Հիմնական
Գործի համար: ԼԴ/0142/01/21Վիճակագրական տողի համար: 14.1
Ամբաստանյալ
Սամվել Վանցիկ Դարբինյան
Դատավոր
Լոռու մարզ:Գործ թիվ ԼԴ/0142/01/21
Ո Ր Ո Շ Ու Մ
Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը
դադարեցնելու մասին
22 հոկտեմբերի 2021թ. քաղաք Վանաձոր
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Հարությունյանս ուսումնասիրելով վարույթիս տակ գտնվող թիվ ԼԴ/0142/01/21 քրեական գործի նյութերը, ըստ մեղադրանքի Սամվել Վանցիկի Դարբինյանի` չորս դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի հետաքննիչ Մ.Ավետիսյանը, ուսումնասիրելով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից Լոռու մարզի դատախազին հասցեագրված գրության վերաբերյալ նախապատրաստված նյութերը, 2019թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացրել դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և քրեական գործը հանձնել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչին՝ նախաքննություն կատարելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Զ.Բաբայանը 2019թվականի հուլիսի 30-ին որոշում է կայացրել թիվ 19160419 քրեական գործն ընդունել վարույթ և կատարել նախաքննություն:
2019թվականի հուլիսի 31-ի որոշումով թիվ 19160419 քրեական գործով Վանաձորի համայնքապետարանը ճանաչվել է տուժող:
2019թվականի սեպտեմբերի 03-ի որոշումով թիվ 19160419 քրեական գործով Սուրեն Աբովյանը ճանաչվել է տուժողի՝ Վանաձորի քաղաքային համայնքի ներկայացուցիչ:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՀԲ հետաքննիչ Ա.Ասատրյանը, ուսումնասիրելով ,,Ուղղակի ժողովրդավարություն’’ հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից Լոռու մարզի դատախազին հասցեագրված դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը, 2019թվականի սեպտեմբերի 02-ին որոշում է կայացրել դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և քրեական գործը հանձնել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչին՝ նախաքննություն կատարելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Զ.Բաբայանը 2019թվականի սեպտեմբերի 03-ին որոշում է կայացրել թիվ 19162419 քրեական գործն ընդունել վարույթ և կատարել նախաքննություն:
Նախաքննության մարմինը 2019թվականի սեպտեմբերի 04-ին որոշում է կայացրել թիվ 19160419 և թիվ 19162419 քրեական գործերը միացնել մեկ վարույթում և նախաքննությունը շարունակել թիվ 19160419 համարով:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՀԲ հետաքննիչ Մ.Ավետիքյանը, ուսումնասիրելով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից Լոռու մարզի դատախազին հասցեագրված գրության վերաբերյալ նախապատրաստված նյութերը, 2019թվականի սեպտեմբերի 06-ին որոշում է կայացրել դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և քրեական գործը հանձնել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչին՝ նախաքննություն կատարելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Զ.Բաբայանը 2019թվականի սեպտեմբերի 09-ին որոշում է կայացրել թիվ 19162719 քրեական գործն ընդունել վարույթ և կատարել նախաքննություն:
Նախաքննության մարմինը 2019թվականի սեպտեմբերի 09-ին որոշում է կայացրել թիվ 19160419 և թիվ 19162719 քրեական գործերը միացնել մեկ վարույթում և նախաքննությունը շարունակել թիվ 19160419 համարով:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՀԲ հետաքննիչ Ս.Ավետյանը, ուսումնասիրելով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից Լոռու մարզի դատախազին հասցեագրված գրության վերաբերյալ նախապատրաստված նյութերը, 2019թվականի հոկտեմբերի 11-ին որոշում է կայացրել դեպքի առթիվ հարուցել թիվ 19165419 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով ու նախաքննություն կատարելու համար քրեական գործը ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Զ.Բաբայանը 2019թվականի հոկտեմբերի 14-ին որոշում է կայացրել թիվ 19165419 քրեական գործն ընդունել վարույթ և կատարել նախաքննություն:
Նախաքննության մարմինը 2019թվականի հոկտեմբերի 14-ին որոշում է կայացրել թիվ 19160419 և թիվ 19165419 քրեական գործերը միացնել մեկ վարույթում և նախաքննությունը շարունակել թիվ 19160419 համարով:
Նախաքննության մարմինը 2021թվականի ապրիլի 26-ին որոշում է կայացրել թիվ 19160419 քրեական գործով Սամվել Վանցիկի Դարբինյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ առաջադրելով նրան մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
2021թվականի ապրիլի 26-ին որոշում է կայացվել թիվ 19160419 քրեական գործով Սամվել Վանցիկի Դարբինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության մարմինը 2021թվականի հունիսի 25-ին որոշում է կայացրել թիվ 19160419 քրեական գործով քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու նպատակով կալանք դնել Սամվել Վանցիկի Դարբինյանի՝ Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող, անշարժ գույքի՝ նրա մասնաբաժնի, դրամական միջոցների և արժեթղթերի վրա:
2021թվականի հունիսի 25-ին որոշում է կայացվել թիվ 19160419 քրեական գործով կալանք դնել Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող, 884.5քմ ընդհանուր մակերեսով, 06-001-0434-0229 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի վրա:
2021թվականի հունիսի 25-ին որոշում է կայացվել թիվ 19160419 քրեական գործով կալանք դնել Վանաձոր քաղաքի Թևոսյան 2ա հասցեում գտնվող՝ 5.200քմ մակերեսով, 06-001-0066-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի վրա:
2021թվականի հունիսի 25-ին որոշում է կայացվել թիվ 19160419 քրեական գործով կալանք դնել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 19, Տիգրան Մեծի 19/1 և Տիգրան Մեծի 19/2 հասցեների, համապատասխանաբար 06-001-0338-0026, 06-001-0338-0018 և 06-001-0338-0027 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի վրա:
Նախաքննության մարմինը 2021թվականի հունիսի 25-ին որոշում է կայացրել թիվ 19160419 քրեական գործով կալանք դնել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 20Ա շենքի արևելյան մասում գտնվող 085.0 քմ մակերեսով, 06-001-0339-0023 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի վրա:
Նախաքննության մարմինը 2021թվականի սեպտեմբերի 13-ին որոշում է կայացրել Սամվել Վանցիկի Դարբինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխել, լրացնել և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրել նոր մեղադրանք:
2021թվականի սեպտեմբերի 13-ին որոշում է կայացվել Սամվել Վանցիկի Դարբինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա 1999-2016 թվականների ընթացքում որպես Վանաձոր համայնքի ղեկավար, տեղական ինքնակառավարման մարմնում իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ` հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվա-ծությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և Վանաձոր համայնքին պատճառել էական, առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք.
Այսպես`
Սամվել Դարբինյանը, որպես Վանաձոր համայնքի ղեկավար, խախտելով ,,Հրապարակային սակարկությունների մասին’’ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, այն է` ,,սակարկություններին չեն կարող մասնակցել սակարկությունների կազմակերպիչը, իրավաբանական անձ համարվող կազմակերպչի հիմնադիրները (մասնակիցները), կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցույթների դեպքում` նաև մրցութային հանձնաժողովի անդամները, աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը’’, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2003 թվականին կազմակերպել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 19 հասցեի 1.900քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել եղբայրը` ,,Արգիշտի-1’’ ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Դարբինյանը, ապա 2003 թվականի դեկտեմբերի 26-ին կազմված հողամասը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին թիվ 3/22 արձանագրությամբ 8.595.600 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հիշյալ հողամասը 2003 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված հողամասի վարձակալության մասին թիվ 72 պայմանագրով 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրվել է մրցույթում հաղթող ճանաչված, իր եղբոր` Սեյրան Դարբինյանին պատկանող ,,Արգիշտի-1’’ ՍՊ ընկերությանը, որից հետո, առանց համայնքի ղեկավարի կողմից հողամասը օտարելու մասին որոշում կայացնելու, 2004 թվականի հունվարի 15-ի 830.680 ՀՀ դրամ կադաստրային արժեքի վճարման անդորրագրի համաձայն` նույն ամսվա 16-ին գրանցվել է ,,Արգիշտի-1’’ ՍՊ ընկերության սեփականության իրավունքը, որով առանձնապես խոշոր չափերով` 7.764.920 ՀՀ դրամի վնաս է պատճառել Վանաձոր համայնքին:
Բացի այդ, Սամվել Դարբինյանը, ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ Վանաձոր համայնքի սեփականությանն անցած Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 20Ա շենքի արևելյան մասում, պուրակի մաս կազմող երկաթբետոնե հիդրոտեխնիկական կառույցն ընդգրկող 850.0 քմ մակերեսով հողամասը, որն ընդգրկված է 2004 թվականին գործող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերի ցանկում, 2004 թվականի հունվարի 15-ին գործող ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետի պահանջի խախտմամբ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց համայնքի ավագանու համաձայնության և սահմանած պայմանների 2004 թվականի հունվարի 15-ին կայացրել է թիվ 121 որոշումը՝ հիշյալ հողամասն իր որդուն՝ անհատ ձեռնարկատեր Աղասի Սամվելի Դարբինյանին հողի կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին, որի հիման վրա նույն օրը նրա հետ կնքել է հողամասի առուվաճառքի թիվ 55 պայմանագիրը, որի հիման վրա 2004 թվականի փետրվարի 16-ին 3.845.400 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 20Ա շենքի արևելյան մասում գտնվող, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող հանդիսացող պուրակի մաս կազմող երկաթբետոնե հիդրոտեխնիկական կառույցն ընդգրկող 850.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ 371.620 ՀՀ դրամ վճարի դիմաց գրանցվել է Աղասի Դարբինյանի սեփականության իրավունքը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Վանաձոր համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.473.780 դրամի վնաս և համայնքը զրկվել է իր սեփականաության՝ ընդհանուր օգտագործման հող հանդիսացող պուրակի մասը տնօրինելուց:
Բացի այդ, Սամվել Դարբինյանն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան 2ա հասցեում գտնվող՝ 5.200 քմ մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ ավագանու որոշում չի կայացվել, խախտել է ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջը, այն է` ,,համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները’’ և օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` լիազորված լինելով օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնել, հետ վերցնել և վարձակալությամբ տրամադրել համայնքի տարածքում գտնվող հողերը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ` առանց ավագանու որոշման, 2002 թվականի հունվարի 29-ին կայացրել է թիվ 77 որոշումը` հիշյալ հողամասը եղբոր` Սեյրան Դարբինյանին պատկանող ,,Արգիշտի-1’’ ՍՊ ընկերությանը 99 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու մասին` երկշաբաթյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության պայմանագիրը չկնքվելու դեպքում որոշումը ուժը կորցրած ճանաչելու պայմանով:
Այնուհետև, 2004 թվականի դեկտեմբերի 29-ին` շուրջ երեք տարի անց, իր վերոհիշյալ որոշմամբ սահմանված երկշաբաթյա ժամկետի խախտմամբ, Սամվել Դարբինյանը կնքել է հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին պայմանագիր, որի հիման վրա` 2005 թվականի հունվարի 31-ին, 9.952.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով վերոհիշյալ հողամասի նկատմամբ գրանցվել է ,,Արգիշտի-1’’ ՍՊ ընկերության սեփականության իրավունքը` առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառել Վանաձոր համայնքին:
Բացի այդ, Սամվել Դարբինյանը, որպես Վանաձոր համայնքի ղեկավար, Վանաձոր համայնքի ավագանու՝ 2005 թվականի փետրվարի 25-ի թիվ 33 որոշմամբ, Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող, 52.875.400 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 884.5 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունները ուղղակի վաճառքի ձևով` 12.471.450 ՀՀ դրամով, օտարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որի վերաբերյալ 2005 թվականի օգոստոսի 10-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և նույն ամսվա 17-ին հիշյալ հասցեում առկա շենք-շինությունների նկատմամբ գրանցվել է կուսակցության սեփականության, դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը, իսկ հետագայում նշված շինությունների սպասարկման համար վարձակալության իրավունքով հատկացված 0,0546 հա մակերեսով հողամասի նկատմամբ փոխանցվել է անհատույց սեփականության իրավունք, սակայն հողամասի կադաստրային արժեքը չի վճարվել:
Բացի այդ, Սամվել Դարբինյանը, ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ Վանաձոր համայնքի սեփականությանն անցած, ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի թիվ 49-Ն որոշմամբ այդ ցուցակում ընդգրկված ,,Հրապարակ Հայկի’’ հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 20Ա շենքի արևմտյան մասում, պուրակի մաս կազմող երկաթբետոնե հիդրոտեխնիկական կառույցն ընդգրկող 250.0 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է 2004 թվականին գործող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերի ցանկում, սեզոնային սրճարան կառուցելու համար իր հետ բարեկամական կապ ունեցող ,,Ա. Սաղաթելյան’’ ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Սաղաթելյանին օտարելու նպատակով, առանց լիազորված մարմնի հետ համաձայնեցնելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, կազմակերպել և 2004 թվականի մայիսի 10-ին անց է կացրել ձևական մրցույթ, նույն օրն իր ստորագրությամբ և կնիքով վավերացվել է հողամասը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին կազմված թիվ 1/5 արձանագրությունը, որի հիման վրա 2004 թվականի հունիսի 23-ին Աշոտ Սաղաթելյանի հետ կնքել է հողամասի վարձակալության թիվ 219 պայմանագիրը, որի հիման վրա 2004 թվականի հուլիսի 1-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 20Ա շենքի արևմտյան մասում գտնվող մշակութային արժեքի օբյեկտ, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող հանդիսացող պուրակի մաս կազմող երկաթբետոնե հիդրոտեխնիկական կառույցն ընդգրկող 250.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Աշոտ Սաղաթելյանի վարձակալության իրավունքը, որն էական վնաս է պատճառել հասարակության և պետության օրինական շահերին:
Դրանից հետո, հանրապետական նշանակության հիշյալ հուշարձանի մաս կազմող վերը նշված 250 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Աշոտ Սաղաթելյանի սեփականության իրավունքի գրանցման արգելքը վերացնելու համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնական հարցմանն ի պատասխան Սամվել Դարբինյանը նույն՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով կազմել, այն է՝ իր ստորագրությամբ վավերացրել է բովանդակությամբ կեղծ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորբաժանման ղեկավարին հասցեագրված 2005 թվականի դեկտեմբերի 29-ի, 0791N10874 թվակիր պաշտոնական փաստաթուղթն առ այն, որ Տ.Մեծի պողոտայի թիվ 20-բ հասցեում ,,Ա. Սաղաթելյան’’ ՍՊԸ-Ի-ի կողմից վարձակալած 0,025 հա մակերեսով հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, որի հիման վրա 2006 թվականի փետրվարի 7-ին ,,Հրապարակ Հայկի’’ հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտա 20Ա շենքի արևմտյան մասում, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող հանդիսացող պուրակի մաս կազմող 250.0 քմ մակերեսով երկաթբետոնե հիդրոտեխնիկական կառույցն ընդգրկող 250.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտա 20բ հասցեով գրանցվել է ,,Ա. Սաղաթելյան’’ ՍՊԻ-ի սեփականության իրավունքը:
Նախաքննության մարմինը 2021թվականի սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել թիվ 19160419 քրեական գործով կալանք դնել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 20Ա շենքի արևելյան մասում գտնվող 250.0 քմ մակերեսով անշարժ գույքի վրա:
2021թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել թիվ 19160419 քրեական գործից անջատել Կ.Դեմիրճյան փողոցի 2/4 հասցեում գտնվող բիտումի ավազանի զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 2435.0 քմ մակերեսով հողամասի օտարման, Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 45 հասցեում գտնվող՝ 669 քմ մակերեսով մշակույթի տունը և 305 քմ մակերեսով շինությունները քրոջ փեսայի՝ Էռնեստ Գևորգյանին օտարելու և Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտայի թիվ 73 հասցեում գտնվող հողամասն օտարելու վերաբերյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված գործը՝ ըստ ցուցակի շնորհել 19106021 համարը, ընդունել վարույթ և շարունակել նախաքննությունը:
Մեղադրող-դատախազը 2021թվականի հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել հաստատել թիվ 19160419 քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
2021թվականի հոկտեմբերի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը դատարան է մուտքագրվել 2021թվականի հոկտեմբերի 14-ին:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Հարությունյանի 2021թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
2021թվականի հոկտեմբերի 18-ին դատարան է մուտքագրվել Ս.Դարբինյանի օրինական շահերի պաշտպաններ Ռ.Հակոբյանի և Ա.Կարապետյանի ,,Ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին’’ միջնորդությունը և Սամվել Վանցիկի Դարբինյանի ,,Ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մասին’’ դիմումը համաձայն որոնց. ,,2019 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնում կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով թիվ 19160419 քրեական գործը հարուցելու և քննիչին հանձնելու մասին որոշում:
2019 թվականի սեպտեմբերի 02-ին, 06-ին և հոկտեմբերի 11-ին հետաքննության մարմինը կայացրել է համապատասխանաբար թիվ 19162419, թիվ 19162719 և թիվ 19165419 քրեական գործերը հարուցելու և քննիչին հանձնելու մասին որոշումները:
Վերը թվարկված չորս քրեական գործերը վարույթ են ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, որոնք համապատասխան որոշումներով միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվել է 19160419 համարով:
2021 թվականի ապրիլի 26-ին քննիչը կայացրել է Սամվել Վանցիկի Դարբինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագներով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին ակնհայտ անհիմն որոշում, իսկ 2021 թվականի ապրիլի 28-ին Սամվել Դարբինյանին հիշյալ հոդվածներով առաջադրվել է մեղադրանք, որում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքով հայտնել է, որ մտացածին մեղադրանքի էությունն ու բովանդակությունն իրեն հասկանալի չէ, մեղադրանքը կազմողները պատկերացում և գաղափար չեն ունեցել, թե ինչ են գրել, կոնկրետ իրեն վերագրվող գործողություններն իրականացվել են տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ, և դրանցից որևէ մեկով համայնքին վնաս չի պատճառվել ու չէր էլ կարող պատճառվել, եթե ոչ հակառակը:
Նույն օրը՝ 2021 թվականի ապրիլի 28-ին, մեղադրյալի կարգավիճակ ,,ստացած’’ Սամվել Դարբինյանի նկատմամբ կիրառվել է քննիչի՝ 2021 թվականի ապրիլի 26-ի՝ ,,Խափանման միջոց ընտրելու մասին’’ որոշմամբ ընտրված ,,Ստորագրություն չհեռանալու մասին’’ խափանման միջոցը:
2021 թվականի հունիսի 25-ով թվագրված՝ ,,Գույքի վրա կալանք դնելու մասին’’ որոշումներով կալանք է դրվել՝
1. Սամվել Դարբինյանի` Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների փողոց, 1-ին նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի` նրա մասնաբաժնի, դրամական միջոցների և արժեթղթերի վրա։
2. Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների փողոց, 1-ին նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող, 884.5 քմ ընդհանուր մակերեսով, 06-001-0434-0229 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի վրա:
3. Վանաձոր քաղաքի Թևոսյան 2ա հասցեում գտնվող՝ 5.200 քմ մակերեսով 06-001-0066-0002 կադասատրային ծածկագրով անշարժ գույքի վրա:
4. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ 19, Տիգրան Մեծ 19/1 և Տիգրան Մեծ 19/2 հասցեների` համապատասխանաբար 06-001-0338-0026, 06-001-0338-0027 և 06-001-0338-0018 կադասատրային ծածկագրերով անշարժ գույքերի վրա:
2021 թվականի սեպտեմբերի 13-ին կայացվել է առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, և նույն օրը Սամվել Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, որում Սամվել Դարբինյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հակիրճ ցուցմունքով հերքել է առհասարակ որևէ ենթադրյալ իրավախախտման առկայության փաստը:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է 2021 թվականի սեպտեմբերի 30-ին, մեղադրական եզրակացությունը կազմվել է 2021 թվականի հոկտեմբերի 08-ին, որից հետո քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Դատարան): Քրեական գործը Դատարան մուտքագրվել է 2021 թվականի հոկտեմբերի 14-ին, գործին շնորհվել է ԼԴ/0142/01/21 համարը:
2021 թվականի հոկտեմբերի 15-ին քրեական գործն ընդունվել է վարույթ՝ նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի:
2021 թվականի հոկտեմբերի 18-ին Սամվել Դարբինյանը Դատարան և դատախազին ներկայացրել է նույն օրով թվագրված՝ ,,Ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին’’ դիմումը, որով վերջինս հայտնել է հետևյալը.
,,Հարգելի Դատարան,
Ձեր վարույթում է գտնվում թիվ ԼԴ/0142/01/21 (նախաքննական համարը 19160419) քրեական գործը, որով իմ նկատմամբ ի սկզբանե ապօրինի իրականացվել և մինչ այժմ էլ իրականացվում է քրեական հետապնդում՝ քաղաքական շարժառիթներով, ինչի արդյունքում 2021 թվականի սեպտեմբերի 13-ին ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է կիրառվել ,,Ստորագրությունը չհեռանալու մասին’’, գույքիս վրա կալանք է դրվել:
Ակնհայտ անհիմն և ապօրինի մեղադրանքում ինձ երբևէ մեղավոր չեմ ճանաչել և չեմ ճանաչում, քանի որ որևէ հանցանք չեմ կատարել, իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ համայնքի շահերին ի վնաս չեմ գործել, բոլոր գործողություններն իրականացվել են տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ, իմ գործունեության արդյունքում համայնքին որևէ վնաս չի պատճառվել, այլ ճիշտ հակառակը:
Ակնհայտ անհիմն մեղսագրված արարքներից 4 դրվագները որակվել են իբրև թե ծանր, իսկ երկու դրվագները՝ միջին ծանրության ենթադրյալ հանցագործություններ, որոնք, ըստ ապօրինի մեղադրանքի ձևակերպման՝ տեղի են ունեցել 2004 թվականի հունվարի 15-ից 2005 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ տվյալ ենթադրյալ իրավախախտումների քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն ժամկետը (10 տարի) լրացել է դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 29-ին:
Նկատի ունենալով, որ իմ նկատմամբ ապօրինաբար իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական շարժառիթներով է իրականացվում, նաև հանրահայտ փաստ է, որ իրավապահ բոլոր մարմինների վրա քաղաքական ճնշումներ են իրականացվում, հետևաբար, համոզված եմ, որ առկա իրավիճակում հնարավոր չէ հասնել գործի ելքի օբյեկտիվ և արդարացի լուծման:
Բացի այդ, հաշվի առնելով այն, որ հիշյալ քրեական գործի նախաքննությունը տևել է ավելի քան երկու տարի, այնուհետև գործն ուղարկվել է դատարան, եռաստիճան դատական համակարգի առկայության պայմաններում գործի դատական քննություննը կարող է տևել տարիներ, ինչի արդյունքում իմ ազատ տեղաշարժվելու, սեփականությունն ազատ տնօրինելու, տիրապետելու ու օգտագործելու և մի շարք այլ սահամանադրական իրավուքներս տևական ժամանակ դեռևս անհիմն կերպով սահամափակված են լինելու:
Բացի այդ, 62 տարիս բոլորել է, ունեմ առողջական մի շարք խնդիրներ, իսկ ապօրինի քրեական հետապնդումը բացասաբար է անդրադառնում նաև առողջական վիճակիս վրա:
Վերոգրյալ հանգամանքներով պայմանավորված՝ ստիպված եմ հայտարարել, որ չեմ առարկում, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իմ նկատմամբ ապօրինաբար իրակականցվող քրեական հետապնդումը դադարեցվի, թեև կրկնում և պնդում եմ, որ երբևէ որևէ հանցագործություն չեմ կատարել:
Նման պայմաններում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քրեական գործով վարույթը կարճել, դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը, վերացնել կիրառված դատավարական հարկադրանքի բոլոր միջոցները (գույքի վրա դրված կալանքը, ընտրված խափանման միջոցը, ՍԷԿՏ համակարգի սահմանափակումները): (...)’’:
Պաշտպանության կողմը համոզված է, որ քաղաքական ճնշումներից զերծ չեն նաև դատարանները:
Սամվել Դարբինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ապօրինաբար վերագրվող ենթադրյալ արարքները, ըստ մեղադրանքի կողմի վարկածի, կատարվել են 2004 թվականի հունվարի 15-ից 2005 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում:
Սամվել Դարբինյանը մեղադրյալի կարգավիճակ է ստացել 2021 թվականի ապրիլի 26-ից: Հիշյալ ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ քրեական գործեր հարուցվել են 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, մինչ այդ տվյալ դեպքերի կապակցությամբ քրեական վարույթներ հարուցված չեն եղել, Սամվել Դարբինյանը դատավարական կարգավիճակ չի ունեցել, նա քննությունից չի թաքնվել, նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չի եղել, քրեական գործով վարույթ կասեցված չի եղել:
,,Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին’’ թիվ ՀՕ-259-Ն օրենքի հիման վրա 2003 թվականի օգոստոսի 01-ից գործողության մեջ դրված, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (ՀՕ-528-Ն) 308-րդ հոդվածի (,,Պաշտոնեական լիազորությունները չարաշահերը’’) 1-ին մասի սանկցիան, որպես պատիժ նախատեսել է տուգանք կամ ազատազրկում` առավելագույնը չորս տարի ժամկետով, նույն հոդվածի 2-րդ մասի սանկցիան որպես պատիժ նախատեսել է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասը (,,Պաշտոնեական կեղծիքը’’) որպես պատիժ նախատեսել է ազատազրկում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:
Այսինքն` Սամվել Դարբինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով մեղսագրված մեկական ենթադրյալ արարքներն իրենց բնույթով և վտանգավորության աստիճանով, նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, հանդիսանում են միջին ծանրության ենթադրյալ հանցագործություններ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված 4 դրվագ ենթադրյալ արարքները, նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով, հանդիսանում են ծանր ենթադրյալ հանցագործություններ:
ՀՀ գործող քրեական օրենսգիրքը վաղեմության ժամկետի հաշվարկը պայմանավորել է հանցանքն ավարտված համարելու օրվա հետ:
Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն`
,,Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (...) 2) հինգ տարի` միջին ծանրության հանցանք կատարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)’’:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`,,Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքը կատարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը’’:
Քննարկվող հոդվածի 4-րդ մասի համաձայն`
,,Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու օրվանից` քսան տարի, և վաղեմության ժամկետն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ’’:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ (,,Գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումները’’)՝ ,,Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը` (...) 2) քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին. (…)’’:
Նույն օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է՝ ,,1. Սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց դատաքննության, դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: (...)’’:
Այսպիսով, ակնհայտ է, որ Սամվել Դարբինյանին ապօրինաբար առաջադրված անհիմն մեղադրանքի ձևակերպման մեջ ընդգրկված, իր բնույթով և վտանգավորության աստիճանով ծանր համարվող ենթադրյալ իրավախախտման վերջին դրվագի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության 10 տարվա առավելագույն ժամկետն անցել է 2015 թվականի դեկտեմբերի 29-ին, որն ընդհատված չի եղել որևէ այլ ենթադրյալ հանցագործության կատարմամբ: Հետևաբար, վերջինիս նկատմամբ հիշյալ հոդվածներով շարունակվող ապօրինի քրեական հետապնդումը, սկսած 2021 թվականի հոկտեմբերի 18-ից, ապօրինի է և ենթակա է դադարեցման նաև այդ հիմքով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (,,Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները’’) 1-ին մասի 6-րդ կետի համաձայն`,,Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝ (...) 6) անցել են վաղեմության ժամկետները. (...)’’:
Հոդվածի բովանդակությունից աներկբա հետևում է, որ քննարկվող իրավական նորմն ունի ոչ թե դիսկրեցիոն (հայեցողական), այլ իմպերատիվ (կատեգորիկ) բնույթ:
Նույն հոդվածի 6-րդ մասում նշված է` ,,Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: (...)’’:
Տվյալ իրավական նորմի վերլուծությունից երևում է, որ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր պայման է դիտում այդ հարցի կապակցությամբ վերջինիս առարկության բացակայությունը կամ համաձայնության առկայությունը:
Մեղադրյալի դատավարական կարգավիճակում ապօրինաբար գտնվող Սամվել Դարբինյանը քրեական վարույթն իրականացնող մարմնին, տվյալ դեպքում՝ Դատարանին, 2021 թվականի հոկտեմբերի 18-ով թվագրված դիմումով հայտնել է իր դիրքորոշումը, այն է՝ չի առարկում որպեսզի ապօրինի քրեական հետապնդումը դադարեցվի՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով’’:
Ս.Դարբինյանի պաշտպաններ Ռ.Հակոբյանը և Ա.Կարապետյանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քրեական գործի նյութերում առկա են վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ Սամվել Դարբինյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու` նյութական և դատավարական իրավունքներով սահմանված բոլոր հիմքերը, չկան այդ նորմերը չկիրառելու որևէ իրավական կամ փաստական հիմքեր, ավելին, դա հնարավոր է առանց դատաքննության, ուստի, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, միջնորդել են թիվ ԼԴ/0142/01/21 քրեական գործով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնել Սամվել Վանցիկի Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը՝ կարճելով քրեական գործով վարույթը, և վերացնել կիրառված դատավարական հարկադրանքի բոլոր միջոցները (խափանման միջոց, գույքի վրա դրված կալանք, ՍԵԿՏ համակարգի սահամանափակումներ):
2. Դատարանի իրավական վերլուծությունները
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ ,,Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`
1) դատական քննություն նշանակելու մասին.
2) քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.
(...) ’’:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի համաձայն՝ ,,Սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց դատաքննության, դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքները վերաբերում են մեկ մեղադրյալի, քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ:
2. Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ընդգրկում է նախնական քննության փուլում ընտրված խափանման և վնասի հատուցման ապահովման միջոցները, քրեադատավարական հարկադրանքի այլ միջոցները վերացնելու մասին որոշում, ինչպես նաև որոշում է իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը:
3. Գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը հանձնվում է մեղադրյալին, պաշտպանին, դատախազին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին’’:
ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետևանքները վրա հասնելու պահից:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի մասի համաձայն` ,,1. Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ հանցագործությունները դասակարգվում են՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների:
(…)
3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը’’:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը սահմանում է. ,,1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից: (...)”:
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը պատիժ է նախատեսում` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասը` ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասը՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` ,,Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները”:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ,,Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով”:
Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հարցերին ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք որոշումներով և իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ,,(...) քրեական օրենսդրությամբ, կապված արարքի բնույթից և հանրության համար վտանգավորության աստիճանից, նախատեսված են քրեական պատասխանատվության ենթարկելու տարբեր ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր վտանգավորությունը, և անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Վերոգրյալի հիման վրա քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով (տե՛ս Անահիտ Հայկի Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված գործի վարույթը բացառող հանգամանքներին ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Դ.Վարոսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ,,Քրեական գործի վարույթը բացառող հանգամանքները նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով: Թեև վկայակոչված հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ, և դրանցից որևէ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: (...)”(տե՛ս Դավիթ Վարոսյանի գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2014թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ/0005/11/14 որոշման 21-րդ կետը):
Սույն քրեական գործի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Սամվել Վանցիկի Դարբինյանին մեղսագրվել է չորս դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ, որոնցից՝ ըստ մեղադրական եզրակացության՝ վերջինն ավարտվել է 2005թվականի դեկտեմբերի 29-ին:
Վերը թվարկված հանցագործությունները ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ համարվում են համապատասխանաբար ծանր և միջին ծանրության հանցագործություններ:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը, համաձայն որի ՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները՝ հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից և տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ գտնում է, որ Ս.Դարբինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ավարտվել է 2015թվականի դեկտեմբերի 29-ին:
Դատարանն արձանագրում է նաև, որ առկա է ամբաստանյալ Սամվել Վանցիկի Դարբինյանի համաձայնությունը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Վերոգրյալի հիման վրա և հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սամվել Վանցիկի Դարբինյանի նկատմամբ չորս դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Դատարանն անդրադառնալով պաշտպանական կողմի՝ Ս.Դարբինյանի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի բոլոր միջոցները (խափանման միջոց, գույքի վրա դրված կալանք, ՍԵԿՏ համակարգի սահամանափակումներ) վերացնելու վերաբերյալ միջնորդությանը, փաստում է հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. ,,Քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց միջնորդությամբ դատարանն իրավունք ունի գույքի վրա դրված կալանքը պահպանել նաև քրեական գործով վարույթի ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում’’:
Նկատի ունենալով, որ Սամվել Վանցիկի Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելն իրենից ներկայացնում է ոչ արդարացման հիմքով քրեական գործի վարույթի դադարեցում և այդ համատեքստում քննարկելով ամբաստանյալ Սամվել Վանցիկի Դարբինյանի գույքի վրա նախաքննության ընթացքում քննիչի որոշումներով դրված կալանքի հարցը և նկատի ունենալով, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, դատարանը գտնում է, որ նրա գույքի վրա դրված կալանքը պետք է պահպանել սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամիս, որից հետո պետք է վերացնել:
Դատարանը գտնում է, որ Սամվել Վանցիկի Դարբինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, ինչպես նաև նրա կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ու անձնագրային գործարքներ կատարելու արգելքները՝ այդպիսիք կիրառված լինելու դեպքում, պետք է վերացնել:
Անդրադառնալով իրեղեն ապացույցների տնօրինման հարցին՝ Դատարանը գտնում է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված Սամվել Վանցիկի Դարբինյանի կողմից 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 10874 գրությունը պետք է թողնել քրեական գործին կից:
Ապացույց ճանաչված փաստաթղթերը` պետք է թողնել քրեական գործին կից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 292-րդ և 294-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Քրեական գործի վարույթն ըստ մեղադրանքի Սամվել Վանցիկի Դարբինյանի` չորս դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Սամվել Վանցիկի Դարբինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացնել: Ինչպես նաև վերացնել նրա կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ու անձնագրային գործարքներ կատարելու արգելքները՝ այդպիսիք կիրառված լինելու դեպքում:
Թիվ 19160419 քրեական գործով քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու նպատակով Սամվել Վանցիկի Դարբինյանի՝ Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող, անշարժ գույքի՝ նրա մասնաբաժնի, դրամական միջոցների և արժեթղթերի, Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող, 884.5քմ ընդհանուր մակերեսով, 06-001-0434-0229 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի, Վանաձոր քաղաքի Թևոսյան 2ա հասցեում գտնվող՝ 5.200քմ մակերեսով, 06-001-0066-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի վրա, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 19, Տիգրան Մեծի 19/1 և Տիգրան Մեծի 19/2 հասցեների, համապատասխանաբար 06-001-0338-0026, 06-001-0338-0018 և 06-001-0338-0027 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի վրա, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 20Ա շենքի արևելյան մասում գտնվող 085.0 քմ մակերեսով, 06-001-0339-0023 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 20Ա շենքի արևելյան մասում գտնվող 250.0 քմ մակերեսով անշարժ գույքի վրա դրված կալանքը պահպանել սույն որոշումը օրինական ուժի մեջ մտնելուց մեկ ամիս, որից հետո` վերացնել:
Իրեղեն ապացույց ճանաչված Սամվել Վանցիկի Դարբինյանի կողմից 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 10874 գրությունը՝ թողնել քրեական գործին կից:
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված փաստաթղթերը` թողնել քրեական գործին կից:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ ___________________ Մ. ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 15 Մարտ 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|