Հիմնական
Գործի համար: ՎԴ/9786/05/18Վիճակագրական տողի համար: 2.1
Հայցվոր
ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ
Պատասխանող
ՀՀ ոստիկանություն ի դեմս ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին
Դատավոր
Վարչական:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/9786/05/18
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
<<10>> ապրիլի 2019 թվական ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝
նախագահությամբ՝ դատավոր Արթուր Ավագյանի,
քարտուղարությամբ՝ Իննա Ներսեսյանի, Նելլի Հովակիմյանի
մասնակցությամբ՝ հայցվորի ներկայացուցիչ Խորեն Նասիբյանի (վկայական թիվ 1509, հիմք՝ <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի տնօրենի 19.09.2018 թվականի լիազորագիր),
պատասխանողի ներկայացուցիչ Արման Սարգսյանի (հիմք՝ Ոստիկանության պետի տեղակալի 05.10.2018 թվականի լիազորագիր),
դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի (այսուհետ՝ Բաժին))՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները վերացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Ընկերության ներկայացուցիչը 20.09.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Բաժնի)՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 կոորդինատներով անշարժ գույքի տարածք կատարված ներխուժումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի 27.09.2018 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի հայցադիմումն ընդունվել է վարույթ:
29.10.2018 թվականին սույն գործով հրավիրվել է նախնական դատական նիստ, որին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Խորեն Նասիբյանը և պատասխանողի ներկայացուցիչ Արման Սարգսյանը:
Դատարանի 29.10.2018 թվականի <<Ապացույց պահանջելու մասին>> որոշմամբ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունից պահանջվել են Բաժնում Ընկերությունից ստացված դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը:
20.09.2018 թվականին Ընկերության ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցադիմումի լրացում, որով խնդրել է պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքի տարածք կատարված ներխուժումը:
20.11.2018 թվականին սույն գործով հրավիրվել է նախնական դատական նիստ, որին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Խորեն Նասիբյանը և պատասխանողի ներկայացուցիչ Արման Սարգսյանը:
21.12.2018 թվականին ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայացել դատավոր Արթուր Ավագյանի՝ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով:
30.01.2019 թվականին սույն գործով հրավիրվել է նախնական դատական նիստ, որին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Խորեն Նասիբյանը և պատասխանողի ներկայացուցիչ Արման Սարգսյանը: 30.01.2019 թվականի նախնական դատական նիստում Դատարանը գործը համարել է դատաքննությանը նախապատրաստված և որոշել է գործը նշանակել դատաքննության:
21.03.2019 թվականին ժամը 15:00-ին նշանակված դատաքննությանը ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Խորեն Նասիբյանը և պատասխանողի ներկայացուցիչ Արման Սարգսյանը: 21.03.2019 թվականի դատական նիստում Դատարանն ավարտել է սույն գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող ակտի հրապարակման ժամանակը, այն է՝ 10.04.2019 թվականին ժամը 17:05-ին:
2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Հայցվորը հայցադիմումով ներկայացրել է հետևյալ փաստերը, հիմնավորումները և պահանջը.
2018 թվականի հունիսից մի շարք անձինք, առանց սեփականատիրոջ թույլտվության կամ օրինական հիմքերի, մուտք են գործել հայցվորի սեփականության ներքո գտնվող 39.740911, 45.609243 կոորդինատներով անշարժ գույքի տարածք, որտեղ այնուհետև տեղադրել են իրենց շարժական տնակը: Նույն թվականի օգոստոսի 13-ին հայցվորի ներկայացուցիչ Խորեն Նասիբյանի կողմից Բաժին է ներկայացվել համապատասխան գրություն, որով հայցվորը պահանջել է վերացնել իր տիրապետության ներքո գտնվող 39.740911, 45.609243 կոորդինատներով անշարժ գույքի տարածք ներխուժումը: Գրությանը կցվել էին անշարժ գույքի նկատմամբ տիրապետման օրինականությունը հավաստող փաստաղթղերը, այն է՝ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները։ Բաժնի համապատասխան ծառայողները, ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշման Հավելվածի 4-րդ կետին համապատասխան, պարտավոր էին 3 ժամվա ընթացքում ներկայանալ գույքի տարածք, սակայն և ոչ մի ոստիկանության աշխատակից նշված ժամկետում չի ներկայացել և զանգահարել։ Փոխարենը Բաժնի պետի 14.08.2018 թվականի թիվ 84/1367 գրությամբ անհասկանալի պատճառներով պահանջվել է ներկայացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներում նկարագրված գույքի հատակագծերը, թեպետ վերը նշված կառավարության որոշմամբ հատակագծեր ներկայացնելու պահանջը բացակայում է։ Բաժնի պետի 15.08.2018 թվականի թիվ 84/1376 գրությամբ Հայցվորի ներկայացուցչից պահանջվել է ներկայանալ բաժին՝ բացատրություն տալու համար։ Նույն թվականի օգոստոսի 20-ին Հայցվորին Բաժնի պետի 20.08.2018 թվականի թիվ 84/1394 գրությամբ հայտնվել է, որ Ոստիկանությունը գտել է, որ նշված դեպքում ներխուժում առկա չէ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի սեփականության իրավունքի իրականացմանը խոչընդոտող գործողությունները շարունակական բնույթ են կրում՝ 22.08.2018 թվականին հայցվորը կրկին դիմում է ներկայացրել Բաժին։ Նշված դիմումին ի պատասխան հայցվորին Բաժնի պետի 23.08.2018 թվականի թիվ 84/1394 անհասկանալի բովանդակությամբ գրությամբ միանգամայն անընդունելի պատճառներով հայտնվել է, թե իբր տեղադրված շարժական տնակը գտնվում է հայցվորի տարածքից դուրս, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Բաժնի ծառայողների գործողություններն ու անգործությունը հայցվորի կողմից վերադասության կարգով չեն բողոքարկվել։ Մինչև հայցադիմումը ներկայացնելու պահը հայցվորը զրկված է եղել անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքից բխող իրավազորություններն իրականացնելու հնարավորությունից Բաժնի կողմից ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշման հավելվածով սահմանված լիազորությունները չիրականացնելու հետևանքով։
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը, ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի <<Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին>> թիվ 797-Ն որոշման հավելվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ մասերը համադրելով գործի փաստական հանգամանքների հետ՝ ակնհայտ է դառնում, որ Բաժնի ծառայողները պարտավոր էին իրականացնել վերը նշված Կառավարության որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված պարտականությունը, այն է՝ հայցվորի դիմումը ստանալու պահից երեք ժամվա ընթացքում այցելեին համապատասխան անշարժ գույքի տարածք, ինչն ակնհայտորեն նրանց կողմից չի կատարվել։ Բացի այդ, Ոստիկանությունը 14.08.2018 թվականի գրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներից զատ հայցվորի համար միանգամայն անհասկանալի պատճառներով նաև պահանջել է անշարժ գույքի հատակագծեր։ Մինչդեռ, ինչպես իրավամբ նշված է վերը նշված Կառավարության որոշման հավելվածի 2-րդ կետով, օրինական տիրապետումը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, իսկ հայցվորի կողմից համապատասխան վկայականները, ինչպես նաև օրենքով չպահանջվող տարածքի հատակագիծն արդեն իսկ ներկայացվել էին Ոստիկանություն՝ 13.08.2018 թվականի դիմումին կից։ Նշված իրավիճակում Ոստիկանության նման պահանջը միանգամայն անհիմն և ավելորդ էր և հանդիսանում էր <<Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ձևական պահանջների չարաշահելու արգելքի սկզբունքի խախտում, ինչպես նաև նույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված առավելագույնի սկզբունքի անտեսում։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ դիմումներին ընթացք չտալը, ընթացակարգային և նյութաիրավական նորմերի վերոգրյալ խախտումները նույն թվականի օգոստոսի 20-ին հայցվորին Բաժնի պետի 20.08.2018 թվականի թիվ 84/1394 գրությամբ արդարացվել են այն հանգամանքով, որ ներխուժած անձինք իրականացնում են ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հավաքների ազատության իրավունքը։ Սակայն Ոստիկանության ուշադրությունից վրիպել է այն հանգամանքը, որ <<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը նախ չի խոսում այն մասին, որ եթե մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքի սեփականատերը դեմ է, որ իր տարածքում անցկացվի հավաք, ապա որևէ մեկը կարող է դրան ընդդիմանալ, ինչպես նաև հոդվածը չի նախատեսում, որ հավաքի ընթացքում մարդիկ իրավունք ունեն այլոց մասնավոր տարածքում տեղադրել կամ կառուցել կացարաններ՝ ոգևորված իրավապահ մարմինների թողտվությունից։ Բացի այդ, <<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը նաև պարտադրաբար նշում է հավաքի անցկացման վայրի՝ բոլորի համար մատչելի լինելու հանգամանքը։ Դժվար է պատկերացնել, որ մասնավոր սեփականություն հանդիսացող, արդյունաբերական նպատակներով օգտագործվող խնդրո առարկա հողամասը <<մատչելի է բոլորի համար>>։ Օրենքի նման լայն մեկնաբանումը հղի է վտանգավոր հետևանքներով ամբողջ հասարակության անվտանգության համար, այն է՝ ստացվում է, որ ըստ Ոստիկանության՝ յուրաքանչյուր ոք կարող է խախտել մեկ այլ անձի հիմնական իրավունքները և ներխուժել վերջինիս սեփականություն համարվող անշարժ գույք՝ հիմնվելով լոկ Սահմանադրության 44-րդ հոդվածով նախատեսված հավաքների ազատության իրավունքի վրա։
Ոստիկանությունը պետք է առաջնորդվեր <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջով: <<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանությունից բխում է, որ մասնավոր սեփականություն համարվող հողամասը կարող է լինել հավաքի վայր, եթե մատչելի է բոլորի համար (օրինակ՝ եթե առկա է սեփականատիրոջ համաձայնությունը, նա է հավաքի կազակերպիչը և այլն)։ Տվյալ դեպքում առկա է հակառակ պատկերը՝ հողամասի սեփականատեր հայցվորն իր կամքին հակառակ զրկված է Սահմանադրության 10-րդ հոդվածով ապահովված սեփականության իրավունքն իրականացնելու հանարավորությունից, ուստի հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասի տարածքը չի կարող լինել հավաքի վայր տվյալ դեպքում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Djavit An v. Turkey (2003), para. 56; Rassemblement Jurassien Unite Jurassienne v. Switzerland (1979), p. 119 դիրքորոշման հիման վրա կարելի է արձանագրել, որ առկա իրավիճակը հիմնովին տարբեր է նմանատիպ այլ իրավիճակներից, երբ հավաքների ազատության իրավունքն իրականացվում է պետական, համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտներում։ Տվյալ դեպքում վարչական մարմինը, անտեսելով իրավիճակի առանձնահատկությունները, խախտել է <<Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված կամայականության արգելքի սկզբունքը։ Նշված հոդվածի 2-րդ մասի հիման վրա՝ Ոստիկանությունը բացահայտորեն անտեսել է իրավիճակի այն առանձնահատկությունը (հողամասի մասնավոր սեփականություն լինելու հանգամանքը, բոլորի համար մատչելի չլինելու փաստը), որի վրա հիմնվելով անհրաժեշտ էր անհատական մոտեցում ցուցաբերել։
Բաժնի պետի 20.08.2018 թվականի թիվ 84/1394 գրությամբ նաև հղում է կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասին, որի իմաստով հնարավոր է երկու այլընտրանքային իրավիճակ, երբ ներխուժումն առկա չէ, այն է՝ 1. երբ հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ, 2. կամ չկա հողամասը մուտք գործելն արգելող որևէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան։ Ընդ որում պարտադիր պայման է, որ հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին։ Խնդրո առարկա հողամասերն իրավամբ պարսպապատված չեն, սակայն համարվում են հանքի տարածք և պարունակում են համապատասխան ցուցանակ՝ վերջին փաստի վերաբերյալ (պատկերային նշան)։ Բացի այդ, հետաքրքիր է Ոստիկանության պատկերացմամբ սեփականատիրոջ ներկայացուցիչների բազմաթիվ ձայնային հայտարարությունները, հորդորները՝ ուղղված ներխուժած անձանց, ինչպես նաև Ոստիկանություն 13.08.2018 թվականին, 22.08.2018 թվականին ներկայացված դիմումներն ինչ են, եթե ոչ մուտքն արգելող գրավոր կամ ձայնային հայտարարություն։
Ոստիկանությունը նաև անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտադիր պայմանն առ այն, որ հողամաս մուտք գործելը պետք է վնաս չպատճառի հողամասին։ Ինչպես արդեն նշվել է, հողամասը հանդիսանում է հանքի տարածք, և այն հանգամանքը, որ մի խումբ ներխուժած անձանց պատճառով հայցվորը զրկված է հողամասի նկատմամբ պատշաճ պահպանման պարտականություններն իրականացնելու հնարավորությունից, տիրապետման ու օգտագործման իրավունքներից, ողջամիտ կասկածի տեղիք է տալիս առ այն, որ հողամասին կարող է վնաս պատճառվել։
Ինչ վերաբերում է Բաժնի պետի 23.08.2018 թվականի թիվ 84/1394 անհասկանալի բովանդակությամբ գրության մեջ տեղ գտած այն դիրքորոշմանը, որ ներխուժած անձանց կողմից տեղադրված շարժական գույքը գտնվում է հայցվորի անշարժ գույքից դուրս, ապա հարկ չէ մանրակրկիտ անդրադառնալ այդ պնդման ողջամտությանը, քանզի այն միանգամայն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը, ինչը կարող է հավաստվել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համապատասխան վկայակններով։
Առաջնորդվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջով՝ կարելի է փաստել, որ տվյալ նորմով որևէ կերպ չի սահմանափակվում սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի գույքի տիրապետման իրավունքը, որի վերաբերյալ նա հայտնում է, հաղորդում է, որ առկա է ներխուժում, և դեռ ավելին՝ ներխուժում թույլ տվածները տեղադրել են իր գույքի տարածքում անհայտ ծագման շարժական գույք՝ կացարան։ Ի հավելումն վերոգրյալի՝ հարկ է նշել նաև, որ <<ՀՀ Ոստիկանության մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով Ոստիկանության խնդիրներից է սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը։ <<ՀՀ Ոստիկանությունում ծառայության մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի հիման վրա դիմումների քննությունը խախտումներով իրականացնելով, ներխուժումը չվերացնելով՝ Ոստիկանությունը խախտել է վերոգրյալ նորմերով, ինչպես նաև <<Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ հոդվածներից, <<Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին>> ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշման հավելվածից բխող պարտականությունները՝ հանգեցնելով հայցվորի՝ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18082016-10-0021, թիվ 18082016-10-0011, թիվ 18082016-10-0055,թիվ 18082016-10-0069, թիվ 18082016-10–0013 վկայականներով հավաստվող անշարժ գույքի սեփականության իրավունքի շարունակական խախտման։
Վերոգրյալի հիման վրա հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 կոորդինատներով անշարժ գույքի տարածք կատարված ներխուժումը:
Հայցվորի ներկայացուցիչը 14.11.2018 թվականին ներկայացրել է հայցադիմումի լրացում, որով հայտնել է հետևյալը.
Հայցադիմումը ներկայացնելուց հետո տեղի են ունեցել իրենց բնույթով հայցում նկարագրված փաստական հանգամանքներին նույնական իրադարձություններ, որոնցով ևս պատասխանողի կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես՝ 22.10.2018 թվականին հայցվորի կողմից հաղորդում է ներկայացվել պատասխանողին առ այն, որ նույն թվականի հոկտեմբերի 21-ին հայցվորին պատկանող մեկ այլ տարածքում՝ 39.734013, 45.608475 աշխարհագրական կոորդինատներով տարածքում, երրորդ անձինք, անտեսելով տեղադրված մուտքն արգելող ցուցանակը, մուտք են գործել հայցվորի տարածք ու դեռ ավելին՝ տեղադրել են այնտեղ մետաղական երկսենյականոց տնակ։ Տվյալ հաղորդումը ներկայացնելիս հայցվորի կողմից այս անգամ ևս պահպանվել են ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշման պայմանները և դրանցով պահանջված գործողությունները: Փաստորեն այս անգամ էլ չիրականացնելով ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշմամբ պահանջված գործողությունները՝ պատասխանողը 26.10.2018 թվականին արձագանքել է թիվ 84/1848 պաշտոնական գրության տեսքով ստորագրված Բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Արմենակյանի կողմից, որով վերջինս հայտնել է, որ Զերմուկ համայնքի մի խումբ բնակիչների կողմից հայցվորի տարածքի մուտքի ճանապարհին տեղադրված տնակը տեղափոխելու նպատակով Բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ այդ նպատակով բանակցություններ են տարվել տնակը տեղադրած քաղաքացիների հետ, տարածք է տարվել վերամբարձ կռունկ և այլն, սակայն արդյունքում տնակը տեղափոխել չի հաջողվել։
Վերը նշված գրությամբ պատասխանողի կողմից, չնայած վերը նկարագրված <<ջանքերին>>, որով փաստորեն պատասխանողի կողմից ընդունվել է հայցվորի պահանջի օրինականությունը՝ անհասկանալի պատճառով հակասելով նախկին պարբերությամբ նկարագրվածի բնույթին, մեջբերում է կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասից, միաժամանակ չանդրադառնալով նաև այն փաստին, որ նշված արգելող պատկերային նշանը փակցված է եղել տվյալ տարածքի մուտքի դիմաց: Պատասխանողը նշված գրությամբ նաև հորդորել է հայցվորին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ իր տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը հեռացնելու գործում՝ փաստորեն մեկ անգամ ևս ընդունելով տվյալ տարածքի նկատմամբ հայցվորի իրավունքները և այլոց կողմից տվյալ տարածք ապօրինի ներխուժումը։
Վերոգրյալի հիման վրա հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին վերացնել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:
3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը.
Պատասխանողը ներկայացրել է գրավոր դիրքորոշում, որով հայտնել է հետևյալը.
13.08.2018 թվականին ժամը 20:00-ին Ընկերության ներկայացուցիչ Խորեն Նասիբյանի կողմից Բաժնում ստացվել է 39.740911, 45609243 կորդինատներով անշարժ գույքի տարածք մի խումբ անձանց կողմից մուտք գործելու կապակցությամբ ներխուժումը վերացնելու մասին դիմում։ Դիմումին կից ներկայացվել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18082016-10-0021, թիվ 18082016-10-0011, թիվ 18082016-10-0055, թիվ 18082016-10-0069, թիվ 18082016-10-0013 վկայականները և լիազորագիրը։ Դիմումը Բաժնում ստացվել է էլեկտրոնային տարբերակով և անմիջապես հանձնվել է Գ.Թադևոսյանի կատարմանը, ով էլ ժամը 20:03-ին 098190000 բջջային հեռախոսահամարով հեռախոսազրույց է ունեցել Ընկերության ներկայացուցիչ Խորեն Նասիբյանի հետ, ով նրան հայտնել է, որ գնում է Երևան և չի կարողանալու ներկայանալ իր կողմից նշված տարածք, իսկ Գ.Թադևոսյանը նրան հայտնել է, որ Ոստիկանությունը պարտավոր է ոչ ուշ քան 3 ժամվա ընթացքում ներկայանալ համապատասխան անշարժ գույքի տարածք, ստուգել դիմողի անձի ինքնությունը, անշարժ գույքի նկատմամբ օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերը և պարզել անշարժ գույքի տարածքում գտնվող կամ մուտք գործել ցանկացող անձանց ինքնությունը և նրանց կողմից անշարժ գույքի տարածքում գտնվելու կամ մուտք գործելու հիմքերը կամ պատճառները և կազմել համապատասխան արձանագրություն։ Նույն օրը ժամը 20:45-ին Գ.Թադևոսյանը երեք սպաներից բաղկացած խմբով ներկայացել է անշարժ գույքի տարածք, որտեղ իրենց բողոքի ակցիան էին արտահայտում Ջերմուկ քաղաքի մի խումբ բնակիչներ՝ ի նշան Ամուլսարի տարածքում նշված ընկերության կողմից հանքավայրի հնարավոր շահագործման դեմ։ Նշված ժամանակահատվածում անշարժ գույքի տարածքում Ընկերության որևէ ներկայացուցիչ չի եղել և Գ.Թադևոսյանը նշված հեռախոսահամարով ժամը 20:49-ին և ժամը 21:42-ին երկու անգամ ևս հեռախոսազրույց է ունեցել Խ.Նասիբյանի հետ, ով հայտնել է, որ իրենց ընկերությունից անշարժ գույքի տարածք ոչ մեկը չի գալու և ասել՝ հանե´ք դրանց այդտեղից։ Գ.Թադևոսյանի բջջային հեռախոսահամարի նշված ժամանակահատվածի վերծանումները կից ներկայացվել են, որոնցում 098190000 հեռախոսահամարով Խ.Նասիբյանի հետ ունեցած հեռախոսազրույցը ժամով և րոպեով հստակ երևում է, ինչպես նաև դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերի շրջանակներում անշարժ գույքի տարածքում կազմված արձանագրության ժամերի ժամանակահատվածի հետ համընկնում է։ Հայցադիմումում նշված այն միտքը, թե 3 ժամվա ընթացքում անշարժ գույքի տարածք ոստիկանության ոչ մի աշխատակից չներկայացավ և չզանգահարեց, ամբողջությամբ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Այցելությամբ պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի մի խումբ բնակիչներ 22.06.2018 թվականից նշված խնդրով բողոք անցկացնելու նպատակով փակ են պահում դեպի Ընկերթյան աշխատավայրեր տանող ճանապարհները՝ այդպիսով իրականացնելով խաղաղ, առանց զենքի բողոքի ակցիա։ Եվ քանի որ անշարժ գույքի օրինական տիրապետողներից ոչ ոք չի ներկայացել նշված տարածք, տեղում ծանոթացրել խնդրին, դիմումին կից սեփականության իրավունքի վկայականներում էլ կոնկրետ հատակագիծ չի եղել, որով հստակ երևար, թե քանի մետր այն կողմից է սկսվում դիմումատուի տարածքը, այդ իսկ պատճառով էլ նշված օրը Բաժնի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել մի խումբ անձանց դուրս հանելու ուղղությամբ, և լրացուցիչ ստուգումների և ուսումնասիրությունների անհրաժեշտություն է առաջացել։ Մասնավորապես՝ Բաժնի պետի 14.08.2018 թվականի թիվ 84/1367 գրությամբ դիմումատուից պահանջվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների հատակագծերի պատճենները, որում ակնկալվում էր, որ հստակ կերևան նրանց տարածքները։ Նույն օրը Բաժնի պետի թիվ 84/1368 գրությամբ նշված հատակագծերը ստանալու վերաբերյալ հարցում է արվել նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Ջերմուկի սպասարկման գրասենյակ։ 15.08.2018 թվականին Խ.Նասիբյանի կողմից էլեկտրոնային տարբերակով ստացվել է Ընկերության համապասխան մասնագետների պատրաստած հատակագիծ-քարտեզը, որով ևս հստակ չի երևում անշարժ գույքի տարածքի սահմանները՝ ըստ մետրերի, և նշվել, որ իրենք բացի ներկայացված հատակագծից այլ հատակագիծ չեն կարող ներկայացնել։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Ջերմուկի սպասարկման գրասենյակից 16.08.2018 թվականին ստացվել են հատակագծերը, որոնցում թեև մի քիչ ավելի պարզ է երևում, սակայն կրկին չկան չափագրումներ՝ ըստ մետրերի։ Հայցվորը նշել է, որ իրենից անհասկանալի պատճառներով են պահանջել հատակագծեր, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ նշված պահանջ չկա, սակայն նշված որոշումը հողամասերի վերաբերյալ այնքան էլ ճկուն չէ և ավելի շատ կարծես մասնագիտացված լինի բնակարանների և փակ շինությունների վերաբերյալ, այդ իսկ պատճառով էլ Բաժնի կողմից կատարվել են լրացուցիչ ստուգում-ուսումնասիրություններ, որոնք նյութերի բազմակողմանիությունը և լրիվությունը ապահովելու նպատակով չեն արգելվում։ Միաժամանակ նյութերի լրիվությունից ելնելով՝ Բաժինը ցանկացել է իրեն հայտնի հանգամանքների մասին գրավոր բացատրություն վերցնել դիմումատուից, որը հայցվորը չգիտես ինչու համարում է անիմաստ։
Բաժնում նախապարատված նյութերով պարզվել է, որ մի խումբ անձինք գտնվում են անշարժ գույքի տարածքի սկզբնամասում և իրականացնում են բողոքի ակցիա և նշված պարագայում նրանց կողմից ներխուժում առկա չէ ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասն է սահմանում, այլև այն պատճառով, որ մի խումբ անձանց մասին ունեցած պատկերացումները հարաբերական են, քանի որ նշված խնդիրն առաջացել է ոչ թե կոնկրետ նշված տարածքի վերաբերյալ, այլ այն պատճառով, որ Ամուլսարի տարածքում հանքավայրի հնարավոր շահագործման դեմ պայքարի շրջանակներում Ջերմուկ քաղաքի մի խումբ անձանց կողմից, ի նշան բողոքի, փակվել են Ընկերության աշխատավայրեր տանող հնարավոր ճանապարհները, որոնք գտնվում են Ջերմուկ համայնքի տարբեր վայրերում։ Հայցվորի կողմից նշված տարածքում լինում են իրավիճակներ, երբ մի խումբ անձինք ամբողջ օրվա ընթացքում լինում են անշարժ գույքի տարածքի սկզբնամասից բոլորովին դուրս կամ նշված տարածքում լինում է մեկ կամ երկու հոգի, այսպիսով ստացվում է այնպես, որ մի խումբ անձինք բողոքի ակցիայի շրջանակներում մերթ գտնվում են հայցվորի տարածքի սկզբնամասում՝ մի փոքր ներս, մերթ գտնվում են այնտեղից դուրս։
Այդպիսով, եթե անգամ մի խումբ անձինք Բաժնի կողմից տարված բացատրական աշխատանքների ընթացքում իրենց բողոքի ակցիան շարունակեին անշարժ գույքի տարածքից դուրս, ապա հայցվորի խնդիրն այդպես էլ ամբողջությամբ չէր լուծվելու։ Հայցվորը մինչև բողոքի ակցիաների սկսվելը այնպես չէ, որ այդ տարածքն օգտագործել է ամբողջ ծավալով, մի խումբ անձանց տեղակայման վայրով ուղղակի կարգավորվել է ելքն ու մուտքը, ինչպես նաև նրանց տարածքով մինչև հիմա էլ անցնում են համայնքի ջրագծերն ու բարձրավոլտ էլեկտրասյուները։ Իսկ Բաժինը հայցվորի՝ մի խումբ անձանց կողմից բողոքի ակցիաների սկսվելուց հետո հնչեցրած իր պատկերացմամբ ձայնային հայտարարությունները և հորդորները չի դիտել որպես ձայնային ազդանշան, քանի որ դրանք ուղղված չեն մարդկանց անորոշ շրջանակի և այդ տարածքում մուտքն ազատ է բոլորի համար, որովհետև նշված վայրում միշտ էլ մարդիկ եղել են, օրինակ՝ եղել են դեպքեր, երբ ինչ-որ մեկի մեքենան անսարքություն է ունեցել և նրանք մինչև օգնության հասնելը գտնվել են հենց այդ վայրում։ Այնուամենայնիվ Բաժինը գտնում է, որ մի խումբ անձինք իրականացնում են հավաք, որի անցկացման վայրը և նպատակը չեն հակասում <<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին:
22.08.2018 թվականին Ընկերության կողմից ստացվել է երկրորդ դիմումը նույն խնդրի վերաբերյալ, ուղղակի դրանում նշված է եղել այն հանգամանքը, որ մի խումբ անձինք արդեն շարժական վագոն-տնակ են տեղադրել այդ վայրում։ Դիմումը ստանալուն պես Բաժնի ծառայողներն անմիջապես ներկայացել են նշված վայր և կազմել նույնաբովանդակ արձանագրություն, որն ի դեպ Ընկերության որևէ ներկայացուցիչ կրկին չի մասնակցել, քանի որ նրանք չեն ժամանել այդ տարածք։ 23.08.2018 թվականին Ջերմուկի համայնքապետարանի գլխավոր ճարտարապետ Արսեն Գառնիկյանի մասնակցությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն անշարժ գույքի տարածքում, որում վերջինս հայտնել է, որ շարժական վագոն-տնակը հայցվորի տարածքում չի գտնվում։
4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերության ներկայացուցիչը 13.08.2018 թվականին Բաժնի պետին ուղղված գրությամբ խնդրել է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի խումբ անձինք, առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության, 39.740911, 45.609243 կոորդինատներով անշարժ գույքի տարածք են մուտք գործել և առաջնորդվելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշման հավելվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով, վերը նշված իրավական ակտով սահմանված ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ անշարժ գույքի տարածք ներխուժումը վերացնելու ուղղությամբ:
2) Բաժնի պետի կողմից 20.08.2018 թվականին Ընկերության ներկայացուցչին ուղղված թիվ 1394 գրությամբ հայտնվել է, որ կատարված ստուգում-ուսումնասիրություններով պարզվել է, որ Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղի 30-րդ փողոց 11, 9, 25, 29, 30 հողամաս տանող ճանապարհի <<Ռենկո>> կոչվող հատվածում՝ ավտոճանապարհից մի քանի մետր դեպի ձախ, նշված տարածքներ տանող ճանապարհի սկզբնամասում, մի խումբ քաղաքացիներ իրենց խաղաղ, առանց զենքի ժամանակավոր ներկայությամբ մասնակցում են հավաքի՝ այդտեղ իրենց բողոքն արտահայտելով Ամուլսարի տարածքում հնարավոր հանքավայրի շահագործման դեմ: Նյութերի նախապատրաստման ընթացքում համադրելով վերոգրյալ փաստական հանգամանքները՝ հիմնավորվել է, որ տվյալ իրավիճակում առկա չեն օրենքով սահմանված ներխուժման հատկանիշներ, այդ իսկ պատճառով Բաժնի կողմից նշված տարածքում ժամանակավոր գտնվող քաղաքացիներին՝ այնտեղից դուրս բերելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:
3) Ընկերության տնօրենը 22.08.2018 թվականին Բաժնի պետին ուղղված գրությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի խումբ անձինք, առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության, 39.740911, 45.609243 կոորդինատներով անշարժ գույքի տարածք են մուտք գործել և տեղադրել իրենց շարժական տնակը, Ընկերության ներկայացուցիչների հնչեցրած բազմաթիվ հորդորներին ի պատասխան հրաժարվում են նախ հեռանալ, ապա և տեղափոխել այլ տարածք տեղադրված շարժական տնակը, խնդրել է սահմանված ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ անշարժ գուքի տարածք ներխուժումը վերացնելու, ինչպես նաև դրա տարածքում ապօրինի տեղադրված շարժական տնակը տեղափոխելու ուղղությամբ։
4) Բաժնի պետի կողմից 23.08.2018 թվականին Ընկերության տնօրենին ուղղված թիվ 1427 գրությամբ հայտնվել է, Բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված տարածքում գտնվող անձանց կողմից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ներխուժում առկա չէ, ինչպես նաև Բաժնի կողմից տվյալ տարածքում Ջերմուկի համայնքապետարանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ իրականացված չափագրումներով պարզվել է, որ մի խումբ անձանց կողմից տեղադրված շարժական վագոն-տնակն Ընկերության տարածքից դուրս է տեղակայված:
5) Ընկերության տարածքի անվտանգության պետի տեղակալը 22.10.2018 թվականին Բաժնի պետին ուղղված գրությամբ տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագրի ճանապարհներն անօրեն կերպով արգելափակած անձանց կողմից նույն թվականի հոկտեմբերի 21-ին Ընկերությանը պատկանող տարածքում՝ Սայթ 28-ի մուտքի ճանապարհին, ապօրինաբար տեղադրվել է տնակ՝ անտեսելով պահպանության աշխատակիցների զգուշացումները և առարկությունները: Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է հրատապ միջոցներ ձեռնարկել Ընկերության տարածք կատարված ներխուժումը կանխելու և ապօրինի տեղադրված տնակը տարածքից հանելու ուղղությամբ:
6) Ընկերության տարածքի անվտանգության պետի տեղակալը 24.10.2018 թվականին Բաժնի պետին ուղղված գրությամբ տեղեկացրել է, որ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքում նույն թվականի հոկտեմբերի 21-ին ապօրինաբար տեղադրված տնակը մինչ գրությունը ներկայացնելու պահը հեռացված չէ: Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է միջոցներ ձեռնարկել Ընկերության տարածք կատարված ներխուժումը կանխելու և ապօրինի տեղադրված տնակը տարածքից հանելու ուղղությամբ:
7) Բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 26.10.2018 թվականին Ընկերության գործադիր տնօրենին ուղղված թիվ 1848 գրությամբ հայտնվել է, որ Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների կողմից Ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ իրականացվող բողոքի ակցիայի շրջանակներում Ընկերությանը պատկանող Սայթ-28 տեղամասի մուտքի ճանապարհին տեղադրված տնակը տեղափոխելու նպատակով Բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ այդ նպատակով բանակցություններ են տարվել տնակը տեղադրած քաղաքացիների հետ, տարածք է տարվել վերամբարձ կռունկ և այլն։ Արդյունքում տնակը տեղափոխել չի հաջողվել։
8) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի <<Գեոդեզիա և քարտեզագրություն>> ՊՈԱԿ <<Գեոքարտ>> ՊՈԱԿ-ի 22.02.2019 թվականի թիվ 04.33 գրության համաձայն՝ ուսումնասիրվել է Վայոց Ձորի Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղին հարակից, Ընկերությանը վարձակալության և սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում ակտիվիստների կողմից տեղադրված երկաթյա տնակների տեղադիրքի վերաբերյալ, <<Գեոդեզիա և քարտեզագրություն>> ՊՈԱԿ-ի Գեոդեզիական դիտարկումների և չափաբանության բաժնի աշխատակիցների կողմից GS-10/GS-15 GPS ռովր կայանի միջոցով 15.02.2019 թվականին չափագրվել են տեղադրված տնակների շրջադարձային կետերը և հանգել այն եզրակացության, որ
1. Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտ մեծ շրջադարձից աջ տեղադրված երկաթյա տնակը 103, 104, 105, 106 շրջադարձային կետերով 26 քմ մակերեսով գտնվում է 0224-0096 ծածկագրով հողատարածքի մեջ, որը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը,
2. Երևան-Մեղրիի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտ տեղադրված երկաթյա տնակը 31 քմ մակերեսով 56, 57, 58, 59 շրջադարձային կետերով գտնվում է 0222-0057, 0022-61, 0022-0063 ծածկագրերով հողատարածքների մեջ:
- 0222-0057 ծածկագրով հողամասի մեջ՝ 10.6 քմ, որը վարձակալության իրավունքով պատկանում է Ընկերությանը:
- 0222-0061 ծածկագրով հողամասի մեջ՝ 6.6 քմ, որը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը:
- 0222-0063 ծածկագրով հողամասի մեջ՝ 13.8 քմ, որը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը:
9) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18082016-10-0013 վկայականի համաձայն՝ Վայոց Ձորի մարզի Գնդևազ համայնքի 30-րդ փողոց 25 հողամասը՝ 10-016-0222-0061 կադաստրային ծածկագրով, 0.5461 հա մակերեսով, սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19042017-10-0011 վկայականի համաձայն՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղի՝ 10-016-0222-0057 կադաստրային ծածկագրով, 0,2014 հա մակերեսով հողամասը, վարձակալության հիմունքներով պատկանում է Ընկերությանը:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18082016-10-0069 վկայականի համաձայն՝ Վայոց Ձորի մարզի Գնդևազ համայնքի 30-րդ փողոց 29 հողամասը՝ 10-016-0222-0063 կադաստրային ծածկագրով, 0.19416 հա մակերեսով, սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18082016-10-0107 վկայականի համաձայն՝ Վայոց Ձորի մարզի Գնդևազ համայնքի 27-րդ փողոց 9 հողամասը՝ 10-016-0224-0096 կադաստրային ծածկագրով, 1.3 հա մակերեսով, սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը:
5. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Հետազոտելով ու գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը …
ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք՝ ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատություները պաշտպանելու նպատակով...
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասի տարածքային սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով` լիազորված պետական մարմնի կողմից` սեփականատիրոջը տրված փաստաթղթերի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք:
Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք:
Ներխուժում է համարվում նաև՝ 1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը. 2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ներխուժում առկա չէ այն դեպքերում, երբ հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ, կամ չկա հողամասը մուտք գործելն արգելող որևէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան, և հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետևանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը: Նույն մասով նախատեսված պայմաններում ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը:
<<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։
<<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաև վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ։ Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք:
ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի <<Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին>> թիվ 797-Ն որոշման Հավելվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի (այսուհետ` անշարժ գույք) օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարել գործողություններ` առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության (այսուհետ` առանց օրինական հիմքերի) անշարժ գույքի տարածք մուտք գործելը (այսուհետ` ներխուժում) կանխելու կամ վերացնելու համար:
Հավելվածի 2-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի օրինական տիրապետող է հանդիսանում այն անձը, որը պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի տիրապետելու կամ տնօրինելու կամ օգտագործելու կամ կառավարելու անշարժ գույքը, այդ թվում` անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (վարձակալ, անհատույց օգտագործող, կառուցապատման իրավունք ունեցող) կամ հավատարմագրային կառավարիչը, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցիչները: Անշարժ գույքի օրինական տիրապետման իրավունքը կարող է հավաստվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով կամ դրան օրենքով և այլ իրավական ակտերով հավասարեցված այլ վկայականներով:
Հավելվածի 3-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի օրինական տիրապետողը ներխուժումը կանխելու կամ վերացնելու համար ոստիկանությանը կարող է դիմել հեռախոսով կամ այլ միջոցներով` ոստիկանությանը համապատասխան անշարժ գույքի տարածք հրավիրելու կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում անձամբ ներկայանալու միջոցով:
Հավելվածի 4-րդ մասի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումը (հաղորդումը) ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ներկայանալ համապատասխան անշարժ գույքի տարածքը, եթե անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից գրավոր չեն նշվել անշարժ գույքի տարածք ներկայանալու ավելի ուշ ժամկետներ:
Հավելվածի 5-րդ մասի համաձայն՝ ոստիկանությունն անշարժ գույքի տարածք ներկայանալով ստուգում է դիմող անձի ինքնությունը, անշարժ գույքի նկատմամբ նրա օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերը, որից հետո պարզում է անշարժ գույքի տարածքում գտնվող կամ տարածք մուտք գործել ցանկացող անձի ինքնությունը և նրա կողմից անշարժ գույքի տարածքում մուտք գործելու կամ գտնվելու հիմքերը կամ պատճառները:
Հավելվածի 11-րդ մասի համաձայն՝ եթե ոստիկանը պարզում է, որ անձը գտնվում է անշարժ գույքի տարածքում` առանց օրինական հիմքերի, կամ այդ անձը հրաժարվում է ներկայացնել իր ինքնությունը կամ անշարժ գույքի տարածքում գտնվելու օրինականությունը հավաստող փաստաթղթեր, կամ կողմերի միջև վեճի հիմքում ընկած է գործողությունը դադարած պայմանագիր, ապա ոստիկանը ներխուժողին բանավոր առաջարկում է մուտք չգործել կամ անհապաղ դուրս գալ անշարժ գույքի տարածքից` դրա համար նրան տալով ողջամիտ ժամկետ:
Հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից լիազորագիրն ստանալուց հետո ոստիկանը ևս մեկ անգամ պահանջում է ներխուժողից դուրս գալ անշարժ գույքի տարածքից կամ չիրականացնել ներխուժում` նշելով, որ իր օրինական պահանջի չկատարումը կդիտվի որպես հաuարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոuտիկանության ծառայողի oրինական պահանջին չարամտորեն չենթարկում և կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե այս դեպքում ևս ներխուժողը հրաժարվում է կատարել ոստիկանի պահանջը, ապա ոստիկանն իրավունք ունի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով գործադրելու օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է սեփականության իրավունքը, ընդ որում՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սեփական հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իր սեփականությունը: Հողամասի՝ որպես սեփականության իրավունքի օբյեկտի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, որոնց սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով լիազորված պետական մարմնի կողմից սեփականատիրոջը տրված փաստաթղթերի հիման վրա: Միաժամանակ սեփականության իրավունքի իրացման երաշխիքներից մեկն էլ հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված յուրաքանչյուր անձի` իր օրինական տիրապետման ներքո գտնվող անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց, տվյալ դեպքում՝ ներխուժումից, զերծ պահելու իրավունքը: Ըստ այդմ, ներխուժում է համարվում առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելը: Միաժամանակ ներխուժումը վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավասու է ձեռնարկելու խելամիտ պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ հեռացնելու իր անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը: Հատկանշական է նաև, որ ներխուժում առկա չէ այն դեպքերում, երբ հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ, կամ չկա հողամաս մուտք գործելն արգելող որևէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան, և հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին: Անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը վերացնելու ուղղությամբ, որպիսի լիազորման կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգի ու պայմանների համաձայն` անշարժ գույքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը իր անունից կատարել գործողություններ` առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության անշարժ գույքի տարածք մուտք գործելը վերացնելու համար: Անշարժ գույքի օրինական տիրապետող է հանդիսանում այն անձը, որը պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի տիրապետելու կամ տնօրինելու կամ օգտագործելու կամ կառավարելու անշարժ գույքը, այդ թվում` անշարժ գույքի սեփականատերը: Անշարժ գույքի օրինական տիրապետման իրավունքը կարող է հավաստվել միայն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով: Անշարժ գույքի օրինական տիրապետողը ներխուժումը վերացնելու համար ոստիկանությանը կարող է դիմել հեռախոսով կամ այլ միջոցներով` ոստիկանությանը համապատասխան անշարժ գույքի տարածք հրավիրելու կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում անձամբ ներկայանալու միջոցով: Ոստիկանությունը պարտավոր է անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումը (հաղորդումը) ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ներկայանալ համապատասխան անշարժ գույքի տարածքը, եթե անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից գրավոր չեն նշվել անշարժ գույքի տարածք ներկայանալու ավելի ուշ ժամկետներ: Անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից լիազորագիր ստանալուց հետո ոստիկանը ևս մեկ անգամ պահանջում է ներխուժողից դուրս գալ անշարժ գույքի տարածքից կամ չիրականացնել ներխուժում` նշելով, որ իր օրինական պահանջի չկատարումը կդիտվի որպես հաuարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոuտիկանության ծառայողի oրինական պահանջին չարամտորեն չենթարկում և կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե այս դեպքում ևս ներխուժողը հրաժարվում է կատարել ոստիկանի պահանջը, ապա ոստիկանն իրավունք ունի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով գործադրելու օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ:
Միաժամանակ ՀՀ օրենսդրությամբ երաշխավորվում է նաև խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը, որի իրականացումը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատություները պաշտպանելու նպատակով: Ընդ որում՝ հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ, իսկ հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար: Ավելին, վերոնշյալ դեպքում իրազեկման հետ օրենսդրությամբ նախատեսվում է նաև հավաքի անցկացման վերաբերյալ վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը ներկայացնելու պահանջ։ Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք:
Տվյալ դեպքում հայցվորը հայցադիմումով խնդրել է պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները: Հայցվորն իր պահանջի հիմքում դրել է այն հանգամանքները, որ մի խումբ անձինք, առանց հայցվորի թույլտվության, մուտք են գործել հայցվորի օրինական տիրապետման ներքո գտնվող հողամաս, տեղակայել շարժական տնակ և հրաժարվում են հեռանալ այնտեղից՝ այդպիսով խախտելով հայցվորի՝ ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը:
Պատասխանող Ոստիկանությունը, ի պատասխան հայցվորի կողմից ներկայացված ներխուժումը վերացնելու դիմումների, 20.08.2018 թվականի և 23.08.2018 թվականի գրություններով հայտնել է, որ ներխուժում առկա չէ (մի դեպքում հավաքի անցկացման հիմքով, մյուս դեպքում` վագոն-տնակն Ընկերության տարածքից դուրս տեղակայված լինելու հիմքով), իսկ 26.10.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ տեղադրված տնակը տեղափոխելու նպատակով Բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, սակայն արդյունքում տնակը տեղափոխել չի հաջողվել։
Մինչդեռ Դատարանը, վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության և սույն գործի փաստերի համադրման արդյունքում, արձանագրում է, որ տվյալ դեպքում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի <<Գեոդեզիա և քարտեզագրություն>> ՊՈԱԿ <<Գեոքարտ>> ՊՈԱԿ-ի 22.02.2019 թվականի թիվ 04.33 գրությամբ հաստատվում է այն հանգամանքը, որ 0224-0096, 0222-0057, 0022-0061, 0022-0063 ծածկագրերով հողամասերը, որոնց տարածք մուտք են գործել մի խումբ անձինք և տեղակայել շարժական տնակ, սեփականության և վարձակալության հիմունքներով գտնվում են Ընկերության օրինական տիրապետման ներքո, ուստի Ընկերությունը՝ որպես տվյալ տարածքների օրինական տիրապետող, իրավասու է եղել որպես իր իրավունքների պաշտպանության եղանակ՝ ձեռնարկելու խելամիտ պաշտպանության միջոցներ, մասնավորապես՝ լիազորելու Ոստիկանությանը վերացնելու մի խումբ անձանց կողմից առանց օրինական հիմքերի Ընկերության օրինական տիրապետման ներքո գտնվող հողամաս ներխուժելը, այդ թվում նաև՝ հեռացնելու իր հողամասում ապօրինաբար տեղադրված գույքը: Ընդ որում, Դատարանը փաստում է, որ Ոստիկանությունը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել անշարժ գույքի տարածքը ներխուժողներից ազատելու ուղղությամբ` ընդհուպ մինչև օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցների գործադրման միջոցով:
Դատարանը գտնում է, որ մի խումբ անձինք, չստանալով Ընկերության՝ որպես տվյալ հողամասի օրինական տիրապետողի թույլտվությունը՝ Ընկերության տարածք մուտք գործելու համար, մուտք են գործել Ընկերությանը պատկանող հողամաս և տեղադրել շարժական տնակ առանց օրինական հիմքերի՝ խախտելով Ընկերության սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը:
Դատարանն արձանագրում է նաև, որ վեճի առարկա հողամասը ցանկապատված, պարսպապատված լինելու կամ չլինելու, հողամաս մուտք գործելն արգելող որևէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան առկա լինելու կամ չլինելու հանգամանքները չեն կարող որակվել որպես ներխուժման փաստի բացակայություն, քանի որ նախ տվյալ դեպքում գործում առկա է լուսանկար, որը պարունակում է գրառում մուտքն առանց թույլտվության խստիվ արգելվելու մասին, բացի այդ, անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ներխուժումը վերացնելուն ուղղված վարքագծի առկայությունն արդեն իսկ վկայում է ներխուժման փաստի առկայության մասին, ուստի տվյալ դեպքում անձանց կողմից հողամասի տարածք առանց թույլտվության մուտք գործելը եղել է ապօրինի և համարվում է ներխուժում:
Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկներին, որ վերոնշյալ անձանց կողմից տվյալ հողամասի տարածք մուտք գործելը հանդիսացել է վերջինններիս կողմից իրենց` խաղաղ հավաքների իրականացման իրավունքի իրացում, ապա Դատարանն արձանագրում է, որ անգամ նշված հիմքի առկայության դեպքում էլ վերջիններիս կողմից Ընկերությանը պատկանող տարածքից դուրս գալուց հրաժարվելը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ դրանով խախտվում են Ընկերությանը պատկանող սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքները:
Այսպես, Դատարանը գտնում է, որ հավաքների անցկացման իրավունքը բացարձակ իրավունք չէ և չի կարող ենթարկվել ծայրաստիճան լայն մեկնաբանության: Դատարանի նման եզրահանգումը հիմնված է այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակի առկայության դեպքում թե´ ազգային և թե´ միջազգային իրավունքի նորմերով նախատեսվող սահմանափակումների կիրառման հնարավորությամբ: Դատարանի խնդիրը տվյալ դեպքում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված երկու իրավունքների միջև հավասարակշռության ապահովումն է, քանի որ Դատարանի գնահատմամբ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավունք չի կարող իրականացվել մեկ այլ իրավունքի սահմանափակման միջոցով: Ավելին՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքը կարող է հավաքի անցկացման վայր համարվել միայն այն դեպքում, երբ այն հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար, առկա է սեփականատիրոջ կամ վարձակալի գրավոր համաձայնությունը, իսկ վերոնշյալ համաձայնության անհրաժեշտությունն առկա չէ այն դեպքում, երբ յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք:
Նմանատիպ դիրքորոշում է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ սահմանելով հետևյալը. <<Հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակության հիմունքներից մեկն է հանդիսանում և չպետք է ենթարկվի սահմանափակ մեկնաբանության (տե´ս G. v. The Federal Republic of Germany, No. 13079/87, Dec. 6.3.89, D.R. 60 p. 256, at p. 263): Այս իրավունքը կիրառելի է մասնավոր հավաքների և հանրային երթուղիների (տե´ս Rassemblement Jurassien and Unite Jurassienne v. Switzerland, No. 8191/78 Dec. 10.10.79, D.R. 17 p. 119), երթերի (տե´ս Christian against fascism and racism v. The United Kingdom, No. 8440/78 Dec. 16.7.80, D.R. 21 p. 148) և նստացույցերի նկատմամբ: Այնուամենայնիվ, չկա որևէ ցուցում Դատարանի արտահայտած դիրքորոշումներում, որ հավաքների ազատության իրավունքը նպատակաուղղված է երաշխավորելու հանրային կամ սոցիալական նկատառումներով իրականացվող հավաքների իրավունքը՝ ցանկացած վայրում, որտեղ յուրաքանչյուրը ցանկանա (տե´ս Anderson and nine others v. The United Kingdom, No. 33689/96, 27.10.97, 25 EHRR CD 172)>>:
Վերոգրյալից նույնպես հետևում է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում` մասնավոր սեփականություն հանդիսացող վայրում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության: Նման պայմաններում հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա չէ Ընկերության՝ որպես տվյալ հողամասի օրինական տիրապետողի համաձայնությունը՝ հավաքի անցկացման կապակցությամբ, ուստի տվյալ տարածք անարգել մուտք գործելու հնարավորություն, անգամ խաղաղ հավաքներ անցկացնելու նպատակով, նույնպես առկա չէ: Ավելին` Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Ոստիկանության կողմից չի ներկայացվել նաև որևէ փաստ առ այն, որ հավաք անցկացնող անձինք զրկված են որևէ այլ` Ընկերությանը չպատկանող վայրում հավաքն անցկացնելու հնարավորությունից:
Վերոշարադրյալի արդյունքում Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից Ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի Ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում անհրաժեշտ է պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:
Անդրադառնալով սույն գործով առաջացած դատական ծախսերի բաշխման հարցին և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Դատարանը գտնում է, որ պատասխանող Ոստիկանությունից հօգուտ հայցվորի բռնագանձման է ենթակա վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 124-127-րդ և 132-րդ հոդվածներով՝ Դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1. <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել.
Պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:
2. Ոստիկանությունից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
4. Սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ
Սույն վճիռը ___ ___ ________ թվականին մտել է օրինական ուժի մեջ:
ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 12 Հունվար 2021 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|