջ, հայցադիմումով ներկայացված իրավական և փաստական հիմնավորումները մեծամասամբ վերաբերում են 15.08.2019 թ. »Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին« թիվ 449-Ա հրամանի իրավաչափությանը, իսկ 23.08.2019 թ. եզրակացությունը տրվել է նշված հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից, ինչը նշանակում է, որ հայցադիմումով և հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդությամբ ճանաչման հայցի շրջանակներում հայցվորը ցանկանում է հասնել միևնույն գործընթացի տարբեր փուլերում կատարված գործողությունների ոչ իրավաչափ ճանաչելուն: Հետևաբար, Դատարանի կողմից ճիշտ է գնահատվել ներկայացված փոփոխության` հայցի էության փոփոխությանը չհանգեցնելու հանգամանքը:
Նման պայմաններում, հիմնազուրկ են գնահատվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից բողոքով ներկայացված հիմնավորումներն այն մասին, որ կատարված փոփոխությունը հանգեցրել է հայցի էության փոփոխության, քանի որ սկզբնապես ներկայացված վիճարկման հայցը փոխվել է ճանաչման հայցով (գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ), ինչն անթույլատրելի է:
»ՀՀ դատական օրենսգիրք« ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է վարչական դատարանին գործերի ենթակայության (առարկայական ընդդատության) ընդհանուր շրջանակը, այն է` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը:
Անդրադառնալով հանրային իրավահարաբերությունների հատկանիշների մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Այսինքն` հանրային են այն իրավահարաբերությունները, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1369/02/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010թ. որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար, նախ և առաջ, անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձիք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ): Մինչդեռ, հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը, որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.
արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,
արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,
արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե` ոչ (տե՛ս, թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թ. որոշումը):
Փաստորեն, հանրային իրավահարաբերություններին բնորոշ է դրանց մասնակիցների (մի կողմից` հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի, ի դեմս, օրինակ` վարչական մարմին հանդիսացող պետական մարմնի, և մյուս կողմից` ֆիզիկական կամ իրավաբանական անձի) անհավասար պայմաններում գտնվելը, և տվյալ իրավահարաբերությունների բովանդակությունը, որպես կանոն, կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, որպիսի պարտականության կատարման ընթացքում հանրային իշխանական լիազորություններով օժտված պետական կառավարման մարմինը հանրային շահի իրացման կապակցությամբ միակողմանի իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները:
Ըստ այդմ, վարչադատավարական կարգով դատական պաշտպանության դիմելու անհրաժեշտ նախապայմանը հանրային (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի) իշխանության մարմնի և ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջև գոյություն ունեցող վարչաիրավական բնույթի վեճի առկայությունն է, որն առաջանում է վերոհիշյալ իրավահարաբերություններում ֆիզիկական կամ իրավաբանական անձի հանրային սուբյեկտիվ իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող վարչական ակտի, գործողության կամ անգործության առնչությամբ:
Վերոշարադրյալից բացի, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները` վարչական մարմիններ` ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ, բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ, գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև այն գործողությունը կամ անգործությունն է, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
Հիշյալ իրավանորմերի համակարգված վերլուծությունից, հետևում է, որ պետական, տարածքային կառավարման և/կամ տեղական ինքնակառավարման մարմիններն անպայմանորեն ու ինքնին բոլոր հարաբերություններում հանդես չեն գալիս որպես վարչական մարմիններ, այլ ձեռք են բերում նման կարգավիճակ միայն վարչարարություն իրականացնելու պարագայում, այսինքն` այն դեպքերում, երբ հանդես են գալիս հանրային իրավունքի բնագավառում և, իրացնելով հանրային իշխանական լիազորություններից բխող` գործադիր-կարգադրիչ գործառույթ, իրականացնում են վարչական ակտի ընդունմանը կամ անձի համար փաստական հետևանքներ առաջացնող գործողություն կամ անգործություն:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վարչապետի աշխատակազմ ղեկավարը 13.08.2019 թ. թիվ 02/14.7/36797-2019 գրությամբ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարից խնդրել է 10-օրյա ժամկետում համակողմանի քննարկել և արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն (Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հետ ներկայացրած բողոքի կապակցությամբ):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, 15.08.2019 թ. կայացրել է »Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին« թիվ 449-Ա հրամանը, որտեղ նշվել է հետևյալը.
»Համաձայն Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 13.08.2019թ. հ.02/14.7/36797-2019 գրության` (ստեղծել մասնագիտական հանձնաժողով, կապված Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հետ ներկայացրած բողոքի կապակցությամբ` համակողմանի քննարկում կազմակերպելու և արդյունքների մասին Վարչապետին տեղեկացնելու համար`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
1. Հաստատել հանձնաժողովի կազմը՚ համաձայն հավելվածի:
2. ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին` 8 օրյա ժամկետում ամփոփել հանձնաժողովի աշխատանքը և եզրակացությունը ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:« (հատոր 1, գ. թ. 14):
Ի կատարումն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 13.08.2019 թ. թիվ 02/14.7/36797-2019 գրությամբ հանձնարարականի` Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է ներկայացվել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հաաձնաժողովի եզրակացությունը, վերջինս էլ 28.08.2019 թ. գրությամբ տրամադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին (հատոր 2, գ. թ. 25):
Տվյալ պարագայում, հայցի հիմքի և առարկայի փոփոխության արդյունքում սույն վեճով քննության առարկա է հանդիսացել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը: Հետևաբար, սույն վեճի լուծման համար էական նշանակություն է ձեռք բերում Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողության հանրային-իրավական բնույթի պարզումը, որն իր մեջ ներառում է իրավահարաբերության սուբյեկտային կազմի, օբյեկտի և բովանդակության բացահայտումը:
»Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին« ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի իմաստով` կառավարչական իրավահարաբերություններ են համարվում պետական մարմինների կառուցվածքի, կանոնադրության հաստատման, կառավարման, ղեկավարման, ենթակա և հաշվետու լինելու, կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպումների հետ կապված հարաբերությունները, իսկ 2-րդ մասի համաձայն` կառավարչական իրավահարաբերությունների այլ առանձնահատկություններ կարող են սահմանվել օրենքներով:
ՀՀ վարչապետի 01.06.2019 թ. N 661-Լ որոշման 1-ին կետով հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի, որի 13-րդ կետի համաձայն` նախարարության կառավարումն իրականացնում են ՀՀ վարչապետը և նախարարը:
Նույն կանոնադրության 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վարչապետը իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը:
Նույն կանոնադրության 15-րդ կետի համաձայն` նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:
Նույն կանոնադրության 16-րդ կետի համաձայն` նախարարը հաշվետու է ՀՀ կառավարությանը և վարչապետին:
Նույն կանոնադրության 19-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն` նախարարը պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար, 15-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ, իսկ 20-րդ ենթակետի համաձայն` օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության համատեքստում գնահատելով սույն գործի փաստերը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
1. Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծման հարաբերության սուբյեկտները հանրային իշխանական լիազորություններով օժտված անձինք են` մի կողմից` ՀՀ վարչապետը, իսկ մյուս կողմից` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, որը հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը 15.08.2019 թ. կայացրել է »Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին« թիվ 449-Ա հրամանը, որը որևէ մեկի համար իրավական կամ փաստական հետևանք չի առաջացնում:
2. Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծման առնչությամբ առաջացած հարաբերության բովանդակությունը հանգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի (ՀՀ վարչապետի) կողմից իր իրավասությունների սահմանում պատասխանատու նախարարին տրված հանձնարարականի կատարմանը և, ի կատարումն դրա` համապատասխան հրամանով Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանը:
3. Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծման առնչությամբ առաջացած իրավահարաբերությունը ծագել է ոչ թե հանրային շահի իրացման կապակցությամբ, այլ կառավարչական հարաբերություններում հանրային իշխանական լիազորություններով օժտված մի սուբյեկտի (ՀՀ վարչապետի) կողմից մեկ այլ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (նախարարի) տրված հանձնարարականի կատարման ընթացքում որևէ մեկի համար իրավական հետևանք չառաջացնող հրամանի ընդունմամբ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծման առնչությամբ:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցի հիմքի և առարկայի փոփոխության արդյունքում քննության առարկա հանդիսացած Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի հիման վրա քննված գործը չի բխում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճից: Ընդ որում, նշված գործը չի բխում նաև մասնավոր` քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագող վեճից և ընդդատյա չէ ընդհանուր իրավասության դատարանին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության:
Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանն անտեսել է վերոշարադրյալ հանգամանքներով պայմանավորված` գործի վարույթը կարճելու հիմքի առկայությունն ու սխալ եզրահանգման է եկել սույն գործով կիրառելի իրավական նորմերի կապակցությամբ, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:
Ամբողջ վերոշարադրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված լիազորությունը: Հետևաբար, վճիռը պետք է բեկանել և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով թիվ ՎԴ/10584/05/19 վարչական գործի վարույթը, ըստ հայցի Ռուբեն Հայրապետյանի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի, Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի` Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, կարճել, վեճը որևէ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բացակայում է վերաքննիչ բողոքների մյուս փաստարկներին և հիմնավորումներին անդրադառնալու դատավարական անհրաժեշտությունը:
Անդրադառնալով սույն գործով առաջացած դատական ծախսերի բաշխման հարցին` Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը և 97-րդ հոդվածի 1-ին մասը` գտնում է, որ հայցվորից հօգուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի պետք է բռնագանձել 10.000-ական (20.000) ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքների ներկայացման համար վերջիններիս կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, իսկ մնացած մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով, 96-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 97-րդ հոդվածի 1-ին մասով, 145-րդ, 146-րդ հոդվածներով, 148-րդ հոդվածի 1-ին մասով և 156-րդ հոդվածով` Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վերաքննիչ բողոքները բավարարել:
ՀՀ վարչական դատարանի 14.07.2020 թ. վճիռն ամբողջությամբ բեկանել և թիվ ՎԴ/10584/05/19 վարչական գործի վարույթը, ըստ հայցի Ռուբեն Հայրապետյանի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի, Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի` Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, կարճել ամբողջությամբ:
ՀՀ վարչական դատարանում գործի քննության հետ կապված` կողմերի միջև դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում գործի քննության հետ կապված` կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով Ռուբեն Հայրապետյանից հօգուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ (յուրաքանչյուրին 10.000 ՀՀ դրամ)` որպես վերաքննիչ բողոքների ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտել » « _____________________ 2021թ-ին:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 03 Հոկտեմբեր 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|