Հիմնական
Գործի համար: ԿԴ/0013/01/19Վիճակագրական տողի համար: 14.4
Ամբաստանյալ
Գագիկ Զենիկի Հեբոյան Վահագն Ռաֆիկի Դանիելյան
Դատավոր
Կոտայքի մարզ:Քրեական վերաքննիչ:
Հոդվածներ
Կոտայքի մարզ: Քրեական վերաքննիչ:
ԿԴ/0013/01/19
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը
հետևյալ կազմով.
նախագահությամբ` դատավոր՝ Տ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Ս.ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
Գ.ՇԱՀԲԱԶՅԱՆԻ
մասնակցությամբ՝
մեղադրող
պաշտպաններ
Ա.ՉԱԽՈՅԱՆԻ
Ա.ՆԱԴԻՐՅԱՆԻ
Ն.ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ա.ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ն.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Հ.ՄԱՂԱՔՅԱՆԻ
Գ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ՄԱԻԼՅԱՆԻ
Գ.ՄԱՅԻԼՅԱՆԻ
Ն.ՍԱՐԳՍՅԱՆԻ
2019 թվականի նոյեմբերի 20-ին, արտագնա դատական նիստում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դռնբաց դատական նիստում քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի 1. ԳԱԳԻԿ ԶԵՆԻԿԻ ՀԵԲՈՅԱՆԻ
(ծնված 1965թ. հունվարի 16-ին Երևանում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, հանդիսանում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, հաշվառված է Երևան քաղաքի Դ.Մալյան փողոցի թիվ 6 շենքի 69-րդ բնակարանում, բնակվել է Երևան քաղաքի Դ.Մալյան փողոցի թիվ 4 շենքի 15-րդ բնակարանում, կալանքի տակ է 2019 թվականի մարտի 28-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով)
2. ՎԱՀԱԳՆ ՌԱՖԻԿԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ՝
(ծնված 1975թ. հունվարի 12-ին ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, նախկինում չդատված, հաշվառված է և բնակվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի 1-ին փողոցի թիվ 170 տանը, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով)
1.Գործի դատավարական նախապատմությունը
1.1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ա.Երիցյանի՝ 2019թ. մարտի 26-ի որոշմամբ հարուցվել է թիվ 58207019 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: (տե՛ս հատոր 1, գ.թ. 18)
1.2. Ավագ քննիչ Ա.Երիցյանի՝ 2019թ. մարտի 26-ին որոշմամբ թիվ 58207019 քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար: (տե՛ս հատոր 1, գ.թ. 21)
1.3. Թիվ 58207019 քրեական գործը 2019թ. մարտի 27-ի որոշմամբ ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ս.Առաքելյանի վարույթ: (տե՛ս հատոր 1, գ.թ. 23)
1.4. 2019թ. մարտի 28-ին Գագիկ Զենիկի Հեբոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման կասկածանքով ձերբակալվել է: (տե՛ս հատոր 1, գ.թ. 100-104)
1.5. Ավագ քննիչ Ս.Առաքելյանը 2019 թվականի մարտի 28-ին որոշում է կայացրել Վահագն Դանիելյանին ձերբակալելու մասին: (տե՛ս հատոր 1, գ.թ. 155-156)
1.6. Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019թ. մարտի 29-ի որոշումներով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները, և Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս ազատությունից զրկելու համար: (տե՛ս հատոր 1, գ.թ. 226-235)
1.7. Ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ 2019 թվականի մարտի 30-ի որոշմամբ Գագիկ Զենիկի Հեբոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: (տե՛ս հատոր 1, գ.թ. 248-249)
1.8. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019թ. մարտի 30-ի որոշմամբ մեղադրյալ Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: (տե՛ս հատոր 1, գ.թ. 266-271)
1.9. 2019թ. ապրիլի 3-ին Բենիկ Ավագի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: (տե՛ս հատոր 2, գ.թ. 24-25)
1.10. 2019թ. ապրիլի 3-ին Վահագն Ռաֆիկի Դանիելյանը հայտնաբերվել և ձերբակալվել է: (տե՛ս հատոր 2, գ.թ. 40-42)
1.11. Ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ 2019թ. ապրիլի 05-ին որոշմամբ Վահագն Ռաֆիկի Դանիելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: (տե՛ս հատոր 2, գ.թ. 101-102)
1.12. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019թ. ապրիլի 06-ի որոշմամբ մեղադրյալ Վահագն Ռաֆիկի Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: (տե՛ս հատոր 1, գ.թ. 266-271)
1.13. Ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ 2019թ. ապրիլի 30-ի որոշմամբ Վահագն Ռաֆիկի Դանիելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ հետևյալ արարքի համար. «որ նա հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն, ինչը դրսևորվել է հետևյալում.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գագիկ Հեբոյանն իր վարույթում քննվող թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Բենիկ Հարությունյանի ընդդեմ Օնիկ Հարությունյանի, Հարություն Հարությունյանի և Սեյրան Առաքելյանի, երրորդ անձ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծարան ֆաբրիկա» ՍՊԸ-ի փոխառության պայմանագրերը, հաշտության համաձայնագիրը, լիազորագիրն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ սեփականության իրավունքը ճանաչելու և 179.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին», հայցվոր Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է` Բենիկ Հարությունյանին 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելուց ազատելու դիմաց վերջնական սակարկությունների արդյունքում 2019թ. մարտի 6-ին պահանջել է որպես կաշառք տալ 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց, բացահայտվելու վտանգը նվազեցնելու համար, Բենիկ Հարությունյանից կաշառքի գումարը վերցնելու և իրեն փոխանցելու հարցում Գագիկ Հեբոյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իր մտերիմ Վահագն Ռաֆիկի Դանիելյանի օգնությանը, ով նախապես խոստացել է օժանդակել նրան այդ հարցում, այն է՝ Բենիկ Հարությունյանից վերցնել և իր մոտ պահել կաշառքի գումարը, ապա անվտանգ փոխանցել Գ.Հեբոյանին: 2019թ. մարտի 18-ին դատարանի շենքում հանդիպելով Բենիկ Հարությունյանին, Գագիկ Հեբոյանը վերջինիս ասել է, որ գումարը տա ոչ թե իրեն, այլ փաստաբան Վահագն Դանիելյանին, ում գրասենյակը տեղակայված է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի հարևանությամբ: 2019թ. մարտի 27-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Բենիկ Հարությունյանը, իր մոտ ունենալով «Կաշառք տալու (ստանալու) նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հատուկ քիմիական նյութով մշակված 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, գնացել է հիշյալ փաստաբանական գրասենյակ և այնտեղ հանդիպել Վահագն Դանիելյանին՝ գումարը նրան փոխանցելու համար: Դատավոր Գագիկ Հեբոյանի հանցավոր արարքին օժանդակող Վահագն Դանիելյանը, ում համար Գագիկ Հեբոյանի կողմից տեղեկացվելուց և վերջինիս վարքագծից, այն է՝ գումարը անձամբ վերցնելուց խուսափելու հանգամանքից ակնհայտ է եղել «գործարքի» հանցավոր բնույթը, նույնպես խուսափել է կաշառքի գումարը Բենիկ Հարությունյանից առձեռն վերցնել, այդուհանդերձ, օժանդակելով իր մտերիմ դատավորին, միջոցներ է ձեռնարկել հնարավոր խոչընդոտները վերացնելու՝ կաշառքի առարկան դատավորի փոխարեն հնարավորինս անվտանգ և քողարկված ձևով ստանալու, ժամանակավորապես թաքցնելու, իսկ հետագայում Գագիկ Հեբոյանին ապահով փոխանցելու համար: Մասնավորապես, ապահովության համար Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանին ասել է, որ վերջինս կաշառքի առարկան վարորդի նստատեղի հետևի դռան պատուհանից գցի դրսում կայանված իր անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի 35 VR 701 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահը, ինչը Բենիկ Հարությունյանը կատարել է: Այնուհետև մոտ կես ժամ անց, Վ. Դանիելյանի գրասենյակ է այցելել Գագիկ Հեբոյանը և Վահագն Դանիելյանից տեղեկանալով, որ Բենիկ Հարությունյանը եկել է, գումարը բերել է և գցել Վ. Դանիելյանի ավտոմեքենայի մեջ, հեռացել է: Կաշառքի գումարը նման եղանակով ստանալուց հետո Վահագն Դանիելյանը ցանկացել է համոզվել, որ որևէ վտանգ չի սպառնում, դրա համար Բենիկ Հարությունյանի հեռանալուց հետո գումարն անմիջապես չի հանել ավտոմեքենայի սրահից և թողել է այնտեղ: Կաշառքի գումարը դատավոր Գ. Հեբոյանին հանձնվելու մասին տեղեկատվության համար Բենիկ Հարությունյանը Վահագն Դանիելյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2-3 ժամից կրկին հանդիպելու վերջինիս: Պայմանավորվածության համաձայն, մի քանի ժամ անց Բենիկ Հարությունյանը և Վահագն Դանիելյանը հանդիպել են փաստաբանական գրասենյակի մոտ, որտեղ Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանին հայտնել է, որ «ամեն ինչ նորմալ է»:
Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, Վահագն Դանիելյանն ու Գագիկ Հեբոյանը հանդիպել են Կոտայքի մարզի Բջնի գյուղում, որտեղ էլ Վ. Դանիելյանը Գ. Հեբոյանին է փոխանցել Բ. Հարությունյանից ստացած գումարը: 27.03.2019թ. ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 19-րդ կիլոմետրի հատվածում ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են դեպի Երևան ընթացող «Mersedes Benz E-320» մակնիշի 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Գագիկ Հեբոյանը և նրա մոտից հայտնաբերել են նախապես մշակված գումարից 2400 ԱՄՆ դոլարը:»: (տե՛ս հատոր 3, գ.թ. 159-164)
1.14. Ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գագիկ Զենիկի Հեբոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ հետևյալ արարքի համար. «որ նա զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչը դրսևորվել է հետևյալում.
Գագիկ Հեբոյանը 1999թ-ից զբաղեցրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը և ՀՀ Սահմանադրությամբ, «Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենք»-ով, ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով օժտված է եղել քրեական և քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելու, անկողմնակալ, օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր կայացնելու լիազորություններով: Իր վարույթում քննվող թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի Բենիկ Հարությունյանի ընդդեմ Օնիկ Հարությունյանի, Հարություն Հարությունյանի և Սեյրան Առաքելյանի, երրորդ անձ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծարան ֆաբրիկա» ՍՊԸ-ի փոխառության պայմանագրերը, հաշտության համաձայնագիրը, լիազորագիրն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ սեփականության իրավունքը ճանաչելու և 179.000.000 ՀՀ դրամի գումարի բռնագանձման պահանջների մասին», Գագիկ Հեբոյանը հայցվոր Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է` Բենիկ Հարությունյանին 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 6-ին վերջինից անձամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար կաշառք: Պահանջված գումարի չափը Բենիկ Հարությունյանի կողմից սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց, բացահայտվելու վտանգը նվազեցնելու համար Գագիկ Հեբոյանը դիմել է իր ծանոթ փաստաբանի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Ռաֆիկի Դանիելյանի օժանդակությանը, որի գրասենյակը տեղակայված է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի հարևանությամբ: Գագիկ Հեբոյանը 2019թ. մարտի 18-ին հանդիպելով Բենիկ Հարությունյանին, վերջինիս ասել է, որ գումարը տա ոչ թե իրեն, այլ նշված փաստաբանին: 2019թ. մարտի 27-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Բենիկ Հարությունյանը, իր մոտ ունենալով «Կաշառք տալու (ստանալու) նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հատուկ քիմիական նյութով մշակված 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, գնացել է հիշյալ փաստաբանական գրասենյակ և այնտեղ հանդիպել է Վահագն Դանիելյանին՝ գումարը նրան փոխանցելու համար: Դատավոր Գագիկ Հեբոյանի հանցավոր արարքին օժանդակող Վահագն Դանիելյանը, նույնպես խուսափելով գումարը առձեռն վերցնելուց, Բենիկ Հարությունյանին ասել է, որ վերջինս այն պատուհանից գցի դրսում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի ,,ԼԵքսուս,, մակնիշի 35VR 701 հաշվառման համարանիշի մեքենայի սրահի մեջ, ինչը և Բ.Հարությունյանը կատարել է: Այնուհետև մոտ կես ժամ անց, Վ. Դանիելյանի գրասենյակ է այցելել Գագիկ Հեբոյանը և Վահագն Դանիելյանից տեղեկանալով, որ Բենիկ Հարությունյանը եկել է, գումարը բերել և գցել է Վ. Դանիելյանի ավտոմեքենայի մեջ, հեռացել է: Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, Վահագն Դանիելյանն ու Գագիկ Հեբոյանը հանդիպել են Կոտայքի մարզի Բջնի գյուղում, որտեղ էլ Վ. Դանիելյանը Գ. Հեբոյանին է փոխանցել Բ. Հարությունյանից ստացած գումարը: 27.03.2019թ. ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 19-րդ կիլոմետրի հատվածում ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են դեպի Երևան ընթացող «Mersedes Benz E-320» մակնիշի 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Գագիկ Հեբոյանը և նրա մոտից հայտնաբերել են նախապես մշակված գումարից 2400 ԱՄՆ դոլարը:»: (տե՛ս հատոր 3, գ.թ. 171-175)
1.15. Ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ 2019թ. ապրիլի 30-ի որոշմամբ մեղադրյալ Բենիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: (տե՛ս հատոր 3, գ.թ. 182-189)
1.16. Ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ 2019թ. մայիսի 02-ին որոշմամբ թիվ 58207019 քրեական գործից մեղադրյալներ Գագիկ Հեբոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, Վահագն Դանիելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, վերաբերյալ գործն անջատվել է և անջատված մասին շնորհվել է թիվ 62211619 համարը: (տե՛ս հատոր 3, գ.թ. 196-199)
1.17. 2019թ. մայիսի 08-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019թ. ապրիլի 06-ի որոշումը մասնակիորեն բեկանելու և մեղադրյալ Վահագն Դանիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, իսկ գրավի գումարի չափ է սահմանվել երկու միլիոն ՀՀ դրամը: (տե՛ս հատոր 3, գ.թ. 280-281)
1.18. 2019թ. մայիսի 14-ին թիվ 62211619 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: (տե՛ս հատոր 4, գ.թ. 1)
1.19. ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հ.Ավագյանի, Գ.Մարգարյանի, Վ.Ստեփանյանի, Գ.Շահբազյանի կողմից համապատասխանաբար՝ 2019թ. մայիսի 16-ին, մայիսի 20-ին, մայիսի 22-ին, մայիսի 23-ին որոշումներ են կայացվել ինքնաբացարկ հայտնելու մասին: (տե՛ս հատոր 4, գ.թ. 7-11, 20-22, 30-34, 44-48)
1.20. 2019թ. մայիսի 27-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ.Գրիգորյանի վարույթ:
2. Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները.
2.1. Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Ամբաստանյալ Գագիկ Զենիկի Հեբոյանը 1999թ.-ից զբաղեցնում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Վերջինիս աշխատավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում:
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանը, ով 2002թ. ապրիլի 15-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, իր գործունեությունը ծավալում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակում:
2018թ. ապրիլի 3-ին Բենիկ Ավագի Հարությունյանը, ով հանդիսանում է «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության 26 տոկոս բաժնեմասի սեփականատերը, հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել նշված ընկերության և Օնիկ Հարությունյանի միջև կնքված փոխառության պայմանագրերը, ընկերության տնօրեն Սեյրան Առաքելյանի կողմից փաստաբան Ժաննա Կիրակոսյանին տրված լիազորագիրը, Օնիկ Հարությունյանի և ընկերության ներկայացուցիչ Ժ.Կիրակոսյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը, որի համաձայն՝ ընկերության թվով 6 թռչնանոցը, որպես սեփականություն, հանձնվել է Օնիկ Հարությունյանին, որպես անվավերության հետևանք՝ ճանաչել «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը հաշտության համաձայնագրով ընկերությունից օտարված և Օնիկ Հարությունյանի անունով գրանցված անշարժ գույքի նկատմամբ, ինչպես նաև հարկային մարմինների կողմից հաշվարկված՝ 319.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով հարկային պարտավորության մաս կազմող՝ 179.000.000 ՀՀ դրամ գումարի չափով տույժ-տուգանքները բռնագանձել ընկերության տնօրեն Սեյրան Առաքելյանից՝ այն հիմնավորմամբ, որ ըստ հաշտության համաձայնագրի՝ Օնիկ Հարությունյանին որպես սեփականություն անցած գույքի գործարքը տնօրեն Ս.Առաքելյանը ցույց չի տվել հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվություններում, որի արդյունքում առաջացել է շահութահարկի և ավելացված արժեքի գծով 319.000.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 179.000.000 ՀՀ դրամ գումարը կազմում է տույժ-տուգանքները:
2018թ. ապրիլի 4-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանը, ուսումնասիրելով Բենիկ Հարությունյանի կողմից ներկայացված հայցադիմումը, որոշել է այն վերադարձնել՝ պատճառաբանելով, որ պետական տուրքը վճարվել է մասնակի՝ 3.592.000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 4000 ՀՀ դրամ և չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի պահանջները:
2018թ. ապրիլի 17-ին Բենիկ Հարությունյանը կրկին նույնաբովանդակ հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն հայցադիմումում չի նշել 179.000.000 ՀՀ դրամ տույժ-տուգանքները բռնագանձելու մասին պահանջը:
2018թ. ապրիլի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին՝ նշելով, որ հայցվորը ներկայացրել է երեք ոչ գույքային պահանջ, որոնց համար պետք է վճարվի 12.000 ՀՀ դրամ, սակայն վճարվել է ընդամենը 4000 ՀՀ դրամ:
2018թ. ապրիլի 20-ին Բենիկ Հարությունյանը կրկին նույնաբովանդակ հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և 179.000.000 ՀՀ դրամ տույժ-տուգանքները բռնագանձելու մասին պահանջը կրկին չի նշել: Նշված հայցադիմումին կցվել է 2018թ. ապրիլի 20-ին 8000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը վճարելու հանգամանքը հաստատող անդորրագիրը:
2018թ. ապրիլի 25-ին Բենիկ Հարությունյանի հայցադիմումը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանի կողմից ընդունվել է վարույթ և 2018թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, նշանակվել է նախնական դատական նիստ:
2018թ. հոկտեմբերի 22-ի դատական նիստում Բ.Հարությունյանը լրացուցիչ հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է Սեյրան Առաքելյանից և Հարություն Հարությունյանից հօգուտ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության բռնագանձել 2017թ. ապրիլի 20-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կազմված ակտի հիման վրա 179.000.000 ՀՀ դրամի չափով հաշվարկված տույժ-տուգանքները՝ այն հիմնավորմամբ, որ Սեյրան Առաքելյանը և Հարություն Հարությունյանը միտումնավոր կերպով չեն հաշվարկել և վճարվել գույքի օտարումից ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով առաջացած հարկային պարտավորությունները, ինչպես նաև հիշյալ գույքի օտարումը հարկերից խուսափելու նպատակով չեն ներառել հարկային մարմիններին ներկայացվող ընթացիկ և տարեկան հաշվետվություններում:
Միաժամանակ, Բենիկ Հարությունյանը դատարանից խնդրել է պետական տուրքի վճարումը հետաձգել և այդ հարցին անդրադառնալ կայացվելիք դատական ակտով՝ պետական տուրքի վճարումը պահանջելով «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերությունից:
2018թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանը որոշում է կայացրել Բենիկ Հարությունյանի լրացուցիչ հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը դատական քննության նախապատրաստելու և հայցապահանջները մեկ վարույթում միացնելու մասին:
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանի 2018թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության 2019թ. հունվարի 25-ին՝ ժամը 14:30-ին:
2019թ. մարտի 1-ին վերոհիշյալ քաղաքացիական գործով պատասխանողներ Օնիկ Հարությունյանի և Սեյրան Առաքելյանի ներկայացուցիչ Գ.Հարությունյանի կողմից դիմում է ներկայացվել դատարան՝ հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու կապակցությամբ ներկայացված հայցադիմումը մերժելու խնդրանքի մասին:
2019թ. մարտի 1-ին նշանակված դատական նիստի ընթացքում Բենիկ Հարությունյանը, կանխատեսելով իր հայցը դատարանի կողմից մերժվելու հանգամանքը, դատական նիստի ընդմիջման մոտեցել է դատավոր Գ.Հեբոյանին և խնդրել է, որ հնարավորության դեպքում իրեն ազատել պետական տուրքը վճարելու պարտավորությունից: Դատավոր Գ.Հեբոյանը Բ.Հարությունյանին հարցրել է, թե կարող է արդյոք սոցիալական վատ վիճակի և հիվանդություններ ունենալու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել դատարան՝ միևնույն ժամանակ ուղղորդելով դատարան ներկայացնել պետական տուրքից ազատելու վերաբերյալ միջնորդություն:
2019թ. մարտի 6-ին Բենիկ Հարությունյանը բժշկական փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ: Նույն օրը դատարանի դատական կարգադրիչին նա խնդրել է դատավոր Գ.Հեբոյանին տեղեկացնել, որ ցանկանում է հանդիպել վերջինիս հետ:
Հանդիպելով դատավոր Գ.Հեբոյանին՝ Բ.Հարությունյանը նրան տեղեկացրել է, որ փաստաթղթերն արդեն հանձնել է դատարանի գրասենյակ և մեկ անգամ ևս խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից՝ հարցնելով, թե դրա համար ինչպես կարող է վարձահատույց լինել:
Դատավոր Գ.Հեբոյանն իր լիազորությունների մեջ մտնող օրինական գործողության, այն է՝ Բենիկ Հարությունյանին պետական տուրքի վճարումից ազատելու դիմաց վերջինիցս պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար գումար կաշառք: Բենիկ Հարությունյանը հայտնել է, որ այդքան հնարավորություն չունի, որից հետո Գ.Հեբոյանն ասել է, որ մինչև վճիռը կայացնելու օրը՝ 2019թ. մարտի 18-ը, Բենիկ Հարությունյանը գոնե 2.500 ԱՄՆ դոլար գումար պետք է տա իրեն:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով կայացվելիք վճռի հրապարակման օրը՝ 2019թ. մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Բենիկ Հարությունյանը գնացել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և պարզել, որ դեռևս վճիռը պատրաստ չէ, որից հետո հանդիպել է դատավոր Գ.Հեբոյանին, ով ասել է, որ չի հասցրել վճիռը պատրաստել և այն պատրաստ կլինի հաջորդ օրը՝ նույն ժամին: Միաժամանակ, դատավոր Գ.Հեբոյանը հարցրել է իր պահանջած գումարի մասին: Բենիկ Հարությունյանը, մտածելով, որ պահանջված գումարը չտալու դեպքում Գ.Հեբոյանն իրեն չի ազատելու պետական տուրքի վճարումից, պատասխանել է, որ մի քանի օրից գումարը կլինի: Գ.Հեբոյանը Բ.Հարությունյանին հորդորել է մինչև տվյալ շաբաթվա վերջ պահանջած գումարը բերել և փոխանցել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակի փաստաբան, ամբաստանյալ Վահագն Դանիելյանին:
Կաշառքի առարկան Բենիկ Հարությունյանից վերցնելու և իրեն փոխանցելու համար դատավոր Գ.Հեբոյանը դիմել է փաստաբան Վահագն Դանիելյանին, ով համաձայնվել է նպաստել Բենիկ Հարությունյանի և Գագիկ Հեբոյանի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը, այն է՝ կաշառքի առարկան կաշառք տվողից՝ Բենիկ Հարությունյանից վերցնել և փոխանցել Գագիկ Հեբոյանին:
2019թ. մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ.Հեբոյանի, կայացրել վճիռ, որով Բենիկ Հարությունյանի հայցը մերժվել է, իսկ պետական տուրքի հարցը համարվել է լուծված՝ այն հիմնավորմամբ, որ վիճահարույց գործարքների մասով պետական տուրքը վճարվել է հայցվորի կողմից, իսկ գումարի պահանջը հանդիսանում է ածանցյալ պահանջ, այսինքն՝ հիմնական պահանջի մերժման դեպքում դատարանն ածանցյալ պահանջին չի անդրադառնում:
Դատավոր Գ.Հեբոյանի կողմից Բ.Հարությունյանից կաշառք պահանջելու մասին վերջինս 2019թ. մարտի 20-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: 2019թ. մարտի 26-ին օպերատիվ հսկողության ներքո Բենիկ Հարությունյանը այցելել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակ, հանդիպել է փաստաբան Վահագն Դանիելյանի օգնական Լիլիթ Եղիազարյանին և տեսնելով, որ Վահագն Դանիելյանը տեղում չէ, ներկայացել և խնդրել է Լիլիթ Եղիազարյանից ճշտել, թե երբ կարող է հանդիպել Վահագն Դանիելյանին: Լիլիթ Եղիազարյանը Բենիկ Հարությունյանի ներկայությամբ զանգահարել է Վահագն Դանիելյանին, հայտնել Բենիկ Հարությունյանի այցելության մասին և Վահագն Դանիելյանի հանձնարարությամբ Բենիկ Հարությունյանին հայտնել է, որ հաջորդ օրը՝ ժամը 12:00-ին, կարող է գալ փաստաբանական գրասենյակ և հանդիպել Վահագն Դանիելյանին:
Այնուհետև, Բենիկ Հարությունյանը, տեսնելով, որ դատավոր Գ.Հեբոյանը եկել է դատարան, փորձել է վերջինիս հետ հանդիպել, որի համար դիմել է հերթապահության մեջ գտնվող դատական կարգադրիչ Անահիտ Հովհաննիսյանին: Այդ պահին Բենիկ Հարությունյանին է մոտեցել դատարանի մեկ այլ դատական կարգադրիչ Արսեն Սիմոնյանը, ով նախապես հանդիպելով դատավոր Գ. Հեբոյանին՝ վերջինիս ցուցումով Բենիկ Հարությունյանին փոխանցել է, որ մոտենա դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակի փաստաբան Լիլիթ Մանյանին: Դատավոր Գ.Հեբոյանը զանգահարել է Լիլիթ Մանյանին և հայտնել, որ իրավաբանական խորհրդատվության համար իր մոտ մարդ է ուղարկում:
Բենիկ Հարությունյանը, մոտենալով Լիլիթ Մանյանին, հայտնել է, որ դատավոր Գագիկ Հեբոյանն է իրեն ուղարկել և պետական տուրքից ազատելու դիմաց Գագիկ Հեբոյանի պահանջով նրան պետք է գումար տա: Lիլիթ Մանյանը, տեսնելով, որ Բենիկ Հարությունյանը իրավաբանական խորհրդատվության համար չի եկել, մտածելով, որ վերջինս չի կարողանում ճիշտ բացատրել իր այցելության նպատակը, ենթադրել է, որ պետական տուրքի մասնակի մարման մասին է խոսքը և նկատի ունենալով, որ մինչ այդ Բենիկ Հարությունյանը փաստաբան Վահագն Դանիելյանին է հարցրել, առանց Բենիկ Հարությունյանից որևէ գումար վերցնելու՝ նրան ասել է, որ կարող է մոտենալ Վահագն Դանիելյանի օգնականին: Բենիկ Հարությունյանը որոշել է այլևս չմոտենալ Վահագն Դանիելյանի օգնական Լիլիթ Եղիազարյանին և հեռացել է:
2019թ. մարտի 27-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Բենիկ Հարությունյանը, իր մոտ ունենալով «Կաշառք տալու (ստանալու) նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հատուկ քիմիական նյութով մշակված 2500 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի գումարը, գնացել է հիշյալ փաստաբանական գրասենյակ և այնտեղ հանդիպել է ամբաստանյալ Վահագն Դանիելյանին՝ գումարը նրան փոխանցելու համար:
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանին ասել է, որ վերջինս կաշառքի առարկան վարորդի նստատեղի հետևի դռան պատուհանից գցի դրսում կայանված՝ իր անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի, 35 VR 701 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահը, ինչը Բենիկ Հարությունյանը կատարել է:
Այնուհետև, փաստաբանական գրասենյակ է այցելել Գագիկ Հեբոյանը և Վահագն Դանիելյանից տեղեկանալով, որ Բենիկ Հարությունյանը եկել և գումարը բերել է՝ հեռացել է: Կաշառքի գումարը դատավոր Գագիկ Հեբոյանին հանձնված լինելու մասին տեղեկանալու համար Բենիկ Հարությունյանը Վահագն Դանիելյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2-3 ժամից կրկին հանդիպել վերջինիս: Պայմանավորվածության համաձայն՝ մի քանի ժամ անց Բենիկ Հարությունյանը և Վահագն .Դանիելյանը հանդիպել են նույն փաստաբանական գրասենյակի մոտ, որտեղ Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանին հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է:
Նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գ.Հեբոյանն իր անձնական օգտագործման, «Մերսեդես Բենս Ե-320» մակնիշի, 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել է Վահագն Դանիելյանի բնակության վայր՝ Կոտայքի մարզի Բջնի գյուղ, որտեղ էլ Վահագն Դանիելյանը Գագիկ Հեբոյանին է փոխանցել Բենիկ Հարությունյանից ստացած գումարը:
Նույն օրը՝ ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 19-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են Գագիկ Հեբոյանի՝ դեպի Երևան ընթացող ավտոմեքենան, որի ղեկին եղել է Գ.Հեբոյանը, և նրա մոտից հայտնաբերել են կաշառքի առարկա հանդիսացող գումարից 2400 ԱՄՆ դոլարը:
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանը, տեղեկանալով Գագիկ Հեբոյանի ձերբակալվելու մասին, դիմել է փախուստի և միայն մի քանի օր անց՝ 2019թ. ապրիլի 3-ին՝ ժամը 10:50-ին, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի թիվ 123/2 շենքի 15-րդ բնակարանում:
3.Դատաքննությամբ հետազոտված ապացույցները
3.1. Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել` նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը ենթադրությունների հիման վրա է իրեն մեղադրանք առաջադրել: Վահագն Դանիելյանին ճանաչել է 2010-2011 թվականներից, վերջինիս հետ ունեցել է նորմալ մարդկային հարաբերություններ: Վ.Դանիելյանը գրեթե ամեն օր իր մոտ դատական նիստի է մասնակցել: Բ.Հարությունյանին ճանաչում է 2012թ.-ից, երբ նրա հետ կապված գործը վարույթ է ընդունել և 2013թ. վճիռ է կայացրել, որով Բ.Հարությունյանը զրկվել է իր ժառանգական գույքից, վեճը լուծվել է նրա եղբոր օգտին: Բ.Հարությունյանն իր դեմ բողոք է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ, իրեն տույժի են ենթարկել, սակայն իր կայացրած վճիռը վերադաս դատարանների կողմից չի բեկանվել: Այդ պատճառով էլ Բենիկ Հարությունյանն իր նկատմամբ լարվածություն ունի: Դրանից հետո Բենիկ Հարությունյանի վերաբերյալ ևս երեք գործ է քննել, երկու գործերով մերժել է հայցերը, իսկ երրորդ գործով՝ քաղաքացիական գործի վարույթը կարճել է, քանի որ Բենիկ Հարությունյանը հրաժարվել է հայցից: Վերջին գործը քննել է 2018թ.-ին: Այդ գործը վարույթ է ընդունել ապրիլին, երկու անգամ վերադարձրել է հայցադիմումները՝ պետական տուրքի գումարը վճարված չլինելու պատճառով: Վերջինս վճարել է 4000-ական ՀՀ դրամ գումարի չափով պետական տուրքի գումարները, որից հետո հայցադիմումը վարույթ է ընդունել: Բ.Հարությունյանը հոկտեմբեր ամսին ներկայացրել է ածանցյալ պահանջ՝ լրացուցիչ հայցադիմումով և այն, որ դատական նիստով վերջինիս հայցը վարույթ է ընդունել և նրան ազատել է պետական տուրքի վճարումից, իրականությանը չի համապատասխանում: Հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը կայացրել է միանձնյա, իսկ պետական տուրք չի գանձել, քանի որ ածանցյալ պահանջի դեպքում պետական տուրք չի գանձվում: Ածանցյալ պահանջի դեպքում դատարանը պետական տուրքի հարցին անդրադառնում է միայն այն դեպքում, երբ հետաձգում կամ տարաժամկետում է պետական տուրքի վճարումը, մնացած դեպքերում դատարանն իրավասու չէ անդրադառնալ պետական տուրքի հարցին, այդ մասին առկա է նախադեպային որոշում: Երբեք պետական տուրքի մասին առանձին օրենք չի ունեցել, օգտվել է համացանցում առկա էլեկտրոնային տարբերակից, ուստի ինքը չէր կարող այդ օրենքը բացել ու ինչպես վկան է հայտնել՝ նրան թելադրել համապատասխան օրենքը: Այն, որ Բ.Հարությունյանը նշել է, թե ինքը խախտել է օրենքը և դատաքննության փուլում պատասխանող կողմից միջնորդություն է ընդունել, ապա այդպես չէ, խոսքը վերաբերվել է հայցային վաղեմության վերաբերյալ ներկայացված միջնորդությանը, որի համար պատասխանող կողմի խնդրանքով ընդմիջել է դատական նիստը, քանի որ փաստաբանը շփոթել էր թղթապանակը և այլ թղթապանակ էր բերել դատական նիստերի դահլիճ: 40 րոպեով դատական նիստն ընդմիջվել է, որից հետո պատասխանող կողմի փաստաբանը ներկայացրել է միջնորդությունը՝ կից փաստաթղթերով, այնուհետև, 2019թ. մարտի 18-ին նշանակել է վճռի հրապարակման օր: Այն, որ Բենիկ Հարությունյանը ցուցմունք է տվել, թե ինքն է նրան հորդորել պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը քննության առնելու համար լրացուցիչ միջնորդություն ներկայացնել, սուտ է, քանի որ քաղաքացիական գործով դատավորի համար մեծ խնդիր չէ դատական նիստը 2 օրով հետաձգելը, որպեսզի վերջինս ներկայացներ անհրաժեշտ փաստաթղթերը, և ինքն էլ պատշաճ դատական նիստով ուսումնասիրեր դրանք, ավելի հիմնավոր որոշում կայացներ և իրեն՝ որպես դատավոր, ավելի ապահովագրեր: Բ.Հարությունյանը մարտի 06-ին բերել և դատարանին է ներկայացրել ինչ-որ փաստաթղթեր, որոնք ինքն այլևս չի հետազոտել: Մարտի 06-ից հետո Բ.Հարությունյանին այլևս չի տեսել: Մեծ ծանրաբեռնվածության պատճառով մարտի 18-ին չի հասցրել վճիռը պատրաստել ու հրապարակել: Մարտի 18-ին իջել է դատական նիստերի դահլիճ, որտեղ մարդիկ են եղել կանգնած: Չի հիշում՝ Բենիկ Հարությունյանին տեսել է, թե ոչ: Իջել է դահլիճ ու հայտնել, որ վճիռները կստանան հաջորդ օրը: Իր աշխատակազմը շատ ծանրաբեռնված է եղել այդ ընթացքում: Հաջորդ օրն անձամբ է վճիռներն իջեցրել գրասենյակ, երբ իր հետևից Բ.Հարությունյանը գնացել է ու խնդրել իրավաբանական խորհրդատվություն տրամադրել: Բ.Հարությունյանի նկատմամբ մեծ հակակրանք ունի, քանի որ 2012թ. նրա պատճառով կարգապահական տույժի է ենթարկվել, ուստի չէր կարող նրա հետ որևէ գործարքի գնալ: Երբ Բ.Հարությունյանը մոտեցել է իրեն, ինքը նրան ասել է, որ դատարանը իրավաբանական խորհրդատվություն չի տրամադրում:
2019թ. մարտի 27-ին գնացել է Վահագն Դանիելյանի մոտ, չի հիշում, թե Վահագն Դանիելյանի մոտ մարդիկ եղել են, թե ոչ, նրանից 100 ԱՄՆ դոլար է խնդրել, քանի որ գումար չի ունեցել, իսկ Նոր տարուց առաջ Վահագն Դանիելյանին պարտքով 3000 ԱՄՆ դոլար էր տվել, որը երբեք հետ չի պահանջել: Այդ օրը Վ.Դանիելյանն իրեն ասել է, որ իր մոտ գումար չկա և կգնա տուն, 2400 դոլար կբերի, որպեսզի պարտքը վերադարձնի: Երեկոյան, երբ տուն է գնացել, որդին հայտնել է, որ մեքենայի գույքահարկը վճարելու ժամանակն է, ինքն էլ որոշել է գնալ Վ.Դանիելյանի տուն՝ գումարը վերցնելու: Կարծում է, որ եթե Վ.Դանիելյանը կասկածեր, որ այդ գումարը կաշառքի գումար է, ապա գումարը շուտ կփոխանցեր իրեն: Վ.Դանիելյանին ճանաչում է որպես պարկեշտ մարդ, չգիտի, թե նա ինչու է դատարանում կաշկանդված, ըմբռնումով է մոտենում նրա նախաքննական ցուցմունքներին, քանի որ հասկանում է, որ նրան խոստացել են փոխել նրա խափանման միջոցը:
2019թ. մարտի 06-ին Բ.Հարությունյանին չի տեսել, իր ցուցմունքում շփոթել է նրան տեսնելու օրը: Իրականում ինքը Բ.Հարությունյանին տեսել է մարտի 04-ի դատական նիստին: Մարտի 18-ին՝ վճռի հրապարակման օրը, երբ իջել է դատական նիստերի դահլիճ, միգուցե տեսել է Բ.Հարությունյանին, սակայն հաստատ պնդել չի կարող: Այդ օրը դատական նիստերի դահլիճում ներկա է եղել դատական նիստերի քարտուղարը, իսկ թե կարգադրիչներից ինչ-որ մեկը ներկա եղել է, թե ոչ՝ չի կարող հիշել:
2019թ. մարտի 26-ին Բ.Հարությունյանին տեսել է, երբ ընդմիջումից վերադարձել է աշխատավայր: Երբ նա քայլել է դեպի իր մեքենան, ինքը մտել է դատարանի բակ, որտեղ կայանում են մեքենաները: Այդ ժամանակ իր մեքենայի կողքով անցել է դատական կարգադրիչներից մեկն ու իրեն ասել, որ Բ.Հարությունյանն ասել է՝ Վահագնը տեղում չէ, ինքն էլ պատասխանել է՝ «թող գնա Լիլիթի մոտ»: Բ.Հարությունյանին տեսել է հեռավորության վրա, սակայն նրա հետ այդ ժամանակ չի զրուցել: Երբ Բ.Հարությունյանը դիմել է իրեն՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար, ինքը պարզապես պատասխանել է, որ դատավորը իրավաբանական խորհրդատվություն չի տրամադրում և անհրաժեշտ է դիմել փաստաբանների, սակայն չի տեղեկացել, թե նա ինչ հարցով է ցանկանում խորհրդատվություն ստանալ:
Երբ Վ. Դանիելյանն իրենից 3000 ԱՄՆ դոլար պարտք է վերցրել, ինքը չի փորձել ճշտել, թե նա այդ գումարն ինչի համար է ուզում, իրեն թույլ չի տվել նման բնույթի հարցեր տալ: Եղել են դեպքեր, երբ ինքն է Վ.Դանիելյանից պարտքով գումար խնդրել: Չի կարող ասել, որ Վ.Դանիելյանը, ունենալով բազմաթիվ գործեր, հետևաբար լինելով ֆինանսապես ապահովված, ինչու է իրենից 3000 ԱՄՆ դոլար գումար պարտք վերցրել: Երբ ինքը Վ.Դանիելյանից գումար է պարտքով խնդրել, ասել է, որ ծախսեր կատարելու համար գումար չունի: Դեպքի օրն ունեցել է ընդամենը 490 դրամ:
Տեղյակ չէ, թե Բ.Հարությունյանը Վ.Դանիելյանին ճանաչել է, թե ոչ, չի կարծում, որ Վ.Դանիելյանը կարող է պաշտպանել Բ.Հարությունյանին: Չի կարող Վ.Դանիելյանի վերաբերյալ բացասական կարծիք հայտնել, շատ են եղել դեպքեր, երբ Վ.Դանիելյանը վերցրել է իր մեքենան կամ հակառակը՝ ինքն է վերցրել նրա մեքենան: Տեղեկություններ չունի, թե Բ.Հարությունյանը երբևէ գործով առնչվել է Վ.Դանիելյանի հետ, թե ոչ: Եթե ինքը Բ.Հարությունյանին ասած լիներ, որ կաշառքի գումարը տա Վահագնին, ապա գումարը հենց տեղում կվերցներ: Հնարավորություն ունեցել է մոտենալ Վահագնի ավտոմեքենային, ուստի կարող էր հենց նույն օրը վերցնել գումարը: Հերքում է Բ.Հարությունյանի կողմից նշված այն հանգամանքները, որ վերջինս իրեն լավություն անելու համար փորձել է տեղ հրավիրել, հյուրասիրել կամ իր հետ գործարք կնքել:
Պատասխանելով առաջադրված հարցերին՝ ամբաստանյալ Գ.Հեբոյանը հայտնել է, որ երբ 2019թ. մարտի 27-ին գնացել է Վահագնի տուն, մոտեցել է դարպասներին, ձայն է տվել, Վահագնի տղան է դուրս եկել, որից հետո Վահագն է դուրս եկել: Իրենց խոսակցությունը տևել է մոտ 15 րոպե, որից հետո Վ.Դանիելյանի հետ մոտեցել են մեքենային, Վ.Դանիելյանը մեքենայի հետևի ձախ դուռը բացել է, վերցրել է գումարը ու տվել իրեն, որից հետո ինքը հեռացել է: Չի հիշում՝ նախաքննական ցուցմունքում նշել է այն մասին, որ նշված օրը գնացել է Վ.Դանիելյանից 100-200 ԱՄՆ դոլար գումար պարտքով վերցնելու, թե ոչ: Չի հիշում, թե 2019թ. մարտի 26-ին Լիլիթ Մանյանին զանգահարել է, թե ոչ: Չի բացառվում, որ զանգահարել է, հնարավոր է, որ ասած լինի, թե Բ.Հարությունյանը խորհրդատվություն է ցանկանում ստանալ և որ նրանք օգնեն նրան: Հետևողական չի եղել, թե Բ.Հարությունյանը ստացել է արդյոք իրավաբանական խորհրդատվություն, թե ոչ: Եթե շահագրգռվածություն ունենար և եթե իրեն Լիլիթ Մանյանի միջոցով կաշառք փոխանցելու հարց լիներ, ապա հարց է առաջանում, թե ինչու Լ.Մանյանին չի հարցրել, թե Բ.Հարությունյանի տված գումարը վերցրել է, թե ոչ: Չգիտի, թե ինչու է Վահագն Դանիելյանը հերքում, որ իրենից պարտքով գումար է վերցրել, չի կարող հասկանալ: Շատ հաճախ են եղել դեպքեր, երբ ինքն իր հարազատներին կամ այլ քաղաքացիների ուղղորդել է Լիլիթ Մանյանի կամ Վահագն Դանիելյանի մոտ:
Երբ Բենիկ Հարությունյանը եկել է վճռի հետևից և կարգադրիչները հայտնել են, որ նա եկել է, ինքն ամեն ինչ արել է, որպեսզի խուսափի նրա հետ հանդիպելուց:
Բ.Հարությունյանի կողմից ներկայացված ածանցյալ պահանջի վերաբերյալ որոշում կայացնելու պարտավորություն չի ունեցել, քանի որ դա ածանցյալ պահանջ է եղել, որը բխել է հիմնական պահանջից և այն կարող էր բավարարվել կամ մերժվել միայն հիմնական պահանջի բավարարման արդյունքում: Բ.Հարությունյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու խնդրանքի մասին, չի բխել օրենքից, ուստի այն չի քննարկել:
Վահագն Դանիելյանի հետ պայմանավորվածություն չեն ունեցել, թե երբ պետք է գումարը հետ վերադարձնի, քանի որ ինքն ամեն օր տեսել է Վ.Դանիելյանին, և եղել են դեպքեր, երբ ինքը նույնպես նրանից պարտքով գումար է վերցրել:
Իր հիշելով՝ պարտքով գումարը Նոր տարուց առաջ է վերցրել՝ եթե չի սխալվում իր ցուցմունքում նշել է՝ դեկտեմբերի 2-րդ կեսին, իսկ այն, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում նշել է, որ հունվարին է տվել պարտքի գումարը, ապա հնարավոր է, որ շփոթել է օրերը: Ինքը Լիլիթ Մանյանին զանգահարելուց հետո զանգահարել է նաև Վահագն Դանիելյանին՝ ճշտելու համար, թե Բ.Հարությունյանը գնացել է խորհրդատվության, թե ոչ: Այդ հետևողականությունը բացատրում է նրանով, որ ցանկացել է ազատվել Բ.Հարությունյանից: Եթե ինքը կաշառք վերցնելու մտադրություն ունենար, ապա միանգամից Լիլիթ Մանյանին կասեր, որ վերցներ այդ գումարը: Այն, որ ինքը նշում է, որ Բ.Հարությունյանին օրենքի ուժով է ազատել պետական տուրքի վճարումից, սակայն իր նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ հայտնել է, որ խղճահարությունից դրդված է նրան ազատել պետական տուրքի վճարումից, ապա Բ.Հարությունյանի նկատմամբ խղճահարություն է ունեցել, քանի որ վերջինս մշտապես անձնական խնդիրներով դատարանում է գտնվել, ինքը նրա նկատմամբ հակակրանք է ունեցել, սակայն փորձել է օգնել, բայց դա չի նշանակում, որ խղճահարությունից դրդված՝ նրան ապօրինի ազատել է պետական տուրքը վճարելու պարտականությունից: Չի կարող պատասխանել, թե ինչու է Վ.Դանիելյանն իր ցուցմունքում նշել, թե երբ ինքը գնացել է նրա գրասենյակ ու նա հարցրել է գումարից, ինքն իբրև պատասխանել է, թե հետո կխոսեն այդ մասին: Իրականությունն այն է, որ իրենք այդ օրը գումարից չեն խոսել:
Երբ իրեն բերման են ենթարկել, ինքն այդ ժամանակ հրաժարվել է որևէ հայտարարություն անել և չի նշել, որ հայտնաբերված գումարը եղել է վերադարձրած պարտքի գումարը, քանի որ իրեն շատ վատ կերպով են բերման ենթարկել: Ինքն ի վիճակի չի եղել խոսելու, սթրեսի մեջ և հոգեբանական շատ վատ վիճակում է եղել: Երեք օր շարունակ ուշքի չի կարողացել գալ, հետևաբար, բերման ենթարկվելուց հետո ևս չի կարողացել որևէ հայտարարություն անել և նույնիսկ խոսել: Չի հիշում, թե 2019թ. մարտի 27-ին հինգ անգամ զանգահարելով Վ.Դանիելյանին՝ ինչ է խոսել նրա հետ:
Այն հարցին, որ որպես դատավոր՝ իր սոցիալական դիրքն ավելի բարձր է եղել, սակայն անկախ այդ հանգամանքից ինքն է գնացել Վ.Դանիելյանի տուն՝ գումարը վերցնելու, ապա այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ իր և Վ.Դանիելյանի հարաբերությունները շատ մարդկային են եղել և լինելով դատավոր՝ շրջապատում երբեք իրեն մյուսներից վեր չի դասել, մարդկանց հետ անմիջական է եղել, քանի որ պարզ ու հասարակ մարդ է: Բացի այդ, նպատակ չի ունեցել գնալ գումարը վերցնելու, իրենք պայմանավորվել էին, որ Վ.Դանիելյանը հաջորդ օրը պետք է գումարը տաներ, սակայն ինքն է գնացել, քանի որ որդին իրեն հայտնել է, որ ավտոմեքենայի գույքահարկը վճարելու վերաբերյալ ծանուցում է ստացել ու քանի որ ինքն էլ ազատ ժամանակ է ունեցել, ցանկացել է գնալ, վերցնել գումարը, ավարտել իր անձնական գործերը, որից հետո գնալ աշխատանքի:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.2. Դատարանը, հաշվի առնելով, որ առկա են էական հակասություններ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հրապարակել է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը 2019թ. մարտի 28-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
(տե՛ս հատոր 1, գ.թ.111-112, 153)
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը 2019թ. մարտի 30-ին որպես մեղադրյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: 2019թ. մարտի 04-ին Բենիկ Հարությունյանի օգտին վճիռ կայացնելու համար նրանից 3500 ԱՄՆ դոլար չի պահանջել, նրա հետ պայմանավորվածություն չի ունեցել՝ 2500 ԱՄՆ դոլար պահանջելու մասին: 2019թ. մարտի 18-ին ինքը Բենիկ Հարությունյանին չի ասել, որ գումարը տա ոչ թե իրեն, այլ փաստաբան Վահագն Դանիելյանին և իր մոտից հայտնաբերված 2400 ԱՄՆ դոլարը որևէ առնչություն չունի Բ.Հարությունյանի գործի հետ: Այդ կապակցությամբ հայտնում է, որ 2018թ. Վ.Դանիելյանին պարտքով տվել է 3000 ԱՄՆ դոլար: Վերադարձնելու ժամկետ չեն պայմանավորվել, Վ.Դանիելյանը տանը խնդիրներ է ունեցել: 2019թ. մարտի 27-ին նա իրեն ասել է, որ իր տված 3000 ԱՄՆ դոլարից 2400 ԱՄՆ դոլարն ունի, այն գտնվում է տանը և երբ անհրաժեշտ է, կարող են հանդիպել: Ինքն էլ այդ օրը, առանց նրան զանգահարելու գնացել է նրա տուն՝ գումարը վերցնելու համար: Գումարը վերցնելուց հետո շարժվել է դեպի Երևան՝ իր տուն: Ճանապարհին իրեն կանգնեցրել են, և ՀՀ ԱԱԾ աշխատակիցները գումարն առգրավել են:
Պատասխանելով իրեն առաջադրված հարցերին՝ հայտնել է, որ Բենիկ Հարությունյանի հետ հանդիպել է 2018թ. մարտի 18-ին՝ վճռի հրապարակման օրը, այլ օրերի չեն հանդիպել: Մարտի 18-ին հայտնել է, որ ծանրաբեռնված են և վճիռը կտրամադրեն հաջորդ օրը: Հանդիպման ժամը չի հիշում, բայց հանդիպել են վճռի հրապարակումից հետո, դատական նիստերի դահլիճում, առանց ինչ-որ մեկի նախաձեռնության:
2019թ. մարտի 26-ին և 27-ին ինքը որևէ մեկին չի ուղղորդել, որպեսզի մոտենան դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակ: Փաստաբան Վահագն Դանիելյանին գումարը տվել է Նոր տարուց առաջ, օրը և ժամը չի հիշում, հավանաբար՝ դեկտեմբեր ամսին: Գումարը տալու ժամանակ որևէ մեկը ներկա չի եղել:
Այն հարցին, թե Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարել է, թե Բ.Հարությունյանի հետ գտնվում է թշնամական հարաբերությունների մեջ և այդ պարագայում ինչպես էր պատրաստվում արդարացի վճիռ կայացնել, պատասխանել է, որ ինքը Բենիկ Հարությունյանի հետ թշնամական հարաբերություններ չի ունեցել, այլ ընդհակառակը, Բ.Հարությունյանն է իր հետ թշնամական հարաբերություններ ունեցել, որի պատճառն իր կայացրած վճիռն է, ինչի հիման վրա 2013թ.-ին նա զրկվել է իր ունեցվածքից: Դատարանում բազմաթիվ գործեր ունենալու պատճառով հաճախ է հանդիպել նրան, և նա շատ ագրեսիվ վարքագիծ է դրսևորել իր նկատմամբ: Նրա կողմից իր նկատմամբ եղած թշնամական վերաբերմունքը չէր կարող հիմք հանդիսանալ, որպեսզի ինքնաբացարկ հայտներ:
Նախաքննությամբ ստացված այն տվյալները, թե ինքը Բ.Հարությունյանից պահանջել և ստացել է 4000 ԱՄՆ դոլար, որը մի քանի ամիս անց հետ է վերադարձրել, բացի այդ, 2017թ. փաստաբան Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանից կաշառք է պահանջել՝ իրեն փոխանցելու համար, սակայն գումարի չափի շուրջ պայմանավորվածության չեն եկել, իրականությանը չեն համապատասխանում: Փաստաբան Վահագն Դանիելյանը նույնպես իր համաձայնությամբ նրանից գումար չի պահանջել:
2013թ. Բենիկ Հարությունյանի վերաբերյալ քաղաքացիական գործ է քննվել: Մյուս կողմը եղել է նրա եղբայրը՝ Օնիկը: 2017թ. Բենիկ Հարությունյանի վերաբերյալ գործ չի քննել: Վահագն Դանիելյանը 2013թ.-ին քննված գործին մասնակցություն չի ունեցել: 2019թ. մարտի 18-ին իր կողմից կայացված վճռի կապակցությամբ Վահագն Դանիելյանի հետ որևէ կապ չի ունեցել, Վ.Դանիելյանը որևէ մեկի շահերը չի ներկայացրել:
2013թ. օգտագործել է 091-21-12-71 հեռախոսահամարը, մյուս հեռախոսահամարը՝ 091-15-09-63-ն է, որն իր մոտ է շուրջ մեկ տարի, այլ հեռախոսահամար չունի: Բենիկի հեռախոսահամարը երբեք չի իմացել և չի պահանջել:
2019թ. մարտի 27-ին առանց զանգելու գնացել է Վ.Դանիելյանի տուն, քանի որ իմացել է, որ նա միշտ տանն է լինում: Բակում տեսել է նրա որդուն և բարևել: Գումարը վերցրել է փողոցում: Այդտեղ եղել են ինքն ու Վահագնը, իսկ նրա որդին գումարը տալու ժամանակ ներկա չի եղել: Վ.Դանիելյանին տեսել է գրեթե ամեն օր, նա իր մոտ միշտ դատական նիստեր է ունեցել: Այդ օրը ինքը նրա աշխատասենյակում սուրճ է խմել, և նա ասել է, որ պարտքի մի մասը կարող է վերադարձնել, գումարը տանն է և հաջորդ օրը կբերի: Վահագնին հայտնել է, որ առավոտյան պետք է վարկի գումարը և իր որդու ավտոմեքենայի գույքահարկը վճարի և երեկոյան կգնա նրա տուն՝ գումարը վերցնելու: Վճարումը պետք է առավոտ շուտ կատարեր, դրա համար որոշել է գումարը վերցնել, առավոտյան կատարել վճարումները և գնալ աշխատանքի: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Վ.Դանիելյանն է պարտք վերցրել և նա է պարտավոր եղել գումարը բերել, սակայն ինքն է գնացել գումարը վերցնելու, նշել է, որ պաշտոնական հարաբերություններն իր մոտ նշանակություն չունեն: Պետք է վճարեր «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 01 MN 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի գույքահարկը, որը հաշվառված է իր որդու անունով: Չի կարող մեկնաբանել, թե ինչպես են հենց այդ մշակված թղթադրամները հայտնվել իր մոտ:
(տե՛ս հատոր 1, գ.թ. 253-256)
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը 2019թ. ապրիլի 23-ին Վահագն Դանիելյանի հետ առերես հարցաքննվելիս պատասխանելով այն հարցին, թե 2019թ. մարտի 27-ին՝ երեկոյան, ինչ նպատակով է գնացել իր հետ առերեսվող Վահագն Դանիելյանի տուն և ինչ է տեղի ունեցել, պատասխանել է, որ Վահագնը իրեն գումար էր պարտք, գնացել է այն վերցնելու: Գումարը կազմել է 3000 ԱՄՆ դոլար, որը վերցրել էր Նոր տարուց առաջ: Այդ օրն իր մոտ գումար չի եղել: Ինքը Վահագնից գումար է խնդրել, նա էլ ասել է, որ հաջորդ օրը կբերի և պարտքի մի մասը կտա: Քանի որ առավոտյան իր որդու ավտոմեքենայի գույքահարկը պետք է վճարեր, դրա համար չի սպասել մինչ առավոտ, մտածել է, որ գնա և վերցնի, ավարտի իր գործերը, որից հետո միայն գնա դատարան: Վահագն Դանիելյանի հետ նախապես չի կապվել, գիտի, որ երեկոյան ժամերին վերջինս տանն է լինում: Գումարը Վահագն իրեն տվել է դարպասների մոտ, որը կազմել է 2400 ԱՄՆ դոլար: Չի հիշում՝ հաշվել է, թե ոչ, քանի որ իրենց միջև փոխադարձ վստահություն կա: Ճանապարհին իրեն բռնել են: Իր մոտից հայտնաբերել են այն նույն 2400 դոլարը, որն իրեն Վահագն էր տվել: Այդ գումարները մշակված են եղել և դրանց վրա գրված է եղել «կաշառք» բառը, սակայն ինքը որևէ տեղեկություն չունի, թե այդ գումարն ինչպես է հայտնվել Վահագն Դանիելյանի մոտ: Հայտնել է, որ ավելացնելու այլ բան չունի:
Մինչ Վահագն Դանիելյանին Գագիկ Հեբոյանի պատասխանի կապակցությամբ հարցադրում կատարելը՝ Վահագն Դանիելյանը հրաժարվել է քննչական գործողությանը մասնակցելուց և դիմելով Գագիկ Հեբոյանին՝ հարցրել է. «Դուք և Կրոմվելը սա էիք պայմանավորվել», որից հետո լքել է քննչական սենյակը:
(տե՛ս հատոր 3, գ.թ. 68-69)
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը 2019թ. ապրիլի 25-ին Բենիկ Հարությունյանի հետ առերես հարցաքննվելիս՝ հայտարարել է, որ օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվում է Բենիկ Հարությունյանի հետ առերեսվելուց՝ մինչև պաշտպան Կ.Գրիգորյանի հետ հանդիպելը:
(տե՛ս հատոր 3, գ.թ. 113-115)
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը 2019թ. ապրիլի 30-ին որպես մեղադրյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, պնդում է իր նախկին ցուցմունքը: Նախաքննական մարմնի կողմից չի իրականացվել գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, չեն պարզաբանվել Բ.Հարությունյանի կողմից տրված հաղորդման մեջ 2013թ. և 2017թ. վերաբերյալ արված հայտարարությունները և այն, որ Բ.Հարությունյանը, թշնամաբար տրամադրված լինելով իր հանդեպ, դեռևս 2013թ.-ին իր կողմից կայացված վճռով ամեն կերպ փորձել է իրեն զրպարտել, կեղծ ցուցմունքներ տալով՝ սուտ մատնություն իրականացնել և այդ կերպ վրեժխնդիր լինել իրենից: Վերջինս իր հաղորդման մեջ նշել է, թե իբր կաշառքի վերաբերյալ իր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2019թ. մարտի 4-ին և հանկարծ նրա կողմից ցուցմունքը փոխվել է, 2019թ. մարտի 4-ը փոխարինվել է 2019թ. մարտի 6-ով: Ինչ վերաբերվում է նրան, որ ինքը 2019թ. մարտի 27-ին մտել է Վ.Դանիելյանի աշխատասենյակ և նրանից տեղեկացել, որ վերջինս Բ.Հարությունյանից արդեն վերցրել է գումարը, ապա այդ կապակցությամբ նշում է, որ հաճախ է այցելել Վ.Դանիելյանին և նրա հետ սուրճ խմել: Այդ օրն էլ, որքանով հիշում է, հենց սուրճ խմելու նպատակով է մտել նրա աշխատասենյակ, բայց, քանի որ նրա գործավարը տեղում չի եղել, սուրճ չեն խմել և դուրս է եկել: Եթե նրա միջոցով կաշառք վերցնելու նպատակ ունենար, ապա իրեն այդ պահին որևէ մեկը չէր խանգարում դա անել, քանի որ իրենք մենակ են եղել: Իսկ եթե գումարը մեքենայում է եղել, ապա Վ.Դանիելյանին ոչինչ չի խանգարել այդ պահին գումարը վերցնել և փոխանցել իրեն: Պնդում է, որ Բ.Հարությունյանն է 2013թ.-ից սկսած իրեն զրպարտել և իր նկատմամբ սուտ մատնություն կատարել: Նշված ժամանակահատվածից սկսած՝ նա իր նկատմամբ թշնամաբար է տրամադրվել, սակայն սուտ մատնությամբ իրենից վրեժխնդիր է եղել միայն սույն թվականի մարտ ամսին, երբ հաղորդում է ներկայացրել իր դեմ: Բ.Հարությունյանի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ հայտնում է, որ նրա կողմից նշված հանգամանքներն իրականության հետ կապ չունեն, իսկ այդ կապակցությամբ հաղորդում չի ներկայացրել, քանի որ իմաստ չի գտել:
(տե՛ս հատոր 3, գ.թ. 179-180)
3.3. Պատասխանելով նախաքննական և դատաքննական ցուցմունքների հակասությունների վերաբերյալ առաջադրված հարցերին՝ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը նշել է, որ նախաքննության ընթացքում քննիչի այն հարցին, թե ուղղորդել է արդյոք Բ.Հարությունյանին, նշել է, որ չի ուղղորդել, սակայն այժմ նշում է, որ ուղղորդել է, ապա իրականում քննիչի հարցի տակ հասկացել է այն, որ վերջինս ի նկատի ունի կաշառքի գումարը փոխանցելու համար ուղղորդելը: Իրավաբանական խորհրդատվության վերաբերյալ ինքը Բ.Հարությունյանին ուղղորդել է մարտի 19-ին, երբ ինքը վճիռները հանձնել է գրասենյակ, այնուհետև դահլիճով գնացել է իր աշխատասենյակ, այդ ժամանակ է վերջինս իր հետևից քայլել է ու ասել, որ ցանկանում է իրավաբանական խորհրդատվություն ստանալ, ինքն էլ նրան պատասխանել է, որ դատարանը իրավաբանական խորհրդատվություն տրամադրող մարմին չէ և անհրաժեշտ է դիմել փաստաբաններին: Ինքն այդ մասին քննիչին չի հայտնել, քանի որ քննիչն իրեն այդ մասին չի հարցրել: Այն, որ նախաքննության մարմնին չի հայտնել, որ Վ.Դանիելյանից խնդրել է 100-200 ԱՄՆ դոլար գումար, սակայն դատաքննական ցուցմունքում նշել է այդ մասին, ապա հիմա է հասկացել, որ այդ հանգամանքը կարևոր է, ուստի նշել է այն մասին:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.4. Ամբաստանյալ Վահագն Դանիելյանը դատաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքից մի քանի օր առաջ, երբ Եղվարդ քաղաքում դատական նիստի է մասնակցել, դատավոր Գ.Հեբոյանը մոտեցել է իրեն ու ասել, որ իր ծանոթներից մեկը խորհրդատվության համար պետք է մոտենա իրեն: Անցել է մի քանի օր, ինքը գտնվել է Երևան քաղաքում՝ դատական նիստի, երբ իր օգնականն է իրեն զանգահարել և հայտնել, որ իրեն սպասող կա, իսկ ինքը պատասխանել է, որ այդ օրը չի կարող գալ և խնդրել է փոխանցել, որ քաղաքացին հաջորդ օրը գա: Ինչպես պայմանավորվել են, տվյալ քաղաքացին, ով եղել է Բ.Հարությունյանը, հաջորդ օրը եկել է իր մոտ, բարևել է իրեն, այդ պահին իր մոտ այլ քաղաքացի է եղել, ինքը Բենիկ Հարությունյանին հորդորել է դրսում սպասել՝ մինչև ավարտի: Երբ Բ.Հարությունյանը ներս է եկել, իրեն հայտնել է, որ նախորդ օրը եկել է, ինքը տեղում չի եղել, հայտնել են, որ հաջորդ օրը մոտենա, այնուհետև բարձրացել է 2-րդ հարկ՝ կին փաստաբանի մոտ, ում ասել է, որ Գ.Հեբոյանն է ուղարկել, որ գումար պետք է թողնի, փաստաբանը հարցրել է, թե ինչ գումարի մասին է խոսքը, ինքն էլ պատասխանել է, որ պետական տուրքի վճարման հետ կապված գումար է: Նա իրեն հայտնել է, որ բերել է գումարը, որպեսզի իրեն տա: Ինքը հարցրել է, թե դա ինչ գումար է, Բենիկ Հարությունյանն էլ իրեն հարցրել է, թե արդյոք Գ.Հեբոյանը չի ասել իրեն այդ գումարի մասին և հորդորել է իրեն ճշտել Գ.Հեբոյանից: Ինքը պատասխանել է, որ Գ.Հեբոյանը սովորաբար այդ ժամերին դատական նիստերի է լինում: Բենիկ Հարությունյանն իրեն ասել է, որ գործերով գնալու է Երևան քաղաք և իր մոտ 2.500 ԱՄՆ դոլար կա, խնդրել է իրեն գումարը պահել, որպեսզի այն չտանի Երևան: Ինքը նրան ասել է, որ գումարը կարող է գցել իր մեքենայի մեջ: Քանի որ չէր կարող Բենիկ Հարությունյանի հետ պայմանագիր կնքել, որովհետև վերջինս պետական տուրքից է խոսել և ինքը հստակ չի հասկացել, թե այդ քաղաքացին ինչ է ուզում, ուստի ասել է, որ կարող է գումարը թողնել իր մեքենայի մեջ՝ մինչև ճշտի, թե այդ ինչ գումար է: Բենիկ Հարությունյանը գումարը գցել է մեքենայի մեջ, այնուհետև վերադարձել է, իրեն հայտնել, որ գումարը մեքենայի մեջ է և 2-3 ժամից կգա ու կճշտի: Նա դուրս է եկել, այդ ընթացքում ինքն այլ քաղաքացիներ է ընդունել, որի ժամանակ Գ.Հեբոյանն է մտել իր աշխատասենյակ, հարցրել է, թե իր ուղարկած մարդը եկել է, թե ոչ: Ինքը նրան հայտնել է, որ այդպես էլ չի հասկացել, թե այդ քաղաքացին ինչ է ուզում, ինչպես նաև ասել է, որ վերջինս գումար է գցել է իր մեքենայի մեջ: Գ.Հեբոյանն էլ շփոթվել է և հարցրել՝ «ի՞նչ գումար»: Ինքը պատասխանել է, որ խորհրդատվությունը կավարտի և կխոսեն: Այնուհետև, ինքը կրկին գործերով մեկնել է Երևան և Եղվարդ վերադառնալու ճանապարհին իր օգնականն է զանգել ու ասել, որ իրեն սպասում են: Աշխատավայր հասնելուն պես՝ տեսել է, որ Բենիկ Հարությունյանն է եկել, ով իրեն հարցրել է՝ «տեսա՞ր Հեբոյանին, ի՞նչ ասեց»: Ինքը պատասխանել է, որ տեսել է Գ.Հեբոյանին, սակայն վերջինս հստակ բան չի ասել: Բենիկ Հարությունյանին ասել է նաև, որ կարծում է՝ ամեն բան նորմալ կլինի ու նրան կտեղեկացնեն: Դրանից հետո գնացել է Աբովյան, այնուհետև՝ տուն:
Ժամը 21:00-ի սահմաններում, երբ տանը պառկած է եղել, իր որդին հայտնել է, որ իրեն հարցնում են: Ինքը դուրս է եկել և տեսել, որ դատավոր Գ.Հեբոյանն է եկել: Զրուցել է նրա հետ, ով իրեն հարցրել է, թե այն գումարը, որը տվել են, որտեղ է գտնվում: Ինքը պատասխանել է, որ գումարը մեքենայի մեջ է: Նա իր մեքենայից վերցրել է գումարը: Ինքը Գ.Հեբոյանին հարցրել է, թե ի վերջո այդ ինչ գումար է: Քանի որ իր որդին իրենց կողքին է եղել, Գ.Հեբոյանը պատասխանել է, որ հետո կասի: Գ.Հեբոյանի գնալուց հետո մոտ մեկ ժամ անց, դուրս է եկել տնից և գնացել Երևան: Այնուհետև, իրեն զանգահարել է իր համագյուղացի, դատարանի կարգադրիչներից մեկը և հարցրել, թե արդյոք ինքը գրանցված է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում: Ինքը տվել է դրական պատասխան, որից հետո նա իրեն հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանին ձերբակալել են:
Պատասխանելով առաջադրված հարցերին՝ Վ.Դանիելյանը հայտնել է, որ երբ Բենիկ Հարությունյանը եկել է իր մոտ, ինքն այդպես էլ նրա խոսակցությունից չի հասկացել, թե այդ գումարը ինչի համար է: Նա պետական տուրքի մասին է խոսել, ինքն էլ կարծել է, թե նա ցանկանում է պետական տուրք վճարել: Դատավոր Գ.Հեբոյանն իր գրասենյակին մոտենալիս հնարավորություն ունեցել է իր մեքենայից վերցնել գումարն ու գնալ, իր մեքենայի ապակին բաց է եղել և չի կարող ասել, թե ինչու Գ.Հեբոյանը չի վերցրել գումարը: Կարծում է, որ եթե այդ գումարը կաշառքի գումար լիներ, ապա Գ.Հեբոյանն ինչ-որ կերպ կվերցներ այն կամ իր ավտոմեքենան կվերցներ և այլ վայր կտեղափոխեր: Թե՛ Բ.Հարությունյանի հետ խոսակցությունից, թե՛ Գ.Հեբոյանի այցից ինքը չի կռահել, որ նրանց միջև որևէ նախնական պայմանավորվածություն է եղել՝ ինչ-որ գործողություններ կատարելու համար: Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ իր ծանոթներից մեկը պետք է գա իր մոտ՝ խորհրդատվություն ստանալու համար: Նա ասել է նաև, որ իր ծանոթը Բենիկ Հարությունյանն է, սակայն հետագայում իրեն չի հարցրել, թե Բ.Հարությունյանն ինչ-որ բան փոխանցել է՝ իրեն տալու համար, թե ոչ, այլ ընդհակառակը՝ ինքն է Գ.Հեբոյանին հարցրել, թե ինչ գումար է բերել Բենիկ Հարությունյանը:
Նախկինում Բ.Հարությունյանին չի ճանաչել, նրան միայն դատարանի բակում է տեսել: Բ.Հարությունյանի այցից հետո Գ.Հեբոյանն իր մոտ է եկել՝ հարցնելու համար, թե եկել է արդյոք իր ծանոթ Բ.Հարությունյանը: Երբ ինքը հայտնել է գումարի մասին, Գ.Հեբոյանն անակնկալի է եկել: Գ.Հեբոյանի այցի ժամանակ իր մոտ եղել են Զովունի գյուղի բնակիչներ, սակայն նրանց տվյալները չի հիշում: Հնարավոր է, որ այդ քաղաքացիները լսել են իր և դատավոր Գ.Հեբոյանի խոսակցությունը, նրանց տեսնելուն պես՝ կճանաչի: Այդ ժամանակ իր օգնականն աշխատավայրում չի եղել: Երեկոյան, երբ ժամը 21:00-ի սահմաններում Գ.Հեբոյանն այցելել է իրեն, իրենց զրույցից ինքը չի հասկացել, թե Գ.Հեբոյանը տեղյակ է այդ գումարի չափի մասին: Կարծում է, որ Գ.Հեբոյանն այդ գումարի չափի մասին տեղեկություն չի ունեցել, իրենք գումարի չափի մասին չեն խոսել: Իր աշխատասենյակում գտնվող քաղաքացիների ներկայությամբ Գ.Հեբոյանին հայտնել է, որ նրա ուղարկած մարդը գումար է թողել, քանի որ կասկած չի ունեցել, որ այդ գումարն ինչ-որ անօրինական գործողության հետ է կապված: Հակառակ դեպքում այլ անձանց մոտ Գ.Հեբոյանին չէր ասի, որ գումար են բերել: Կարծում է, որ եթե Գ.Հեբոյանն իր միջոցով փորձեր կաշառք վերցնել, ապա իրեն այդ մասին նախապես կտեղեկացներ: Նմանօրինակ դեպքեր երբեք չեն եղել, պարզապես ինքը Բ.Հարությունյանի խոսքից չի հասկացել, թե նա ինչ է ուզում, բացի այդ, վերջինս իրեն չի ասել, որ գումարը պետք է փոխանցի Գ.Հեբոյանին, այլ խնդրել է, որ պահի իր մոտ ու ճշտի, թե այդ ինչ գումար է: Իր աշխատանքային պրակտիկայում գրեթե միշտ պետական տուրքերը վճարվել են իր կողմից, քանի որ քաղաքացիները հաճախ սխալ հաշվեհամարին են մուտքագրում գումարները:
Գ.Հեբոյանին ճանաչում է 2009թ.-ից կամ 2010-2011թթ.-ից, հստակ հիշել չի կարող: Իրենք շփվել են որպես դատավոր և փաստաբան, եղել են դեպքեր, երբ առիթների ժամանակ Գ.Հեբոյանը գնացել է իր աշխատասենյակ՝ սրճելու: Որպես փաստաբան՝ մասնակցել է Գ.Հեբոյանի վարույթում եղած քաղաքացիական գործերի քննությանը: Այդ գործերի քննության ընթացքում եղել են դեպքեր, երբ ինքն է զանգահարել կամ Գ.Հեբոյանն է զանգահարել իրեն՝ ճշտելու համար՝ դատական նիստերը լինելու են, թե ոչ: Նմանօրինակ հարցերով այլ դատարանների հետ նույնպես կապ է հաստատում: Լինում են դեպքեր, որ դատական նիստերի քարտուղարները կամ դատավորները զանգահարում են իրեն այդ հարցով, սակայն օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվում է նշել այն դատավորների անունները, ովքեր իրեն զանգահարել են նման հարցերով:
Չեն եղել դեպքեր, որ ինքն ու Գագիկ Հեբոյանը միմյանց պարտքով գումար տան: Նախաքննության ընթացքում իր և Գ.Հեբոյանի միջև առերեսում եղել է, սակայն այն չի կայացել, քանի որ այն ժամանակ, երբ Գ.Հեբոյանն իր ցուցմունքում նշել է, որ ինքը նրան գումար է պարտք եղել և այդ գումարն է վերադարձրել, ինքը բարկացել է և դուրս է եկել քննչական սենյակից:
Իր տպավորությամբ Բ.Հարությունյանն իր մոտ եկել է իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Ինքը չի կարող կարծիք հայտնել դատավոր Գ.Հեբոյանի և Բենիկ Հարությունյանի միջև եղած հարաբերությունների մասին, սակայն եթե Գ.Հեբոյանը վերջինիս իր մոտ է ուղարկել, կարծում է, որ թշնամական հարաբերություններ չեն ունեցել, սակայն չի էլ կարող ասել, որ նրանք բարեկամական հարաբերություններ են ունեցել: Երբ Բ.Հարությունյանը գումար է տվել իրեն, ինքը չի պարզել նրա հետ, թե ի վերջո նա և Գ.Հեբոյանը ինչ են պայմանավորվել, փոխարենը հարցրել է, թե այդ գումարը պետական տուրքի գումար է, թե ոչ: Բ.Հարությունյանին չի հարցրել նրա և Գ.Հեբոյանի հնարավոր պայմանավորվածության մասին, քանի որ իր մեջ որևէ կասկած չի եղել, որ հնարավոր է՝ այդ գումարը կաշառքի գումար լինի: Երբ Բ.Հարությունյանը եկել է իր մոտ, իրենց խոսակցությունը տևել է 3-4 րոպե և այդ ընթացքում անընդհատ Բենիկ Հարությունյանն է խոսել ու ինքն այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե ինչ է վերջինս ուզում: Նա իրեն հարցրել է, թե արդյոք դատավոր Գ.Հեբոյանն իրեն ոչինչ չի ասել, ինքն էլ կարծել է, թե նա չի հասկանում իր գործից ու Գ.Հեբոյանը պետք է ասի, թե ինչի վերաբերյալ է գործը: Այն, որ Բ.Հարությունյանն իրեն հորդորել է զանգել Գ.Հեբոյանին՝ ճշտելու համար, թե ինչ պետք է անի, սակայն ինքը չի զանգել, բացատրում է այն հանգամանքով, որ դա եղել է ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում և քանի որ տեղյակ է դատական նիստերի ժամանակացույցից ու գիտի, որ այդ ժամին սովորաբար դատավոր Գ.Հեբոյանը դատական նիստի է լինում, զանգահարելու կարիք չի տեսել: Բացի այդ, չէր էլ կարող մտնել դատարան ու դատական նիստերի դահլիճում Գ.Հեբոյանից ճշտեր, թե Բ.Հարությունյանն ինչ է ուզում: Իր համար ակնհայտ չի եղել, որ Բ.Հարությունյանը պետք է գումար փոխանցեր, պարզապես Բ.Հարությունյանն ասել է, որ գնում է Երևան և խնդրել է գումարը թողնել իր մոտ: Բացի այդ, կարծել է, որ ենթադրյալ խորհրդատվության համար է Բ.Հարությունյանը ցանկացել գումար տալ, սակայն ինքը պետք է դեռ պայմանագիր կնքեր նրա հետ, որից հետո միայն գումար վերցներ: Չի եղել դեպքեր, երբ իրավաբանական խորհրդատվություն չի տվել, սակայն գումար է վերցրել, բայց եղել են դեպքեր, երբ ծանոթ մարդիկ են ուղղորդել այլ անձանց իր մոտ և հստակ գումարի չափ են ասել՝ նշելով որոշակի չափի գումար, որն իրենց կողմից ուղղորդված անձը կարող է վճարել: Սովորաբար, իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար քաղաքացու հետ պայմանագիր է կնքում, որի տակ քաղաքացին ստորագրում է, իր օգնականն իր հաշվեհամարի անդորրագիրը կցում է գործին, որի պատճենը պայմանագրի պատճենի հետ տալիս է քաղաքացուն: Դա է եղել խնդիրը, որ ինքը գումարը չի վերցրել, քանի որ դեռ Բենիկ Հարությունյանի հետ պայմանագիր չէր կնքել: Ինքն այդ ընթացակարգը չի պարզաբանել Բենիկ Հարությունյանին, քանի որ նա շարունակ այլ բաների մասին է խոսել: Երբ դատավոր Գ.Հեբոյանը գնացել է իր աշխատասենյակ և հարցրել, թե եկել է արդյոք իր ուղարկած մարդը, ինչին ինքը պատասխանել է, որ եկել է, սակայն կրկին չի ճշտել գումարի վերաբերյալ հանգամանքը, ապա այդ ժամանակ կամ ինքն է դատական նիստի շտապել, կամ դատավոր Գ.Հեբոյանը, որի պատճառով չի ճշտել:
Երբ Բենիկ Հարությունյանը 2-րդ անգամ իր մոտ է եկել՝ ճշտելու համար, թե արդյոք ամեն ինչ նորմալ է, ինքը պատասխանել է, որ նորմալ է և դրանով ի նկատի է ունեցել, որ դեռ պետք է ճշտի, շատ զբաղված է եղել այդ ընթացքում:
Այն հարցին, որ հետազոտված հեռախոսային խոսակցությունների վերծանումների համաձայն՝ երբ դատական կարգադրիչը զանգահարել է իրեն, ինքն այդ պահին Երևանում չի գտնվել, ինչու է իր ցուցմունքում հակառակը նշել, պատասխանել է, որ ինքը հեռախոսով խոսելով է գնացել Երևան: Մինչ իրեն բերման ենթարկելը՝ գտնվել է Երևան քաղաքում, միգուցե ճանապարհին է եղել, երբ գնացել են իրենց տունը խուզարկելու: Քննչական մարմնի կողմից ուղարկված ծանուցագրերի մասին տեղեկացված չի եղել:
Այն հարցին, թե ըստ հետազոտված վերծանումների՝ 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 17:00-ից 18:00-ի սահմաններում, Գ.Հեբոյանի կողմից շուրջ 5 անգամ հեռախոսազանգ է կատարվել իր հեռախոսահամարին և ինչ բնույթի խոսակցություններ են տեղի ունեցել, պատասխանել է, որ չի կարող հիշել: Մարտի 27-ին՝ ժամը 21:03-ին, Գ.Հեբոյանն իրեն զանգահարել է, սակայն ինքը չի պատասխանել, քանի որ չի լսել հեռախոսի ձայնը:
Երբ իր օգնականն իրեն զանգահարել է ու ասել, որ Բենիկ Հարությունյանն է սպասում իրեն, այդ ընթացքում Գագիկ Հեբոյանը նույնպես իրեն զանգահարել է և հարցրել իր գտնվելու վայրը: Չի հիշում, թե Գ.Հեբոյանն ինչ է բառացի ասել, սակայն հիշում է, որ նա Բենիկ Հարությունյանի գնալու հետ կապված հարց է տվել, ինքն էլ պատասխանել է, որ գտնվում է Երևանում:
Այն հարցին, թե Գ.Հեբոյանի մոտից հայտնաբերվել է 2.400 ԱՄՆ դոլար և ունի արդյոք տեղեկություն 100 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, հայտնել է, որ դրա վերաբերյալ տեղեկություն չունի: Երբ Գ.Հեբոյանը գումարը վերցրել է իր մեքենայից, իրեն այդ գումարից գումար չի տվել: Նախաքննության մարմնին պատրաստակամություն է հայտնել կորած 100 ԱՄՆ դոլար գումարը գտնելուն օժանդակելու մասով, քանի որ այդ գումարը գտնվել է իր մեքենայում և իր մեքենայում կան փաստաթղթեր, որոնք երբեմն սահում-ընկնում են մեքենայի հետնամաս: Տեղյակ է եղել, որ իր մեքենայում խուզարկություն են կատարել, ինքն էլ քննիչին հայտնել է, որ հնարավոր է՝ այդ 100 ԱՄՆ դոլարն իր մեքենայում է, քննիչն էլ ասել է, որ իր որդու կամ փաստաբանների միջոցով ճշտեն՝ գումարը մեքենայի մեջ է, թե ոչ: Հակառակ դեպքում, եթե Գ.Հեբոյանն իրեն գումար տար այդ գումարից, ապա պետք է ձեռքով փոխանցեր, ինքն էլ ձեռքով կվերցներ, ուստի այն արդեն հայտնաբերված կլիներ: Կասկածներ չի ունեցել գումարի՝ կաշառքի առարկա հանդիսանալու մասին և հնարավոր կասկածները չեն դարձել պատճառ, որպեսզի ինքն այդ ողջ ընթացքում չդիպչեր իր ավտոմեքենայում գտնվող գումարին:
Բենիկ Հարությունյանի այցն իր մոտ կասկած չի հարուցել, չի կասկածել, թե հնարավոր է՝ իրեն տեսախցիկով հետևում են: Բենիկ Հարությունյանի հետ թշնամական հարաբերություններ չունի և չգիտի, թե ինչու է Բենիկ Հարությունյանն իրեն մեղադրում Գ.Հեբոյանին կաշառք տալուն օժանդակելու մեջ: Նա այդ մասով սուտ մատնություն է կատարում՝ հաշվի առնելով, որ գումարն իրեն է տվել: Եթե ինքը կասկածեր, որ գումարը կաշառքի առարկա է, ապա կփորձեր արագ ձերբազատվել դրանից:
Դեպքից հետո չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, քանի որ այդ ընթացքում փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում: Այն, որ Բ.Հարությունյանին թողել է իր աշխատասենյակում, փակել է դուռը և դուրս է եկել, ինչպես երևում է տեսաձայնագրությունում, այդ կապակցությամբ հայտնում է, որ ինքը մարդ է սպասել, գնացել և մեքենայից բան է փոխանցել նշված անձին, սակայն դա իր անձնական խնդիրն է և չի ցանկանում մանրամասնել: Երբ ավտոմեքենան կայանում է, 2-3 սմ-ի չափով բաց է թողնում պատուհանների ապակիները՝ բացի աջ կողմի հետևի ապակուց, քանի որ այն լավ չի բացվում: Կարծում է, որ երբ Բենիկ Հարությունյանը գումարը գցել է ապակուց ներս, հնարավոր է՝ մի թղթադրամը դուրս է եկել, ընկել մեքենայի մեջ, սակայն գումարը շատ թափթփված չի եղել, այլ եղել է ծալված վիճակում:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.5. Վկա Բենիկ Հարությունյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ դատավոր Գ.Հեբոյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով, որով ինքը եղել է հայցվոր, դատաքննության փուլում պատասխանող կողմի փաստաբանը միջնորդել է կես ժամով ընդմիջել դատական նիստը, քանի որ փաստաթղթեր էր մոռացել, իսկ դատավոր Գ.Հեբոյանը ընդմիջում է հայտարարել: Այդ ժամանակ ինքը հասկացել է, որ իր կողմից ներկայացված հայցը մերժվելու է: Քանի որ իր հայցը ունեցել է 2-րդ մաս, որով ինքը, եթե չի սխալվում, ներկայացրել է 179 միլիոն դրամի բռնագանձման պահանջ, պետք է վճարեր 3,5 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրք: Ընդմիջման ժամանակ մոտեցել է դատավոր Գ.Հեբոյանին, հայտնել է, որ իր համար արդեն կանխատեսելի է, որ իր հայցը պետք է մերժվի և եթե կա հնարավորություն, խնդրել է օրենքի շրջանակներում ազատել իրեն պետական տուրքը վճարելուց, ինչին ի պատասխան՝ դատավոր Գ.Հեբոյանն ուսումնասիրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը և իրեն ասել, որ գրավոր միջնորդություն պատրաստի: Երբ ինքը գրել է միջնորդությունը, իրեն է մոտեցել դատավոր Գ.Հեբոյանը և ասել, որ միջնորդության մեջ վկայակոչի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կամ 2-րդ կետը և խնդրի ազատել պետական տուրքը վճարելուց: Գրել և դատարանին է ներկայացրել միջնորդությունը: Ընդմիջման ավարտից հետո դատավոր Գ.Հեբոյանին է ներկայացվել պատասխանող կողմի միջնորդությունը, որը դատավորն ամբողջությամբ ընդունել է: Գտնում է, որ դատաքննության այդ փուլում դատավորը չէր կարող քննարկել այդ միջնորդությունը, իսկ ինքը, ենթադրելով, որ գոնե իրեն պետական տուրքից կազատեն, ներկայացված միջնորդության դեմ չի առարկել: Դատական նիստի ավարտից հետո դատավոր Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ տեղյակ է վերջինիս ունեցած առողջական խնդիրների մասին: Ինքն էլ նրան հայտնել է, որ բազմիցս վիրահատությունների է ենթարկվել և կգնա հիվանդանոցներ, կվերցնի փաստաթղթերն ու կներկայացնի դատարանին: Եթե չի սխալվում՝ մարտի 4-ին եղել է ուռուցքաբանության կենտրոնում, վերցրել է փաստաթղթերն ու մարտի 6-ին դրանք տարել է դատարան: Խնդրել է կարգադրիչներին հայտնել դատավորին իր այցի մասին, որից հետո դատավոր Գ.Հեբոյանը դուրս է եկել և իրեն ասել է, որ բժշկական փաստաթղթերը պետք է գրությամբ մուտքագրի դատարանի գրասենյակ: Այնուհետև, դատավոր Գ.Հեբոյանն իրեն հարցրել է՝ մնացած մասով ամեն բան իրեն պարզ է, թե ոչ, ինչին պատասխանել է, որ պարզ չէ: Դատավոր Գ.Հեբոյանն ասել է, որ պետական տուրքը կազմում է 3,5 կամ 3,6 միլիոն ՀՀ դրամ և դրա կեսի չափով պետք է իրեն գումար տա: Ինքն էլ ասել է, որ 2010 թվականից չի աշխատում և իր գույքի ու դրամական միջոցների վրա և՛ քաղաքացիական գործով, և՛ քրեական գործով կալանք է դրված, ուստի նման հնարավորություն չունի, չի կարող խոստանալ ու չկատարել իր խոստումը: Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ մինչև մարտի 18-ը, քանի որ այդ օրը պետք է հրապարակեր վճիռը, ինքը պետք է գումարի հարցը լուծի: Ինքը Գ.Հեբոյանին չի խոստացել, որ գումարը կտա, քանի որ իմացել է, որ այդքան գումար չունի և բնականաբար չի համաձայնվել, դուրս է եկել և սպասել է մարտի 18-ին հրապարակվող վճռին:
Մարտի 18-ին՝ ժամը 17:00-ին, գնացել է դատարան՝ վճռի հրապարակմանը ներկա գտնվելու: Սպասելուց հետո դատական կարգադրիչին հարցրել է, թե ինչու չի հրապարակվում վճիռը: Եթե չի սխալվում, կարգադրիչը կապվել է Գ.Հեբոյանի հետ, վերջինս իջել է ներքև, ասել է, որ չեն հասցրել վճիռը պատրաստել, հնարավոր է՝ հաջորդ օրը հրապարակվի, որից հետո հարցրել է գումարից, ինքն էլ հայտնել է, որ գումար չունի, սակայն հասկացել է, որ եթե այդ գումարը չտա դատավոր Գ.Հեբոյանին, ապա հարցն ի օգուտ իրեն չի լուծվի: Այդ ժամանակ իրեն հետաքրքրել է պետական տուրքի հարցը և ստիպված Գ.Հեբոյանին հայտնել է, որ կփորձի ինչ-որ բան անել: Գ.Հեբոյանն էլ ասել է, որ հաջորդ օրը՝ նույն ժամին, կարող է գալ և վճիռը վերցնել: Հաջորդ օրը՝ մարտի 19-ին՝ ժամը 17:00-ին, գնացել է վճիռը վերցնելու, այն վերցրել է գրասենյակից և Գ.Հեբոյանին չի տեսել:
Հասկանալով, որ այդ գումարը չի կարող որևէ տեղից ճարել և քանի որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում այլ քաղաքացիական գործեր է ունեցել, իսկ Եղվարդի նստավայրում՝ ունեցել է քրեական գործ, լուրջ խնդիրներ չունենալու համար դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և հայտնել, որ գտնվում է անելանելի վիճակում, որից հետո՝ մարտի 26-ին, իրեն հրավիրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և վերջինիս աշխատակիցների մասնակցությամբ գնացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր:
2019թ. մարտի 18-ին Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ քանի որ հիմա գումարը չի բերել, իր հետ այլևս գործ չունենա և եթե գումարը լինի, ապա տանի փաստաբանական գրասենյակ և տա Վահագնին: Ինքն էլ հայտնել է, որ ավելի լավ է՝ անձամբ փոխանցի, ինչին դատավոր Գ.Հեբոյանն առարկել է: Մարտի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է Եղվարդ, մտել է Վահագնի փաստաբանական գրասենյակ, մի քիչ սպասելուց հետո բարձրացել է 2-րդ հարկ, ասել է, որ Վահագնին է ուզում: Ընդունարանում նստած են եղել երիտասարդ աղջիկ և մի կին: Հետագայում պարզվել է, որ երիտասարդ աղջիկը Վահագնի օգնականն է: Խնդրել է՝ հնարավորության դեպքում զանգահարել Վահագնին, փոխանցել իր այցի մասին և ճշտել, թե պետք է սպասել նրան, թե ոչ: Այդ աղջիկը զանգահարել է Վահագնին, ով ասել է, որ այդ օրը չի գալու աշխատավայր և փոխանցել է, որ վաղը գնա: Ինքը դուրս է եկել փաստաբանական գրասենյակից և մի քիչ սպասել: Ժամը 15:00-ի սահմաններում Գ.Հեբոյանն է եկել դատարան: Գնացել է դատարան, դատական կարգադրիչներին խնդրել է միացնել դատավոր Գ.Հեբոյանի հետ: Իրեն հայտնել են, որ վերջինս տեղում չէ, ինքն էլ պատասխանել է, որ Գ.Հեբոյանը հետևի մուտքով մտել է դատարան: Դատարան գնալու ճանապարհին հանդիպել է միջահասակ կարգադրիչին, ում բարևել է, որից հետո, երբ ինքը դատարան է մտել, կարգադրիչն իրեն ասել է, որ գնա փաստաբանական գրասենյակ՝ 2-րդ հարկ, Վահագնի մոտ և իրեն այնտեղ կասեն, թե ինչ պետք է անի: Ինքը բարձրացել է 2-րդ հարկ, երիտասարդ աղջիկն այլևս այնտեղ չի եղել, միայն միջին տարիքի կինն է եղել, ում հայտնել է, որ Վահագնի միջոցով պետք է գումար փոխանցի դատավոր Գ.Հեբոյանին: Նրան ասել է նաև, որ այդ գումարը կաշառքի գումար է: Այդ կինը զարմացել է, հարցրել է քաղաքացիական գործի համարը, ապա համակարգչով ճշտելուց հետո իրեն ասել է, որ միգուցե պետական տուրքի գումար է և ինքն ինչ-որ բան է շփոթում, որից հետո ասել է, որ գումարը տա Վահագնի օգնականին: Ինքը չի համաձայնվել և հայտնել է, որ հաջորդ օրը՝ ժամը 12:00-ին, կգա Վահագնի մոտ:
Հաջորդ օրը՝ ժամը 12:00-ին, գնացել է Վահագնի մոտ և հայտնել է, որ Գ.Հեբոյանն ասել է, որ գումարը բերի ու տա իրեն: Սկզբում Վահագնը իրեն այնպես է պահել, կարծես տեղյակ չէ այդ գումարից, որից հետո ինքը խնդրել է ճշտել՝ ասելով, որ եթե պետք չէ, ապա ավելի լավ, որից հետո Վահագնը ասել է, որ գումարը տանի ու իր մեքենայի ապակուց ներս գցի: Ինքը հարցրել է՝ արդյոք նա չի ցանկանում հաշվել գումարը, վերջինս ասել է, որ խնդիր չկա: Վահագնին հարցրել է, թե կարող է որոշ ժամանակ անց հանդիպել և հարցնել՝ արդյոք գումարը հասել է տեղ, թե ոչ, որից հետո՝ ժամը 15:00-ի սահմաններում, գնացել է Վահագնի մոտ և ճշտել: Վերջինս հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է:
Պատասխանելով իրեն առաջադրված հարցերին՝ վկա Բ.Հարությունյանը հայտնել է, որ այն գումարը, որը փոխանցել է Վ.Դանիելյանին, իրեն տվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, 25 հատ 100 ԱՄՆ դոլար է եղել, որն ինքը հաշվել է: Որքանով հիշում է՝ Լիլիթ Մանյանին հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանն իրեն ազատել է պետական տուրքից և դրա դիմաց գումար է պահանջել, միգուցե կաշառք բառը չի օգտագործել, չի պնդում, քանի որ անցել է 4 ամիս, հստակ չի կարող հիշել, սակայն այն, որ Լ.Մանյանն այլայլվել է իր խոսքից, դա պնդում է: Վերջինս, նայելով իր քաղաքացիական գործը, իրեն ասել է, ինքն ունի պետական տուրքի խնդիր և գումարը պետք է տա Վահագնի օգնականին:
Ինքը նախկինում գրեթե չի շփվել Վահագն Դանիելյանի հետ, սակայն դատավոր Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ գումարը փոխանցի Վահագնին և իր հետ այլևս գործ չունենա: Դատավոր Գ.Հեբոյանի խոսքից ինքը հասկացել է, որ եթե այդ գումարը չտա, ապա իր մյուս քաղաքացիական գործերը և քրեական գործը չեն լուծվի իր օգտին: Իր մյուս գործերը քննվել են այլ դատավորների վարույթում, սակայն իր անհանգստությունը կայացել է նրանում, որ մյուս դատավորները Գ.Հեբոյանի աշխատանքային ընկերներն են, և Գ.Հեբոյանը կարող էր ազդեցություն ունենալ այդ գործերի ընթացքի վրա: Նման դեպքեր իր կյանքում եղել են:
Երբ ինքը գնացել է Վահագնի մոտ, վերջինս դուրս է եկել սենյակից, ինքը մնացել է ներսում և նա դրսից փակել է դուռը: Վահագնը ստուգել է շարժը, նայել է մեքենաներին՝ ստուգելու համար, թե արդյոք տարածքում այլ անձինք կան: Երբ մոտեցել է Վահագնի ավտոմեքենային, վարորդի կողմի հետևի ապակին կիսով չափ բաց է եղել, և ինքը գումարը նետել է մեքենայի մեջ: Մեքենայի ապակիները մգեցված են եղել և մեքենայի սրահը չի տեսել:
Ինքը Գ.Հեբոյանին թշնամի չի համարել, և եթե Գ.Հեբոյանը գտել է, որ ինքը նրա համար թշնամի է եղել, ապա վերջինս պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, իսկ եթե ինքը Գ.Հեբոյանին որպես թշնամի ընդուներ, ապա անձամբ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն կներկայացներ:
2012 թվականին իր դեմ հայց է ներկայացված եղել, որից հետո 2 քաղաքացիական հայց ինքն է ներկայացրել՝ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի տնօրենների ընտրությունը անվավեր ճանաչելու համար, որոնք մերժվել են: Իր քաղաքացիական հայցերը չեն բավարարվել, սակայն ինքը Գ.Հեբոյանին որպես թշնամի չի ընդունել: Երբ դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, չի մտածել, որ հաղորդում տալու պայմաններում մյուս դատավորներն ավելի բացասաբար կտրամադրվեն իր հանդեպ, այլ մտածել է, որ կվերականգնվի արդարությունը: Չի կարող հիշել, թե երբ է լրացուցիչ հայցադիմում ներկայացրել: Այդ ժամանակ Գ.Հեբոյանի հետ անձամբ խոսակցություն չի ունեցել: Այն հարցին, թե երբ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին լրացուցիչ հայցադիմում և միջնորդություն է ներկայացրել, դատարանը լրացուցիչ հայցադիմումը ընդունել է վարույթ և միացրել առաջին հայցադիմումին, իսկ իր միջնորդությանը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, չի անդրադարձել և արդյոք դա իր համար տարօրինակ չի եղել, պատասխանել է, որ դատավորը դատական նիստի ժամանակ քննարկել և դատական նիստի ժամանակ բավարարել է իր միջնորդությունը: Ինքը Գ.Հեբոյանի հետ չի բանակցել, չի համաձայնվել նրան գումար տալ: Ինքը վճիռը ստացել է 2019 թվականի մարտի 19-ին, կարդացել է այն, այնտեղ պետական տուրքի մասին անդրադարձ չի եղել: Գումարի մասին Գ.Հեբոյանն իրեն ասել է մարտի 06-ին: Մարտի 01-ին դատարանի դահլիճում է մոտեցել Գ.Հեբոյանին, պատասխանող կողմն արդեն դուրս էր եկել դահլիճից: Գ.Հեբոյանը դուրս է եկել դահլիճից, ապա ներս մտնելու պահին ինքը մոտեցել է Գ.Հեբոյանին, իսկ նիստերի քարտուղարը գտնվել է իրենցից 6-7 մետր հեռավորության վրա: Գ.Հեբոյանի հետ բարձր չի խոսել, հանգիստ են խոսել և Գ.Հեբոյանն այդ ժամանակ գումարի մասին որևէ ակնարկ չի արել, ասել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը կնայի ու կասի, ապա սեղանից վերցրել է օրենսգիրքը, նայել է, չի գտել հոդվածը, սակայն իրեն ասել է, որ նախապես միջնորդություն պատրաստի: Երբ ինքը միջանցքում նստած գրել է միջնորդությունը, Գ.Հեբոյանը մոտեցել է ու վկայակոչելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը՝ ասել է, որ միջնորդության մեջ վկայակոչի հիշյալ օրենքն ու միջնորդության հիմքում նշի իր առողջական խնդիրները: Գ.Հեբոյանն այդ ժամանակ գումարից չի խոսել, նա պատրաստակամ է եղել իրեն օգնել: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի մասին իրեն Գ.Հեբոյանն ասել է դատական նիստերի դահլիճից դուրս՝ դատական կարգադրիչների դիմաց դրված սեղանի մոտ: Երբ նա մոտեցել է, միջանցքում եղել են կարգադրիչներ: Հաջորդ անգամ ինքը ներկայացել է դատարան և բերել բժշկական փաստաթղթեր: Ինքն ու Գ.Հեբոյանը կրկին զրուցել են նույն սեղանի մոտ, իր հիշելով՝ մարդիկ եղել են այդտեղ: Գումարի մասին խոսակցությունը եղել է հենց այդ սեղանի մոտ: Կաշառքի առաջարկը եղել է Գ.Հեբոյանի կողմից: Պնդում է, որ այն չէր կարող լինել իր կողմից, քանի որ ինքը գումար չի ունեցել և Գ.Հեբոյանը պատրաստակամ է եղել օգնել իրեն: Ինքը մտածել է, որ եթե դատավորն իրեն օգնի, նրա լավության տակից դուրս կգա, կհրավիրի ինչ-որ տեղ և կհյուրասիրի նրան: Իր կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը սկզբնական շրջանում հետ են վերադարձվել՝ պետական տուրքը թերի մուծելու համար, իսկ հետո, երբ լրացուցիչ հայցի պահանջ է ներկայացրել, այն դատարանը վարույթ է ընդունել:
Այն հարցին, թե ինչպես է այդ դեպքում տեղեկացել, որ պետք է պետական տուրք վճարեր, պատասխանել է, որ իր կողմից այդ հայցադիմումը փետրվար ամսին է ներկայացվել և դատավոր Գ.Հեբոյանն իրեն հայտնել է, որ վարույթ չի ընդունել, քանի որ պետական տուրքը մուծված չի եղել: Բացի այդ, ինքը միջնորդություն է ներկայացրել՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին և դատավոր Գ.Հեբոյանը դատական նիստի ժամանակ իր միջնորդությունը բավարարել է:
ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված դիմումը մարտի 20-ին գրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ընդունարանում: Դիմումը գրելիս ինքն է մտքերը շարադրել, սակայն հստակ չի հիշում՝ ինչ է գրել: Դիմումը գցել է արկղի մեջ, որից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն իրեն զանգահարել և հրավիրել են իրենց մոտ: Հստակ չի հիշում իր հաղորդման բովանդակությունը: Չի հիշում, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենք քանի անգամ է գնացել, հնարավոր է՝ 5-6 անգամ հրավիրել են: Տարիքի հետ կապված՝ հիշողության խնդիրներ ունի:
Չի հիշում, թե նախկինում Գ.Հեբոյանի և Վ.Դանիելյանի հետ գումարային հարցեր ունեցել է, թե ոչ: Չի հիշում՝ հաղորդման մեջ գրել է արդյոք նախկինում Գ.Հեբոյանի կողմից իրենից կաշառք պահանջելու և ստանալու մասին: Այն գումարը, որը գցել է Վահագն Դանիելյանի մեքենայի ապակուց ներս, չի եղել փաթեթավորված, պարզապես ծալված ու իր գրպանում դրված է եղել: Նախկինում եղել է դեպք, եթե չի սխալվում՝ 2012 կամ 2013 թվականին, քաղաքացիական գործով Գ.Հեբոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ, սակայն դատավոր Գ.Հեբոյանին չեն ենթարկել կարգապահական տույժի: Այդ հանգամանքն իր համար վերջին գործով նշանակություն չի ունեցել, քանի որ համարել է, որ դա սովորական աշխատանքային գործընթաց է:
Գ.Հեբոյանի հետ կապված նախկինում եղել են դեպքեր, որոնց մասին չի ցանկանում ներկայումս բարձրաձայնել, քանի որ այդ մասով ինքը պատրաստվում է դիմել պատկան մարմինների և չի ցանկանում, որպեսզի իր հայտնած տեղեկությունները հետագայում օգտագործվեն իր դեմ:
Մարտի 06-ին իրենք համաձայնության չեն եկել, իսկ մարտի 18-ին ինքը Գ.Հեբոյանին խոստացել է ինչ-որ բան անել՝ գումարը հայթայթելու համար: Ինչ-որ բան անել ասելով՝ ի նկատի չի ունեցել իր կողմից ցուցմունքով հայտնած՝ Գ.Հեբոյանին պատիվ տալը. դա ցանկացել է անել մինչև մարտի 06-ը: Այնուհետև, մտածել է մի բան խոստանալ Գ.Հեբոյանին, որպեսզի նա պետական տուրքը չթողնի իր վրա: Իր խոսքից հետո Գ.Հեբոյանի մոտ ձևավորվել է վստահություն, որ ինքը կբերի գումարը: Իր և Գ.Հեբոյանի միջև եղել են վստահելի հարաբերություններ, հակառակ դեպքում՝ Գ.Հեբոյանն իրենից գումար չէր պահանջի:
Իր հաղորդման մեջ նշված՝ Գ.Հեբոյանի վերաբերյալ նախկին դեպքերը չի կարող հիշել, թե որ քաղաքացիական գործերի շրջանակներում են եղել: Իր կողմից ներկայացված հայցադիմումները կազմվում են հիմնականում իր կողմից: Սույն գործով փաստաբանի չի դիմել, վերջին պահին դիմել է, սակայն նա այլ գործով դատական նիստի է մասնակցել և չի ներկայացել դատական նիստին: Իրեն պետական տուրքի վճարումից ազատելը դատավոր Գագիկ Հեբոյանը կատարել է օրենքի շրջանակներում: Նախկինում ի վնաս իրեն կայացված վճիռներից մեկը բողոքարկել է, իսկ մյուսները չի բողոքարկել և չի կարող նշել, թե ինչ պատճառով չի բողոքարկել, չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին:
Երբ ինքը գումարը գցել է Վ.Դանիելյանի մեքենայի մեջ, վերջինս կանգնած է եղել աստիճանների վրա՝ դռան մոտ: Նա կանգնած մնացել է մինչև վերջ: Գտնում է, որ Վահագն Դանիելյանը տեղյակ է եղել գումարի մասին, իմացել է, թե ինչի համար է այն նախատեսված և որքան է կազմում, այլապես, երբ ինքը մոտեցել է նրան, նա իրեն չէր հորդորի գումարը գցել մեքենայի մեջ:
Երբ Գ.Հեբոյանն իրենից առաջին անգամ գումար է պահանջել, ինքն անմիջապես չի որոշել հաղորդում տալ, քանի որ ինքն այդ օրը վատառողջ է եղել: Բացի այդ, ամեն ինչ թողել է Աստծո հույսին, սպասել է վճռի հրապարակմանը, սակայն, երբ մարտի 18-ին վճիռը չի հրապարակվել, ինքն այդ ժամանակ հասկացել է, որ առանց իր միջամտության վճիռն իր օգտին չի կայացվի:
Իր գույքի և դրամական միջոցների վրա 2015 թվականից կալանք է դրված եղել, որը հանվել է 2019 թվականի մայիսի 02-ին: Չգիտի, թե իր գույքի վրա եղած արգելանքն ինչ կարգով է հանվել, առաջարկում է տվյալ դատավորին հարցնել այդ մասին:
Երբ Գ.Հեբոյանը դատական նիստի ժամանակ բավարարել է իր միջնորդությունը՝ պետական տուրքը հետաձգելու մասին, ինքն այս պահին չի հիշում՝ այդ միջնորդությունը բավարարելու մասին դատական ակտ կայացվել է, թե ոչ, սակայն պնդում է, որ Գ.Հեբոյանը բավարարել է իր միջնորդությունը, քանի որ հակառակ դեպքում իր հայցադիմումը կվերադարձվեր: Նախկինում Վահագն Դանիելյանի հետ հանդիպումներ չի ունեցել, պարզապես բարևել են միմյանց: Մինչ այս դեպքը՝ շփում չի ունեցել նրա հետ, սակայն, քանի որ շատ է եղել դատարաններում, այնտեղ է տեսել նրան ու տեղեկացել է, որ Վ.Դանիելյանը փաստաբան է:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.6. Դատարանը, հաշվի առնելով, որ վկա Բենիկ Հարությունյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, հրապարակել է վկայի նախաքննական ցուցմունքները:
Վկա Բենիկ Հարությունյանը 2019թ. մարտի 28-ին ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն կասկածյալի կարգավիճակ տալու հետ համամիտ չէ, քանի որ ինքն է նախատեսել և իր կամքով դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի վերականգնվի արդարությունը: Եթե ինքը ցանկություն ունենար դատավորին կաշառք տալ, ապա չէր դիմի իրավապահ մարմիններին: Վաղուց է ճանաչում Գ.Հեբոյանին, նա իր հետ կապված բազմաթիվ դատական գործեր է քննել: Թիվ ԿԴ3/0401/18 քաղաքացիական գործով ինքը հայց է ներկայացրել դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեր «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության և Օ.Հարությունյանի միջև կնքված՝ թվով 4 փոխառության պայմանագրերը, որով իբր Օ.Հարությունյանը 166 միլիոն ՀՀ դրամ փոխառության գումար է հանձնել «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը: Իր կողմից ներկայացված հայցի մեջ նշել է նաև, որ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության և Օ.Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը անվավեր ճանաչվի: Հայտնել է, որ թե՛ ներկայումս, թե՛ նախկինում, հանդիսացել է «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության 26 տոկոսի բաժնետերը, իսկ իր եղբայրը՝ Օ.Հարությունյանը, հանդիսացել է 74 տոկոսի բաժնետերը: Հարկային մարմինները մոտ 340 միլիոն ՀՀ դրամի ակտ են գրել իրենց ընկերության վրա, քանի որ ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Առաքելյանի կողմից փոխառության պայմանագրերը ցույց չեն տրվել հարկային հաշվետվություններում: Նշված 340 միլիոն ՀՀ դրամից շուրջ 170 միլիոն ՀՀ դրամը կազմել են տույժ-տուգանքները: Այդ գումարները փաստացի պետք է վճարեր Ս.Առաքելյանը, և ինքը դատարանից խնդրել է, որ այդ 170 միլիոն ՀՀ դրամը բռնագանձվի Սեյրան Առաքելյանից: Ինքը պետք է վճարեր այդ 170 միլիոն ՀՀ դրամի 2 տոկոսը՝ որպես պետական տուրքի գումար, որը կազմում էր 3 միլիոն 400 հազար ՀՀ դրամ: Ինքն այդ գումարը չի ունեցել:
Ինքը դատավոր Գ.Հեբոյանի վերաբերմունքից հասկացել է, որ իր հայցը մերժվելու է և հերթական դատական նիստի ընդմիջման ժամանակ՝ 2019թ. մարտի 1-ին, ինքը Գագիկ Հեբոյանին խնդրել է հնարավորության դեպքում իրեն ազատել պետական տուրքի վճարումից: Դատավոր Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ ներկայացնի իր հիվանդությունների վերաբերյալ փաստաթղթեր և միջնորդության մեջ նշի, որ իր սոցիալական վիճակը լավ չէ և այդ հիմքով իրեն կազատեն պետական տուրքի վճարումից: 2019թ. մարտի 04-ին իր առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ: Ինքը բազմաթիվ հիվանդություններ ունի, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի ուռուցք: Հաշվի առնելով, որ իր հիվանդության վերաբերյալ փաստաթղթերն իր մոտ չի պահում, դրանք հիվանդանոցներից է հավաքել և ներկայացրել, ուստի առողջական վիճակի պատճառով չի կարող դրանք կրկին վերցնել հիվանդանոցից: 2019թ. մարտի 04-ին բժշկական փաստաթղթեր է ներկայացրել դատարան, միաժամանակ, գրասենյակի աշխատակցին ասել է, որ ցանկանում է տեսնել դատավոր Գագիկ Հեբոյանին: Մի քանի րոպե անց, Գ.Հեբոյանը իջել է առաջին հարկ, և ինքը նրան ասել է, որ բժշկական փաստաթղթերը ներկայացրել է և մեկ անգամ ևս խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից: Միաժամանակ, հարցրել է, թե նրա լավության դիմաց ինչպես վարձահատույց լինի, սակայն ամենևին նպատակ չի ունեցել նրան կաշառք տալը, այլ ինքն իր մեջ մտածել է՝ ինչ-որ ձևով լավություն անել դատավորին, ինչ-որ տեղ հյուրասիրել նրան: Ի զարմանս իրեն՝ դատավոր Գ.Հեբոյանն ասել է, որ ինքը պետք է պետական տուրքի 50 տոկոսը տա նրան, որը կազմել է 3500 ԱՄՆ դոլար և ասել է, որ այդ գումարը տալու դեպքում պետական տուրքն իր վրայից կհանի: Ինքն ասել է, որ այդքան գումար չունի, խնդրել է, որ գումարի չափը փոքր-ինչ նվազեցնի, որից հետո դատավոր Գ.Հեբոյանն ասել է, որ մինչև վճռի կայացումը պետք է գոնե 2500 ԱՄՆ դոլար գումար տա: Ինքը ստիպված, այլ ելք չունենալով՝ ասել է, որ կտեսնի, թե ինչ կարող է անել: Դատավոր Գ.Հեբոյանի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ինքը համաձայնվել է, քանի որ ինքը նրա ասածին հավանություն է տվել, նշել է, որ նրա առաջարկին հավանություն է տվել, բայց ինքն իր մեջ իմացել է, որ այդ գումարը չի կարող տալ և քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, օրենքն աշխատում է, իսկ Գ.Հեբոյանի պես մարդիկ համակարգի անվան հետ են խաղում, որոշել է դիմել իրավապահ մարմիններին՝ արդարությունը վերականգնելու համար, որպեսզի մյուսներն էլ տեսնեն, որ պետք է արդար դատավճիռ կայացնել: Քանի որ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի պատճառով ցավեր է ունեցել, այդ օրը, ինչպես նաև դրա հաջորդ օրը եղել է անկողնային վիճակում, որի պատճառով չի կարողացել ժամանակին դիմել իրավապահ մարմիններին, իսկ երբ արդեն իր վիճակը մի փոքր կայունացել է, որոշել է դիմել իրավապահ մարմիններին: Քանի որ ցավերը լիովին չէին անցել և մեքենայով պետք է գար Երևան, որովհետև որոշել էր դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որոշել է մեկ-երկու օր իր վիճակն ավելի կայունացնել, որպեսզի ճանապարհին խնդիրներ չունենա: Եթե առողջական խնդիրներ չունենար, ապա մարտի 04-ին էլ կդիմեր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Մինչև 2019թ. մարտի 20-ը՝ ՀՀ ԱԱԾ դիմելը, մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գնացել է դատարան: Սկզբում գրասենյակում, այնուհետև նաև՝ ընդունարանից տեղեկացել է, որ իր վճիռը դեռևս պատրաստ չէ և այն պատրաստ կլինի հաջորդ օրը՝ նույն ժամին: Միաժամանակ, Գ.Հեբոյանն իրեն հարցրել է, թե երբ կլինի նրա պահանջած 2500 ԱՄՆ դոլար գումարը: Քանի որ ինքն արդեն որոշել էր դիմել ՀՀ ԱԱԾ-ին, պատասխանել է, որ մոտ օրերս կաշխատի այդ գումարը բերել, իսկ Գ.Հեբոյանն ասել է, որ մինչև շաբաթվա վերջ պետք է աշխատի գումարը բերել: Հաջորդ օրը ինքը գնացել է դատարան, ստացել է վճիռը և տեսել, որ Գ.Հեբոյանն իրեն ազատել է պետական տուրքի վճարումից: Հաստատ կարող է ասել, որ նա իրեն հենց այնպես պետական տուրքի վճարումից ազատել չէր կարող, նա իրեն պետական տուրքի վճարումից ազատել է՝ պահանջած կաշառքի համար, համոզված լինելով, որ ինքն այդ գումարը կտանի: Բացի այդ, այլ ընթացիկ հայցեր ևս ինքն ունեցել է այդ դատարանում այլ դատավորների վարույթում, և եթե ինքն իր խոստումը չկատարեր, ապա Գ.Հեբոյանը, իր ազդեցությունն օգտագործելով, իրեն վնաս կտար:
2019թ. մարտի 20-ին դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և հաղորդում տալով՝ պատմել է կատարվածի մասին: Իր դիմումը գցել է ՀՀ ԱԱԾ-ի ընդունարանի արկղի մեջ, սակայն իրեն կանչել են մարտի 25-ին: Այդ ժամանակ է հաղորդում և բացատրություն տվել, իսկ մինչ այդ, ժամանակ շահելու համար է գնացել դատարան, Գ.Հեբոյանին խնդրել է, որ նրա պահանջած 2500 դոլարը տալը մի քանի օր ևս հետաձգի: Գ.Հեբոյանն այդ հանգամանքը տհաճությամբ է ընդունել՝ ասելով, որ այդ գումարի հարցով այլևս իր մոտ չգնա, այլ գնա Եղվարդի դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Դանիելյանի մոտ և 2500 ԱՄՆ դոլարը տա նրան: Ինքը հասկացել է, որ այդ ամենի մասին Գ.Հեբոյանը պատմել է Վահագնին: ՀՀ ԱԱԾ-ում հաղորդում և բացատրություն տալուց հետո համապատասխան միջոցառման ժամանակ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն իր վրա տեղադրել են հատուկ տեսագրող և ձայնագրող սարք, իրեն տվել են մշակված 25 հատ 100 ԱՄՆ դոլար թղթադրամներ, որոնք ինքը վերցրել և դրել է իր տաբատի գրպանը:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ի սահմաններում, գնացել է Վ.Դանիելյանի գրասենյակ: Վ.Դանիելյանը այնտեղ չի եղել: Մի փոքր սպասելուց հետո տեսել է, որ Գ.Հեբոյանը եկել է դատարան: Մոտեցել է, որ տեսնի Գ.Հեբոյանին, սակայն կարգադրիչներից մեկն իրեն ասել է, որ գնա Վահագնի գրասենյակի երկրորդ հարկ: Դրանից հետո բարձրացել է երկրորդ հարկ, տեսել է 40-45 տարեկան մի կնոջ, ում տվյալները չգիտի, սակայն նա ևս փաստաբան է եղել: Այդ կնոջն ասել է, որ Գ.Հեբոյանի պահանջով պետք է փաստաբան Վահագնին 2500 ԱՄՆ դոլար տա: Կինը հարցրել է, թե այդ ինչ գումար է, ինքն էլ պատասխանել է, որ Գ.Հեբոյանն է պահանջել: Նա իրեն հարցրել է՝ միգուցե պետական տուրքի մասնակի մարում է, իսկ ինքը պատասխանել է, որ չի կարծում, սակայն եթե գումարը պետական տուրքի մասնակի մարում է համարվում՝ ուրեմն այդպես է: Այդ բառերն ինքը մոտավոր է հիշում, սակայն բովանդակությունը դա է եղել: Դրանից հետո այդ կինն ասել է, որ գումարը թողնի Վահագնի քարտուղարի մոտ և գնա, իսկ մինչ այդ, Վահագնի քարտուղարը զանգահարել է Վահագնին: Վահագնը, իմանալով որ ինքն է, ասել է, որ մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, կարող է հանդիպել նրան:
Հաջորդ օրը գումարով և սարքավորումներով գնացել է Վահագնի մոտ, նրան ասել է, որ 2500 ԱՄՆ դոլարը բերել է: Նա սկզբում որևէ բան չի ասել, բայց ինքը հասկացել է, որ նա լարվել է և անընդհատ դուրս է նայել: Այդ ժամանակ հասկացել է, որ Վահագնը տեղյակ է, որ իր տված գումարը Գ.Հեբոյանի պահանջած կաշառքն է: Իրենք միասին դուրս են եկել, և նա, մեկ անգամ ևս չորս կողմը նայելով, ասել է, որ գումարը տանի և գցի ավտոմեքենայի վարորդի կողմի հետևի ապակուց ներս, որը մի փոքր բաց է: Ինքը կատարել է Վահագնի ասածը: Գումարը մեքենայի մեջ գցելուց հետո վերադարձել ու հարցրել է Վահագնին, թե կարող է 2 կամ 3 ժամից կրկին մոտենալ՝ տեղեկանալու համար, թե նորմալ է ամեն բան, ինչին վերջինս տվել է դրական պատասխան: Վահագնը իր ականջին է ասել, որ ինքը գումարը տանի և գցի ավտոմեքենայի պատուհանից ներս, իսկ նրա ավտոմեքենան կանգնած է եղել գրասենյակի կողքին: Վահագնը հաստատ տեղյակ է եղել, որ այդ 2500 ԱՄՆ դոլարը Գ.Հեբոյանի պահանջած կաշառքի գումարն է, որովհետև, եթե նա անտեղյակ լիներ, ապա հանգիստ կվերցներ այդ գումարը՝ որպես պետական տուրքի մարում կամ կհարցներ, թե ինչ գումար է, կամ կզարմանար, կամ դատավորից կճշտեր, այլ ոչ թե գաղտագողի, վախեցած կողքից կդիտեր ու կասեր, որ գումարը նրա մեքենայի պատուհանից ներս գցի:
Այն տաբատը, որը եղել է իր հագին և որի գրպանում եղել է գումարը, չի լվացվել և լրացուցիչ կներկայացնի քննությանը: Երբ Վահագնի պահանջով 2500 ԱՄՆ դոլար գումարը գցել է նրա ավտոմեքենայից ներս, մի քանի ժամ անց, նորից գնացել է Վահագնի մոտ, հարցրել է՝ ամեն ինչ նորմալ է, թե ոչ: Վերջինս իրեն հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է, ինչի տակ ինքը հասկացել է, որ կամ գումարն արդեն փոխանցել է Գ.Հեբոյանին, կամ նրան հայտնել է, որ ինքը գումարը բերել է:
(տե՛ս հատոր 1. գ.թ. 128-131)
Վկա Բենիկ Հարությունյանը 2019թ. ապրիլի 03-ին ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն իր նախաձեռնությամբ է դիմել իրավապահ մարմիններին՝ արդարությունը վերականգնելու համար, ինքն իր նախաձեռնությամբ է համագործակցել հանցագործության բացահայտմանը, իրեն որևէ մեկը չի հորդորել դիմել իրավապահներին, այլ դա իր կամքով է կատարել: Եթե ինքը չդիմեր իրավապահներին, ապա ոչ ոք չէր իմանա, որ դատավոր Գ.Հեբոյանը իրենից առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել՝ իր քաղաքացիական հայցով՝ 3,4 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրքը չեղարկելու համար: Մեղադրանքի որոշման մեջ գրված է, որ ինքը խոստացել է Գ.Հեբոյանի պահանջած 2500 ԱՄՆ դոլար կաշառքը տալ 2019թ. մարտի 04-ին, ինչն այդպես չէ: Ինքն ինչպես կասկածյալ, այնպես էլ որպես մեղադրյալ ցուցմունք է տվել այն մասին, որ երբ Գ.Հեբոյանի պահանջով 2019թ. մարտի 04-ին դատարան է տարել իր հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը, այն տարել է գրասենյակ, տվել է գրասենյակի աշխատողին, միաժամանակ, խնդրել է, որ դատավոր Գ.Հեբոյանին ասի, որ վերջինս իջնի ներքև: Քիչ անց դատավորը եկել է առաջին հարկ, ինքը միջանցքում տեսել է նրան ու ասել, որ պետական տուրքից ազատելու համար պահանջված հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը բերել է, իսկ պետական տուրքից ազատելու վերաբերյալ միջնորդությունն արդեն գրել էր: Գ.Հեբոյանն ասել է, որ 3,4 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրքից ազատելու համար նրան պետք է տա այդ գումարի կեսը, որը կազմում է 3500 ԱՄՆ դոլար: Մինչ Գ.Հեբոյանի կողմից այդ գումարն ուզելը՝ ինքը Գ.Հեբոյանին հարցրել է, թե ինչպես դուրս գա նրա լավության տակից և ինչպես վարձահատույց լինի, սակայն նպատակ չի ունեցել նրան կաշառք առաջարկել, այլ դա ասելով՝ ի նկատի է ունեցել շատ թեթև, ինչ-որ սիմվոլիկ բան, մասնավորապես՝ ինչ-որ տեղ, այդ թվում՝ իրենց տանը, նրան հյուրասիրելը: Երբ ինքը Գ.Հեբոյանին հարցրել է, թե ինչպես պետք է վարձահատույց լինի, վերջինս, ի զարմանս իրեն՝ իրենից 3500 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել, ինչին ի պատասխան՝ ինքն ասել է, որ գումար չունի, ինչից հետո Գ.Հեբոյանն ասել է, որ գոնե մինչև վճիռ կայացնելը պետք է 2500 ԱՄՆ դոլար կաշառք տա իրեն: Նրա այդ պահանջին ինքը համաձայնություն չի տվել:
2019թ. մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երբ գնացել է դատարան, դահլիճի մոտ հանդիպել է դատավոր Գ.Հեբոյանին, ով ասել է, որ վճիռը պատրաստ չէ, չնայած մարտի 01-ի դատական նիստին նա հայտարարել է, որ վճիռը կհրապարակվի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ից 18:00-ը: Գ.Հեբոյանը նաև ասել է, որ հաջորդ օրը ինքը գնա վճռի հետևից, միաժամանակ, նա հարցրել է, թե ինչ եղավ գումարը: Ինքը, մտածելով, որ նա սպասում է գումարին, որ իրեն ազատի պետական տուրքից, ասել է, որ մինչև շաբաթվա վերջ գումարը կլինի, ինչից հետո Գ.Հեբոյանն ասել է, որ եթե այդպես է, այլևս իր հետ գործ չունենա, գումարը լինելու դեպքում գնա դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Դանիելյանի մոտ և այդ գումարը տա նրան: Նա ասել է, որ այդ մասին կտեղեկացնի Վահագնին: Դրանից հետո՝ մինչև 3 օրը լրանալը, ինքը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ասել, որ դատավոր Գ.Հեբոյանն իրենից կաշառք է պահանջում, այսինքն՝ ինքը Գ.Հեբոյանին կաշառք տալու խոստում տվել է 2019թ. մարտի 18-ին: Իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում ինքը 2500 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի գումարը տվել է փաստաբան Վահագնին, գումարը տալու մանրամասնությունների մասին նախկին ցուցմունքում նշել է: Վ.Դանիելյանն այդ ամենից տեղյակ է եղել, նա գաղտագողի է գումարը վերցրել՝ իրեն ասելով, որ այդ գումարը գցի մեքենայի պատուհանից ներս: Այսքանից հետո իրեն անհիմն մեղադրանք է առաջադրվել, և եթե իրեն առաջադրված մեղադրանքն իր վրայից չհանեն, ինքը հրաժարվում է որևէ մեկի հետ առերես հարցաքննվելուց, ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
(հատոր 2, գ.թ. 31-33)
Վկա Բենիկ Հարությունյանը 2019թ. ապրիլի 17-ին ցուցմունք է տվել այն մասին, որ 2019թ. մարտի 04-ին գնացել է հիվանդանոց՝ իր բժշկական փաստաթղթերի հետևից, սակայն դրանք դատարան է տարել մարտի 06-ին և քանի որ մարտի 04-ին է գնացել հիվանդանոց, դա է եղել պատճառը, որ օրը շփոթել է և իր ցուցմունքում, որպես փաստաթուղթը տանելու օր, նշել է 2019թ. մարտի 04-ը: Իրականում մարտի 06-ին՝ մինչև կեսօր է տարել փաստաթուղթը, որից հետո, որքանով հիշում է, իգական սեռի դատական կարգադրիչի միջոցով կանչել է դատավոր Գ.Հեբոյանին, ում հետ զրուցել է և ասել, որ բժշկական փաստաթղթերը բերել է, իսկ նա մոտ 3,4 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրքից իրեն ազատելու համար իրենից պահանջել է 3500 ԱՄՆ դոլար: Երբ ինքն ասել է, որ չունի այդքան գումար, Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ գոնե մինչև վճռի հրապարակումը իրեն պետք է 2500 ԱՄՆ դոլար կաշառք տա:
Պատասխանելով այն հարցին, թե նախկինում նշել է, որ մարտի 06-ին դատավոր Գ.Հեբոյանին կանչել ու զրուցել է գրասենյակի աշխատակցի միջոցով, իսկ այժ նշում է, որ իգական սեռի դատական կարգադրիչի միջոցով է կանչել, հայտնել է, որ հաստատապես չի կարող հիշել, թե ում միջոցով է կանչել, սակայն որքանով հիշում է՝ իգական սեռի դատական կարգադրիչի միջոցով է կանչել նրան: Այն, որ նախկինում հայտնել է, թե Գ.Հեբոյանն իրենից կաշառք է պահանջել և ինքը չի համաձայնվել ու սակարկություններ անելուց հետո ինքը փաստացի համաձայնվել է Գ.Հեբոյանին տալ 2500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ հետագայում նշել է, որ կաշառք տալու համաձայնությունը տվել է միայն 2019թ. մարտի 18-ին, երբ հերթական անգամ դատարանում հանդիպել է Գ.Հեբոյանին, այդ մասին զրուցել է նրա հետ, պատասխանել է, որ նախկինում չի կարողացել շարադրել իր մտքերը. երբ 2019թ. մարտի 06-ին Գ.Հեբոյանն իրենից 3500 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք է պահանջել, այդ ժամանակ ինքը փաստացի համաձայնություն չի տվել, այլ հակառակը, ասել է, որ այդքան գումար չունի: Նա է իրեն ասել, որ 2500 ԱՄՆ դոլար բերի, հակառակ դեպքում՝ պետական տուրքից չի ազատի, ինչին ինքը չի համաձայնվել և չի հասկացել, թե ինչպես է ստացվել, որ որպես կասկածյալ տված ցուցմունքում և դրանից առաջ տված հաղորդման և բացատրության մեջ նշել է, որ մի բան կանի: Կրկնում է, որ դրանք եղել են իր մտքերը ոչ ճիշտ շարադրելու արդյունք: Մեկ անգամ ևս նշում է, որ մարտի 18-ին, երբ գնացել է վճիռը վերցնելու, Գ.Հեբոյանն իրեն հարցրել է, թե ինչ եղավ գումարը և հայտնել է, որ վճիռը դեռ պատրաստ չէ: Ինքն այդ ժամանակ հասկացել է, որ մինչև նրա կողմից պահանջած 2500 ԱՄՆ դոլար գումարը չտա, նա իրեն պետական տուրքից չի ազատի, և այդ օրը կաշառք տալու նրա պահանջը ստիպված ընդունել է՝ հասկանալով, որ եթե կաշառքը չտա, իրեն պետական տուրքից չեն ազատի: Բացի այդ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ինքն այլ գործեր ուներ և եթե չհամաձայնվեր կաշառք տալ, ապա Գ.Հեբոյանը իրեն և՛ պետական տուրքից չէր ազատի, և՛ իր գործընկերներին կասեր, որ ի վնաս իրեն վճիռ կայացնեին: Ըստ իրեն՝ Գ.Հեբոյանն իրեն պետական տուրքից ազատել է օրինական ճանապարհով: 2019թ. մարտի 18-ին Գ.Հեբոյանին կաշառք տալու համաձայնություն տալուց հետո ինքը եռօրյա ժամկետում դիմել է իրավապահ մարմնին ու պատմել կատարվածի մասին, աջակցել և օգնել է բացահայտել հանցագործությունը:
(տե՛ս հատոր 2, գ.թ. 267- 269)
Վկա Բենիկ Հարությունյանը 2019թ. ապրիլի 18-ին Վահագն Դանիելյանի հետ առերես հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանի վարույթում է քննվել իր կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության և Օ.Հարությունյանի միջև կնքված թվով 4 փոխառության պայմանագրերը, ինչպես նաև «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության և Օ.Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քանի որ հարկային մարմինները մոտ 340 միլիոն ՀՀ դրամի ակտ են գրել իրենց ընկերության վրա՝ ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Առաքելյանի կողմից հարկային հաշվետվությունները ցույց չտալու պատճառով: Նշված 340 միլիոն ՀՀ դրամից շուրջ 170 միլիոն ՀՀ դրամը կազմել են տույժ-տուգանքները և հայցադիմումում խնդրել է հիշյալ գումարները բռնագանձել Ս.Առաքելյանից: Որպես պետական տուրքի գումարը՝ ինքը պետք է վճարեր այդ 170 միլիոն ՀՀ դրամի 2 տոկոսը, որը կազմում էր 3 միլիոն 400 հազար դրամ: Գործի քննության ընթացքում դատավոր Գագիկ Հեբոյանին խնդրել է հնարավորության դեպքում իրեն ազատել պետական տուրքի վճարումից: Դատավոր Գ.Հեբոյանն իրենից մինչև վճռի հրապարակումը 3500 ԱՄՆ դոլար է պահանջել և ասել է, որ այդ գումարը տալու դեպքում պետական տուրքն իր վրայից կհանի: Վճռի հրապարակման օրը՝ 2019թ. մարտի 18-ին, գնացել է դատարան, հանդիպել է դատավոր Գ.Հեբոյանին, ով հայտնել է, որ չի հասցրել վճիռը կայացնել, միևնույն ժամանակ, նա հարցրել է, թե երբ կարող է տալ 2500 ԱՄՆ դոլարը: Հասկանալով, որ այդ գումարից է կախված իր օգտին վճիռ կայացնելը, ստիպված ասել է, որ կաշխատի մինչև շաբաթվա վերջ բերել գումարը: Դատավոր Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ գումարը տանի և դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Դանիելյանին տա: Սկզբում չի հասկացել, թե ում մասին է խոսքը, և դատավոր Գ.Հեբոյանն իրեն հայտնել է, որ վերջինս աշխատում է դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակում: 2019թ. մարտի 26-ին ինքը գնացել է դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակ, հարցրել է Վահագնին: Նրա օգնականը հեռախոսազանգի միջոցով կապվել է նրա հետ, հայտնել է, որ Բենիկն է եկել, իսկ Վահագնը օգնականի միջոցով իրեն փոխանցել է, որ այցելի հաջորդ օրը՝ ժամը 12:00-ին:
Հաջորդ օրը՝ մարտի 27-ին, ինքը գնացել է Վահագնի գրասենյակ: Նրան հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանն է իրեն ուղարկել, 3,4 միլիոն ՀՀ դրամ պետական տուրքից իրեն ազատելու դիմաց 2500 ԱՄՆ դոլար է պահանջել և ասել, որ այդ գումարը տա իրեն: Սկզբում Վահագնը ձևացրել է, որ տեղյակ չէ՝ նշելով, որ Գ.Հեբոյանն իրեն ոչինչ չի ասել, սակայն, երբ ինքը հայտնել է, որ գումարը բերել է, Վահագնը մի քանի անգամ ներսուդուրս է արել, իրեն ասել է, որ գումարը տանի ու գցի իր ավտոմեքենայի հետևի պատուհանից ներս: Գումարը տարել է, գցել Վահագնի ավտոմեքենայի հետևի լուսամուտից ներս, այնուհետև վերադարձել է Վահագնի մոտ, հարցրել նրան, թե կարող է արդյոք 2 կամ 3 ժամից կրկին վերադառնալ՝ պարզելու համար, թե արդյոք ամեն բան կարգին է: Այսինքն՝ ցանկացել է ճշտել, թե արդյոք գումարը հասել է Գ.Հեբոյանին: Վահագնը տվել է դրական պատասխան: Այնուհետև, 3 ժամից հանդիպել է Վահագնին, հարցրել է այդ մասին, իսկ Վահագնը տվել է դրական պատասխան, որից հետո ինքը հեռացել է:
Վահագն Դանիելյանը, լսելով իր հետ առերես հարցաքննվող Բենիկ Հարությունյանին, հայտնել է, որ Գագիկ Հեբոյանին կաշառք տալու վերաբերյալ Բենիկ Հարությունյանն իրեն ոչինչ չի հայտնել և օգտվելով իր դատավարական իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
Վահագն Դանիելյանի այն հարցին, թե ինչպես է Բենիկ Հարությունյանն առանց իրեն ճանաչելու համաձայնվել գումար տալ, Բ.Հարությունյանը հրաժարվել է պատասխանել:
Վահագն Դանիելյանը հայտարարել է, որ շատ հարցեր ունի տալու, սակայն, հաշվի առնելով, որ Բ.Հարությունյանը հրաժարվում է դրանց պատասխանել՝ նպատակահարմար չի գտնում նրան հարցեր տալ:
(տե՛ս հատոր 2, գ.թ. 288-290)
Վկա Բենիկ Հարությունյանը 2019թ. ապրիլի 30-ին ցուցմունք է տվել այն մասին, որ սույն քրեական գործով հարցաքննվել է որպես կասկածյալ և մեղադրյալ, իր կողմից մեղադրյալի կարգավիճակում տված ցուցմունքը պնդում է, պատրաստ է առերես պնդել իր ցուցմունքները Գագիկ Հեբոյանին և Վահագն Դանիելյանին:
Գագիկ Հեբոյանը ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործով մոտ 3.5 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրքը չեղարկելու դիմաց 2019թ. մարտի 06-ին իրենից Եղվարդի դատարանում պահանջել է 2500 ԱՄՆ դոլար, իսկ մարտի 18-ին ինքը գնացել է վճռի հետևից, նա իրեն հարցրել է, թե ինչ եղավ գումարը, որից հետո ասել է, որ գումարը փաստաբան Վահագնին տա: Սկզբից չի մտաբերել, թե ով է Վահագն Դանիելյանը, Գագիկ Հեբոյանին հարցրել է, թե ինչ Վահագն Դանիելյանի մասին է խոսքը, իսկ նա պատասխանել է, որ դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակի 2-րդ հարկում է նա, որտեղ իրեն սպասում են: Գնալով այնտեղ՝ ինքը տեսել է մի կնոջ, հայտնել է իր գալու նպատակի մասին, ասել է, որ Գ.Հեբոյանն է ուղարկել, պետական տուրքից իրեն ազատելու դիմաց նրա պահանջած գումարն է բերել, սակայն այդ կինը կարծես թե իրեն չի հավատացել, խառը հարցեր է տվել, այդպես էլ իրենից գումար չի վերցրել և իմանալով, որ պետք է Վահագնի մոտ գնար, ասել է, որ գնա նրա օգնականի մոտ, սակայն ինքն այդպես էլ նրա օգնականի մոտ չի գնացել, որոշել է հաջորդ օրը գնալ Վահագնի մոտ: Այդ կինն իրեն ասել է, որ երևի պետական տուրքը մարելու մասին է խոսքը:
Հաջորդ օրը Վահագնի նշած ժամին՝ ժամը 12:00-ին, ինքը գնացել է նրա մոտ, նրան պատմել է իր գալու նպատակի մասին, ասել է, որ Գ.Հեբոյանն է ուղարկել և որքան գումար պետք է տա Գ.Հեբոյանին: Վահագնը սկզբում այս կամ այն կողմ է նայել, սկզբում պատուհանից է նայել, որից հետո դուրս է եկել: Երբ դուրս է եկել գրասենյակի մուտքի դռնից, նա մոտեցել է իրեն ու շշուկով ասել, որ գումարը տանի և գցի ավտոմեքենայի պատուհանից ներս: Ինքն էլ Վահագնին ասել է, որ երկու կամ երեք ժամից կգա՝ տեսնելու համար, թե արդյոք ամեն ինչ նորմալ է՝ նպատակ ունենալով իմանալ, թե գումարն արդեն տվել է Գ.Հեբոյանին կամ ասել է նրան, որ ինքն արդեն գումարը տարել է, ինչին Վահագնը համաձայնվել է: Երկու-երեք ժամից մոտեցել է Վահագնին, նա իրեն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, ինչից հետո ինքը հեռացել է:
Պատասխանելով քննիչի հարցերին՝ հայտնել է, որ ինքն ու Գ.Հեբոյանը թշնամական հարաբերություններ երբեք չեն ունեցել, ինքը երկար տարիներ է դատական գործընթացների մեջ և եթե Գ.Հեբոյանի հետ ունենար թշնամական հարաբերություններ, ապա ինքնաբացարկ կհայտներ նրան: Ինքն այդքան միամիտ չէ, որ եթե Գ.Հեբոյանի կողմից թշնամական վերաբերմունք նկատեր, թողներ, որ նա քններ իր գործը: Հակառակը, ինքն ու Գ.Հեբոյանը իրար հետ եղել են նորմալ հարաբերությունների մեջ այն աստիճանի, որ երբ ինչ-որ հարց է ունեցել, նիստից հետո կամ նիստից առաջ ուղղել է նրան կամ ինչպես կարող էր ինքը վատ հարաբերություն ունենալ նրա հետ և իր մտքով անցներ նրան տուն հրավիրել, չէ որ տուն հրավիրում են մոտ մարդկանց: Ինչ վերաբերում է նրան, որ Գ.Հեբոյանն իր պատճառով տույժ է ստացել, ապա դա սուտ է, եթե չի սխալվում՝ Գ.Հեբոյանը կարգապահական տույժի է ենթարկվել 2012թ.-ին, մեկ այլ գործով, որն իր հետ առնչություն չունի:
(տե՛ս հատոր 3, գ.թ. 192-194)
3.7. Պատասխանելով իր նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ հարցերին՝ վկա Բենիկ Հարությունյանը հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանին ասել է, որ իր օգտին վճիռ կայացնելու դեպքում նրա լավության տակից դուրս կգա, սակայն ի նկատի չի ունեցել և այդ շնորհակալությունը գումարի տեսքով չի պատկերացրել: Երբ մարտի 06-ին հանդիպել է Գ.Հեբոյանին և նրա առաջարկին համաձայնություն չի տվել, այդ ընթացքում եղել է անկողնային վիճակում, մարտի 16-ին իրեն լավ է զգացել, մարտի 18-ին գնացել է դատարան, որից հետո Գ.Հեբոյանին ասել է, որ ինչ-որ բան կանի: Իր համաձայնությունը տվել է մարտի 18-ին և մարտի 19-ին վերցրել է վճիռը: Իր մոտ ՀՀ ԱԱԾ դիմելու միտքն առաջ է եկել այն ժամանակ, երբ մարտի 18-ին Գ.Հեբոյանը չի հրապարակել վճիռը: Եթե ինքը կաշառք տալու նպատակ ունենար, ապա չէր դիմի ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Գ.Հեբոյանի առաջարկից հետո՝ մարտի 06-ին, միանգամից չի դիմել ՀՀ ԱԱԾ, քանի որ նախապես համաձայնություն չի տվել Գ.Հեբոյանի առաջարկին, իսկ մարտի 18-ին իր մոտ ծագել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն դիմելու միտքը, քանի որ գտել է, որ այլ ելք չկա:
Այն հարցին, թե դատական կարգադրիչներն իրենց ցուցմունքներով հերքել են, թե տեսել են իրեն դատարանում, այդ կապակցությամբ նշում է, որ նրանք կեղծ վկայություններ են տվել, ինքը մարտի 06-ին եղել է դատարանում և նույն օրը զրուցել է Գ.Հեբոյանի հետ: Հաստատապես պնդում է, որ միջանցքում եղել են կարգադրիչներ: Հաղորդում է ներկայացրել՝ նշելով մի քանի դրվագների մասին, սակայն մյուս դրվագների վերաբերյալ քննիչի հարցերին հրաժարվել է պատասխանել՝ օգտվելով իր դատավարական իրավունքից: Նախկինում երբևէ Գ.Հեբոյանին որևէ տեղ չի հրավիրել, իսկ թե այլ դատավորների նախկինում ճաշի հրավիրել է, թե ոչ, դա իր գաղտնիքն է: Եթե դատաքննական ցուցմունքում որոշ հանգամանքներ չի նշում, ապա չի գտնում, որ դա հակասում է իր նախաքննական ցուցմունքներին: Այն, որ նախաքննական ցուցմունքում նշել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում տալու իր գլխավոր նպատակը եղել է արդարության հաստատումը, իսկ դատաքննական ցուցմունքում նշել է, որ դրա գլխավոր պատճառը եղել է մտավախությունն առ այն, որ իր մյուս քաղաքացիական գործերով իր օգտին վճիռներ չեն կայացվի, այդ կապակցությամբ հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ դիմելու համար այդ երկու հանգամանքներն էլ առիթ են հանդիսացել: Այն, որ Վ.Դանիելյանը տեղյակ է եղել, որ ինքը կաշառքի գումար է ցանկանում փոխանցել Գ.Հեբոյանին, դա իր համոզմունքն է:
Որպես մեղադրյալ ցուցմունք տալիս հրաժարվել է հարցերին պատասխանել, քանի որ, երբ իրեն մեղադրանք են առաջադրել, ինքն իրեն վատ է զգացել, սակայն, երբ քննիչն իրեն հայտնել է, որ պետք է առերես հարցաքննվի Գ.Հեբոյանի և Վ.Դանիելյանի հետ, համաձայնվել է՝ գտնելով, որ թաքցնելու բան չունի:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է վկան դատաքննական ցուցմունքում հայտնել, որ Վ.Դանիելյանին մի քանի անգամ տեսել է դատարանում և դեմքով է ճանաչել, բարևել է, սակայն իր կողմից ներկայացված հաղորդման մեջ հայտնել է, որ Վ.Դանիելյանի միջոցով նախկինում ևս կաշառք է տվել Գ.Հեբոյանին, հայտնել է, որ այդ մասին չի ցանկանում բացատրություն տալ, իր և Վահագն Դանիելյանի հարաբերությունների մակարդակը նույնն է մնացել:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.8. Վկա Լիլիթ Մանյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: 2019թ. մարտ ամսին, հստակ օրը չի հիշում, իր հիշելով՝ մարտի վերջերին, գտնվել է գրասենյակում: Ժամը 13:00-ից 14:00-ի սահմաններում իրենց գրասենյակ է եկել անծանոթ տղամարդ, ում ինքն առաջին անգամ է տեսել: Նա Վ.Դանիելյանին է հարցրել, և Վ.Դանիելյանի օգնականը նրան ինչ-որ բան է պատասխանել ու ճանապարհել: Նույն օրը՝ մոտ 2 ժամ անց, իրեն է զանգահարել դատավոր Գ.Հեբոյանը և հարցրել՝ արդյոք ինքը տեղում է, քանի որ Վահագնը տեղում չէ և քաղաքացին խորհրդակցության կարիք ունի: Դրանից հետո իր գրասենյակ է եկել նաև դատարանի դատական կարգադրիչը՝ պարզելու համար՝ ինքը տեղում է, թե ոչ: Այնուհետև, մոտեցել է քաղաքացին, ում դեմքը ինքը հիշել է: Երբ քաղաքացին եկել է, ինքը հեռախոսով խոսելիս է եղել: Երբ ավարտել է իր հեռախոսազրույցը, հարցրել է քաղաքացուն, թե ինչ խնդիր ունի, վերջինս իրեն պատասխանել է, որ խնդիր չունի, հարց չունի, պարզապես գումար է բերել՝ դատավոր Գ.Հեբոյանին փոխանցելու համար: Ինքն ապշել է, որից հետո հարցրել է նրան, թե ունի արդյոք քաղաքացիական գործ, վերջինս պատասխանել է, որ ունի, ինքն էլ ասել է, որ միգուցե պետական տուրքի վճարում ունի կատարելու և ինչ-որ բան է շփոթում, սակայն քաղաքացին պնդել է, որ այդ գումարը պետք է տար Վահագնին և քանի որ նա տեղում չէ, դատավոր Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ մոտենա իրեն: Ինքը հարցրել է քաղաքացու անուն-ազգանունը, որից հետո ասել է, որ իրենց մոտ գումար չեն վճարում և նա պետք է գնա բանկ: Այնուհետև, փորձել է օգնել քաղաքացուն, զանգահարել է Վահագնին, վերջինս չի պատասխանել: Զանգահարել է Վահագնի օգնականին և հարցրել, թե տեղյակ է արդյոք այդ քաղաքացու այցի մասին, վերջինս իրեն հայտնել է, որ քաղաքացուն ասել է՝ հաջորդ օրը գնալ, որից հետո քաղաքացին հեռացել է:
Նշված օրը Գ.Հեբոյանն իրեն զանգահարել է երևի 2 անգամ. 1-ին անգամ անձնական հեռախոսահամարից զանգահարելով՝ ճշտել է, թե արդյոք տեղում է, որից հետո դատարանի հեռախոսահամարից զանգահարել ու հայտնել է, որ քաղաքացին ունի խորհրդատվության կարիք և քանի որ Վահագնը տեղում չէ, խնդրել է, որ ինքն ընդունի քաղաքացուն: Օգտագործում է 094-886-386 հեռախոսահամարը, այլ հեռախոսահամար չունի: Այդ քաղաքացու պահվածքից չի հասկացել, որ գումարը փաստաբան Վահագնին պետք է տա, այլ կարծել է, որ ինչ-որ բան է նա շփոթում: Այդ օրը, երբ ինքը զանգահարել է Վահագնին և վերջինս չի պատասխանել, երեկոյան նա իրեն հետ է զանգահարել, հարցրել է, թե ինչու է զանգել, ինքն էլ հայտնել է, որ Բենիկ Հարությունյանն է նրան հարցրել, նա էլ իրեն ասել է, որ չի ճանաչում Բ.Հարությունյանին և այդ մասին նրա օգնականը նույնպես նրան տեղյակ է պահել: Երբ դատավոր Գ.Հեբոյանն իրեն զանգել է, չի ասել, որ քաղաքացին ինչ-որ բան պետք է փոխանցի, պարզապես ասել է, որ քաղաքացին խորհրդատվության կարիք ունի: Բ.Հարությունյանն իրեն կաշառքի մասին որևէ բան չի ասել, ինքն էլ կարծել է, թե քաղաքացին պետական տուրքի վճարման հետ կապված ինչ-որ բան է շփոթում:
Ինքը դատավոր Գ.Հեբոյանին ճանաչում է շուրջ 20 տարի, քանի որ մինչև փաստաբանությամբ զբաղվելը աշխատել է նույն դատարանում՝ որպես դատավորի օգնական: Ճանաչելով նրան՝ բացառում է, որ Գ.Հեբոյանն իր մոտ կարող էր մարդ ուղարկել՝ գումար փոխանցելու նպատակով:
Իր գրասենյակը դատարանին մոտ է գտնվում և լինում են դեպքեր, երբ դատարանում քաղաքացիները խորհրդատվության կարիք են ունենում և նրանց հորդորում են գնալ իրենց գրասենյակ: Եղել են դեպքեր, երբ Գ.Հեբոյանն իր ազգականներին ուղարկել է իրենց գրասենյակ: Եղել են նաև դեպքեր, երբ առիթների ժամանակ դատավոր Գ.Հեբոյանն իրենց գրասենյակում սուրճ է խմել:
Իրենց գրասենյակը երկհարկանի շինություն է. առաջին հարկում, առանձին մուտքով սենյակում Վահագն է նստում, իսկ երկրորդ հարկում՝ առանձին մուտքով սենյակում՝ ինքը: Քաղաքացու այցի օրը Գ.Հեբոյանին չի տեսել իրենց գրասենյակում, և Գ.Հեբոյանը չի հետաքրքրվել, թե արդյոք քաղաքացին ինչ-որ բան թողել է գրասենյակում: Բենիկ Հարությունյանն իրեն կասկածելի չի թվացել: Այն, որ Գ.Հեբոյանը զանգահարել է իր հեռախոսահամարին, որևէ արտառոց բան չի տեսնում դրա մեջ, քանի որ ինքը փաստաբան է և իր տվյալները հասանելի են համացանցում: Իրենք ունեցել են աշխատանքային հարաբերություններ և այն, որ Գ.Հեբոյանը երբեմն եկել է իրենց գրասենյակ սուրճ խմելու, չի խոսում այն մասին, որ իրենք շատ մտերիմ հարաբերություններ ունեն: Իրենց հարաբերությունները գործնական են: Բացի այդ օրվա զանգից՝ շատ հազվադեպ, բայց եղել են դեպքեր, երբ Գ.Հեբոյանը զանգահարել է իրեն՝ իր ազգականների հետ կապված հարցերով վերջիններիս իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար:
Գ.Հեբոյանին հետագայում չի հարցրել, որ քաղաքացին չի ցանկացել խորհրդատվություն ստանալ: Գ.Հեբոյանի հետ չի պարզաբանել այդ հարցը, քանի որ քաղաքացին խոսել է պետական տուրքի մասին, ինքն էլ կարծել է, որ քաղաքացին ինչ-որ բան է շփոթում: Լինելով փաստաբան՝ գիտի, որ շատ քաղաքացիներ երբեմն օգտագործում են իրավաբանական տերմիններ, սակայն չեն հասկանում դրանց էությունը, և ինքը չի պատկերացրել, որ 3,5 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումից հնարավոր է ազատել: Իր աշխատանքային գործունեության ընթացքում նման դեպքեր չեն եղել: Նախաքննության ընթացքում ցուցմունք տալիս հայտնել է իրականությունը, հիմա նույնպես հայտնում է իրականությունը:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.9. Դատարանը, հաշվի առնելով, որ վկա Լիլիթ Մանյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, հրապարակել է վկայի նախաքննական ցուցմունքները:
Վկա Լիլիթ Մանյանը 2019թ. ապրիլի 01-ին ցուցմունք է տվել այն մասին, որ 2000թ.-ից աշխատել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սկզբից որպես գրասենյակի գործավար, իսկ 2008թ.-ից մինչև 2017թ. աշխատել է դատավոր Յուրի Բաղդասարյանի կազմում՝ որպես օգնական: 2018թ. փետրվարի 08-ից աշխատում է որպես փաստաբան: Իր գրասենյակը գտնվում է Եղվարդի դատարանի հարևանությամբ: Նշված դատարանի հարևանությամբ գտնվող գրասենյակը երկհարկանի է, ունի առանձին մուտքեր: Առաջին հարկում աշխատում է փաստաբան Վահագն Դանիելյանը, իսկ երկրորդ հարկում, որն ունի առանձին մուտք՝ ինքը:
Վահագն Դանիելյանին ճանաչում է շուրջ 10 տարի և վերջինիս հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Վահագն Դանիելյանին վերջին անգամ տեսել է 2019թ. մարտի 27-ին մինչև կեսօր, որից հետո մինչ օրս նրան չի տեսել, նա չի եկել աշխատանքի և ինքը չգիտի, թե նա որտեղ է գտնվում: Այդ օրը՝ կեսօրին, հիշում է, որ հեռախոսով մասնագիտական հարց են քննարկել Վահագն Դանիելյանի հետ: Ինքը զրուցել է նրա հետ իր՝ 094-88-63-86 հեռախոսահամարով, իսկ Վահագն Դանիելյանի հեռախոսահամարն է՝ 094-01-73-35: Նշված դեպքի վերաբերյալ կարող է ասել, որ 2019թ. մարտի 26-ին՝ կեսօրին, ժամը 13:00-ից 14:00-ն ընկած սահմաններում, գտնվել է իր սենյակում և Վահագնի օգնական Լիլիթ Եղիազարյանի հետ ընդմիջում են արել, երբ գրասենյակ է մտել մոտ 50-60 տարեկան, նախկինում իրեն անծանոթ մի տղամարդ և հարցրել է Վահագնին: Լիլիթ Եղիազարյանն այդ տղամարդուն ասել է, որ միասին իջնեն և տեսնեն, թե որտեղ է Վահագնը: Դրանից հետո՝ ժամը 15:00-ից 16:00-ի սահմաններում, իր բջջային հեռախոսահամարին զանգահարել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը և տեղեկանալով, որ ինքը տեղում է, ասել է՝ «լավ» և անջատել: Երկու րոպե անց, դատարանի՝ 0224-2-16-12 համարից կրկին զանգահարել է դատավոր Գ.Հեբոյանը և իրեն ասել, որ Վահագնի մոտ մարդ է եկել, սակայն նա տեղում չէ և այդ մարդուն իր մոտ է ուղարկում, որքանով հիշում է՝ խորհրդատվության և կարգադրիչին ասել է, որ իր սենյակի տեղը ցույց տա: Դրանից հետո իր մոտ է եկել Եղվարդի դատարանի կարգադրիչ Արսեն Սիմոնյանը և ասել, որ եթե ազատ է, ապա իր մոտ մարդ պետք է գա, որին Գ.Հեբոյանն է ուղարկել: Դրանից հետո իր մոտ է բարձրացել այն նույն տղամարդը, ով քիչ առաջ ընդմիջման ժամին հարցրել է Վահագնին և նրա օգնականն այդ տղամարդու հետ գնացել է դեպի Վահագնի սենյակ: Երբ տղամարդը գնացել է իր մոտ, չի հիշում՝ նա ներկայացել է, թե ոչ, սակայն այն պահին, երբ նա մտել է իր մոտ, ինքը հեռախոսով այլ մարդու հետ է խոսել և հեռախոսն անջատելուց հետո հարցրել է նրան, թե ինչ խնդիր ունի: Նա պատասխանել է, որ Գ.Հեբոյանն է ուղարկել, բացի այդ, քաղաքացիական գործով Գ.Հեբոյանը 3.500.000 ՀՀ դրամը չեղարկել է, պայմանավորվել են Գ.Հեբոյանի հետ և դրա համար պետք է նրան 2500 ԱՄՆ դոլար տա, որն ըստ այդ մարդու՝ պետք է տար Վահագնին, սակայն, քանի որ Վահագնը տեղում չէր, որոշել է իրեն տալ: Նա ասել է, որ Գ.Հեբոյանն է նրան ուղարկել իր մոտ: Ինքը զարմացել է, մեկ անգամ ևս հարցրել է, թե հնարավոր է արդյոք, որ այդ գումարը պետական տուրքի գումար է, որը պետք է վճարվի պետականորեն, իսկ այդ տղամարդը մեկ անգամ ևս պնդել է, որ պետական տուրքի գումար չէ, այդ գումարը Գ.Հեբոյանի կողմից չեղարկված 3.500.000 ՀՀ դրամի դիմաց Գ.Հեբոյանի կողմից պահանջած գումարն է, որը պետք է տա վերջինիս: Ինքը տղամարդուն հորդորել է հայտնել քաղաքացիական գործի համարը, ճշտել է, որ նրա անուն-ազգանունը Բենիկ Հարությունյան է, որից հետո «Դատալեքս» տեղեկատվական համակարգով տեսնելով, որ տվյալ գործով մի կողմը հանդիսանում է Բենիկ Հարությունյանը՝ ասել է, որ երևի պետական տուրքի մասնակի մարում է, որովհետև չի մտածել, որ կարող է կաշառք լինել, բացի այդ, չի տեսել, որ արդեն վճիռը կայացվել է, սակայն, հաշվի առնելով, որ այդ գումարի հետ կապ ուներ Գ.Հեբոյանը և մտածելով, որ գործով կարող է Վահագն Դանիելյանը իրավաբանական օգնություն ցույց տված լինել, քանի որ Բենիկը Վահագնի անունը շատ է հոլովել, ինքը Բենիկին ասել է, որ գնա Վահագնի մոտ: Այնուհետև, Բենիկ Հարությունյանը հեռացել է իր սենյակից, որից հետո, որքանով հիշում է, զանգել և այդ մարդու գալու մասին հայտնել է Վահագնի օգնականին: Այդ մարդն իրեն կասկածելի է թվացել, սակայն չի հիշում՝ նրա այցի մասին փաստաբան Վահագն Դանիելյանի օգնականին զանգահարելու ժամանակ հայտնել է արդյոք Վ.Դանիելյանի օգնականին այդ մասին, թե ոչ: Ինքն իր ու Բենիկի զրույցի բովանդակությունը մոտավոր է հիշում: Միայն հաջորդ օրը կամ երկու օր անց, մամուլից տեղեկացել և արդեն համոզվել է, որ այդ 2500 ԱՄՆ դոլար կաշառքը Վահագնի օժանդակությամբ պահանջել և ստացել է Գ.Հեբոյանը: Հաստատապես նշում է, որ այդ կաշառքի մասին նախապես չի իմացել, իրեն թե՛ Հեբոյանը, թե՛ Վահագնը որևէ բան չեն ասել: Այդ մասին ինքը տեղեկացել է միայն դեպքից հետո:
Պատասխանելով իրեն առաջադրված հարցերին՝ վկան հայտնել է, որ փաստաբան Վահագնը և դատավոր Գ.Հեբոյանը գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ, իսկ թե գումարային խնդիրներ ունեցել են, թե ոչ, չի կարող ասել, քանի որ տեղեկություններ չունի: Չի կարող ասել, թե դատավորը որքան ֆինանսական միջոցներ ունի, սակայն փաստաբան Վահագնը իրենից ավելի երկար ստաժ ունի և ավելի շատ գործեր: Նա ունի տուն, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, իսկ ավելի մանրամասն չգիտի, չի կարող ասել, քանի որ նեղ անձնական հարցերին վերաբերող տվյալներ չունի: Վահագն Դանիելյանի օգնականի անուն-ազգանունը Լիլիթ Եղիազարյան է, նրա հեռախոսահամարն է՝ 093-70-70-99: Տեղեկություններ չունի այն մասին, որ նախկինում Բենիկ Հարությունյանը կաշառք է տվել Գագիկ Հեբոյանին:
Չի կարող բացատրել, թե Գ.Հեբոյանն ինչու է Բ.Հարությունյանին ուղարկել իր մոտ, հավանաբար, հիմա արդեն հասկանում է, որ նա չի ցանկացել իր ձեռքով վերցնել կաշառքը և փորձել է այդ կաշառքն իր միջոցով վերցնել, այնուամենայնիվ, չի ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը: Իր մոտ այդ պահին կասկած չի եղել, որ դա կաշառք է, քանի որ մտածել է, որ այդ մարդը չի հասկանում, թե ինչ է ասում և մտածել է, որ պետական տուրքի մասնակի մարման մասին է խոսքը և քանի որ այդ մարումն իր գործը չի եղել, ինքն այդ գումարը չի վերցրել: Բացի այդ, մտածել է, որ Վահագն է այդ գործով զբաղվում: Այդ մարդու գնալուց հետո մոտ 5 րոպե անց գնացել է դատարան, որպեսզի գրասենյակից փաստաթղթեր ստանա, սակայն դատավոր Գ.Հեբոյանին չի տեսել, ոչ էլ նրան հարցրել է կամ զանգահարել, քանի որ դրա վրա չի կենտրոնացել:
Պատասխանելով այն հարցին, որ «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բենիկը եղել է իր մոտ, ինքը զրուցել է Լիլիթի հետ, հայտնել է Բենիկի գալու մասին, որից հետո ինքն ասել է, որ Վահագնի օգնականը՝ Լիլիթը, տեղում է և Բենիկը կարող է մոտենալ նրան, ինչին Բենիկը չի համաձայնվել և ասել է, որ հաջորդ օրը կմոտենա, միաժամանակ, Լիլիթի հետ զրույցի ժամանակ ասել է, որ. «Չէ, ընկեր Հեբոյանն ասել ա, որ բան անի», ինչ է նկատի ունեցել՝ դա ասելով, հայտնել է, որ իրականում Լիլիթն իրեն հարցրել է, թե այդ մարդն ինչու է նորից եկել, իսկ ինքը Բենիկին ասել է, որ Լիլիթն այստեղ է և կարող է գնալ ու նրա հետ պայմանավորվել: «Բան անի» ասելով՝ հստակ չի հիշում, թե ինչ է նկատի ունեցել, երևի նկատի է ունեցել հենց խորհրդատվություն տալը: Այն, որ բացելով «Դատալեքս» տեղեկատվական կայքը՝ իր նշելով չի տեսել՝ վճիռ կայացվել է, թե ոչ, ապա ինչպես և ինչի հիման վրա է Բ.Հարությունյանին ասել, որ մասնակի մարում է ցույց տալիս, նշել է, որ «Դատալեքս» կայքով մասնակի մարումը չի երևում, չի հիշում, որ նման բան ասած լինի, իսկ եթե նույնիսկ նման բան ասել է, ապա նկատի է ունեցել այն, որ այդ մարդուն ասել է՝ երևի այդ գումարը մասնակի մարման համար է: Հնարավոր է՝ իր մտքերը սխալ է արտահայտել և շարադրել: Բ.Հարությունյանն ասել է, որ 3.500.000 ՀՀ դրամ պետական տուրքը դատավորը չեղարկել է և դրա համար նրան 2500 ԱՄՆ դոլար պետք է տա, և ինքը որպես երկար տարիների փորձ ունեցող՝ չի հավատացել, որ դատավորը կարող է քաղաքացուն ազատել պետական բյուջե վճարվող 3.500.000 ՀՀ դրամը վճարելուց: Այդ պատճառով սկզբում չի հավատացել կաշառքի վարկածին և մտածել է, որ այդ մարդը ինչ-որ բան շփոթում է կամ սխալ է իրեն բացատրում, ինչով պայմանավորված էլ եղել են իր բազմաթիվ հարցադրումները:
(տե՛ս հատոր 1, գ.թ. 292-296)
Վկա Լիլիթ Մանյանը 2019թ. ապրիլի 23-ին որպես վկա լրացուցիչ հարցաքննվելիս՝ պատասխանելով իրեն առաջադրված այն հարցին, որ նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 15:00-ից 16:00-ի սահմաններում, դատավոր Գ.Հեբոյանն իր անձնական հեռախոսահամարից զանգահարել է իր բջջային հեռախոսահամարին և տեղեկանալով, որ ինքը գտնվում է գրասենյակում՝ անջատել է հեռախոսը և դատարանի՝ 0224-2-16-12 համարով զանգել է իր բջջային հեռախոսահամարին և ասել, որ իր մոտ մարդ է ուղարկում, մինչդեռ նախաքննությամբ ստացված ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ պարզվել է, որ 0224-2-16-12 հեռախոսահամարից նշված ժամանակ իր հեռախոսահամարին կատարված զանգ առկա չէ, ինչ կարող է ասել այդ մասին, պատասխանել է, որ չի ստել, ենթադրում է, որ նշված օրը և ժամին իր և դատավորի միջև բջջային հեռախոսազանգն առկա է: Ինչ վերաբերում է քաղաքային հեռախոսահամարից կատարված զանգին, ապա հնարավոր է, որ շփոթել է հեռախոսահամարները և իրականում դատավոր Գ.Հեբոյանը դատարանի այլ քաղաքային հեռախոսահամարից է իրեն զանգել:
(տե՛ս հատոր 3, գ.թ. 66-67)
3.10. Պատասխանելով իր նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների վերաբերյալ այն հարցին, թե նախաքննության ընթացքում նշել է, որ Բ.Հարությունյանը կասկածելի է թվացել իրեն, սակայն դատաքննության ժամանակ նշել է, որ կասկածելի չի թվացել, վկա Լիլիթ Մանյանը հայտնել է, որ նախաքննության ընթացքում ինքը որոշակի ենթադրություններով է որոշ հանգամանքներ հայտնել և այն, որ նախաքննական ցուցմունքում նշել է, որ հնարավոր է՝ կաշառքի գումար է եղել, ապա դա նշել է, քանի որ մամուլում է կարդացել Բ.Հարությունյանի անունը և այն, որ վերջինս կաշառքի գումար է ցանկացել փոխանցել: Իր ցուցմունքն իր պատմածով գրել է քննիչը, դրանում ամբողջությամբ իր մտքերն են շարադրված:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.11. Վկա Աշոտ Մարտիրոսյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Հանդիսանում է դատավոր Գ.Հեբոյանի օգնականը: Բենիկ Հարությունյանի վերաբերյալ գործի քննությունն ավարտվել է 2019թ. մարտի 04-ին, մարտի 18-ին հրապարակվել է վճիռը, և մարտի 19-ին Բենիկ Հարությունյանը ստացել է այն, որից հետո՝ մարտի 28-ի առավոտյան, աշխատավայրում տեղեկացել է դատավոր Գ.Հեբոյանի ձերբակալման մասին: Դատարանում աշխատում է 2013 թվականից: Բենիկ Հարությունյանին չի ճանաչել, նրա հետ շփում չի ունեցել: Իր ունեցած տեղեկություններով՝ դատավոր Գ.Հեբոյանն ու Բ.Հարությունյանը շփվել են միայն դատական նիստերի դահլիճում՝ նիստերի ժամանակ: Բենիկ Հարությունյանի հայցը վարույթ է ընդունվել մինչև 2018 թվականը, եթե չի սխալվում 2 անգամ վերադարձվել է այն, որից հետո սխալներն ուղղվել են և հայցադիմումն ընդունվել է վարույթ: Բ.Հարությունյանը ներկայացրել է փոխառության պայմանագրերը, նվիրատվության պայմանագիրը և լիազորագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջներ և որպես այդ պահանջներից բխող պահանջ՝ ներկայացրել է «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայից 179 միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին լրացուցիչ հայց, որը հանդիսացել է ածանցյալ պահանջ: Եթե պետական տուրքի վճարումը հետաձգելու հետ կապված միջնորդություն է ներկայացվում, ապա կայացվում է որոշում: Եթե լիներ պետական տուրքի հարց, ապա գործը վարույթ չէր ընդունվի: Պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություններն անմիջապես քննարկվում են, չի հիշում, թե այդ գործով նմանատիպ միջնորդության վերաբերյալ դատական ակտի նախագիծ կազմելու հանձնարարություն ստացել է, թե ոչ: Ածանցյալ պահանջ ասելով՝ նկատի ունի այն, որ Բենիկ Հարությունյանի կողմից ներկայացված 3 հայցապահանջների ելքից է կախված եղել գումար բռնագանձելու մասին վերջինիս պահանջի լուծումը: Այս պահին չի կարող մատնանշել այն նախադեպային որոշումը, որով Վճռաբեկ դատարանն այդ կապակցությամբ դիրքորոշում է հայտնել:
Գիտի, որ Գ.Հեբոյանն ու Վ.Դանիելյանը պարզապես ծանոթ են եղել, քանի որ Վ.Դանիելյանը բազմիցս մասնակցել է իրենց վարույթում քննվող դատական գործերին: Լսել է Բենիկ Հարությունյանի մասին, որևէ մեկը նրա վերաբերյալ դրական կարծիք չի հայտնել: Սակայն, դատավոր Գ.Հեբոյանը երբեք բացասաբար տրամադրված չի եղել Բենիկ Հարությունյանի նկատմամբ: Տվյալ գործով Գ.Հեբոյանն իրեն չի հորդորել վճռի նախագիծը կոնկրետ ինչ-որ ձևով կազմել:
Բենիկ Հարությունյանը նախկինում մի քանի անգամ հանդիսացել է որպես հայցվոր և որպես կանոն՝ նրա հայցադիմումները եղել են Օնիկ Հարությունյանի դեմ: Այդ գործերով որոշումները կայացվել են ի վնաս Բենիկ Հարությունյանի: Չի եղել դեպք, որ Բ.Հարությունյանը զանգահարի իրենց աշխատակազմ՝ դատավոր Գ.Հեբոյանի հետ կապ հաստատելու համար:
Այն հարցին, թե ինչու Բ.Հարությունյանի կողմից ներկայացված՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդության վերաբերյալ դատական ակտ առկա չէ, վկան հայտնել է, որ միջնորդությունը դատարանի կողմից քննության առարկա չի դարձել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Վերջինս վճարել է պետական տուրքը, դատարանը որոշում չի կայացրել՝ խնայելով պետական միջոցները, սակայն չի կարող վկայակոչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ իրավանորմ, որով առաջնորդվելով՝ դատարանը կարող էր հիշյալ միջնորդության վերաբերյալ որևէ որոշում չկայացնել: Այն հարցին, թե Բ.Հարությունյանի կողմից ներկայացված գումարի բռնագանձման պահանջն արդյոք հանդիսացել է ածանցյալ պահանջ, վկան հայտնել է, որ ըստ Բ.Հարությունյանի հայցադիմումի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելուց հետո, որպես իրավական հետևանք, որպես տույժ պետք է բռնագանձվեր գումարը, ուստի այն հանդիսացել է ածանցյալ պահանջ: Հիշյալ գործի քննության ընթացքում Գ.Հեբոյանն իրեն չի ասել, որ խղճահարությունից դրդված փորձել է Բ.Հարությունյանին ազատել պետական տուրքի վճարումից:
Իր հիշելով՝ Բ.Հարությունյանը մշտապես անձամբ է ներկայացրել իր շահերը դատարանում, նա ունեցել է միջին մակարդակի գիտելիքներ՝ հաշվի առնելով այն, որ մշտապես նա է կազմել իր հայցադիմումները: Նշված քաղաքացիական գործով վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Բ.Հարությունյանը բժշկական փաստաթղթերը դատարան է ներկայացրել դատաքննությունից 2 օր անց՝ մարտի 6-ին և դրանց դատարանն այլևս անդրադառնալ չէր կարող. դրանք ընդամենը կցվել են քաղաքացիական գործի նյութերին:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.12. Վկա Լիլիթ Եղիազարյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Հանդիսանում է փաստաբան Վահագն Դանիելյանի օգնականը:
Բենիկ Հարությունյանը 2019թ. մարտի 26-ին ներկայացել է իրենց փաստաբանական գրասենյակ, հարցրել է Վահագն Դանիելյանին և քանի որ վերջինս տեղում չի եղել, զանգահարել է նրան և պարզելով, որ վերջինս չի գալու աշխատավայր՝ ճանապարհել է Բենիկ Հարությունյանին: Վերջինիս տեսել է նաև Լիլիթ Մանյանի գրասենյակում, երբ ընդմիջման ժամին գնացել է նրա գրասենյակ, որը գտնվում է իրենց գրասենյակի երկրորդ հարկում: Բենիկ Հարությունյանը մոտեցել է Լ.Մանյանի գրասենյակ, հարցրել է Վահագն Դանիելյանին, և ինքը նրան խնդրել է իջնել առաջին հարկ, քանի որ իրենց գրասենյակը ներքևում է: Իրենց գրասենյակից զանգահարել է Վ.Դանիելյանին և հայտնել, որ նրան Բ.Հարությունյանն է սպասում: Վահագն Դանիելյանն էլ ասել է՝ «թող վաղը գա»: Դրանից որոշ ժամանակ անց իրեն զանգահարել է Լիլիթ Մանյանը և ասել, որ նշված անձն իր գրասենյակում է գտնվում և հարցրել է, թե ինչ է ասել Վահագն Դանիելյանը և տեղյակ է արդյոք, որ սպասում են: Ինքն էլ պատասխանել է, որ տեղյակ է և հաջորդ օրը պետք է գա: Այդ ընթացքում Լիլիթն իրեն որևէ բան չի հայտնել գումարի մասին: Չի հիշում, թե ինչ է պատասխանել, որից հետո Լիլիթ Մանյանը հարցրել է. «թե ասեմ բերի տա»: 099-90-88-73 հեռախոսահամարը հետագայում հիշել է, որ իր անունով է գրանցված եղել և եղել է գրասենյակում: Նախաքննության ժամանակ իրեն ներկայացվել է նշված հեռախոսահամարից կատարված հեռախոսային խոսակցություն: Նշված հեռախոսազրույցը տեղի է ունեցել Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի միջև: Երբ Վահագն Դանիելյանի հետ խոսել է և ասել, որ իրեն սպասող կա, չի հիշում, որ ինքը անուն է ասել Վահագնին, և վերջինիս կողմից նշված հանդիպման սպասված լինելու վերաբերյալ արձագանք չի նկատել: Նա սովորականի պես պատասխանել է, որ հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից հետո է լինելու աշխատավայրում:
Մարտի 27-ին ինքը գրասենյակում չի եղել, իսկ նախորդ օրը գրասենյակում եղած ժամանակ իրենց գրասենյակում Գ.Հեբոյանին չի տեսել: Երբ նշված անձը ներկայացել է իրենց գրասենյակ, իր մոտ չի եղել տպավորություն, որ վերջինս որևէ պայմանավորվածություն ունի: Որպես օգնական՝ առանց Վահագն Դանիելյանի գիտության որևէ քաղաքացու հետ պետական տուրքի կամ գումարային հարցերի վերաբերյալ չէր կարող պայմանավորվածություն ձեռք բերել: Երբ Լիլիթ Մանյանը զանգահարել է, իրենք կենցաղային խոսակցություն են ունեցել: Բ.Հարությունյանն իրեն չի հայտնել քաղաքացիական գործի մանրամասների մասին:
2011 թվականից աշխատել է Վահագն Դանիելյանի մոտ՝ որպես օգնական: Գագիկ Հեբոյանին որպես դատավոր է ճանաչում, նրա հետ անձնական շփումներ չունի: Գիտի, որ Վ.Դանիելյանի և Գ.Հեբոյանի միջև հիմնականում աշխատանքային հարաբերություններ են եղել: Հնարավոր է, որ եղել են դեպքեր, երբ դատավոր Գ.Հեբոյանը ուղղորդել է անձանց օգտվել Վահագն Դանիելյանի փաստաբանական ծառայություններից, կոնկրետ դեպքեր մտաբերել չի կարող, բայց դրանք եղել են: Վ.Դանիելյանի ազատ արձակվելուց հետո քննարկել են նշված դեպքը և իրենց քննարկումների բովանդակությունը եղել է այն, որ ո՛չ Վահագն Դանիելյանը, ո՛չ Լիլիթ Մանյանը, տեղեկություններ չեն ունեցել նշված անձի վերաբերյալ և առանց ճանաչելու նման պատմություն է տեղի ունեցել: Վ.Դանիելյանն այդպես էլ չի հասկացել, թե ով է եղել այդ անձը, իսկ գումարի հետ կապված Վ.Դանիելյանն իրեն ասել է, որ վերջինս պետական տուրքի հետ կապված է խնդիր ունեցել: Չի հիշում, թե Վ.Դանիելյանն իրեն ասած լինի, թե Գ.Հեբոյանն ինչու է նշված անձին ուղարկել իրենց մոտ: Ներկայումս դեպքի որոշ հանգամանքներ չի հիշում: Դատավոր Գ.Հեբոյանն իրենց փաստաբանական գրասենյակում սուրճ չի խմել:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.13. Վկա Արսեն Սիմոնյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ Գ.Հեբոյանին ճանաչում է որպես դատավոր, իսկ Վահագն Դանիելյանին՝ որպես համագյուղացի, թշնամություն կամ բարեկամություն չունի նրանց նկատմամբ: Աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ստորաբաժանումում՝ որպես դատական կարգադրիչ:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, եղել է ծառայության մեջ և տեսախցիկով տեսել է, որ մեքենա է մտել դատարան բակ: Դուրս է եկել ու տեսել, որ Գ.Հեբոյանն է, ով իրեն հարցրել է՝ արդյոք Լիլիթ Մանյանը տեղում է և եթե տեղում է, քաղաքացի կա, ում պետք է ուղեկցի նրա մոտ: Անձամբ ճշտել է՝ Լ.Մանյանը տեղում է, թե ոչ, միևնույն ժամանակ, հայտնել է, որ քաղաքացի է սպասում, իսկ Լիլիթն ասել է՝ «թող գա»: Դրանից հետո դատարանի մոտ կանգնած քաղաքացուն ասել է, որ բարձրանա 2-րդ հարկ: Նշված քաղաքացուն չի ճանաչում, նա մոտ 60 և ավելի տարիք ունեցող տղամարդ էր, սպիտակավուն մազերով, ում մի քանի անգամ տեսել է դատարանում: Երբեք չեն եղել դեպքեր, երբ դատավոր Գ.Հեբոյանը քաղաքացիներ ուղարկի կոնկրետ փաստաբանների մոտ:
Գ.Հեբոյանը դատարանի աշխատակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, իրեն էլ է վերաբերվել այնպես, ինչպես մյուսներին: Այն, որ իրեն կարգադրել է ճշտել՝ Լ.Մանյանը տեղում է, թե ոչ, չի նշանակում, որ Գ.Հեբոյանն իր հետ առանձնակի լավ հարաբերություններ է ունեցել: Քննիչն իրեն հարցրել է դատավոր Գ.Հեբոյանի և Բենիկ Հարությունյանի՝ մարտի 04-ի հանդիպման մասին, ինչին պատասխանել է, որ այդ օրն ինքը չի աշխատել: Հստակ չի հիշում՝ Բենիկ Հարությունյանը երբ է փաստաթուղթ բերել և մուտքագրել դատարանի գրասենյակ, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ են եկել դատարան, ուստի չի կարող հստակ հիշել:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.14. Վկա Սասուն Սիմոնյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, իրենց միջև թշնամություն կամ բարեկամություն չկա: Աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ստորաբաժանումում՝ որպես դատական կարգադրիչ:
2018 թվականի մարտ ամսին, օրը հստակ չի հիշում, երբ ծառայության է եղել, համացանցից կարդացել է, որ կաշառք ստանալու համար դատավոր Գ.Հեբոյանին ձերբակալել են: Բենիկ Հարությունյան անուն-ազգանունով անձի մասին չի լսել: Արսեն Սիմոնյանն իր հորեղբոր որդին է: Հետագայում, երբ Արսենին կանչել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ինքը հարցրել է, թե ինչի համար են նրան կանչել: Վերջինս հայտնել է, որ իրեն հարցաքննել են այն հարցի շուրջ, որ Գ.Հեբոյանն իրեն խնդրել է ճշտել՝ Լիլիթ Մանյանը տեղում է, թե ոչ, որից հետո ուղեկցել է քաղաքացուն Լիլիթ Մանյանի մոտ: Չի հիշում՝ Գ.Հեբոյանի հետ քաղաքացիներ շփվել են, թե ոչ:
Գագիկի Հեբոյանը դատական նիստերի դահլիճ մշտապես իջել է սահմանափակ գոտուց: Եղել են դեպքեր, երբ դատական նիստերի դահլիճում դատավոր Գ.Հեբոյանը զրուցել է քաղաքացիների հետ, միջանցքում էլ է երբեմն զրուցել. հազվադեպ, բայց եղել են նման դեպքեր: Այդ քաղաքացիներից որևէ մեկին չի ճանաչել: Եղել են նաև դեպքեր, երբ դատավոր Գ.Հեբոյանը մտել է դատարանի գրասենյակ կամ գտնվել է դատարանի միջանցքում:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.15. Վկա Ռիտա Ստեփանյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում՝ որպես դատական կարգադրիչ:
Հստակ օրը չի հիշում, դատարան է եկել Բենիկ անունով մի քաղաքացի և հայտնել է, որ ցանկանում է դատավոր Գ.Հեբոյանին տեսնել: Այդ ժամանակ հերթապահ մասում միայն ինքն է եղել, մյուս կարգադրիչները դատական նիստի են մասնակցել: Ինքը պատասխանել է, որ Գ.Հեբոյանը դատական նիստի է: Վերջինս հարցրել է, թե երբ կավարտվի նիստը: Ինքը պատասխանել է, որ չի կարող կանխորոշել, այնուհետև, մոտեցել է դահլիճին, տեսել, որ Գ.Հեբոյանը դահլիճում նստած է: Ինքը Գ.Հեբոյանին հայտնել է, որ նրան միջանցքում ոմն Բենիկ է սպասում, նա իրեն հորդորել է ճանապարհել Բենիկին: Փոխանցել է Բենիկ Հարությունյանին, որ Գ.Հեբոյանը չի կարող ընդունել նրան: Դրանից հետո տեսել է, որ նշված քաղաքացին միջանցքում դրված սեղանի վրա դիմում է գրել:
Գիտի, որ դատավոր Գ.Հեբոյանն ու փաստաբան Վ.Դանիելյանն ունեն աշխատանքային հարաբերություններ: Եղել են դեպքեր, որ նիստերի վերջում դատարանի դահլիճում նրանք զրուցել են, սակայն այդ զրույցներին ներկա են եղել նաև կարգադրիչներ:
Դատավոր Գ.Հեբոյանը միշտ նույն դահլիճում է դատական նիստեր անցկացրել: Նա դատական նիստերի դահլիճ է իջել 2-րդ հարկից՝ դատավորի համար նախատեսված փակ մուտքից, որը հանդիսանում է փակ գոտի: Եղել են դեպքեր, երբ Գ.Հեբոյանի մեքենան խափանվել է և նա ընդհանուր մուտքից է մտել դատարան, սակայն չեն եղել դեպքեր, երբ Գ.Հեբոյանը ընդհանուր մուտքից մտնի դատական նիստերի դահլիճ:
Վերջին անգամ Բենիկ Հարությունյանին տեսել է դիմում գրելիս, դրանից հետո այլևս նրան չի տեսել, քանի որ գտնվել է արձակուրդում:
Անահիտ Հովհաննիսյանը աշխատում է նույն դատարանում՝ որպես ավագ դատական կարգադրիչ: Եղել է դեպք, երբ Բենիկ Հարությունյանը խոսել է Անահիտի հետ: Բենիկ Հարությունյանը մոտեցել է Անահիտին ու խնդրել նրան կապվել Գ.Հեբոյանի աշխատակազմի հետ:
Եղել է դեպք, երբ տեսախցիկներով տեսել է, որ Գ.Հեբոյանը ավտոմեքենայով ներս է մտել դատարանի բակ, որից հետո կարգադրիչ Արսենը ներս է մտել ու ասել, որ Գ.Հեբոյանն իրեն խնդրել է ճշտել՝ Լիլիթ Մանյանը տեղում է, թե ոչ: Իր ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները չեն հեռացել վարչական շենքի տարածքից և իր տեսադաշտից:
Երբ Գ.Հեբոյանին հայտնել է քաղաքացի Բենիկ Հարությունյանի այցի մասին, հասկացել է, որ Գ.Հեբոյանը չի ցանկանում նրան տեսնել: Երբևէ չի լսել, որ դատավոր Գ.Հեբոյանն ուղղորդի Բենիկ Հարությունյանին: Չի հիշում դեպք, որ Գ.Հեբոյանը կանգնած զրուցելիս լինի քաղաքացիների հետ:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.16. Դատարանը, հաշվի առնելով, որ վկա Ռիտա Ստեփանյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, հրապարակել է վկայի նախաքննական ցուցմունքները:
Վկա Ռիտա Ստեփանյանը 2019թ ապրիլի 11-ին ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչների ծառայության Եղվարդի նստավայրի պետի պաշտոնակատար: Որպես բաժանմունքի պետի պաշտոնակատար՝ ամեն օր է գնում աշխատանքի, իսկ մնացած դատական կարգադրիչները հերթափոխով են աշխատում: Գագիկ Հեբոյանին և Վահագն Դանիելյանին ճանաչում է գործի բերումով, վերջիններիս հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառք տալուն օժանդակելու մասին տեղեկություններ չունի, այդ մասին միայն լսել և տեղեկացել է համացանցից, չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այդ տեղեկատվությունը: Բենիկ Հարությունյանին ճանաչում է դեմքով: Նա քաղաքացիական գործով որպես հայցվոր մի քանի անգամ գնացել է դատարան, և նրա գործը քննվել է դատավոր Գ.Հեբոյանի վարույթում:
Հստակ օրը չի հիշում, մոտավորապես՝ 2019թ. մարտի սկզբին, Բենիկ Հարությունյանը եկել է դատարան և իրեն ասել, որ ցանկանում է տեսնել դատավոր Գ.Հեբոյանին: Քանի որ այդ ժամանակ դատավոր Գ.Հեբոյանը նիստի է եղել, ինքը մոտեցել է նրան և ասել, որ Բենիկ անունով մարդ է հարցնում նրան, իսկ դատավորն ասել է, որ նրան տեղեկացնեն, որ գնա: Ինքը նույնը փոխանցել է Բենիկին և նրան ասել է, որ դատավորը նիստի է, չի կարող հանդիպել նրան: Դրանից հետո տեսել է, որ Բենիկը ինչ-որ դիմում է գրել, որից հետո Բենիկին այլևս չի տեսել: Չի կարող հայտնել, թե Բենիկ Հարությունյանը շարունակել է արդյոք սպասել, արդյոք դատարանում հանդիպել է Գ.Հեբոյանին, թե ոչ: Ինքը նրանց զրուցելիս չի տեսել:
Դատավոր Գ.Հեբոյանի բերման ենթարկվելուց մեկ օր առաջ դատարան է գնացել Բենիկը և ասել, որ դատավոր Գ.Հեբոյանին տեղյակ պահեն, որ եկել է: Այդ ժամանակ ավագ կարգադրիչ Անահիտ Հովհաննիսյանը զանգահարել և այդ մասին տեղյակ է պահել դատավորին կամ նրա աշխատակազմին, սակայն ինքը տեղյակ չէ, թե դատավորը կամ նրա աշխատակազմից ինչ են պատասխանել: Մինչ այդ, հերթապահության մեջ գտնվող դատական կարգադրիչ Արսեն Սիմոնյանը, տեսնելով, որ դատարանի տարածք մեքենա է մտել, գնացել է, որպեսզի տեսնի, թե ով է: Երբ վերադարձել է, նա հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանն է ներս մտել: Հետագայում Արսենից տեղեկացել է, որ դատավոր Գ.Հեբոյանն այդ ժամանակ, երբ ներս է մտել դատարան, Արսենին կարգադրել է, որ Բենիկին ասի, որ գնա Լիլիթի մոտ, սակայն ավելի մանրամասն չգիտի, չի հետաքրքրվել, թե փաստաբան Լիլիթին է ի նկատի ունեցել, թե Վահագն Դանիելյանի օգնական Լիլիթին: Փաստաբան Լիլիթի և Վահագն Դանիելյանի գրասենյակները գտնվում են Եղվարդի դատարանի հարևանությամբ: Արսենից տեղեկացել է, որ դատավոր Գ.Հեբոյանը Բենիկին ասել է, որ գնա Լիլիթի մոտ և ցույց է տվել նրա տեղը: Թե Բենիկին ինչ հարցով է դատավոր Գ.Հեբոյանը ցանկացել ուղարկել Լիլիթի մոտ՝ չգիտի: Այլ մանրամասներ իրեն հայտնի չեն:
(տե՛ս հատոր 2, գ.թ. 191-193)
3.17. Վկա Ռիտա Ստեփանյանը, պատասխանելով իր նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների վերաբերյալ հարցերին, հայտնել է, որ դատարանի վարչական շենքը և փաստաբանների գրասենյակը մի քանի քայլ հեռավորության վրա են գտնվում, և եթե նույնիսկ կարգադրիչ Արսենը բացակայել է՝ Բենիկի Հարությունյանին Լիլիթ Մանյանի տեղը ցույց տալու համար, ապա ինքը չի նկատել նրա բացակայությունը, քանի որ կարգադրիչը դատարանի շենքի սպասարկվող տարածքից չի բացակայել: Իր նախաքննական ցուցմունքում նշված հանգամանքները ճիշտ են:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.18. Վկա Մարգարիտ Լևոնյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներից ճանաչում է դատավոր Գ.Հեբոյանին: Ամբաստանյալների նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Դեպքի մասին տեղեկացել է համացանցից, իրեն կանչել են քննչական բաժին, որտեղ հարցեր են տվել, ինքն էլ պատասխանել է: Բենիկ Հարությունյանին ճանաչում է գործի բերումով, քանի որ աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում՝ որպես գրասենյակի գործավար: Բենիկ Հարությունյանը մի քանի անգամ դիմումներ է մուտքագրել դատարանի գրասենյակ, որոնք փոխանցել է դատավոր Գ.Հեբոյանի կազմին: Իր աշխատասենյակը գտնվում է դատարանի մուտքից դեպի աջ հատվածում: Միջանցքն իրեն տեսանելի չէ, քանի որ աղմուկի պատճառով դուռը մշտապես փակում է: Դատավոր Գագիկ Հեբոյանին երբևէ միջանցքում չի տեսել: Բենիկ Հարությունյանին դատարանում տեսել է մի քանի անգամ, հստակ չի կարող ասել: Նա երբևէ դատավոր Գ.Հեբոյանի հասցեին վատ չի արտահայտվել կամ չի դժգոհել նրա վերաբերմունքից:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.19. Վկա Անահիտ Հովհաննիսյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի Եղվարդի բաժանմունքում՝ որպես դատական կարգադրիչ:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Բենիկ անունով քաղաքացին եկել է դատարան, մոտեցել է իրեն ու ասել, որ ցանկանում է տեսնել դատավոր Գ.Հեբոյանին: Քանի որ ինքը նկատել էր, որ Գ.Հեբոյանը շենքից դուրս է եկել, քաղաքացուն ասել է, որ Գ.Հեբոյանը տեղում չէ, ինչին քաղաքացին պատասխանել է, որ տեսել է Գ.Հեբոյանին շենք մտնելիս: Ստուգելու համար, թե Գ.Հեբոյանը տեղում է, թե ոչ, զանգահարել է ներքին համարով, հեռախոսը վերցրել է դատավոր Գ.Հեբոյանը, ում հայտնել է, որ քաղաքացի Բենիկն է ցանկանում նրան տեսնել: Դատավոր Գ.Հեբոյանն ասել է՝ «էտի խի ա եկել, երևի եկելա վճռի հետևից» և մինչ ինքը թեքվել է, որպեսզի քաղաքացուն հարցնի, թե ինչ հարցով է եկել, տեսել է, որ քաղաքացին հեռացել է: Դրանից երկու օր անց տեղեկացել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները եկել են դատարան՝ խուզարկություն կատարելու, իսկ դատավոր Գ.Հեբոյանին ձերբակալել են:
Նախկինում այդ քաղաքացուն տեսել է դատարանում, նա դատական նիստերի է մասնակցել: Հետագայում, երբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն են կանչել իրենց աշխատակից Արսեն Սիմոնյանին, նրանից տեղեկացել է, որ Գ.Հեբոյանը բակում վերջինիս ասել է՝ «տես, թե Լիլիթը տեղում ա, ասա թող գնա նրա մոտ»:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.20. Վկա Հրայր Սահակյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի Եղվարդի բաժանմունքում՝ որպես դատական կարգադրիչ: 2019թ. մարտ ամսին համացանցում կարդացել է Գ.Հեբոյանի հետ կատարվածի մասին, որից հետո զանգահարել է Վահագն Դանիելյանին՝ ճշտելու համար իր կարդացածի իրական լինելը: Վ.Դանիելյանի հետ համագյուղացիներ են ու շատ վաղուց են իրար ճանաչում: Միմյանց հետ գտնվում են շատ լավ հարաբերությունների մեջ: Ինքը 094-63-33-99 հեռախոսահամարով է զանգել Վահագն Դանիելյանին, որի նպատակը եղել է իր ունեցած ինֆորմացիան ճշտելը: Ինքը «Ֆեյսբուքյան» էջից է տեղեկացել կաշառքի դեպքի մասին, իսկ Վահագն Դանիելյանին զանգահարել է, քանի որ նրան է ճանաչել, բացի այդ, մտածել է, որ նա աշխատավայրում կլինի և կարող է իմանալ դեպքի մասին: Վահագն Դանիելյանին զանգահարել է ժամը 00:49-ին, քանի որ իրենք մտերիմ են եղել, կաշկանդվածություն չի ունեցել նրան զանգահարելու համար: Ինքն իր համագյուղացիներից շատերին կարող է ուշ ժամի զանգահարել: Երբ Վահագն Դանիելյանի հետ խոսել է իր կարդացածի մասին, վերջինս հանգիստ է խոսել, որևէ անհանգստություն չի ցուցաբերել:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.21. Պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննված Անժելա Հովսեփյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար: Բենիկ Հարությունյանին ճանաչում է որպես հայցվոր, նրա վերաբերյալ քաղաքացիական գործի քննությունը եղել է 2018 թվականին: Բենիկ Հարությունյանն այլ գործեր ևս ունեցել է դատարանում, բայց ինքը մասնակցել է միայն 2018 թվականին քննվող գործի քննությանը: Տվյալ գործը, իր հիշելով, պայմանագրերը անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջի մասին էր: Իր հիշելով՝ տվյալ գործի դատական քննությունը նշանակված է եղել մարտի 1-ին, իսկ վճռի հրապարակման օրը՝ մարտի 18-ին: Իր հիշելով՝ մարտի 01-ի նիստը ընդմիջվել է՝ պատասխանող կողմի միջնորդությամբ՝ փաստաթղթեր ներկայացնելու համար: Բենիկ Հարությունյանն այդ նիստին ներկա է եղել: Ընդմիջման ժամանակ դատավոր Գ.Հեբոյանը Բ.Հարությունյանի հետ չի խոսել, բացառում է դա: Չի եղել դեպք, որ դատավոր Գ.Հեբոյանը զրուցի Բ.Հարությունյանի հետ: 2019թ. մարտի 18-ին ինքն է Բենիկ Հարությունյանին հայտնել, որ վճիռը պատրաստ չէ: Վճիռը Բ.Հարությունյանին տրամադրվել է 2019թ. մարտի 19-ին: Դատավոր Գ.Հեբոյանն է իրեն օգնել վճիռներն իջեցնել գրասենյակ, քանի որ դրանք շատ ծանր են եղել: Երբ ինքն ու Գ.Հեբոյանը միասին իջել են, Բենիկ Հարությունյանը փորձել է մոտենալ Գագիկ Հեբոյանին, սակայն վերջինս խուսափել է նրա հետ զրույցից՝ հայտնելով, որ դատարանը չի կարող իրավաբանական խորհրդատվություն տրամադրել: Բենիկ Հարությունյանը միշտ շատ ագրեսիվ պահվածք է դրսևորել: Եղել է դեպք, երբ վերջինս ագրեսիվ կերպով մտել է գրասենյակ, հայտարարել, որ Գ.Հեբոյանն իր նկատմամբ ունեցած լարվածությունից է վերադարձրել իր հայցադիմումները:
Դատավոր Գ.Հեբոյանի աշխատասեղանին դրված են օրենսգրքեր և դատական նիստերի վերաբերյալ նշումների նոթատետրը: Դատավոր Գ.Հեբոյանը նիստերից դուրս չէր կարող շփվել Բենիկ Հարությունյանի հետ, քանի որ նա Բենիկ Հարությունյանի նկատմամբ հակակրանք է ունեցել, որը պայմանավորված է եղել Բենիկ Հարությունյանի ագրեսիվ պահվածքով: Եղել են դեպքեր, երբ Բենիկ Հարությունյանը եկել ու փորձել է հանդիպել Գագիկ Հեբոյանին: Հիշում է, երբ կարգադրիչներից մեկը զանգել է ու հայտնել, որ Բենիկ Հարությունյանն է եկել, Գ.Հեբոյանը, իմանալով այդ մասին, բարկացել է՝ ասելով. «վճիռն էլ տվեցինք՝ չպրծանք»: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք դատավոր Գ.Հեբոյանի սեղանին չի տեսել:
Հնարավոր է, որ դատավոր Գ.Հեբոյանը դահլիճից դուրս հանդիպել է քաղաքացիներին, ինչն ինքը հնարավոր է, որ նկատած չլինի: Իրենց դահլիճն ունի 4մ երկարություն, հետևաբար, դատավոր Գ.Հեբոյանը չէր կարող 6-7 մ հեռավորության վրա Բենիկի հետ խոսել:
Իրենք շաբաթվա մեջ հրապարակել են 100-120 դատական ակտեր, սակայն Բենիկ Հարությունյանի վճիռը ստանալու օրը հիշում է, քանի որ ինքն է հանձնել վճիռը: Իրենք շատ ծանրաբեռնված են եղել, եթե չի սխալվում՝ մարտ ամսին Գ.Հեբոյանի գործերը 1000-ից ավելի են եղել: Այդ ծավալի մեջ Բենիկ Հարությունյանի մասնակցությամբ մարտի 1-ին կայացված դատական նիստի իրադարձությունները հիշում է, որովհետև դրանք տպավորվել են իր մեջ: Հիշում է, որ տվյալ գործով հետագայում գրասենյակից իրենց միջնորդություն են հանձնել, ինքն այն փոխանցել է իրենց օգնականին, ով էլ իրեն հանձնարարել է այն դնել գործի մեջ՝ նշելով, որ վճիռն արդեն կայացվել է:
Լիլիթ Մանյանին ճանաչում է, վերջինս աշխատել է նաև դատարանում: Եղել են դեպքեր, երբ դատավոր Գ.Հեբոյանն ուղղորդել է անձանց դիմել փաստաբանների, մասնավորապես՝ Վահագն Դանիելյանին կամ Լիլիթ Մանյանին:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը)
3.22. Հաղորդում ընդունելու մասին 2019թ. մարտի 25-ի արձանագրության համաձայն՝ 2019թ. մարտի 25-ին Բենիկ Հարությունյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվել է հանցագործության մասին հաղորդում՝ նշելով Գագիկ Հեբոյանի կողմից իրենից 2500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և այն փաստաբան Վահագն Դանիելյանի միջոցով նրան տալու մասին:
(տե՛ս հատոր 1, գ.թ.2-5)
3.23. Թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործի նյութերը զննելու մասին՝ 2019թ. ապրիլի 15-ի արձանագրության համաձայն՝ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործը բաղկացած է 3 հատորից, որոնցից 1-ին հատորը՝ 127 թերթից, 2-րդ հատորը՝ 125 թերթից և 3-րդ հատորը՝ 51 թերթից: Գործի փաստաթղթերը համարակալված են և ցուցակագրված:
1-ին հատորի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիական գործը սկսվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Պ. Սևակ փողոցի 5-րդ տան բնակիչ Բենիկ Ավագի Հարությունյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ Օնիկ Հարությունյանի և «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության միջև կնքված թվով 4 հատ փոխառության պայմանագրերը և 2013թ. հոկտեմբերի 2-ին «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ժ.Կիրակոսյանի և Օնիկ Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրն անվավեր ճանաչելու, «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության տույժ-տուգանքները պատասխանողներից բռնագանձելու վերաբերյալ 2018թ. ապրիլի 3-ի հայցադիմումից: (1-ին հատոր, գ.թ. 2-11):
Բենիկ Հարությունյանը հայցադիմումում նշել է, որ հանդիսանում է «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի հիմնադիրներից և իր բաժնեմասը կազմում է 26 տոկոս:
Հայցադիմումում, ի թիվս այլ հանգամանքների, Բենիկ Հարությունյանը նշել է, որ ըստ հարկային տեսուչների կողմից կազմված ակտի՝ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերությունից, ըստ հաշտության համաձայնագրի, Օնիկ Հարությունյանին որպես սեփականություն անցած անշարժ գույքի գործարքը տնօրեն Ս.Առաքելյանը ցույց չի տվել հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվություններում (ոչ ընթացիկ, ոչ էլ տարեկան հաշվետվություններում), որի արդյունքում, ինչպես նշված է ակտում, շահութահարկի և ԱԱՀ-ի գծով առաջացել է 319.000.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն, որից ավելի քան 179.000.000 ՀՀ դրամը կազմում են տույժ-տուգանքները:
Ի թիվս հայցադիմումում նշված այլ պահանջների՝ Բենիկ Հարությունյանը պահանջել է նաև, որ անշարժ գույքի օտարումը հարկային հաշվետվություններում միտումնավոր կերպով թաքցնելու և դրա արդյունքում «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը 179.000.000 ՀՀ դրամ տույժ-տուգանքներ առաջացնելու համար հիշյալ գումարը 2013-2014թթ. «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն աշխատած Սեյրան Առաքելյանից բռնագանձվի հօգուտ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության:
2018թ. մարտի 28-ին Բենիկ Հարությունյանը, որպես հայցվոր, «Արդշինբանկ»-ի Աբովյան մասնաճյուղում կատարել է 4.400 ՀՀ դրամի վճարում: (1-ին հատոր, գ.թ. 12)
2018թ. ապրիլի 4-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանը, ուսումնասիրելով Բենիկ Հարությունյանի կողմից ներկայացված հայցադիմումը, այն հետ է վերադարձրել՝ պատճառաբանելով, որ հայցադիմումին կից դատարան է ներկայացվել պետական տուրքի վճարման անդորրագիր, սակայն հայցով պահանջված գումարին անհամապատասխան գումար է վճարվել և չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի պահանջները: Որոշման մեջ նշվել է, որ պետական տուրքը վճարվել է մասնակի՝ 3.592.000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 4000 ՀՀ դրամ: (1-ին հատոր, գ.թ. 39-40)
2018թ. ապրիլի 17-ին Բենիկ Հարությունյանը կրկին նույնաբովանդակ հայցադիմում է ներկայացրել դատարան, սակայն 4-րդ կետում՝ հայցվորի պահանջի սյունակում, 179.000.000 ՀՀ դրամ տույժ-տուգանքներն հօգուտ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության, 2013-2014թթ. «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն աշխատած Սեյրան Առաքելյանից բռնագանձելու մասին պահանջ նշված չէ: (1-ին հատոր, գ.թ. 43-52)
2018թ. ապրիլի 18-ին դատավոր Գ.Հեբոյանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին՝ նշելով, որ հայցվորը ներկայացրել է երեք ոչ գույքային պահանջ, որոնց համար պետք է վճարվեր 12.000 ՀՀ դրամ, սակայն վճարվել է ընդամենը 4000 ՀՀ դրամ: (1-ին հատոր, գ.թ. 53-54)
2018թ. ապրիլի 20-ին Բենիկ Հարությունյանը կրկին նույնաբովանդակ հայցադիմում է ներկայացրել դատարան և 179.000.000 ՀՀ դրամ տույժ-տուգանքները հօգուտ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության, 2013-2014թթ. «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն աշխատած Սեյրան Առաքելյանից բռնագանձելու մասին պահանջը չի ներկայացրել: Նշված հայցադիմումին կցված է 2018թ. ապրիլի 20-ի՝ 8000 ՀՀ դրամի չափով վճարման անդորրագիր: (1-ին հատոր, գ.թ. 56-66)
2018թ. ապրիլի 25-ին Բենիկ Հարությունյանի հայցադիմումը դատավոր Գ.Հեբոյանի կողմից ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական քննություն: (1-ին հատոր, գ.թ. 1)
2018թ. հունիսի 14-ին դատարան է ստացվել պատասխանողներ Օնիկ Առաքելյանի և Սեյրան Առաքելյանի հայցադիմումի պատասխանը, որի մեջ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից արձանագրված ակտին, ինչպես նաև տույժ-տուգանքների գծով 179.000.000 ՀՀ դրամը բռնագանձելուն: (2-րդ հատոր, գ.թ. 12-23)
2018թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանը որոշում է կայացրել Բենիկ Հարությունյանի լրացուցիչ հայցադիմումն ընդդեմ Հարություն Հարությունյանի, Սեյրան Առաքելյանի, երրորդ անձ՝ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, վարույթ ընդունելու, գործը դատական քննության նախապատրաստելու և հայցապահանջները մեկ վարույթում միացնելու մասին: (2-րդ հատոր, գ.թ. 32)
Բենիկ Հարությունյանը թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործով միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ Հեբոյանին՝ խնդրելով Սեյրան Առաքելյանից և Հարություն Հարությունյանից հօգուտ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության բռնագանձել 2017թ. մարտի 20-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կազմված ակտի տույժ-տուգանքները՝ 179.000.000 ՀՀ դրամը, պետական տուրքի վճարումը հետաձգել, այդ հարցին անդրադառնալ կայացվելիք դատական ակտով և պետական տուրքի վճարումը պահանջել «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերությունից: (2-րդ հատոր, գ.թ. 33-35)
2018թ. նոյեմբերի 26-ին Բենիկ Հարությունյանի կողմից դիմում է հասցեագրվել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանին այն մասին, որ ունի կոկորդի պոլիպ (նորագոյացություն) հիվանդությունը, 4 օր է՝ կորցրել է ձայնը, չի կարողանում խոսել կամ խոսելիս անհասկանալի է խոսում, ուստի խնդրում է մինչև ապաքինվելը հետաձգել դատական նիստը: (2-րդ հատոր, գ.թ. 42)
2019թ. մարտի 1-ին Բենիկ Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանին` պետական տուրքից ազատելու խնդրանքի մասին: Միջնորդության մեջ Բ.Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով իր առողջական վիճակը և նյութական վիճակը, ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետով՝ միջնորդում է ներկայացված հայցը մերժելու դեպքում իրեն ազատել պետական տուրքից: (2-րդ հատոր, գ.թ. 109)
2019թ. մարտի 1-ին՝ ժամը 11:02-ին, սկսվել է հերթական դատական նիստը, որի ժամանակ հայցվոր Բենիկ Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայցը մերժելու դեպքում իրեն պետական տուրքից ազատելու խնդրանքի մասին: (հատոր 2-րդ, գ.թ.110-111)
2019թ. մարտի 6-ին Բենիկ Հարությունյանը դիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որով մեկ անգամ ևս խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից և դիմումին կից ներկայացրել է իր ամսեկան եկամտի և հիվանդությունների վերաբերյալ փաստաթղթեր: Համաձայն հիվանդության վերաբերյալ փաստաթղթերի՝ Բենիկ Հարությունյանի մոտ ախտորոշվել է «կոկորդի միջին հատվածի պոլիպ, հաստ աղու պոլիպ» հիվանդությունը: (հատոր 3-րդ գ.թ. 1-32)
2019թ. մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ.Հեբոյանի, կայացրել վճիռ, որով Բենիկ Հարությունյանի հայցը մերժվել է, իսկ պետական տուրքի հարցը համարվել է լուծված: Վճռում նշված է, որ քննության առնելով դատական ծախսերի հարցը՝ դատարանը գտնում է, որ վիճահարույց գործարքների մասով պետական տուրքը վճարվել է հայցվորի կողմից, իսկ գումարի պահանջը հանդիսանում է ածանցյալ պահանջ, այսինքն՝ հիմնական պահանջի մերժման դեպքում դատարանն ածանցյալ պահանջին չի անդրադառնում: (հատոր 3-րդ, գ.թ. 33-51)
Քաղաքացիական գործի զննությամբ պարզվել է, որ փաստաբան Վահագն Դանիելյանը որևէ առնչություն չի ունեցել տվյալ գործի հետ և որևէ կողմի ներկայացուցիչ չի հանդիսացել:
Զննված քաղաքացիական գործը զննության ավարտից հետո դրվել է ծրարի մեջ, կնիքվել ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ծրարների համար նախատեսված թիվ 10 կնիքով:
(տե՛ս հատոր 2. գ.թ. 214-216)
3.24. Խուզարկություն կատարելու մասին՝ 2019թ. մարտի 28-ի արձանագրության համաձայն՝ Գագիկ Հեբոյանի մասնակցությամբ խուզարկություն է կատարվել վերջինիս պատկանող՝ «Մերսեդես Բենս Ե-320» մակնիշի, 01 UU 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում: Հատուկ սարքի միջոցով զննվել է ավտոմեքենայի սրահը և ղեկի ու փոխանցման տուփի բռնակի վրա լուսարձակել են կարմիր գույնի հետքեր, որոնք բամբակե խծուծով առանձին-առանձին վերցվել են, տեղադրվել են ծրարների մեջ, կնիքվել ծրարների համար նախատեսված թիվ 9 կնիքով, ստորագրվել ընթերակաների, մասնակցի և քննիչի կողմից: Խուզարկությամբ ավտոմեքենայի սրահի փոխանցման տուփի առջև առկա պահոցից հայտնաբերվել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, որն ըստ Գ.Հեբոյանի բանավոր հայտարարության՝ իր հեռախոսն է, որի մեջ առկա է 091-15-09-63 հեռախոսահամարը: Բացի այդ, փոխանցման տուփի հետնամասի պահոցից հայտնաբերվել է «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոս, որի մեջ առկա է 091-21-12-21 հեռախոսահամարը: Ըստ Գագիկ Հեբոյանի՝ հիշյալ հեռախոսը և հեռախոսահամարը իրենն է: Գ.Հեբոյանը հայտնել է, որ տվյալ հեռախոսն ունի կոդ, որը 800000 է: Մեքենայի սրահի բեռնախցիկում հայտնաբերվել է Գագիկ Հեբոյանի՝ AM0860184 սերիական համարի անձնագիրը և ՀՀ-110 համարի դատավորի վկայականը: Հայտնաբերված բջջային հեռախոսներն անջատվել են, դրվել են պոլիէթիլենային փաթեթի մեջ և կնիքվել են ծրարների համար նախատեսված թիվ 36 կնիքով: Անձնագիրը և վկայականը վերցվել են: Այլ ապացուցողական նշանակության իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել և ըստ մասնակից Գ.Հեբոյանի՝ մեքենայի մեջ թանկարժեք իրեր, զարդեր և առարկաներ չեն եղել: Խուզարկությունն ավարտվելուց հետո ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ հատուկ պահպանվող տարածք:
(տե՛ս հատոր 1., գ.թ. 80-81)
3.25. Խուզարկություն կատարելու մասին՝ 2019թ. մարտի 28-ի արձանագրության համաձայն՝ Վահագն Դանիելյանի որդու՝ Սարգիս Դանիելյանի մասնակցությամբ խուզարկություն է կատարվել Վահագն Դանիելյանին պատկանող՝ «Լեքսուս Էռ-Իքս-300» մակնիշի, 35VR701 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում: Սարգիս Դանիելյանը հայտարարել է, որ ավտոմեքենան պատկանում է իր հորը՝ Վահագն Դանիելյանին և մշտապես շահագործվում է նրա կողմից: Նա հայտնել է, որ ավտոմեքենայի բանալիները հնարավոր է՝ գտնվեն մեքենայի մեջ, քանի որ հայրը վերջինիս դռները չի փակել: Դռները բացվելուց հետո կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ավտոմեքենայի վարորդի և կողքի նստատեղի արանքում՝ փոխանցման տուփի բռնակից դեպի հետ գտնվող փոքր դարակից հայտնաբերվել և վերցվել է Վ.Դանիելյանի՝ AM 0814670 սերիական համարի անձնագիրը: Նույն դարակից հայտնաբերվել է «Հայաստանի որսորդների միավորում» ՀԿ-ի կողմից Վահագն Դանիելյանի անվամբ տրված թիվ 3418 վկայականը, որսորդական ակոսափող կամ համակցված հրազեն պահելու և կրելու թիվ ԹԱՀ No.6920 թույլտվությունը, Վահագն Դանիելյանին տրված՝ որսորդական կիսափող հրազեն կամ որսորդական օդաճնշիչ զենք պահելու և կրելու ԹՊ4 No Դ-2/2 թույլտվությունը, նշված զենքը վաճառելու վերաբերյալ՝ «Հավելված 12» վերտառությամբ փաստաթուղթը: Անձնագիրը, հիշյալ վկայականներն ու փաստաթղթերը վերցվել են, փաթեթավորվել են մեկ փաթեթում, որը կնիքվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ փաթեթների համար նախատեսված թիվ 36 կնիքով:
Ավտոմեքենայի վրա և դրա սրահում մշակված հետքեր հայտնաբերելու նպատակով մասնագետ Վ.Մարգարյանի կողմից հատուկ սարքի միջոցով կատարվել է զննում, որի արդյունքում դրսից՝ ավտոմեքենայի հետին ձախ դռան վրայից՝ անմիջապես բռնակին կից, դռան եզրային հատվածից հատուկ սարքի կիրառմամբ լուսարձակել են կարմիր գույնի հետքեր: Հիշյալ հետքերից մասնագետի կողմից բամբակե խծուծով վերցվել է նմուշ, որը փաթեթավորվել է մեկ փաթեթում և կնիքվել ՀՀ ԱԱԾ՝ ծրարների համար նախատեսված թիվ 9 կնիքով, իսկ փաթեթի վրա կատարվել են համապատասխան կողմնորոշիչ գրառումներ և ստորագրություններ: Ավտոմեքենայի սրահի խուզարկության ժամանակ վերջինիս հետին նստատեղի վրայից՝ ձախ դռնից շուրջ 30սմ հեռավորության վրա, հատուկ սարքի կիրառման արդյունքում հայտնաբերվել են կարմիր գույնի հետքեր, որոնցից մասնագետի կողմից բամբակե խծուծով վերցվել է նմուշ, այն փաթեթավորվել է մեկ փաթեթում և կնիքվել ՀՀ ԱԱԾ՝ ծրարների համար նախատեսված թիվ 9 կնիքի դրոշմով: Փաթեթի վրա կատարվել են կողմնորոշիչ գրառումներ: Նույն նստարանի վրայից, հիշյալ հետքերին կից առկա փաստաթղթերի՝ հատուկ սարքի միջոցով զննման արդյունքում դրանցից լուսարձակվել են կարմիր գույնի հետքեր: Հիշյալ փաստաթղթերը վերցվել են, փաթեթավորվել են մեկ փաթեթում, որը կնիքվել է ՀՀ ԱԱԾ՝ ծրարների համար նախատեսված թիվ 1 կնիքով, իսկ փաթեթի վրա կատարվել են համապատասխան կողմնորոշիչ գրառումներ: Ավտոմեքենայի սրահի՝ հատուկ սարքի միջոցով զննությամբ, հետքեր այլևս չեն հայտնաբերվել: Ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է մեկ հատ երկփողանի, 12 մմ տրամաչափի, MP-27 EM -10 համարի հրացան, որի փամփուշատուփում առկա են 2 հատ «70mm, 2,25mm, 8» գրառումներով փամփուշտներ: Փամփուշտները հանվել և վերցվել են: Հրացանը փաթեթավորվել է մեկ փաթեթում, որը կնիքվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության թիվ 36 կնիքի դրոշմով: Բեռնախցիկից հայտնաբերվել է նաև որսորդական փամփուշտների համար նախատեսված տուփ, որում առկա են թվով 30, 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտների նման փամփուշտներ: Նշված բոլոր փամփուշտները և տուփը վերցվել են, փաթեթավորվել են մեկ փաթեթում, որը կնիքվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության թիվ 36 կնիքի դրոշմով: Խուզարկության ընթացքում ավտոմեքենայից այլ իրեր, առարկաներ, հետքեր չեն հայտնաբերվել: Խուզարկության ավարտից հետո ավտոմեքենայի բոլոր դռները և բեռնախցիկը, բացառությամբ վարորդի դռան, կնիքվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության թիվ 36 կնիքով:
(տե՛ս հատոր 1 , գ.թ. 86-89)
3.26. Խուզարկություն կատարելու մասին՝ 2019թ. մարտի 28-ի արձանագրության համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանի օգնական Աշոտ Մարտիրոսյանի մասնակցությամբ խուզարկություն է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի 29 հասցեում գտնվող՝ Գագիկ Հեբոյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի վարչական շենքում տեղակայված աշխատասենյակում: Խուզարկությամբ պարզվել է, որ դատավոր Գ.Հեբոյանի աշխատասենյակը գտնվում է դատարանի շենքի 2-րդ հարկում: 2-րդ հարկի միջանցքից սկսվում է դուռ, որի ներսում գտնվում է աշխատասենյակ: Ըստ խուզարկության մասնակից Ա.Մարտիրոսյանի հայտարարության՝ հիշյալ սենյակը հանդիսանում է դատավոր Գագիկ Հեբոյանի աշխատակազմի աշխատասենյակը, որտեղ նստում են դատավորի օգնականն ու գործավար Եվա Թադևոսյանը: Հիշյալ սենյակից ձախ գտնվող սենյակը, ըստ Ա.Մարտիրոսյանի հայտարարության, հանդիսանում է դատավոր Գագիկ Հեբոյանի նիստերի քարտուղար Անժելա Հովսեփյանի աշխատասենյակը: Խուզարկությունը սկսելու պահին հիշյալ անձինք գտնվել են իրենց աշխատասենյակներում: Դատավորի օգնականի և գործավարի աշխատասենյակից աջ գտնվում է սենյակ, որն ըստ խուզարկության մասնակից Ա.Մարտիրոսյանի հայտարարության՝ հանդիսանում է դատավոր Գագիկ Հեբոյանի աշխատասենյակը: Աշխատասենյակից դուրս՝ դռան շրջակայքում, այն տիրապետող անձի տվյալների պարունակությամբ ցուցատախտակ առկա չէ: Գագիկ Հեբոյանի աշխատասենյակի դուռը խուզարկության ընթացքում գտնվել է բաց՝ դեպի ներս հրված վիճակում: Խուզարկության մասնակից Ա.Մարտիրոսյանի հայտարարության համաձայն՝ աշխատասենյակի դուռը բացվել է իրենց աշխատակազմի կողմից՝ 2019թ. մարտի 28-ին՝ ժամը 09:00-ին, տվյալ օրվա դատական նիստերով քաղաքացիական գործերը վերցնելու, դրանց ծանոթանալու, ինչպես նաև դատավորի՝ 0224-2-16-12 քաղաքային հեռախոսահամարով քաղաքացիների հեռախոսազանգերին պատասխանելու համար: Միաժամանակ, Ա.Մարտիրոսյանը հայտարարել է, որ իր տեղեկություններով աշխատասենյակում առկա չեն խուզարկության կատարումը թույլատրելու մասին դատարանի որոշման մեջ նշված իրեր ու առարկաներ: Դատավոր Գ.Հեբոյանի աշխատասենյակի դռնից ներս՝ ձախ կողմում, դրված է դատավորի աշխատանքային սեղանն ու աթոռը: Սեղանի վրայից հայտնաբերվել է մեկ հատ «Սամսունգ Դուոս» գրառմամբ սև բջջային հեռախոս: Վերջինիս գործարանային համարը պարզելու նպատակով հավաքվել է *#06# կոդը, որի արդյունքում պարզվել է, որ բջջային հեռախոսի գործարանային համարն է՝ 35715004520715/8 և 35715104520715/6: Խուզարկության մասնակիցների կողմից գործողություններ կատարելու ողջ ընթացքում օգտագործվել են բժշկական ձեռնոցներ: Խուզարկության ընթացքում՝ ժամը 12:55-ին, քննչական գործողությանը ներգրավվել է նաև ՀՀ ԱԱԾ մասնագետ Վարդան Մարգարյանը: Վերջինս հատուկ սարքի միջոցով կատարել է քննության համար էական նշանակություն ունեցող առարկաների զննում, սակայն հատուկ մշակման հետքեր չեն հայտնաբերվել: Խուզարկության ընթացքում հայտնաբերված բջջային հեռախոսը վերցվել է, փաթեթավորվել է մեկ փաթեթում և կնիքվել ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ փաթեթների համար նախատեսված թիվ 36 կնիքի դրոշմով, որի վրա կատարվել են համապատասխան կողմնորոշիչ գրառումներ: Սեղանի վրայից հայտնաբերվել է մեկ հատ սև, կաշվե կազմով աշխատանքային օրագիր, որի կազմի վրա գրված է 2019: Նմանատիպ օրագիր է հայտնաբերվել նաև դատավորի աշխատասենյակի ձախ կողմի վերևի դարակից: Աշխատանքային օրագրերում առկա են ձեռագիր գրառումներ, դրանք մասնակի լրացված են: Ըստ խուզարկության մասնակից Ա.Մարտիրոսյանի հայտարարության՝ հիշյալ աշխատանքային օրագրերը պատկանում են դատավոր Գագիկ Հեբոյանին: Նշված երկու աշխատանքային օրագրերը վերցվել են, փաթեթավորվել են մեկ փաթեթում, որը կնիքվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ փաթեթների համար նախատեսված թիվ 36 կնիքի դրոշմով:
Քրեական վարույթն իրականացնող մարմնի հարցին ի պատասխան՝ խուզարկության մասնակից Ա.Մարտիրոսյանը հայտարարել է, որ հայցվոր Բենիկ Հարությունյանի հայցի հիման վրա քննվող թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործը բաղկացած է 3 հատորից: 2019թ. մարտի 18-ին վճռի կայացումից հետո մինչ օրս ընկած ժամանակահատվածում այն գտնվում է իր մոտ: Այնուհետև, Ա.Մարտիրոսյանը ներկայացրել է հիշյալ քաղաքացիական գործը՝ 1-ին հատորը՝ 127 թերթից, 2-րդ հատորը՝ 125 թերթից, 3-րդ հատորը՝ 51 թերթից: Հատորները համարակալված և ցուցակագրված են: Ներկայացված քաղաքացիական գործը վերցվել է, փաթեթավորվել է մեկ փաթեթում, որը կնիքվել է թիվ 36 կնիքի դրոշմով: Նկատի ունենալով, որ աշխատասենյակում առկա էր երկփեղկ մետաղյա չհրկիզվող պահարան, որի փեղկերը գտնվել են փակ վիճակում, իսկ ըստ խուզարկության մասնակից Ա.Մարտիրոսյանի հայտարարության՝ մետաղյա պահարանը պատկանում է դատավոր Գագիկ Հեբոյանին, որի բանալիների միակ օրինակները գտնվում են նրա մոտ, ուստի խուզարկության ընթացքում միջոցներ ձեռնարկվեցին բանալիները հայտնաբերելու ուղղությամբ: Ժամը 14:55-ին քրեական գործի քննչական խմբի ղեկավարի կողմից ներկայացվել է մետաղյա պահարանի վերին դարակի բանալին, որի միջոցով պահարանը բացվել է: Պարզվել է, որ պահարանի հիշյալ հատվածում գտնվում են քաղաքացիական գործեր և դատավոր Գ.Հեբոյանի կնիքը: Ըստ Ա.Մարտիրոսյանի հայտարարության՝ հիշյալ քաղաքացիական գործերը գտնվում են ընթացքի մեջ: Դատարանում առկա բանալու միջոցով բացվել է պահարանի ստորին դուռը, որից հետո պարզվել է, որ դարակում առկա կաշվե պայուսակի մեջ առկա է մեկ հատ «Մակարով» տեսակի ատրճանակ, որի փամփուշտատուփի մեջ առկա են թվով 3 հատ չկրակված փամփուշտներ: Բացի այդ, ատրճանակի մոտ դրված պոլիէթիլենային փաթեթում հայտնաբերվել են 9մմ տրամաչափի չկրակված փամփուշտներ: Վերոհիշյալ ատրճանակը, թվով 122 փամփուշտները, փամփուշտատուփում գտնվող 3 փամփուշտները վերցվել են, փաթեթավորվել են մեկ ընդհանուր փաթեթում և կնիքվել ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ծրարների համար նախատեսված թիվ 36 կնիքի դրոշմով: Նույն ճամպրուկի մեջից հայտնաբերվել և վերցվել է Գագիկ Զենիկի Հեբոյանի անվամբ տրված՝ «Մակարով» տեսակի հրազեն պահելու և կրելու թիվ ԹԿՀ ԴԱՏ-16 թույլտվությունը, որը վերցվել և փաթեթավորվել է մեկ փաթեթում, կնիքվել ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ծրարների համար նախատեսված թիվ 36 կնիքի դրոշմով: Խուզարկությամբ քննության համար էական նշանակություն ունեցող այլ իրեր, հետքեր չեն հայտնաբերվել:
(տե՛ս հատոր 1. գ.թ, 116-120)
3.27. Բջջային հեռախոսների զննում կատարելու մասին 2019թ. ապրիլի 10-ի արձանագրության համաձայն՝ զննության են ենթարկվել Գ.Հեբոյանի ավտոմեքենայից և աշխատասենյակից խուզարկությամբ հայտնաբերված, վերջինիս պատկանող՝ «Նոկիա», «Սամսունգ Դուոս» և «Այֆոն-6» տեսակի բջջային հեռախոսները:
«Նոկիա» մոդելի հեռախոսի զննության պարզվել է, որ դրա մեջ տեղադրված է 091-15-09-63 հեռախոսահամարը: Բջջային հեռախոսի գրքում որևէ անձի կոնտակտային տվյալ գրանցված չէ: Հեռախոսի ելքային և մուտքային հեռախոսազանգերի սյունակում վերջին ելքային, մուտքային և բաց թողնված զանգերը կատարվել են 2019թ. մարտի 26-ին:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 17:48-ին, 093 00-63-58 հեռախոսահամարից առկա է 54 վայրկյան տևողությամբ մուտքային հեռախոսազանգ:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 17:36-ին, 099 90-88-73 հեռախոսահամարից առկա է 25 վայրկյան տևողությամբ մուտքային հեռախոսազանգ:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 18:24-ին, 099 90-88-73 հեռախոսահամարին կատարվել է 28 վայրկյան տևողությամբ ելքային հեռախոսազանգ:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 17:12-ին, 099 43-04-39 հեռախոսահամարին կատարվել է 30 վայրկյան տևողությամբ ելքային հեռախոսազանգ:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 20.02-ին, առկա է 099 43-04-39 բջջային հեռախոսահամարից կատարված և բաց թողնված հեռախոսազանգ:
2019թ. մարտի 4-ին՝ ժամը 12.34-ին, 091-31-91-93 բջջային հեռախոսահամարին կատարվել է 40 վայրկյան տևողությամբ ելքային հեռախոսազանգ:
Նշված բջջային հեռախոսի հեռախոսային գրքում որևէ հեռախոսահամար գրանցված չէ, իսկ քննությանը հետաքրքրող այլ հեռախոսազանգեր, ելքային և մուտքային կարճ հաղորդագրություններ չեն հայտնաբերվել: Զննությունն ավարտելուց հետո հեռախոսն անջատվել է:
«Այֆոն 6» մոդելի բջջային հեռախոսի զննությամբ պարզվել է, որ դրա մեջ տեղադրված է 091-21-12-21 հեռախոսահամարը: Զննությամբ պարզվել է, որ հիշյալ հեռախոսի գրքում «Vahag adv» անվան տակ առկա են 077-01-73-33, 094-01-73-35 և +374-99-90-88-73 հեռախոսահամարները: 091 15-52-11 անվան դիմաց գրանցված է «Marat Hakobyan adv» տվյալները: 091-31-91-93 համարի դիմաց գրանցված է «Gohar kurs» տվյալը: 093-58-67-60 համարի տակ գրանցված է «Armen masiv doktor» տվյալը: 055-89-25-62 համարի տակ գրանցված է «Marat Hakobyan adv» տվյալը: 094633399 և 093246129 համարների դիմաց տվյալներ առկա չեն:
Կարճ հաղորդագրությունների սյունակում գործին հետաքրքրող տվյալներ չեն հայտնաբերվել: «Viber», «Whatsapp», «Zangi», «Telegram», «Signal» հավելվածներում գործին հետաքրքրություն ներկայացնող տվյալներ չեն հայտնաբերվել:
2019թ. մարտի 27-ին՝ ժամը 21:45-ին, առկա է բաց թողնված զանգ՝ 077-21-00-27 հեռախոսահամարի բաժանորդի կողմից, որի անվան դիմաց գրված է «Rita»:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 17:15-ին, առկա է ելքային զանգ «Vahag adv» անունով գրանցված 094-01-73-35 համարին, սակայն խոսակցության տևողություն առկա չէ:
2019թ. մարտի 27-ին՝ ժամը 21:03-ին, առկա է ելքային զանգ «Vahag adv» անունով գրանցված՝ +374 99 90-88-73 համարին, սակայն խոսակցության տևողություն առկա չէ:
Հիշյալ հեռախոսի ելքային և մուտքային զանգերը պահպանված են մինչև 2019թ. մարտի 25-ը: Զննությունն ավարտելուց հետո հեռախոսը քննիչի կողմից անջատվել է:
«Սամսունգ Դուոս» տեսակի բջջային հեռախոսի զննությամբ պարզվել է, որ դրա մեջ տեղադրված է 098-21-12-21 հեռախոսահամարը: Հիշյալ բջջային հեռախոսի հեռախոսային գրքում «Вааг адв» անվան տակ գրանցված է եղել 099-67-58-50 բջջային հեռախոսահամարը, իսկ «Вааг адв 2» անվան տակ գրանցված է եղել 077-67-58-50 բջջային հեռախոսահամարը: Ըստ հեռախոսի ժամանակի՝ 2008թ փետրվարի 5-ին՝ ժամը 19:29-ին, առկա է բաց թողնված զանգ՝ 010-45-88-42 համարից, իսկ նույն օրը՝ ժամը 20:23-ին, առկա է բաց թողնված զանգ՝ 094-32-10-00 համարից, որը գրանցված է Մարինե Թովմասյան անվան տակ: 2019թ փետրվարի 5-ին՝ ժամը 12:08-ին, առկա է 6 վայրկյան տևողությամբ մուտքային զանգ 093-29-77-78 համարից: Քննությանը հետաքրքրող այլ հեռախոսազանգեր, ելքային և մուտքային կարճ հաղորդագրություններ չեն հայտնաբերվել: Զննությունն ավարտելուց հեռախոսն անջատվել է:
Զննության ենթարկված բջջային հեռախոսները տեղադրվել են մեկ ծրարի մեջ, որից հետո ծրարը փակվել ու կնիքվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության թիվ 10 կնիքով:
(տե՛ս հատոր 2, գ.թ. 169-171)
3.28. Ելքային և մուտքային հեռախոսազանգերը, սպասարկող ալեհավաքների տեղակայման վերաբերյալ տեղեկությունները պարունակող լազերային սկավառակների զննում կատարելու մասին՝ 2019թ. ապրիլի 16-ին արձանագրության համաձայն՝ 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 17:17-ից մինչև 18:24-ն ընկած ժամանակահատվածում, Վահագն Դանիելյանի կողմից օգտագործվող՝ 099 90-88-73 բջջային հեռախոսահամարի և Գագիկ Հեբոյանի կողմից շահագործված 091-15-09-63 բջջային հեռախոսահամարի միջև առկա են ընդհանուր 5 ելքային և մուտքային հեռախոսազանգեր:
Բենիկ Հարությունյանի՝ 099-90-07-73 բջջային հեռախոսահամարի ելքային և մուտքային հեռախոսազանգերը 2019թ. մարտի 6-ին՝ ժամը 10:58-ից մինչև 11:28-ը, սպասարկվել է Եղվարդ քաղաքի վարչական շրջանում, ինչով հիմնավորվել է, որ հենց այդ օրը և նշված ժամերին է Բենիկ Հարությունյանը հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր, ինչպես նաև հանդիպել Գագիկ Հեբոյանին և զրուցել նրա հետ:
2019թ. մարտի 6-ին՝ ժամը 10:58-ից մինչև 11:28-ը, երբ Բենիկ Հարությունյանը գտնվել է Եղվարդում և ներկայացրել է իր հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը դատարան, դրանից հետո՝ ժամը 12:54-ին և 12:57-ին, Գագիկ Հեբոյանի՝ 091-21-12-21 հեռախոսահամարի և Վահագն Դանիելյանի՝ 099-90-88-73 բջջային հեռախոսահամարի միջև կատարվել են երկու ելքային և մուտքային հեռախոսազանգեր:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 15:51-ին, Գագիկ Հեբոյանն իրեն պատկանող՝ 091-21-12-21 բջջային հեռախոսահամարով զանգահարել է փաստաբան Լիլիթ Մանյանի՝ 094-88-63-86 բջջային հեռախոսահամարին:
2019թ. մարտի 6-ին՝ ժամը 10:35-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Գագիկ Հեբոյանի հեռախոսազանգերը սպասարկվել են Եղվարդ քաղաքում, իսկ 2019թ. մարտի 27-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ Կոտայքի մարզի Բջնի գյուղում:
Զննության ավարտից հետո լազերային սկավառակները տեղադրվել են իրենց փաթեթների մեջ, կնիքվել ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ փաթեթների համար նախատեսված թիվ 10 կնիքի դրոշմով:
(տե՛ս հատոր 3, գ.թ. 1-30)
3.29. Զննություն կատարելու մասին՝ 2019թ. ապրիլի 05-ի արձանագրության համաձայն՝ զննության է ենթարկել «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները պարունակող լազերային սկավառակը:
Լազերային սկավառակի վրա առկա են՝ «Video, N 85/19, 27.03.2019թ, 1/ 13ր 40վ 2/52վ» անգլերեն և հայերեն ձեռագիր գրառումները: Լազերային սկավառակը զննության նպատակով դրվել է համակարգչի օպտիկական պահոցի մեջ, բովանդակությունը ներբեռնվել է համակարգիչ (այդ թվում՝ հետագա օգտագործման անհրաժեշտությամբ պայմանավորված), որից հետո կատարվել է զննություն:
Լազերային սկավառակը, երբ տեղադրվել է քննիչի աշխատանքային համակարգչի մեջ, պարզվել է, որ դրանում առկա են 2 տեսագրություններ:
Զննության ընթացքում վերծանվել են վերը նկարագրված տեսագրությունները, որի ընթացքում խոսակցությունների բառերը վերծանվել են ըստ իրենց արտասանության՝ առանց ուղղագրական նորմերի պահպանման: Կետադրական նշանները դրվել են՝ ըստ տեքստում առկա դադարների և նախադասությունների տրամաբանական ավարտի: Տեսագրությունում երևացող անձանց գործողությունները ևս վերծանվել են:
Զննությամբ պարզվել է, որ 1-ին տեսագրության տևողությունը 13 րոպե 41 վայրկյան է: Տեսագրության սկզբում երևում է, որ մի տղամարդ, ով ըստ ձայնի՝ հանդիսանում է Բենիկ Հարությունյանը, մոտենում է փաստաբանական գրասենյակին, բացում է դուռը և մտնում ներս: Տեսագրության 21-րդ վայրկյանին նշված գրասենյակի ձախ մասի պատի մոտ նստած երևում է Վահագն Դանիելյանը, ում մոտ կանգնած է մի տղամարդ: Այնուհետև, Բենիկ Հարությունյանը ասում է.
Բենիկ- Բարի օր ձեզ: Ոնց եք:
Վահագն- Ոչինչ, նորմալ: Մեկ րոպե սպասեք, հեսա հա՞:
Բենիկ֊ Ե՞ս:
Վահագն- Հա:
Տեսագրության 32-րդ վայրկյանին Բենիկ Հարությունյանը դուրս է գալիս և սպասում է դրսում, որի ժամանակ փողոցով անցնող ավտոմեքենաների աղմուկն է լսվում:
ՏԵսագրության 8-րդ րոպեի 9-րդ վայրկյանին Վահագն Դանիելյանի մոտ գտնվող տղամարդը դուրս է գալիս և գնում, որից հետո գրասենյակ է մտնում Բենիկ Հարությունյանը և զրուցում են հետևյալ բովանդակությամբ.
Բենիկ - Վահագն ջան, ո՞նց ես:
Վահագն - Ոչինչ, դու ոնց ես:
Բենիկ - Երեկ եկա, որ քեզ տենայի, էն էլ տեղում չէիր: Մի քիչ սպասեցի, Հեբոյանն եկավ: Հետո էտ կարգադրիչն եկավ: Գնացի ասեի Հեբոյանին ասեմ, որ քեզ զանգեց էս քո աշխատողն էր, չէ՞, էտ աղջիկը:
Վահագն - Հա:
Բենիկ -Ասի ասեմ, որ վաղը 12-ին կգամ: Վահագնի հետ պայմանավորվել ենք: Էտ կարգադրիչն եկավ, բա բարձրացի երկրորդ հարկ, էտ կնոջ մոտ: Ասի ախպեր, Վահագնը տեղում չի, էտ տղեն էլ էտ կնոջ մոտ ես ի՞նչ ասեմ: Բա ոչինչ, հել, իրանք գիտեն: Հելա, էտ կնիկն էլ ինձ հարցակոխ ա արեց, բա ինչ ա, ոնց ա: Ասի ուղարկել են քո մոտ, ես չգիտեմ ոնց ա, ինչ ա, պիտի մի քիչ փող կա, պիտի տամ: Բա ինչ փող ա, բան: Դե, տեսա, որ էսի բանից տեղյակ չի, սաղ խառնեց, հարցակոխ արեց, սպանեց և այլ և այլ:
Նշված ժամանակ Վահագն Դանիելյանն իր կանգնած տեղից մոտենում և նայում է գրասենյակի աջ մասում գտնվող պատուհանից դուրս:
Այնուհետև, ԲԵնիկ Հարությունյանը նորից շարունակում է զրուցել և հայտնում է հետևյալը.
Բենիկ- Ասի ընկեր, տուրքի պետմարում ա, էլի, մասնակի մարում ա էսի, ասի: Բա տար թող Վահագնի աղջկա մոտ: Վահագնի աղջկա մոտ թողնեմ ինչ լինի, ավելի լավ ա ես բան կանեմ:
Այդ ժամանակ Վահագն Դանիելյանը, քմծիծաղ տալով գալիս է դեպի փաստաբանական գրասենյակի մուտքի դռան մոտ, բացում է դուռը, նայում է դուրս, որից հետո Բենիկ Հարությունյանը շարունակում է ասել հետևյալը.
Բենիկ-Էսօր ուղղակի տեղ պիտի գնայի:
Վահագն - Հա:
Բենիկ - Հասկացա՞ր:
Վահագն- Ասում ա ինչ-որ եկել ես ընդեղ, ասել ես բան ա, անունն ինչ ա:
Բենիկ - Դե, խուճուճ մազերով սենց լիքը-լիքը տղա է: Անունը ինչ ա, չգիտեմ: Կարգադրիչ ա ստեղ: Էտի ասեց ախպեր գնա բանի: Արա, ասում եմ, Վահագնը տեղում չի: Ասում ա ոչինչ, գնա ընդեղ քեզ սպասում են, իրանք գիտեն ինչ պիտի անեն: Հիմա էտ բանը, որ պայմանավորվել էինք, ասի մի հատ տենամ ոնց ենք անում: Ես էսօր իրիկուն կարող ա մի քանի օրով բացակայեմ, էլի, խիղճս հանգիստ էթամ, Վահագն ջան:
Դրանից հետո, մի քանի վայրկյան լուռ են, որի ժամանակ Բենիկ Հարությունյանը գտնվում է գրասենյակում, իսկ Վահագն Դանիելյանը շարունակում է նայել դեպի դուրս:
Քիչ անց, Վահագն Դանիելյանը դռնից դուրս է գալիս, հետևից փակում դուռը, իսկ Բենիկ Հարությունյանը միայնակ մնում է գրասենյակում: Ուղիղ մեկ րոպե անց Վահագն Դանիելյանը վերադառնում է գրասենյակ, որից հետո Բենիկ Հարությունյանն ասում է.
Բենիկ- էտ գումարը մոտս ա, ոնց պայմանավորել ենք, էլի: Տամ բան կանես, թե ոնց, ասեց, որ քեզ մոտենամ էլի Հեբոյանը, դրա համար եմ ասում:
Վահագն - Պետտու՞րք ա վճարելու:
Նշված ժամանակ Վահագն Դանիելյանը կրկին մոտենում է գրասենյակի աջ մասում գտնվող պատուհանին, պատուհանի վարագույրը մի կողմ է տանում, նայում է դուրս:
Այնուհետև Բենիկ Հարությունյանը ասում է հետևյալը.
Բենիկ - Չէ, ախպեր, խի ինքը քեզ չի՞ ասել ինչ ա, ոնց ա:
Վահագն -ՉԷ:
Բենիկ - Դե, մի հատ հարցրա ուզում ես: Ասա Բենիկն եկել ա ախպեր: Էտ մարդը երեկ էլ ա եկել, էսօր էլ ա եկել, թող ինքը ասի ոնց ա, ինչ ա, էտ հարցերը լուծեմ էթամ, ցավդ տանեմ:
Այնուհետև, Վահագն Դանիելյանը նշված պատուհանից հեռանում է իր սեղանի դիմաց գտնվող մեկ այլ պատուհանի մոտ, նորից շերտավարագույրը մի կողմ տանելով՝ դեպի դուրս է նայում: Դրանից հետո, Բենիկ Հարությունյանը Վահագն Դանիելյանին ասում է հետևյալը.
Բենիկ - Եթե հարմար ես գտնում տենց, տենց արա, եթե չէ, պայմանավորվել ենք էլի, որ պիտի երկուսուկես փող տայի, մոտս ա էլի փողն էլ:
Այդ ժամանակ Վահագն Դանիելյանը կրկին բացում է գրասենյակի դուռը և դեպի դուրս նայում: Այդ ժամանակ Բենիկ Հարությունյանը Վահագն Դանիելյանին ասում է.
Բենիկ- Մի երկու օր ուշացրել եմ, ճիշտ ա: Դե, մեքենան փչացել էր, խնձոր էի ուղարկել Ռոստով, հլը Թիֆլիս ա:
Վահագն - Խնձորը ո՞նց ա վիճակը:
Բենիկ - Ոռի, չի ծախվում վաբշե: 120 դրամով, 150 դրամով խնձոր եմ ծախում:
Վահագն - Ներսը չեմ ծխում, բայց հա ես էլ եմ հելնում դուրսը ծխեմ:
Բենիկ -Կներես, ցավդ տանեմ: Չէ, որ տեսա դու ծխում ես:
Վահագն - Չէ, ես չեմ ծխում:
Բենիկ - հա, դրա համար: Թե չէ ես որ իմանամ կաբինետում չես ծխում, իհարկե չեմ ծխի:
Դրան նախորդող մի քանի վայրկյանը Վահագն Դանիելյանը նայում է բաց դռնից դեպի դուրս, ապա, երբ Բենիկի հետ դուրս են գալիս դեպի դուրս, Վահագն Դանիելյանը շատ կամաց ձայնով դիմում է Բենիկ Հարությունյանին և ասում հետևյալը.
Վահագն -Ավտոյիս լուսամուտից գցի ներս:
Բենիկ ֊ Հը՞:
Վահագն - Ավտոյիս լուսամուտից գցի ներս:
Բենիկ - Ընդեղից, հա՞:
Վահագն - Հա: Հեսա:
Բենիկ -է՞ս յանից:
Դրանից հետո Բենիկ Հարությունյանը մոտենում է գրասենյակի անմիջապես հարևանությամբ կայանված՝ «Լեքսուս» մակնիշի, 35 VR 701 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի դռան հետևի կողմից դռան պատուհանի մոտ և պատուհանի վերևի բացվածքից ձեռքով ինչ-որ բան է գցում պատուհանից ներս, իսկ պատուհանի անդրադարձից երևում է Բենիկ Հարությունյանի դեմքը:
Այնուհետև, Բենիկ Հարությունյանը նորից հետ է վերադառնում դեպի գրասենյակի մուտքի դռան մոտ, որի ժամանակ գրասենյակից դուրս է գալիս Վահագն Դանիելյանը և Վահագն Դանիելյանին ասում է հետևյալը.
Բենիկ- Վահագն ջան, կներես էլի, ցավդ տանեմ, մի երկու-երեք ժամ հետո, որ հանդիպեմ, իմանամ նորմալ ա, արդեն էթամ, էլի: Ստեղ կլինե՞ս:
Վահագն - Հա:
Բենիկ- Դե, մի երեք ժամից հանդիպեմ, ցավդ տանեմ: Գալու եմ, էլի:
Վահագն - Հա:
Դրանից հետո Բենիկ Հարությունյանը գալիս և նստում է սպիտակ գույնի Նիվա մակնիշի ավտոմեքենայի ղեկին, որից հետո ավարտվում է տեսագրությունը:
2-րդ տեսագրության տևողությունը 53 վայրկյան է: Տեսագրության 10-րդ վայրկյանին Բենիկ Հարությունյանը մոտենում է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից իջնող Վահագն Դանիելյանին և հասնելով գրասենյակի մոտ՝ դիմում է նրան և ասում.
Բենիկ- Վահագն ջան նորմալ ես:
Վահագն- հա
Բենիկ- Ասի մի հատ հանդիպեմ էլի, դե որ պայմանավորվել էինք տենանք ամեն ինչ նորմալա բան:
Վահագն-հա
Բենիկ- Որտև ես հլը ահագին գործեր ունեմ իրա հետ, /չի հասկացվում/ դիրխոր մնա քեզնից:
Վահագն-Եղավ
Բենիկ-Դավայ ընկեր ջան, դե գնացի շնորհակալություն, որից հետո Բենիկ Հարությունյանը գնում է, նստում ավտոմեքենան և տեսագրությունն ավարտվում է:
Զննության ավարտից հետո զննված լազերային սկավառակը առանձնացվել է ծրարում առկա մեկ այլ սկավառակից և առանձին-առանձին տեղադրվել են ծրարների մեջ և կնիքվել ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ծրարների համար նախատեսված թիվ 10 կնիքով:
(տե՛ս հատոր 2, գ.թ. 95-98)
3.30. Զննություն կատարելու մասին՝ 2019թ. ապրիլի 15-ի արձանագրության համաձայն՝ «Կաշառք տալու նմանակում», «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները պարունակող թվով չորս լազերային սկավառակները:
Զննումը կատարվել է բնական լուսավորության պայմաններում, անհրաժեշտ հագեցվածությամբ համակարգչի օգտագործմամբ:
Զննությամբ պարզվել է, որ բոլոր լազերային սկավառակները գտնվում են ծրարավորված և կնիքված՝ ՀՀ ԱԱԾ ծրարների համար նախատեսված թիվ 2 կնիքի դրոշմով, բացառությամբ ՀՀ ԱԱԾ-ից ստացված՝ Բենիկ Հարությունյանի և Վահագն Դանիելյանի խոսակցությունները պարունակող լազերային սկավառակից, քանի որ հիշյալ լազերային սկավառակը 2019թ. ապրիլի 5-ին ընթերակաների ներկայությամբ դուրս է բերվել ծրարից և դրա մեջ գտնվող՝ «Video, N 85/19, 27.03.2019թ, 1/ 13ր 40վ 2/52վ» անգլերեն և հայերեն ձեռագիր գրառումներով լազերային սկավառակը զննելուց հետո ծրարավորվել և կնիքվել Է ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ծրարների համար նախատեսված թիվ 10 կնիքով: Խոսակցությունները պարունակող «N86/19 27.03.2019թ. 13ր 34 վ» ձեռագիր գրառմամբ լազերային սկավառակը առանձնացվել է, ծրարավորվել և կնիքվել ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ծրարների համար նախատեսված թիվ 10 կնիքով:
Զննության ընթացքում փաթեթների կնիքման և ամբողջականության խախտումներ չեն հայտնաբերվել: Փաթեթները ընթերակաների ներկայությամբ հերթով բացվել են, լազերային սկավառակները զննության նպատակով դրվել են համակարգչի օպտիկական պահոցի մեջ, բովանդակությունը ներբեռնվել է համակարգիչ (այդ թվում՝ հետագա օգտագործման անհրաժեշտությամբ պայմանավորված), որից հետո կատարվել է զննություն: Զննության ընթացքում վերծանվել են վերը նկարագրված տեսագրությունները, որի ընթացքում խոսակցությունների բառերը վերծանվել են ըստ իրենց արտասանության՝ առանց ուղղագրական նորմերի պահպանման: Կետադրական նշանները դրվել են՝ ըստ տեքստում առկա դադարների և նախադասությունների տրամաբանական ավարտի: Տեսագրությունում երևացող անձանց գործողությունները ևս վերծանվել են:
Խոսակցությունները պարունակող «N86/19 27.03.2019թ. 13ր 34 վ» ձեռագիր գրառմամբ լազերային սկավառակի զննությամբ պարզվել է, որ զրուցում եմ երկու տղամարդիկ, որոնք ըստ ձայնի՝ Բենիկ Հարությունյանը և Վահագն Դանիելյանն են: Նրանց խոսակցությունը, ըստ անձերի, պայմանականորեն ձևակերպվել է «Բենիկ» և «Վահագն»: Տևողությունը կազմում է 13 րոպե 34 վայրկյան:
Բենիկ- Բարի օր ձեզ: Ոնց եք:
Վահագն- Ոչինչ, նորմալ: Մեկ րոպե սպասեք, հեսա հա՞:
Բենիկ- Ե՞ս:
Վահագն- Հա:
Այնուհետև, մի քանի րոպե փողոցից աղմուկ է լսվում, որի ժամանակ Բենիկ Հարությունյանը մի պահ զրուցում է ինչ-որ տղամարդու հետ: 8-րդ րոպեի 3-րդ վայրկյանին նորից լսվում է խոսակցությունը՝ հետևյալ բովանդակությամբ.
Բենիկ - Վահագն ջան, ո՞նց ես:
Վահագն - Ոչինչ, դու ոնց ես:
Բենիկ - Երեկ եկա, որ քեզ տենայի:
Վահագն- հա:
Բենիկ- էն էլ տեղում չէիր: Մի քիչ սպասեցի, Հեբոյանն եկավ: Հետո էտ կարգադրիչն եկավ: Գնացի ասեի Հեբոյանին ասեմ, որ քեզ զանգեց էս քո աշխատողն էր, չէ՞, էտ աղջիկը: Ասի ասեմ, որ վաղը 12-ին կգամ: Վահագնի հետ պայմանավորվել ենք: Էտ կարգադրիչն եկավ, բա բարձրացի երկրորդ հարկ, էտ կնոջ մոտ: Ասի ախպեր, Վահագնը տեղում չի, էտ տղեն էլ էտ կնոջ մոտ ես ի՞նչ ասեմ: Բա ոչինչ, հել, իրանք գիտեն: Հելա, էտ կնիկն էլ ինձ հարցակոխ ա արեց, բա ինչ ա, ոնց ա: Ասի ուղարկել են քո մոտ, ես չգիտեմ ոնց ա, ինչ ա, պիտի մի քիչ փող կա, պիտի տամ: Բա ինչ փող ա, բան: Դե, տեսա, որ էսի բանից տեղյակ չի, սաղ խառնեց սենց, հարցակոխ արեց, սպանեց և այլ և այլ: Ասի ընկեր, բանա, տուրքի պետմարում ա, էլի, մասնակի մարում ա էսի, ասի: Բա տար թող Վահագնի աղջկա մոտ: Վահագնի աղջկա մոտ թողնեմ ինչ լինի, ավելի լավ ա ես բան կանեմ: Էսօր ուղղակի տեղ պիտի գնայի:
Վահագն - Հա:
Բենիկ - Հասկացա՞ր:
Վահագն- Ասում ա ինչ-որ եկել ես ընդեղ ասել ես բան ա, անունն ինչ ա:
Բենիկ - Դե, խուճուճ մազերով սենց լիքը-լիքը տղա է: Անունը ինչ ա, չգիտեմ: Կարգադրիչ ա ստեղ: Էտի ասեց ախպեր, գնա բանի: Արա, ասում եմ, Վահագնը տեղում չի: Ասում ա ոչինչ, գնա ընդեղ քեզ սպասում են, իրանք գիտեն ինչ պիտի անեն: Հիմա էտ բանը, որ պայմանավորվել էինք, ասի մի հատ տենամ ոնց ենք անում: Ես էսօր իրիկուն կարող ա մի քանի օրով բացակայեմ, էլի, խիղճս հանգիստ էթամ, Վահագն ջան:
Դրանից հետո որոշ ժամանակ խոսակցություն չի լինում, իսկ հետո Բենիկ Հարությունյանն ասում է.
Բենիկ- էտ գումարը մոտս ա, ոնց պայմանավորել ենք, էլի: Տամ բան կանես, թե ոնց, ասեց, որ քեզ մոտենամ էլի, Հեբոյանը, դրա համար եմ ասում:
Վահագն - Պետտու՞րք ա վճարելու:
Բենիկ-Հը՞:
Վահագն- Պետտու՞րք ա վճարելու:
Բենիկ - Չէ, ախպեր, խի ինքը քեզ չի՞ ասել ոնց ա ինչ ա:
Վահագն -ՉԷ:
Բենիկ - Դե, մի հատ հարցրա ուզում ես: Ասա Բենիկն եկել ա ախպեր: Էտ մարդը երեկ էլ ա եկել, էսօր էլ ա եկել, թող ինքը ասի ոնց ա, ինչ ա, էտ հարցերը լուծեմ էթամ, ցավդ տանեմ:
Բենիկ – Չի հասկացվում ...... պայմանավորվել /չի հասկացվում/, մոտս ա էլի փողն էլ: Մի երկու օր ուշացրել եմ, ճիշտ ա: Դե մեքենան փչացել էր, խնձոր էի ուղարկել Ռոստով, հլը Թիֆլիս ա:
Վահագն - Խնձորը ո՞նց ա վիճակը:
Բենիկ - Ոռի, չի ծախվում վաբշե: 120 դրամով, 150 դրամով խնձոր եմ …:
Վահագն - Ներսը չեմ ծխում, բայց հա ես էլ եմ հելնում դուրսը ծխեմ:
Բենիկ-Կներես, ցավդ տանեմ: Չէ, որ տեսա դու ծխում ես:
Վահագն - Չէ, /չի հասկացվում/:
Բենիկ - Հա, դրա համար: Թե չէ ես որ իմանամ կաբինետում չես ծխում, իհարկե չեմ ծխի:
Վահագն -Ավտոյիս լուսամուտից գցի ներս:
Բենիկ - Հը՞:
Վահագն - Ավտոյիս լուսամուտից գցի ներս:
Բենիկ - Ընդեղից, հա՞:
Վահագն - Հա:
Բենիկ- է՞ս յանից:
Բենիկ- Վահագն ջան, կներես, էլի, ցավդ տանեմ, մի երկու-երեք ժամ հետո որ հանդիպեմ, իմանամ նորմալ ա, արդեն էթամ, էլի: Ստեղ կլինե՞ս: Դե, մի երեք ժամից հանդիպեմ, ցավդ տանեմ: Գալու եմ, էլի:
Վահագն - Հա:
Դրանից հետո ավարտվում է խոսակցությունը:
Երկրորդ լազերային սկավառակում, որի վրա առկա է «N83/19 26.03.2019թ. 9ր» ձեռագիր գրառումը, առկա է «26.03.2019.mpg» անվանմամբ ֆայլ, որը պարունակում է «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Հիշյալ տեսաձայնագրության զննությամբ պարզվել է, որ այն վերաբերում է 2019թ. մարտի 26-ին Բենիկ Հարությունյանի կողմից ՀՀ Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակ այցելելուն, այնտեղ գտնվող 2 կանանց հետ զրուցելուն (պարզվել է, որ կանանցից մեկը փաստաբան Լիլիթ Մանյանն է, իսկ մյուսը՝ Վահագն Դանիելյանի օգնական Լիլիթ Եղիազարյանը), ինչպես նաև Բենիկ Հարությունյանի կողմից Եղվարդի նստավայր այցելելուն և այնտեղ գտնվող կարգադրիչների հետ զրուցելուն, (պարզվել է, որ կարգադրիչները հանդիսանում են Անահիտ Հովհաննիսյանը և Արսեն Սիմոնյանը): Տեսագրության տևողությունը 9 րոպե 2 վայրկյան է:
Բ.Հարությունյանը մի պահ մուտք է գործել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր և փորձել հանդիպել դատավոր Գ.Հեբոյանին, որի ընթացքում առնչվել է համազգեստով կին դատական կարգադրիչի, ինչպես նաև նույնպիսի համազգեստով տղայի հետ: Ընդ որում՝ վերջինս փաստաբանական գրասենյակի կողմից մոտենալով դատարանի շենքի մուտքին և Բենիկ Հարությունյանին մատնանշելով նշված փաստաբանական գրասենյակը, ասել է Բենիկ Հարությունյանին, որ վերջինս բարձրանա 2-րդ հարկ:
Վերջիններիս խոսակցությունը պայմանականորեն նշվել է՝ Բենիկ, Լիլիթ Մանյան, Լիլիթ Եղիազարյան, Արսեն, Անահիտ անուններով:
Տեսագրության սկզբում երևում է, որ մի տղամարդ, ով, ըստ ձայնի, հանդիսանում է Բենիկ Հարությունյանը, կրծքավանդակի շրջանում ամրացված տեսախցիկով մոտենում է փաստաբանական գրասենյակին և աստիճաններով բարձրանում է դեպի երկրորդ հարկ: Հասնելով երկրորդ հարկում գտնվող գրասենյակ՝ Բենիկ Հարությունյանը զրուցում է Լիլիթ Եղիազարյանի հետ, ում կողքին գտնվում է նաև փաստաբան Լիլիթ Մանյանը:
Բենիկ-Բարև ձեզ, Վահագնը, կարո՞ղ ա իմանաք, ուր ա:
Լիլիթ Եղիազարյան-Վահագնը գործերով դուրս ա եկել: Ի՞նչ հարցով ա:
Բենիկ-Ուշ կգա՞:
Լիլիթ Եղիազարյան -Պայմանավորվա՞ծ էիք:
Բենիկ-ՉԷ, բայց ինքը գիտի, որ պիտի գամ, բայց ժամ չէինք պայմանավորվել:
Լիլիթ Եղիազարյան -Հա, չէ, բան չի ասել, ճիշտն ասած, հեսա զանգեմ, տեսնեմ:
ԲԵնիկ-Համար չունե՞ք, ասեք Բենիկ:
Լիլիթ Եղիազարյան -Ասեմ, զանգեք, թե՞ ես զանգեմ:
Բենիկ-Կամ Դուք զանգեք կամ ես զանգեմ:
Լիլիթ Եղիազարյան -Ի՞նչ ասեմ:
Բենիկ-Ասեք Բենիկն ա եկել, սպասի, թե՞ գնա, վաղը գա:
Լիլիթ Եղիազարյան -Հեսա զանգեմ: Նիստ ունեն, որ գնաց, բայց ուր գնաց, չեմ իմանում: Զբաղված ա ցույց տալիս: Եկեք իջնենք, լավ, մինչև կզանգի երևի հեսա:
Լիլիթ Եղիազարյան -Ապրես, Լիլ ջան:
Լիլիթ Մանյան-Դու էլ ապրես, Լիլ ջան:
Դրանից հետո Լիլիթ Եղիազարյանը Բենիկ Հարությունյանի հետ իջնում է ներքև՝ դեպի Վահագն Դանիելյանի գրասենյակ, որը գտնվում է նույն շենքի առաջին հարկում, որի մուտքը առանձին է:
Բենիկ-Նոր գեղիից ասեք, Լուսակերտից:
Լիլիթ Եղիազարյան -Հա, հեսա զանգի:
Լիլիթ Եղիազարյանը հեռախոսով խոսում է Վահագն Դանիելյանի հետ և ասում.
Լիլիթ Եղիազարյան- Վահագն դու ե՞րբ ես գալու: Երեքի՞ն ես նիստի: Մարդ կա սպասող Բենիկն ա Նոր գեղիից, ասում ա ժամ չես ասել, երբ գա, հիմա սպասում ա քեզ:
Բենիկ-Ասա սպասեմ, թե՞ գնամ, վաղը գամ:
Լիլիթ Եղիազարյան -Հա, մի խոսքով, վաղը գա ինքը: Ո՞ր ժամին գա վաղը: Հա, 12-ին, լավ, լավ:
Բենիկ-12-ի՞ն:
Լիլիթ Եղիազարյան -Ասեց, հա, 10:30 ստեղ կլինի վաղը առավոտ մինչև 11-ը, 11-ին էլի դուրս ա գալու, 12-ին նոր ստեղ կլինի:
Բենիկ-Դե, ուրեմն 12-ին:
Լիլիթ Եղիազարյան -12-ին արի, ճիշտ ա, 12-ից հետո:
Բենիկ -Եղավ, շնորհակալություն:
Լիլիթ Եղիազարյան -Խնդրեմ:
Դրանից հետո Բենիկ Հարությունյանը դուրս է գալիս գրասենյակից:
Տեսագրության 3-րդ րոպեին Բենիկ Հարությունյանը քայլելով մոտենում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դռան մոտ, իսկ մինչ այդ նրան հանդիպակաց, հակառակ ուղղությամբ դատարանից դուրս է գալիս և գնում է դատական կարգադրիչ Արսեն Սիմոնյանը:
Տեսագրության 3-րդ րոպեի 30-րդ վայրկյանին Բենիկ Հարությունյանը բացում է դատարանի առաջին հարկի աջ մասում գտնվող՝ դատական կարգադրիչների համար նախատեսված սենյակի դուռը և զրուցում է դատական կարգադրիչ Անահիտ Հովհաննիսյանի հետ՝ հետևյալ բովանդակությամբ.
Բենիկ- Բարև ձեզ:
Անահիտ- Բարև ձեզ:
Բենիկ-Մի հատ Հեբոյանին կասե՞ք, որ Բենիկը սպասում ա, կարո՞ղ ա ընդունի:
Անահիտ֊ Բայց Հեբոյանը ստե՞ղ ա: Մի րոպե:
Բենիկ- Հա, եկավ ոնց որ:
Այնուհետև, Անահիտը հեռախոսով զրուցում է ինչ-որ մեկի հետ: Սպասելու ժամանակ Բենիկ Հարությունյանին է մոտենում դատական կարգադրիչ Արսեն Սիմոնյանը և ասում.
Արսեն Սիմոնյան- Բարձրացեք երկրորդ հարկ հա:
Բենիկ- էկելա՞:
Արսեն Սիմոնյան- Դուք էն կողմից բարձրացեք երկրորդ հարկ ընդե /չի հասկացվում/
Բենիկ- հա:
Այնուհետև, Բենիկ Հարությունյանը ոտքով բարձրանում է նույն փաստաբանական գրասենյակի 2-րդ հարկ, որտեղ մինչ այդ բարձրացել էր, փաստաբան Լիլիթ Մանյանի մոտ և զրուցում.
Բենիկ- Ասին գամ ձեր մոտ: Հեբոյանի մոտ պետք ա գնայի, ընդեղ երեք ու կես միլիոնի չափ պետտուրք պիտի մուծեի, էդ մարդը էդ պետտուրքը չմուծեց, բան արեց էլի, ջրեց: Ինքը տեղյակ ա, էլի: Դե ինքն ասեց, որ գամ ստեղ:
Լիլիթ Մանյան- Գումարի պահանջ եք ներկայացրել:
Բենիկ Հա: Հիմա պայմանավորվածություն կար, որ իրան երկուս ու կես հազար դոլար տայի: Երևի ձեզ տամ էլի, որ ուղարկել ա ստեղ:
Լիլիթ Մանյան - Ու՞մ տաք: Վահագնին պետք ա տա՞ք: Պետական տուրքի գումարն ա:
Բենիկ ֊ Չէ, պետական տուրքի գումարը չի: Պիտի Հեբոյանին տամ, էլի: Դե ասին, որ գամ ստեղ: Չգիտեմ:
Լիլիթ Մանյան - Չէ, ինձ ասեց ինչ-որ խորհրդի բան կա, մի հատ /չի հասկացվում/: Ի՞նչ հարց ա, ի՞նչ գործ ա:
Բենիկ - Դե ինքը տեղյակ կլինի: Վահագնին պետք ա զանգե՞ք:
Լիլիթ Մանյան - Մի հատ հեսա հլը Վահագնի հետ խոսեմ տենամ էդ ինչ ա: Ո՞ր գործով ա, ի՞նչ գործ ա:
Բենիկ - Բան էր, էլի հայց էի ներկայացրել, որ հարյուր յոթանասուն միլիոն բռնագանձեին, էն էլ վարչական դատարանով արդեն բան էր եղել: Հիմա էդ մոմենտով ընդեղ կպայմանա./չի ավարտում միտքը/:
Լիլիթ Մանյան - Կարո՞ղ ա ասելա մասնակի մարում անեք:
Բենիկ -Չէ, չէ, չէ:
Լիլիթ Մանյան - Դրա համար ասել ա փողը տուր, որ կարողանանք պետական…
Բենիկ - /Ընդհատում է և ասում/ Չէ, ասեց կբերես Վահագնին: Վահագնը էդ հարցերը…
Լիլիթ Մանյան- /Ընդհատում է և ասում/ Հա, էլի, որ Վահագնը տանի պետական տուրքը վճարի:
Բենիկ - Հա, երևի:
Լիլիթ Մանյան - Եսիմ, Վահագնը չի վերցնում: Չէ, ինձ տենց բաներ չի ասել: Օգնականը ստեղ չէ՞ր Լիլիթը:
Բենիկ -Դե կարգադրիչը եկավ, ասեց բարձրացեք երկրորդ հարկ, Ձեզ սպասում ա, դրա համար էլ եկա Ձեր մոտ:
Լիլիթ Մանյան - Հեսա մի րոպե, որից հետո խոսում է Վահագնի օգնական Լիլիթի հետ, որի ժամանակ զրույցը միակողմանի է լսվում, զրույցը հետևյալ բովանդակությամբ է.
Լիլիթ Մանյան - Լիլ, դու ստեղ ե՞ս: Վահագնը չի պատասխանում: Ու՞ր ա: Որտե՞ղ: Ձեր անունը ո՞նց էր:
Բենիկ ֊ Բենիկ:
Լիլիթ Մանյան- Բենի՞կ: /շարունակում է հեռախոսով խոսել Լիլիթի հետ/: Գիտի՞, որ Բենիկը իրան հարցնում ա: Դու խոսացե՞լ ես հետը:
Բենիկ - Ասեց վաղը գամ, բայց, որ տեսա Հեբոյանը եկավ, դրա համար:
Լիլիթ Մանյան- Չէ, ընկեր Հեբոյանն ասել ա, որ բան անի: Հիմա փողը, ինչ-որ պիտի, պետական տուրքի հետ կապված բան ա: Պետք ա վճա.../չի ավարտում միտքը./: Լավ, հեսա ասեմ թող բերի տա: Որտև իրանք են գործով զբաղվում, իրանք պետք ա պետական տուրքը վճարեն/՞
Բենիկ - /ընդհատում է և ասում/ Հա, թող մնա վաղը, հա՞:
Լիլիթ Մանյան - Լիլիթը տեղում ա: Ասում ա կարաք մոտենաք:
Բենիկ ֊ Չէ, դե էդ դեպքում թող մնա վաղը կբերեմ կտամ Վահագնին ավելի լավա:
Լիլիթ Մանյան - Հլը ասեք տենամ ինչ գործ ա, էլի էդ Ձեր գործը:
Բենիկ - 04 01-ը:
Լիլիթ Մանյան - Գործի համարը գիտե՞ք:
Բենիկ - Հա, 03, …/չի ավարտում/:
Լիլիթ Մանյան - /ընդհատում է/ Ես էլ եմ փաստաբան, բայց …/չի ավարտվում/:
Բենիկ - Չէ, դե հիմա թող մնա վաղը էդ դեպքում կգամ բան կանեմ:
Լիլիթ Մանյան-ԿԴ3
Բենիկ֊ 03 04 01:
Լիլիթ Մանյան - 02 18՞: Թե՞ 19:
Բենիկ -18:
Լիլիթ Մանյան - Երևի մասնակի մարում ա ցույց տալիս, որ բան անի: Ասել ա Դուք տաք, որ տանի կեսը մուծի:
Բենիկ -/ընդհատում է և ասում/ Դե լավ, ուրեմն վաղը կհանդիպեմ Վահագնին:
Լիլիթ Մանյան - Հա, ավելի լավ ա առավոտը եկեք:
Բենիկ - Եղավ:
Լիլիթ Մանյան - Լուսակերտի թռչնաբուծարանն ա՞:
Բենիկ - Հա: Դե լավ, եղավ, վաղը կգամ:
Լիլիթ Մանյան - Հա, առավոտը եկեք, ասեք պայմանավորվել եք:
Բենիկ - Ըհն:
Դրանից հետո Բենիկ Հարությունյանը հեռանում է:
3-րդ և 4-րդ լազերային սկավառակներում առկա է «87/19-1, Video», քննչական գործողություններ «27.03.2019, Մաս-1, 1ժ 14ր և 87/19-2, Video», քննչական գործողություններ «27.03.2019, Մաս-2, 1ժ 6ր 40վ.» անվանումներով տեսաձայնագրություններ, որոնք վերաբերում են «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելուն, որի վերաբերյալ 2019 թվականի մարտի 27-ին կազմվել է արձանագրություն, որում ամրագրվել են գործողության ընթացքը և արդյունքները, ուստի նշված տեսաձայնագրությունները չեն վերծանվել:
Զննության ավարտից հետո հիշյալ լազերային սկավառակները առանձնացվել են, առանձին-առանձին տեղադրվել են ծրարների մեջ և կնիքվել ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ծրարների համար նախատեսված թիվ 10 կնիքով:
(տե՛ս հատոր 2, գ.թ. 217-221)
3.31. Զննություն կատարելու մասին՝ 2019թ. ապրիլի 09-ի արձանագրության համաձայն՝ զննության են ենթարկել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանի՝ 091-21-12-21 և Վահագն Դանիելյանի՝ 094-01-73-35 բջջային հեռախոսահամարներով տարվող հեռախոսային խոսակցությունների լսման և ձայնագրառման ձայնագրությունները:
Զննման ընթացքում օգտագործվել է համակարգիչ և տպիչ:
091-21-12-21 բջջային հեռախոսահամարով միշտ զրուցում է Գագիկ Հեբոյանը, իսկ 094-01-73-35 բջջային հեռախոսահամարով՝ Վահագն Դանիելյանը: Վահագն Դանիելյանը զրուցում է նաև 099-90-88-73 բջջային հեռախոսահամարով:
Զննությամբ քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող, ուսումնասիրությամբ առանձնացված ձայնագրությունները վերարտադրվել են:
Խոսում են Վահագն Դանիելյանը և Գագիկ Հեբոյանը:
Գագիկ-Վահագն, էն Սուխուդյանի գործը պիտի լինի, չպիտի լինի, ի՞նչ վիճակ ա:
Վահագն-Չէ, պիտի լինի, ժամը 12:30 չի՞:
Գագիկ- 1:30 ա, 12:30 չի, բայց պիտի լինի՞:
Վահագն- Հա:
Գագիկ-Բա սաղ ա, սաղ չի, էդի մեռավ:
Վահագն- Չէ սաղ ա:
Գագիկ- Հաստա՞տ: Գալու ա՞:
Վահագն- Չէ չի գալու, ես եմ գալու: Երեկ եմ խոսացել աղջկա հետ:
Գագիկ- Էդի աղջիկն ա՞, թե՞….
Վահագն- Աղջիկն ա, Ամերիկայից ա եկել:
Գագիկ-Աղջիկն էլ Ամերիկայից ա եկել, հաաա, լավ:
Խոսակցությունն ավարտվում է:
Մի կին զանգահարում է Գագիկ անունով տղամարդու:
Կին-Գագ ջան, ես հիմա սրանով դիմում եմ գրում, կես են անում, մյուս կեսն էլ 3 ամսով ժամանակացույց ա կնքվում, թղթաբանությունն եմ քեզ ասում ու մարվում ա: Դուք ստեղ նի պրիչյոմ:
Գագիկ- Այսինքն, ո՞վ ա մարում էդ դեպքում:
Կին-Դե հիմա քեզ ինչ:
Գագիկ- Լավ քուր ջան, այսինքն մենք խնդիր չունենք ըտե անելու:
Կին- Բացարձակ չէ, ես հենց հիմա ընթացք եմ տալիս: Ձեր փոխարեն ամեն ինչը գրում եմ, ջնջում:
Գագիկ- Լավ քուր ջան, ապրես ազիզ:
Կին-Խարաշո, դե դավայ:
Խոսակցությունն ավարտվում է:
Գագիկը զանգահարում է մի կնոջ:
Գագիկ- Հա դոկտոր, բայլուս:
Կին- Հա Հեբոյան ջան:
Գագիկ- Խառն էի՞ր, զանգի:
Կին- Հա, հա: Ասի կարողա հիմա էլ դու ես խառը դրա համար ծնգցրի:
Գագիկ- Չէ, լուծվավ էդ հարցը:
Կին- Ի՞նչ ձև լուծվավ:
Գագիկ- Դե ընդեղ նորմալ ա քյասար:
Կին- Չէ, չէ, ես պիտի իմանամ, էդի մուծել եք տվե՞լ, թե չէ կջղայնանամ Հեբոյան, որ թե մուծած տված լինեք:
Գագիկ- Չէ, կակռազ ես չեմ մուծել, բա էլ…
Կին- հա, որովհետև պրինցիպի հարց էր էտի:
Գագիկ- Չէ, չէ, դաժե իրանք են մուծել:
Կին- Իրանք էլի, իրանցը մուծեն:
Գագիկ- Իրանք իրանցն են մուծել, չես հավատու՞մ:
Կին- Գագո, էտի ստացվում ա՝ դու օգտագործել ես քո լծակը, ոչ թե ես իրականությանն եմ հասել, ցավդ տանեմ:
Գագիկ- Դե հիմա, ցավդ տանեմ, հելնենք կռի՞վ տանք, իրանք ջրում են, էթում ա:
Կին- Ջրում են, էթու՞մ են, լավ:
Գագիկ- Թղթերը մոտս ա, կտամ դատախազին, վաղը բան կանի:
Կին- հասկացա, ըտենց անհույս ա հա մեր իրար տեսնելը, որ պիտի ըտենց տաս: Ես Ձեզ ավելի շուտ եմ տեսնում, քան նրան:
Գագիկ- Չէ, բանը, էս երկու օրն էլ ախպերը ստեղ ա, պրծնի նոր…
Կին- էդ եմ ուզում ասեմ, ի՞նչ եղավ, հլը ռեմոնտի մեջ ե՞ք:
Գագիկ- Դե էսօր գործի ա, վաղը գալիս ա, մի երկու օր էլ կմնա ախպերը, կեթա, մինչև շաբաթ, ուրբաթ կարողա ազատ լինենք:
Կին- Լավ, եղավ, եղավ:
Խոսակցությունն ավարտվում է:
Մի կին զանգահարում է Գագիկին:
Կին- Ի՞նչ կա Գագաս:
Գագիկ- Ի՞նչ ա եղել:
Կին- Հեչ, ուր ես, ըտեղ ես դեռ:
Գագիկ- Հենա հասա Վահագենց յան:
Կին- Հա՞:
Գագիկ- Հա, ի՞նչ կա:
Կին- Հեչ բան, ասի տենամ ի՞նչ ես անում:
Գագիկ- Ի՞նչ ա եղել:
Կին- Ոչ մի բան, ուզում էի զանգեմ, խոսամ հետդ, քանի դուրսն ես, հարմար չի՞:
Գագիկ - Հա հենա Վահագը, չէ, որ ստե հասա Վահագնի ավտոյին, զարմացա, որ բան ես ասում:
Կին- Հա չէէ:
Գագիկ-Ի՞նչ կա կյանքս:
Կին- Բան չէ ազիզ, էնա, հեսա հաց բան կանեմ, կտանեմ Սամոն կուտի, հլը տեսնեմ էլ ինչ կա էլի, մանր գործեր կա գնանք անենք:
Գագիկ- Հա, Էլզան ըտեղ ա՞:
Կին- Հա, Էլզան էսօր առաջին սմեն ա: Իրա առաջին սմենն ա, վերջին սմենն ա էլի առաջին:
Գագիկ- ուրա հերտ, լավ, հեսա կզանգեմ ազիզ:
Խոսակցությունն ավարտվում է:
Գագիկը զանգահարում է մի կնոջ:
Գագիկ-Ալո:
Կին- Հա, էրեխեքի հետ էի խոսում, մեկ-մեկ լինումա, որ երկուսն էլ միանում ա իրար: Ի՞նչ կա, հետ ես գալի՞ս արդեն:
Գագիկ- Հա:
Կին- Ուզում էի հարցնեի, որ էսօր ասեցիր լարված եմ, ինչ եմ, նորմալ է՞ր ամեն ինչ:
Գագիկ- Նորմալ ա, նորմալ: Ի՞նչ կա:
Կին- Բան չէ, հենա գնում եմ արդեն կյանք: Հելնում եմ:
Գագիկ- Երկար կմնա՞ս:
Կին- Դե գնամ էլի, ինչքան գործ կանենք, գործ կանենք, ինչքան ինքը գործ կանի կմնանք հա Գագ, էլի մի բան առաջ կգցենք էլի: Գոնե էդ մանրագործը էսօր վերջացնենք, որ վաղը անցնենք կուխնիային:
Գագիկ- Կուխնիայի պոլի կեսն ա խփա՞ծ:
Կին- Կուխնիայի պոլի կեսն ա խփած, էգուց Նոր տուն պիտի բարձրանանք, կաֆելը պիտի վերցնենք, մեկ էլ աբոյի ուգոլնիկներ ինչ-որ պիտի առնցվի, էտի վերնցնեք:
Գագիկ- Էտի որ վաղը նորմալ աշխատի, մինչև իրիկուն կպրծնի հա կուխնիան:
Կին- Չէ, չէ, չէ, կուխնիայում եքա գործ կա անելու, չէ:
Գագիկ- Չի մնա՞ անի թե կեթա:
Կին- Կմնա չէ, կմնա կանի, ինքը նենց ա ուզում անի, որ իրա սաղ գործիք-մործիք հավաքի տանի:
Գագիկ- Այսինքն մի 3 օր հլը ստեղ ա:
Կին-Հա, որովհետև ինքը ընդեղ լիքը գործեր ունի, ինքը առանց գործիք չի կարա գնա: Ասում ա չեմ ուզում գնամ ճանապարհներին օրս, ժամանակս կորցնեմ:
Գագիկ- Խելացի արա, խելացի: Դե թող անի պրծնի, որ բերենք կռիշի բանն անենք: Լավ դե առավոտ կտենամ քեզ:
Կին- Լավ, ազիզ հա, դե հենա, ես հելա, դե էլ չզանգես Գագաս:
Գագիկ- Չեմ զանգի:
Կին- Դե լավ, պոկա:
Խոսակցությունն ավարտվում է:
Մի կին զանգահարում է Գագիկ Հեբոյանին, զանգի ժամանակ լսվում է կնոջ հետևյալ խոսակցությունը, իսկ Գագիկ Հեբոյանի ձայնը չի լսվում:
-Մեր տնից պետք չի, ասել ա չզանգեք, ներքին հեռախոսա, ավտոյի մեջ ա, քո բաներն էլ վերցրել ես չէ, փողերդ մուծիր, էդ ապահովագրությունը: Գնա շորերդ հագի, մի հատ շոր հագի: Ինչ ամոթ ա, խայտառակություն, մեռնենք լավ ա, դու հասկանում ես էս ինչ ա մեր ընտանիքի համար, ես որ ասում եմ մեր տան վրա մի բան էն չի, երեկ Լուսինեն որ գնաց, ասեց էտի ա կարևո՞ր թե նստել ես, ինչ գիտեմ ինչ են արել, կարող ա՞ էն Վարդուկն ա արել:
Խոսակցությունն ավարտվում է:
Խոսում են Վահագնը և մի տղամարդ:
Տղ-Քո բանալիները քո մոտ ա՞ ախպեր:
Վահագն-Հա:
Տղ- Էս գյադեն քո ավտոյից էն յան չի գնում:
Վահագն -իմ ավտոյով տեղ պետք չի գնաս:
Տղ- Լավ:
Խոսակցությունն ավարտվում է:
Հրոն զանգում է մի տղամարդու:
Հ- Ալո:
Վահագն- Ալո:
Հ- Բարիգուն
Վահագն- Բարիգուն, ով ա՞:
Հ- Հրոն ա:
Վահագն- Հա Հրո:
Հ- Հո քնած չես:
Վահագն- Չէ:
Հ- Դու ֆեյսբուքում կա՞ս:
Վահագն- Չէ, խի՞:
Հ-հա չկայիր, մի հատ մոմենտ (բառը լավ չի հասկացվում) կար ասի տենանք էտի դուզ ա, դուզ չի, տեսել ես թե չէ:
Վահագն- Չէ:
Հ- Չէ՞: Արա լավ, սենց հեռախոսով ասե՞մ: Էն Հեբոյանի մոմենտը դուզ ա՞, Գագի:՞
Վահագն- Ինչ իմանամ:
Հ- Լավ դե ախպեր, ինչ կա, ուրիշ լավ ես:
Վահագն- Հա:
Խոսակցությունն ավարտվում է:
(տե՛ս հատոր 2, գ.թ. 156-162)
3.32. Դատաքիմիական փորձաքննության՝ 2019թ. ապրիլի 10-ի թիվ 09051904 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված թվով 24 հատ 100 ԱՄՆ դոլար թղթադրամներից (ծրար թիվ 10) սպիրտով թրջված բամբակե խծուծներով վերցված նմուշները, ներկայացված բամբակե խծուծներից (ծրար թիվ 1-9) վերցված նմուշները, փաստաթղթերի և թափանցիկ պոլիմերային թղթապանակների (ծրար թիվ 12) և ներկայացված բաճկոնի (ծրար 13) վրա հայտնաբերված լուսարձակող հատվածներից սպիրտով թրջված բամբակե խծուծներով վերցված նմուշները, ինչպես նաև համեմատական նմուշներից (ծրար 11) փոշուց վերցված նմուշը ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո լուսարձակում են կարմիր գույնով և հանդիսանում են լյումինաֆոր տեսակի հատուկ քիմիական միացություն, որոնք, ըստ լյումինեսցենտող գույնի և Rf-ների արժեքների, համընկնում են միմյանց հետ և ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն:
Փորձաքննությանը ներկայացված թվով 24 հատ 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամների (ծրար 10) վրա դիտվող ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո լուսարձակում են դեղին գույնով լյումինեսցենտող «Կաշառք» ձեռագիր գրառումներից սպիրտով թրջված բամբակե խծուծներով վերցված նյութի նմուշները, ինչպես նաև համեմատական նմուշներից (ծրար 11)՝ մատիտի միջուկից վերցված նմուշը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո լուսարձակում են դեղին գույնով և հանդիսանում են լյումինաֆոր տեսակի հատուկ քիմիական միացություն, որոնք, ըստ լյումինեսցենտող գույների և Rf-ների արժեքների, համընկնում են միմյանց հետ և ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն:
(տե՛ս հատոր 2, գ.թ. 182-187)
3.33. Նախաքննության մարմնի՝ 2019թ. ապրիլի 12-ի որոշմամբ իրեղեն ապացույց են ճանաչվել «Լեքսուս Էռ-Իքս-300» մակնիշի, 35 VR 701 հաշվառման համարանիշի և «Մերսեդես Բենս Ե-320» մակնիշի, 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որոնք համապատասխանաբար հանձնվել են Վահագն Դանիելյանի և Գագիկ Հեբոյանի մերձավոր ազգականների պատասխանատու պահպանմանը:
Նախաքննության մարմնի՝ 2019թ. ապրիլի 15-ի որոշմամբ իրեղեն ապացույց են ճանաչվել և քրեական գործին կցվել` HK 14809135 D, HH 11866006, B, KB 89872129 M, KF 27310232 B, DG77324572 A, HB 95059940 C, CB 03810461 E, KB 14922242 D, HB 14369614 R, KB 22053213 A, HB 03918547 A, HL 55045108 E, KB 91328789 F, HD 99059392 A, HH 11866007 B, KD 17025382 B, KB 66460325 B, FB 83952253 A, HF 49775358 C, KB 93046483 B, HF 32339839 A, FB 37762682 C, KF 03068308*, DF 30142927 A սերիական համարներով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 24 հատ թղթադրամները, նշված թղթադրամներից, ինչպես նաև Գ.Հեբոյանի երկու ձեռքերի մատների, ափերի, Գ.Հեբոյանի հագին եղած բաճկոնի աջ գրպանի ներսի հատվածից, տաբատի աջ գրպանից, Գ.Հեբոյանի «Մերսեդես Բենս Ե-320» մակնիշի, 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ղեկից և փոխանցման տուփի բռնակից, «Լեքսուս Էռ-Իքս-300» մակնիշի, 35 VR 701 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետևի ձախ դռան անմիջապես բռնակին կից՝ դռան եզրային հատվածից և հետևի նստատեղի վրայից՝ ձախ դռնից 30ս, հեռավորության վրա վերցված քսուքներով բամբակե խծուծները, կաշառքի գումարը հայտնաբերելու պահին Գ.Հեբոյանի հագին եղած բաճկոնը, «Լեքսուս Էռ-Իքս-300» մակնիշի, 35 VR 701 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետևի նստարանի վրա քիմիական փոշիով գունավորված փաստաթղթերը և թափանցիկ պոլիմերային թղթապանակներով, կաշառքի առարկա հանդիսացող թղթադրամների քիմիական մշակման նպատակով օգտագործված քիմիական մատիտը և քիմիական փոշին, ինչպես նաև խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված՝ «Նոկիա», «Այֆոն-6» «Սամսունգ Դուոս» մոդելի բջջային հեռախոսները, որոնք զննվել են դատական քննության ժամանակ:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը, հատոր 2, գ.թ. 198-199, 211-213)
2.18. Քննիչի՝ 2019թ. ապրիլի 19-ի որոշմամբ որպես այլ փաստաթուղթ՝ ապացույց են ճանաչվել.
-ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ դատավոր Գ. Հեբոյանի) կողմից 2019 թվականի մարտի 18-ին կայացված վճիռը,
-հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, բաժանորդների տվյալները, հեռախոսների գործարանային համարները և հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաք կայանների հասցեները պարունակող, «ՎԵՈՆ-Արմենիա», «Յուքոմ» և «ՄՏՍ-Հայաստան» ընկերություններից ստացված լազերային երեք սկավառակները, ինչպես նաև վերծանումների որոշ մասի թղթային տարբերակները,
-Գ.Հեբոյանի և Վ.Դանիելյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարներով 2019թ. մարտի 26-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում կայացած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պարունակող երեք լազերային սկավառակները, որոնցից զննման ենթակա հեռախոսային խոսակցություններն առանձնացվել և ձայնագրվել են մեկ այլ լազերային սկավառակի վրա,
-2019թ. մարտի 26-ին և 2019թ. մարտի 27-ին իրականացված «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները պարունակող լազերային սկավառակները, 2019թ. մարտի 27-ին իրականացված՝ «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները պարունակող լազերային սկավառակները, ամփոփաթերթերը, Գ.Հեբոյանի և Վ.Դանիելյանի ավտոմեքենաների խուզարկության ընթացքում կատարված տեսագրությունները պարունակող լազերային սկավառակները,
-25 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամները նախապես քիմիական մշակման ենթարկելու և դրանք Բենիկ Հարությունյանին հանձնելու մասին կազմված արձանագրությունը և գրությունը,
-ՀՀ կենտրոնական բանկի կայքից տպագրված քաղվածքը՝ 2019թ. մարտի 6-ի և 2019 թվականի մարտի 26-ի դրությամբ ՀՀ դրամի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերաբերյալ,
-ՀՀ դատական իշխանության կայքից ներբեռնված քաղվածքը, որի համաձայն՝ Գագիկ Զենիկի Հեբոյանը 1999թ.-ից առ այսօր աշխատում է որպես ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, և նրան տրված թիվ 110 վկայականը,
-դատավոր Գ.Հեբոյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությունները, դրանք բավարարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2019թ. մարտի 29-ին կայացված որոշումները,
-Բենիկ Հարությունյանի կողմից ընդդեմ Օնիկ Հարությունյանի, Հարություն Հարությունյանի և Սեյրան Առաքելյանի, երրորդ անձ՝ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության՝ Օնիկ Հարությունյանի և «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության միջև կնքված թվով չորս փոխառության պայմանագրերը և 2013թ. հոկտեմբերի 2-ին «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ժ.Կիրակոսյանի և Օնիկ Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրն անվավեր ճանաչելու, «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը վերագրված 179.000.000 ՀՀ դրամ տույժ-տուգանքները պատասխանողներից բռնագանձելու պահանջի մասին ներկայացված հայցադիմումի հիման վրա ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կազմված թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործի նյութերը,
-ՀՀ փաստաբանների պալատի կայքից ներբեռնված քաղվածքը, որի համաձայն՝ Վահագն Դանիելյանը հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի գործող փաստաբան, նրա գործունեության հասցեն է՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 64/1, նրան 2002թ. ապրիլի 15-ին տրվել է թիվ 425 արտոնագիրը:
Վերոհիշյալ բոլոր փաստաթղթերը զննվել են դատական քննության ժամանակ:
(տե՛ս դատական նիստի արձանագրությունը, հատոր 3, գ.թ. 31-32)
4.Դատարանի իրավական վերլուծությունները.
4.1. Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին առաջադրված մեղադրանքի իրավաչափությունը և հիմնավորվածությունը.
Վերլուծելով ամբաստանյալ Գագիկ Զենիկի Հեբոյանին առաջադրված մեղադրանքը, գործով ձեռք բերված ապացույցները՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ, դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի կողմից, նրա մեղավորությամբ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջել և ստանալն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Անդրադառնալով պաշտպանի՝ դատական վիճաբանությունների փուլում բերված այն փաստարկներին, որ ամբաստանյալ Գ.Հեբոյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանի որ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործով 2019թ. մարտի 18-ին կայացված վճռով դատարանը, ի դեմս դատավոր Գ.Հեբոյանի, Բենիկ Հարությունյանին պետական տուրքի վճարումից չի ազատել, այլ օրենքի ուժով պետական տուրքի հարցը համարել է լուծված՝ նկատի ունենալով, որ 179.000.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջը եղել է ածանցյալ պահանջ, որը պետական տուրքի վճարման պարտավորություն չի առաջացնում, ուստի իբրև Բենիկ Հարությունյանի օգտին կատարված՝ Գագիկ Հեբոյանին վերագրվող գործողության, այն է՝ 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումից ազատելու փաստ, որպես այդպիսին, առկա չէ, դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝ կաշառք ստանալ է համարվում պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ կաշառքը պաշտոնատար անձին տրվում է հետևյալ արարքներից որևէ մեկի համար՝
1) կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի լիազորությունների մեջ մտնող որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար,
2) կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձանց օգտին որևէ գործողություն (անգործություն) կատարելուն նպաստելու համար, որը պաշտոնատար անձը կարող է անել՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձանց ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար,
4) կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության (անգործության) համար (ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 2-րդ մաս):
Պաշտոնատար անձի լիազորությունների մեջ մտնող գործողության կամ անգործության համար կաշառքը տրվում է պաշտոնատար անձի այնպիսի կոնկրետ գործողության կամ անգործության կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու համար, որոնք մտնում են պաշտոնատար անձի լիազորությունների մեջ և օրինական են: Փաստորեն, այս դեպքում կաշառքը տրվում է այնպիսի արարքների համար, որոնք պաշտոնատար անձը կարող է կատարել՝ իր լիազորություններն օգտագործելով: Օրենքը, սակայն, չի սահմանափակվում միայն այն արարքներով, որոնք պաշտոնատար անձը կարող է կատարել՝ իր լիազորություններն օգտագործելով: Կաշառք ստանալու հանցակազմն առկա է նաև այն դեպքում, երբ կաշառքի առարկան տրվում է այնպիսի արարքի համար, որը չի մտնում պաշտոնատար անձի լիազորությունների մեջ, և ինքը չի կարող անձամբ կատարել այն, բայց, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կարող է նպաստել այլ պաշտոնատար անձանց, պետական ծառայողների կողմից կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձանց օգտին այդպիսի արարքի կատարմանը: Նման դեպքերում պաշտոնատար անձը, օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունը, այլ պաշտոնատար անձանց ու պետական ծառայողների վրա ունեցած իր ազդեցությունը, միջոցներ է ձեռնարկում, որպեսզի վերջիններս կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձանց օգտին որոշակի վարքագիծ դրսևորեն՝ որևէ գործողություն իրականացնեն կամ ձեռնպահ մնան դրա կատարումից:
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ կաշառք ստանալու հանցակազմն առկա է նաև այն դեպքերում, երբ նյութական արժեքները կամ ծառայությունները տրվում են պաշտոնատար անձին ոչ թե կոնկրետ գործողության կամ անգործության, այլ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար: Ընդ որում, թեև կաշառք ստանալու այս ձևի ժամանակ դրա պայմանների մասին կարող են և նախօրոք չպայմանավորվել, սակայն կողմերի համար պարզ է, որ կաշառքը տրվում է հարկ եղած դեպքում կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին կոնկրետ վարքագիծ դրսևորելու համար:
Կաշառքը, ինչպես արդեն նշվել է, կարող է տրվել նաև պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների (անգործության) համար: Ընդ որում, այս իրադրությունը նախատեսված է որպես քննարկվող հանցագործության ծանրացնող հանգամանք: Այս առումով հարկ է նշել, որ ապօրինի են համարվում այն գործողությունները (անգործությունը), որոնք դուրս են գալիս պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակից կամ, թեև մտնում են նրա լիազորությունների շրջանակի մեջ, բայց տվյալ իրադրությունում չէին կարող կատարվել: Այլ կերպ ասած՝ ապօրինի գործողությունները (անգործությունը) այն արարքներն են, որոնք կապված են պաշտոնատար անձի կողմից իրեն վերապահված լիազորությունների խախտման հետ:
Կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Է.Զաքարյանի ու այլոց գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում արտահայտել այն մասին, որ. «(…) [Օ]բյեկտիվ կողմից քննարկվող հանցագործությունը դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն
ա) ստանալով կամ,
բ) պահանջելով կամ,
գ) ստանալու խոստմամբ կամ,
դ) առաջարկն ընդունելով:
(…) [Հ]անցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից պահանջ ներկայացնելով, որը հանդիսանում է կաշառք տվողի օգտին որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու անվերապահ պայման: (…):
Քննարկվող հանցագործությունը ձևական է և ավարտված է համարվում պահանջ ներկայացնելու պահից` անկախ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության ձեռքբերման, կաշառքի առարկան հետագայում ստանալու կամ չստանալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին պայմանավորված գործողությունները կատարելու կամ չկատարելու հանգամանքից: (…):
(…) [Հ]անցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է, որպեսզի ներկայացվող պահանջը լինի կոնկրետ, առկա և իրական, իսկ այս չափանիշներին չհամապատասխանող, զուտ անձի դիտավորությունը բացահայտող պահանջ ներկայացնելը չի կարող հանցագործություն համարվել: Կաշառք տալու միայն կոնկրետ և իրական պահանջի դեպքում է խոսք գնում հանրորեն վտանգավոր, հակաիրավական, գիտակցված և կամային այնպիսի արարքի (գործողության) կատարման մասին, որն ուղղված է կոնկրետ օբյեկտի` պետական ապարատի բնականոն գործունեության դեմ, այդ հարաբերություններում առաջացնում է բացասական փոփոխություններ, հեղինակազրկում է պետական իշխանությունը, վտանգում դրա նորմալ գործունեությունը (…)» (տե՛ս Էդուարդ Զաքարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0002/01/13 որոշման 20-22-րդ կետերը):
Վերահաստատելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումը և անդրադառնալով կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմի մյուս հատկանիշներին՝ Վճռաբեկ դատարանն Ալեքսանդր Այվազյանի և այլոց գործով կայացված որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի օբյեկտիվ կողմի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանցակազմն առկա է նաև որոշակի գույքային առավելության դիմաց պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու դեպքում, այլ կերպ՝ պաշտոնատար անձի կողմից թեկուզև օրինական գործողություն կատարելու համար գումար պահանջելը կամ ստանալը նույնպես կարող է որակվել որպես կաշառք ստանալ: Ինչ վերաբերում է ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալուն, ապա որպես քննարկվող հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք՝ այն նախատեսված է նույն հոդվածի 2-րդ մասում:
19.1. Պաշտոնատար անձի կողմից իր իրավասության շրջանակում որոշակի գույքային առավելության դիմաց օրինական գործողության կատարման համար ևս քրեական պատասխանատվություն սահմանելու գաղափարն ամրագրված է նաև Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայում (տե՛ս Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիա (ընդունվել է 27.01.1999թ., ուժի մեջ է մտել 01.07.2002թ., Հայաստանի Հանրապետության համար կոնվենցիան ուժի մեջ է մտել 01.05.2006թ.), ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկագիր 2006.12.28/8(16)2) (այսուհետ՝ նաև Կոնվենցիա)։ Կոնվենցիայով նախատեսված՝ կաշառակերության (ակտիվ կամ պասիվ) համար քրեական պատասխանատվություն նախատեսելու պահանջի տեսանկյունից, այդ նույն Կոնվենցիայի բացատրական զեկույցի համաձայն, անհրաժեշտ չի համարվում պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունները խախտելու լրացուցիչ տարրի նախատեսումը։ Նշված զեկույցի համաձայն՝ այս իրավախախտման հիմնական տարրը ոչ թե պաշտոնատար անձի՝ այս կամ այն կերպ գործելու լիազորության առկայությունը կամ բացակայությունն է, այլ այն, որ դրա համար պաշտոնատար անձը ստացել, կամ վերջինիս առաջարկվել կամ խոստացվել է կաշառք։ Ընդ որում, բացատրական զեկույցից բխում է, որ այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությամբ նախատեսված է վերը հիշատակված լրացուցիչ տարրը, այնուամենայնիվ, պետք է ապահովվի Կոնվենցիայի 2-րդ հոդվածում տրված՝ կաշառակերության բնորոշման իմպլեմենտացումն այն հաշվով, որ չվտանգվի դրա քրեականացման նպատակը (տե՛ս Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայի բացատրական զեկույցի 39-րդ կետը)։
19.2. Կաշառք ստանալու հանցակազմն առկա է նաև այն դեպքում, երբ պաշտոնատար անձը, առանց նախնական պայմանավորվածության, որպես նվեր գույքային առավելություն է ստանում իր լիազորությունների մեջ մտնող արդեն իսկ կատարված գործողության (անգործության) համար:
Կառավարման հանրային ապարատի նորմալ գործունեության բովանդակությունը կազմող հասարակական հարաբերությունների բաղկացուցիչ տարրերից մեկը պաշտոնատար անձանց ծառայողական գործունեության վարձատրման հանրային-իրավական բնույթն է, այսինքն՝ վարձատրությունը միայն օրենքով սահմանված կարգով ու չափով: Եթե պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստանում՝ հասկանալով, որ այն տրվում է իրեն իր որոշակի ծառայողական գործունեության համար, ապա դրանով իսկ նա խախտում է վերը նշված հասարակական հարաբերությունները, ինչը կարող է պատասխանատվություն առաջացնել կաշառք ստանալու համար, որի էությունը հենց պաշտոնատար անձի կողմից ապօրինի վարձատրություն ստանալն է: (տե՛ս Ալեքսանդր Այվազյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵէԴ/0040/01/16 որոշման 19.1-19.2-րդ կետերը):
Շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով պաշտպանի վերոգրյալ փաստարկներին՝ դատարանը փաստում է, որ պաշտպանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել վերջինիս լիազորությունների մեջ մտնող օրինական գործողության կատարման դիմաց կաշառք ստանալու համար, և ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի կողմից Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ Բենիկ Հարությունյանին պետական տուրքի վճարումից օրենքի ուժով ազատելու դիմաց 2019թ. մարտի 6-ին 3500 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք պահանջելը և 2019թ. մարտի 27-ին 2500 ԱՄՆ դոլարի չափով կաշառք ստանալը, կազմում է կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմը։ Ավելին՝ կաշառքի առարկան ստանալու պահանջ ներկայացնելու պահից հանցակազմը համարվում է ավարտված` անկախ այն գործողությունների կատարման կամ չկատարման հանգամանքից, որոնց համար պահանջվում է կաշառքը, իսկ օրինական գործողության համար որոշակի գույքային առավելություն պահանջելը չի բացառում կաշառք ստանալու հանցակազմի առկայությունը և չի կարող դիտարկվել որպես անձի օգտին որևէ գործողության չկատարում։
Ինչ վերաբերում է պաշտպանի ճառում մեջբերված այն փաստարկին, որ բացակայում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հանցակազմի իմաստով Բենիկ Հարությունյանի օգտին Գագիկ Հեբոյանի դրսևորած անգործությունը, ապա հարկ է նշել, որ պաշտպանի նշված փաստարկն առարկայազուրկ է, քանի որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին մեղադրանք չի առաջադրվել վերջինիս լիազորությունների մեջ մտնող գործողություն չկատարելու՝ անգործություն դրսևորելու դիմաց կաշառք պահանջելու և ստանալու համար, ուստի պաշտպանի նշված փաստարկը դուրս է ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին առաջադրված մեղադրանքի փաստական կողմի նկարագրությունից:
Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալ դիրքորոշումները՝ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն Գ.Հեբոյանին մեղսագրված արարքում կաշառք պահանջելու և ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմի բացակայության մասին պաշտպանի հետևությունները։
Պաշտպանության կողմը դատական վիճաբանությունների փուլում վիճարկել է նաև «Կաշառք տալու նմանակում», «Արտաքին դիտում», «Ներքին դիտում», ինչպես նաև Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի նկատմամբ իրականացված՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի՝ որպես ապացույց օգտագործման թույլատրելիությունը: Պաշտպանության կողմը փաստարկել է, որ դրանց արդյունքում ստացված նյութերը ձեռք են բերվել ոչ իրավաչափ նպատակով՝ առանց դատարանի թույլտվության՝ այն պատճառաբանությամբ, որ նշված միջոցառումների անցկացման թույլտվություն ստանալու վերաբերյալ 2019թ. մարտի 26-ին դատարան են ներկայացվել հինգ միջնորդություններ, որոնք նույն օրը ոչ միայն քննարկվել և դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվել, այլև, համաձայն գործի նյութերի՝ «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար օգտագործվելիք թղթադրամները մշակման են ենթարկվել և Բենիկ Հարությունյանին են փոխանցվել ժամը 11:30-ից 12:50-ն ընկած ժամանակահատվածում, Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարներով իրականացված՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է ժամը 11:31-ից, ինչը բացարձակապես իրատեսական չէ: Ավելին՝ ի պատասխան պաշտպանի հարցման՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019թ. սեպտեմբերի 30-ի թիվ ԴԴ-9.1-Ե-200847 գրության համաձայն՝ վերոհիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների քննարկման վերաբերյալ դատական նիստերը տևել են ընդամենը 10 րոպե, որոնց միջև անգամ մեկ րոպե ընդմիջում չի եղել, ուստի դատարանի գրությունն ավելի է խորացրել պաշտպանության կողմի կասկածը, որ միջնորդությունների քննարկում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, այդ միջոցառումներն անցկացվել են առանց դատարանի թույլտվության և դրանց արդյունքում ստացված նյութերն էլ ձեռք են բերվել ոչ իրավաչափ եղանակով:
Անդրադառնալով պաշտպանության կողմի վերոհիշյալ փաստարկներին՝ դատարանը գտնում է հետևյալը.
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ի պատասխան պաշտպան Ա.Նադիրյանի հարցման՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի՝ 2019թ. սեպտեմբերի 30-ի ԴԴ-9.1-Ե-200847 գրությամբ հայտնվել է, որ Գագիկ Հեբոյանի նկատմամբ «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2019թ. մարտի 26-ին, որի վերաբերյալ դատական նիստը կայացել է նույն օրը՝ ժամը 10:00-ին, այն ավարտվել և միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը հրապարակվել է ժամը 10:10-ին:
Գագիկ Հեբոյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» իրականացնելու մասին օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2019թ. մարտի 26-ին, որի վերաբերյալ դատական նիստը կայացել է նույն օրը՝ ժամը 10:10-ին, այն ավարտվել և միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը հրապարակվել է ժամը 10:20-ին:
Վահագն Դանիելյանի նկատմամբ «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2019թ. մարտի 26-ին, որի վերաբերյալ դատական նիստը կայացել է նույն օրը՝ ժամը 10:30-ին, այն ավարտվել և միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը հրապարակվել է ժամը 10:40-ին:
Վահագն Դանիելյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» իրականացնելու մասին օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2019թ. մարտի 26-ին, որի վերաբերյալ դատական նիստը կայացել է նույն օրը՝ ժամը 10:40-ին, այն ավարտվել և միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը հրապարակվել է ժամը 10:50-ին:
Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար օգտագործվելիք թղթադրամները քիմիական մշակման ենթարկելու և Բ.Հարությունյանին փոխանցելու մասին 2019թ. մարտի 26-ի արձանագրության համաձայն՝ «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար օգտագործվելիք թղթադրամները մշակման են ենթարկվել և Բենիկ Հարությունյանին են փոխանցվել 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 11:30-ից 12:50-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարներով իրականացված՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 11:31-ից:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ հարուցելու մասին 2019թ. մարտի 26-ի որոշումներից հետևում է, որ դրանցում քրեական գործ հարուցված լինելու մասին նշում առկա չէ: Դատարանի որոշումների կայացումից հետո՝ մինչև վերոհիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումները կատարելը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետը ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին նույն օրը գրավոր տեղեկացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին: (տե՛ս հատոր 1, գ.թ. 19)
Այսպիսով, կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա, կաշառք ստանալու հանցագործության և այն կատարող անձի բացահայտման համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով իրեն վերապահված լիազորությունը, միջոցներ է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Կաշառք ստանալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար: Դրանք իրականացնելու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի կողմից «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածով սահմանված կարգով որոշումներ են կայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ հարուցելու մասին, որոնք նույն օրենքի 37-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածով սահմանված կարգով՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քննարկվել և բավարարվել են դատարանի կողմից: Հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարումը սկսելուց առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը նախաքննությունն իրականացնող մարմնին գրավոր տեղեկացրել է դրանց կատարման մասին, իսկ դրանց արդյունքները սահմանված կարգով ներկայացվել են վերջինիս:
Այլ խոսքով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինը գործել է բարեխղճորեն, նրա գործողություններն ուղղված են եղել նաև Հայաստանի Հանրապետության, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնած միջազգային պարտավորությունների՝ կաշառակերության դեմ անհրաժեշտ պայքար ծավալելու և քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու համար միջոցներ գործադրելու անհրաժեշտությանը: (տե՛ս, ի թիվս այլոց, «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի (ստորագրվել է 1999թ. հունվարի 27-ին, ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 1-ից) և «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի (ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. ապրիլի 7-ից) կոնվենցիաները)
Վերոգրյալի պայմաններում դատարանը գալիս է այն եզրահանգման, որ հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի թույլատրելիության հարցին դատարանի կողմից զուտ ձևական մոտեցում ցուցաբերելն անթույլատրելի է, իսկ պաշտպանության կողմի այն պատճառաբանությունը, որ դատարանում միջնորդությունների քննարկում որպես այդպիսին տեղի չի ունեցել, անհիմն է, քանի որ վերոհիշյալ միջնորդությունների քննարկման տեղի և ժամանակի մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ստացվել է պաշտոնական գրություն, որում արձանագրված տվյալները ոչ հավաստի ճանաչելու որևէ իրավաչափ հիմք առկա չէ:
Անդրադառնալով ամբաստանյալների և վկա Բենիկ Հարությունյանի ցուցմունքների արժանահավատության առումով բերված պաշտպանության կողմի փաստարկներին և դրանց համատեքստում նաև գնահատելով նրանց ցուցմունքների արժանահավատության հարցը, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի ցուցմունքները՝ Բենիկ Հարությունյանից կաշառք չպահանջելու և չստանալու, կաշառքի առարկա հանդիսացող գումարը Վ.Դանիելյանին փոխառությամբ տրված գումարը հետ ստանալու արդյունքում իր մոտ հայտնվելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և սպասվող պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերոհիշյալ ապացույցներով, այդ թվում՝ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի ցուցմունքներով այն մասին, որ Գ.Հեբոյանից փոխառությամբ գումար չի ստացել և 2019թ. մարտի 27-ին այն հետ չի վերադարձրել:
Ինչ վերաբերում է Վահագն Դանիելյանի ցուցմունքներին, որոնց համաձայն՝ վերջինս հերքել է Բ.Հարությունյանից կաշառքի գումարը ստանալու և Գ.Հեբոյանին փոխանցելու հանգամանքը, ապա դատարանը գտնում է, որ այդ կապակցությամբ Վ.Դանիելյանի բերած փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, դրանք չեն փոխկապակցվում միմյանց հետ և հակասում են միմյանց, քանի որ Վ.Դանիելյանը մի դեպքում նշել է, որ Բ.Հարությունյանի կողմից տրված գումարը հանդիսացել է իրավաբանական խորհրդատվություն դիմաց տրված գումար, մյուս դեպքում՝ նա նշել է, որ Բ.Հարությունյանն իրեն ասել է, որ դա պետական տուրքի գումար է: Մինչդեռ, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տեսաձայնագրության հետազոտումից պարզվել է, որ 2019թ. մարտի 27-ին Վ.Դանիելյանի և Բ.Հարությունյանի միջև փաստաբանական գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բ.Հարությունյանը Վ.Դանիելյանին ասել է, որ նշված գումարը պետական տուրքի գումար չէ, Գ.Հեբոյանի հետ պայմանավորվել է, որ պետք է նրան 2500 ԱՄՆ դոլար գումար տա և Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ գումարը պետք է փոխանցի Վ.Դանիելյանին: Հատկանշական է, որ Վ.Դանիելյանը նշված հանդիպման ժամանակ մի քանի անգամ դեպի դուրս նայելուց հետո Բ.Հարությունյանի ականջին շշուկով ասել է, որ գումարը տանի և ավտոմեքենայի լուսամուտից գցի ներս, իսկ մինչև նշված գումարը Գ.Հեբոյանին փոխանցելը՝ խուսափել է այդ գումարին դիպչելուց: Ավելին, երբ Բ.Հարությունյանը խնդրել է, որ մի քանի ժամից գա և ճշտի, թե արդյոք ամեն ինչ նորմալ է, Վ.Դանիելյանը տվել է դրական պատասխան, իսկ Բ.Հարությունյանի վերադառնալուց հետո վերջինիս ճշտող հարցին նա կրկին տվել է դրական պատասխան:
Անդրադառնալով վկա Բենիկ Հարությունյանի ցուցմունքներին՝ դատարանը գտնում է, որ դրանք արժանահավատ են և հավաստի, դրանք համադրվում և փոխկապակցվում են ոչ միայն միմյանց, այլ նաև քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հետ:
Դատարանի վերջին դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ գործի փաստական տվյալներով չի արձանագրվել որևէ հանգամանք, որը կարող էր բավարար հիմք հանդիսանալ՝ վկա Բենիկ Հարությունյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներն անարժանահավատ համարելու համար: Ավելին՝ վկա Բենիկ Հարությունյանն իր ցուցմունքներն ամբաստանյալներ Վահագն Դանիելյանին և Գագիկ Հեբոյանին առերես պնդել է դատաքննության ժամանակ, որոնցում մանրամասն նկարագրել է Գագիկ Հեբոյանի կողմից իրենից կաշառք պահանջելու, կաշառքի գումարի չափը վերջինիս հետ սակարկելու, գումարի չափի հարցում համաձայնության գալու, վերջինիս հորդորով գումարը Վ.Դանիելյանին փոխանցելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները: Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի այն փաստարկներին, որ վկա Բենիկ Հարությունյանը և Գագիկ Հեբոյանը գտնվել են լարված հարաբերությունների մեջ, ավելին՝ Բենիկ Հարությունյանը թշնամաբար է տրամադրված եղել Գագիկ Հեբոյանի նկատմամբ, քանի որ վերջինիս կողմից տարիներ առաջ կայացված վճռով Բենիկ Հարությունյանը զրկվել է ժառանգությունից, ապա դատարանը գտնում է, որ Գագիկ Հեբոյանի և Բենիկ Հարությունյանի միջև առկա լարված հարաբերությունները հավաստող որևէ արժանահավատ ապացույց քրեական գործի քննության ընթացքում ձեռք չի բերվել:
Հետևաբար, վկա Բենիկ Հարությունյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներն արժանահավատ են, հավաստի, դրանց ճշմարտացիությունը կասկած չի հարուցում, ուստի դրանք կարող են դրվել դատավճռի հիմքում:
Նույն կարգով վերլուծելով պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննված, դատավոր Գ.Հեբոյանի դատական նիստերի քարտուղար Անժելա Հովսեփյանի դատաքննական ցուցմունքը՝ դատարանը գտնում է, որ նրա դատաքննական ցուցմունքը՝ 2019թ. մարտի 1-ին կայացած դատական նիստի ընդմիջման ժամանակ Բ.Հարությունյանի և Գ.Հեբոյանի միջև առանձնազրույց տեղի չունենալու, դատական նիստերի դահլիճում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի թղթային տարբերակը չլինելու և այլնի մասին, իրականությանը չի համապատասխանում, արժանահավատ չէ, ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի օգտին տեղեկություններ հայտնելու, քրեական գործով պարզված փաստական հանգամանքները խեղաթյուրելու նպատակ է հետապնդում և հերքվում է վերոհիշյալ ապացույցներով, այդ թվում՝ դատարանի կողմից արժանահավատ գնահատված՝ վկա Բենիկ Հարությունյանի ցուցմունքներով:
4.2. Ամբաստանյալ Վահագն Դանիելյանին առաջադրված մեղադրանքի իրավաչափությունը և հիմնավորվածությունը.
Դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալ Վահագն Դանիելյանի արարքում կաշառք ստանալուն օժանդակելու հանցակազմի առկայության մասին մեղադրանքի կողմի հետևությունները:
ՀՀ քրեական oրենuգրքի 37-րդ հոդվածի համաձայն`
«Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մաuնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:
Հանցակցության հատկանիշների մաuին Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Ա. Մաթեւոuյանի եւ Ռ. Հարությունյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Ըuտ այդ որոշման` «Հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ.
1. հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից
2. գործողությունների համատեղությունը
3. հանցակցության դիտավորյալ բնույթը:
Հանցակցության առաջին oբյեկտիվ հատկանիշը` հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցագործությունը պետք է կատարեն հանցագործության uուբյեկտ հանդիuացող երկու կամ մի քանի անձ: Հանցակիցներ կարող են լինել քրեական պատաuխանատվության ենթարկելու տարիքի հաuած մեղuունակ ֆիզիկական անձինք: Հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության uուբյեկտի բոլոր հատկանիշներով oժտված ոչ պակաu երկու անձի առկայությունը:
Հանցակցության մյուu oբյեկտիվ հատկանիշը` հանցակիցների գործունեության համատեղությունը, նշանակում է, որ հանցագործության մաuնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են կոնկրետ հանցանքի կատարմանը: Հանցակիցները, միացնելով իրենց համատեղ ջանքերը, ձգտում են միաuնական արդյունքի, և դրա համար յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ընդհանուր գործում:
Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության դիտավորյալ բնույթն է: ՀՀ քրեական oրենuգրքի 37-րդ հոդվածը, որը տալիu է հանցակցության հաuկացությունը, կոնկրետ մատնանշում է անձանց դիտավորյալ մաuնակցությունը դիտավորյալ հանցագործության կատարմանը: Հանցակցության նման բնորոշումը հuտակ ընդգծում է, որ անձինք գործում են միայն դիտավորյալ մեղքով և միայն դիտավորյալ հանցագործություններում» (տե՛u Ա.Մաթեւոuյանի եւ Ռ.Հարությունյանի վերաբերյալ 48/08 գործով 2008թ. հուլիuի 25-ի որոշման 28-րդ կետը):
ՀՀ քրեական oրենuգրքի 38-րդ հոդվածի համաձայն`
«1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ oժանդակողը:
2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մաuնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպեu նաեւ հանցանքը կատարել է այլ այնպիuի անձանց oգտագործելու միջոցով, ովքեր oրենքի ուժով ենթակա չեն քրեական պատաuխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:
(...)
5. Oժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն oժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպեu նաեւ այն անձը, ով նախապեu խոuտացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպեu նաեւ այն անձը, ով նախապեu խոuտացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիuի առարկաները»:
Օժանդակողը կատարողից տարբերվում է նրանով, որ նա հանցագործության oբյեկտիվ կողմն անմիջականորեն չի կատարում, այլ կամ հանցագործությունը նախապատրաuտելու ընթացքում կամ դրա ավարտման փուլում աջակցություն է ցույց տալիu կատարողին` uտեղծելով հանցագործության ավարտման իրական հնարավորություններ:
ՀՀ քրեական oրենuգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մաuում uպառիչ թվարկված են այն եղանակները և միջոցները, որոնցով oժանդակողը, չկատարելով տվյալ հանցագործության oբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն, մաuնակցում է հանցագործությանը: Oրենքում չնշված այլ եղանակներով oժանդակությունը բացառվում է: Մաuնավորապեu, oժանդակող է այն անձը, ով հանցագործությանն oժանդակել է.
ա) Միջոցներ կամ գործիքներ տրամադրելով (ֆիզիկական oժանդակություն):
Oժանդակության այu տեuակն արտահայտվում է այնպիuի գործողություններով, որոնք ուղղված են հանցագործության միջոցներ և գործիքներ տրամադրելու, խոչընդոտներ վերացնելու միջոցով կատարողի կողմից հանցակազմի oբյեկտիվ կողմի իրականացումը հեշտացնելուն:
բ) Խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն տրամադրելով (ինտելեկտուալ oժանդակություն): Այն արտահայտվում է արարքի հոգեբանական կողմին վերաբերող գործողություններով, որոնք ուղղված են կատարողի մոտ հանցագործության կատարման վճռականությունն ամրապնդելուն, առավել արդյունավետ գործողություններ կատարելու ուղիներ գտնելուն և այլն: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պարտակման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների ձեռք բերման կամ իրացման նախապեu խոuտումը ոչ թե ֆիզիկական, այլ ինտելեկտուալ oժանդակություն է: Այլ կերպ` արարքն oժանդակություն որակելու համար այu դեպքերում չի պահանջվում խոuտման ռեալ (իրական) կատարում և նույնիuկ այն կատարելու մտադրություն:
գ) Խոչընդոտները վերացնելով (կարող է լինել ինչպեu ֆիզիկական, այնպեu էլ ինտելեկտուալ): Խոչընդոտները վերացնելուն կարելի է դասել այն արգելքները վերացնելը, որոնք կարող են խանգարել հանցագործությունն իրականացնելիս: Խոչընդոտները վերացնելը կարող է արտահայտվել ամենատարբեր ձևերով: Օրինակ՝ պահեստից գողություն կատարելու համար օժանդակողի կողմից կանխավ փականք է հանվում, կամ պահակ չի նշանակվում, սպանության համար տուժողն օժանդակողի կողմից հարմար տեղ է տարվում և այլն:
Uուբյեկտիվ կողմից oժանդակությունը դրuևորվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ ինքը մաuնակցում է կատարողի կողմից իրականացվող հանցագործությանը և ցանկանում է մաuնակցել: Ինչ վերաբերում է հանցագործության վտանգավոր հետևանքների նկատմամբ դրuևորվող մեղքի ձևին, ապա դրանց նկատմամբ կարող է դրuևորվել և՛ ուղղակի, և՛ անուղղակի դիտավորություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի համաձայն՝
«1. Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝
պատժվում է [համապատասխան պատժով] (...)»:
Օրենսդրական այս ձևակերպումից հետևում է, որ տվյալ դեպքում նախատեսված են միջնորդության ֆիզիկական և ինտելեկտուալ ձևերը: Կաշառքի միջնորդության օբյեկտիվ կողմը դրսևորվում է՝
1) կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն նպաստելով (երբ հանցավորը նպաստում է կաշառք տվողի և ստացողի միջև կապերի հաստատմանը, կաշառքի առարկայի բնույթի և չափի վերաբերյալ նրանց համաձայնության գալուն),
2) կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ կայացված համաձայնության իրականացմանը նպաստելով (երբ հանցավորը կաշառք տվողի կամ կաշառք ստացողի նախաձեռնությամբ կաշառքի առարկան կաշառք տվողից վերցնում և փոխանցում է կաշառք ստացողին):
Այլ կերպ ասած, միջնորդը կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կապող օղակի դեր է կատարում: Հետևաբար, նա չի կարող հանդես գալ որպես կաշառք ստանալու կամ տալու նախաձեռնող և չպետք է շահագրգռված լինի կաշառք ստացողի այն գործողություններով (անգործությամբ), որոնք վերջինս պետք է կատարի կաշառքի դիմաց: Կաշառքի միջնորդը, փաստորեն, ներկայացնում է այլ անձի շահերը և հանդես է գալիս ոչ թե իր, այլ այդ անձի անունից: Ընդ որում, արարքի որակման համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե արդյոք կաշառքի միջնորդը վարձատրություն ստանում է իր կատարածի համար, թե ոչ:
Կաշառքի միջնորդությունն անհրաժեշտ է սահմանազատել կաշառք տալուն կամ ստանալուն հանցակցելու ձևերից, այդ թվում՝ օժանդակությունից: Մասնավորապես, կաշառք տալու կամ ստանալու օժանդակող է համարվում այն անձը, ով որևէ եղանակով նպաստում է կաշառք տալուն կամ ստանալուն: Օժանդակողը, ի տարբերություն միջնորդի, կաշառակերության երկու կողմերի միջև կապող օղակ չի հանդիսանում: Նա գործում է կամ կաշառք տվողի կամ կաշառք ստացողի կողմից և նպաստում է նրանցից որևէ մեկի հանցագործությանը: Օժանդակությունը կարող է դրսևորվել բազմազան ձևերով՝ կաշառք տվողի համար կաշառքի առարկա հայթայթելով, կաշառք տվողին համապատասխան պաշտոնատար անձին մատնացույց անելով, տարբեր կարգի խորհուրդներ կամ ցուցումներ տալով, տեղեկատվություն տրամադրելով (օրինակ՝ երբ և որտեղ է հարմար տալ կաշառքը) և այլն: Կաշառք ստացողին օժանդակելը կարող է դրսևորվել նրանով, որ օժանդակողն ինքն է կաշառք ստացողի անունից գործարքի մեջ մտնում կաշառք տվողի հետ:
Վերոգրյալից ակնհայտ է, որ կաշառք ստանալու օժանդակությունը կաշառքի միջնորդությունից տարբերվում է ներքոհիշյալ հանգամանքներով.
1. Օժանդակողը կաշառք տվողի և ստացողի միջև կապող օղակ չի հանդիսանում, իսկ միջնորդը հանդիսանում է, ավելին՝ վերջինս հանդես է գալիս կաշառք տվողի կամ կաշառք ստացողի նախաձեռնությամբ:
2. Կաշառք ստանալուն օժանդակողը շահագրգռված է լինում կաշառք ստացողի այն գործողություններով (անգործությամբ), որոնք վերջինս պետք է կատարի կաշառքի դիմաց, իսկ կաշառքի միջնորդը չունի նման շահագրգռվածություն:
Ընդհանրացնելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ երբ հանցավորը կաշառք տվողի կամ կաշառք ստացողի նախաձեռնությամբ կաշառքի առարկան կաշառք տվողից վերցնում և փոխանցում է կաշառք ստացողին, նա հիշյալ գործողությամբ կատարում է կաշառքի միջնորդություն՝ նպաստելով կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ կայացված համաձայնության իրականացմանը: Ավելին՝ օրենսդիրը, հաշվի առնելով, որ կաշառք ստացողը որոշ դեպքերում խուսափում է կաշառքի առարկան անձամբ վերցնելուց, բացահայտվելու վտանգը նվազեցնելու համար նա դիմում է միջնորդի, ով էլ կաշառք ստացողի նախաձեռնությամբ կաշառքի առարկան կաշառք տվողից վերցնում և փոխանցում է կաշառք ստացողին: Չնայած նրան, որ հիշյալ գործողություններն առերևույթ կարող են դիտարկվել որպես կաշառք ստանալու օժանդակություն, սակայն օրենսդիրն այդ հանցավոր գործողություններն ամրագրելով առանձին հանցատեսակի, այն է՝ կաշառքի միջնորդության տիրույթում, դրանով իսկ արդեն բացառել է այն որպես հանցակցություն՝ կաշառք ստանալու օժանդակություն որակելու հնարավորությունը:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նախաքննության մարմնի կողմից Վահագն Ռաֆիկի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, և նրան առաջադրված մեղադրանքը շարադրվել է հետևյալ կերպ. «որ նա հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն, ինչը դրսևորվել է հետևյալում.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գագիկ Հեբոյանն իր վարույթում քննվող թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Բենիկ Հարությունյանի ընդդեմ Օնիկ Հարությունյանի, Հարություն Հարությունյանի և Սեյրան Առաքելյանի, երրորդ անձ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծարան ֆաբրիկա» ՍՊԸ-ի փոխառության պայմանագրերը, հաշտության համաձայնագիրը, լիազորագիրն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ սեփականության իրավունքը ճանաչելու և 179.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին», հայցվոր Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է` Բենիկ Հարությունյանին 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելուց ազատելու դիմաց վերջնական սակարկությունների արդյունքում 2019թ. մարտի 6-ին պահանջել է որպես կաշառք տալ 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց, բացահայտվելու վտանգը նվազեցնելու համար, Բենիկ Հարությունյանից կաշառքի գումարը վերցնելու և իրեն փոխանցելու հարցում Գագիկ Հեբոյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իր մտերիմ Վահագն Ռաֆիկի Դանիելյանի օգնությանը, ով նախապես խոստացել է օժանդակել նրան այդ հարցում, այն է՝ Բենիկ Հարությունյանից վերցնել և իր մոտ պահել կաշառքի գումարը, ապա անվտանգ փոխանցել Գ.Հեբոյանին: 2019թ. մարտի 18-ին դատարանի շենքում հանդիպելով Բենիկ Հարությունյանին, Գագիկ Հեբոյանը վերջինիս ասել է, որ գումարը տա ոչ թե իրեն, այլ փաստաբան Վահագն Դանիելյանին, ում գրասենյակը տեղակայված է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի հարևանությամբ: 2019թ. մարտի 27-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Բենիկ Հարությունյանը, իր մոտ ունենալով «Կաշառք տալու (ստանալու) նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հատուկ քիմիական նյութով մշակված 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, գնացել է հիշյալ փաստաբանական գրասենյակ և այնտեղ հանդիպել Վահագն Դանիելյանին՝ գումարը նրան փոխանցելու համար: Դատավոր Գագիկ Հեբոյանի հանցավոր արարքին օժանդակող Վահագն Դանիելյանը, ում համար Գագիկ Հեբոյանի կողմից տեղեկացվելուց և վերջինիս վարքագծից, այն է՝ գումարը անձամբ վերցնելուց խուսափելու հանգամանքից ակնհայտ է եղել «գործարքի» հանցավոր բնույթը, նույնպես խուսափել է կաշառքի գումարը Բենիկ Հարությունյանից առձեռն վերցնել, այդուհանդերձ, օժանդակելով իր մտերիմ դատավորին, միջոցներ է ձեռնարկել հնարավոր խոչընդոտները վերացնելու՝ կաշառքի առարկան դատավորի փոխարեն հնարավորինս անվտանգ և քողարկված ձևով ստանալու, ժամանակավորապես թաքցնելու, իսկ հետագայում Գագիկ Հեբոյանին ապահով փոխանցելու համար: Մասնավորապես, ապահովության համար Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանին ասել է, որ վերջինս կաշառքի առարկան վարորդի նստատեղի հետևի դռան պատուհանից գցի դրսում կայանված իր անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի 35 VR 701 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահը, ինչը Բենիկ Հարությունյանը կատարել է: Այնուհետև մոտ կես ժամ անց, Վ. Դանիելյանի գրասենյակ է այցելել Գագիկ Հեբոյանը և Վահագն Դանիելյանից տեղեկանալով, որ Բենիկ Հարությունյանը եկել է, գումարը բերել է և գցել Վ. Դանիելյանի ավտոմեքենայի մեջ, հեռացել է: Կաշառքի գումարը նման եղանակով ստանալուց հետո Վահագն Դանիելյանը ցանկացել է համոզվել, որ որևէ վտանգ չի սպառնում, դրա համար Բենիկ Հարությունյանի հեռանալուց հետո գումարն անմիջապես չի հանել ավտոմեքենայի սրահից և թողել է այնտեղ: Կաշառքի գումարը դատավոր Գ. Հեբոյանին հանձնվելու մասին տեղեկատվության համար Բենիկ Հարությունյանը Վահագն Դանիելյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2-3 ժամից կրկին հանդիպելու վերջինիս: Պայմանավորվածության համաձայն, մի քանի ժամ անց Բենիկ Հարությունյանը և Վահագն Դանիելյանը հանդիպել են փաստաբանական գրասենյակի մոտ, որտեղ Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանին հայտնել է, որ «ամեն ինչ նորմալ է»:
Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, Վահագն Դանիելյանն ու Գագիկ Հեբոյանը հանդիպել են Կոտայքի մարզի Բջնի գյուղում, որտեղ էլ Վ. Դանիելյանը Գ. Հեբոյանին է փոխանցել Բ. Հարությունյանից ստացած գումարը: 27.03.2019թ. ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 19-րդ կիլոմետրի հատվածում ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են դեպի Երևան ընթացող «Mersedes Benz E-320» մակնիշի 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Գագիկ Հեբոյանը և նրա մոտից հայտնաբերել են նախապես մշակված գումարից 2400 ԱՄՆ դոլարը»:
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ քրեական հետապնդման մարմինը, ամբաստանյալ Վահագն Դանիելյանին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և նրա վերոգրյալ գործողությունները դիտարկելով կաշառք ստանալուն օժանդակելու հանցակազմի տիրույթում, հաշվի չի առել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի գործողություններն ուղղված են եղել կաշառք տվողի՝ Բենիկ Հարությունյանի և կաշառք ստացողի՝ Գագիկ Հեբոյանի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելուն: Ամբաստանյալ Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանի և Գագիկ Հեբոյանի միջև կապող օղակի դեր է կատարել, նա հանդես չի եկել որպես կաշառք ստանալու կամ տալու նախաձեռնող, շահագրգռված չի եղել Գագիկ Հեբոյանի այն գործողությամբ, որը վերջինս պետք է կատարեր կաշառքի դիմաց: Ավելին՝ քրեական հետապնդման մարմինը պատշաճ վերլուծության չի ենթարկել այդ մեղադրանքի մասով գործում առկա հանգամանքները, մասնավորապես այն, որ Վահագն Դանիելյանի գործողությունները սահմանափակվել են՝ Գագիկ Հեբոյանի նախաձեռնությամբ կաշառքի առարկան կաշառք տվողից՝ Բենիկ Հարությունյանից վերցնելով և Գագիկ Հեբոյանին փոխանցելով: Այլ կերպ ասած՝ ամբաստանյալ Վահագն Դանիելյանը գործել է ոչ թե կաշառք ստացողին օժանդակելու դիտավորությամբ, այլ՝ այդ կերպ նա նպաստել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը, որպիսի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Վերոգրյալի հիման վրա դատարանը գալիս է այն եզրահանգման, որ նախաքննության մարմինը չի պահպանել մեղադրանքի ձևակերպման կարևորագույն տարրերից մեկը և գործով հաստատված, ինչպես նաև ամբաստանյալ Վահագն Դանիելյանի գործողությունները կազմող փաստերը չի համադրել այդ փաստերին համապատասխանող կոնկրետ հանցակազմի հատկանիշներին:
Հետևաբար, դատարանը գտնում է, որ հիմնավորված և պատճառաբանված չեն ամբաստանյալ Վահագն Դանիելյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքը կատարելու վերաբերյալ մեղադրանքի կողմի հետևությունները և նրան մեղսագրված արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաuտանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի uահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը:
Դատարանը սույն քրեական գործով ամբաստանյալ Վահագն Դանիելյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերից ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով փոփոխելը հնարավոր է համարում, քանի որ մեղադրանքի նման փոփոխությամբ ամբաստանյալի վիճակը չի վատթարանում: Ավելին` դրանով ամբաստանյալի վիճակը բարելավվում է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարքը համարվում է առանձնապես ծանր հանցանք, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝ միջին ծանրության: Նման փոփոխությամբ չի խախտվում նաև ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, քանի որ Գագիկ Հեբոյանի նախաձեռնությամբ կաշառքի առարկան կաշառք տվողից՝ Բենիկ Հարությունյանից վերցնելու և Գագիկ Հեբոյանին փոխանցելու հանգամանքն ինքնին ընդգրկված է եղել ամբաստանյալ Վահագն Դանիելյանին առաջադրված մեղադրանքի ծավալում, որի դեմ թե՛ նախաքննության փուլում, թե՛ դատական քննության փուլում Վահագն Դանիելյանը պաշտպանվելու իրական հնարավորություն է ունեցել:
4.3. Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելու հարցի քննարկումը.
Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս` դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է:
2. Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին»:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
Պատիժ նշանակելը քրեական գործով արդարադատության իրականացման վճռական պահն է, որը պետք է դառնա կատարված հանցագործության հասարակական վտանգավորության գնահատման լիարժեք չափանիշ, պատժի ենթարկվող անձին ուղղելու ամենակարճ ճանապարհ, ինչպես ամբաստանյալի, այնպես էլ այլ անձանց կողմից նոր հանցագործությունները կանխելու գործուն միջոց: Պատասխանատվության և պատժի անհատականացման սկզբունքը պատժի տեսակը և չափը որոշելու բազմաթիվ դրույթների ու չափանիշների հետ մեկտեղ անխզելիորեն կապված է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները հետազոտելու և հաշվի առնելու հետ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված են յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքները: Այդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները հաստատվում են միայն ապացույցների հիման վրա: Ընդ որում, անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների գնահատումը յուրաքանչյուր կոնկրետ գործով պատիժ նշանակելիս հնարավորություն է տալիս դատարանին պատկերացում կազմել հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի, բնույթի, ինչպես նաև հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատժի անհատականացման կարևորությունն այն է, որ դա լուրջ երաշխիք է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` պատժի նպատակների իրականացման համար:
Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշված որոշումներում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան այլընտրանքային է. այն թույլ է տալիս դատարանին իր հայեցողության շրջանակներում երեք հնարավոր պատժատեսակներից (տուգանք, կալանք և ազատազրկում) ընտրել այնպիսին, որը համաչափ է հանցագործության ծանրությանը, հանցավորի անձին, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներին` ապահովելով պատժի նպատակների իրագործումը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիան որոշակի է. այն սահմանում է յոթից տասներկու ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդվածի սանկցիայի շրջանակներում կոնկրետ պատժատեսակ և պատժաչափ ընտրելիս` դատարանը, թեև օժտված է իր ներքին համոզմունքին և իրավագիտակցությանը համապատասխան որոշակի հայեցողություն դրսևորելու ազատությամբ, սակայն այն չի կարող բացարձակ և կամայական բնույթ կրել:
Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողությունը սահմանափակվում է օրենքով կանխորոշված որոշակի շրջանակներով` հանցավոր արարքի հանրային վտանգավորության բնույթով և աստիճանով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, որոնք դատարանը, անպայման, պետք է հաշվի առնի պատժի արդարացիության ապահովման համար (պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ mutatis mutandis տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշումը):
Պատժի տեսակների միջև ճիշտ ընտրություն կատարելու և արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը գնահատելու հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(…) այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:
Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: (…)» (տե’ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ 2009 թվականի փետրվարի 17-իթիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը):
Վերոհիշյալ իրավադրույթների և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների համատեքստում ուսումնասիրելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի բարձրագույն կրթություն:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Գ.Հեբոյանի նկատմամբ, դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Գ.Հեբոյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության բարձր աստիճանը, որի մասին է վկայում նաև այն, որ ամբաստանյալ Գ.Հեբոյանին մեղսագրվող հանցանքը ձևական հանցակազմով է նկարագրված. այն ավարտված է համարվում պահանջ ներկայացնելու պահից` անկախ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության ձեռքբերման, կաշառքի առարկան հետագայում ստանալու կամ չստանալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին պայմանավորված գործողությունները կատարելու կամ չկատարելու հանգամանքից: Դատարանը հաշվի է առնում նաև հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ամբաստանյալի կատարած արարքի սոցիալական հետևանքները, այդ թվում՝ այն, որ ամբաստանյալ Գ.Հեբոյանի կատարած հանցանքն ուղղված է պետական ապարատի՝ ՀՀ դատական իշխանության բնականոն գործունեության դեմ, հիշյալ հանցանքի կատարումն այդ հարաբերություններում առաջացրել է բացասական փոփոխություններ, հեղինակազրկել է պետական իշխանությունը և վտանգել դրա նորմալ գործունեությունը:
Դատարանը հաշվի է առնում, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը, հանդիսանալով դատավոր, ինքն ուղղակիորեն օրենքի ուժով պարտականություն է կրել օրինականության (իրավակարգի) ապահովման ուղղությամբ, ինչպես նաև զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ինչն անտեսելով՝ նա կատարել է պետական ապարատի՝ ՀՀ դատական իշխանության բնականոն գործունեության դեմ ուղղված հանցագործություն:
Վերոգրյալ հանգամանքները համադրելով ամբաստանյալ Գ.Հեբոյանի անձը բնութագրող տվյալների հետ և հաշվի առնելով նաև ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանն իր կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով` 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Գ.Հեբոյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Գ.Հեբոյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն, իսկ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերը բացակայում են:
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի բարձրագույն կրթություն, նրա խնամքին է գտնվում երկրորդ խմբի հաշմանդամ մայրը՝ Սրբուհի Միլիտոնյանը:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Վ.Դանիելյանի նկատմամբ, դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Վ.Դանիելյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը: Հարկ է նշել, որ կաշառքի միջնորդությունը (ինչպես և կաշառք ստանալը) պետական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է, որի օբյեկտը պետական ապարատի (կառավարման հանրային ապարատի) նորմալ գործունեությունն է: Օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների կարևորության տեսանկյունից վերլուծելով կաշառքի միջնորդության հանրային վտանգավորությունը` անհրաժեշտ է ընդգծել, որ այն նպաստում է պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեության խաթարմանը, նրանց հեղինակության վնասմանը և պետական ապարատում կոռումպացվածության դրսևորման անհրաժեշտ նախադրյալ է ստեղծում:
Դատարանը հաշվի է առնում, որ ամբաստանյալ Վահագն Դանիելյանը, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան և կրելով անկախության, օրինապահության սկզբունքների հիման վրա գործելու, փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու պարտականություն («Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված, Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 1.1 կետ), կատարել է պետական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն, ինչով պետական ապարատում կոռումպացվածության դրսևորման անհրաժեշտ նախադրյալ է ստեղծել և հեղինակազրկել նաև փաստաբանի դերը հասարակության մեջ:
Վերոգրյալը համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների հետ և հաշվի առնելով նաև ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վահագն Դանիելյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստ պատժի՝ ազատազրկման ձևով` 2 (երկու) տարի ժամկետով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Վ.Դանիելյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը, այդ թվում՝ տվյալ բնույթի՝ պետական ծառայության կարգի դեմ ուղղված հանցավոր վարքագիծ դրսևորելու հետագա հնարավոր ռիսկը կանխելու համար:
Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, ամբաստանյալ Վահագն Դանիելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցման է ենթակա 2019թ. ապրիլի 3-ից մինչև 2019թ. մայիսի 8-ը նրա՝ անազատության մեջ գտնվելու 1 (մեկ) ամիս 5 (հինգ) օրը:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Վ.Դանիելյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն, իսկ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերը բացակայում են:
4.4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մյուս հարցերի քննարկումը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը, inter alia, պարտավոր է անդրադառնալ քաղաքացիական հայցի, գույքի նկատմամբ կիրառված (կիրառվելիք) արգելանքի, իրեղեն ապացույցների, խափանման միջոցի և դատական ծախսերի հարցերին:
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի դեմ քաղաքացիական հայց չի հարուցվել:
Քննարկելով գույքի վրա դրված կալանքի հարցը՝ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի՝ 2019թ. ապրիլի 15-ի որոշմամբ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի վրա դրված կալանքը պետք է թողնել անփոփոխ՝ մինչև գույքի բռնագրավման և դատական ծախսերի մասով դատավճռի կատարումը, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի վրա դրված կալանքը պետք է թողնել անփոփոխ՝ մինչև դատական ծախսերի մասով դատավճռի կատարումը:
Քննարկելով իրեղեն ապացույցների հարցը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածով` դատարանը գտնում է, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 12-ի և 15-ի որոշումներով իրեղեն ապացույց ճանաչված ՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 24 հատ թղթադրամները պետք է վերադարձնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ֆինանսական վարչությանը, նշված թղթադրամներից, ինչպես նաև Գ.Հեբոյանի երկու ձեռքերի մատների, ափերի, Գ.Հեբոյանի հագին եղած բաճկոնի աջ գրպանի ներսի հատվածից, տաբատի աջ գրպանից, Գ.Հեբոյանի «Մերսեդես Բենս Ե-320» մակնիշի, 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ղեկից և փոխանցման տուփի բռնակից, «Լեքսուս Էռ-Իքս-300» մակնիշի, 35 VR 701 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետևի ձախ դռան անմիջապես բռնակին կից՝ դռան եզրային հատվածից և հետևի նստատեղի վրայից՝ ձախ դռնից 30սմ հեռավորության վրա վերցված քսուքներով բամբակե խծուծները, կաշառքի առարկա հանդիսացող թղթադրամների քիմիական մշակման նպատակով օգտագործված քիմիական մատիտը և քիմիական փոշին պետք է ոչնչացնել, կաշառքի գումարը հայտնաբերելու պահին Գ.Հեբոյանի հագին եղած բաճկոնը, «Սամսունգ Դուոս», «Այֆոն-6», «Նոկիա» մոդելի բջջային հեռախոսները և «Մերսեդես Բենս Ե-320» մակնիշի, 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենան պետք է վերադարձնել վերջինիս, իսկ «Լեքսուս Էռ-Իքս-300» մակնիշի, 35 VR 701 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և նշված ավտոմեքենայում հայտնաբերված փաստաթղթերն ու թղթապանակները պետք է վերադարձնել ամբաստանյալ Վահագն Դանիելյանին:
Քննարկելով խափանման միջոցների հարցը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրված է ճիշտ և այն վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ամբաստանյալ Վահագն Դանիելյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը պետք է թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, քանի որ դրա հիմքը չի վերացել, և այդ խափանման միջոցի պայմաններն ամբաստանյալը չի խախտել, իսկ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, օրինական հիմքերի առկայության դեպքում՝ գրավի գումար հանդիսացող 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը՝ մուծված ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի թիվ 900023292015 հաշվին, պետք է վերադարձնել գրավատուին:
Քննարկելով դատական ծախսերի հարցը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Գագիկ Զենիկի Հեբոյանից և Վահագն Ռաֆիկի Դանիելյանից համապարտորեն, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես դատական ծախսեր, բռնագանձման է ենթակա դատաքիմիական փորձաքննության կատարման արժեք հանդիսացող 403.200 (չորս հարյուր երեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամ գումարը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ, 168-169-րդ, 357-360-րդ, 364-365-րդ, 369-373-րդ հոդվածներով, դատարանը`
Վ Ճ Ռ Ե Ց
1. Ամբաստանյալ Գագիկ Զենիկի Հեբոյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.714.160 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամից, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով 2019 թվականի մարտի 28-ից:
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
2. Ամբաստանյալ Վահագն Ռաֆիկի Դանիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանյալ Վահագն Ռաֆիկի Դանիելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 5 (հինգ) օրը՝ ամբաստանյալ Վահագն Ռաֆիկի Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 10 (տասը) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, օրինական հիմքերի առկայության դեպքում՝ գրավի գումար հանդիսացող 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը՝ մուծված ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի թիվ 900023292015 հաշվին, վերադարձնել գրավատուին:
Նախաքննության մարմնի՝ 2019թ. ապրիլի 15-ի որոշմամբ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ՝ մինչև գույքի բռնագրավման և դատական ծախսերի մասով դատավճռի կատարումը:
Նախաքննության մարմնի՝ 2019թ. ապրիլի 15-ի որոշմամբ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ՝ մինչև դատական ծախսերի մասով դատավճռի կատարումը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 12-ի և 15-ի որոշումներով իրեղեն ապացույց ճանաչված ՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 24 հատ թղթադրամները վերադարձնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ֆինանսական վարչությանը, բամբակե խծուծները, քիմիական մատիտը և քիմիական փոշին ոչնչացնել, Գ.Հեբոյանի բաճկոնը, «Նոկիա», «Սամսունգ Դուոս», «Այֆոն-6» մոդելի բջջային հեռախոսները և «Մերսեդես Բենս Ե-320» մակնիշի, 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վերադարձնել վերջինիս, «Լեքսուս Էռ-Իքս-300» մակնիշի, 35 VR 701 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և նշված ավտոմեքենայում հայտնաբերված փաստաթղթերն ու թղթապանակները վերադարձնել ամբաստանյալ Վահագն Դանիելյանին:
Ամբաստանյալներ Գագիկ Զենիկի Հեբոյանից և Վահագն Ռաֆիկի Դանիելյանից համապարտորեն, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես դատական ծախսեր բռնագանձել դատաքիմիական փորձաքննության կատարման արժեք հանդիսացող 403.200 (չորս հարյուր երեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամ գումարը:
Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
ԴԱՏԱՎՈՐ` ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԴ/0013/01/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈւՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ
«24» մարտի 2021թ. ք.Երևան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)
Նախագահող դատավոր
դատավորներ
դատական նիստերի քարտուղարներ
դատախազ
պաշտպաններ
ամբաստանյալներ
Ա.Բեկթաշյան
Մ.Պապոյան
Ա.Վարդանյան
Լ.Գրիգորյան
Ա.Հակոբյան
Ա.Մարտիրոսյան
Ա.Չախոյան
Ա.Նադիրյան
Գ.Գրիգորյան
Հ.Մաղաքյան
Ն.Սարգսյան
Ա.Անտոնյան
Ն.Հակոբյան
Ա.Ղուկասյան
Գ.Հեբոյան
Վ.Դանիելյան
դռնբաց դատական նիստում, ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննության առնելով ամբաստանյալներ Գագիկ Զենիկի Հեբոյանի (ծնված՝ 1965 թվականի հունվարի 16-ին Երևանում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, հանդիսանում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, նախ-կինում չդատված, բնութագրվում է դրական, հաշվառված է Երևան քաղաքի Դ.Մալյան փողոցի թիվ 6 շենքի 69-րդ բնակարանում, բնակվում է Երևան քաղաքի Դ.Մալյան փողոցի թիվ 4 շենքի 15-րդ բնակարանում), Վահագն Ռաֆիկի Դանիելյանի (ծնված՝ 1975 թվականի հունվարի 12-ին ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, նախկինում չդատված, հաշվառված է և բնակվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի 1-ին փողոցի թիվ 170 տանը) վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի, ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպաններ Հենրիկ Մաղաքյանի և Գուրգեն Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները`
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
Ըստ ներկայացված վերաքննիչ բողոքների վերաբերյալ նյութերի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ա.Երիցյանի՝ 2019 թվականի մարտի 26-ի որոշմամբ հարուցվել է թիվ 58207019 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2019 թվականի մարտի 26-ին ավագ քննիչ Ա.Երիցյանի՝ որոշմամբ թիվ 58207019 քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:
Թիվ 58207019 քրեական գործը 2019 թվականի մարտի 27-ի որոշմամբ ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ս.Առաքելյանի վարույթ:
2019 թվականի մարտի 28-ին Գագիկ Զենիկի Հեբոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման կասկածանքով ձերբակալվել է:
2019 թվականի մարտի 28-ին ավագ քննիչ Ս.Առաքելյանը որոշում է կայացրել Վահագն Դանիելյանին ձերբակալելու մասին:
Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019 թվականի մարտի 29-ի որոշումներով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները, և Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս ազատությունից զրկելու համար:
2019 թվականի մարտի 30-ին ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ որոշմամբ Գագիկ Զենիկի Հեբոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
2019 թվականի մարտի 30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ որոշմամբ մեղադրյալ Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:
2019 թվականի ապրիլի 3-ին Բենիկ Ավագի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2019 թվականի ապրիլի 3-ին Վահագն Ռաֆիկի Դանիելյանը հայտնաբերվել և ձերբակալվել է:
2019 թվականի ապրիլի 05-ին ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ որոշմամբ Վահագն Ռաֆիկի Դանիելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
2019 թվականի ապրիլի 06-ի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ որոշմամբ մեղադրյալ Վահագն Ռաֆիկի Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:
2019 թվականի ապրիլի 30-ին ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ որոշմամբ Վահագն Ռաֆիկի Դանիելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ հետևյալ արարքի համար, որ նա հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն, ինչը դրսևորվել է հետևյալում.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գագիկ Հեբոյանն իր վարույթում քննվող թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Բենիկ Հարությունյանի ընդդեմ Օնիկ Հարությունյանի, Հարություն Հարությունյանի և Սեյրան Առաքելյանի, երրորդ անձ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծարան ֆաբրիկա» ՍՊԸ-ի փոխառության պայմանագրերը, հաշտության համաձայնագիրը, լիազորագիրն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ սեփականության իրավունքը ճանաչելու և 179.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին», հայցվոր Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է` Բենիկ Հարությունյանին 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելուց ազատելու դիմաց վերջնական սակարկությունների արդյունքում 2019թ. մարտի 6-ին պահանջել է որպես կաշառք տալ 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց, բացահայտվելու վտանգը նվազեցնելու համար, Բենիկ Հարությունյանից կաշառքի գումարը վերցնելու և իրեն փոխանցելու հարցում Գագիկ Հեբոյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իր մտերիմ Վահագն Ռաֆիկի Դանիելյանի օգնությանը, ով նախապես խոստացել է օժանդակել նրան այդ հարցում, այն է՝ Բենիկ Հարությունյանից վերցնել և իր մոտ պահել կաշառքի գումարը, ապա անվտանգ փոխանցել Գ.Հեբոյանին: 2019թ. մարտի 18-ին դատարանի շենքում հանդիպելով Բենիկ Հարությունյանին, Գագիկ Հեբոյանը վերջինիս ասել է, որ գումարը տա ոչ թե իրեն, այլ փաստաբան Վահագն Դանիելյանին, ում գրասենյակը տեղակայված է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի հարևանությամբ: 2019թ. մարտի 27-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Բենիկ Հարությունյանը, իր մոտ ունենալով «Կաշառք տալու (ստանալու) նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հատուկ քիմիական նյութով մշակված 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, գնացել է հիշյալ փաստաբանական գրասենյակ և այնտեղ հանդիպել Վահագն Դանիելյանին՝ գումարը նրան փոխանցելու համար: Դատավոր Գագիկ Հեբոյանի հանցավոր արարքին օժանդակող Վահագն Դանիելյանը, ում համար Գագիկ Հեբոյանի կողմից տեղեկացվելուց և վերջինիս վարքագծից, այն է՝ գումարը անձամբ վերցնելուց խուսափելու հանգամանքից ակնհայտ է եղել «գործարքի» հանցավոր բնույթը, նույնպես խուսափել է կաշառքի գումարը Բենիկ Հարությունյանից առձեռն վերցնել, այդուհանդերձ, օժանդակելով իր մտերիմ դատավորին, միջոցներ է ձեռնարկել հնարավոր խոչընդոտները վերացնելու՝ կաշառքի առարկան դատավորի փոխարեն հնարավորինս անվտանգ և քողարկված ձևով ստանալու, ժամանակավորապես թաքցնելու, իսկ հետագայում Գագիկ Հեբոյանին ապահով փոխանցելու համար: Մասնավորապես, ապահովության համար Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանին ասել է, որ վերջինս կաշառքի առարկան վարորդի նստատեղի հետևի դռան պատուհանից գցի դրսում կայանված իր անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի 35 VR 701 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահը, ինչը Բենիկ Հարությունյանը կատարել է: Այնուհետև մոտ կես ժամ անց, Վ. Դանիելյանի գրասենյակ է այցելել Գագիկ Հեբոյանը և Վահագն Դանիելյանից տեղեկանալով, որ Բենիկ Հարությունյանը եկել է, գումարը բերել է և գցել Վ. Դանիելյանի ավտոմեքենայի մեջ, հեռացել է: Կաշառքի գումարը նման եղանակով ստանալուց հետո Վահագն Դանիելյանը ցանկացել է համոզվել, որ որևէ վտանգ չի սպառնում, դրա համար Բենիկ Հարությունյանի հեռանալուց հետո գումարն անմիջապես չի հանել ավտոմեքենայի սրահից և թողել է այնտեղ: Կաշառքի գումարը դատավոր Գ. Հեբոյանին հանձնվելու մասին տեղեկատվության համար Բենիկ Հարությունյանը Վահագն Դանիելյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2-3 ժամից կրկին հանդիպելու վերջինիս: Պայմանավորվածության համաձայն, մի քանի ժամ անց Բենիկ Հարությունյանը և Վահագն Դանիելյանը հանդիպել են փաստաբանական գրասենյակի մոտ, որտեղ Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանին հայտնել է, որ «ամեն ինչ նորմալ է»:
Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, Վահագն Դանիելյանն ու Գագիկ Հեբոյանը հանդիպել են Կոտայքի մարզի Բջնի գյուղում, որտեղ էլ Վ. Դանիելյանը Գ. Հեբոյանին է փոխանցել Բ. Հարությունյանից ստացած գումարը: 27.03.2019թ. ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 19-րդ կիլոմետրի հատվածում ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են դեպի Երևան ընթացող «Mersedes Benz E-320» մակնիշի 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Գագիկ Հեբոյանը և նրա մոտից հայտնաբերել են նախապես մշակված գումարից 2400 ԱՄՆ դոլարը:
Ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գագիկ Զենիկի Հեբոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ հետևյալ արարքի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019 թվականի մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչը դրսևորվել է հետևյալում.
Գագիկ Հեբոյանը 1999թ-ից զբաղեցրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը և ՀՀ Սահմանադրությամբ, «Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենք»-ով, ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով օժտված է եղել քրեական և քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելու, անկողմնակալ, օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր կայացնելու լիազորություններով: Իր վարույթում քննվող թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի Բենիկ Հարությունյանի ընդդեմ Օնիկ Հարությունյանի, Հարություն Հարությունյանի և Սեյրան Առաքելյանի, երրորդ անձ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծարան ֆաբրիկա» ՍՊԸ-ի փոխառության պայմանագրերը, հաշտության համաձայնագիրը, լիազորագիրն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ սեփականության իրավունքը ճանաչելու և 179.000.000 ՀՀ դրամի գումարի բռնագանձման պահանջների մասին», Գագիկ Հեբոյանը հայցվոր Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է` Բենիկ Հարությունյանին 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 6-ին վերջինից անձամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար կաշառք: Պահանջված գումարի չափը Բենիկ Հարությունյանի կողմից սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց, բացահայտվելու վտանգը նվազեցնելու համար Գագիկ Հեբոյանը դիմել է իր ծանոթ փաստաբանի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Ռաֆիկի Դանիելյանի օժանդակությանը, որի գրասենյակը տեղակայված է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի հարևանությամբ: Գագիկ Հեբոյանը 2019թ. մարտի 18-ին հանդիպելով Բենիկ Հարությունյանին, վերջինիս ասել է, որ գումարը տա ոչ թե իրեն, այլ նշված փաստաբանին: 2019թ. մարտի 27-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Բենիկ Հարությունյանը, իր մոտ ունենալով «Կաշառք տալու (ստանալու) նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հատուկ քիմիական նյութով մշակված 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, գնացել է հիշյալ փաստաբանական գրասենյակ և այնտեղ հանդիպել է Վահագն Դանիելյանին՝ գումարը նրան փոխանցելու համար: Դատավոր Գագիկ Հեբոյանի հանցավոր արարքին օժանդակող Վահագն Դանիելյանը, նույնպես խուսափելով գումարը առձեռն վերցնելուց, Բենիկ Հարությունյանին ասել է, որ վերջինս այն պատուհանից գցի դրսում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի ,,ԼԵքսուս,, մակնիշի 35VR 701 հաշվառման համարանիշի մեքենայի սրահի մեջ, ինչը և Բ.Հարությունյանը կատարել է: Այնուհետև մոտ կես ժամ անց, Վ. Դանիելյանի գրասենյակ է այցելել Գագիկ Հեբոյանը և Վահագն Դանիելյանից տեղեկանալով, որ Բենիկ Հարությունյանը եկել է, գումարը բերել և գցել է Վ. Դանիելյանի ավտոմեքենայի մեջ, հեռացել է: Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, Վահագն Դանիելյանն ու Գագիկ Հեբոյանը հանդիպել են Կոտայքի մարզի Բջնի գյուղում, որտեղ էլ Վ. Դանիելյանը Գ. Հեբոյանին է փոխանցել Բ. Հարությունյանից ստացած գումարը: 27.03.2019թ. ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 19-րդ կիլոմետրի հատվածում ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են դեպի Երևան ընթացող «Mersedes Benz E-320» մակնիշի 01 ՍՍ 065 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Գագիկ Հեբոյանը և նրա մոտից հայտնաբերել են նախապես մշակված գումարից 2400 ԱՄՆ դոլարը:
2019 թվականի ապրիլի 30-ի ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ որոշմամբ մեղադրյալ Բենիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
2019 թվականի մայիսի 02-ին ավագ քննիչ Ս.Առաքելյանի՝ որոշմամբ թիվ 58207019 քրեական գործից մեղադրյալներ Գագիկ Հեբոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, Վահագն Դանիելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, վերաբերյալ գործն անջատվել է և անջատված մասին շնորհվել է թիվ 62211619 համարը:
2019 թվականի մայիսի 08-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 06-ի որոշումը մասնակիորեն բեկանելու և մեղադրյալ Վահագն Դանիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, իսկ գրավի գումարի չափ է սահմանվել երկու միլիոն ՀՀ դրամը:
2019 թվականի մայիսի 14-ին թիվ 62211619 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քրեական գործին շնորհվել է ԿԴ/0013/01/19 համարը:
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հ.Ավագյանի, Գ.Մարգարյանի, Վ.Ստեփանյանի, Գ.Շահբազյանի կողմից համապատասխանաբար՝ 2019 թվականի մայիսի 16-ին, մայիսի 20-ին, մայիսի 22-ին, մայիսի 23-ին որոշումներ են կայացվել ինքնաբացարկ հայտնելու մասին:
2019 թվականի մայիսի 27-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ.Գրիգորյանի վարույթ:
Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ԿԴ/0013/01/19 դատավճռի համաձայն` ամբաստանյալ Գագիկ Զենիկի Հեբոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման՝ 7 (յոթ) տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.714.160 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամից, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով 2019 թվականի մարտի 28-ից:
Խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Վահագն Ռաֆիկի Դանիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանյալ Վահագն Ռաֆիկի Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 5 (հինգ) օրը՝ ամբաստանյալ Վահագն Ռաֆիկի Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 10 (տասը) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
2019 թվականի դեկտեմբերի 19-ին Վերաքննիչ դատարան են ստացվել Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ԿԴ/0013/01/19 դատավճռի դեմ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի և ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպան Հենրիկ Մաղաքյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները:
2019 թվականի դեկտեմբերի 30-ին Վերաքննիչ դատարան է ստացվել Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ԿԴ/0013/01/19 դատավճռի դեմ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի դեկտեմբերի 26-ին:
Թիվ ԿԴ/0013/01/19 քրեական գործը Վերաքննիչ դատարան է ստացվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, իսկ նախագահող դատավորին է հանձնվել 2019 թվականի դեկտեմբերի 30-ին:
2020 թվականի հունվարի 08-ին Վերաքննիչ դատարանի դատավորներ Ա.Բեկթաշյանի, Մ.Պապոյանի և Ա.Վարդանյանի որոշմամբ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի, ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպաններ Հենրիկ Մաղաքյանի և Գուրգեն Գրիգորյանի վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ և թիվ ԿԴ/0013/01/19 քրեական գործը քննության է նշանակվել դատական նիստում:
2020 թվականի փետրվարի 12-ին նշանակված դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի միջնորդությունը ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի կալանքից ազատելու կամ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու, կամ նրան կալանքից՝ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավ կիրառելու մասին, մերժվել է:
2020 թվականի ապրիլի 16-ին նշանակված դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի միջնորդությունը ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին կալանքից ազատելու, կամ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու, կամ նրան կալանքից որպես այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավ կիրառելու մասին, մերժվել է:
2020 թվականի հունիսի 15-ին նշանակված դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի միջնորդությունը ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին կալանքից ազատելու, կամ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու, կամ նրան կալանքից որպես այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավ կիրառելու մասին, մերժվել է:
2020 թվականի նոյեմբերի 17-ին նշանակված դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդությունը բավարարվել է՝ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվել և որպես խափանման միջոց է ընտրվել գրավ` 10.000.000 (տաս միլիոն) ՀՀ դրամի չափով՝ կապակցված չհեռանալու մասին ստորագրության հետ:
Վերաքննիչ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ԿԴ/0013/01/19 դատավճիռը և կայացնել գործն, ըստ էության, լուծող դատական ակտ, այն է՝
Ճանաչել և հռչակել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և Վահագն Դանիելյանի միջնորդությամբ այն ստանալու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման մեջ ամբաստանյալ Գագիկ Զենիկի Հեբոյանի անմեղությունն ու նրան արդարացնել նրա արարքում հանցակազմի բացակայության կամ կատարված հանցագործությանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:
Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից:
Ճանաչել և հռչակել կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի անմեղությունն ու նրան արդարացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության կամ կատարված հանցագործությանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:
Վահագն Դանիելյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը վերացնել:
Ներկայացված վերաքննիչ բողոքում, մասնավորապես նշված է, որ Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճիռն օրինական և հիմնավորված չէ, և վերջինս ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Վահագն Դանիելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում և նրանց նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռ, թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել և ազդել են գործի ելքի վրա:
Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանի կողմից չեն պահպանվել ապացույցները գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու օրենսդրական պահանջը և խախտվել են օրենքի և դատարանի առջև հավասարության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, քրեական դատավարության ընթացքում մրցակցության, ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 17-րդ, 18-րդ, 23-րդ, 25-րդ, 127-րդ և 365-րդ հոդվածների, ինչպես նաև 105-րդ, 106-րդ, 107-րդ, 126-րդ, 127-րդ, 358-րդ և 371-րդ հոդվածների պահանջները, արդյունքում թույլ է տվել նաև նյութական իրավունքի խախտում, այն է՝ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք ենթակա չէին կիրառման:
Այսպես.
Տվյալ դեպքում քրեական գործը քննվել է ոչ անկախ և անաչառ դատարանի կողմից, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածը քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորին իմպերատիվ կերպով պարտավորեցնում է մինչև գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումներից որևէ մեկը կայացնելը հետազոտել գործի նյութերը:
Սույն քրեական գործը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս գործուղված դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, ստացել և վարույթ է ընդունել ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանալու օրը, այն է՝ 2019 թվականի մայիսի 27-ին՝ առավոտյան, և, վերը հիշատակված իրավանորմի համաձայն՝ գործը վարույթ ընդունելու պահից դատարանն իր տրամադրության տակ ունեցել է 15 օր գործի նյութերը հետազոտելու և գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումներից որևէ մեկը, այդ թվում՝ դատական քննություն նշանակելու մասին որոշումը կայացնելու համար, որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետք է բովանդակվի նաև որոշում՝ խափանման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին: Չնայած դրան, դատավոր Տ.Գրիգորյանը, դրսևորելով անհասկանալի շտապողականություն՝ առանց գործի նյութերը հետազոտելու, այսինքն՝ առանց պարզելու, թե արդյոք պահպանվել և շարունակում է հիմնավոր մնալ վերագրվող արարքի կատարմանը մեղադրյալ Գագիկ Հեբոյանի առնչվելու վերաբերյալ կասկածը և առկա են արդյո՞ք նրան կալանքի տակ պահելու հիմքերը, ավելին՝ առանց դատական նիստի վայրի և ժամանակի մասին մեղադրյալ Գագիկ Հեբոյանին ու նրա պաշտպաններին նախապես տեղեկացնելու ու պատշաճ ծանուցելու, նույն օրը՝ 2019 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ին նշանակել է դատական նիստ և քննարկել մեղադրյալ Գագիկ Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:
Ավելին, նշված դատական նիստին Գագիկ Հեբոյանը ներկայացվել է իր կամքին հակառակ, բռնի ուժի գործադրմամբ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի համաձայն` դատական նիստերին, գործի նյութերի հետազոտմանը մասնակցելը, ճառերով և ռեպլիկով հանդես գալը` մեղադրյալի իրավունքն են, այլ ոչ պարտականությունը: Դատական նիստի հենց սկզբում Գագիկ Հեբոյանը դատարանին հայտնել է, որ դատական նիստին ներկայացվել է իր կամքին հակառակ, բռնի ուժով, դատավոր Տ.Գրիգորյանին ցույց է տվել իր նկատմամբ գործադրված բռնության արդյունքում ստացված բազմաթիվ մարմնական վնասվածքները, հայտարարել է, որ առանց պաշտպանների չի ցանկանում մասնակցել դատական նիստին, ավելին՝ իր նկատմամբ կիրառված բռնության հետևանքով գտնվում է ֆիզիկապես և հոգեպես ընկճված վիճակում, ուստիև ի վիճակի չէ հավուր պատշաճի իրականացնել իր պաշտպանությունը: Նշված հայտարարությունից հետո Գագիկ Հեբոյանը միջնորդել է դատական նիստը ողջամիտ ժամկետով հետաձգել և իր պաշտպաններին պատշաճ ծանուցելու եղանակով ապահովել նրանց մասնակցությունը, սակայն դատավոր Տ.Գրիգորյանն այդ միջնորդությունը բավարարել է մասնակի և դատական նիստն ընդմիջել է 40 րոպեով: Նիստը վերսկսելուց հետո, Գագիկ Հեբոյանը կրկին միջնորդել է այն հետաձգել և իրեն թույլ տալ վերադառնալ քրեակատարողական հիմնարկ, սակայն դատավոր Տ.Գրիգորյանը, պատճառաբանելով, որ վերջինիս կալանավորման հիմնավորվածության հարցի քննարկումը հրատապ է՝ նրա մասնակցությունը դատական նիստին համարել է պարտադիր և թույլ չի տվել նրան լքել նիստերի դահլիճը: Այս անգամ ևս դատավոր Տ.Գրիգորյանը մերժել է դատական նիստը հետաձգելու վերաբերյալ Գագիկ Հեբոյանի միջնորդությունը և որոշել է այն շարունակել առանց վերջինիս պաշտպանների, թեև Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ պահանջի համաձայն՝ պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում պարտավոր էր գործի քննությունը հետաձգել: Արդյունքում՝ որոշում է կայացվել Գագիկ Հեբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և այն գրավով փոխարինելու մասին ներկայացված միջնորդությունը մերժելու մասին:
Վերը ներկայացված հանգամանքներն ի սկզբանե պաշտպանության կողմին հիմք են տվել հետևության գալու, որ դատավոր Տ.Գրիգորյանի կողմից դրսևորված այդ շտապողականությունն ու քրեադատավարական օրենսգրքի պահանջների խախտումները պայմանավորված են եղել կալանքի տակ պահելու ժամկետը լրանալու կապակցությամբ մեղադրյալ Գագիկ Հեբոյանի կալանքից ազատվելու հնարավորությունը ցանկացած եղանակով բացառելու մղումով: Այդ իսկ պատճառով և հիմնավորմամբ պաշտպանության կողմը քրեական գործի առաջին իսկ դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Տ.Գրիգորյանին, որը, սակայն, մերժվել է:
Հետագա դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը բազմիցս միջնորդություններ է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին կալանքից ազատելու մասին որոշում կայացնելու կամ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով փոխարինելու պահանջով, որոնք, սակայն 2019 թվականի հունիսի 13-ի, հուլիսի 18-ի, օգոստոսի 7-ի և նոյեմբերի 6-ի որոշումներով մերժվել են:
2019 թվականի մայիսի 27-ին և հունիսի 13-ին կայացված որոշումներում դատավոր Տ.Գրիգորյանը, անդրադառնալով ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի նկատմամբ կիրառված կալանավորման հիմքերին, գտել է, որ վերջինիս՝ ազատության մեջ հայտնվելու դեպքում՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր, ուստի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել կամ փոփոխվել չի կարող:
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին կալանքի տակ պահելու՝ վերը նշված երկու հիմքերի առկայության մասին եզրահանգումը պատճառաբանել է այն փաստական տվյալների առկայությամբ, ինչպիսիք են ամբաստանյալին մեղսագրվող ենթադրյալ հանցանքի ծանրությունը, հետևաբար, նաև ակնկալվող պատժի խստությունը, վերջինիս սոցիալական դիրքը, կապերը և երկիրը լքելու հնարավորությունը, ինչպես նաև նրանով, որ քրեական գործով քրեական դատավարությանը մասնակցող անձանց՝ վկաների գերակշիռ մասը հանդիսանում են ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի աշխատակիցներ և դատական կարգադրիչներ, ինչից ելնելով էլ մեծ է գնահատել հավանականությունը, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը, ազատության մեջ մնալով, կարող է օգտագործել իր պաշտոնեական դիրքը, հեղինակությունը և անօրինական ազդեցություն գործադրել դեռևս չհարցաքննված վերոհիշյալ վկաների և ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Վահագն Դանիելյանի նկատմամբ և ուղղորդել նրանց դատարանում տալ իր համար բարենպաստ ցուցմունքներ:
2019 թվականի հուլիսի 18-ին կայացրած որոշմամբ մերժելով պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունը՝ անհիմն է համարել վերջինիս այն պատճառաբանությունը, որ քրեական գործի քննության տվյալ փուլում ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են, և նա ենթակա է կալանքից ազատման՝ այն հիմնավորմամբ, որ թեև ավարտվել է գործում առկա ապացույցների հետազոտումը և հարցաքննվել են դատակոչված բոլոր վկաները, ինչպես նաև ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Վահագն Դանիելյանը, սակայն դատաքննության փուլը դեռևս ավարտված չէ, դատարանը չի լուծել նաև կողմերի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածով ներկայացվելիք միջնորդությունները, որպիսիք կարող են նաև վերաբերվել թե° հարցաքննված անձանց լրացուցիչ հարցաքննելուն, թե° լրացուցիչ այլ վկաների դատակոչելուն և հարցաքննելուն: Գտել է նաև, որ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի կողմից դատարանում հարցաքննված լինելը չի բացառում վերջինիս կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ապացույցներից յուրաքանչյուրը հետազոտելիս ցանկացած պահի ցուցմունքներ տալու իր իրավունքից օգտվելը:
2019 թվականի օգոստոսի 7-ին կայացրած որոշմամբ դատավոր Տ.Գրիգորյանը կրկին անհիմն է համարել պաշտպանության կողմի այն պատճառաբանությունը, որ քրեական գործի քննության տվյալ փուլում ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են, և նա ենթակա է կալանքից ազատման՝ այս անգամ էլ այն հիմնավորմամբ, որ չնայած ավարտվել է դատաքննության փուլը և դատարանը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում, սակայն չի բացառվում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 363-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դատարանը կարող է վերսկսել դատաքննությունը՝ ապացույցների հետազոտման կամ դատավճիռ կայացնելիս լուծման ենթակա հարցերի պարզաբանման շուրջ դատաքննությունը լրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Վերջին՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ին կայացված որոշմամբ էլ դատավոր Տ.Գրիգորյանը դարձյալ անհիմն է համարել պաշտպանության կողմի այն պատճառաբանությունը, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին մեղսագրվող հանցանքի կատարմանը ենթադրյալ այլ՝ ինքնությունը չպարզված կամ քննությունից թաքնված անձ չկա, դատաքննությունն ավարտվել է, կողմերն արդեն իսկ արտասանել են իրենց ճառերը, որոնցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով դատաքննությունը վերսկսելու և այն լրացնելու վերաբերյալ միջնորդություններ չեն ներկայացրել, ավելին՝ դատական վիճաբանությունների մասնակիցներն ելույթ են ունեցել ռեպլիկի կարգով, որպիսի պայմաններում, ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ մինչ այդ եղած ենթադրություններն արդեն որպես ողջամիտ և իրատեսական չեն կարող համարվել: Այս անգամ դատավոր Տ.Գրիգորյանն իր կայացրած որոշմամբ պաշտպանության կողմի միջնորդության մերժման հիմքում դրել է զավեշտի հասնող այնպիսի պատճառաբանություն, թե քննարկվող միջնորդության մեջ նշված հիմնավորումները գրեթե նույնությամբ ներկայացվել են նախորդ միջնորդության մեջ, իսկ այն մերժելու մասին դատարանի որոշումից հետո ի հայտ չեն եկել այնպիսի հիմքեր կամ պաշտպանի կողմից չեն ներկայացվել այնպիսի ողջամիտ հիմնավորումներ, որոնք հիմք կտան փաստելու քրեական գործի քննության ներկա փուլում ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին կալանքի տակ պահելու հիմքերի վերացումը:
Ինչպես նախկինում, այս անգամ նույնպես Առաջին ատյանի դատարանը գտել է նաև, որ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, տվյալ փուլում ևս չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ՝ վերը նշված հիմքերի չեզոքացման համար:
Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումներից ակնհայտ է, որ նա, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ ամրագրված՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը, առանց որևէ փաստական տվյալի առկայության, մշտապես առաջնորդվել է այն կանխավարկածով, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը՝ ազատության մեջ հայտնվելու դեպքում՝ կարող է խոչընդոտել գործի քննությանը, և դատարանի սկզբնական որոշումներում նշված՝ վերջինիս կալանքի տակ պահելու հիմքերը վերանալուց հետո ներկայացրած միջնորդությունները մերժել է զուտ վերացական՝ ինչ-որ ենթադրյալ գործողություններ կատարելու հավանականությամբ և դրանց արդյունքների վրա Գագիկ Հեբոյանի կողմից հնարավոր ազդեցություն գործադրելու հնարավորությամբ: Եթե առաջնորդվենք Առաջին ատյանի կայացրած վերջին երեք 2019 թվականի հուլիսի 18-ի, օգոստոսի 7-ի և նոյեմբերի 6-ի որոշումներում բերված պատճառաբանությունների տրամաբանությամբ, ապա կստացվի է, որ ընդհանրապես դատաքննության ընթացքում ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցի քննարկումն իմաստազուրկ է, և այդ որոշումները պաշտպանության կողմին հիմք են տվել և տալիս պնդելու, որ դատավոր Տ.Գրիգորյանը կանխակալ վերաբերմունք է ունեցել ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի նկատմամբ, քանզի հատկապես ապացույցների հետազոտումն ու դատաքննությունն ավարտվելուց հետո նրան կալանքի տակ պահելը զուտ կամայական բնույթ է կրել և այդ խափանման միջոցն ակնհայտորեն պատժի տարրեր է պարունակել:
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը, ինչպես և քրեական գործով մինչդատական վարույթն իրականացրած մարմինը, դատաքննության ընթացքում չի պահպանել գործի արդարացի քննության սկզբունքը, չի ապահովել արդարության պահանջների պահպանմամբ կողմերի շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունքի իրացումը և մանրակրկիտ ստուգման չի ենթարկել ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի անմեղության, նրան արդարացնող ապացույցների առկայության մասին պաշտպանության կողմի միջնորդությունները, որի արդյունքում դատաքննությամբ կարող էին ձեռք բերվել ամբաստանյալին արդարացնող և նրան առաջադրված մեղադրանքի անհիմն լինելու փաստը հավաստող բազմաթիվ ապացույցներ, ավելին՝ մերժել է պաշտպանության կողմի ներկայացրած գրեթե բոլոր միջնորդությունները, ինչի արդյունքում վերջինիս համար չեն ստեղծվել գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ:
Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրված եղել իր լիազորությունների շրջանակում Բենիկ Հարությունյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, և դատարանն այդ փաստը հաստատելու դեպքում միայն կարող էր Գագիկ Հեբոյանին մեղավոր ճանաչել մեղսագրվող հանցանքում, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, ընդունելով պաշտպանության կողմի ներկայացրած հիմնավորումները, որ մեղադրական եզրակացության մեջ նշված՝ իբրև թե Բենիկ Հարությունյանի օգտին կատարված՝ Գագիկ Հեբոյանին վերագրվող գործողության, այն է՝ 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումից ազատելու փաստ՝ որպես այդպիսին, գոյություն չունի, որպիսի պայմաններում վերջինիս առաջադրված մեղադրանքում ներկայացված հանցակազմի օբյեկտիվ կողմը ոչ միայն բացարձակապես հիմնավորված չէ, այլև հերքվում է գործով ձեռք բերված ապացույցներով, հանցակազմի բացակայության հիմքով Գագիկ Հեբոյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու փոխարեն, հաստատված է համարել, որ Գագիկ Հեբոյանն իր լիազորությունների մեջ մտնող օրինական գործողության, այն է՝ Բենիկ Հարությունյանին պետական տուրքի վճարումից ազատելու դիմաց է վերջինիցս պահանջել առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար գումար կաշառքը ու կայացրել է մեղադրական դատավճիռ: Այսինքն՝ Առաջին ատյանի դատարանը հանդես է եկել մեղադրանքի կողմում, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խախտմամբ իր նախաձեռնությամբ, ըստ էության, փոփոխել է Գագիկ Հեբոյանին առաջադրված մեղադրանքը՝ դրանով իսկ վատթարացրել է վերջինիս վիճակը և խախտել նրա պաշտպանության իրավունքը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանն իր բողոքարկվող դատավճռում որպես հաստատված հանգամանք է ներկայացրել այն, որ «Կաշառքի առարկան Բենիկ Հարությունյանից վերցնելու և իրեն փոխանցելու համար դատավոր Գ.Հեբոյանը դիմել է փաստաբան Վահագն Դանիելյանին, ով համաձայնվել է նպաստել Բենիկ Հարությունյանի և Գագիկ Հեբոյանի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը, այն է՝ կաշառքի առարկան կաշառք տվողից՝ Բենիկ Հարությունյանից վերցնել և փոխանցել Գագիկ Հեբոյանին»: Այս առումով պետք է փաստել, որ Առաջին ատյանի դատարանի այս հետևությունը ոչ միայն բացարձակապես հիմնված չէ դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա և Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված ճանաչված այդ հանգամանքը չի համապատասխանում դատարանում հետազոտված որևէ ապացույցին, այլև հերքվել է դատաքննությամբ հետազոտված մի շարք ապացույցներով, մասնավորապես՝ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի ցուցմունքներով, ամբաստանյալ Վահագն Դանիելյանի և վկա Լիլիթ Մանյանի ցուցմունքներով, ովքեր հաստատապես հայտնել են, որ Բենիկ Հարությունյանից գումար վերցնելու և իրենց միջոցով այն իրեն փոխանցելու վերաբերյալ Գագիկ Հեբոյանն իրենց նախապես ոչինչ չի ասել:
Ավելին, բողոքարկվող դատավճռի հիմքում դրված՝ «Կաշառք տալու նմանակում», «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները պարունակող լազերային սկավառակների «Զննություն կատարելու մասին» 2019 թվականի ապրիլի 15-ի արձանագրության համաձայն՝ 2019 թվականի մարտի 27-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, երբ Բենիկ Հարությունյանը, իր մոտ ունենալով «Կաշառք տալու (ստանալու) նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հատուկ քիմիական նյութով մշակված 2500 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի գումարը, գնացել է Վահագն Դանիելյանի փաստաբանական գրասենյակ և այնտեղ հանդիպել նրան, վերջիններիս միջև տեղի է ունեցել հետևյալ խոսակցությունը.
«Բենիկ- էտ գումարը մոտս ա, ոնց պայմանավորել ենք, էլի: Տամ բան կանես, թե ոնց, ասեց, որ քեզ մոտենամ էլի, Հեբոյանը, դրա համար եմ ասում:
Վահագն - Պետտու՞րք ա վճարելու:
Բենիկ-Հը՞:
Վահագն- Պետտու՞րք ա վճարելու:
Բենիկ - Չէ, ախպեր, խի ինքը քեզ չի՞ ասել ոնց ա ինչ ա:
Վահագն -ՉԷ:
Բենիկ - Դե, մի հատ հարցրա ուզում ես: Ասա Բենիկն եկել ա ախպեր: Էտ մարդը երեկ էլ ա եկել, էսօր էլ ա եկել, թող ինքը ասի ոնց ա, ինչ ա, էտ հարցերը լուծեմ էթամ, ցավդ տանեմ: (...)»:
Վերոգրյալից նույնպես ակնհայտորեն հետևում է, որ Բենիկ Հարությունյանից գումար վերցնելու և այն իրեն փոխանցելու վերաբերյալ Գագիկ Հեբոյանը Վահագն Դանիելյանին նախապես ոչինչ ասած չի եղել:
Առաջին ատյանի դատարանը, բողոքարկվող դատավճռի «Դատաքննությամբ հետազոտված ապացույցները» բաժնում պարզ թվարկելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, ապա «Դատարանի իրավական վերլուծությունները» բաժնում անդրադառնալով ամբաստանյալներ Գագիկ Հեբոյանին և Վահագն Դանիելյանին առաջադրված մեղադրանքների իրավաչափությանն ու հիմնավորվածությանը՝ ապացույցների վերլուծություն և միմյանց հետ համադրում, որպես այդպիսին, չի կատարել:
Առաջին ատյանի դատարանն ընդամենն անդրադարձել է ամբաստանյալներ Գագիկ Հեբոյանի, Վահագն Դանիելյանի և վկաներ Բենիկ Հարությունյանի ու Անժելա Հովսեփյանի ցուցմունքների անարժանահավատությանը, իսկ դատավճռի հիմքում դրված մյուս ապացույցները՝ վերաբերելիության տեսանկյունից չի գնահատել ու որևէ կերպ չի արձանագրել, թե այդ ապացույցներից յուրաքանչյուրով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքում նշված հատկապես, որ փաստական հանգամանքներն են հաստատվել:
Նման մոտեցում դրսևորելու դեպքում Առաջին ատյանի դատարանը պետք է փաստեր, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից փաստաբան Վահագն Դանիելյանի օգնական Լիլիթ Եղիազարյանի և ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի Եղվարդի բաժանմունքի դատական կարգադրիչ Հրայր Սահակյանի ցուցմունքներն ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի մեղավորությունը հիմնավորող որևէ տվյալ չեն պարունակում, իսկ հիշյալ ծառայության Կոտայքի մարզի ստորաբաժանման մյուս ծառայողներ Արսեն Սիմոնյանի, Սասուն Սիմոնյանի, Ռիտա Ստեփանյանի, Անահիտ Հովհաննիսյանի, ինչպես նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի գրասենյակի գործավարի պաշտոնակատար Մարգարիտ Լևոնյանի՝ որպես վկա տված ցուցմունքները ոչ միայն ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի մեղավորությունը հաստատող որևէ տվյալ չեն պարունակում, այլև դրանցով հաստատվում են վերջինիս վերն արդեն իսկ ներկայացված ցուցմունքներում նշված հանգամանքները, հատկապես՝ 2019 թվականի մարտի 26-ին և 27-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Ավելին, այդ ցուցմունքներով հաստատվում են նաև ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի ցուցմունքներն այն մասին, որ ո°չ 2019 թվականի մարտի 6-ին,, ոչ էլ դրանից հետո Բենիկ Հարությունյանի հետ դատական նիստերի դահլիճից դուրս՝ դատարանի շենքում կամ այլ տեղ չի հանդիպել և վերջինիս պետական տուրքից ազատելու հարցի շուրջ նրա հետ որևէ խոսակցություն չի ունեցել, ինչպես նաև նրանից այդ նպատակով որևէ փաստաթուղթ չի պահանջել, քանզի նրանք բոլորն էլ ժխտել են դատարանի միջանցքում, այդ թվում՝ դատական կարգադրիչների սենյակի դիմաց դրված սեղանի մոտ միմյանց հետ խոսելիս Գագիկ Հեբոյանին և Բենիկ Հարությունյանին տեսած լինելու հանգամանքը: Ավելին, ինչպես բոլոր դատական կարգադրիչները, այնպես էլ, գրասենյակի գործավար Մարգարիտ Լևոնյանը հերքել են Բենիկ Հարությունյանի ցուցմունքն այն մասին, թե 2019 թվականի մարտի 6-ին վերջինիս խնդրանքով նրանցից մեկը զանգահարել է Գագիկ Հեբոյանին և ասել, որ Բենիկ Հարությունյանը ցանկանում է հանդիպել նրան:
Մյուս վկա, ամբաստանյալ Վահագն Դանիելյանի հետ նույն գրասենյակում աշխատող փաստաբան Լիլիթ Մանյանի ցուցմունքով էլ հաստատվում են ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի ցուցմունքներն այն մասին, որ 2019 թվականի մարտի 26-ին վերջինս Բենիկ Հարությունյանին ուղարկել է նշված փաստաբանական գրասենյակ ընդամենը իրավաբանական խորհրդատվություն ստանալու նպատակով: Ավելին, Լիլիթ Մանյանը հայտնել է, որ նախքան Բենիկ Հարությունյանի գրասենյակ գալը, Գագիկ Հեբոյանն իրեն ոչինչ չի ասել վերջինիս կողմից ինչ-որ գումար բերելու և իր միջոցով այն իրեն փոխանցելու վերաբերյալ, ինչի պատճառով էլ ինքը հրաժարվել է Բենիկ Հարությունյանից գումար վերցնել:
Միայն այս հանգամանքը պետք է բավարար լիներ Առաջին ատյանի դատարանի համար՝ գալու հետևության, որ իրականում տեղի ունեցածը կաշառքի պրովոկացիա է, քանզի ակնհայտ է, որ տվյալ դեպքում Բենիկ Հարությունյանի մտադրությունը եղել է ցանկացած եղանակով, ցանկացած անձի միջոցով մշակված փողերը Գագիկ Հեբոյանին փոխանցելը և նրան բռնել տալը: Հակառակ դեպքում, եթե Գագիկ Հեբոյանը ցանկանար Լիլիթ Մանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ Բենիկ Հարությունյանից կաշառք վերցնել, մի թե նա այդ մասին Լիլիթ Մանյանին տեղյակ չէր պահի կամ առնվազն չէր զգուշացնի, որ նրա մոտ մարդ է գալու և իր համար ոչ թե կաշառք, այլ, օրինակ, իր հանդեպ ունեցած պարտքի գումար է թողնելու:
Տվյալ դեպքում՝ Լիլիթ Մանյանի պարագայում, Բենիկ Հարությունյանի նախաձեռնած պրովոկացիան ձախողվել է, իսկ Վահագն Դանիելյանի պարագայում՝ հասցվել ավարտին:
Վկա, դատավոր Գագիկ Հեբոյանի օգնական Աշոտ Մարտիրոսյանի ցուցմունքներով էլ հաստատվում է, որ թեև ըստ հայցի Բենիկ Հարությունյանի թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործով վճռի նախագիծը կազմվել է նրա կողմից և որով Բենիկ Հարությունյանն օրինական կարգով ազատվել է պետական տուրքի վճարումից, Գագիկ Հեբոյանի վարքագծում այդ հարցում վերջինիս օգտին որևէ շահագրգռվածություն չի նկատել:
Ի դեպ, պետք է փաստել, որ վերը թվարկված ցուցմունքների վերլուծությունը պաշտպանության կողմը ներկայացրել է Առաջին ատյանի դատարանին՝ դատական վիճաբանությունների փուլում, սակայն վերջինս իր բողոքարկվող դատավճռում, չգիտես ինչու, պաշտպանության կողմի այդ փաստարկներին ընդհանրապես չի անդրադարձել ու չի պատճառաբանել, թե ինչու դրանք չի ընդունում:
Վերոգրյալի հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանն իր բողոքարկվող դատավճռում միանգամայն կամայական է գնահատել ինչպես ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի, այնպես էլ՝ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի և վկաներ Բենիկ Հարությունյանի ու Անժելա Հովսեփյանի ցուցմունքների արժանահավատությունը:
Այսպես.
Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Գագիկ Հեբոյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել, և իր ցուցմունքներում հայտնել է, որ Վահագն Դանիելյանին ճանաչում է 2010թ.-ից և նրա հետ գտնվում է նորմալ փոխհարաբերությունների մեջ: Բենիկ Հարությունյանին ճանաչում է 2012թ.-ից, երբ քննել է քաղաքացիական գործ, ըստ վերջինիս հայցի ընդդեմ եղբոր, որով 2013թ. կայացված վճռով մերժել է նրա հայցը, ինչի հետևանքով Բենիկ Հարությունյանը զրկվել է ժառանգական գույքից: Դրանից հետո Բենիկ Հարությունյանը դիմել է ՀՀ Արդարադատության խորհուրդ՝ իրեն կարգապահական տույժի ենթարկելու համար, ինչպես նաև վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկել է վճիռը, սակայն նրա բողոքները մերժվել են: Այդ կապակցությամբ էլ իր և Բենիկ Հարությունյանի միջև ստեղծվել են լարված հարաբերություններ, քանի որ վերջինս նաև բոլոր ատյաններ իր դեմ բողոքներ է ներկայացրել: Գագիկ Հեբոյանը հայտնել է նաև, որ սույն քրեական գործը քննած քննիչն այդ ուղղությամբ քննություն չի իրականացրել, այլ գործն անջատել և դրանով սույն գործի տրամաբանական կապն է կտրել: Հայտնել է, որ դրանից հետո Բենիկ Հարությունյանի հետ առնչվել է ևս երեք քաղաքացիական գործերով, որոնցից երկուսով վերջինիս հայցերը մերժել է, իսկ մեկով՝ նա է հայցից հրաժարվել և գործը կարճվել է: Բացի նշվածից, ըստ հայցի Բենիկ Հարությունյանի քննել է ևս մեկ քաղաքացիական գործ, որը վարույթ է ընդունել 2018թ. ապրիլին: Ի սկզբանե Բենիկ Հարությունյանը ներկայացրել է երեք պահանջ, սակայն յուրաքանչյուր պահանջի համար 4.000-ական ՀՀ դրամ պետական տուրք վճարելու փոխարեն վճարել է ընդամենը 4.000 ՀՀ դրամ, որի պատճառով հայցադիմումն իր կողմից երկու անգամ հետ է վերադարձվել: Պետական տուրքն ամբողջությամբ վճարելուց հետո գործը վարույթ է ընդունել: 2018թ. հոկտեմբերին Բենիկ Հարությունյանը լրացուցիչ հայցադիմումով լրացուցիչ պահանջ է ներկայացրել, որը քննարկել է սահմանված կարգով՝ միանձնյա և, քանի որ հայցագնի փոփոխություն չի եղել, այլ ներկայացված է եղել ածանցյալ պահանջ՝ իր կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին՝ առանց պետական տուրքի հարցի հետաձգման կամ տարաժամկետման մասին նշելու, այդ կերպ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային ԵԿԴ/0139/02/13 որոշման համաձայն, պետական տուրքի հարցը համարելով լուծված: Այդ քաղաքացիական գործով վերջին դատական նիստը կայացել է 2019թ. մարտի 1-ին: Այդ օրը դատաքննությունը հայտարարել է ավարտված և վճռի հրապարակման օր է նշանակել մարտի 18-ը: Ո´չ վերջին դատական նիստի օրը, ո´չ էլ դրանից հետո Բենիկ Հարությունյանի հետ՝ վերջինիս պետական տուրքից ազատելու հարցի շուրջ՝ ոչ դատական նիստերի դահլիճում, ոչ էլ դրանից դուրս՝ դատարանի շենքում կամ այլ տեղ, նրա հետ որևէ խոսակցություն չի ունեցել և նրանից այդ նպատակով որևէ փաստաթուղթ չի պահանջել:
Աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով չի հասցրել նշանակված հրապարակման օրը վճիռը վերջնական տեսքի բերել, և 2019թ. մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իջել է նիստերի դահլիճ և ասել, որ վճիռը պատրաստ կլինի հաջորդ օրը՝ ժամը 17:00-ին, սակայն չի հիշում՝ այդ ժամանակ Բենիկ Հարությունյանը դահլիճում եղել է, թե ոչ: Հաջորդ օրը՝ մարտի 19-ին, վճիռն անձամբ տարել է դատարանի գրասենյակ և երբ վերադառնալիս է եղել, որպեսզի նիստերի դահլիճի միջով բարձրանա իր աշխատասենյակ՝ իրեն է մոտեցել Բենիկ Հարությունյանը և ասել, որ իրավաբանական խորհրդատվության կարիք ունի, ինչին պատասխանել է, որ դատարանը խորհրդատվություն չի տալիս, միաժամանակ ասելով, որ խորհրդատվությունը կարող է ստանալ դատարանի անմիջական հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակում: Դա է եղել դատական նիստերից դուրս իր և Բենիկ Հարությունյանի միջև տեղի ունեցած միակ շփումն ու խոսակցությունը:
Դրանից հետո Բենիկ Հարությունյանին տեսել է 2019թ. մարտի 26-ին, երբ իր մեքենայով ընդմիջումից վերադարձել է աշխատավայր: Բենիկ Հարությունյանը կանգնած է եղել դատարանի մուտքի մոտ և տեսնելով իրեն՝ փորձել է մոտենալ իր մեքենային, սակայն ինքը չի կանգնել և մտել է դատարանի բակ: Այդ ժամանակ իրեն է մոտեցել դատական կարգադրիչը և ասել, որ «Էդ մարդն ասում ա՝ Վահագը տեղում չի, ինչ անեմ»: Հասկանալով, որ խոսքը Բենիկի մասին է, կարգադրիչին ինքը պատասխանել է, որ, եթե Վահագնը տեղում չէ՝ թող մտնի Լիլիթի մոտ:
Հաջորդ օրը՝ մարտի 27-ին, մտել է Վահագն Դանիելյանի գրասենյակ՝ սուրճ խմելու, սակայն վերջինիս օգնականը տեղում չի եղել: Քանի որ մոտը գումար չի եղել, իսկ աշխատավարձն էլ մի քանի օր հետո պետք է ստանար, Վահագն Դանիելյանին խնդրել է մի 100 ԱՄՆ դոլար տալ իրեն: Վերջինս պատասխանել է, որ մոտը փող չկա, սակայն տանն ունի, հաջորդ օրն առավոտյան կբերի և իրենից Նոր տարուց առաջ վերցված 3.000 ԱՄՆ դոլար պարտքից 2.400 ԱՄՆ դոլարը կտա: Երբ այդ օրն աշխատանքից տուն է գնացել, կրտսեր որդին իրեն ասել է, որ ավտոմեքենայի գույքահարկը մուծելու վերաբերյալ հաղորդագրություն է ստացել և ինքը որոշել է գնալ Վահագն Դանիելյանի տուն ու վերցնել գումարը՝ առավոտյան բանկում մուծումներն անելու, ինչպես նաև մեկ այլ անձի (ում անունը, անձնական նկատառումներից ելնելով, չի ցանկանում նշել) գումար տալու նպատակով: Վահագն Դանիելյանի տան մոտ հանդիպել է վերջինիս որդուն, ով կանչել է նրան: Վերջինս դուրս է եկել, մեքենայի միջից իրեն է տվել գումարը, որից հետո նրա հետ մի քանի բառ են փոխանակել և ինքը նստել է մեքենան ու շարժվել: Ճանապարհին իր մեքենան կանգնեցրել են իրավապահները և ինքը նրանց կամովին ներկայացրել է Վահագն Դանիելյանից վերցրած գումարը:
Գագիկ Հեբոյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ Բենիկ Հարությունյանից երբևէ կաշառք չի պահանջել, ավելին՝ նրանից կաշառք պահանջողն առնվազն պետք է հոգեկան լինի, քանի որ հանրահայտ է, որ վերջինիս բողոքներով դատվել են պետական ռեգիստրի պետը, զինկոմիսարիատի աշխատողը, Եղվարդի քննիչներն օրեկան կարգապահական վարույթների մեջ են գտնվում, նման մարդու հետ ինչպես կարող էր ինքը ինչ-որ բան խոսել: Բենիկ Հարությունյանը դեռևս 2013թ.-ից իր նկատմամբ թշնամաբար է տրամադրված եղել և նրա նպատակն իր «գլխին սարքելն է եղել, ինչն էլ նրան ի վերջո հաջողվել է, և իր կարծիքով տեղի ունեցածը կաշառքի պրովոկացիա է: Հայտնել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք երբևէ չի ունեցել, անհրաժեշտության դեպքում այդ օրենքը կարդացել «Առլիս» համակարգչային համակարգով, ուստի չէր կարող 2019 թվականի մարտի 1-ի դատական նիստի ընդմիջման ժամանակ, ինչպես Բենիկ Հարությունյանն է հայտնել իր ցուցմունքներում, այդ օրենքը ուսումնասիրել և վերջինիս թելադրել, թե նա պետական տուրքից ազատելու վերաբերյալ միջնորդության մեջ նշված օրենքի, որ հոդվածները վկայակոչի: Եթե իրականում, ինչպես Բենիկ Հարությունյանն է նշում, ինքը վերջին դատական նիստի ժամանակ վերջինիս ասած լիներ, որ պետական տուրքից ազատելու համար նա պետք է փաստաթղթեր ներկայացնի, ապա ոչ թե այդ օրը դատաքննության ավարտ կհայտարարեր, այլ մի քանի օրով դատական նիստը կհետաձգեր։ Վահագն Դանիելյանի ցուցմունքների կապակցությամբ էլ Գագիկ Հեբոյանը հայտնել է, որ իր կարծիքով վերջինս նախաքննական ցուցմունքը տվել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու ակնկալիքով, սակայն, թե ինչից դրդված նա դատարանում նույնպես իրականությունը չհայտնել՝ իրեն հայտնի չէ:
Գագիկ Հեբոյանն իր ցուցմունքները նաև պնդել է մեղադրյալ Վահագն Դանիելյանին առերես:
Առաջին ատյանի դատարանն իր բողոքարկվող դատավճռում արձանագրել է, որ «ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի ցուցմունքները՝ Բենիկ Հարությունյանից կաշառք չպահանջելու և չստանալու, կաշառքի առարկա հանդիսացող գումարը Վ.Դանիելյանին փոխառությամբ տրված գումարը հետ ստանալու արդյունքում իր մոտ հայտնվելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և սպասվող պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերոհիշյալ ապացույցներով, այդ թվում՝ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի ցուցմունքներով այն մասին, որ Գ.Հեբոյանից փոխառությամբ գումար չի ստացել և 2019թ. մարտի 27-ին այն հետ չի վերադարձրել»:
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արժանահավատ չի գնահատել ամբաստանյալ Վահագն Դանիելյանի ցուցմունքները, որոնց համաձայն՝ վերջինս հերքել է Բ.Հարությունյանից կաշառքի գումարը ստանալու և Գ.Հեբոյանին փոխանցելու հանգամանքը, պատճառաբանելով, որ «այդ կապակցությամբ Վ.Դանիելյանի բերած փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում, դրանք չեն փոխկապակցվում միմյանց հետ և հակասում են միմյանց, քանի որ Վ.Դանիելյանը մի դեպքում նշել է, որ Բ.Հարությունյանի կողմից տրված գումարը հանդիսացել է իրավաբանական խորհրդատվության դիմաց տրված գումար, մյուս դեպքում՝ նա նշել է, որ Բ.Հարությունյանն իրեն ասել է, որ դա պետական տուրքի գումար է: Մինչդեռ, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տեսաձայնագրության հետազոտումից պարզվել է, որ 2019թ. մարտի 27-ին Վ.Դանիելյանի և Բ.Հարությունյանի միջև փաստաբանական գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բ.Հարությունյանը Վ.Դանիելյանին ասել է, որ նշված գումարը պետական տուրքի գումար չէ, Գ.Հեբոյանի հետ պայմանավորվել է, որ պետք է նրան 2500 ԱՄՆ դոլար գումար տա և Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ գումարը պետք է փոխանցի Վ.Դանիելյանին: Հատկանշական է, որ Վ.Դանիելյանը նշված հանդիպման ժամանակ մի քանի անգամ դեպի դուրս նայելուց հետո Բ.Հարությունյանի ականջին շշուկով ասել է, որ գումարը տանի և ավտոմեքենայի լուսամուտից գցի ներս, իսկ մինչև նշված գումարը Գ.Հեբոյանին փոխանցելը՝ խուսափել է այդ գումարին դիպչելուց: Ավելին, երբ Բ.Հարությունյանը խնդրել է, որ մի քանի ժամից գա և ճշտի, թե արդյոք ամեն ինչ նորմալ է, Վ.Դանիելյանը տվել է դրական պատասխան, իսկ Բ.Հարությունյանի վերադառնալուց հետո վերջինիս ճշտող հարցին նա կրկին տվել է դրական պատասխան»:
Վերոգրյալից ակնհայտ է, որ Առաջին ատյանի դատարանը երկակի՝ միմյանցից տրամագծորեն տարբերվող մոտեցումներ է դրսևորել ամբաստանյալ Վահագն Դանիելյանի ցուցմունքներին, այն է՝ մի դեպքում՝ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի՝ Վահագն Դանիելյանի կողմից իրեն պարտք լինելու և Բենիկ Հարությունյանի տված գումարով այդ պարտքը մասնակիորեն մարելու վերաբերյալ ներկայացրած պատճառաբանությունը հերքելու առումով այն գնահատել է որպես արժանահավատ, իսկ մնացած, այդ թվում՝ Բենիկ Հարությունյանից գումար վերցնելու և Գագիկ Հեբոյանին փոխանցելու խնդրանքով վերջինիս կողմից նրան չդիմելու մասով՝ անարժանահավատ:
Այս կապակցությամբ պետք է փաստել, որ Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում ընդհանրապես չի անդրադարձել ամբաստանյալ Վահագն Դանիելյանի ցուցմունքների ոչ արժանահավատության վերաբերյալ պաշտպանության կողմի բերած փաստարկներին և այդ առումով ներկայացրած հիմնավորումներին:
Մասնավորապես՝ պաշտպանության կողմն իր պաշտպանական ճառում անդրադառնալով ամբաստանյալ Վահագն Դանիելյանի ցուցմունքներին, որոնցով նա ժխտել է Գագիկ Հեբոյանից փոխառությամբ գումար վերցնելու և Բենիկ Հարությունյանից վերցրած գումարից 2.400 ԱՄՆ դոլարը, որպես այդ փոխառության մասնակի վերադարձ նրան տալու հանգամանքը, նշել է, որ բավարար հիմքեր ունի ողջամիտ ենթադրություն անելու, որ Վահագն Դանիելյանի նախաքննական ցուցմունքները ստացվել են վերջինիս և մինչդատական վարույթն իրականացրած մարմնի միջև կայացած՝ այսպես կոչված «գործարքի» արդյունքում, որից շատ կարճ ժամանակ անց նա, թեև չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ դեպքից հետո թաքնված է եղել քննությունից, գրավի կիրառմամբ ազատվել է կալանքից: Նաև ենթադրություն ենք հայտնել առ այն, որ ամբաստանյալ Վահագն Դանիելյանը դատաքննության ընթացքում, ըստ էության, տվել է իր նախաքննական ցուցմունքներին նույնաբովանդակ ցուցմունք, հույս ունենալով, որ այդ կերպ՝ վերը նշված «գործարքի» երկրորդ փուլն էլ կիրագործվի և արդյունքում կազատվի քրեական պատասխանատվությունից կամ պատժից, և պետք է փաստել, որ բողոքարկվող դատավճռով, որով ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով Վահագն Դանիելյանին առաջադրված մեղադրանքը դատարանի նախաձեռնությամբ վերաորակվեց ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և նա մեղավոր ճանաչվեց վերջինիցս նախատեսված հանցանքում ու դատապարտվեց ազատազրկման՝ ընդամենը երկու տարի ժամկետով՝ փաստորեն, հաստատվեցին վերը նշված ենթադրությունները:
Այս առումով հարկ է նշել նաև, որ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ նախկին կալանավոր Վահագն Ռաֆիկի Դանիելյանին տեսակցելու նպատակով վերջինիս պաշտպանների և նրա վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կազմված քննչական խմբում ընդգրկված քննիչների կողմից նշված ՔԿՀ կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ գրավոր հարցում ուղարկելու վերաբերյալ, որը, սակայն, մերժվել է, ինչի արդյունքում պաշտպանության կողմը հերթական անգամ զրկվել է նաև Վահագն Դանիելյանի ցուցմունքների անարժանահավատությունն ու դրանց՝ որպես ապացույցի անթույլատրելիությունը հիմնավորելու հնարավորությունից, ավելին` չփարատված կասկածներ պարունակող ապացույցը՝ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի ցուցմունքները, մեկնաբանվել է ի վնաս ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի ու դրվել դատավճռի հիմքում:
Վերոգրյալի հետ մեկտեղ, հատկանշական է նաև այն, որ Առաջին ատյանի դատարանն իր բողոքարկվող դատավճռում արժանահավատ է գնահատել քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալի կարգավիճակից վկայի կարգավիճակ ձեռք բերած Բենիկ Հարությունյանի ցուցմունքները, պատճառաբանելով, թե դրանք արժանահավատ են և հավաստի, դրանք համադրվում և փոխկապակցվում են ոչ միայն միմյանց, այլ նաև քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հետ:
Վերջին դիրքորոշումն Առաջին ատյանի դատարանը պայմանավորել է նաև նրանով, որ «գործի փաստական տվյալներով չի արձանագրվել որևէ հանգամանք, որը կարող էր բավարար հիմք հանդիսանալ՝ վկա Բենիկ Հարությունյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներն անարժանահավատ համարելու համար: Ավելին՝ վկա Բենիկ Հարությունյանն իր ցուցմունքներն ամբաստանյալներ Վահագն Դանիելյանին և Գագիկ Հեբոյանին առերես պնդել է դատաքննության ժամանակ, որոնցում մանրամասն նկարագրել է Գագիկ Հեբոյանի կողմից իրենից կաշառք պահանջելու, կաշառքի գումարի չափը վերջինիս հետ սակարկելու, գումարի չափի հարցում համաձայնության գալու, վերջինիս հորդորով գումարը Վ.Դանիելյանին փոխանցելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները»: Անդրադառնալով պաշտպանության կողմի այն փաստարկներին, որ վկա Բենիկ Հարությունյանը և Գագիկ Հեբոյանը գտնվել են լարված հարաբերությունների մեջ, ավելին՝ Բենիկ Հարությունյանը թշնամաբար է տրամադրված եղել Գագիկ Հեբոյանի նկատմամբ, քանի որ վերջինիս կողմից տարիներ առաջ կայացված վճռով Բենիկ Հարությունյանը զրկվել է ժառանգությունից, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Գագիկ Հեբոյանի և Բենիկ Հարությունյանի միջև առկա լարված հարաբերությունները հավաստող որևէ արժանահավատ ապացույց քրեական գործի քննության ընթացքում ձեռք չի բերվել, և եկել է հետևության, որ վկա Բենիկ Հարությունյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներն արժանահավատ են, հավաստի, դրանց ճշմարտացիությունը կասկած չի հարուցում, ուստի դրանք կարող են դրվել դատավճռի հիմքում:
Հատկանշական է, որ Առաջին ատյանի դատարանն իր բողոքարկվող դա-տավճռում վկա Բենիկ Հարությունյանի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս անտեսել և բացարձակապես չի անդրադարձել դրանց անարժանահավա-տությունը հաստատող՝ պաշտպանության կողմի բերած փաստարկներին: Մասնա-վորապես՝ այդ կապակցությամբ պաշտպանության կողմն Առաջին ատյանի դատարանին էր ներկայացրել հետևյալ փաստարկներն ու հիմնավորումները.
2019 թվականի մարտի 20-ին Բենիկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված դիմումով հայտնել է, որ դատական գործընթացների հետ կապված իրենից կաշառք են պահանջում: Նշված դիմումի վրա առկա՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի դրոշմակնիքի դրոշմի և դրանում առկա գրառումների համաձայն՝ դիմումը մուտքագրվել է հաջորդ օրը՝ 2019թ. մարտի 21-ին, սակայն հատկանշական է, որ դրա վրա որևէ մակագրություն չկա: Առավել հատկանշական է այն, որ նման բովանդակությամբ՝ տվյալ պահին շարունակվող առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություն պարունակող դիմում ստանալուց անմիջապես հետո ՀՀ ԱԱԾ ծառայողները ձեռնամուխ չեն եղել դրանում ներկայացված հանգամանքները պարզելու ուղղությամբ որևէ գործողություն կամ միջոցառում ձեռնարկելուն, և միայն չորս օր անց՝ 2019թ. մարտի 25-ին է Բենիկ Հարությունյանից հաղորդում ընդունվել հանցագործության մասին: Առաջին ատյանի դատարանի և դատավարության մասնակիցների ուշադրությունն եմ ուզում հրավիրել նաև այն հանգամանքին, որ ոչ քրեական գործ հարուցելու մասին որոշման և ոչ էլ հետագայում կայացված դատավարական որոշումներում քրեական վարույթն իրականացնող մարմինները Բենիկ Հարությունյանի՝ վերոհիշյալ դիմումի առկայությանը չեն անդրադարձել և այն՝ անգամ որպես այլ փաստաթուղթ ապացույց չեն ճանաչել, որպիսի հանգամանքը պաշտպանության կողմի մոտ ողջամիտ կասկած է առաջացնում առ այն, որ այդ դիմումը հետին ամսաթվով է գրվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բենիկ Հարությունյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով, և պետք է փաստել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում այդ կասկածները փարատելու ուղղությամբ ընդհանրապես քննություն չի կատարվել, մինչդեռ այդ դիմումի կազմման և այն ՀՀ ԱԱԾ-ին հանձնելու իրական ամսաթվի ու հանգամանքների պարզումը շատ կարևոր նշանակություն ուներ և ունի սույն գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, հատկապես՝ Բենիկ Հարությունյանի հաղորդման և ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու առումով, առավել ևս, որ նա իր նախաքննական և դատաքննական ցուցմունքներում հակասական տեղեկություններ է հայտնել դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից իրենից կաշառք պահանջելու մասին իրավապահ մարմիններին հայտնելու վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակի և պատճառների մասին:
Բացի այդ, հանցագործության մասին ներկայացրած հաղորդմամբ Բենիկ Հարությունյանը, բացի քննարկվող դեպքից, հայտնել է նաև, որ 2013թ.-ին մեկ այլ քաղաքացիական գործով իր ներկայացրած հայցը բավարարելու համար Գագիկ Հեբոյանին է տվել 4.000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն այդ հայցը չի բավարարվել և նշված գումարը 6-7 ամիս անց վերադարձվել է իրեն: Բենիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ 2017թ.-ին մի ուրիշ քաղաքացիական գործի շրջանակներում էլ փաստաբան Վահագն Դանիելյանն է իրենից գումար պահանջել՝ իր ներկայացրած հայցը բավարարելու նպատակով դատավոր Գագիկ Հեբոյանին տալու համար, սակայն իրենք այդ հարցում համաձայնության չեն եկել:
Զավեշտալի է, բայց փաստ է այն, որ երեք դրվագ հանցագործության վերաբերյալ քրեական գործ հարուցելու առիթի առկայության պայմաններում, հետաքննության մարմինը վերը նշված՝ ժամանակագրական առումով առաջին երկու դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու ուղղությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ դատավարական գործողություն չի կատարել, իսկ Բենիկ Հարությունյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքը լուծած՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը 2019թ. մարտի 26-ին քրեական գործը հարուցել է բացառապես հաղորդման մեջ նշված վերջին՝ 2019թ. տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության փաստի առթիվ, իսկ նախորդ երկու դրվագ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջները, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը չի կայացրել:
Ավելին, քրեական գործի նախաքննության՝ արդեն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացման ընթացքում՝ 2019թ. մայիսի 2-ին որոշում է կայացվել թիվ 58207019 քրեական գործից թիվ 62211619 համարով քրեական գործը անջատելու մասին, որով մեղադրյալներ Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի վերաբերյալ քրեական գործն անջատել է Գագիկ Հեբոյանի կողմից 2012թ. նոյեմբերին առանձնապես խոշոր չափերի՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք Բենիկ Հարությունյանից պահանջելու և ստանալու, 2016-2017թթ. Գագիկ Հեբոյանի կողմից փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ Բենիկ Հարությունյանից առանձնապես խոշոր չափերի՝ 3.000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու վերաբերյալ քրեական գործից:
Վերոգրյալի արդյունքում ստացվել է այնպես, որ ֆիզիկական անձը նույն անձի կողմից իր նկատմամբ (ինչու ոչ՝ նաև իր մասնակցությամբ) երեք դրվագով կատարված հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել, սակայն վարույթն իրականացնող մարմինը, առանց բոլոր դրվագներով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու, առանց իրականությունը պարզելու և ենթադրյալ բոլոր հանցագործությունների դեպքերին քրեաիրավական գնահատական տալու՝ որոշել է դրանք տարանջատել միմյանցից, դրանցից մեկը համարելով հաստատված՝ դրա վերաբերյալ գործն ուղարկել է դատարան, իսկ մյուս երկու դրվագներով նախաքննությունը շարունակել է առանձին վարույթում, և դա այն դեպքում, երբ հանցագործության մասին հաղորդման մեջ նշված՝ ենթադրյալ հանցագործություններից մեկը կատարելու մեջ մեղադրվող անձը պատճառաբանել է, որ հաղորդում ներկայացրած անձն իրեն զրպարտում և իր նկատմամբ սուտ մատնություն է կատարում, որը պայմանավորված է իր հանդեպ ունեցած թշնամանքով, որն առաջացել է դեռևս 2013թ.-ից՝ նրա վերաբերյալ իր կողմից քննված քաղաքացիական գործով ի վնաս նրա կայացրած վճռով: Այսինքն՝ հաղորդման մեջ նշված՝ ենթադրյալ հանցագործություններից մեկի կատարման համար մեղադրվող անձը հստակ պատճառաբանություն է ներկայացրել ու մատնանշել հաղորդում ներկայացրած անձի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու շարժառիթն ու դրդապատճառները, սակայն վարույթն իրականացնող մարմինը, չկատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար բոլոր միջոցառումները ձեռնարկելու փոխարեն, առանց իր անմեղության և իրեն արդարացնող ապացույցների առկայության մասին մեղադրյալի հայտարարությունները մանրակրկիտ ստուգելու, որոշում է կայացրել քրեական գործն անջատելու մասին և անջատված գործն էլ ուղարկել դատարան: Այս կապակցությամբ պաշտպանության կողմը հայտարարել է, որ նման պայմաններում քրեական գործի անջատումը չի բխել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի պահանջներից, քանզի դրա անհրաժեշտությունը բացարձակապես չի բխել գործի հանգամանքներից ելնելով, ավելին՝ այն առավել, քան անդրադարձել է Առաջին ատյանի դատարանում գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա, այն հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրված օրինականության, գործի արդարացի քննության և անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտման, ինչպես նաև դրանով խախտվել են ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի՝ օրենքով երաշխավորված իրավունքները:
Այս կապակցությամբ պաշտպանության կողմը փաստել է նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 58207019 քրեական գործով , որից մինչդատական վարույթի ընթացքում առանձնացվել է սույն քրեական գործը), 2019թ. սեպտեմբերի 15-ին «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշում է կայացվել: Օրինական ուժի մեջ մտած նշված որոշմամբ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը փաստել է, որ կատարված նախաքննության ընթացքում, այդ թվում՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությամբ ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացի շահագրգիռ կողմ հանդիսացող Բենիկ Հարությունյանի սկզբնական ցուցմունքից, որևէ այլ տեղեկություն ձեռք չի բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը 2012թ. նոյեմբերին Բենիկ Հարությունյանի օգտին վճիռ կայացնելու համար վերջինիցս 4000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել և ստացել, իսկ 2016-2017թթ. ընթացքում նրա օգտին նույն գործողությունը կատարելու համար ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վ.Դանիելյանի օժանդակությամբ նրանից պահանջել է 3000 ԱՄՆ դոլար կաշառքª որոշել է նշված դրվագներով Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ վերջինիս արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:
Հատկանշական է, որ նշված որոշումից հետևում է, որ հետագա հարցաքննությունների ընթացքում Բենիկ Հարությունյանն, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է հիշյալ դրվագների կապակցությամբ ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց, մինչդեռ Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում հարցաքննվելիս, պաշտպանության կողմի այն հարցին, թե նախկինում Գագիկ Հեբոյանի կամ Վահագն Դանիելյանի հետ գումարային հարցերով առնչվել է, թե՝ ոչ, նա պատասխանել է, որ չի հիշում: Ավելին, պաշտպանության կողմի մյուս հարցին, թե բացի 2019թ. մարտին տեղի ունեցած դեպքից, իր հաղորդման մեջ կաշառք տալու (մասնավորապես՝ Գ.Հեբոյանին) այլ դեպքերի մասին նշել է, թե՝ ոչ, նա դարձյալ պատասխանել է, որ չի հիշում, ինչպես նաև չի հիշում, թե այդ մասին իր նախաքննական ցուցմունքներում հայտնել է, թե՝ ոչ, և վերջապես, անգամ ներկայացրած հաղորդումը հրապարակելուց հետո, հրաժարվել է ցուցմունք տալ այդ դրվագների վերաբերյալ:
Այսինքն, պետք է փաստել, որ Բենիկ Հարությունյանը նույն անձի՝ Գագիկ Հեբոյանի կողմից իր նկատմամբ երեք դրվագով կատարված հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել, սակայն հետագայում՝ ինչպես դատաքննության, այնպես էլ անջատված քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում, հրաժարվել է երկու դրվագով կատարված հանցագործությունների վերաբերյալ ցուցմունքներ տալուց:
Վերը ներկայացված հանգամանքները, մասնավորապես՝ Բենիկ Հարությունյանի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված դիմում ստանալուց անմիջապես հետո նրանից հանցագործության մասին հաղորդում չընդունելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու փաստերը, ինչպես նաև Բենիկ Հարությունյանի կողմից դրսևորած՝ վերը ներկայացված վարքագիծը հիմնավորում են պաշտպանության կողմի արտահայտած այն հիմնավոր կասկածը, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել կաշառքի պրովոկացիա, և Բենիկ Հարությունյանն ի սկզբանե վստահ չլինելով, թե իր նախաձեռնած պրովոկացիան ավարտին կհասցվի, թե՝ ոչ, որպես պահուստային տարբերակ իր հաղորդման մեջ հայտնել է նաև իր ընտրած թիրախի՝ դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից իբրև թե նախկինում երկու դեպքով իրենից կաշառք պահանջելու մասին՝ կաշառքի պրովոկացիան ձախողվելու դեպքում գոնե դրանց ընթացք տալու և գոնե այդ կերպ Գագիկ Հեբոյանից վրեժխնդիր լինելու ակնկալիքով:
Վերոգրյալի հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանն իր բողոքարկվող դատավճռում պատշաճ կերպով վերլուծության չի ենթարկել վկա Բենիկ Հարությունյանի ինչպես հաղորդմամբ և նախաքննական ցուցմունքներում, այնպես էլ դրանց և դատաքննության ընթացքում տված ցուցմունքում առկա հակասությունները:
Այսպես.
Բենիկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ-ին տված հաղորդմամբ հայտնել է, որ 2019թ. մարտի 1-ին կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Գագիկ Հեբոյանի վարքագծից հասկացել է, որ իր հայցը մերժվելու է, և դատական նիստի ընդմիջման ժամանակ մոտեցել է վերջինիս ու խնդրել, որ հնարավորության դեպքում իրեն ազատի պետական տուրքը վճարելու պարտականությունից: Գագիկ Հեբոյանը իրեն հարցրել է, թե կարող է արդյոք սոցիալական վատ վիճակի և հիվանդություններ ունենալու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել դատարան, ավելին՝ ուղղորդել և օգնել է, որ պետական տուրքից ազատելու վերաբերյալ միջնորդություն գրի ու ներկայացնի դատարան: Այնուհետև՝ 2019թ. մարտի 4-ին, ինքը բժշկական փաստաթղթեր է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ և վերջինիս աշխատակցին խնդրել է Գագիկ Հեբոյանին տեղեկացնել, որ ցանկանում է հանդիպել նրա հետ: Մի քանի րոպե անց Գագիկ Հեբոյանն իջել է առաջին հարկ, և վերջինիս տեղեկացնելով, որ փաստաթղթերն արդեն հանձնել է դատարանի գրասենյակ՝ խնդրել է, որ նա իրեն ազատի պետական տուրքի վճարումից և ասի, թե դրա համար ինչպես կարող է վարձահատույց լինել: Գագիկ Հեբոյանն սկզբում պատասխանել է, որ իրեն պետք է տա պետական տուրքի գումարի 50%-ը, որը կազմել է 3.500 ԱՄՆ դոլար, սակայն ինքը սակարկել է, ասելով, որ այդքան գումար չունի ու խնդրել է հնարավորության դեպքում այն մի քիչ պակասեցնել: Բանակցությունների արդյունքում ինքն ու Գագիկ Հեբոյանը եկել են համաձայնության, որ մինչև վճռի կայացման օրը՝ 2019թ. մարտի 18-նն ինքը նրան պետք է տա 2.500 ԱՄՆ դոլար, սակայն ինքն ասել է, որ տվյալ պահին գումար չունի և հնարավոր է նշված ժամկետում չկարողանա այն տալ: Այսինքն, Բենիկ Հարությունյանի հաղորդումից միանշանակ հետևում է, որ, նախ՝ կաշառք տալու առաջարկն արվել է հենց նրա կողմից, վերջինս 2.500 ԱՄՆ դոլար կաշառք տալու համաձայնությունը տվել է 2019թ. մարտի 4-ին, ընդ որում՝ ակնհայտ է, որ հաղորդման մեջ Բենիկ Հարությունյանն ակնարկ անգամ չի արել դատավորի կողմից իր օգտին գործողություն կատարելու համար նրան հյուրասիրություն առաջարկելու կամ դատավորի կողմից պահանջված 2.500 ԱՄՆ դոլարը տալուն չհամաձայնվելու վերաբերյալ:
Վճռի հրապարակման օրը՝ 2019թ. մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գնացել է դատարան, սակայն, քանի որ վճիռը չի եղել՝ գեր կազմվածքով կին կարգադրիչին խնդրել է Գագիկ Հեբոյանին հայտնել, որ ինքը ցանկանում է հանդիպել նրան: Մի քանի րոպե անց վերջինս իջել է դատարանի առաջին հարկ և իրեն ասել, որ չի հասցրել վճիռը կայացնել, այն պատրաստ կլինի հաջորդ օրը՝ նույն ժամին, միաժամանակ հարցրել է, թե «Բա ինչ եղավ գումարը», - ինչին պատասխանել է, որ մի քանի օրից գումարը հաստատ կլինի: Հաջորդ օրը՝ մարտի 19-ին կրկին գնացել է դատարան և նիստերի քարտուղարից վերցրել է վճիռը, իսկ մարտի 20-ին դիմում է ներկայացրել ԱԱԾ տնօրենին: Այդ օրը հանդիպել է նաև Գագիկ Հեբոյանին և նրան ասել, որ գումարի տալը կարող է մի քանի օր ձգձգվել, բայց մոտ օրերս, անպայման, կլինի: Գագիկ Հեբոյանը պատասխանել է, որ ինքն այլևս իրեն չհանդիպի, իսկ գումարը տա փաստաբան Վահագնին:
Բենիկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ-ում տվել է հիշյալ հաղորդմանը նույնաբովանդակ բացատրություն, որում նույնպես դատավորի կողմից իր օգտին գործողություն կատարելու համար նրան հյուրասիրություն առաջարկելու կամ դատավորի կողմից պահանջված 2.500 ԱՄՆ դոլարը տալուն չհամաձայնվելու վերաբերյալ ոչինչ չի հայտնել:
Չնայած դրան, հետագայում՝ որպես դատավորին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու մեջ կասկածվող կասկածյալ տված ցուցմունքում, Բենիկ Հարությունյանն արդեն հայտնել է, որ 2019թ. մարտի 4-ին իր խնդրանքով Գագիկ Հեբոյանին դատարանի գրասենյակի աշխատակիցն է կանչել ներքև, միաժամանակ, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, հայտնել է, թե այդ օրը Գագիկ Հեբոյանի հետ ունեցած խոսակցության ընթացքում, ասելով, թե ինչպես կարող է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու համար վարձահատույց լինել՝ կաշառք տալու նպատակ չի ունեցել, այլ ցանկացել է հյուրասիրության ձևով լավություն անել, և որ 2.500 ԱՄՆ դոլար կաշառք տալու համաձայնություն չի տվել, ու թեև դատավորին ասել է. «Տեսնեմ, ինչ կկարողանամ անել», - իրականում գիտակցել է, որ այդքան գումար չի կարող տալ և որոշել է դիմել իրավապահ մարմիններին: Բենիկ Հարությունյանը հայտնել է, որ կաշառք տալու համաձայնությունը ձևական է տվել և որոշել է դիմել իրավապահ մարմիններին՝ արդարությունը վերականգնելու համար, որպեսզի մյուսներն էլ տեսնեն, որ պետք է արդար դատավճիռ կայացնեն: Նման որոշում կայացնելու, իսկ օրը և հաջորդ օրերին դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից իրենից կաշառք պահանջելու մասին իրավապահ մարմիններին չհայտնելու հանգամանքը Բենիկ Հարությունյանը պատճառաբանել է նրանով, թե ենթաստամոքսային գեղձի ուռուցքով պայմանավորված ցավերի պատճառով գտնվել է անկողնային վիճակում, իսկ երբ վիճակը մի փոքր կայունացել է՝ 2019թ. մարտի 20-ին, դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրենին: Ի դեպ, Բենիկ Հարությունյանի ցուցմունքում բերված այս պատճառաբանությունը միանշանակ հերքվել է քրեական գործով ապացույց ճանաչված և դատաքննությամբ հետազոտված՝ վերջինիս օգտագործած 099-900-773 հեռախոսահամարով կայացած հեռախոսազանգերի վերծանումներով, համաձայն որոնց նա 2019թ. մարտի 4-ին, 5-ին, 6-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին, 18-ին և 19-ին գտնվել է Երևան քաղաքում: Նույն ցուցմունքում Բենիկ Հարությունյանը հաստատապես հայտնել է նաև, որ Գագիկ Հեբոյանն իրեն պետական տուրքից ազատել է իր պահանջած կաշառքի համար, հավատալով, որ ինքը այդ գումարը կբերի, բացի այդ ինքն ընթացիկ այլ հայցեր է ունեցել նույն դատարանի այլ դատավորների մոտ և, եթե իր խոստումը չկատարեր, ապա նա իր ազդեցությունն օգտագործելով՝ իրեն վնաս կտար ոչ օբյեկտիվ, ոչ իր օգտին վճիռ կայացնելով:
Որպես մեղադրյալ տված՝ 2019թ. ապրիլի 3-ի ցուցմունքում Բենիկ Հարությունյանը, հակասելով իր հաղորդմանը, բացատրությանն ու որպես կասկածյալ ցուցմունքին՝ հայտնել է, որ 2019թ. մարտի 4-ին, երբ իր բժշկական փաստաթղթերը տարել է դատարան և հանձնել գրասենյակ, որից հետո հանդիպել է Գագիկ Հեբոյանին՝ իրեն պետական տուրքից ազատելու միջնորդությունն արդեն գրած է եղել: Միաժամանակ հայտնել է, որ վերջինիս կաշառք տալու համաձայնությունը, խոստումը տվել է ոչ թե այդ օրը, այլ՝ մարտի 18-ին: Հատկանշական է, որ նշված ցուցմունքում Բենիկ Հարությունյանը վարույթն իրականացնող մարմնի առաջ պայման է դրել, որ մինչև իր վրայից չհանվի մեղադրանքը՝ հրաժարվում է որևէ մեկի հետ առերեսվելուց, ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
2019թ. ապրիլի 17-ի լրացուցիչ հարցաքննության ժամանակ մեղադրյալ Բենիկ Հարությունյանը, ով մինչ այդ շատ մանրամասնորեն ներկայացրել էր դեպքի հանգամանքները, քննիչի ուղղորդող հարցից հետո միայն հանկարծ «հիշել է, որ իր բժշկական փաստաթղթերը դատարան է տարել և Գագիկ Հեբոյանն իրենից կաշառքը պահանջել է ոչ թե մարտի 4-ին, այլ 6-ին:
Դատաքննության ընթացքում Բենիկ Հարությունյանն իր ցուցմունքում արդեն ժխտել է 2019թ. մարտի 6-ին Գագիկ Հեբոյանին «լավության տակից դուրս գալու» առաջարկ անելու հանգամանքը, նշելով, որ Հեբոյանն է իրենից կաշառք պահանջել, իսկ այդ կապակցությամբ նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունը պատճառաբանեց մտքերը ոչ ճիշտ շարադրելով: Նա հայտնել է, որ 2019թ. մարտի 1-ին կայացած դատական նիստի ընդմիջման ժամանակ պետական տուրքից իրեն ազատելու շուրջ Գագիկ Հեբոյանի հետ ունեցած խոսակցության ժամանակ դահլիճում է եղել վերջինիս նիստերի քարտուղարը: Մարտի 6-ին պետական տուրքից ազատելու միջնորդությունը գրել է դատական կարգադրիչների սենյակի դիմաց դրված սեղանին և այդ սեղանի մոտ մոտավորապես 5-7 րոպե խոսել է Գագիկ Հեբոյանի հետ և նա այդ խոսակցության ժամանակ է իրենից կաշառք պահանջել, իսկ մարտի 18-ին Գագիկ Հեբոյանին հանդիպել է դատարանի միջանցքում:
Ավելին, դատաքննության ընթացքում Բենիկ Հարությունյանն ակնհայտորեն իր նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունք է տվել Գագիկ Հեբոյանի կողմից իրենից կաշառք պահանջելու մասին իրավապահ մարմիններին հայտնելու վերաբերյալ որոշում կայացնելու պատճառների, հանգամանքների և ժամանակի մասին: Մասնավորապես՝ նա, արդեն իսկ տեղյակ լինելով պաշտպանության կողմի բարձրացրած խնդրի մասին, որ 2019թ. մարտի 4-ից կամ 6-ից հետո նա բազմիցս եկել է Երևան և կարող էր այդ այցելություններից մեկի ժամանակ դիմել իրավապահ մարմիններին՝ ցուցմունքը հարմարեցրեց ստեղծված իրավիճակին ու հաստատապես հայտնել է, որ 2019թ. մարտի 6-ին Գագիկ Հեբոյանի կողմից իրենից 2.500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելուց հետո, ինքը փաստացի հրաժարվել է կաշառք տալ, ասելով, որ այդքան գումար չունի, սակայն այդ ժամանակ իրավապահ մարմիններին հայտնելու նպատակ չի ունեցել: Հայտնել է, որ մինչև 2019թ. մարտի 20-ը իրոք վատառողջ է եղել և մի քանի անգամ Երևան է եկել բացառապես տարբեր բժշկական կենտրոններում հետազոտություններ անցնելու և բուժում ստանալու նպատակով: Բենիկ Հարությունյանը բառացիորեն հայտնել է, որ իրենից կաշառք պահանջելուց հետո մինչև վճռի հրապարակման օրը՝ 2019թ. մարտի 18-ը, ամեն ինչ թողել է Աստծո հույսին, մտածելով, որ եթե պետական տուրքից իրեն ազատելու իր խնդրանքը մերժվի՝ նոր կերևա, թե ինչ անի: Նա մի քանի անգամ պնդել է, որ իրավապահ մարմիններին դիմելու որոշումը կայացրել է 2019թ. մարտի 18-ին, քանի որ այդ՝ նախապես նշանակված օրը վճիռը իրեն չի տրվել և ինքը հասկացել է, որ եթե Գագիկ Հեբոյանին չխոստանա տալ նրա պահանջած գումարը՝ վերջինս պետական տուրքի վճարումից իրեն չի ազատի: Պաշտպանության կողմի այն հարցին, թե այդ դեպքում, երբ հաջորդ օրը՝ մարտի 19-ին, ստացել է վճիռը, որով պետական տուրքի հարցը լուծված է համարված եղել, ինչու է դիմել իրավապահ մարմիններին՝ Բենիկ Հարությունյանը պատասխանել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր հայցերով այլ քաղաքացիական գործեր են եղել և մտածել է, որ Գագիկ Հեբոյանը կարող է բացասաբար ազդել դրանց ելքի վրա:
Եթե Առաջին ատյանի դատարանը վկա Բենիկ Հարությունյանի հաղորդումն ու ցուցմունքները օբյեկտիվորեն վերլուծության ենթարկեր վերը նշված փաստական հանգամանքների հաշվառմամբ և վերջինիս ցուցմունքները համադրեր ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ստորաբաժանման մյուս ծառայողներ Արսեն Սիմոնյանի, Սասուն Սիմոնյանի, Ռիտա Ստեփանյանի, Անահիտ Հովհաննիսյանի, ինչպես նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի գրասենյակի գործավարի պաշտոնակատար Մարգարիտ Լևոնյանի՝ որպես վկա տված ցուցմունքների հետ, ապա ստիպված կլիներ փաստել, որ այդ ցուցմունքներով ոչ միայն հերքվում են Բենիկ Հարությունյանի ցուցմունքները, թե 2019 թվականի մարտի 6-ին վերջինիս խնդրանքով նրանցից մեկը զանգահարել է Գագիկ Հեբոյանին և ասել, որ Բենիկ Հարությունյանը ցանկանում է հանդիպել նրան, այլև հաստատվում են Գագիկ Հեբոյանի ցուցմունքները, որ նա ո°չ 2019թ. մարտի 6-ին,, ոչ էլ դրանից հետո Բենիկ Հարությունյանի հետ դատական նիստերի դահլիճից դուրս՝ դատարանի շենքում կամ այլ տեղ չի հանդիպել և վերջինիս պետական տուրքից ազատելու հարցի շուրջ նրա հետ որևէ խոսակցություն չի ունեցել, ինչպես նաև նրանից այդ նպատակով որևէ փաստաթուղթ չի պահանջել: Նշված ապացույցների համադրման արդյունքում Առաջին ատյանի դատարանը հարկադրված կլիներ հանգելու միանգամայն այլ հետևության վկա Բենիկ Հարությունյանի ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ:
Վերը նշվածի կապակցությամբ հատկանշական է նաև այն, որ Առաջին ատյանի դատարանը դատավճռի հիմքում դնելով նաև Բենիկ Հարությունյանից հաղորդում ընդունելու մասին 2019թ. մարտի 25-ի արձանագրությունը՝ դրա ապացուցողական նշանակությունը գնահատել է զուտ այնքանով, որ «2019թ. մարտի 25-ին Բենիկ Հարությունյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվել է հանցագործության մասին հաղորդում՝ նշելով Գագիկ Հեբոյանի կողմից իրենից 2500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և այն փաստաբան Վահագն Դանիելյանի միջոցով նրան տալու մասին», սակայն այս դեպքում նույնպես բացարձակապես չի անդրադարձել նրա հաղորդման մեջ նշված կաշառք պահանջելու, տալու և ստանալու հանգամանքներին:
Մեկ էական հանգամանք ևս դատաքննության ընթացքում Բենիկ Հարությունյանը որևէ ողջամիտ պատճառաբանություն չի ներկայացրել իր նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա՝ վերը նշված էական հակասությունների վերաբերյալ, որպիսի պայմաններում վերջինիս ցուցմունքներին օբյեկտիվ գնահատական տալու համար անհրաժեշտ էր պարզել այն հանգամանքը, թե մինչև ՀՀ ԱԱԾ տնօրենին դիմում ներկայացնելու օրը, այսինքն՝ 2019թ. մարտի 20-ը, մարտի 6-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին, 18-ին և 19-ին Բենիկ Հարությունյանն իրականում ինչ նպատակով է եկել Երևան, արդյոք նա հետազոտման կամ բուժման նպատակով եղել է բժշկական հաստատություններում, թե՝ ոչ, եթե այո, ապա որ հաստատություններում: Այդ նպատակով Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում պաշտ-պանության կողմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ վկա Բենիկ Հարությունյանին լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ՝ պարզելու համար, թե նա արդյո՞ք իր նշած օրերին այդ հաստատություններում իրականում հետազոտվել կամ բուժվել է, թե՝ ոչ, ինչպես նաև վերջինիս մատնանշած բժշկական հաստատություններ գրավոր հարցումներ ուղարկելու վերաբերյալ: Այս դեպքում նույնպես Առաջին ատյանի դատարանը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը, ինչի արդյունքում վերջինս զրկվել է Բենիկ Հարությունյանի ցուցմունքների անարժանահավատությունն ու որպես ապացույցի անթույլատրելիությունը հիմնավորելու հնարավորությունից:
Բացի վերը նշվածից, պետք է փաստել, որ իր բողոքարկվող դատավճռում Առաջին ատյանի դատարանն անտեսել և որևէ կերպ չի անդրադարձել որպես ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին առաջադրված մեղադրանքն հերքող և նրա անմեղությունը հաստատող՝ պաշտպանության կողմի վկայակոչած և դատաքննությամբ հետազոտված հետևյալ ապացույցները՝ ՀՀ արդարադատության խորհրդի 2014թ. ապրիլի 4-ի թիվ ԱԽ-7-Ո-3 որոշումը, որով հաստատվում է ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի ցուցմունքը, որ իրոք Բենիկ Հարությունյանի դիմումի հիման վրա նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, ինչպես նաև Գագիկ Հեբոյանի կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկության 28.03.2019թ. արձանագրությունը, որով հաստատվում է, որ խուզարկության ժամանակ Գագիկ Հեբոյանի մոտից, բացի Վահագն Դանիելյանից վերցված 2.400 ԱՄՆ դոլարից, այլ գումար չի հայտնաբերվել, որպիսի հանգամանքն էլ հաստատում է նրա ցուցմունքները, որ 2019թ. մարտի 27-ին գումար չունենալու պատճառով նա Վահագն Դանիելյանից 100 ԱՄՆ դոլար է ուզել:
Որպես ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին առաջադրված մեղադրանքը հերքող և նրա անմեղությունը հաստատող՝ պաշտպանության կողմի վկայակոչած մյուս ապացույցի՝ պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննված, դատավոր Գագիկ Հեբոյանի դատական նիստերի քարտուղար Անժելա Հովսեփյանի դատաքննական ցուցմունքը՝ 2019թ. մարտի 1-ին կայացած դատական նիստի ընդմիջման ժամանակ Բ.Հարությունյանի և Գ.Հեբոյանի միջև առանձնազրույց տեղի չունենալու, դատական նիստերի դահլիճում, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի թղթային տարբերակը չլինելու և այլնի մասին, Առաջին ատյանի դատարանը գնահատել է որպես իրականությանը չհամապատասխանող, անարժանահավատ՝ այն պատճառաբանությամբ, թե այն «ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի օգտին տեղեկություններ հայտնելու, քրեական գործով պարզված փաստական հանգամանքները խեղաթյուրելու նպատակ է հետապնդում և հերքվում է վերոհիշյալ ապացույցներով, այդ թվում՝ դատարանի կողմից արժանահավատ գնահատված՝ վկա Բենիկ Հարությունյանի ցուցմունքներով»:
Այս կապակցությամբ պետք է նշել, որ տարակուսանք է առաջացնում Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, թե վկա Անժելա Հովսեփյանի ցուցմունքը հերքվել է դատավճռում թվարկված ապացույցներով, քանզի դրանցից և ոչ մեկով, բացի գործի ելքով շահագրգռված անձ հանդիսացող Բենիկ Հարությունյանի ցուցմունքներից, վկա Անժելա Հովսեփյանի ցուցմունքում հայտնած տեղեկությունները չեն հերքվում:
Վերոգրյալի հետ մեկտեղ, առանձնահատուկ գնահատականի է արժանի Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքարկվող դատավճռի հիմքում «Կաշառք տալու նմանակում», Վահագն Դանիելյանի և Գագիկ Հեբոյանին օժանդակող ու այդ նպատակով Բենիկ Հարությունյանի հետ հավանական առնչություն ունեցող անձանց նկատմամբ իրականացված «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում», ինչպես նաև Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի նկատմամբ իրականացված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերը դնելու հանգամանքը:
Այդ նյութերը ամբաստանյալներ Գագիկ Հեբոյանի մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և քրեական գործով վարույթում չեն կարող օգտագործվել որպես ապացույց՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի քննության ընթացքում պաշտպանության կողմի մոտ ողջամիտ կասկած է առաջացել առ այն, որ վերոհիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը ձեռք են բերվել ոչ իրավաչափ եղանակով՝ առանց դատարանի թույլտվության: Նման կասկածի տեղիք է տվել այն հանգամանքը, որ նշված միջոցառումների անցկացման թույլտվություն ստանալու վերաբերյալ դատարան է ներկայացվել թվով 5 միջնորդություն 2019թ. մարտի 26-ին, նույն օրը ոչ միայն այդ միջնորդությունները դատարանի կողմից քննարկվել ու դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվել, այլև, համաձայն քրեական գործի՝ դատաքննությամբ հետազոտված նյութերի՝ «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար օգտագործվելիք թղթադրամները քիմիական մշակման են ենթարկվել ու Բենիկ Հարությունյանին են փոխանցվել ժամը 11:30-ից 12:50-նն ընկած ժամանակահատվածում, իսկ Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի կողմից օգտագործվող բջջային, համապատասխանաբար՝ 091-21-12-21 և 099-90-88-73 հեռախոսահամարներով իրականացված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է ժամը 11:31-ից, ինչը բացարձակապես իրատեսական չէ:
Ավելին, ի պատասխան պաշտպանության կողմի հարցման, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. սեպտեմբերի 30-ի թիվ ԴԴ-9.1-ե-200847 գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ վերը թվարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների քննարկման դատական նիստերը տևել են ընդամենը 10 րոպե, և հատկանշական է այն, որ նախորդ և հաջորդող նիստերի միջև անգամ 1 րոպե ընդմիջում չի եղել: Դատարանի վերոհիշյալ գրությունն էլ ավելի է խորացնում պաշտպանության կողմի կասկածը, որ վերը հիշատակված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունների քննարկում՝ որպես այդպիսին, տեղի չի ունեցել, այդ միջոցառումներն անցկացվել են առանց դատարանի թույլտվության և դրանց արդյունքում ստացված նյութերն էլ ձեռք են բերվել ոչ իրավաչափ եղանակով, քանզի տեսականորեն անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ 10 րոպեների ընթացքում հնարավոր է բացել դատական նիստը, պարզել և ստուգել նիստին ներկայացած անձանց ինքնությունը, հայտարարել դատարանի կազմը, լուծել դատավորին ինքնաբացարկ և դատական նիստի քարտուղարին բացարկ ներկայացնելու հարցը, լսել ներկայացված միջնորդությունը, հետազոտել միջնորդությանը կից ներկայացված հիմնավորող նյութերը, հեռանալ խորհրդակցական սենյակ, կայացնել, ոչ միայն կազմել որոշում, այլև հրապարակել այն:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի մեղադրանքի հիմքում դրված՝ վերը նշված ապացույցների օգտագործման թույլատրելիության հարցը պարզելու նպատակով Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը երկու անգամ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերը նշված միջնորդությունների քննարկման դատական նիստերի արձանագրությունների համակարգչային արձանագրման կրիչներն ու միջնորդությունները հիմնավորող նյութերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից պահանջելու և սույն դատաքննությամբ հետազոտելու վերաբերյալ, որոնք, սակայն, անհիմն մերժվել են, ինչի արդյունքում պաշտպանության կողմի՝ վերը նշված կասկածները մնացել են չփարատված և վերջինս զրկվել է վերը թվարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն օրենքով սահմանված կարգի էական խախտմամբ կատարված լինելու և որպես հետևանք՝ դրանց արդյունքում ձեռք բերված նյութերի՝ որպես ապացույցի անթույլատրելիությունը հիմնավորելու հնարավորությունից: Բացի այդ, նշված միջնորդությունները մերժելով, Առաջին ատյանի դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի պահանջը:
Նման՝ չփարատված կասկածների առկայության պայմաններում վերը թվարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերը չէին կարող համարվել թույլատրելիության տեսանկյունից գնահատված, ուստիև չէին կարող օգտագործվել որպես ապացույց և դրվել ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի մեղադրանքի հիմքում, ինչպես նաև հիմնավորված չէին կարող ճանաչվել և որպես թույլատրելի ապացույց չէին կարող օգտագործվել նաև այդ նյութերից բխող բոլոր գործողությունների, մասնավորապես՝ ամբաստանյալների վերաբերյալ վկա Բենիկ Հարությունյանի հետագա հարցաքննությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները:
Բացի Բենիկ Հարությունյանի ցուցմունքներից, 2019թ. մարտի 6-ին Գագիկ Հեբոյանի կողմից Բենիկ Հարությունյանից կաշառք պահանջելու և մարտի 18-ին այդ կապակցությամբ վերջիններիս միջև խոսակցություն տեղի ունենալու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չի բերվել: Ավելին՝ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի կողմից կաշառքի առարկան Բենիկ Հարությունյանից վերցնելու և իրեն փոխանցելու խնդրանքով Վահագն Դանիելյանին դիմելու, վերջինիս կողմից այդ կապակցությամբ համաձայնություն տալու հանգամանքը չի համապատասխանում դատարանում հետազոտված որևէ ապացույցին, իսկ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքում ներկայացված՝ հիշյալ հանցակազմի օբյեկտիվ կողմը ոչ միայն բացարձակապես հիմնավորված չէ գործով ձեռք բերված ապացույցներով, այլև հերքվում է սույն ճառում ներկայացված փաստական տվյալներով:
Դատավորի կողմից Բենիկ Հարությունյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և Վահագն Դանիելյանի միջնորդությամբ ստանալու համար ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես այլ օբյեկտիվ ապացույցներով չհաստատված՝ գործի ելքով շահագրգռված անձիք հանդիսացող վկա Բենիկ Հարությունյանի և ամբաստանյալ Վահագն Դանիելյանի իրարամերժ, հակասական և անարժանահավատ ցուցմունքների վրա:
Սույն բողոքում վերլուծված փաստական տվյալներն ու ապացույցները ավելի քան բավարար են համոզվելու համար, որ տվյալ դեպքում բացակայում է ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի մեղքի հարցի լուծման համար անհրաժեշտ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը, քանզի բացակայում է հակառակի ողջամիտ հավանականությունը բացառող փաստական տվյալների (ապացույցների) համակցությունը: Քրեական գործով ձեռք բերված ապացույցները բացարձակապես չեն համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում նշված՝ «ապացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներին, ուստի, ելնելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից: Դատավորի կողմից Բենիկ Հարությունյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և Վահագն Դանիելյանի միջնորդությամբ այն ստանալու համար Գագիկ Հեբոյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանզի այն հիմնավորված, հաստատված չէ վերջինիս մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությամբ, ուստի նրա մասնակցությունը կատարված հանցագործությանն ապացուցված չի կարող համարվել:
Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը, ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի պահանջներից, պետք է ճանաչեր և հռչակեր մեղսագրվող հանցանքի կատարման մեջ Գագիկ Հեբոյանի անմեղությունը և նրա նկատմամբ կայացներ արդարացման դատավճիռ:
Փոխարենը, Առաջին ատյանի դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի, 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջները, քրեական գործով ձեռք բերված ապացույցները գործի օրինական հիմնավորման և արդարացի լուծման, ձեռք բերված ապացույցների բազմակողմանի վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու, ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից չի գնահատել, այլ իր բողոքարկվող դատավճռում ընդամենը պարզ շարադրել է դատաքննությամբ հետազոտված ապացույցները և, առանց պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելու՝ կանխակալ մոտեցում է ցուցաբերել դրանց, վերջիններս գնահատել է իրեն ցանկալի տեսանկյունից՝ համատեքստից աղճատված տեսքով և դրանց գործով ձեռք բերված մյուս՝ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին արդարացնող ապացույցների նկատմամբ առավել նշանակություն է տվել: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը հանդես է եկել մեղադրանքի կողմում, չի պահպանել գործի արդարացի քննության սկզբունքը, չի ապահովել արդարության պահանջների պահպանմամբ կողմերի շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունքի իրացումը և մանրակրկիտ ստուգման չի ենթարկել ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի անմեղության, նրան արդարացնող ապացույցների առկայության մասին պաշտպանության կողմի միջնորդությունները, որի արդյունքում դատաքննությամբ կարող էին ձեռք բերվել վերջինիս արդարացնող և նրան առաջադրված մեղադրանքի անհիմն լինելու փաստը հավաստող բազմաթիվ ապացույցներ, ավելին՝ մերժել է պաշտպանության կողմի ներկայացրած գրեթե բոլոր միջնորդությունները, ինչի արդյունքում վերջինիս համար չեն ստեղծվել գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ: Դատավարական իրավունքի հիշյալ խախտումների արդյունքում Առաջին ատյանի դատարանը կայացրել է անօրինական ու չհիմնավորված մեղադրական դատավճիռ՝ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի նկատմամբ կիրառելով, համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերը և ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք ենթակա չէին կիրառման:
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպան Հենրիկ Մաղաքյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ԿԴ/0013/01/19 դատավճիռը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել և հռչակել ամբաստանյալ Վահագն Ռաֆիկի Դանիելյանի անմեղությունը, կամ, եթե վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ կգտնի, որ Վահագն Դանիելյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով հանցակազմ է պարունակվում, ապա դատավճիռը փոփոխել և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանքի ձևով:
Ներկայացված վերաքննիչ բողոքում, մասնավորապես նշված է, որ քննիչը, որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ տվել է Վ.Դանիելյանի կողմից կատարած ենթադրյալ արարքի ընդհանրական նկարագրությունը՝ ոչ միայն չի նշել հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը, այլև մանրամասնորեն և հստակ չի նշել արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը՝ հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը, որի հետևանքով Վ.Դանիելյանը զրկված է եղել արդյունավետ և պատշաճ կերպով իրականացնելու իր պաշտպանության իրավունքը:
Վահագն Դանիելյանի մեղադրանքի ձևակերպման մեջ ոչ միայն պետք է նշվեր կաշառքի առարկան անձամբ վերացնելու այն վտանգը, որի պատճառով բացահայտվելու վտանգը նվազեցնելու համար Գ.Հեբոյանը Բ.Հարությունյանից կաշառքի գումարը վերցնելու և իրեն փոխանցելու հարցում դիմել է Վ.Դանիելյանին, երբ, որտեղ և ինչ պայմաններում է նա դիմել Վ.Դանիելյանի օգնությանը, այլև, և որ ամենակարևորն է, մանրակրկիտ և հստակ պետք է նշվեր, թե Վ.Դանիելյանը բացահայտվելու վտանգը նվազեցնելու համար կոնկրետ, որ խոչընդոտներն է խոստացել վերացնել, ինչումն է կայացել կամ ինչ կարգով է վերացրել այդ խոչընդոտները (օրինակ՝ քանդել է անհաղթահարելի պատը, որ Բենիկը կաշառքը մոտեցնի Հեբոյանին, կամ անանցանելի ծովը ցամաքեցրել է, որ Հեբոյանը կարողանա հասնել Բենիկին և կաշառքը վերցնել և այսպես շարունակ):
Ավելին, Վ. Դանիելյանի մեղադրանքի ձևակերպման մեջ բառացիորեն նշված է հետևյալը. «… այդուհանդերձ, օժանդակելով իր մտերիմ դատավորին, միջոցներ է ձեռնարկել հնարավոր խոչընդոտները վերացնելու՝ կաշառքի առարկան դատավորի փոխարեն հնարավորինս անվտանգ և քողարկված ձևով ստանալու, ժամանակավորապես թաքցնելու, իսկ հետագայում Գագիկ Հեբոյանին ապահով փոխանցելու համար»: Այսինքն, քննիչը շատ անկեղծորեն ընդունում է, որ որևէ կոնկրետ խոչընդոտներ իրականում գոյություն չեն ունեցել, այդ խոչընդոտները հնարավոր էր լինեին, իսկ եթե չեն եղել, Վ.Դանիելյանը ի՞նչն է վերացրել:
Առաջին ատյանի դատարանը դատավճռում միանգամայն իրավացիորեն հանգել է ճիշտ հետևությունների այն մասին, որ Վ. Դանիելյանի գործողություններում կաշառքի օժանդակության հանցակազմը բացակայում է, սակայն միևնույն ժամանակ դատարանը անհիմն կերպով Վ.Դանիելյանին մեղսագրվող գործողությունների շրջանակներում նրա արարքը վերաորակել է որպես կաշառքի միջնորդություն:
Վ.Դանիելյանը Գ.Հեբոյանի կողմից Բ.Հարությունյանի հետ կաշառք վերցնելու շուրջ համաձայնություն ձեռք բերելու մասին ոչ միայն չի իմացել, այլև նա Գ.Հեբոյանի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել նրանց միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնությանը նպաստելու համար:
Այս առումով անհիմն է Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, քանի որ Վ.Դանիելյանի գործողություններում ընդհանրապես բացակայել է հանցակազմը:
Անհիմն է նաև Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, որ, իբր, «Նման փոփոխությամբ չի խախտվում նաև ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, քանի որ Գագիկ Հեբոյանի նախաձեռնությամբ կաշառքի առարկան կաշառք տվողից՝ Բենիկ Հարությունյանից վերցնելու և Գագիկ Հեբոյանին փոխանցելու հանգամանքն ինքնին ընդգրկված է եղել ամբաստանյալ Վահագն Դանիելյանին առաջադրված մեղադրանքի ծավալում, որի դեմ թե՛ նախաքննության փուլում, թե՛ դատական քննության փուլում Վահագն Դանիելյանը պաշտպանվելու իրական հնարավորություն է ունեցել», քանի որ Վ.Դանիելյանի մեղադրանքի ձևակերպման մեջ ոչ միայն ընդհանրապես բացակայում է նրա կողմից Գ.Հեբոյանի և Բ.Հարությունյանի միջև կաշառքի շուրջ ձեռք բերված համաձայնությանը նպաստելուն ուղղված գործողությունների նկարագրություն, այլ այնտեղ ընդամենը ենթադրություններ են արված ինչ-որ հնարավոր խոչընդոտներ վերացնելու մասին և նման փոփոխությամբ Առաջին ատյանի դատարանը դուրս է եկել դատաքննության սահմաններից և, ըստ էության, արդարացման դատավճիռ կայացնելու փոխարեն ձևակերպել է նոր մեղադրանք:
Ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցների համակցության մեջ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները, ապացույցների ձևավորման ամբողջ ընթացքը, գործի ելքով վկաների շահագրգռվածությունը, ակնհայտ է դառնում, որ սույն գործով միակ անարժանահավատ ապացույցը մեղադրյալից կախարդական գրիչով վկայի վերածված Բ.Հարությունյանի ցուցմունքներն են, որոնք հերքվում են ոչ միայն մյուս վկաների ցուցմունքներով և գործով հաստատված այլ փաստերով, այլև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրականացրած տեսաձայնագրությունների սկավառակների զննության արձանագրություններով:
Պաշտպանության կողմը դատական վիճաբանությունների փուլում վիճարկել է նաև «Կաշառք տալու նմանակում», «Արտաքին դիտում», «Ներքին դիտում», ինչպես նաև Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի նկատմամբ իրականացված՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի՝ որպես ապացույց օգտագործման թույլատրելիությունը: Պաշտպանության կողմը փաստարկել է, որ դրանց արդյունքում ստացված նյութերը ձեռք են բերվել ոչ իրավաչափ ճանապարհով, առանց դատարանի թույլտվության՝ այն պատճառաբանությամբ, որ նշված միջոցառումների անցկացման թույլտվություն ստանալու վերաբերյալ 2019 թվականի մարտի 26-ին դատարան են ներկայացվել հինգ միջնորդություններ, որոնք նույն օրը ոչ միայն քննարկվել և դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվել, այլև, համաձայն գործի նյութերի՝ «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար օգտագործվելիք թղթադրամները մշակման են ենթարկվել և Բենիկ Հարությունյանին են փոխանցվել ժամը 11:30-ից 12:50-ն ընկած ժամանակահատվածում, Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարներով իրականացված՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է ժամը 11:31-ից, ինչը բացարձակապես իրատեսական չէ: Ավելին՝ ի պատասխան պաշտպանի հարցման՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019թ. սեպտեմբերի 30-ի թիվ ԴԴ-9.1-Ե-200847 գրության համաձայն՝ վերոհիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների քննարկման վերաբերյալ դատական նիստերը տևել են ընդամենը 10 րոպե, որոնց միջև անգամ մեկ րոպե ընդմիջում չի եղել, ուստի դատարանի գրությունն ավելի է խորացրել պաշտպանության կողմի կասկածը, որ միջնորդությունների քննարկում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, այդ միջոցառումներն անցկացվել են առանց դատարանի թույլտվության և դրանց արդյունքում ստացված նյութերն էլ ձեռք են բերվել ոչ իրավաչափ եղանակով:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ի պատասխան պաշտպան Ա.Նադիրյանի հարցման՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի՝ 2019 թվականի սեպտեմբերի 30-ի ԴԴ-9.1-Ե-200847 գրությամբ հայտնվել է, որ Գագիկ Հեբոյանի նկատմամբ «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2019թ. մարտի 26-ին, որի վերաբերյալ դատական նիստը կայացել է նույն օրը՝ ժամը 10:00-ին, այն ավարտվել և միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը հրապարակվել է ժամը 10:10-ին:
Գագիկ Հեբոյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» իրականացնելու մասին օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2019թ. մարտի 26-ին, որի վերաբերյալ դատական նիստը կայացել է նույն օրը՝ ժամը 10:10-ին, այն ավարտվել և միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը հրապարակվել է ժամը 10:20-ին:
Վահագն Դանիելյանի նկատմամբ «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2019թ. մարտի 26-ին, որի վերաբերյալ դատական նիստը կայացել է նույն օրը՝ ժամը 10:30-ին, այն ավարտվել և միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը հրապարակվել է ժամը 10:40-ին:
Վահագն Դանիելյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» իրականացնելու մասին օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2019թ. մարտի 26-ին, որի վերաբերյալ դատական նիստը կայացել է նույն օրը՝ ժամը 10:40-ին, այն ավարտվել և միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը հրապարակվել է ժամը 10:50-ին:
Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար օգտագործ-վելիք թղթադրամները քիմիական մշակման ենթարկելու և Բ.Հարությունյանին փոխանցելու մասին 2019 թվականի մարտի 26-ի արձանագրության համաձայն՝ «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականաց-նելու համար օգտագործվելիք թղթադրամները մշակման են ենթարկվել և Բենիկ Հարությունյանին են փոխանցվել 2019 թվականի մարտի 26-ին՝ ժամը 11:30-ից 12:50-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարներով իրականացված՝ «Հեռախոսային խոսակցութ-յունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 11:31-ից:
Այսինքն, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների՝ որպես քրեական գործում առկա ապացույցի թույլատրելիության պատշաճ ստուգում և գնահատում չիրականացնելով, Առաջին ատյանի դատարանը չի ապահովել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պահանջները:
Առաջին ատյանի դատարանը, խախտելով Սահմանադրության, Կոնվենցիայի, օրենսգրքի, ՀՀ վճռաբեկ դատարանի և դրանցում մատնանշված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների պահանջները, կայացրել է անօրինական, չհիմնավորված և չպատճառաբանված դատավճիռ:
Սույն քրեական գործով բացակայում է կաշառքի օժանդակություն կամ միջնորդություն կատարելու հանցագործության դեպքը, առավել ևս՝ հանցակազմը, առաջինը այն պատճառով, որ Գ.Հեբոյանի արարքում կաշառք ստանալու հանցակազմ չկա, իսկ երկրորդն էլ այն պատճառով, որ Վ.Դանիելյանը Գ.Հեբոյանի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել որպես կաշառքի գումար Բ.Հարությունյանից վերցնելու և փոխանցելու վերաբերյալ: Իսկ եթե Վ.Դանիելյանը ինչ-որ ձևով առնչվել է, այսինքն՝ իմացել է Բ.Հարությունյանի կողմից մեքենայի մեջ գցած գումարի մասին, ապա դրանում բացարձակապես որևէ հանցակազմ չկա:
Առաջին ատյանի դատարանի կողմից սահմանած պատիժը ոչ միայն չի ծառայում պատժի նպատակին, այլև խաթարում է արդարադատության բուն էությունը:
Այս առումով Առաջին ատյանի դատարանի կողմից սահմանած պատիժը ոչ միայն հակասում է դատավճռում վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի թվով 6 նախադեպային որոշումների ոգուն, այլև դատավճռում ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ հոդվածների մեկնաբանությունները հակասում են այդ որոշումների մեջ տվյալ նորմերին տրված մեկնաբանություններին: Այս առումով հատկանշական է նաև, որ Առաջին ատյանի դատարանը ոչ միայն չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված մարդասիրության սկզբունքը, այլև Վ.Դանիելյանի նկատմամբ այնպիսի պատիժ է նշանակել, որը բառիս բուն իմաստով Վ.Դանիելյանի, նրա երկրորդ խմբի հաշմանդամ մոր, մանուկ հասակում երկու ծնողները կորցրած և իր կողմից մինչ օրս խնամվող երկու երեխաների, իր հետ բնակվող որդու, նրա կնոջ, նրանց մեկ տարին չլրացած երեխայի և իր կնոջ համար ֆիզիկական և հոգեկան ոչնչացում է նշանակում:
Չնայած Առաջին ատյանի դատարանը արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան, սակայն դատավճռում, ըստ էության, որպես Վահագն Դանիելյանի պատասխանատվությունը շատ ծանրացնող հանգամանք դիտել է հետևյալ օրենքով չնախատեսված, զուտ սուբյեկտիվ, երևակայական, զգացմունքային, անհաշվետու ներքին համոզմունքը:
Առաջին ատյանի դատարանի նման պատճառաբանությունը ոչ միայն անհիմն է սոսկ այն պատճառով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի սպառիչ ցանկում պատասխանատվությունը ծանրացնող նման հանգամանքներ չկան, և Առաջին ատյանի դատարանն էլ արձանագրել է, որ այդպիսիք չկան, այլև օրենսդիրը կաշառքի միջնորդության համար ՀՀ քրեական օրենսգրքում պատասխանատվություն սահմանելու ժամանակ արդեն իսկ նկատի է ունեցել դատարանի կողմից նշած այդ արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Բացի այդ, եթե հետևելու լինենք Առաջին ատյանի դատարանի տրամաբանությանը, ապա, օրինակ, բժշկի կողմից կատարած հանցագործության համար նրա նկատմամբ պետք է հոդվածով նախատեսված ամենախիստ պատիժը նշանակել միայն նրա համար, որ նա իր արարքով առողջապահության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարող վարքագիծ է դրսևորել, կոռումպացվածության դրսևորման անհրաժեշտ է նախադրյալ է ստեղծել և հեղինակազրկել է նաև բժշկի դերը հասարակության մեջ և այսպես շարունակ: Այս առումով հատկանշական է նաև, որ Առաջին ատյանի դատարանը նույն դատավճռում պատիժ նշանակելիս ղեկավարվել է երկակի ստանդարտներով և մի դեպքում ենթադրյալ առանձնապես ծանր հանցագործության համար պատիժ է նշանակել հոդվածով նախատեսված նվազագույն չափը, իսկ մյուս դեպքում՝ ենթադրյալ միջին ծանրության հանցագործության համար տուգանք նախատեսող հոդվածով նշանակել է գրեթե ամենախիստ պատժատեսակը և չափը այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով չի պատճառաբանել, թե պատիժը մեղմացնող մի քանի հանգամանքների առկայության և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, ինչու Վ.Դանիելյանին չի դատապարտել տուգանքի:
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի նոյեմբերի 20-բողոքում, մասնավորապես նշվածի թիվ ԿԴ/0013/01/19 դատավճիռը, ամբաստանյալ Վահագն Ռաֆիկի Դանիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցանքում ճանաչել անպարտ և արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Նշված խնդրանքը մերժելու դեպքում` ամբաստանյալ Վ.Դանիելյանի նկատմամբ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակը` տուգանքի ձևով:
Նշված խնդրանքը մերժելու դեպքում` ամբաստանյալ Վ.Դանիելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70–րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով համապատասխան ժամկետով փորձաշրջան։
Ներկայացված վերաքննիչ բողոքում, մասնավորապես նշված է, որ պաշտպանական կողմն իր անհամաձայնությունն է արտահայտում դատավճռի այն պատճառաբանություններին, որ Վահագն Դանիելյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Այսպես.
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ դեպքից մի քանի օր առաջ, երբ Եղվարդ քաղաքում դատական նիստի է մասնակցել, դատավոր Գ.Հեբոյանը մոտեցել է իրեն ու ասել, որ իր ծանոթներից մեկը խորհրդատվության համար պետք է մոտենա իրեն: Անցել է մի քանի օր, ինքը գտնվել է Երևան քաղաքում՝ դատական նիստի, երբ իր օգնականն է իրեն զանգահարել և հայտնել, որ իրեն սպասող կա, իսկ ինքը պատասխանել է, որ այդ օրը չի կարող գալ և խնդրել է փոխանցել, որ քաղաքացին հաջորդ օրը գա: Ինչպես պայմանավորվել են, տվյալ քաղաքացին, ով եղել է Բ.Հարությունյանը, հաջորդ օրը եկել է իր մոտ, բարևել է իրեն, այդ պահին իր մոտ այլ քաղաքացի է եղել, ինքը Բենիկ Հարությունյանին հորդորել է դրսում սպասել՝ մինչև ավարտի: Երբ Բ.Հարությունյանը ներս է եկել, իրեն հայտնել է, որ նախորդ օրը եկել է, ինքը տեղում չի եղել, հայտնել են, որ հաջորդ օրը մոտենա, այնուհետև բարձրացել է 2-րդ հարկ՝ կին փաստաբանի մոտ, ում ասել է, որ Գ.Հեբոյանն է ուղարկել, որ գումար պետք է թողնի, փաստաբանը հարցրել է, թե ինչ գումարի մասին է խոսքը, ինքն էլ պատասխանել է, որ պետական տուրքի վճարման հետ կապված գումար է: Նա իրեն հայտնել է, որ բերել է գումարը, որպեսզի իրեն տա: Ինքը հարցրել է, թե դա ինչ գումար է, Բենիկ Հարությունյանն էլ իրեն հարցրել է, թե արդյոք Գ.Հեբոյանը չի ասել իրեն այդ գումարի մասին և հորդորել է իրեն ճշտել Գ.Հեբոյանից: Ինքը պատասխանել է, որ Գ.Հեբոյանը սովորաբար այդ ժամերին դատական նիստերի է լինում: Բենիկ Հարությունյանն իրեն ասել է, որ գործերով գնալու է Երևան քաղաք և իր մոտ 2.500 ԱՄՆ դոլար կա, խնդրել է իրեն գումարը պահել, որպեսզի այն չտանի Երևան: Ինքը նրան ասել է, որ գումարը կարող է գցել իր մեքենայի մեջ: Քանի որ չէր կարող Բենիկ Հարությունյանի հետ պայմանագիր կնքել, որովհետև վերջինս պետական տուրքից է խոսել և ինքը հստակ չի հասկացել, թե այդ քաղաքացին ինչ է ուզում, ուստի ասել է, որ կարող է գումարը թողնել իր մեքենայի մեջ՝ մինչև ճշտի, թե այդ ինչ գումար է: Բենիկ Հարությունյանը գումարը գցել է մեքենայի մեջ, այնուհետև վերադարձել է, իրեն հայտնել, որ գումարը մեքենայի մեջ է և 2-3 ժամից կգա ու կճշտի: Նա դուրս է եկել, այդ ընթացքում ինքն այլ քաղաքացիներ է ընդունել, որի ժամանակ Գ.Հեբոյանն է մտել իր աշխատասենյակ, հարցրել է, թե իր ուղարկած մարդը եկել է, թե ոչ: Ինքը նրան հայտնել է, որ այդպես էլ չի հասկացել, թե այդ քաղաքացին ինչ է ուզում, ինչպես նաև ասել է, որ վերջինս գումար է գցել է իր մեքենայի մեջ: Գ.Հեբոյանն էլ շփոթվել է և հարցրել՝ «ի՞նչ գումար»: Ինքը պատասխանել է, որ խորհրդատվությունը կավարտի և կխոսեն: Այնուհետև, ինքը կրկին գործերով մեկնել է Երևան և Եղվարդ վերադառնալու ճանապարհին իր օգնականն է զանգել ու ասել, որ իրեն սպասում են: Աշխատավայր հասնելուն պես՝ տեսել է, որ Բենիկ Հարությունյանն է եկել, ով իրեն հարցրել է՝ «տեսա՞ր Հեբոյանին, ի՞նչ ասեց»: Ինքը պատասխանել է, որ տեսել է Գ.Հեբոյանին, սակայն վերջինս հստակ բան չի ասել: Բենիկ Հարությունյանին ասել է նաև, որ կարծում է՝ ամեն բան նորմալ կլինի ու նրան կտեղեկացնեն: Դրանից հետո գնացել է Աբովյան, այնուհետև՝ տուն:
Ժամը 21:00-ի սահմաններում, երբ տանը պառկած է եղել, իր որդին հայտնել է, որ իրեն հարցնում են: Ինքը դուրս է եկել և տեսել, որ դատավոր Գ.Հեբոյանն է եկել: Զրուցել է նրա հետ, ով իրեն հարցրել է, թե այն գումարը, որը տվել են, որտեղ է գտնվում: Ինքը պատասխանել է, որ գումարը մեքենայի մեջ է: Նա իր մեքենայից վերցրել է գումարը: Ինքը Գ.Հեբոյանին հարցրել է, թե ի վերջո այդ ինչ գումար է: Քանի որ իր որդին իրենց կողքին է եղել, Գ.Հեբոյանը պատասխանել է, որ հետո կասի: Գ.Հեբոյանի գնալուց հետո մոտ մեկ ժամ անց, դուրս է եկել տնից և գնացել Երևան: Այնուհետև, իրեն զանգահարել է իր համագյուղացի, դատարանի կարգադրիչներից մեկը և հարցրել, թե արդյոք ինքը գրանցված է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում: Ինքը տվել է դրական պատասխան, որից հետո նա իրեն հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանին ձերբակալել են:
Պատասխանելով առաջադրված հարցերին՝ Վ.Դանիելյանը հայտնել է, որ երբ Բենիկ Հարությունյանը եկել է իր մոտ, ինքն այդպես էլ նրա խոսակցությունից չի հասկացել, թե այդ գումարը ի՞նչի համար է: Նա պետական տուրքի մասին է խոսել, ինքն էլ կարծել է, թե նա ցանկանում է պետական տուրք վճարել: Դատավոր Գ.Հեբոյանն իր գրասենյակին մոտենալիս հնարավորություն ունեցել է իր մեքենայից վերցնել գումարն ու գնալ, իր մեքենայի ապակին բաց է եղել և չի կարող ասել, թե ինչու Գ.Հեբոյանը չի վերցրել գումարը: Կարծում է, որ եթե այդ գումարը կաշառքի գումար լիներ, ապա Գ.Հեբոյանն ինչ-որ կերպ կվերցներ այն կամ իր ավտոմեքենան կվերցներ և այլ վայր կտեղափոխեր: Թե՛ Բ.Հարությունյանի հետ խոսակցությունից, թե՛ Գ.Հեբոյանի այցից ինքը չի կռահել, որ նրանց միջև որևէ նախնական պայմանավորվածություն է եղել՝ ինչ-որ գործողություններ կատարելու համար: Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ իր ծանոթներից մեկը պետք է գա իր մոտ՝ խորհրդատվություն ստանալու համար: Նա ասել է նաև, որ իր ծանոթը Բենիկ Հարությունյանն է, սակայն հետագայում իրեն չի հարցրել, թե Բ.Հարությունյանն ինչ-որ բան փոխանցել է՝ իրեն տալու համար, թե ոչ, այլ ընդհակառակը՝ ինքն է Գ.Հեբոյանին հարցրել, թե ինչ գումար է բերել Բենիկ Հարությունյանը:
Նախկինում Բ.Հարությունյանին չի ճանաչել, նրան միայն դատարանի բակում է տեսել: Բ.Հարությունյանի այցից հետո Գ.Հեբոյանն իր մոտ է եկել՝ հարցնելու համար, թե եկել է արդյոք իր ծանոթ Բ.Հարությունյանը: Երբ ինքը հայտնել է գումարի մասին, Գ.Հեբոյանն անակնկալի է եկել: Գ.Հեբոյանի այցի ժամանակ իր մոտ եղել են Զովունի գյուղի բնակիչներ, սակայն նրանց տվյալները չի հիշում: Հնարավոր է, որ այդ քաղաքացիները լսել են իր և դատավոր Գ.Հեբոյանի խոսակցությունը, նրանց տեսնելուն պես՝ կճանաչի: Այդ ժամանակ իր օգնականն աշխատավայրում չի եղել: Երեկոյան, երբ ժամը 21:00-ի սահմաններում Գ.Հեբոյանն այցելել է իրեն, իրենց զրույցից ինքը չի հասկացել, թե Գ.Հեբոյանը տեղյակ է այդ գումարի չափի մասին: Կարծում է, որ Գ.Հեբոյանն այդ գումարի չափի մասին տեղեկություն չի ունեցել, իրենք գումարի չափի մասին չեն խոսել: Իր աշխատասենյակում գտնվող քաղաքացիների ներկայությամբ Գ.Հեբոյանին հայտնել է, որ նրա ուղարկած մարդը գումար է թողել, քանի որ կասկած չի ունեցել, որ այդ գումարն ինչ-որ անօրինական գործողության հետ է կապված: Հակառակ դեպքում այլ անձանց մոտ Գ.Հեբոյանին չէր ասի, որ գումար են բերել: Կարծում է, որ եթե Գ.Հեբոյանն իր միջոցով փորձեր կաշառք վերցնել, ապա իրեն այդ մասին նախապես կտեղեկացներ: Նմանօրինակ դեպքեր երբեք չեն եղել, պարզապես ինքը Բ.Հարությունյանի խոսքից չի հասկացել, թե նա ինչ է ուզում, բացի այդ, վերջինս իրեն չի ասել, որ գումարը պետք է փոխանցի Գ.Հեբոյանին, այլ խնդրել է, որ պահի իր մոտ ու ճշտի, թե այդ ինչ գումար է: Իր աշխատանքային պրակտիկայում գրեթե միշտ պետական տուրքերը վճարվել են իր կողմից, քանի որ քաղաքացիները հաճախ սխալ հաշվեհամարին են մուտքագրում գումարները:
Գ.Հեբոյանին ճանաչում է 2009թ.-ից կամ 2010-2011թթ.-ից, հստակ հիշել չի կարող: Իրենք շփվել են որպես դատավոր և փաստաբան, եղել են դեպքեր, երբ առիթների ժամանակ Գ.Հեբոյանը գնացել է իր աշխատասենյակ՝ սրճելու: Որպես փաստաբան՝ մասնակցել է Գ.Հեբոյանի վարույթում եղած քաղաքացիական գործերի քննությանը: Այդ գործերի քննության ընթացքում եղել են դեպքեր, երբ ինքն է զանգահարել կամ Գ.Հեբոյանն է զանգահարել իրեն՝ ճշտելու համար՝ դատական նիստերը լինելու են, թե ոչ: Նմանօրինակ հարցերով այլ դատարանների հետ նույնպես կապ է հաստատում: Լինում են դեպքեր, որ դատական նիստերի քարտուղարները կամ դատավորները զանգահարում են իրեն այդ հարցով, սակայն օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվում է նշել այն դատավորների անունները, ովքեր իրեն զանգահարել են նման հարցերով:
Չեն եղել դեպքեր, որ ինքն ու Գագիկ Հեբոյանը միմյանց պարտքով գումար տան: Նախաքննության ընթացքում իր և Գ.Հեբոյանի միջև առերեսում եղել է, սակայն այն չի կայացել, քանի որ այն ժամանակ, երբ Գ.Հեբոյանն իր ցուցմունքում նշել է, որ ինքը նրան գումար է պարտք եղել և այդ գումարն է վերադարձրել, ինքը բարկացել է և դուրս է եկել քննչական սենյակից:
Իր տպավորությամբ Բ.Հարությունյանն իր մոտ եկել է իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Ինքը չի կարող կարծիք հայտնել դատավոր Գ.Հեբոյանի և Բենիկ Հարությունյանի միջև եղած հարաբերությունների մասին, սակայն եթե Գ.Հեբոյանը վերջինիս իր մոտ է ուղարկել, կարծում է, որ թշնամական հարաբերություններ չեն ունեցել, սակայն չի էլ կարող ասել, որ նրանք բարեկամական հարաբերություններ են ունեցել: Երբ Բ.Հարությունյանը գումար է տվել իրեն, ինքը չի պարզել նրա հետ, թե ի վերջո նա և Գ.Հեբոյանը ինչ են պայմանավորվել, փոխարենը հարցրել է, թե այդ գումարը պետական տուրքի գումար է, թե ոչ: Բ.Հարությունյանին չի հարցրել նրա և Գ.Հեբոյանի հնարավոր պայմանավորվածության մասին, քանի որ իր մեջ որևէ կասկած չի եղել, որ հնարավոր է՝ այդ գումարը կաշառքի գումար լինի: Երբ Բ.Հարությունյանը եկել է իր մոտ, իրենց խոսակցությունը տևել է 3-4 րոպե և այդ ընթացքում անընդհատ Բենիկ Հարությունյանն է խոսել ու ինքն այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե ինչ է վերջինս ուզում: Նա իրեն հարցրել է, թե արդյոք դատավոր Գ.Հեբոյանն իրեն ոչինչ չի ասել, ինքն էլ կարծել է, թե նա չի հասկանում իր գործից ու Գ.Հեբոյանը պետք է ասի, թե ինչի վերաբերյալ է գործը: Այն, որ Բ.Հարությունյանն իրեն հորդորել է զանգել Գ.Հեբոյանին՝ ճշտելու համար, թե ինչ պետք է անի, սակայն ինքը չի զանգել, բացատրում է այն հանգամանքով, որ դա եղել է ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում և քանի որ տեղյակ է դատական նիստերի ժամանակացույցից ու գիտի, որ այդ ժամին սովորաբար դատավոր Գ.Հեբոյանը դատական նիստի է լինում, զանգահարելու կարիք չի տեսել: Բացի այդ, չէր էլ կարող մտնել դատարան ու դատական նիստերի դահլիճում Գ.Հեբոյանից ճշտեր, թե Բ.Հարությունյանն ինչ է ուզում: Իր համար ակնհայտ չի եղել, որ Բ.Հարությունյանը պետք է գումար փոխանցեր, պարզապես Բ.Հարությունյանն ասել է, որ գնում է Երևան և խնդրել է գումարը թողնել իր մոտ: Բացի այդ, կարծել է, որ ենթադրյալ խորհրդատվության համար է Բ.Հարությունյանը ցանկացել գումար տալ, սակայն ինքը պետք է դեռ պայմանագիր կնքեր նրա հետ, որից հետո միայն գումար վերցներ: Չի եղել դեպքեր, երբ իրավաբանական խորհրդատվություն չի տվել, սակայն գումար է վերցրել, բայց եղել են դեպքեր, երբ ծանոթ մարդիկ են ուղղորդել այլ անձանց իր մոտ և հստակ գումարի չափ են ասել՝ նշելով որոշակի չափի գումար, որն իրենց կողմից ուղղորդված անձը կարող է վճարել: Սովորաբար, իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար քաղաքացու հետ պայմանագիր է կնքում, որի տակ քաղաքացին ստորագրում է, իր օգնականն իր հաշվեհամարի անդորրագիրը կցում է գործին, որի պատճենը պայմանագրի պատճենի հետ տալիս է քաղաքացուն: Դա է եղել խնդիրը, որ ինքը գումարը չի վերցրել, քանի որ դեռ Բենիկ Հարությունյանի հետ պայմանագիր չէր կնքել: Ինքն այդ ընթացակարգը չի պարզաբանել Բենիկ Հարությունյանին, քանի որ նա շարունակ այլ բաների մասին է խոսել: Երբ դատավոր Գ.Հեբոյանը գնացել է իր աշխատասենյակ և հարցրել, թե եկել է արդյոք իր ուղարկած մարդը, ինչին ինքը պատասխանել է, որ եկել է, սակայն կրկին չի ճշտել գումարի վերաբերյալ հանգամանքը, ապա այդ ժամանակ կամ ինքն է դատական նիստի շտապել, կամ դատավոր Գ.Հեբոյանը, որի պատճառով չի ճշտել:
Երբ Բենիկ Հարությունյանը 2-րդ անգամ իր մոտ է եկել՝ ճշտելու համար, թե արդյոք ամեն ինչ նորմալ է, ինքը պատասխանել է, որ նորմալ է և դրանով ի նկատի է ունեցել, որ դեռ պետք է ճշտի, շատ զբաղված է եղել այդ ընթացքում:
Այն հարցին, որ հետազոտված հեռախոսային խոսակցությունների վերծանումների համաձայն՝ երբ դատական կարգադրիչը զանգահարել է իրեն, ինքն այդ պահին Երևանում չի գտնվել, ինչու է իր ցուցմունքում հակառակը նշել, պատասխանել է, որ ինքը հեռախոսով խոսելով է գնացել Երևան: Մինչ իրեն բերման ենթարկելը՝ գտնվել է Երևան քաղաքում, միգուցե ճանապարհին է եղել, երբ գնացել են իրենց տունը խուզարկելու: Քննչական մարմնի կողմից ուղարկված ծանուցագրերի մասին տեղեկացված չի եղել:
Այն հարցին, թե ըստ հետազոտված վերծանումների՝ 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 17:00-ից 18:00-ի սահմաններում, Գ.Հեբոյանի կողմից շուրջ 5 անգամ հեռախոսազանգ է կատարվել իր հեռախոսահամարին և ինչ բնույթի խոսակցություններ են տեղի ունեցել, պատասխանել է, որ չի կարող հիշել: Մարտի 27-ին՝ ժամը 21:03-ին, Գ.Հեբոյանն իրեն զանգահարել է, սակայն ինքը չի պատասխանել, քանի որ չի լսել հեռախոսի ձայնը:
Երբ իր օգնականն իրեն զանգահարել է ու ասել, որ Բենիկ Հարությունյանն է սպասում իրեն, այդ ընթացքում Գագիկ Հեբոյանը նույնպես իրեն զանգահարել է և հարցրել իր գտնվելու վայրը: Չի հիշում, թե Գ.Հեբոյանն ինչ է բառացի ասել, սակայն հիշում է, որ նա Բենիկ Հարությունյանի գնալու հետ կապված հարց է տվել, ինքն էլ պատասխանել է, որ գտնվում է Երևանում:
Այն հարցին, թե Գ.Հեբոյանի մոտից հայտնաբերվել է 2.400 ԱՄՆ դոլար և ունի արդյո՞ք տեղեկություն 100 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, հայտնել է, որ դրա վերաբերյալ տեղեկություն չունի: Երբ Գ.Հեբոյանը գումարը վերցրել է իր մեքենայից, իրեն այդ գումարից գումար չի տվել: Նախաքննության մարմնին պատրաստակամություն է հայտնել կորած 100 ԱՄՆ դոլար գումարը գտնելուն օժանդակելու մասով, քանի որ այդ գումարը գտնվել է իր մեքենայում և իր մեքենայում կան փաստաթղթեր, որոնք երբեմն սահում ընկնում են մեքենայի հետնամաս: Տեղյակ է եղել, որ իր մեքենայում խուզարկություն են կատարել, ինքն էլ քննիչին հայտնել է, որ հնարավոր է՝ այդ 100 ԱՄՆ դոլարն իր մեքենայում է, քննիչն էլ ասել է, որ իր որդու կամ փաստաբանների միջոցով ճշտեն՝ գումարը մեքենայի մեջ է, թե ոչ: Հակառակ դեպքում, եթե Գ.Հեբոյանն իրեն գումար տար այդ գումարից, ապա պետք է ձեռքով փոխանցեր, ինքն էլ ձեռքով կվերցներ, ուստի այն արդեն հայտնաբերված կլիներ: Կասկածներ չի ունեցել գումարի՝ կաշառքի առարկա հանդիսանալու մասին և հնարավոր կասկածները չեն դարձել պատճառ, որպեսզի ինքն այդ ողջ ընթացքում չդիպչեր իր ավտոմեքենայում գտնվող գումարին:
Բենիկ Հարությունյանի այցն իր մոտ կասկած չի հարուցել, չի կասկածել, թե հնարավոր է՝ իրեն տեսախցիկով հետևում են: Բենիկ Հարությունյանի հետ թշնամական հարաբերություններ չունի և չգիտի, թե ինչու է Բենիկ Հարությունյանն իրեն մեղադրում Գ.Հեբոյանին կաշառք տալուն օժանդակելու մեջ: Նա այդ մասով սուտ մատնություն է կատարում՝ հաշվի առնելով, որ գումարն իրեն է տվել: Եթե ինքը կասկածեր, որ գումարը կաշառքի առարկա է, ապա կփորձեր արագ ձերբազատվել դրանից:
Դեպքից հետո չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, քանի որ այդ ընթացքում փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում: Այն, որ Բ.Հարությունյանին թողել է իր աշխատասենյակում, փակել է դուռը և դուրս է եկել, ինչպես երևում է տեսաձայնագրությունում, այդ կապակցությամբ հայտնում է, որ ինքը մարդ է սպասել, գնացել և մեքենայից բան է փոխանցել նշված անձին, սակայն դա իր անձնական խնդիրն է և չի ցանկանում մանրամասնել: Երբ ավտոմեքենան կայանում է, 2-3 սմ-ի չափով բաց է թողնում պատուհանների ապակիները՝ բացի աջ կողմի հետևի ապակուց, քանի որ այն լավ չի բացվում: Կարծում է, որ երբ Բենիկ Հարությունյանը գումարը գցել է ապակուց ներս, հնարավոր է՝ մի թղթադրամը դուրս է եկել, ընկել մեքենայի մեջ, սակայն գումարը շատ թափթփված չի եղել, այլ եղել է ծալված վիճակում:
Հարկ է նշել, որ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի ցուցմունքները չեն հերքվել քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույցով։
Պաշտպանական կողմը վերլուծելով ամբաստանյալ Վ.Դանիելյանի ցուցմունքները, դրանք համադրելով սույն գործով ձեռք բերված և դատավճռի հիմքում դրված մյուս ապացույցների հետ, արձանագրում է, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվում և հիմնավորվում այն հանգամանքը, որ Վահագն Դանիելյանը նպաստել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը։
Վահագն Դանիելյանն իր ցուցմունքներում հստակ նշել է, որ տեղյակ չէ թե այդ ինչ գումար է, երբ Բ.Հարությունյանը գումար է տվել իրեն, ինքը չի պարզել նրա հետ, թե ի վերջո նա և Գ.Հեբոյանը ինչ են պայմանավորվել, փոխարենը հարցրել է, թե այդ գումարը պետական տուրքի գումար է, թե ոչ: Բ.Հարությունյանին չի հարցրել նրա և Գ.Հեբոյանի հնարավոր պայմանավորվածության մասին, քանի որ իր մեջ որևէ կասկած չի եղել, որ հնարավոր է՝ այդ գումարը կաշառքի գումար լինի: Երբ Բ.Հարությունյանը եկել է իր մոտ, իրենց խոսակցությունը տևել է 3-4 րոպե և այդ ընթացքում անընդհատ Բենիկ Հարությունյանն է խոսել ու ինքն այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե ինչ է վերջինս ուզում: Նա իրեն հարցրել է, թե արդյոք դատավոր Գ.Հեբոյանն իրեն ոչինչ չի ասել, ինքն էլ կարծել է, թե նա չի հասկանում իր գործից ու Գ.Հեբոյանը պետք է ասի, թե ինչի վերաբերյալ է գործը:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ խոսք անգամ չի կարող գնալ Վահագն Դանիելյանի կողմից կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև օղակի դեր կատարելու մասին։
Դրա մասին են վկայում նաև վկա Լիլիթ Մանյանի ցուցմունքներն այն մասին, որ Բենիկ Հարությունյանը այցելելով իր գրասենյակ` հարցրել է փաստաբան Վ.Դանիելյանին` ասելով, որ իր մոտ դատավոր Գ.Հեբոյանն է ուղարկել, վերջինս իր քաղաքացիական գործով պետական տուրք վճարելու 3.500.000 ՀՀ դրամ գումարից ազատել է և դրա դիմաց Գ.Հեբոյանին 2500 ԱՄՆ դոլար գումար պետք է տա։ Նշել է, որ այդ գումարը պետք է փոխանցեր փաստաբան Վ.Դանիելյանի միջոցով, սակայն, քանի որ վերջինս տեղում չէ, Գ.Հեբոյանի պահանջով բերել է իրեն տալու համար։ Այնուհետև լրատվամիջոցներից տեղեկացել է, որ այդ 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը Վ.Դանիելյանի օժանդակությամբ պահանջել և ստացել է դատավոր Գ.Հեբոյանը։
Վկաներ Աշոտ Մարտիրոսյանի, Լիլիթ Եղիազարյանի ցուցմունքներն այն մասին, որ հայցվոր Բ.Հարությունյանի կողմից որպես պետական տուրքի վճար մոտ 3.500.000 ՀՀ դրամ գումար չի վճարվել, քանի որ այդ պահանջը հանդիսացել է ածանցյալ պահանջ, ինչը նշանակում է, որ պետական տուրք չի գանձվում։
Վկաներ Արսեն Սիմոնյանի, Սասուն Սիմոնյանի, Ռիտա Ստեփանյանի, Անահիտ Հովհաննիսյանի, Հրայր Սահակյանի, ըստ էության, նույնաբովանդակ ցուցմունքներն այն մասին, որ 2019թ. մարտի սկզբներին Բենիկ Հարությունյանը եկել է դատարան` դատավոր Գ.Հեբոյանին տեսնելու ցանկություն հայտնելու համար։ Իրենք Բ.Հարությունյանի խնդրանքը փոխանցել են դատավոր Գ.Հեբոյանին։ Գ.Հեբոյանի խնդրանքով Բ.Հարությունյանին ուղեկցել են փաստաբան Լ.Մանյանի գրասենյակ։
Վերոգրյալ ցուցմունքները գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պաշտպանական կողմինը գտնում է, որ որևէ ապացույցով, այդ թվում` առերես հարցաքննությունների արձանագրություններով, խուզարկություններ կատարելու, զննումներ կատարելու, «Կաշառք ստանալու նմանակում», «Արտաքին դիտում», «Ներքին դիտում» կատարելու մասին արձանագրություններով, փորձաքննության եզրակացությամբ, որպես ապացույց ճանաչված այլ փաստաթղթերով չի հաստատվում Վահագն Դանիելյանի կողմից կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելու հանգամանքը։
Բացի այդ` չի ապացուցվում նաև Վահագն Դանիելյանի գիտակցության չափանիշը` կաշառքի միջնորդության հարցում, մասնավորապես` Վահագն Դանիելյանը չի գիտակցել, չի պատկերացրել, որ ինքը մասնակցում է Գագիկ Հեբոյանի կողմից իրականացվող ենթադրյալ հանցագործությանը, հետևաբար Վահագն Դանիելյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը, ինչից հետևում է, որ բացակայում է հանցակազմը։
Սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը չի համապատասխանում «հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշի» մակարդակին, որն անմեղության կանխավարկածի վերաբերյալ հիմնարար քրեադատավարական իրավադրույթների ուժով անհրաժեշտ է հանցանքի կատարման մեջ անձի մեղքը հիմնավորված համարելու համար` ամբաստանյալի օգտին փարատելով մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները. ուստի և նման պայմաններում պաշտպանական կողմը գտնում է, որ այդ փաստական տվյալի ապացուցվածության առումով առկա է չփարատված կասկած, որը պետք է մեկնաբանել հօգուտ ամբաստանյալ Վ.Դանիելյանի։
Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում գտնում են, որ Վահագն Դանիելյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարումը և նրա մեղքը չեն հաստատվել գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այլ` հիմնված են ենթադրությունների վրա:
Քրեական գործում բացակայում է որևէ ապացույց` գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքի, այն է` Վահագն Դանիելյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու և նրա մեղավորությունը պարզելու համար, եղած ապացույցները թույլ չեն տալիս պարզելու այդ հանգամանքն անհրաժեշտ խորությամբ ու լրիվությամբ։
Քրեական գործում առկա ապացույցների համակցությամբ հնարավոր չէ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատել ամբաստանյալ Վ.Դանիելյանի մեղավորությունն իրեն մեղսագրվող արարքում, հետևաբար Վ.Դանիելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի շրջանակներում չի կարող կայացվել մեղադրական դատավճիռ:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ բոլոր հանգամանքներն իրենց համակցությամբ` խնդրում եմ Վահագն Դանիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցանքում ճանաչել անպարտ և արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պատժի համաչափության և այն կրելու մասերով.
ՀՀ քրեական օրենսդրության` պատժի նշանակումը կանոնակարգող իրավադրույթների համատեքստում քննության առնելով ամբաստանյալ Վ.Դանիելյանի նկատմամբ նշանակված պատժի հարցը, պաշտպանության կողմը գտնում է, որ դատավճռում Վ.Դանիելյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանի մասին նշումն իր արտացոլումը չի գտել Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակած պատժաչափի հարցում, ինչպես նաև ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի ստուգման ու պատշաճ գնահատության չի ենթարկել գործի բոլոր հանգամանքները։
Պաշտպանական կողմի համոզմամբ` ամբաստանյալ Վ.Դանիելյանի ուղղվելը հնարավոր է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված տուգանքի ձևով պատիժ նշանակելու միջոցով:
Պաշտպանական կողմը նման հետևության հանգում է` հիմնվելով ամբաստանյալ Վ.Դանիելյանի կողմից կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան:
ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան այլընտրանքային է, այն հնարավորություն է տալիս դատարանին, ելնելով կոնկրետ հանցագործության հանրային վտանգավորության բնույթից և աստիճանից, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` ընտրելով հոդվածի սանկցիայով նախատեսված պատժատեսակներից որևէ մեկը` տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ամբաստանյալ Վ.Դանիելյանի կողմից կատարած ենթադրյալ հանցագործությունը` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1–ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի, դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին:
Որպես ամբաստանյալ Վ.Դանիելյանի անձը բնութագրող տվյալներն են` նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, բարձրագույն կրթություն ունենալը, ամուսնացած լինելը։
Գործում առկա փաստական տվյալներով հաստատված և հիմնավորված է, որ Վ.Դանիելյանի խնամքին է գտնվում նրա մայրը` Սրբուհի Միլիտոնյանը, ով երկրորդ խմբի հաշմանդամ է։
Վերոգրյալ հանգամանքը պաշտպանական կողմը կարևոր է համարում նրանով, որ ամբաստանյալ Վ.Դանիելյանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը ռեալ (փաստացի) կրելը, կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա ընտանիքի կյանքի պայմանների վրա, ինչն ուշադրության չի արժանացել Առաջին ատյանի դատարանի կողմից։
Ամբաստանյալ Վ.Դանիելյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող որևէ հանգամանք առկա չէ։
Պաշտպանական կողմն անհիմն է համարում նաև Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ Վ.Դանիելյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Վահագն Դանիելյանը, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան և կրելով անկախության, օրինապահության սկզբունքների հիման վրա գործելու, փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու պարտականություն («Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված, Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 1.1 կետ), կատարել է պետական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն, ինչով պետական ապարատում կոռումպացվածության դրսևորման անհրաժեշտ է նախադրյալ է ստեղծել և հեղինակազրկել նաև փաստաբանի դերը հասարակության մեջ:
Այս առումով հարկ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանը փաստացի դուրս է եկել պատիժ նշանակելու սկզբունքներից, անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն այն մասին, որ պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
Ինչպես նաև Առաջին ատյանի դատարանն այդ մասով հաշվի չի առել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները։
Հարկ է նկատել նաև, որ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ պատճառաբանությունները` ամբաստանյալ Վ.Դանիելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակ նշանակելու առումով, անթույլատրելի են նաև այն պատճառաբանությամբ, որ Վ.Դանիելյանը, իր կողմից կատարած ենթադրյալ հանցագործության համար «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 1.1 կետի համաձայն կարող է ենթարկվել տույժի։
Վերոգրյալից հետևում է, որ այս հիմքով ևս Վ.Դանիելյանի կողմից պետական ապարատում կոռումպացվածության դրսևորման անհրաժեշտ է նախադրյալ ստեղծելը և հասարակության մեջ փաստաբանի դերը հեղինակազրկելը ոչ մի պարագայում չի կարող հանդիսանալ պատիժ նշանակելու սկզբունք կամ պատիժ նշանակելիս հաշվի առնվող հանգամանք։
Վերոգրյալից բացի` պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանին խնդրում է ամբաստանյալ Վ.Դանիելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առավել մեղմ պատժատեսակը նշանակելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70–րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերը քննելիս` հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 2019 թվականի ապրիլի 3-ից մինչև 2019 թվականի մայիսի 8–ն ընկած ժամանակահատվածում Վահագն Դանիելյանը գտնվել է անազատության մեջ, իսկ 2019 թվականի մայիսի 8-ից մինչ այսօր գտնվելով ազատության մեջ, դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ։
Վերոգրյալից հետևում է, որ ամբաստանյալ Վ.Դանիելյանի անձը բնութագրող տվյալների, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքների գնահատումն իրենց համակցության մեջ հնարավորություն են տալիս վերջինիս դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող անձ, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ որպես կոնկրետ անձ` իր անհատական հատկանիշներով, որոնք գտնվում են հանցակազմից դուրս և էական նշանակություն ունեն դատարանի կողմից ինչպես նրա նկատմամբ նշանակվող պատժատեսակի, այնպես էլ այն կրելու հարցերը որոշելիս:
Այսպիսով, պաշտպանական կողմը հանգում է այն հետևության, որ վերոգրյալ հանգամանքներն իրենց համակցությամբ ողջամտորեն նվազեցնում են ամբաստանյալ Վ.Դանիելյանի կողմից կատարած ենթադրյալ հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, որի պայմաններում վերջինիս նկատմամբ առկա են անհրաժեշտ և բավարար հիմքեր` ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակ` տուգանք նշանակելու համար, որի պայմաններում սույն քրեական գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացմանը, արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, այն բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:
Իսկ եթե Վերաքննիչ դատարանը խորհրդակցական սենյակում որոշում կայացնելիս հանգի հետևության, որ Վ.Դանիելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 313–րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նշանակված պատիժը համաչափ է և այն մեղմացնելու հիմքեր չկան, ապա պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանին խնդրում է ամբաստանյալ Վ.Դանիելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70–րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով համապատասխան ժամկետով փորձաշրջան:
Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները.
Առաջին ատյանի դատարանում հետազոտվել են հետևյալ ապացույցները.
«Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել` նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը ենթադրությունների հիման վրա է իրեն մեղադրանք առաջադրել: Վահագն Դանիելյանին ճանաչել է 2010-2011 թվականներից, վերջինիս հետ ունեցել է նորմալ մարդկային հարաբերություններ: Վ.Դանիելյանը գրեթե ամեն օր իր մոտ դատական նիստի է մասնակցել: Բ.Հարությունյանին ճանաչում է 2012թ.-ից, երբ նրա հետ կապված գործը վարույթ է ընդունել և 2013թ. վճիռ է կայացրել, որով Բ.Հարությունյանը զրկվել է իր ժառանգական գույքից, վեճը լուծվել է նրա եղբոր օգտին: Բ.Հարությունյանն իր դեմ բողոք է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ, իրեն տույժի են ենթարկել, սակայն իր կայացրած վճիռը վերադաս դատարանների կողմից չի բեկանվել: Այդ պատճառով էլ Բենիկ Հարությունյանն իր նկատմամբ լարվածություն ունի: Դրանից հետո Բենիկ Հարությունյանի վերաբերյալ ևս երեք գործ է քննել, երկու գործերով մերժել է հայցերը, իսկ երրորդ գործով՝ քաղաքացիական գործի վարույթը կարճել է, քանի որ Բենիկ Հարությունյանը հրաժարվել է հայցից: Վերջին գործը քննել է 2018թ.-ին: Այդ գործը վարույթ է ընդունել ապրիլին, երկու անգամ վերադարձրել է հայցադիմումները՝ պետական տուրքի գումարը վճարված չլինելու պատճառով: Վերջինս վճարել է 4000-ական ՀՀ դրամ գումարի չափով պետական տուրքի գումարները, որից հետո հայցադիմումը վարույթ է ընդունել: Բ.Հարությունյանը հոկտեմբեր ամսին ներկայացրել է ածանցյալ պահանջ՝ լրացուցիչ հայցադիմումով և այն, որ դատական նիստով վերջինիս հայցը վարույթ է ընդունել և նրան ազատել է պետական տուրքի վճարումից, իրականությանը չի համապատասխանում: Հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը կայացրել է միանձնյա, իսկ պետական տուրք չի գանձել, քանի որ ածանցյալ պահանջի դեպքում պետական տուրք չի գանձվում: Ածանցյալ պահանջի դեպքում դատարանը պետական տուրքի հարցին անդրադառնում է միայն այն դեպքում, երբ հետաձգում կամ տարաժամկետում է պետական տուրքի վճարումը, մնացած դեպքերում դատարանն իրավասու չէ անդրադառնալ պետական տուրքի հարցին, այդ մասին առկա է նախադեպային որոշում: Երբեք պետական տուրքի մասին առանձին օրենք չի ունեցել, օգտվել է համացանցում առկա էլեկտրոնային տարբերակից, ուստի ինքը չէր կարող այդ օրենքը բացել ու ինչպես վկան է հայտնել՝ նրան թելադրել համապատասխան օրենքը: Այն, որ Բ.Հարությունյանը նշել է, թե ինքը խախտել է օրենքը և դատաքննության փուլում պատասխանող կողմից միջնորդություն է ընդունել, ապա այդպես չէ, խոսքը վերաբերվել է հայցային վաղեմության վերաբերյալ ներկայացված միջնորդությանը, որի համար պատասխանող կողմի խնդրանքով ընդմիջել է դատական նիստը, քանի որ փաստաբանը շփոթել էր թղթապանակը և այլ թղթապանակ էր բերել դատական նիստերի դահլիճ: 40 րոպեով դատական նիստն ընդմիջվել է, որից հետո պատասխանող կողմի փաստաբանը ներկայացրել է միջնորդությունը՝ կից փաստաթղթերով, այնուհետև, 2019թ. մարտի 18-ին նշանակել է վճռի հրապարակման օր: Այն, որ Բենիկ Հարությունյանը ցուցմունք է տվել, թե ինքն է նրան հորդորել պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը քննության առնելու համար լրացուցիչ միջնորդություն ներկայացնել, սուտ է, քանի որ քաղաքացիական գործով դատավորի համար մեծ խնդիր չէ դատական նիստը 2 օրով հետաձգելը, որպեսզի վերջինս ներկայացներ անհրաժեշտ փաստաթղթերը, և ինքն էլ պատշաճ դատական նիստով ուսումնասիրեր դրանք, ավելի հիմնավոր որոշում կայացներ և իրեն՝ որպես դատավոր, ավելի ապահովագրեր: Բ.Հարությունյանը մարտի 06-ին բերել և դատարանին է ներկայացրել ինչ-որ փաստաթղթեր, որոնք ինքն այլևս չի հետազոտել: Մարտի 06-ից հետո Բ.Հարությունյանին այլևս չի տեսել: Մեծ ծանրաբեռնվածության պատճառով մարտի 18-ին չի հասցրել վճիռը պատրաստել ու հրապարակել: Մարտի 18-ին իջել է դատական նիստերի դահլիճ, որտեղ մարդիկ են եղել կանգնած: Չի հիշում՝ Բենիկ Հարությունյանին տեսել է, թե ոչ: Իջել է դահլիճ ու հայտնել, որ վճիռները կստանան հաջորդ օրը: Իր աշխատակազմը շատ ծանրաբեռնված է եղել այդ ընթացքում: Հաջորդ օրն անձամբ է վճիռներն իջեցրել գրասենյակ, երբ իր հետևից Բ.Հարությունյանը գնացել է ու խնդրել իրավաբանական խորհրդատվություն տրամադրել: Բ.Հարությունյանի նկատմամբ մեծ հակակրանք ունի, քանի որ 2012թ. նրա պատճառով կարգապահական տույժի է ենթարկվել, ուստի չէր կարող նրա հետ որևէ գործարքի գնալ: Երբ Բ.Հարությունյանը մոտեցել է իրեն, ինքը նրան ասել է, որ դատարանը իրավաբանական խորհրդատվություն չի տրամադրում:
2019թ. մարտի 27-ին գնացել է Վահագն Դանիելյանի մոտ, չի հիշում, թե Վահագն Դանիելյանի մոտ մարդիկ եղել են, թե ոչ, նրանից 100 ԱՄՆ դոլար է խնդրել, քանի որ գումար չի ունեցել, իսկ Նոր տարուց առաջ Վահագն Դանիելյանին պարտքով 3000 ԱՄՆ դոլար էր տվել, որը երբեք հետ չի պահանջել: Այդ օրը Վ.Դանիելյանն իրեն ասել է, որ իր մոտ գումար չկա և կգնա տուն, 2400 դոլար կբերի, որպեսզի պարտքը վերադարձնի: Երեկոյան, երբ տուն է գնացել, որդին հայտնել է, որ մեքենայի գույքահարկը վճարելու ժամանակն է, ինքն էլ որոշել է գնալ Վ.Դանիելյանի տուն՝ գումարը վերցնելու: Կարծում է, որ եթե Վ.Դանիելյանը կասկածեր, որ այդ գումարը կաշառքի գումար է, ապա գումարը շուտ կփոխանցեր իրեն: Վ.Դանիելյանին ճանաչում է որպես պարկեշտ մարդ, չգիտի, թե նա ինչո՞ւ է դատարանում կաշկանդված, ըմբռնմամբ է մոտենում նրա նախաքննական ցուցմունքներին, քանի որ հասկանում է, որ նրան խոստացել են փոխել նրա խափանման միջոցը:
2019թ. մարտի 06-ին Բ.Հարությունյանին չի տեսել, իր ցուցմունքում շփոթել է նրան տեսնելու օրը: Իրականում ինքը Բ.Հարությունյանին տեսել է մարտի 04-ի դատական նիստին: Մարտի 18-ին՝ վճռի հրապարակման օրը, երբ իջել է դատական նիստերի դահլիճ, միգուցե տեսել է Բ.Հարությունյանին, սակայն հաստատ պնդել չի կարող: Այդ օրը դատական նիստերի դահլիճում ներկա է եղել դատական նիստերի քարտուղարը, իսկ թե կարգադրիչներից ինչ-որ մեկը ներկա եղել է, թե ոչ՝ չի կարող հիշել:
2019թ. մարտի 26-ին Բ.Հարությունյանին տեսել է, երբ ընդմիջումից վերադարձել է աշխատավայր: Երբ նա քայլել է դեպի իր մեքենան, ինքը մտել է դատարանի բակ, որտեղ կայանում են մեքենաները: Այդ ժամանակ իր մեքենայի կողքով անցել է դատական կարգադրիչներից մեկն ու իրեն ասել, որ Բ.Հարությունյանն ասել է՝ Վահագնը տեղում չէ, ինքն էլ պատասխանել է՝ «թող գնա Լիլիթի մոտ»: Բ.Հարությունյանին տեսել է հեռավորության վրա, սակայն նրա հետ այդ ժամանակ չի զրուցել: Երբ Բ.Հարությունյանը դիմել է իրեն՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար, ինքը պարզապես պատասխանել է, որ դատավորը իրավաբանական խորհրդատվություն չի տրամադրում և անհրաժեշտ է դիմել փաստաբանների, սակայն չի տեղեկացել, թե նա ինչ հարցով է ցանկանում խորհրդատվություն ստանալ:
Երբ Վ. Դանիելյանն իրենից 3000 ԱՄՆ դոլար պարտք է վերցրել, ինքը չի փորձել ճշտել, թե նա այդ գումարն ի՞նչի համար է ուզում, իրեն թույլ չի տվել նման բնույթի հարցեր տալ: Եղել են դեպքեր, երբ ինքն է Վ.Դանիելյանից պարտքով գումար խնդրել: Չի կարող ասել, որ Վ.Դանիելյանը, ունենալով բազմաթիվ գործեր, հետևաբար լինելով ֆինանսապես ապահովված, ինչու է իրենից 3000 ԱՄՆ դոլար գումար պարտք վերցրել: Երբ ինքը Վ.Դանիելյանից գումար է պարտքով խնդրել, ասել է, որ ծախսեր կատարելու համար գումար չունի: Դեպքի օրն ունեցել է ընդամենը 490 դրամ:
Տեղյակ չէ, թե Բ.Հարությունյանը Վ.Դանիելյանին ճանաչել է, թե ոչ, չի կարծում, որ Վ.Դանիելյանը կարող է պաշտպանել Բ.Հարությունյանին: Չի կարող Վ.Դանիելյանի վերաբերյալ բացասական կարծիք հայտնել, շատ են եղել դեպքեր, երբ Վ.Դանիելյանը վերցրել է իր մեքենան կամ հակառակը՝ ինքն է վերցրել նրա մեքենան: Տեղեկություններ չունի, թե Բ.Հարությունյանը երբևէ գործով առնչվել է Վ.Դանիելյանի հետ, թե ոչ: Եթե ինքը Բ.Հարությունյանին ասած լիներ, որ կաշառքի գումարը տա Վահագնին, ապա գումարը հենց տեղում կվերցներ: Հնարավորություն ունեցել է մոտենալ Վահագնի ավտոմեքենային, ուստի կարող էր հենց նույն օրը վերցնել գումարը: Հերքում է Բ.Հարությունյանի կողմից նշված այն հանգամանքները, որ վերջինս իրեն լավություն անելու համար փորձել է տեղ հրավիրել, հյուրասիրել կամ իր հետ գործարք կնքել:
Պատասխանելով առաջադրված հարցերին՝ ամբաստանյալ Գ.Հեբոյանը հայտնել է, որ երբ 2019թ. մարտի 27-ին գնացել է Վահագնի տուն, մոտեցել է դարպասներին, ձայն է տվել, Վահագնի տղան է դուրս եկել, որից հետո Վահագն է դուրս եկել: Իրենց խոսակցությունը տևել է մոտ 15 րոպե, որից հետո Վ.Դանիելյանի հետ մոտեցել են մեքենային, Վ.Դանիելյանը մեքենայի հետևի ձախ դուռը բացել է, վերցրել է գումարը ու տվել իրեն, որից հետո ինքը հեռացել է: Չի հիշում՝ նախաքննական ցուցմունքում նշել է այն մասին, որ նշված օրը գնացել է Վ.Դանիելյանից 100-200 ԱՄՆ դոլար գումար պարտքով վերցնելու, թե ոչ: Չի հիշում, թե 2019թ. մարտի 26-ին Լիլիթ Մանյանին զանգահարել է, թե ոչ: Չի բացառվում, որ զանգահարել է, հնարավոր է, որ ասած լինի, թե Բ.Հարությունյանը խորհրդատվություն է ցանկանում ստանալ և որ նրանք օգնեն նրան: Հետևողական չի եղել, թե Բ.Հարությունյանը ստացել է արդյոք իրավաբանական խորհրդատվություն, թե ոչ: Եթե շահագրգռվածություն ունենար և եթե իրեն Լիլիթ Մանյանի միջոցով կաշառք փոխանցելու հարց լիներ, ապա հարց է առաջանում, թե ինչու Լ.Մանյանին չի հարցրել, թե Բ.Հարությունյանի տված գումարը վերցրել է, թե ոչ: Չգիտի, թե ինչու է Վահագն Դանիելյանը հերքում, որ իրենից պարտքով գումար է վերցրել, չի կարող հասկանալ: Շատ հաճախ են եղել դեպքեր, երբ ինքն իր հարազատներին կամ այլ քաղաքացիների ուղղորդել է Լիլիթ Մանյանի կամ Վահագն Դանիելյանի մոտ:
Երբ Բենիկ Հարությունյանը եկել է վճռի հետևից և կարգադրիչները հայտնել են, որ նա եկել է, ինքն ամեն ինչ արել է, որպեսզի խուսափի նրա հետ հանդիպելուց:
Բ.Հարությունյանի կողմից ներկայացված ածանցյալ պահանջի վերաբերյալ որոշում կայացնելու պարտավորություն չի ունեցել, քանի որ դա ածանցյալ պահանջ է եղել, որը բխել է հիմնական պահանջից և այն կարող էր բավարարվել կամ մերժվել միայն հիմնական պահանջի բավարարման արդյունքում: Բ.Հարությունյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու խնդրանքի մասին, չի բխել օրենքից, ուստի այն չի քննարկել:
Վահագն Դանիելյանի հետ պայմանավորվածություն չեն ունեցել, թե երբ պետք է գումարը հետ վերադարձնի, քանի որ ինքն ամեն օր տեսել է Վ.Դանիելյանին, և եղել են դեպքեր, երբ ինքը նույնպես նրանից պարտքով գումար է վերցրել:
Իր հիշելով՝ պարտքով գումարը Նոր տարուց առաջ է վերցրել՝ եթե չի սխալվում իր ցուցմունքում նշել է՝ դեկտեմբերի 2-րդ կեսին, իսկ այն, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում նշել է, որ հունվարին է տվել պարտքի գումարը, ապա հնարավոր է, որ շփոթել է օրերը: Ինքը Լիլիթ Մանյանին զանգահարելուց հետո զանգահարել է նաև Վահագն Դանիելյանին՝ ճշտելու համար, թե Բ.Հարությունյանը գնացել է խորհրդատվության, թե ոչ: Այդ հետևողականությունը բացատրում է նրանով, որ ցանկացել է ազատվել Բ.Հարությունյանից: Եթե ինքը կաշառք վերցնելու մտադրություն ունենար, ապա միանգամից Լիլիթ Մանյանին կասեր, որ վերցներ այդ գումարը: Այն, որ ինքը նշում է, որ Բ.Հարությունյանին օրենքի ուժով է ազատել պետական տուրքի վճարումից, սակայն իր նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ հայտնել է, որ խղճահարությունից դրդված է նրան ազատել պետական տուրքի վճարումից, ապա Բ.Հարությունյանի նկատմամբ խղճահարություն է ունեցել, քանի որ վերջինս մշտապես անձնական խնդիրներով դատարանում է գտնվել, ինքը նրա նկատմամբ հակակրանք է ունեցել, սակայն փորձել է օգնել, բայց դա չի նշանակում, որ խղճահարությունից դրդված՝ նրան ապօրինի ազատել է պետական տուրքը վճարելու պարտականությունից: Չի կարող պատասխանել, թե ինչու է Վ.Դանիելյանն իր ցուցմունքում նշել, թե երբ ինքը գնացել է նրա գրասենյակ ու նա հարցրել է գումարից, ինքն իբրև պատասխանել է, թե հետո կխոսեն այդ մասին: Իրականությունն այն է, որ իրենք այդ օրը գումարից չեն խոսել:
Երբ իրեն բերման են ենթարկել, ինքն այդ ժամանակ հրաժարվել է որևէ հայտարարություն անել և չի նշել, որ հայտնաբերված գումարը եղել է վերադարձրած պարտքի գումարը, քանի որ իրեն շատ վատ կերպով են բերման ենթարկել: Ինքն ի վիճակի չի եղել խոսելու, սթրեսի մեջ և հոգեբանական շատ վատ վիճակում է եղել: Երեք օր շարունակ ուշքի չի կարողացել գալ, հետևաբար, բերման ենթարկվելուց հետո ևս չի կարողացել որևէ հայտարարություն անել և նույնիսկ խոսել: Չի հիշում, թե 2019թ. մարտի 27-ին հինգ անգամ զանգահարելով Վ.Դանիելյանին՝ ինչ է խոսել նրա հետ:
Այն հարցին, որ որպես դատավոր՝ իր սոցիալական դիրքն ավելի բարձր է եղել, սակայն անկախ այդ հանգամանքից ինքն է գնացել Վ.Դանիելյանի տուն՝ գումարը վերցնելու, ապա այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ իր և Վ.Դանիելյանի հարաբերությունները շատ մարդկային են եղել և լինելով դատավոր՝ շրջապատում երբեք իրեն մյուսներից վեր չի դասել, մարդկանց հետ անմիջական է եղել, քանի որ պարզ ու հասարակ մարդ է: Բացի այդ, նպատակ չի ունեցել գնալ գումարը վերցնելու, իրենք պայմանավորվել էին, որ Վ.Դանիելյանը հաջորդ օրը պետք է գումարը տաներ, սակայն ինքն է գնացել, քանի որ որդին իրեն հայտնել է, որ ավտոմեքենայի գույքահարկը վճարելու վերաբերյալ ծանուցում է ստացել ու քանի որ ինքն էլ ազատ ժամանակ է ունեցել, ցանկացել է գնալ, վերցնել գումարը, ավարտել իր անձնական գործերը, որից հետո գնալ աշխատանքի:
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ առկա են էական հակասություններ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հրապարակել է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը 2019թ. մարտի 28-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը 2019թ. մարտի 30-ին որպես մեղադրյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: 2019թ. մարտի 04-ին Բենիկ Հարությունյանի օգտին վճիռ կայացնելու համար նրանից 3500 ԱՄՆ դոլար չի պահանջել, նրա հետ պայմանավորվածություն չի ունեցել՝ 2500 ԱՄՆ դոլար պահանջելու մասին: 2019թ. մարտի 18-ին ինքը Բենիկ Հարությունյանին չի ասել, որ գումարը տա ոչ թե իրեն, այլ փաստաբան Վահագն Դանիելյանին և իր մոտից հայտնաբերված 2400 ԱՄՆ դոլարը որևէ առնչություն չունի Բ.Հարությունյանի գործի հետ: Այդ կապակցությամբ հայտնում է, որ 2018թ. Վ.Դանիելյանին պարտքով տվել է 3000 ԱՄՆ դոլար: Վերադարձնելու ժամկետ չեն պայմանավորվել, Վ.Դանիելյանը տանը խնդիրներ է ունեցել: 2019թ. մարտի 27-ին նա իրեն ասել է, որ իր տված 3000 ԱՄՆ դոլարից 2400 ԱՄՆ դոլարն ունի, այն գտնվում է տանը և երբ անհրաժեշտ է, կարող են հանդիպել: Ինքն էլ այդ օրը, առանց նրան զանգահարելու գնացել է նրա տուն՝ գումարը վերցնելու համար: Գումարը վերցնելուց հետո շարժվել է դեպի Երևան՝ իր տուն: Ճանապարհին իրեն կանգնեցրել են, և ՀՀ ԱԱԾ աշխատակիցները գումարն առգրավել են:
Պատասխանելով իրեն առաջադրված հարցերին՝ հայտնել է, որ Բենիկ Հարությունյանի հետ հանդիպել է 2018թ. մարտի 18-ին՝ վճռի հրապարակման օրը, այլ օրերի չեն հանդիպել: Մարտի 18-ին հայտնել է, որ ծանրաբեռնված են և վճիռը կտրամադրեն հաջորդ օրը: Հանդիպման ժամը չի հիշում, բայց հանդիպել են վճռի հրապարակումից հետո, դատական նիստերի դահլիճում, առանց ինչ-որ մեկի նախաձեռնության:
2019թ. մարտի 26-ին և 27-ին ինքը որևէ մեկին չի ուղղորդել, որպեսզի մոտենան դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակ: Փաստաբան Վահագն Դանիելյանին գումարը տվել է Նոր տարուց առաջ, օրը և ժամը չի հիշում, հավանաբար՝ դեկտեմբեր ամսին: Գումարը տալու ժամանակ որևէ մեկը ներկա չի եղել:
Այն հարցին, թե Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարել է, թե Բ.Հարությունյանի հետ գտնվում է թշնամական հարաբերությունների մեջ և այդ պարագայում ինչպես էր պատրաստվում արդարացի վճիռ կայացնել, պատասխանել է, որ ինքը Բենիկ Հարությունյանի հետ թշնամական հարաբերություններ չի ունեցել, այլ ընդհակառակը, Բ.Հարությունյանն է իր հետ թշնամական հարաբերություններ ունեցել, որի պատճառն իր կայացրած վճիռն է, ինչի հիման վրա 2013թ.-ին նա զրկվել է իր ունեցվածքից: Դատարանում բազմաթիվ գործեր ունենալու պատճառով հաճախ է հանդիպել նրան, և նա շատ ագրեսիվ վարքագիծ է դրսևորել իր նկատմամբ: Նրա կողմից իր նկատմամբ եղած թշնամական վերաբերմունքը չէր կարող հիմք հանդիսանալ, որպեսզի ինքնաբացարկ հայտներ:
Նախաքննությամբ ստացված այն տվյալները, թե ինքը Բ.Հարությունյանից պահանջել և ստացել է 4000 ԱՄՆ դոլար, որը մի քանի ամիս անց հետ է վերադարձրել, բացի այդ, 2017թ. փաստաբան Վահագն Դանիելյանը Բենիկ Հարությունյանից կաշառք է պահանջել՝ իրեն փոխանցելու համար, սակայն գումարի չափի շուրջ պայմանավորվածության չեն եկել, իրականությանը չեն համապատասխանում: Փաստաբան Վահագն Դանիելյանը նույնպես իր համաձայնությամբ նրանից գումար չի պահանջել:
2013թ. Բենիկ Հարությունյանի վերաբերյալ քաղաքացիական գործ է քննվել: Մյուս կողմը եղել է նրա եղբայրը՝ Օնիկը: 2017թ. Բենիկ Հարությունյանի վերաբերյալ գործ չի քննել: Վահագն Դանիելյանը 2013թ.-ին քննված գործին մասնակցություն չի ունեցել: 2019թ. մարտի 18-ին իր կողմից կայացված վճռի կապակցությամբ Վահագն Դանիելյանի հետ որևէ կապ չի ունեցել, Վ.Դանիելյանը որևէ մեկի շահերը չի ներկայացրել:
2013թ. օգտագործել է 091-21-12-71 հեռախոսահամարը, մյուս հեռախոսահամարը՝ 091-15-09-63-ն է, որն իր մոտ է շուրջ մեկ տարի, այլ հեռախոսահամար չունի: Բենիկի հեռախոսահամարը երբեք չի իմացել և չի պահանջել:
2019թ. մարտի 27-ին առանց զանգելու գնացել է Վ.Դանիելյանի տուն, քանի որ իմացել է, որ նա միշտ տանն է լինում: Բակում տեսել է նրա որդուն և բարևել: Գումարը վերցրել է փողոցում: Այդտեղ եղել են ինքն ու Վահագնը, իսկ նրա որդին գումարը տալու ժամանակ ներկա չի եղել: Վ.Դանիելյանին տեսել է գրեթե ամեն օր, նա իր մոտ միշտ դատական նիստեր է ունեցել: Այդ օրը ինքը նրա աշխատասենյակում սուրճ է խմել, և նա ասել է, որ պարտքի մի մասը կարող է վերադարձնել, գումարը տանն է և հաջորդ օրը կբերի: Վահագնին հայտնել է, որ առավոտյան պետք է վարկի գումարը և իր որդու ավտոմեքենայի գույքահարկը վճարի և երեկոյան կգնա նրա տուն՝ գումարը վերցնելու: Վճարումը պետք է առավոտ շուտ կատարեր, դրա համար որոշել է գումարը վերցնել, առավոտյան կատարել վճարումները և գնալ աշխատանքի: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Վ.Դանիելյանն է պարտք վերցրել և նա է պարտավոր եղել գումարը բերել, սակայն ինքն է գնացել գումարը վերցնելու, նշել է, որ պաշտոնական հարաբերություններն իր մոտ նշանակություն չունեն: Պետք է վճարեր «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 01 MN 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի գույքահարկը, որը հաշվառված է իր որդու անունով: Չի կարող մեկնաբանել, թե ինչպես են հենց այդ մշակված թղթադրամները հայտնվել իր մոտ:
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը 2019թ. ապրիլի 23-ին Վահագն Դանիելյանի հետ առերես հարցաքննվելիս պատասխանելով այն հարցին, թե 2019թ. մարտի 27-ին՝ երեկոյան, ինչ նպատակով է գնացել իր հետ առերեսվող Վահագն Դանիելյանի տուն և ինչ է տեղի ունեցել, պատասխանել է, որ Վահագնը իրեն գումար էր պարտք, գնացել է այն վերցնելու: Գումարը կազմել է 3000 ԱՄՆ դոլար, որը վերցրել էր Նոր տարուց առաջ: Այդ օրն իր մոտ գումար չի եղել: Ինքը Վահագնից գումար է խնդրել, նա էլ ասել է, որ հաջորդ օրը կբերի և պարտքի մի մասը կտա: Քանի որ առավոտյան իր որդու ավտոմեքենայի գույքահարկը պետք է վճարեր, դրա համար չի սպասել մինչ առավոտ, մտածել է, որ գնա և վերցնի, ավարտի իր գործերը, որից հետո միայն գնա դատարան: Վահագն Դանիելյանի հետ նախապես չի կապվել, գիտի, որ երեկոյան ժամերին վերջինս տանն է լինում: Գումարը Վահագն իրեն տվել է դարպասների մոտ, որը կազմել է 2400 ԱՄՆ դոլար: Չի հիշում՝ հաշվել է, թե ոչ, քանի որ իրենց միջև փոխադարձ վստահություն կա: Ճանապարհին իրեն բռնել են: Իր մոտից հայտնաբերել են այն նույն 2400 դոլարը, որն իրեն Վահագն էր տվել: Այդ գումարները մշակված են եղել և դրանց վրա գրված է եղել «կաշառք» բառը, սակայն ինքը որևէ տեղեկություն չունի, թե այդ գումարն ինչպես է հայտնվել Վահագն Դանիելյանի մոտ: Հայտնել է, որ ավելացնելու այլ բան չունի:
Մինչ Վահագն Դանիելյանին Գագիկ Հեբոյանի պատասխանի կապակցությամբ հարցադրում կատարելը՝ Վահագն Դանիելյանը հրաժարվել է քննչական գործողությանը մասնակցելուց և դիմելով Գագիկ Հեբոյանին՝ հարցրել է. «Դուք և Կրոմվելը սա էիք պայմանավորվել», որից հետո լքել է քննչական սենյակը:
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը 2019թ. ապրիլի 25-ին Բենիկ Հարությունյանի հետ առերես հարցաքննվելիս՝ հայտարարել է, որ օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվում է Բենիկ Հարությունյանի հետ առերեսվելուց՝ մինչև պաշտպան Կ.Գրիգորյանի հետ հանդիպելը:
Ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը 2019թ. ապրիլի 30-ին որպես մեղադրյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, պնդում է իր նախկին ցուցմունքը: Նախաքննական մարմնի կողմից չի իրականացվել գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, չեն պարզաբանվել Բ.Հարությունյանի կողմից տրված հաղորդման մեջ 2013թ. և 2017թ. վերաբերյալ արված հայտարարությունները և այն, որ Բ.Հարությունյանը, թշնամաբար տրամադրված լինելով իր հանդեպ, դեռևս 2013թ.-ին իր կողմից կայացված վճռով ամեն կերպ փորձել է իրեն զրպարտել, կեղծ ցուցմունքներ տալով՝ սուտ մատնություն իրականացնել և այդ կերպ վրեժխնդիր լինել իրենից: Վերջինս իր հաղորդման մեջ նշել է, թե իբր կաշառքի վերաբերյալ իր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2019թ. մարտի 4-ին և հանկարծ նրա կողմից ցուցմունքը փոխվել է, 2019թ. մարտի 4-ը փոխարինվել է 2019թ. մարտի 6-ով: Ինչ վերաբերվում է նրան, որ ինքը 2019թ. մարտի 27-ին մտել է Վ.Դանիելյանի աշխատասենյակ և նրանից տեղեկացել, որ վերջինս Բ.Հարությունյանից արդեն վերցրել է գումարը, ապա այդ կապակցությամբ նշում է, որ հաճախ է այցելել Վ.Դանիելյանին և նրա հետ սուրճ խմել: Այդ օրն էլ, որքանով հիշում է, հենց սուրճ խմելու նպատակով է մտել նրա աշխատասենյակ, բայց, քանի որ նրա գործավարը տեղում չի եղել, սուրճ չեն խմել և դուրս է եկել: Եթե նրա միջոցով կաշառք վերցնելու նպատակ ունենար, ապա իրեն այդ պահին որևէ մեկը չէր խանգարում դա անել, քանի որ իրենք մենակ են եղել: Իսկ եթե գումարը մեքենայում է եղել, ապա Վ.Դանիելյանին ոչինչ չի խանգարել այդ պահին գումարը վերցնել և փոխանցել իրեն: Պնդում է, որ Բ.Հարությունյանն է 2013թ.-ից սկսած իրեն զրպարտել և իր նկատմամբ սուտ մատնություն կատարել: Նշված ժամանակահատվածից սկսած՝ նա իր նկատմամբ թշնամաբար է տրամադրվել, սակայն սուտ մատնությամբ իրենից վրեժխնդիր է եղել միայն սույն թվականի մարտ ամսին, երբ հաղորդում է ներկայացրել իր դեմ: Բ.Հարությունյանի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ հայտնում է, որ նրա կողմից նշված հանգամանքներն իրականության հետ կապ չունեն, իսկ այդ կապակցությամբ հաղորդում չի ներկայացրել, քանի որ իմաստ չի գտել:
Պատասխանելով նախաքննական և դատաքննական ցուցմունքների հակասությունների վերաբերյալ առաջադրված հարցերին՝ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը նշել է, որ նախաքննության ընթացքում քննիչի այն հարցին, թե ուղղորդել է արդյոք Բ.Հարությունյանին, նշել է, որ չի ուղղորդել, սակայն այժմ նշում է, որ ուղղորդել է, ապա իրականում քննիչի հարցի տակ հասկացել է այն, որ վերջինս ի նկատի ունի կաշառքի գումարը փոխանցելու համար ուղղորդելը: Իրավաբանական խորհրդատվության վերաբերյալ ինքը Բ.Հարությունյանին ուղղորդել է մարտի 19-ին, երբ ինքը վճիռները հանձնել է գրասենյակ, այնուհետև դահլիճով գնացել է իր աշխատասենյակ, այդ ժամանակ է վերջինս իր հետևից քայլել է ու ասել, որ ցանկանում է իրավաբանական խորհրդատվություն ստանալ, ինքն էլ նրան պատասխանել է, որ դատարանը իրավաբանական խորհրդատվություն տրամադրող մարմին չէ և անհրաժեշտ է դիմել փաստաբաններին: Ինքն այդ մասին քննիչին չի հայտնել, քանի որ քննիչն իրեն այդ մասին չի հարցրել: Այն, որ նախաքննության մարմնին չի հայտնել, որ Վ.Դանիելյանից խնդրել է 100-200 ԱՄՆ դոլար գումար, սակայն դատաքննական ցուցմունքում նշել է այդ մասին, ապա հիմա է հասկացել, որ այդ հանգամանքը կարևոր է, ուստի նշել է այն մասին:
Ամբաստանյալ Վահագն Դանիելյանը դատաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքից մի քանի օր առաջ, երբ Եղվարդ քաղաքում դատական նիստի է մասնակցել, դատավոր Գ.Հեբոյանը մոտեցել է իրեն ու ասել, որ իր ծանոթներից մեկը խորհրդատվության համար պետք է մոտենա իրեն: Անցել է մի քանի օր, ինքը գտնվել է Երևան քաղաքում՝ դատական նիստի, երբ իր օգնականն է իրեն զանգահարել և հայտնել, որ իրեն սպասող կա, իսկ ինքը պատասխանել է, որ այդ օրը չի կարող գալ և խնդրել է փոխանցել, որ քաղաքացին հաջորդ օրը գա: Ինչպես պայմանավորվել են, տվյալ քաղաքացին, ով եղել է Բ.Հարությունյանը, հաջորդ օրը եկել է իր մոտ, բարևել է իրեն, այդ պահին իր մոտ այլ քաղաքացի է եղել, ինքը Բենիկ Հարությունյանին հորդորել է դրսում սպասել՝ մինչև ավարտի: Երբ Բ.Հարությունյանը ներս է եկել, իրեն հայտնել է, որ նախորդ օրը եկել է, ինքը տեղում չի եղել, հայտնել են, որ հաջորդ օրը մոտենա, այնուհետև բարձրացել է 2-րդ հարկ՝ կին փաստաբանի մոտ, ում ասել է, որ Գ.Հեբոյանն է ուղարկել, որ գումար պետք է թողնի, փաստաբանը հարցրել է, թե ինչ գումարի մասին է խոսքը, ինքն էլ պատասխանել է, որ պետական տուրքի վճարման հետ կապված գումար է: Նա իրեն հայտնել է, որ բերել է գումարը, որպեսզի իրեն տա: Ինքը հարցրել է, թե դա ինչ գումար է, Բենիկ Հարությունյանն էլ իրեն հարցրել է, թե արդյոք Գ.Հեբոյանը չի ասել իրեն այդ գումարի մասին և հորդորել է իրեն ճշտել Գ.Հեբոյանից: Ինքը պատասխանել է, որ Գ.Հեբոյանը սովորաբար այդ ժամերին դատական նիստերի է լինում: Բենիկ Հարությունյանն իրեն ասել է, որ գործերով գնալու է Երևան քաղաք և իր մոտ 2.500 ԱՄՆ դոլար կա, խնդրել է իրեն գումարը պահել, որպեսզի այն չտանի Երևան: Ինքը նրան ասել է, որ գումարը կարող է գցել իր մեքենայի մեջ: Քանի որ չէր կարող Բենիկ Հարությունյանի հետ պայմանագիր կնքել, որովհետև վերջինս պետական տուրքից է խոսել և ինքը հստակ չի հասկացել, թե այդ քաղաքացին ինչ է ուզում, ուստի ասել է, որ կարող է գումարը թողնել իր մեքենայի մեջ՝ մինչև ճշտի, թե այդ ինչ գումար է: Բենիկ Հարությունյանը գումարը գցել է մեքենայի մեջ, այնուհետև վերադարձել է, իրեն հայտնել, որ գումարը մեքենայի մեջ է և 2-3 ժամից կգա ու կճշտի: Նա դուրս է եկել, այդ ընթացքում ինքն այլ քաղաքացիներ է ընդունել, որի ժամանակ Գ.Հեբոյանն է մտել իր աշխատասենյակ, հարցրել է, թե իր ուղարկած մարդը եկել է, թե ոչ: Ինքը նրան հայտնել է, որ այդպես էլ չի հասկացել, թե այդ քաղաքացին ինչ է ուզում, ինչպես նաև ասել է, որ վերջինս գումար է գցել է իր մեքենայի մեջ: Գ.Հեբոյանն էլ շփոթվել է և հարցրել՝ «ի՞նչ գումար»: Ինքը պատասխանել է, որ խորհրդատվությունը կավարտի և կխոսեն: Այնուհետև, ինքը կրկին գործերով մեկնել է Երևան և Եղվարդ վերադառնալու ճանապարհին իր օգնականն է զանգել ու ասել, որ իրեն սպասում են: Աշխատավայր հասնելուն պես՝ տեսել է, որ Բենիկ Հարությունյանն է եկել, ով իրեն հարցրել է՝ «տեսա՞ր Հեբոյանին, ի՞նչ ասեց»: Ինքը պատասխանել է, որ տեսել է Գ.Հեբոյանին, սակայն վերջինս հստակ բան չի ասել: Բենիկ Հարությունյանին ասել է նաև, որ կարծում է՝ ամեն բան նորմալ կլինի ու նրան կտեղեկացնեն: Դրանից հետո գնացել է Աբովյան, այնուհետև՝ տուն:
Ժամը 21:00-ի սահմաններում, երբ տանը պառկած է եղել, իր որդին հայտնել է, որ իրեն հարցնում են: Ինքը դուրս է եկել և տեսել, որ դատավոր Գ.Հեբոյանն է եկել: Զրուցել է նրա հետ, ով իրեն հարցրել է, թե այն գումարը, որը տվել են, որտեղ է գտնվում: Ինքը պատասխանել է, որ գումարը մեքենայի մեջ է: Նա իր մեքենայից վերցրել է գումարը: Ինքը Գ.Հեբոյանին հարցրել է, թե ի վերջո այդ ինչ գումար է: Քանի որ իր որդին իրենց կողքին է եղել, Գ.Հեբոյանը պատասխանել է, որ հետո կասի: Գ.Հեբոյանի գնալուց հետո մոտ մեկ ժամ անց, դուրս է եկել տնից և գնացել Երևան: Այնուհետև, իրեն զանգահարել է իր համագյուղացի, դատարանի կարգադրիչներից մեկը և հարցրել, թե արդյոք ինքը գրանցված է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում: Ինքը տվել է դրական պատասխան, որից հետո նա իրեն հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանին ձերբակալել են:
Պատասխանելով առաջադրված հարցերին՝ Վ.Դանիելյանը հայտնել է, որ երբ Բենիկ Հարությունյանը եկել է իր մոտ, ինքն այդպես էլ նրա խոսակցությունից չի հասկացել, թե այդ գումարը ի՞նչի համար է: Նա պետական տուրքի մասին է խոսել, ինքն էլ կարծել է, թե նա ցանկանում է պետական տուրք վճարել: Դատավոր Գ.Հեբոյանն իր գրասենյակին մոտենալիս հնարավորություն ունեցել է իր մեքենայից վերցնել գումարն ու գնալ, իր մեքենայի ապակին բաց է եղել և չի կարող ասել, թե ինչու Գ.Հեբոյանը չի վերցրել գումարը: Կարծում է, որ եթե այդ գումարը կաշառքի գումար լիներ, ապա Գ.Հեբոյանն ինչ-որ կերպ կվերցներ այն կամ իր ավտոմեքենան կվերցներ և այլ վայր կտեղափոխեր: Թե՛ Բ.Հարությունյանի հետ խոսակցությունից, թե՛ Գ.Հեբոյանի այցից ինքը չի կռահել, որ նրանց միջև որևէ նախնական պայմանավորվածություն է եղել՝ ինչ-որ գործողություններ կատարելու համար: Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ իր ծանոթներից մեկը պետք է գա իր մոտ՝ խորհրդատվություն ստանալու համար: Նա ասել է նաև, որ իր ծանոթը Բենիկ Հարությունյանն է, սակայն հետագայում իրեն չի հարցրել, թե Բ.Հարությունյանն ինչ-որ բան փոխանցել է՝ իրեն տալու համար, թե ոչ, այլ ընդհակառակը՝ ինքն է Գ.Հեբոյանին հարցրել, թե ինչ գումար է բերել Բենիկ Հարությունյանը:
Նախկինում Բ.Հարությունյանին չի ճանաչել, նրան միայն դատարանի բակում է տեսել: Բ.Հարությունյանի այցից հետո Գ.Հեբոյանն իր մոտ է եկել՝ հարցնելու համար, թե եկել է արդյոք իր ծանոթ Բ.Հարությունյանը: Երբ ինքը հայտնել է գումարի մասին, Գ.Հեբոյանն անակնկալի է եկել: Գ.Հեբոյանի այցի ժամանակ իր մոտ եղել են Զովունի գյուղի բնակիչներ, սակայն նրանց տվյալները չի հիշում: Հնարավոր է, որ այդ քաղաքացիները լսել են իր և դատավոր Գ.Հեբոյանի խոսակցությունը, նրանց տեսնելուն պես՝ կճանաչի: Այդ ժամանակ իր օգնականն աշխատավայրում չի եղել: Երեկոյան, երբ ժամը 21:00-ի սահմաններում Գ.Հեբոյանն այցելել է իրեն, իրենց զրույցից ինքը չի հասկացել, թե Գ.Հեբոյանը տեղյակ է այդ գումարի չափի մասին: Կարծում է, որ Գ.Հեբոյանն այդ գումարի չափի մասին տեղեկություն չի ունեցել, իրենք գումարի չափի մասին չեն խոսել: Իր աշխատասենյակում գտնվող քաղաքացիների ներկայությամբ Գ.Հեբոյանին հայտնել է, որ նրա ուղարկած մարդը գումար է թողել, քանի որ կասկած չի ունեցել, որ այդ գումարն ինչ-որ անօրինական գործողության հետ է կապված: Հակառակ դեպքում այլ անձանց մոտ Գ.Հեբոյանին չէր ասի, որ գումար են բերել: Կարծում է, որ եթե Գ.Հեբոյանն իր միջոցով փորձեր կաշառք վերցնել, ապա իրեն այդ մասին նախապես կտեղեկացներ: Նմանօրինակ դեպքեր երբեք չեն եղել, պարզապես ինքը Բ.Հարությունյանի խոսքից չի հասկացել, թե նա ինչ է ուզում, բացի այդ, վերջինս իրեն չի ասել, որ գումարը պետք է փոխանցի Գ.Հեբոյանին, այլ խնդրել է, որ պահի իր մոտ ու ճշտի, թե այդ ինչ գումար է: Իր աշխատանքային պրակտիկայում գրեթե միշտ պետական տուրքերը վճարվել են իր կողմից, քանի որ քաղաքացիները հաճախ սխալ հաշվեհամարին են մուտքագրում գումարները:
Գ.Հեբոյանին ճանաչում է 2009թ.-ից կամ 2010-2011թթ.-ից, հստակ հիշել չի կարող: Իրենք շփվել են որպես դատավոր և փաստաբան, եղել են դեպքեր, երբ առիթների ժամանակ Գ.Հեբոյանը գնացել է իր աշխատասենյակ՝ սրճելու: Որպես փաստաբան՝ մասնակցել է Գ.Հեբոյանի վարույթում եղած քաղաքացիական գործերի քննությանը: Այդ գործերի քննության ընթացքում եղել են դեպքեր, երբ ինքն է զանգահարել կամ Գ.Հեբոյանն է զանգահարել իրեն՝ ճշտելու համար՝ դատական նիստերը լինելու են, թե ոչ: Նմանօրինակ հարցերով այլ դատարանների հետ նույնպես կապ է հաստատում: Լինում են դեպքեր, որ դատական նիստերի քարտուղարները կամ դատավորները զանգահարում են իրեն այդ հարցով, սակայն օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվում է նշել այն դատավորների անունները, ովքեր իրեն զանգահարել են նման հարցերով:
Չեն եղել դեպքեր, որ ինքն ու Գագիկ Հեբոյանը միմյանց պարտքով գումար տան: Նախաքննության ընթացքում իր և Գ.Հեբոյանի միջև առերեսում եղել է, սակայն այն չի կայացել, քանի որ այն ժամանակ, երբ Գ.Հեբոյանն իր ցուցմունքում նշել է, որ ինքը նրան գումար է պարտք եղել և այդ գումարն է վերադարձրել, ինքը բարկացել է և դուրս է եկել քննչական սենյակից:
Իր տպավորությամբ Բ.Հարությունյանն իր մոտ եկել է իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Ինքը չի կարող կարծիք հայտնել դատավոր Գ.Հեբոյանի և Բենիկ Հարությունյանի միջև եղած հարաբերությունների մասին, սակայն եթե Գ.Հեբոյանը վերջինիս իր մոտ է ուղարկել, կարծում է, որ թշնամական հարաբերություններ չեն ունեցել, սակայն չի էլ կարող ասել, որ նրանք բարեկամական հարաբերություններ են ունեցել: Երբ Բ.Հարությունյանը գումար է տվել իրեն, ինքը չի պարզել նրա հետ, թե ի վերջո նա և Գ.Հեբոյանը ինչ են պայմանավորվել, փոխարենը հարցրել է, թե այդ գումարը պետական տուրքի գումար է, թե ոչ: Բ.Հարությունյանին չի հարցրել նրա և Գ.Հեբոյանի հնարավոր պայմանավորվածության մասին, քանի որ իր մեջ որևէ կասկած չի եղել, որ հնարավոր է՝ այդ գումարը կաշառքի գումար լինի: Երբ Բ.Հարությունյանը եկել է իր մոտ, իրենց խոսակցությունը տևել է 3-4 րոպե և այդ ընթացքում անընդհատ Բենիկ Հարությունյանն է խոսել ու ինքն այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե ինչ է վերջինս ուզում: Նա իրեն հարցրել է, թե արդյոք դատավոր Գ.Հեբոյանն իրեն ոչինչ չի ասել, ինքն էլ կարծել է, թե նա չի հասկանում իր գործից ու Գ.Հեբոյանը պետք է ասի, թե ինչի վերաբերյալ է գործը: Այն, որ Բ.Հարությունյանն իրեն հորդորել է զանգել Գ.Հեբոյանին՝ ճշտելու համար, թե ինչ պետք է անի, սակայն ինքը չի զանգել, բացատրում է այն հանգամանքով, որ դա եղել է ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում և քանի որ տեղյակ է դատական նիստերի ժամանակացույցից ու գիտի, որ այդ ժամին սովորաբար դատավոր Գ.Հեբոյանը դատական նիստի է լինում, զանգահարելու կարիք չի տեսել: Բացի այդ, չէր էլ կարող մտնել դատարան ու դատական նիստերի դահլիճում Գ.Հեբոյանից ճշտեր, թե Բ.Հարությունյանն ինչ է ուզում: Իր համար ակնհայտ չի եղել, որ Բ.Հարությունյանը պետք է գումար փոխանցեր, պարզապես Բ.Հարությունյանն ասել է, որ գնում է Երևան և խնդրել է գումարը թողնել իր մոտ: Բացի այդ, կարծել է, որ ենթադրյալ խորհրդատվության համար է Բ.Հարությունյանը ցանկացել գումար տալ, սակայն ինքը պետք է դեռ պայմանագիր կնքեր նրա հետ, որից հետո միայն գումար վերցներ: Չի եղել դեպքեր, երբ իրավաբանական խորհրդատվություն չի տվել, սակայն գումար է վերցրել, բայց եղել են դեպքեր, երբ ծանոթ մարդիկ են ուղղորդել այլ անձանց իր մոտ և հստակ գումարի չափ են ասել՝ նշելով որոշակի չափի գումար, որն իրենց կողմից ուղղորդված անձը կարող է վճարել: Սովորաբար, իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար քաղաքացու հետ պայմանագիր է կնքում, որի տակ քաղաքացին ստորագրում է, իր օգնականն իր հաշվեհամարի անդորրագիրը կցում է գործին, որի պատճենը պայմանագրի պատճենի հետ տալիս է քաղաքացուն: Դա է եղել խնդիրը, որ ինքը գումարը չի վերցրել, քանի որ դեռ Բենիկ Հարությունյանի հետ պայմանագիր չէր կնքել: Ինքն այդ ընթացակարգը չի պարզաբանել Բենիկ Հարությունյանին, քանի որ նա շարունակ այլ բաների մասին է խոսել: Երբ դատավոր Գ.Հեբոյանը գնացել է իր աշխատասենյակ և հարցրել, թե եկել է արդյոք իր ուղարկած մարդը, ինչին ինքը պատասխանել է, որ եկել է, սակայն կրկին չի ճշտել գումարի վերաբերյալ հանգամանքը, ապա այդ ժամանակ կամ ինքն է դատական նիստի շտապել, կամ դատավոր Գ.Հեբոյանը, որի պատճառով չի ճշտել:
Երբ Բենիկ Հարությունյանը 2-րդ անգամ իր մոտ է եկել՝ ճշտելու համար, թե արդյոք ամեն ինչ նորմալ է, ինքը պատասխանել է, որ նորմալ է և դրանով ի նկատի է ունեցել, որ դեռ պետք է ճշտի, շատ զբաղված է եղել այդ ընթացքում:
Այն հարցին, որ հետազոտված հեռախոսային խոսակցությունների վերծանումների համաձայն՝ երբ դատական կարգադրիչը զանգահարել է իրեն, ինքն այդ պահին Երևանում չի գտնվել, ինչու է իր ցուցմունքում հակառակը նշել, պատասխանել է, որ ինքը հեռախոսով խոսելով է գնացել Երևան: Մինչ իրեն բերման ենթարկելը՝ գտնվել է Երևան քաղաքում, միգուցե ճանապարհին է եղել, երբ գնացել են իրենց տունը խուզարկելու: Քննչական մարմնի կողմից ուղարկված ծանուցագրերի մասին տեղեկացված չի եղել:
Այն հարցին, թե ըստ հետազոտված վերծանումների՝ 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 17:00-ից 18:00-ի սահմաններում, Գ.Հեբոյանի կողմից շուրջ 5 անգամ հեռախոսազանգ է կատարվել իր հեռախոսահամարին և ինչ բնույթի խոսակցություններ են տեղի ունեցել, պատասխանել է, որ չի կարող հիշել: Մարտի 27-ին՝ ժամը 21:03-ին, Գ.Հեբոյանն իրեն զանգահարել է, սակայն ինքը չի պատասխանել, քանի որ չի լսել հեռախոսի ձայնը:
Երբ իր օգնականն իրեն զանգահարել է ու ասել, որ Բենիկ Հարությունյանն է սպասում իրեն, այդ ընթացքում Գագիկ Հեբոյանը նույնպես իրեն զանգահարել է և հարցրել իր գտնվելու վայրը: Չի հիշում, թե Գ.Հեբոյանն ինչ է բառացի ասել, սակայն հիշում է, որ նա Բենիկ Հարությունյանի գնալու հետ կապված հարց է տվել, ինքն էլ պատասխանել է, որ գտնվում է Երևանում:
Այն հարցին, թե Գ.Հեբոյանի մոտից հայտնաբերվել է 2.400 ԱՄՆ դոլար և ունի արդյո՞ք տեղեկություն 100 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, հայտնել է, որ դրա վերաբերյալ տեղեկություն չունի: Երբ Գ.Հեբոյանը գումարը վերցրել է իր մեքենայից, իրեն այդ գումարից գումար չի տվել: Նախաքննության մարմնին պատրաստակամություն է հայտնել կորած 100 ԱՄՆ դոլար գումարը գտնելուն օժանդակելու մասով, քանի որ այդ գումարը գտնվել է իր մեքենայում և իր մեքենայում կան փաստաթղթեր, որոնք, երբեմն, սահում-ընկնում են մեքենայի հետնամաս: Տեղյակ է եղել, որ իր մեքենայում խուզարկություն են կատարել, ինքն էլ քննիչին հայտնել է, որ հնարավոր է՝ այդ 100 ԱՄՆ դոլարն իր մեքենայում է, քննիչն էլ ասել է, որ իր որդու կամ փաստաբանների միջոցով ճշտեն՝ գումարը մեքենայի մեջ է, թե ոչ: Հակառակ դեպքում, եթե Գ.Հեբոյանն իրեն գումար տար այդ գումարից, ապա պետք է ձեռքով փոխանցեր, ինքն էլ ձեռքով կվերցներ, ուստի այն արդեն հայտնաբերված կլիներ: Կասկածներ չի ունեցել գումարի՝ կաշառքի առարկա հանդիսանալու մասին և հնարավոր կասկածները չեն դարձել պատճառ, որպեսզի ինքն այդ ողջ ընթացքում չդիպչեր իր ավտոմեքենայում գտնվող գումարին:
Բենիկ Հարությունյանի այցն իր մոտ կասկած չի հարուցել, չի կասկածել, թե հնարավոր է՝ իրեն տեսախցիկով հետևում են: Բենիկ Հարությունյանի հետ թշնամական հարաբերություններ չունի և չգիտի, թե ինչու է Բենիկ Հարությունյանն իրեն մեղադրում Գ.Հեբոյանին կաշառք տալուն օժանդակելու մեջ: Նա այդ մասով սուտ մատնություն է կատարում՝ հաշվի առնելով, որ գումարն իրեն է տվել: Եթե ինքը կասկածեր, որ գումարը կաշառքի առարկա է, ապա կփորձեր արագ ձերբազատվել դրանից:
Դեպքից հետո չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, քանի որ այդ ընթացքում փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում: Այն, որ Բ.Հարությունյանին թողել է իր աշխատասենյակում, փակել է դուռը և դուրս է եկել, ինչպես երևում է տեսաձայնագրությունում, այդ կապակցությամբ հայտնում է, որ ինքը մարդ է սպասել, գնացել և մեքենայից բան է փոխանցել նշված անձին, սակայն դա իր անձնական խնդիրն է և չի ցանկանում մանրամասնել: Երբ ավտոմեքենան կայանում է, 2-3 սմ-ի չափով բաց է թողնում պատուհանների ապակիները՝ բացի աջ կողմի հետևի ապակուց, քանի որ այն լավ չի բացվում: Կարծում է, որ երբ Բենիկ Հարությունյանը գումարը գցել է ապակուց ներս, հնարավոր է՝ մի թղթադրամը դուրս է եկել, ընկել մեքենայի մեջ, սակայն գումարը շատ թափթփված չի եղել, այլ եղել է ծալված վիճակում:
Վկա Բենիկ Հարությունյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ դատավոր Գ.Հեբոյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով, որով ինքը եղել է հայցվոր, դատաքննության փուլում պատասխանող կողմի փաստաբանը միջնորդել է կես ժամով ընդմիջել դատական նիստը, քանի որ փաստաթղթեր էր մոռացել, իսկ դատավոր Գ.Հեբոյանը ընդմիջում է հայտարարել: Այդ ժամանակ ինքը հասկացել է, որ իր կողմից ներկայացված հայցը մերժվելու է: Քանի որ իր հայցը ունեցել է 2-րդ մաս, որով ինքը, եթե չի սխալվում, ներկայացրել է 179 միլիոն դրամի բռնագանձման պահանջ, պետք է վճարեր 3,5 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրք: Ընդմիջման ժամանակ մոտեցել է դատավոր Գ.Հեբոյանին, հայտնել է, որ իր համար արդեն կանխատեսելի է, որ իր հայցը պետք է մերժվի և եթե կա հնարավորություն, խնդրել է օրենքի շրջանակներում ազատել իրեն պետական տուրքը վճարելուց, ինչին ի պատասխան՝ դատավոր Գ.Հեբոյանն ուսումնասիրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը և իրեն ասել, որ գրավոր միջնորդություն պատրաստի: Երբ ինքը գրել է միջնորդությունը, իրեն է մոտեցել դատավոր Գ.Հեբոյանը և ասել, որ միջնորդության մեջ վկայակոչի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կամ 2-րդ կետը և խնդրի ազատել պետական տուրքը վճարելուց: Գրել և դատարանին է ներկայացրել միջնորդությունը: Ընդմիջման ավարտից հետո դատավոր Գ.Հեբոյանին է ներկայացվել պատասխանող կողմի միջնորդությունը, որը դատավորն ամբողջությամբ ընդունել է: Գտնում է, որ դատաքննության այդ փուլում դատավորը չէր կարող քննարկել այդ միջնորդությունը, իսկ ինքը, ենթադրելով, որ գոնե իրեն պետական տուրքից կազատեն, ներկայացված միջնորդության դեմ չի առարկել: Դատական նիստի ավարտից հետո դատավոր Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ տեղյակ է վերջինիս ունեցած առողջական խնդիրների մասին: Ինքն էլ նրան հայտնել է, որ բազմիցս վիրահատությունների է ենթարկվել և կգնա հիվանդանոցներ, կվերցնի փաստաթղթերն ու կներկայացնի դատարանին: Եթե չի սխալվում՝ մարտի 4-ին եղել է ուռուցքաբանության կենտրոնում, վերցրել է փաստաթղթերն ու մարտի 6-ին դրանք տարել է դատարան: Խնդրել է կարգադրիչներին հայտնել դատավորին իր այցի մասին, որից հետո դատավոր Գ.Հեբոյանը դուրս է եկել և իրեն ասել է, որ բժշկական փաստաթղթերը պետք է գրությամբ մուտքագրի դատարանի գրասենյակ: Այնուհետև, դատավոր Գ.Հեբոյանն իրեն հարցրել է՝ մնացած մասով ամեն բան իրեն պարզ է, թե ոչ, ինչին պատասխանել է, որ պարզ չէ: Դատավոր Գ.Հեբոյանն ասել է, որ պետական տուրքը կազմում է 3,5 կամ 3,6 միլիոն ՀՀ դրամ և դրա կեսի չափով պետք է իրեն գումար տա: Ինքն էլ ասել է, որ 2010 թվականից չի աշխատում և իր գույքի ու դրամական միջոցների վրա և՛ քաղաքացիական գործով, և՛ քրեական գործով կալանք է դրված, ուստի նման հնարավորություն չունի, չի կարող խոստանալ ու չկատարել իր խոստումը: Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ մինչև մարտի 18-ը, քանի որ այդ օրը պետք է հրապարակեր վճիռը, ինքը պետք է գումարի հարցը լուծի: Ինքը Գ.Հեբոյանին չի խոստացել, որ գումարը կտա, քանի որ իմացել է, որ այդքան գումար չունի և բնականաբար չի համաձայնվել, դուրս է եկել և սպասել է մարտի 18-ին հրապարակվող վճռին:
Մարտի 18-ին՝ ժամը 17:00-ին, գնացել է դատարան՝ վճռի հրապարակմանը ներկա գտնվելու: Սպասելուց հետո դատական կարգադրիչին հարցրել է, թե ինչու չի հրապարակվում վճիռը: Եթե չի սխալվում, կարգադրիչը կապվել է Գ.Հեբոյանի հետ, վերջինս իջել է ներքև, ասել է, որ չեն հասցրել վճիռը պատրաստել, հնարավոր է՝ հաջորդ օրը հրապարակվի, որից հետո հարցրել է գումարից, ինքն էլ հայտնել է, որ գումար չունի, սակայն հասկացել է, որ եթե այդ գումարը չտա դատավոր Գ.Հեբոյանին, ապա հարցն ի օգուտ իրեն չի լուծվի: Այդ ժամանակ իրեն հետաքրքրել է պետական տուրքի հարցը և ստիպված Գ.Հեբոյանին հայտնել է, որ կփորձի ինչ-որ բան անել: Գ.Հեբոյանն էլ ասել է, որ հաջորդ օրը՝ նույն ժամին, կարող է գալ և վճիռը վերցնել: Հաջորդ օրը՝ մարտի 19-ին՝ ժամը 17:00-ին, գնացել է վճիռը վերցնելու, այն վերցրել է գրասենյակից և Գ.Հեբոյանին չի տեսել:
Հասկանալով, որ այդ գումարը չի կարող որևէ տեղից ճարել և քանի որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում այլ քաղաքացիական գործեր է ունեցել, իսկ Եղվարդի նստավայրում՝ ունեցել է քրեական գործ, լուրջ խնդիրներ չունենալու համար դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և հայտնել, որ գտնվում է անելանելի վիճակում, որից հետո՝ մարտի 26-ին, իրեն հրավիրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և վերջինիս աշխատակիցների մասնակցությամբ գնացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր:
2019թ. մարտի 18-ին Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ, քանի որ հիմա գումարը չի բերել, իր հետ այլևս գործ չունենա և եթե գումարը լինի, ապա տանի փաստաբանական գրասենյակ և տա Վահագնին: Ինքն էլ հայտնել է, որ ավելի լավ է՝ անձամբ փոխանցի, ինչին դատավոր Գ.Հեբոյանն առարկել է: Մարտի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է Եղվարդ, մտել է Վահագնի փաստաբանական գրասենյակ, մի քիչ սպասելուց հետո բարձրացել է 2-րդ հարկ, ասել է, որ Վահագնին է ուզում: Ընդունարանում նստած են եղել երիտասարդ աղջիկ և մի կին: Հետագայում պարզվել է, որ երիտասարդ աղջիկը Վահագնի օգնականն է: Խնդրել է՝ հնարավորության դեպքում զանգահարել Վահագնին, փոխանցել իր այցի մասին և ճշտել, թե պետք է սպասել նրան, թե ոչ: Այդ աղջիկը զանգահարել է Վահագնին, ով ասել է, որ այդ օրը չի գալու աշխատավայր և փոխանցել է, որ վաղը գնա: Ինքը դուրս է եկել փաստաբանական գրասենյակից և մի քիչ սպասել: Ժամը 15:00-ի սահմաններում Գ.Հեբոյանն է եկել դատարան: Գնացել է դատարան, դատական կարգադրիչներին խնդրել է միացնել դատավոր Գ.Հեբոյանի հետ: Իրեն հայտնել են, որ վերջինս տեղում չէ, ինքն էլ պատասխանել է, որ Գ.Հեբոյանը հետևի մուտքով մտել է դատարան: Դատարան գնալու ճանապարհին հանդիպել է միջահասակ կարգադրիչին, ում բարևել է, որից հետո, երբ ինքը դատարան է մտել, կարգադրիչն իրեն ասել է, որ գնա փաստաբանական գրասենյակ՝ 2-րդ հարկ, Վահագնի մոտ և իրեն այնտեղ կասեն, թե ինչ պետք է անի: Ինքը բարձրացել է 2-րդ հարկ, երիտասարդ աղջիկն այլևս այնտեղ չի եղել, միայն միջին տարիքի կինն է եղել, ում հայտնել է, որ Վահագնի միջոցով պետք է գումար փոխանցի դատավոր Գ.Հեբոյանին: Նրան ասել է նաև, որ այդ գումարը կաշառքի գումար է: Այդ կինը զարմացել է, հարցրել է քաղաքացիական գործի համարը, ապա համակարգչով ճշտելուց հետո իրեն ասել է, որ միգուցե պետական տուրքի գումար է և ինքն ինչ-որ բան է շփոթում, որից հետո ասել է, որ գումարը տա Վահագնի օգնականին: Ինքը չի համաձայնվել և հայտնել է, որ հաջորդ օրը՝ ժամը 12:00-ին, կգա Վահագնի մոտ:
Հաջորդ օրը՝ ժամը 12:00-ին, գնացել է Վահագնի մոտ և հայտնել է, որ Գ.Հեբոյանն ասել է, որ գումարը բերի ու տա իրեն: Սկզբում Վահագնը իրեն այնպես է պահել, կարծես տեղյակ չէ այդ գումարից, որից հետո ինքը խնդրել է ճշտել՝ ասելով, որ եթե պետք չէ, ապա ավելի լավ, որից հետո Վահագնը ասել է, որ գումարը տանի ու իր մեքենայի ապակուց ներս գցի: Ինքը հարցրել է՝ արդյոք նա չի ցանկանում հաշվել գումարը, վերջինս ասել է, որ խնդիր չկա: Վահագնին հարցրել է, թե կարող է որոշ ժամանակ անց հանդիպել և հարցնել՝ արդյոք գումարը հասել է տեղ, թե ոչ, որից հետո՝ ժամը 15:00-ի սահմաններում, գնացել է Վահագնի մոտ և ճշտել: Վերջինս հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է:
Պատասխանելով իրեն առաջադրված հարցերին՝ վկա Բ.Հարությունյանը հայտնել է, որ այն գումարը, որը փոխանցել է Վ.Դանիելյանին, իրեն տվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, 25 հատ 100 ԱՄՆ դոլար է եղել, որն ինքը հաշվել է: Որքանով հիշում է՝ Լիլիթ Մանյանին հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանն իրեն ազատել է պետական տուրքից և դրա դիմաց գումար է պահանջել, միգուցե կաշառք բառը չի օգտագործել, չի պնդում, քանի որ անցել է 4 ամիս, հստակ չի կարող հիշել, սակայն այն, որ Լ.Մանյանն այլայլվել է իր խոսքից, դա պնդում է: Վերջինս, նայելով իր քաղաքացիական գործը, իրեն ասել է, ինքն ունի պետական տուրքի խնդիր և գումարը պետք է տա Վահագնի օգնականին:
Ինքը նախկինում գրեթե չի շփվել Վահագն Դանիելյանի հետ, սակայն դատավոր Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ գումարը փոխանցի Վահագնին և իր հետ այլևս գործ չունենա: Դատավոր Գ.Հեբոյանի խոսքից ինքը հասկացել է, որ եթե այդ գումարը չտա, ապա իր մյուս քաղաքացիական գործերը և քրեական գործը չեն լուծվի իր օգտին: Իր մյուս գործերը քննվել են այլ դատավորների վարույթում, սակայն իր անհանգստությունը կայացել է նրանում, որ մյուս դատավորները Գ.Հեբոյանի աշխատանքային ընկերներն են, և Գ.Հեբոյանը կարող էր ազդեցություն ունենալ այդ գործերի ընթացքի վրա: Նման դեպքեր իր կյանքում եղել են:
Երբ ինքը գնացել է Վահագնի մոտ, վերջինս դուրս է եկել սենյակից, ինքը մնացել է ներսում և նա դրսից փակել է դուռը: Վահագնը ստուգել է շարժը, նայել է մեքենաներին՝ ստուգելու համար, թե արդյոք տարածքում այլ անձինք կան: Երբ մոտեցել է Վահագնի ավտոմեքենային, վարորդի կողմի հետևի ապակին կիսով չափ բաց է եղել, և ինքը գումարը նետել է մեքենայի մեջ: Մեքենայի ապակիները մգեցված են եղել և մեքենայի սրահը չի տեսել:
Ինքը Գ.Հեբոյանին թշնամի չի համարել, և եթե Գ.Հեբոյանը գտել է, որ ինքը նրա համար թշնամի է եղել, ապա վերջինս պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, իսկ եթե ինքը Գ.Հեբոյանին որպես թշնամի ընդուներ, ապա անձամբ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն կներկայացներ:
2012 թվականին իր դեմ հայց է ներկայացված եղել, որից հետո 2 քաղաքացիական հայց ինքն է ներկայացրել՝ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի տնօրենների ընտրությունը անվավեր ճանաչելու համար, որոնք մերժվել են: Իր քաղաքացիական հայցերը չեն բավարարվել, սակայն ինքը Գ.Հեբոյանին որպես թշնամի չի ընդունել: Երբ դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, չի մտածել, որ հաղորդում տալու պայմաններում մյուս դատավորներն ավելի բացասաբար կտրամադրվեն իր հանդեպ, այլ մտածել է, որ կվերականգնվի արդարությունը: Չի կարող հիշել, թե երբ է լրացուցիչ հայցադիմում ներկայացրել: Այդ ժամանակ Գ.Հեբոյանի հետ անձամբ խոսակցություն չի ունեցել: Այն հարցին, թե երբ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին լրացուցիչ հայցադիմում և միջնորդություն է ներկայացրել, դատարանը լրացուցիչ հայցադիմումը ընդունել է վարույթ և միացրել առաջին հայցադիմումին, իսկ իր միջնորդությանը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, չի անդրադարձել և արդյոք դա իր համար տարօրինակ չի եղել, պատասխանել է, որ դատավորը դատական նիստի ժամանակ քննարկել և դատական նիստի ժամանակ բավարարել է իր միջնորդությունը: Ինքը Գ.Հեբոյանի հետ չի բանակցել, չի համաձայնվել նրան գումար տալ: Ինքը վճիռը ստացել է 2019 թվականի մարտի 19-ին, կարդացել է այն, այնտեղ պետական տուրքի մասին անդրադարձ չի եղել: Գումարի մասին Գ.Հեբոյանն իրեն ասել է մարտի 06-ին: Մարտի 01-ին դատարանի դահլիճում է մոտեցել Գ.Հեբոյանին, պատասխանող կողմն արդեն դուրս էր եկել դահլիճից: Գ.Հեբոյանը դուրս է եկել դահլիճից, ապա ներս մտնելու պահին ինքը մոտեցել է Գ.Հեբոյանին, իսկ նիստերի քարտուղարը գտնվել է իրենցից 6-7 մետր հեռավորության վրա: Գ.Հեբոյանի հետ բարձր չի խոսել, հանգիստ են խոսել և Գ.Հեբոյանն այդ ժամանակ գումարի մասին որևէ ակնարկ չի արել, ասել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը կնայի ու կասի, ապա սեղանից վերցրել է օրենսգիրքը, նայել է, չի գտել հոդվածը, սակայն իրեն ասել է, որ նախապես միջնորդություն պատրաստի: Երբ ինքը միջանցքում նստած գրել է միջնորդությունը, Գ.Հեբոյանը մոտեցել է ու վկայակոչելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը՝ ասել է, որ միջնորդության մեջ վկայակոչի հիշյալ օրենքն ու միջնորդության հիմքում նշի իր առողջական խնդիրները: Գ.Հեբոյանն այդ ժամանակ գումարից չի խոսել, նա պատրաստակամ է եղել իրեն օգնել: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի մասին իրեն Գ.Հեբոյանն ասել է դատական նիստերի դահլիճից դուրս՝ դատական կարգադրիչների դիմաց դրված սեղանի մոտ: Երբ նա մոտեցել է, միջանցքում եղել են կարգադրիչներ: Հաջորդ անգամ ինքը ներկայացել է դատարան և բերել բժշկական փաստաթղթեր: Ինքն ու Գ.Հեբոյանը կրկին զրուցել են նույն սեղանի մոտ, իր հիշելով՝ մարդիկ եղել են այդտեղ: Գումարի մասին խոսակցությունը եղել է հենց այդ սեղանի մոտ: Կաշառքի առաջարկը եղել է Գ.Հեբոյանի կողմից: Պնդում է, որ այն չէր կարող լինել իր կողմից, քանի որ ինքը գումար չի ունեցել և Գ.Հեբոյանը պատրաստակամ է եղել օգնել իրեն: Ինքը մտածել է, որ եթե դատավորն իրեն օգնի, նրա լավության տակից դուրս կգա, կհրավիրի ինչ-որ տեղ և կհյուրասիրի նրան: Իր կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը սկզբնական շրջանում հետ են վերադարձվել՝ պետական տուրքը թերի մուծելու համար, իսկ հետո, երբ լրացուցիչ հայցի պահանջ է ներկայացրել, այն դատարանը վարույթ է ընդունել:
Այն հարցին, թե ինչպես է այդ դեպքում տեղեկացել, որ պետք է պետական տուրք վճարեր, պատասխանել է, որ իր կողմից այդ հայցադիմումը փետրվար ամսին է ներկայացվել և դատավոր Գ.Հեբոյանն իրեն հայտնել է, որ վարույթ չի ընդունել, քանի որ պետական տուրքը մուծված չի եղել: Բացի այդ, ինքը միջնորդություն է ներկայացրել՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին և դատավոր Գ.Հեբոյանը դատական նիստի ժամանակ իր միջնորդությունը բավարարել է:
ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված դիմումը մարտի 20-ին գրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ընդունարանում: Դիմումը գրելիս ինքն է մտքերը շարադրել, սակայն հստակ չի հիշում՝ ինչ է գրել: Դիմումը գցել է արկղի մեջ, որից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն իրեն զանգահարել և հրավիրել են իրենց մոտ: Հստակ չի հիշում իր հաղորդման բովանդակությունը: Չի հիշում, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենք քանի անգամ է գնացել, հնարավոր է՝ 5-6 անգամ հրավիրել են: Տարիքի հետ կապված՝ հիշողության խնդիրներ ունի:
Չի հիշում, թե նախկինում Գ.Հեբոյանի և Վ.Դանիելյանի հետ գումարային հարցեր ունեցել է, թե ոչ: Չի հիշում՝ հաղորդման մեջ գրել է արդյոք նախկինում Գ.Հեբոյանի կողմից իրենից կաշառք պահանջելու և ստանալու մասին: Այն գումարը, որը գցել է Վահագն Դանիելյանի մեքենայի ապակուց ներս, չի եղել փաթեթավորված, պարզապես ծալված ու իր գրպանում դրված է եղել: Նախկինում եղել է դեպք, եթե չի սխալվում՝ 2012 կամ 2013 թվականին, քաղաքացիական գործով Գ.Հեբոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ, սակայն դատավոր Գ.Հեբոյանին չեն ենթարկել կարգապահական տույժի: Այդ հանգամանքն իր համար վերջին գործով նշանակություն չի ունեցել, քանի որ համարել է, որ դա սովորական աշխատանքային գործընթաց է:
Գ.Հեբոյանի հետ կապված նախկինում եղել են դեպքեր, որոնց մասին չի ցանկանում ներկայումս բարձրաձայնել, քանի որ այդ մասով ինքը պատրաստվում է դիմել պատկան մարմինների և չի ցանկանում, որպեսզի իր հայտնած տեղեկությունները հետագայում օգտագործվեն իր դեմ:
Մարտի 06-ին իրենք համաձայնության չեն եկել, իսկ մարտի 18-ին ինքը Գ.Հեբոյանին խոստացել է ինչ-որ բան անել՝ գումարը հայթայթելու համար: Ինչ-որ բան անել ասելով՝ ի նկատի չի ունեցել իր կողմից ցուցմունքով հայտնած՝ Գ.Հեբոյանին պատիվ տալը. դա ցանկացել է անել մինչև մարտի 06-ը: Այնուհետև, մտածել է մի բան խոստանալ Գ.Հեբոյանին, որպեսզի նա պետական տուրքը չթողնի իր վրա: Իր խոսքից հետո Գ.Հեբոյանի մոտ ձևավորվել է վստահություն, որ ինքը կբերի գումարը: Իր և Գ.Հեբոյանի միջև եղել են վստահելի հարաբերություններ, հակառակ դեպքում՝ Գ.Հեբոյանն իրենից գումար չէր պահանջի:
Իր հաղորդման մեջ նշված՝ Գ.Հեբոյանի վերաբերյալ նախկին դեպքերը չի կարող հիշել, թե որ քաղաքացիական գործերի շրջանակներում են եղել: Իր կողմից ներկայացված հայցադիմումները կազմվում են հիմնականում իր կողմից: Սույն գործով փաստաբանի չի դիմել, վերջին պահին դիմել է, սակայն նա այլ գործով դատական նիստի է մասնակցել և չի ներկայացել դատական նիստին: Իրեն պետական տուրքի վճարումից ազատելը դատավոր Գագիկ Հեբոյանը կատարել է օրենքի շրջանակներում: Նախկինում ի վնաս իրեն կայացված վճիռներից մեկը բողոքարկել է, իսկ մյուսները չի բողոքարկել և չի կարող նշել, թե ինչ պատճառով չի բողոքարկել, չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին:
Երբ ինքը գումարը գցել է Վ.Դանիելյանի մեքենայի մեջ, վերջինս կանգնած է եղել աստիճանների վրա՝ դռան մոտ: Նա կանգնած մնացել է մինչև վերջ: Գտնում է, որ Վահագն Դանիելյանը տեղյակ է եղել գումարի մասին, իմացել է, թե ինչի համար է այն նախատեսված և որքան է կազմում, այլապես, երբ ինքը մոտեցել է նրան, նա իրեն չէր հորդորի գումարը գցել մեքենայի մեջ:
Երբ Գ.Հեբոյանն իրենից առաջին անգամ գումար է պահանջել, ինքն անմիջապես չի որոշել հաղորդում տալ, քանի որ ինքն այդ օրը վատառողջ է եղել: Բացի այդ, ամեն ինչ թողել է Աստծո հույսին, սպասել է վճռի հրապարակմանը, սակայն, երբ մարտի 18-ին վճիռը չի հրապարակվել, ինքն այդ ժամանակ հասկացել է, որ առանց իր միջամտության վճիռն իր օգտին չի կայացվի:
Իր գույքի և դրամական միջոցների վրա 2015 թվականից կալանք է դրված եղել, որը հանվել է 2019 թվականի մայիսի 02-ին: Չգիտի, թե իր գույքի վրա եղած արգելանքն ինչ կարգով է հանվել, առաջարկում է տվյալ դատավորին հարցնել այդ մասին:
Երբ Գ.Հեբոյանը դատական նիստի ժամանակ բավարարել է իր միջնորդությունը՝ պետական տուրքը հետաձգելու մասին, ինքն այս պահին չի հիշում՝ այդ միջնորդությունը բավարարելու մասին դատական ակտ կայացվել է, թե ոչ, սակայն պնդում է, որ Գ.Հեբոյանը բավարարել է իր միջնորդությունը, քանի որ հակառակ դեպքում իր հայցադիմումը կվերադարձվեր: Նախկինում Վահագն Դանիելյանի հետ հանդիպումներ չի ունեցել, պարզապես բարևել են միմյանց: Մինչ այս դեպքը՝ շփում չի ունեցել նրա հետ, սակայն, քանի որ շատ է եղել դատարաններում, այնտեղ է տեսել նրան ու տեղեկացել է, որ Վ.Դանիելյանը փաստաբան է:
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ վկա Բենիկ Հարությունյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, հրապարակել է վկայի նախաքննական ցուցմունքները:
Վկա Բենիկ Հարությունյանը 2019թ. մարտի 28-ին ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն կասկածյալի կարգավիճակ տալու հետ համամիտ չէ, քանի որ ինքն է նախատեսել և իր կամքով դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի վերականգնվի արդարությունը: Եթե ինքը ցանկություն ունենար դատավորին կաշառք տալ, ապա չէր դիմի իրավապահ մարմիններին: Վաղուց է ճանաչում Գ.Հեբոյանին, նա իր հետ կապված բազմաթիվ դատական գործեր է քննել: Թիվ ԿԴ3/0401/18 քաղաքացիական գործով ինքը հայց է ներկայացրել դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեր «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության և Օ.Հարությունյանի միջև կնքված՝ թվով 4 փոխառության պայմանագրերը, որով իբր Օ.Հարությունյանը 166 միլիոն ՀՀ դրամ փոխառության գումար է հանձնել «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը: Իր կողմից ներկայացված հայցի մեջ նշել է նաև, որ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության և Օ.Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը անվավեր ճանաչվի: Հայտնել է, որ թե՛ ներկայումս, թե՛ նախկինում, հանդիսացել է «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության 26 տոկոսի բաժնետերը, իսկ իր եղբայրը՝ Օ.Հարությունյանը, հանդիսացել է 74 տոկոսի բաժնետերը: Հարկային մարմինները մոտ 340 միլիոն ՀՀ դրամի ակտ են գրել իրենց ընկերության վրա, քանի որ ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Առաքելյանի կողմից փոխառության պայմանագրերը ցույց չեն տրվել հարկային հաշվետվություններում: Նշված 340 միլիոն ՀՀ դրամից շուրջ 170 միլիոն ՀՀ դրամը կազմել են տույժ-տուգանքները: Այդ գումարները փաստացի պետք է վճարեր Ս.Առաքելյանը, և ինքը դատարանից խնդրել է, որ այդ 170 միլիոն ՀՀ դրամը բռնագանձվի Սեյրան Առաքելյանից: Ինքը պետք է վճարեր այդ 170 միլիոն ՀՀ դրամի 2 տոկոսը՝ որպես պետական տուրքի գումար, որը կազմում էր 3 միլիոն 400 հազար ՀՀ դրամ: Ինքն այդ գումարը չի ունեցել:
Ինքը դատավոր Գ.Հեբոյանի վերաբերմունքից հասկացել է, որ իր հայցը մերժվելու է և հերթական դատական նիստի ընդմիջման ժամանակ՝ 2019թ. մարտի 1-ին, ինքը Գագիկ Հեբոյանին խնդրել է հնարավորության դեպքում իրեն ազատել պետական տուրքի վճարումից: Դատավոր Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ ներկայացնի իր հիվանդությունների վերաբերյալ փաստաթղթեր և միջնորդության մեջ նշի, որ իր սոցիալական վիճակը լավ չէ և այդ հիմքով իրեն կազատեն պետական տուրքի վճարումից: 2019թ. մարտի 04-ին իր առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ: Ինքը բազմաթիվ հիվանդություններ ունի, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի ուռուցք: Հաշվի առնելով, որ իր հիվանդության վերաբերյալ փաստաթղթերն իր մոտ չի պահում, դրանք հիվանդանոցներից է հավաքել և ներկայացրել, ուստի առողջական վիճակի պատճառով չի կարող դրանք կրկին վերցնել հիվանդանոցից: 2019թ. մարտի 04-ին բժշկական փաստաթղթեր է ներկայացրել դատարան, միաժամանակ, գրասենյակի աշխատակցին ասել է, որ ցանկանում է տեսնել դատավոր Գագիկ Հեբոյանին: Մի քանի րոպե անց, Գ.Հեբոյանը իջել է առաջին հարկ, և ինքը նրան ասել է, որ բժշկական փաստաթղթերը ներկայացրել է և մեկ անգամ ևս խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից: Միաժամանակ, հարցրել է, թե նրա լավության դիմաց ինչպես վարձահատույց լինի, սակայն ամենևին նպատակ չի ունեցել նրան կաշառք տալը, այլ ինքն իր մեջ մտածել է՝ ինչ-որ ձևով լավություն անել դատավորին, ինչ-որ տեղ հյուրասիրել նրան: Ի զարմանս իրեն՝ դատավոր Գ.Հեբոյանն ասել է, որ ինքը պետք է պետական տուրքի 50 տոկոսը տա նրան, որը կազմել է 3500 ԱՄՆ դոլար և ասել է, որ այդ գումարը տալու դեպքում պետական տուրքն իր վրայից կհանի: Ինքն ասել է, որ այդքան գումար չունի, խնդրել է, որ գումարի չափը փոքր-ինչ նվազեցնի, որից հետո դատավոր Գ.Հեբոյանն ասել է, որ մինչև վճռի կայացումը պետք է գոնե 2500 ԱՄՆ դոլար գումար տա: Ինքը ստիպված, այլ ելք չունենալով՝ ասել է, որ կտեսնի, թե ինչ կարող է անել: Դատավոր Գ.Հեբոյանի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ինքը համաձայնվել է, քանի որ ինքը նրա ասածին հավանություն է տվել, նշել է, որ նրա առաջարկին հավանություն է տվել, բայց ինքն իր մեջ իմացել է, որ այդ գումարը չի կարող տալ և քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, օրենքն աշխատում է, իսկ Գ.Հեբոյանի պես մարդիկ համակարգի անվան հետ են խաղում, որոշել է դիմել իրավապահ մարմիններին՝ արդարությունը վերականգնելու համար, որպեսզի մյուսներն էլ տեսնեն, որ պետք է արդար դատավճիռ կայացնել: Քանի որ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի պատճառով ցավեր է ունեցել, այդ օրը, ինչպես նաև դրա հաջորդ օրը եղել է անկողնային վիճակում, որի պատճառով չի կարողացել ժամանակին դիմել իրավապահ մարմիններին, իսկ երբ արդեն իր վիճակը մի փոքր կայունացել է, որոշել է դիմել իրավապահ մարմիններին: Քանի որ ցավերը լիովին չէին անցել և մեքենայով պետք է գար Երևան, որովհետև որոշել էր դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որոշել է մեկ-երկու օր իր վիճակն ավելի կայունացնել, որպեսզի ճանապարհին խնդիրներ չունենա: Եթե առողջական խնդիրներ չունենար, ապա մարտի 04-ին էլ կդիմեր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Մինչև 2019թ. մարտի 20-ը՝ ՀՀ ԱԱԾ դիմելը, մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գնացել է դատարան: Սկզբում գրասենյակում, այնուհետև նաև՝ ընդունարանից տեղեկացել է, որ իր վճիռը դեռևս պատրաստ չէ և այն պատրաստ կլինի հաջորդ օրը՝ նույն ժամին: Միաժամանակ, Գ.Հեբոյանն իրեն հարցրել է, թե երբ կլինի նրա պահանջած 2500 ԱՄՆ դոլար գումարը: Քանի որ ինքն արդեն որոշել էր դիմել ՀՀ ԱԱԾ-ին, պատասխանել է, որ մոտ օրերս կաշխատի այդ գումարը բերել, իսկ Գ.Հեբոյանն ասել է, որ մինչև շաբաթվա վերջ պետք է աշխատի գումարը բերել: Հաջորդ օրը ինքը գնացել է դատարան, ստացել է վճիռը և տեսել, որ Գ.Հեբոյանն իրեն ազատել է պետական տուրքի վճարումից: Հաստատ կարող է ասել, որ նա իրեն հենց այնպես պետական տուրքի վճարումից ազատել չէր կարող, նա իրեն պետական տուրքի վճարումից ազատել է՝ պահանջած կաշառքի համար, համոզված լինելով, որ ինքն այդ գումարը կտանի: Բացի այդ, այլ ընթացիկ հայցեր ևս ինքն ունեցել է այդ դատարանում այլ դատավորների վարույթում, և եթե ինքն իր խոստումը չկատարեր, ապա Գ.Հեբոյանը, իր ազդեցությունն օգտագործելով, իրեն վնաս կտար:
2019թ. մարտի 20-ին դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և հաղորդում տալով՝ պատմել է կատարվածի մասին: Իր դիմումը գցել է ՀՀ ԱԱԾ-ի ընդունարանի արկղի մեջ, սակայն իրեն կանչել են մարտի 25-ին: Այդ ժամանակ է հաղորդում և բացատրություն տվել, իսկ մինչ այդ, ժամանակ շահելու համար է գնացել դատարան, Գ.Հեբոյանին խնդրել է, որ նրա պահանջած 2500 դոլարը տալը մի քանի օր ևս հետաձգի: Գ.Հեբոյանն այդ հանգամանքը տհաճությամբ է ընդունել՝ ասելով, որ այդ գումարի հարցով այլևս իր մոտ չգնա, այլ գնա Եղվարդի դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Դանիելյանի մոտ և 2500 ԱՄՆ դոլարը տա նրան: Ինքը հասկացել է, որ այդ ամենի մասին Գ.Հեբոյանը պատմել է Վահագնին: ՀՀ ԱԱԾ-ում հաղորդում և բացատրություն տալուց հետո համապատասխան միջոցառման ժամանակ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն իր վրա տեղադրել են հատուկ տեսագրող և ձայնագրող սարք, իրեն տվել են մշակված 25 հատ 100 ԱՄՆ դոլար թղթադրամներ, որոնք ինքը վերցրել և դրել է իր տաբատի գրպանը:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ի սահմաններում, գնացել է Վ.Դանիելյանի գրասենյակ: Վ.Դանիելյանը այնտեղ չի եղել: Մի փոքր սպասելուց հետո տեսել է, որ Գ.Հեբոյանը եկել է դատարան: Մոտեցել է, որ տեսնի Գ.Հեբոյանին, սակայն կարգադրիչներից մեկն իրեն ասել է, որ գնա Վահագնի գրասենյակի երկրորդ հարկ: Դրանից հետո բարձրացել է երկրորդ հարկ, տեսել է 40-45 տարեկան մի կնոջ, ում տվյալները չգիտի, սակայն նա ևս փաստաբան է եղել: Այդ կնոջն ասել է, որ Գ.Հեբոյանի պահանջով պետք է փաստաբան Վահագնին 2500 ԱՄՆ դոլար տա: Կինը հարցրել է, թե այդ ինչ գումար է, ինքն էլ պատասխանել է, որ Գ.Հեբոյանն է պահանջել: Նա իրեն հարցրել է՝ միգուցե պետական տուրքի մասնակի մարում է, իսկ ինքը պատասխանել է, որ չի կարծում, սակայն եթե գումարը պետական տուրքի մասնակի մարում է համարվում՝ ուրեմն այդպես է: Այդ բառերն ինքը մոտավոր է հիշում, սակայն բովանդակությունը դա է եղել: Դրանից հետո այդ կինն ասել է, որ գումարը թողնի Վահագնի քարտուղարի մոտ և գնա, իսկ մինչ այդ, Վահագնի քարտուղարը զանգահարել է Վահագնին: Վահագնը, իմանալով որ ինքն է, ասել է, որ մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, կարող է հանդիպել նրան:
Հաջորդ օրը գումարով և սարքավորումներով գնացել է Վահագնի մոտ, նրան ասել է, որ 2500 ԱՄՆ դոլարը բերել է: Նա սկզբում որևէ բան չի ասել, բայց ինքը հասկացել է, որ նա լարվել է և անընդհատ դուրս է նայել: Այդ ժամանակ հասկացել է, որ Վահագնը տեղյակ է, որ իր տված գումարը Գ.Հեբոյանի պահանջած կաշառքն է: Իրենք միասին դուրս են եկել, և նա, մեկ անգամ ևս չորս կողմը նայելով, ասել է, որ գումարը տանի և գցի ավտոմեքենայի վարորդի կողմի հետևի ապակուց ներս, որը մի փոքր բաց է: Ինքը կատարել է Վահագնի ասածը: Գումարը մեքենայի մեջ գցելուց հետո վերադարձել ու հարցրել է Վահագնին, թե կարող է 2 կամ 3 ժամից կրկին մոտենալ՝ տեղեկանալու համար, թե նորմալ է ամեն բան, ինչին վերջինս տվել է դրական պատասխան: Վահագնը իր ականջին է ասել, որ ինքը գումարը տանի և գցի ավտոմեքենայի պատուհանից ներս, իսկ նրա ավտոմեքենան կանգնած է եղել գրասենյակի կողքին: Վահագնը հաստատ տեղյակ է եղել, որ այդ 2500 ԱՄՆ դոլարը Գ.Հեբոյանի պահանջած կաշառքի գումարն է, որովհետև, եթե նա անտեղյակ լիներ, ապա հանգիստ կվերցներ այդ գումարը՝ որպես պետական տուրքի մարում կամ կհարցներ, թե ինչ գումար է, կամ կզարմանար, կամ դատավորից կճշտեր, այլ ոչ թե գաղտագողի, վախեցած կողքից կդիտեր ու կասեր, որ գումարը նրա մեքենայի պատուհանից ներս գցի:
Այն տաբատը, որը եղել է իր հագին և որի գրպանում եղել է գումարը, չի լվացվել և լրացուցիչ կներկայացնի քննությանը: Երբ Վահագնի պահանջով 2500 ԱՄՆ դոլար գումարը գցել է նրա ավտոմեքենայից ներս, մի քանի ժամ անց, նորից գնացել է Վահագնի մոտ, հարցրել է՝ ամեն ինչ նորմալ է, թե ոչ: Վերջինս իրեն հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է, ինչի տակ ինքը հասկացել է, որ կամ գումարն արդեն փոխանցել է Գ.Հեբոյանին, կամ նրան հայտնել է, որ ինքը գումարը բերել է:
Վկա Բենիկ Հարությունյանը 2019թ. ապրիլի 03-ին ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն իր նախաձեռնությամբ է դիմել իրավապահ մարմիններին՝ արդարությունը վերականգնելու համար, ինքն իր նախաձեռնությամբ է համագործակցել հանցագործության բացահայտմանը, իրեն որևէ մեկը չի հորդորել դիմել իրավապահներին, այլ դա իր կամքով է կատարել: Եթե ինքը չդիմեր իրավապահներին, ապա ոչ ոք չէր իմանա, որ դատավոր Գ.Հեբոյանը իրենից առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել՝ իր քաղաքացիական հայցով՝ 3,4 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրքը չեղարկելու համար: Մեղադրանքի որոշման մեջ գրված է, որ ինքը խոստացել է Գ.Հեբոյանի պահանջած 2500 ԱՄՆ դոլար կաշառքը տալ 2019թ. մարտի 04-ին, ինչն այդպես չէ: Ինքն ինչպես կասկածյալ, այնպես էլ որպես մեղադրյալ ցուցմունք է տվել այն մասին, որ երբ Գ.Հեբոյանի պահանջով 2019թ. մարտի 04-ին դատարան է տարել իր հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը, այն տարել է գրասենյակ, տվել է գրասենյակի աշխատողին, միաժամանակ, խնդրել է, որ դատավոր Գ.Հեբոյանին ասի, որ վերջինս իջնի ներքև: Քիչ անց դատավորը եկել է առաջին հարկ, ինքը միջանցքում տեսել է նրան ու ասել, որ պետական տուրքից ազատելու համար պահանջված հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը բերել է, իսկ պետական տուրքից ազատելու վերաբերյալ միջնորդությունն արդեն գրել էր: Գ.Հեբոյանն ասել է, որ 3,4 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրքից ազատելու համար նրան պետք է տա այդ գումարի կեսը, որը կազմում է 3500 ԱՄՆ դոլար: Մինչ Գ.Հեբոյանի կողմից այդ գումարն ուզելը՝ ինքը Գ.Հեբոյանին հարցրել է, թե ինչպես դուրս գա նրա լավության տակից և ինչպես վարձահատույց լինի, սակայն նպատակ չի ունեցել նրան կաշառք առաջարկել, այլ դա ասելով՝ ի նկատի է ունեցել շատ թեթև, ինչ-որ սիմվոլիկ բան, մասնավորապես՝ ինչ-որ տեղ, այդ թվում՝ իրենց տանը, նրան հյուրասիրելը: Երբ ինքը Գ.Հեբոյանին հարցրել է, թե ինչպես պետք է վարձահատույց լինի, վերջինս, ի զարմանս իրեն՝ իրենից 3500 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել, ինչին ի պատասխան՝ ինքն ասել է, որ գումար չունի, ինչից հետո Գ.Հեբոյանն ասել է, որ գոնե մինչև վճիռ կայացնելը պետք է 2500 ԱՄՆ դոլար կաշառք տա իրեն: Նրա այդ պահանջին ինքը համաձայնություն չի տվել:
2019թ. մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երբ գնացել է դատարան, դահլիճի մոտ հանդիպել է դատավոր Գ.Հեբոյանին, ով ասել է, որ վճիռը պատրաստ չէ, չնայած մարտի 01-ի դատական նիստին նա հայտարարել է, որ վճիռը կհրապարակվի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ից 18:00-ը: Գ.Հեբոյանը նաև ասել է, որ հաջորդ օրը ինքը գնա վճռի հետևից, միաժամանակ, նա հարցրել է, թե ինչ եղավ գումարը: Ինքը, մտածելով, որ նա սպասում է գումարին, որ իրեն ազատի պետական տուրքից, ասել է, որ մինչև շաբաթվա վերջ գումարը կլինի, ինչից հետո Գ.Հեբոյանն ասել է, որ եթե այդպես է, այլևս իր հետ գործ չունենա, գումարը լինելու դեպքում գնա դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Դանիելյանի մոտ և այդ գումարը տա նրան: Նա ասել է, որ այդ մասին կտեղեկացնի Վահագնին: Դրանից հետո՝ մինչև 3 օրը լրանալը, ինքը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ասել, որ դատավոր Գ.Հեբոյանն իրենից կաշառք է պահանջում, այսինքն՝ ինքը Գ.Հեբոյանին կաշառք տալու խոստում տվել է 2019թ. մարտի 18-ին: Իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում ինքը 2500 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի գումարը տվել է փաստաբան Վահագնին, գումարը տալու մանրամասնությունների մասին նախկին ցուցմունքում նշել է: Վ.Դանիելյանն այդ ամենից տեղյակ է եղել, նա գաղտագողի է գումարը վերցրել՝ իրեն ասելով, որ այդ գումարը գցի մեքենայի պատուհանից ներս: Այսքանից հետո իրեն անհիմն մեղադրանք է առաջադրվել, և եթե իրեն առաջադրված մեղադրանքն իր վրայից չհանեն, ինքը հրաժարվում է որևէ մեկի հետ առերես հարցաքննվելուց, ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
Վկա Բենիկ Հարությունյանը 2019թ. ապրիլի 17-ին ցուցմունք է տվել այն մասին, որ 2019թ. մարտի 04-ին գնացել է հիվանդանոց՝ իր բժշկական փաստաթղթերի հետևից, սակայն դրանք դատարան է տարել մարտի 06-ին և քանի որ մարտի 04-ին է գնացել հիվանդանոց, դա է եղել պատճառը, որ օրը շփոթել է և իր ցուցմունքում, որպես փաստաթուղթը տանելու օր, նշել է 2019թ. մարտի 04-ը: Իրականում մարտի 06-ին՝ մինչև կեսօր է տարել փաստաթուղթը, որից հետո, որքանով հիշում է, իգական սեռի դատական կարգադրիչի միջոցով կանչել է դատավոր Գ.Հեբոյանին, ում հետ զրուցել է և ասել, որ բժշկական փաստաթղթերը բերել է, իսկ նա մոտ 3,4 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրքից իրեն ազատելու համար իրենից պահանջել է 3500 ԱՄՆ դոլար: Երբ ինքն ասել է, որ չունի այդքան գումար, Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ գոնե մինչև վճռի հրապարակումը իրեն պետք է 2500 ԱՄՆ դոլար կաշառք տա:
Պատասխանելով այն հարցին, թե նախկինում նշել է, որ մարտի 06-ին դատավոր Գ.Հեբոյանին կանչել ու զրուցել է գրասենյակի աշխատակցի միջոցով, իսկ այժմ նշում է, որ իգական սեռի դատական կարգադրիչի միջոցով է կանչել, հայտնել է, որ հաստատապես չի կարող հիշել, թե ում միջոցով է կանչել, սակայն որքանով հիշում է՝ իգական սեռի դատական կարգադրիչի միջոցով է կանչել նրան: Այն, որ նախկինում հայտնել է, թե Գ.Հեբոյանն իրենից կաշառք է պահանջել և ինքը չի համաձայնվել ու սակարկություններ անելուց հետո ինքը փաստացի համաձայնվել է Գ.Հեբոյանին տալ 2500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ հետագայում նշել է, որ կաշառք տալու համաձայնությունը տվել է միայն 2019թ. մարտի 18-ին, երբ հերթական անգամ դատարանում հանդիպել է Գ.Հեբոյանին, այդ մասին զրուցել է նրա հետ, պատասխանել է, որ նախկինում չի կարողացել շարադրել իր մտքերը. երբ 2019թ. մարտի 06-ին Գ.Հեբոյանն իրենից 3500 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք է պահանջել, այդ ժամանակ ինքը փաստացի համաձայնություն չի տվել, այլ հակառակը, ասել է, որ այդքան գումար չունի: Նա է իրեն ասել, որ 2500 ԱՄՆ դոլար բերի, հակառակ դեպքում՝ պետական տուրքից չի ազատի, ինչին ինքը չի համաձայնվել և չի հասկացել, թե ինչպես է ստացվել, որ որպես կասկածյալ տված ցուցմունքում և դրանից առաջ տված հաղորդման և բացատրության մեջ նշել է, որ մի բան կանի: Կրկնում է, որ դրանք եղել են իր մտքերը ոչ ճիշտ շարադրելու արդյունք: Մեկ անգամ ևս նշում է, որ մարտի 18-ին, երբ գնացել է վճիռը վերցնելու, Գ.Հեբոյանն իրեն հարցրել է, թե ինչ եղավ գումարը և հայտնել է, որ վճիռը դեռ պատրաստ չէ: Ինքն այդ ժամանակ հասկացել է, որ մինչև նրա կողմից պահանջած 2500 ԱՄՆ դոլար գումարը չտա, նա իրեն պետական տուրքից չի ազատի, և այդ օրը կաշառք տալու նրա պահանջը ստիպված ընդունել է՝ հասկանալով, որ եթե կաշառքը չտա, իրեն պետական տուրքից չեն ազատի: Բացի այդ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ինքն այլ գործեր ուներ և եթե չհամաձայնվեր կաշառք տալ, ապա Գ.Հեբոյանը իրեն և՛ պետական տուրքից չէր ազատի, և՛ իր գործընկերներին կասեր, որ ի վնաս իրեն վճիռ կայացնեին: Ըստ իրեն՝ Գ.Հեբոյանն իրեն պետական տուրքից ազատել է օրինական ճանապարհով: 2019թ. մարտի 18-ին Գ.Հեբոյանին կաշառք տալու համաձայնություն տալուց հետո ինքը եռօրյա ժամկետում դիմել է իրավապահ մարմնին ու պատմել կատարվածի մասին, աջակցել և օգնել է բացահայտել հանցագործությունը:
Վկա Բենիկ Հարությունյանը 2019թ. ապրիլի 18-ին Վահագն Դանիելյանի հետ առերես հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանի վարույթում է քննվել իր կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության և Օ.Հարությունյանի միջև կնքված թվով 4 փոխառության պայմանագրերը, ինչպես նաև «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության և Օ.Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քանի որ հարկային մարմինները մոտ 340 միլիոն ՀՀ դրամի ակտ են գրել իրենց ընկերության վրա՝ ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Առաքելյանի կողմից հարկային հաշվետվությունները ցույց չտալու պատճառով: Նշված 340 միլիոն ՀՀ դրամից շուրջ 170 միլիոն ՀՀ դրամը կազմել են տույժ-տուգանքները և հայցադիմումում խնդրել է հիշյալ գումարները բռնագանձել Ս.Առաքելյանից: Որպես պետական տուրքի գումարը՝ ինքը պետք է վճարեր այդ 170 միլիոն ՀՀ դրամի 2 տոկոսը, որը կազմում էր 3 միլիոն 400 հազար դրամ: Գործի քննության ընթացքում դատավոր Գագիկ Հեբոյանին խնդրել է հնարավորության դեպքում իրեն ազատել պետական տուրքի վճարումից: Դատավոր Գ.Հեբոյանն իրենից մինչև վճռի հրապարակումը 3500 ԱՄՆ դոլար է պահանջել և ասել է, որ այդ գումարը տալու դեպքում պետական տուրքն իր վրայից կհանի: Վճռի հրապարակման օրը՝ 2019թ. մարտի 18-ին, գնացել է դատարան, հանդիպել է դատավոր Գ.Հեբոյանին, ով հայտնել է, որ չի հասցրել վճիռը կայացնել, միևնույն ժամանակ, նա հարցրել է, թե երբ կարող է տալ 2500 ԱՄՆ դոլարը: Հասկանալով, որ այդ գումարից է կախված իր օգտին վճիռ կայացնելը, ստիպված ասել է, որ կաշխատի մինչև շաբաթվա վերջ բերել գումարը: Դատավոր Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ գումարը տանի և դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Դանիելյանին տա: Սկզբում չի հասկացել, թե ում մասին է խոսքը, և դատավոր Գ.Հեբոյանն իրեն հայտնել է, որ վերջինս աշխատում է դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակում: 2019թ. մարտի 26-ին ինքը գնացել է դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակ, հարցրել է Վահագնին: Նրա օգնականը հեռախոսազանգի միջոցով կապվել է նրա հետ, հայտնել է, որ Բենիկն է եկել, իսկ Վահագնը օգնականի միջոցով իրեն փոխանցել է, որ այցելի հաջորդ օրը՝ ժամը 12:00-ին:
Հաջորդ օրը՝ մարտի 27-ին, ինքը գնացել է Վահագնի գրասենյակ: Նրան հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանն է իրեն ուղարկել, 3,4 միլիոն ՀՀ դրամ պետական տուրքից իրեն ազատելու դիմաց 2500 ԱՄՆ դոլար է պահանջել և ասել, որ այդ գումարը տա իրեն: Սկզբում Վահագնը ձևացրել է, որ տեղյակ չէ՝ նշելով, որ Գ.Հեբոյանն իրեն ոչինչ չի ասել, սակայն, երբ ինքը հայտնել է, որ գումարը բերել է, Վահագնը մի քանի անգամ ներսուդուրս է արել, իրեն ասել է, որ գումարը տանի ու գցի իր ավտոմեքենայի հետևի պատուհանից ներս: Գումարը տարել է, գցել Վահագնի ավտոմեքենայի հետևի լուսամուտից ներս, այնուհետև վերադարձել է Վահագնի մոտ, հարցրել նրան, թե կարող է արդյոք 2 կամ 3 ժամից կրկին վերադառնալ՝ պարզելու համար, թե արդյոք ամեն բան կարգին է: Այսինքն՝ ցանկացել է ճշտել, թե արդյոք գումարը հասել է Գ.Հեբոյանին: Վահագնը տվել է դրական պատասխան: Այնուհետև, 3 ժամից հանդիպել է Վահագնին, հարցրել է այդ մասին, իսկ Վահագնը տվել է դրական պատասխան, որից հետո ինքը հեռացել է:
Վահագն Դանիելյանը, լսելով իր հետ առերես հարցաքննվող Բենիկ Հարությունյանին, հայտնել է, որ Գագիկ Հեբոյանին կաշառք տալու վերաբերյալ Բենիկ Հարությունյանն իրեն ոչինչ չի հայտնել և օգտվելով իր դատավարական իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
Վահագն Դանիելյանի այն հարցին, թե ինչպես է Բենիկ Հարությունյանն առանց իրեն ճանաչելու համաձայնվել գումար տալ, Բ.Հարությունյանը հրաժարվել է պատասխանել:
Վահագն Դանիելյանը հայտարարել է, որ շատ հարցեր ունի տալու, սակայն, հաշվի առնելով, որ Բ.Հարությունյանը հրաժարվում է դրանց պատասխանել՝ նպատակահարմար չի գտնում նրան հարցեր տալ:
Վկա Բենիկ Հարությունյանը 2019թ. ապրիլի 30-ին ցուցմունք է տվել այն մասին, որ սույն քրեական գործով հարցաքննվել է որպես կասկածյալ և մեղադրյալ, իր կողմից մեղադրյալի կարգավիճակում տված ցուցմունքը պնդում է, պատրաստ է առերես պնդել իր ցուցմունքները Գագիկ Հեբոյանին և Վահագն Դանիելյանին:
Գագիկ Հեբոյանը ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործով մոտ 3.5 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրքը չեղարկելու դիմաց 2019թ. մարտի 06-ին իրենից Եղվարդի դատարանում պահանջել է 2500 ԱՄՆ դոլար, իսկ մարտի 18-ին ինքը գնացել է վճռի հետևից, նա իրեն հարցրել է, թե ինչ եղավ գումարը, որից հետո ասել է, որ գումարը փաստաբան Վահագնին տա: Սկզբից չի մտաբերել, թե ով է Վահագն Դանիելյանը, Գագիկ Հեբոյանին հարցրել է, թե ինչ Վահագն Դանիելյանի մասին է խոսքը, իսկ նա պատասխանել է, որ դատարանի հարևանությամբ գտնվող փաստաբանական գրասենյակի 2-րդ հարկում է նա, որտեղ իրեն սպասում են: Գնալով այնտեղ՝ ինքը տեսել է մի կնոջ, հայտնել է իր գալու նպատակի մասին, ասել է, որ Գ.Հեբոյանն է ուղարկել, պետական տուրքից իրեն ազատելու դիմաց նրա պահանջած գումարն է բերել, սակայն այդ կինը, կարծես թե, իրեն չի հավատացել, խառը հարցեր է տվել, այդպես էլ իրենից գումար չի վերցրել և իմանալով, որ պետք է Վահագնի մոտ գնար, ասել է, որ գնա նրա օգնականի մոտ, սակայն ինքն այդպես էլ նրա օգնականի մոտ չի գնացել, որոշել է հաջորդ օրը գնալ Վահագնի մոտ: Այդ կինն իրեն ասել է, որ, երևի, պետական տուրքը մարելու մասին է խոսքը:
Հաջորդ օրը Վահագնի նշած ժամին՝ ժամը 12:00-ին, ինքը գնացել է նրա մոտ, նրան պատմել է իր գալու նպատակի մասին, ասել է, որ Գ.Հեբոյանն է ուղարկել և որքան գումար պետք է տա Գ.Հեբոյանին: Վահագնը սկզբում այս կամ այն կողմ է նայել, սկզբում պատուհանից է նայել, որից հետո դուրս է եկել: Երբ դուրս է եկել գրասենյակի մուտքի դռնից, նա մոտեցել է իրեն ու շշուկով ասել, որ գումարը տանի և գցի ավտոմեքենայի պատուհանից ներս: Ինքն էլ Վահագնին ասել է, որ երկու կամ երեք ժամից կգա՝ տեսնելու համար, թե արդյոք ամեն ինչ նորմալ է՝ նպատակ ունենալով իմանալ, թե գումարն արդեն տվել է Գ.Հեբոյանին կամ ասել է նրան, որ ինքն արդեն գումարը տարել է, ինչին Վահագնը համաձայնվել է: Երկու-երեք ժամից մոտեցել է Վահագնին, նա իրեն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, ինչից հետո ինքը հեռացել է:
Պատասխանելով քննիչի հարցերին՝ հայտնել է, որ ինքն ու Գ.Հեբոյանը թշնամական հարաբերություններ երբեք չեն ունեցել, ինքը երկար տարիներ է դատական գործընթացների մեջ և եթե Գ.Հեբոյանի հետ ունենար թշնամական հարաբերություններ, ապա ինքնաբացարկ կհայտներ նրան: Ինքն այդքան միամիտ չէ, որ եթե Գ.Հեբոյանի կողմից թշնամական վերաբերմունք նկատեր, թողներ, որ նա քններ իր գործը: Հակառակը, ինքն ու Գ.Հեբոյանը իրար հետ եղել են նորմալ հարաբերությունների մեջ այն աստիճանի, որ երբ ինչ-որ հարց է ունեցել, նիստից հետո կամ նիստից առաջ ուղղել է նրան կամ ինչպես կարող էր ինքը վատ հարաբերություն ունենալ նրա հետ և իր մտքով անցներ նրան տուն հրավիրել, չէ որ տուն հրավիրում են մոտ մարդկանց: Ինչ վերաբերում է նրան, որ Գ.Հեբոյանն իր պատճառով տույժ է ստացել, ապա դա սուտ է, եթե չի սխալվում՝ Գ.Հեբոյանը կարգապահական տույժի է ենթարկվել 2012թ.-ին, մեկ այլ գործով, որն իր հետ առնչություն չունի:
Պատասխանելով իր նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ հարցերին՝ վկա Բենիկ Հարությունյանը հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանին ասել է, որ իր օգտին վճիռ կայացնելու դեպքում նրա լավության տակից դուրս կգա, սակայն ի նկատի չի ունեցել և այդ շնորհակալությունը գումարի տեսքով չի պատկերացրել: Երբ մարտի 06-ին հանդիպել է Գ.Հեբոյանին և նրա առաջարկին համաձայնություն չի տվել, այդ ընթացքում եղել է անկողնային վիճակում, մարտի 16-ին իրեն լավ է զգացել, մարտի 18-ին գնացել է դատարան, որից հետո Գ.Հեբոյանին ասել է, որ ինչ-որ բան կանի: Իր համաձայնությունը տվել է մարտի 18-ին և մարտի 19-ին վերցրել է վճիռը: Իր մոտ ՀՀ ԱԱԾ դիմելու միտքն առաջ է եկել այն ժամանակ, երբ մարտի 18-ին Գ.Հեբոյանը չի հրապարակել վճիռը: Եթե ինքը կաշառք տալու նպատակ ունենար, ապա չէր դիմի ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Գ.Հեբոյանի առաջարկից հետո՝ մարտի 06-ին, միանգամից չի դիմել ՀՀ ԱԱԾ, քանի որ նախապես համաձայնություն չի տվել Գ.Հեբոյանի առաջարկին, իսկ մարտի 18-ին իր մոտ ծագել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն դիմելու միտքը, քանի որ գտել է, որ այլ ելք չկա:
Այն հարցին, թե դատական կարգադրիչներն իրենց ցուցմունքներով հերքել են, թե տեսել են իրեն դատարանում, այդ կապակցությամբ նշում է, որ նրանք կեղծ վկայություններ են տվել, ինքը մարտի 06-ին եղել է դատարանում և նույն օրը զրուցել է Գ.Հեբոյանի հետ: Հաստատապես պնդում է, որ միջանցքում եղել են կարգադրիչներ: Հաղորդում է ներկայացրել՝ նշելով մի քանի դրվագների մասին, սակայն մյուս դրվագների վերաբերյալ քննիչի հարցերին հրաժարվել է պատասխանել՝ օգտվելով իր դատավարական իրավունքից: Նախկինում երբևէ Գ.Հեբոյանին որևէ տեղ չի հրավիրել, իսկ թե այլ դատավորների նախկինում ճաշի հրավիրել է, թե ոչ, դա իր գաղտնիքն է: Եթե դատաքննական ցուցմունքում որոշ հանգամանքներ չի նշում, ապա չի գտնում, որ դա հակասում է իր նախաքննական ցուցմունքներին: Այն, որ նախաքննական ցուցմունքում նշել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում տալու իր գլխավոր նպատակը եղել է արդարության հաստատումը, իսկ դատաքննական ցուցմունքում նշել է, որ դրա գլխավոր պատճառը եղել է մտավախությունն առ այն, որ իր մյուս քաղաքացիական գործերով իր օգտին վճիռներ չեն կայացվի, այդ կապակցությամբ հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ դիմելու համար այդ երկու հանգամանքներն էլ առիթ են հանդիսացել: Այն, որ Վ.Դանիելյանը տեղյակ է եղել, որ ինքը կաշառքի գումար է ցանկանում փոխանցել Գ.Հեբոյանին, դա իր համոզմունքն է:
Որպես մեղադրյալ ցուցմունք տալիս հրաժարվել է հարցերին պատասխանել, քանի որ, երբ իրեն մեղադրանք են առաջադրել, ինքն իրեն վատ է զգացել, սակայն, երբ քննիչն իրեն հայտնել է, որ պետք է առերես հարցաքննվի Գ.Հեբոյանի և Վ.Դանիելյանի հետ, համաձայնվել է՝ գտնելով, որ թաքցնելու բան չունի:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է վկան դատաքննական ցուցմունքում հայտնել, որ Վ.Դանիելյանին մի քանի անգամ տեսել է դատարանում և դեմքով է ճանաչել, բարևել է, սակայն իր կողմից ներկայացված հաղորդման մեջ հայտնել է, որ Վ.Դանիելյանի միջոցով նախկինում ևս կաշառք է տվել Գ.Հեբոյանին, հայտնել է, որ այդ մասին չի ցանկանում բացատրություն տալ, իր և Վահագն Դանիելյանի հարաբերությունների մակարդակը նույնն է մնացել:
Վկա Լիլիթ Մանյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: 2019թ. մարտ ամսին, հստակ օրը չի հիշում, իր հիշելով՝ մարտի վերջերին, գտնվել է գրասենյակում: Ժամը 13:00-ից 14:00-ի սահմաններում իրենց գրասենյակ է եկել անծանոթ տղամարդ, ում ինքն առաջին անգամ է տեսել: Նա Վ.Դանիելյանին է հարցրել, և Վ.Դանիելյանի օգնականը նրան ինչ-որ բան է պատասխանել ու ճանապարհել: Նույն օրը՝ մոտ 2 ժամ անց, իրեն է զանգահարել դատավոր Գ.Հեբոյանը և հարցրել՝ արդյոք ինքը տեղում է, քանի որ Վահագնը տեղում չէ և քաղաքացին խորհրդակցության կարիք ունի: Դրանից հետո իր գրասենյակ է եկել նաև դատարանի դատական կարգադրիչը՝ պարզելու համար՝ ինքը տեղում է, թե ոչ: Այնուհետև, մոտեցել է քաղաքացին, ում դեմքը ինքը հիշել է: Երբ քաղաքացին եկել է, ինքը հեռախոսով խոսելիս է եղել: Երբ ավարտել է իր հեռախոսազրույցը, հարցրել է քաղաքացուն, թե ինչ խնդիր ունի, վերջինս իրեն պատասխանել է, որ խնդիր չունի, հարց չունի, պարզապես գումար է բերել՝ դատավոր Գ.Հեբոյանին փոխանցելու համար: Ինքն ապշել է, որից հետո հարցրել է նրան, թե ունի արդյո՞ք քաղաքացիական գործ, վերջինս պատասխանել է, որ ունի, ինքն էլ ասել է, որ միգուցե պետական տուրքի վճարում ունի կատարելու և ինչ-որ բան է շփոթում, սակայն քաղաքացին պնդել է, որ այդ գումարը պետք է տար Վահագնին և քանի որ նա տեղում չէ, դատավոր Գ.Հեբոյանն իրեն ասել է, որ մոտենա իրեն: Ինքը հարցրել է քաղաքացու անուն-ազգանունը, որից հետո ասել է, որ իրենց մոտ գումար չեն վճարում և նա պետք է գնա բանկ: Այնուհետև, փորձել է օգնել քաղաքացուն, զանգահարել է Վահագնին, վերջինս չի պատասխանել: Զանգահարել է Վահագնի օգնականին և հարցրել, թե տեղյակ է արդյոք այդ քաղաքացու այցի մասին, վերջինս իրեն հայտնել է, որ քաղաքացուն ասել է՝ հաջորդ օրը գնալ, որից հետո քաղաքացին հեռացել է:
Նշված օրը Գ.Հեբոյանն իրեն զանգահարել է երևի 2 անգամ. 1-ին անգամ անձնական հեռախոսահամարից զանգահարելով՝ ճշտել է, թե արդյոք տեղում է, որից հետո դատարանի հեռախոսահամարից զանգահարել ու հայտնել է, որ քաղաքացին ունի խորհրդատվության կարիք և քանի որ Վահագնը տեղում չէ, խնդրել է, որ ինքն ընդունի քաղաքացուն: Օգտագործում է 094-886-386 հեռախոսահամարը, այլ հեռախոսահամար չունի: Այդ քաղաքացու պահվածքից չի հասկացել, որ գումարը փաստաբան Վահագնին պետք է տա, այլ կարծել է, որ ինչ-որ բան է նա շփոթում: Այդ օրը, երբ ինքը զանգահարել է Վահագնին և վերջինս չի պատասխանել, երեկոյան նա իրեն հետ է զանգահարել, հարցրել է, թե ինչու է զանգել, ինքն էլ հայտնել է, որ Բենիկ Հարությունյանն է նրան հարցրել, նա էլ իրեն ասել է, որ չի ճանաչում Բ.Հարությունյանին և այդ մասին նրա օգնականը նույնպես նրան տեղյակ է պահել: Երբ դատավոր Գ.Հեբոյանն իրեն զանգել է, չի ասել, որ քաղաքացին ինչ-որ բան պետք է փոխանցի, պարզապես ասել է, որ քաղաքացին խորհրդատվության կարիք ունի: Բ.Հարությունյանն իրեն կաշառքի մասին որևէ բան չի ասել, ինքն էլ կարծել է, թե քաղաքացին պետական տուրքի վճարման հետ կապված ինչ-որ բան է շփոթում:
Ինքը դատավոր Գ.Հեբոյանին ճանաչում է շուրջ 20 տարի, քանի որ մինչև փաստաբանությամբ զբաղվելը աշխատել է նույն դատարանում՝ որպես դատավորի օգնական: Ճանաչելով նրան՝ բացառում է, որ Գ.Հեբոյանն իր մոտ կարող էր մարդ ուղարկել՝ գումար փոխանցելու նպատակով:
Իր գրասենյակը դատարանին մոտ է գտնվում և լինում են դեպքեր, երբ դատարանում քաղաքացիները խորհրդատվության կարիք են ունենում և նրանց հորդորում են գնալ իրենց գրասենյակ: Եղել են դեպքեր, երբ Գ.Հեբոյանն իր ազգականներին ուղարկել է իրենց գրասենյակ: Եղել են նաև դեպքեր, երբ առիթների ժամանակ դատավոր Գ.Հեբոյանն իրենց գրասենյակում սուրճ է խմել:
Իրենց գրասենյակը երկհարկանի շինություն է. առաջին հարկում, առանձին մուտքով սենյակում Վահագն է նստում, իսկ երկրորդ հարկում՝ առանձին մուտքով սենյակում՝ ինքը: Քաղաքացու այցի օրը Գ.Հեբոյանին չի տեսել իրենց գրասենյակում, և Գ.Հեբոյանը չի հետաքրքրվել, թե արդյոք քաղաքացին ինչ-որ բան թողել է գրասենյակում: Բենիկ Հարությունյանն իրեն կասկածելի չի թվացել: Այն, որ Գ.Հեբոյանը զանգահարել է իր հեռախոսահամարին, որևէ արտառոց բան չի տեսնում դրա մեջ, քանի որ ինքը փաստաբան է և իր տվյալները հասանելի են համացանցում: Իրենք ունեցել են աշխատանքային հարաբերություններ և այն, որ Գ.Հեբոյանը երբեմն եկել է իրենց գրասենյակ սուրճ խմելու, չի խոսում այն մասին, որ իրենք շատ մտերիմ հարաբերություններ ունեն: Իրենց հարաբերությունները գործնական են: Բացի այդ օրվա զանգից՝ շատ հազվադեպ, բայց եղել են դեպքեր, երբ Գ.Հեբոյանը զանգահարել է իրեն՝ իր ազգականների հետ կապված հարցերով վերջիններիս իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար:
Գ.Հեբոյանին հետագայում չի հարցրել, որ քաղաքացին չի ցանկացել խորհրդատվություն ստանալ: Գ.Հեբոյանի հետ չի պարզաբանել այդ հարցը, քանի որ քաղաքացին խոսել է պետական տուրքի մասին, ինքն էլ կարծել է, որ քաղաքացին ինչ-որ բան է շփոթում: Լինելով փաստաբան՝ գիտի, որ շատ քաղաքացիներ, երբեմն, օգտագործում են իրավաբանական տերմիններ, սակայն չեն հասկանում դրանց էությունը, և ինքը չի պատկերացրել, որ 3,5 միլիոն ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումից հնարավոր է ազատել: Իր աշխատանքային գործունեության ընթացքում նման դեպքեր չեն եղել: Նախաքննության ընթացքում ցուցմունք տալիս հայտնել է իրականությունը, հիմա նույնպես հայտնում է իրականությունը:
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ վկա Լիլիթ Մանյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, հրապարակել է վկայի նախաքննական ցուցմունքները:
Վկա Լիլիթ Մանյանը 2019թ. ապրիլի 01-ին ցուցմունք է տվել այն մասին, որ 2000թ.-ից աշխատել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սկզբից որպես գրասենյակի գործավար, իսկ 2008թ.-ից մինչև 2017թ. աշխատել է դատավոր Յուրի Բաղդասարյանի կազմում՝ որպես օգնական: 2018թ. փետրվարի 08-ից աշխատում է որպես փաստաբան: Իր գրասենյակը գտնվում է Եղվարդի դատարանի հարևանությամբ: Նշված դատարանի հարևանությամբ գտնվող գրասենյակը երկհարկանի է, ունի առանձին մուտքեր: Առաջին հարկում աշխատում է փաստաբան Վահագն Դանիելյանը, իսկ երկրորդ հարկում, որն ունի առանձին մուտք՝ ինքը:
Վահագն Դանիելյանին ճանաչում է շուրջ 10 տարի և վերջինիս հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Վահագն Դանիելյանին վերջին անգամ տեսել է 2019թ. մարտի 27-ին մինչև կեսօր, որից հետո մինչ օրս նրան չի տեսել, նա չի եկել աշխատանքի և ինքը չգիտի, թե նա, որտեղ է գտնվում: Այդ օրը՝ կեսօրին, հիշում է, որ հեռախոսով մասնագիտական հարց են քննարկել Վահագն Դանիելյանի հետ: Ինքը զրուցել է նրա հետ իր՝ 094-88-63-86 հեռախոսահամարով, իսկ Վահագն Դանիելյանի հեռախոսահամարն է՝ 094-01-73-35: Նշված դեպքի վերաբերյալ կարող է ասել, որ 2019թ. մարտի 26-ին՝ կեսօրին, ժամը 13:00-ից 14:00-ն ընկած սահմաններում, գտնվել է իր սենյակում և Վահագնի օգնական Լիլիթ Եղիազարյանի հետ ընդմիջում են արել, երբ գրասենյակ է մտել մոտ 50-60 տարեկան, նախկինում իրեն անծանոթ մի տղամարդ և հարցրել է Վահագնին: Լիլիթ Եղիազարյանն այդ տղամարդուն ասել է, որ միասին իջնեն և տեսնեն, թե որտեղ է Վահագնը: Դրանից հետո՝ ժամը 15:00-ից 16:00-ի սահմաններում, իր բջջային հեռախոսահամարին զանգահարել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը և տեղեկանալով, որ ինքը տեղում է, ասել է՝ «լավ» և անջատել: Երկու րոպե անց, դատարանի՝ 0224-2-16-12 համարից կրկին զանգահարել է դատավոր Գ.Հեբոյանը և իրեն ասել, որ Վահագնի մոտ մարդ է եկել, սակայն նա տեղում չէ և այդ մարդուն իր մոտ է ուղարկում, որքանով հիշում է՝ խորհրդատվության և կարգադրիչին ասել է, որ իր սենյակի տեղը ցույց տա: Դրանից հետո իր մոտ է եկել Եղվարդի դատարանի կարգադրիչ Արսեն Սիմոնյանը և ասել, որ եթե ազատ է, ապա իր մոտ մարդ պետք է գա, որին Գ.Հեբոյանն է ուղարկել: Դրանից հետո իր մոտ է բարձրացել այն նույն տղամարդը, ով քիչ առաջ ընդմիջման ժամին հարցրել է Վահագնին և նրա օգնականն այդ տղամարդու հետ գնացել է դեպի Վահագնի սենյակ: Երբ տղամարդը գնացել է իր մոտ, չի հիշում՝ նա ներկայացել է, թե ոչ, սակայն այն պահին, երբ նա մտել է իր մոտ, ինքը հեռախոսով այլ մարդու հետ է խոսել և հեռախոսն անջատելուց հետո հարցրել է նրան, թե ինչ խնդիր ունի: Նա պատասխանել է, որ Գ.Հեբոյանն է ուղարկել, բացի այդ, քաղաքացիական գործով Գ.Հեբոյանը 3.500.000 ՀՀ դրամը չեղարկել է, պայմանավորվել են Գ.Հեբոյանի հետ և դրա համար պետք է նրան 2500 ԱՄՆ դոլար տա, որն ըստ այդ մարդու՝ պետք է տար Վահագնին, սակայն, քանի որ Վահագնը տեղում չէր, որոշել է իրեն տալ: Նա ասել է, որ Գ.Հեբոյանն է նրան ուղարկել իր մոտ: Ինքը զարմացել է, մեկ անգամ ևս հարցրել է, թե հնարավոր է արդյոք, որ այդ գումարը պետական տուրքի գումար է, որը պետք է վճարվի պետականորեն, իսկ այդ տղամարդը մեկ անգամ ևս պնդել է, որ պետական տուրքի գումար չէ, այդ գումարը Գ.Հեբոյանի կողմից չեղարկված 3.500.000 ՀՀ դրամի դիմաց Գ.Հեբոյանի կողմից պահանջած գումարն է, որը պետք է տա վերջինիս: Ինքը տղամարդուն հորդորել է հայտնել քաղաքացիական գործի համարը, ճշտել է, որ նրա անուն-ազգանունը Բենիկ Հարությունյան է, որից հետո «Դատալեքս» տեղեկատվական համակարգով տեսնելով, որ տվյալ գործով մի կողմը հանդիսանում է Բենիկ Հարությունյանը՝ ասել է, որ, երևի, պետական տուրքի մասնակի մարում է, որովհետև չի մտածել, որ կարող է կաշառք լինել, բացի այդ, չի տեսել, որ արդեն վճիռը կայացվել է, սակայն, հաշվի առնելով, որ այդ գումարի հետ կապ ուներ Գ.Հեբոյանը և մտածելով, որ գործով կարող է Վահագն Դանիելյանը իրավաբանական օգնություն ցույց տված լինել, քանի որ Բենիկը Վահագնի անունը շատ է հոլովել, ինքը Բենիկին ասել է, որ գնա Վահագնի մոտ: Այնուհետև, Բենիկ Հարությունյանը հեռացել է իր սենյակից, որից հետո, որքանով հիշում է, զանգել և այդ մարդու գալու մասին հայտնել է Վահագնի օգնականին: Այդ մարդն իրեն կասկածելի է թվացել, սակայն չի հիշում՝ նրա այցի մասին փաստաբան Վահագն Դանիելյանի օգնականին զանգահարելու ժամանակ հայտնել է արդյոք Վ.Դանիելյանի օգնականին այդ մասին, թե ոչ: Ինքն իր ու Բենիկի զրույցի բովանդակությունը մոտավոր է հիշում: Միայն հաջորդ օրը կամ երկու օր անց, մամուլից տեղեկացել և արդեն համոզվել է, որ այդ 2500 ԱՄՆ դոլար կաշառքը Վահագնի օժանդակությամբ պահանջել և ստացել է Գ.Հեբոյանը: Հաստատապես նշում է, որ այդ կաշառքի մասին նախապես չի իմացել, իրեն թե՛ Հեբոյանը, թե՛ Վահագնը որևէ բան չեն ասել: Այդ մասին ինքը տեղեկացել է միայն դեպքից հետո:
Պատասխանելով իրեն առաջադրված հարցերին՝ վկան հայտնել է, որ փաստաբան Վահագնը և դատավոր Գ.Հեբոյանը գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ, իսկ թե գումարային խնդիրներ ունեցել են, թե ոչ, չի կարող ասել, քանի որ տեղեկություններ չունի: Չի կարող ասել, թե դատավորը, որքան ֆինանսական միջոցներ ունի, սակայն փաստաբան Վահագնը իրենից ավելի երկար ստաժ ունի և ավելի շատ գործեր: Նա ունի տուն, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, իսկ ավելի մանրամասն չգիտի, չի կարող ասել, քանի որ նեղ անձնական հարցերին վերաբերող տվյալներ չունի: Վահագն Դանիելյանի օգնականի անուն-ազգանունը Լիլիթ Եղիազարյան է, նրա հեռախոսահամարն է՝ 093-70-70-99: Տեղեկություններ չունի այն մասին, որ նախկինում Բենիկ Հարությունյանը կաշառք է տվել Գագիկ Հեբոյանին:
Չի կարող բացատրել, թե Գ.Հեբոյանն ինչո՞ւ է Բ.Հարությունյանին ուղարկել իր մոտ, հավանաբար, հիմա արդեն հասկանում է, որ նա չի ցանկացել իր ձեռքով վերցնել կաշառքը և փորձել է այդ կաշառքն իր միջոցով վերցնել, այնուամենայնիվ, չի ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը: Իր մոտ այդ պահին կասկած չի եղել, որ դա կաշառք է, քանի որ մտածել է, որ այդ մարդը չի հասկանում, թե ինչ է ասում և մտածել է, որ պետական տուրքի մասնակի մարման մասին է խոսքը և քանի որ այդ մարումն իր գործը չի եղել, ինքն այդ գումարը չի վերցրել: Բացի այդ, մտածել է, որ Վահագն է այդ գործով զբաղվում: Այդ մարդու գնալուց հետո մոտ 5 րոպե անց գնացել է դատարան, որպեսզի գրասենյակից փաստաթղթեր ստանա, սակայն դատավոր Գ.Հեբոյանին չի տեսել, ոչ էլ նրան հարցրել է կամ զանգահարել, քանի որ դրա վրա չի կենտրոնացել:
Պատասխանելով այն հարցին, որ «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բենիկը եղել է իր մոտ, ինքը զրուցել է Լիլիթի հետ, հայտնել է Բենիկի գալու մասին, որից հետո ինքն ասել է, որ Վահագնի օգնականը՝ Լիլիթը, տեղում է և Բենիկը կարող է մոտենալ նրան, ինչին Բենիկը չի համաձայնվել և ասել է, որ հաջորդ օրը կմոտենա, միաժամանակ, Լիլիթի հետ զրույցի ժամանակ ասել է, որ. «Չէ, ընկեր Հեբոյանն ասել ա, որ բան անի», ինչ է նկատի ունեցել՝ դա ասելով, հայտնել է, որ իրականում Լիլիթն իրեն հարցրել է, թե այդ մարդն ինչո՞ւ է նորից եկել, իսկ ինքը Բենիկին ասել է, որ Լիլիթն այստեղ է և կարող է գնալ ու նրա հետ պայմանավորվել: «Բան անի» ասելով՝ հստակ չի հիշում, թե ինչ է նկատի ունեցել, երևի նկատի է ունեցել հենց խորհրդատվություն տալը: Այն, որ բացելով «Դատալեքս» տեղեկատվական կայքը՝ իր նշելով չի տեսել՝ վճիռ կայացվել է, թե ոչ, ապա ինչպես և ինչի հիման վրա է Բ.Հարությունյանին ասել, որ մասնակի մարում է ցույց տալիս, նշել է, որ «Դատալեքս» կայքով մասնակի մարումը չի երևում, չի հիշում, որ նման բան ասած լինի, իսկ եթե նույնիսկ նման բան ասել է, ապա նկատի է ունեցել այն, որ այդ մարդուն ասել է՝ երևի այդ գումարը մասնակի մարման համար է: Հնարավոր է՝ իր մտքերը սխալ է արտահայտել և շարադրել: Բ.Հարությունյանն ասել է, որ 3.500.000 ՀՀ դրամ պետական տուրքը դատավորը չեղարկել է և դրա համար նրան 2500 ԱՄՆ դոլար պետք է տա, և ինքը, որպես երկար տարիների փորձ ունեցող՝ չի հավատացել, որ դատավորը կարող է քաղաքացուն ազատել պետական բյուջե վճարվող 3.500.000 ՀՀ դրամը վճարելուց: Այդ պատճառով սկզբում չի հավատացել կաշառքի վարկածին և մտածել է, որ այդ մարդը ինչ-որ բան շփոթում է կամ սխալ է իրեն բացատրում, ինչով պայմանավորված էլ եղել են իր բազմաթիվ հարցադրումները:
Վկա Լիլիթ Մանյանը 2019թ. ապրիլի 23-ին որպես վկա լրացուցիչ հարցաքննվելիս՝ պատասխանելով իրեն առաջադրված այն հարցին, որ նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 15:00-ից 16:00-ի սահմաններում, դատավոր Գ.Հեբոյանն իր անձնական հեռախոսահամարից զանգահարել է իր բջջային հեռախոսահամարին և տեղեկանալով, որ ինքը գտնվում է գրասենյակում՝ անջատել է հեռախոսը և դատարանի՝ 0224-2-16-12 համարով զանգել է իր բջջային հեռախոսահամարին և ասել, որ իր մոտ մարդ է ուղարկում, մինչդեռ նախաքննությամբ ստացված ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ պարզվել է, որ 0224-2-16-12 հեռախոսահամարից նշված ժամանակ իր հեռախոսահամարին կատարված զանգ առկա չէ, ինչ կարող է ասել այդ մասին, պատասխանել է, որ չի ստել, ենթադրում է, որ նշված օրը և ժամին իր և դատավորի միջև բջջային հեռախոսազանգն առկա է: Ինչ վերաբերում է քաղաքային հեռախոսահամարից կատարված զանգին, ապա հնարավոր է, որ շփոթել է հեռախոսահամարները և իրականում դատավոր Գ.Հեբոյանը դատարանի այլ քաղաքային հեռախոսահամարից է իրեն զանգել:
Պատասխանելով իր նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների վերաբերյալ այն հարցին, թե նախաքննության ընթացքում նշել է, որ Բ.Հարությունյանը կասկածելի է թվացել իրեն, սակայն դատաքննության ժամանակ նշել է, որ կասկածելի չի թվացել, վկա Լիլիթ Մանյանը հայտնել է, որ նախաքննության ընթացքում ինքը որոշակի ենթադրություններով է որոշ հանգամանքներ հայտնել և այն, որ նախաքննական ցուցմունքում նշել է, որ հնարավոր է՝ կաշառքի գումար է եղել, ապա դա նշել է, քանի որ մամուլում է կարդացել Բ.Հարությունյանի անունը և այն, որ վերջինս կաշառքի գումար է ցանկացել փոխանցել: Իր ցուցմունքն իր պատմածով գրել է քննիչը, դրանում ամբողջությամբ իր մտքերն են շարադրված:
Վկա Աշոտ Մարտիրոսյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Հանդիսանում է դատավոր Գ.Հեբոյանի օգնականը: Բենիկ Հարությունյանի վերաբերյալ գործի քննությունն ավարտվել է 2019թ. մարտի 04-ին, մարտի 18-ին հրապարակվել է վճիռը, և մարտի 19-ին Բենիկ Հարությունյանը ստացել է այն, որից հետո՝ մարտի 28-ի առավոտյան, աշխատավայրում տեղեկացել է դատավոր Գ.Հեբոյանի ձերբակալման մասին: Դատարանում աշխատում է 2013 թվականից: Բենիկ Հարությունյանին չի ճանաչել, նրա հետ շփում չի ունեցել: Իր ունեցած տեղեկություններով՝ դատավոր Գ.Հեբոյանն ու Բ.Հարությունյանը շփվել են միայն դատական նիստերի դահլիճում՝ նիստերի ժամանակ: Բենիկ Հարությունյանի հայցը վարույթ է ընդունվել մինչև 2018 թվականը, եթե չի սխալվում 2 անգամ վերադարձվել է այն, որից հետո սխալներն ուղղվել են և հայցադիմումն ընդունվել է վարույթ: Բ.Հարությունյանը ներկայացրել է փոխառության պայմանագրերը, նվիրատվության պայմանագիրը և լիազորագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջներ և որպես այդ պահանջներից բխող պահանջ՝ ներկայացրել է «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայից 179 միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին լրացուցիչ հայց, որը հանդիսացել է ածանցյալ պահանջ: Եթե պետական տուրքի վճարումը հետաձգելու հետ կապված միջնորդություն է ներկայացվում, ապա կայացվում է որոշում: Եթե լիներ պետական տուրքի հարց, ապա գործը վարույթ չէր ընդունվի: Պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություններն անմիջապես քննարկվում են, չի հիշում, թե այդ գործով նմանատիպ միջնորդության վերաբերյալ դատական ակտի նախագիծ կազմելու հանձնարարություն ստացել է, թե ոչ: Ածանցյալ պահանջ ասելով՝ նկատի ունի այն, որ Բենիկ Հարությունյանի կողմից ներկայացված 3 հայցապահանջների ելքից է կախված եղել գումար բռնագանձելու մասին վերջինիս պահանջի լուծումը: Այս պահին չի կարող մատնանշել այն նախադեպային որոշումը, որով Վճռաբեկ դատարանն այդ կապակցությամբ դիրքորոշում է հայտնել:
Գիտի, որ Գ.Հեբոյանն ու Վ.Դանիելյանը պարզապես ծանոթ են եղել, քանի որ Վ.Դանիելյանը բազմիցս մասնակցել է իրենց վարույթում քննվող դատական գործերին: Լսել է Բենիկ Հարությունյանի մասին, որևէ մեկը նրա վերաբերյալ դրական կարծիք չի հայտնել: Սակայն, դատավոր Գ.Հեբոյանը երբեք բացասաբար տրամադրված չի եղել Բենիկ Հարությունյանի նկատմամբ: Տվյալ գործով Գ.Հեբոյանն իրեն չի հորդորել վճռի նախագիծը կոնկրետ ինչ-որ ձևով կազմել:
Բենիկ Հարությունյանը նախկինում մի քանի անգամ հանդիսացել է որպես հայցվոր և որպես կանոն՝ նրա հայցադիմումները եղել են Օնիկ Հարությունյանի դեմ: Այդ գործերով որոշումները կայացվել են ի վնաս Բենիկ Հարությունյանի: Չի եղել դեպք, որ Բ.Հարությունյանը զանգահարի իրենց աշխատակազմ՝ դատավոր Գ.Հեբոյանի հետ կապ հաստատելու համար:
Այն հարցին, թե ինչու Բ.Հարությունյանի կողմից ներկայացված՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդության վերաբերյալ դատական ակտ առկա չէ, վկան հայտնել է, որ միջնորդությունը դատարանի կողմից քննության առարկա չի դարձել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Վերջինս վճարել է պետական տուրքը, դատարանը որոշում չի կայացրել՝ խնայելով պետական միջոցները, սակայն չի կարող վկայակոչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ իրավանորմ, որով առաջնորդվելով՝ դատարանը կարող էր հիշյալ միջնորդության վերաբերյալ որևէ որոշում չկայացնել: Այն հարցին, թե Բ.Հարությունյանի կողմից ներկայացված գումարի բռնագանձման պահանջն արդյո՞ք հանդիսացել է ածանցյալ պահանջ, վկան հայտնել է, որ ըստ Բ.Հարությունյանի հայցադիմումի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելուց հետո, որպես իրավական հետևանք, որպես տույժ պետք է բռնագանձվեր գումարը, ուստի այն հանդիսացել է ածանցյալ պահանջ: Հիշյալ գործի քննության ընթացքում Գ.Հեբոյանն իրեն չի ասել, որ խղճահարությունից դրդված փորձել է Բ.Հարությունյանին ազատել պետական տուրքի վճարումից:
Իր հիշելով՝ Բ.Հարությունյանը մշտապես անձամբ է ներկայացրել իր շահերը դատարանում, նա ունեցել է միջին մակարդակի գիտելիքներ՝ հաշվի առնելով այն, որ մշտապես նա է կազմել իր հայցադիմումները: Նշված քաղաքացիական գործով վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Բ.Հարությունյանը բժշկական փաստաթղթերը դատարան է ներկայացրել դատաքննությունից 2 օր անց՝ մարտի 6-ին և դրանց դատարանն այլևս անդրադառնալ չէր կարող. դրանք ընդամենը կցվել են քաղաքացիական գործի նյութերին:
Վկա Լիլիթ Եղիազարյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Հանդիսանում է փաստաբան Վահագն Դանիելյանի օգնականը:
Բենիկ Հարությունյանը 2019թ. մարտի 26-ին ներկայացել է իրենց փաստաբանական գրասենյակ, հարցրել է Վահագն Դանիելյանին և քանի որ վերջինս տեղում չի եղել, զանգահարել է նրան և պարզելով, որ վերջինս չի գալու աշխատավայր՝ ճանապարհել է Բենիկ Հարությունյանին: Վերջինիս տեսել է նաև Լիլիթ Մանյանի գրասենյակում, երբ ընդմիջման ժամին գնացել է նրա գրասենյակ, որը գտնվում է իրենց գրասենյակի երկրորդ հարկում: Բենիկ Հարությունյանը մոտեցել է Լ.Մանյանի գրասենյակ, հարցրել է Վահագն Դանիելյանին, և ինքը նրան խնդրել է իջնել առաջին հարկ, քանի որ իրենց գրասենյակը ներքևում է: Իրենց գրասենյակից զանգահարել է Վ.Դանիելյանին և հայտնել, որ նրան Բ.Հարությունյանն է սպասում: Վահագն Դանիելյանն էլ ասել է՝ «թող վաղը գա»: Դրանից որոշ ժամանակ անց իրեն զանգահարել է Լիլիթ Մանյանը և ասել, որ նշված անձն իր գրասենյակում է գտնվում և հարցրել է, թե ինչ է ասել Վահագն Դանիելյանը և տեղյակ է արդյոք, որ սպասում են: Ինքն էլ պատասխանել է, որ տեղյակ է և հաջորդ օրը պետք է գա: Այդ ընթացքում Լիլիթն իրեն որևէ բան չի հայտնել գումարի մասին: Չի հիշում, թե ինչ է պատասխանել, որից հետո Լիլիթ Մանյանը հարցրել է. «թե ասեմ բերի տա»: 099-90-88-73 հեռախոսահամարը հետագայում հիշել է, որ իր անունով է գրանցված եղել և եղել է գրասենյակում: Նախաքննության ժամանակ իրեն ներկայացվել է նշված հեռախոսահամարից կատարված հեռախոսային խոսակցություն: Նշված հեռախոսազրույցը տեղի է ունեցել Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի միջև: Երբ Վահագն Դանիելյանի հետ խոսել է և ասել, որ իրեն սպասող կա, չի հիշում, որ ինքը անուն է ասել Վահագնին, և վերջինիս կողմից նշված հանդիպման սպասված լինելու վերաբերյալ արձագանք չի նկատել: Նա սովորականի պես պատասխանել է, որ հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից հետո է լինելու աշխատավայրում:
Մարտի 27-ին ինքը գրասենյակում չի եղել, իսկ նախորդ օրը գրասենյակում եղած ժամանակ իրենց գրասենյակում Գ.Հեբոյանին չի տեսել: Երբ նշված անձը ներկայացել է իրենց գրասենյակ, իր մոտ չի եղել տպավորություն, որ վերջինս որևէ պայմանավորվածություն ունի: Որպես օգնական՝ առանց Վահագն Դանիելյանի գիտության որևէ քաղաքացու հետ պետական տուրքի կամ գումարային հարցերի վերաբերյալ չէր կարող պայմանավորվածություն ձեռք բերել: Երբ Լիլիթ Մանյանը զանգահարել է, իրենք կենցաղային խոսակցություն են ունեցել: Բ.Հարությունյանն իրեն չի հայտնել քաղաքացիական գործի մանրամասների մասին:
2011 թվականից աշխատել է Վահագն Դանիելյանի մոտ՝ որպես օգնական: Գագիկ Հեբոյանին որպես դատավոր է ճանաչում, նրա հետ անձնական շփումներ չունի: Գիտի, որ Վ.Դանիելյանի և Գ.Հեբոյանի միջև հիմնականում աշխատանքային հարաբերություններ են եղել: Հնարավոր է, որ եղել են դեպքեր, երբ դատավոր Գ.Հեբոյանը ուղղորդել է անձանց օգտվել Վահագն Դանիելյանի փաստաբանական ծառայություններից, կոնկրետ դեպքեր մտաբերել չի կարող, բայց դրանք եղել են: Վ.Դանիելյանի ազատ արձակվելուց հետո քննարկել են նշված դեպքը և իրենց քննարկումների բովանդակությունը եղել է այն, որ ո՛չ Վահագն Դանիելյանը, ո՛չ Լիլիթ Մանյանը, տեղեկություններ չեն ունեցել նշված անձի վերաբերյալ և առանց ճանաչելու նման պատմություն է տեղի ունեցել: Վ.Դանիելյանն այդպես էլ չի հասկացել, թե ով է եղել այդ անձը, իսկ գումարի հետ կապված Վ.Դանիելյանն իրեն ասել է, որ վերջինս պետական տուրքի հետ կապված է խնդիր ունեցել: Չի հիշում, թե Վ.Դանիելյանն իրեն ասած լինի, թե Գ.Հեբոյանն ինչո՞ւ է նշված անձին ուղարկել իրենց մոտ: Ներկայումս դեպքի որոշ հանգամանքներ չի հիշում: Դատավոր Գ.Հեբոյանն իրենց փաստաբանական գրասենյակում սուրճ չի խմել:
Վկա Արսեն Սիմոնյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ Գ.Հեբոյանին ճանաչում է որպես դատավոր, իսկ Վահագն Դանիելյանին՝ որպես համագյուղացի, թշնամություն կամ բարեկամություն չունի նրանց նկատմամբ: Աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ստորաբաժանումում՝ որպես դատական կարգադրիչ:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, եղել է ծառայության մեջ և տեսախցիկով տեսել է, որ մեքենա է մտել դատարան բակ: Դուրս է եկել ու տեսել, որ Գ.Հեբոյանն է, ով իրեն հարցրել է՝ արդյոք Լիլիթ Մանյանը տեղում է և եթե տեղում է, քաղաքացի կա, ում պետք է ուղեկցի նրա մոտ: Անձամբ ճշտել է՝ Լ.Մանյանը տեղում է, թե ոչ, միևնույն ժամանակ, հայտնել է, որ քաղաքացի է սպասում, իսկ Լիլիթն ասել է՝ «թող գա»: Դրանից հետո դատարանի մոտ կանգնած քաղաքացուն ասել է, որ բարձրանա 2-րդ հարկ: Նշված քաղաքացուն չի ճանաչում, նա մոտ 60 և ավելի տարիք ունեցող տղամարդ էր, սպիտակավուն մազերով, ում մի քանի անգամ տեսել է դատարանում: Երբեք չեն եղել դեպքեր, երբ դատավոր Գ.Հեբոյանը քաղաքացիներ ուղարկի կոնկրետ փաստաբանների մոտ:
Գ.Հեբոյանը դատարանի աշխատակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, իրեն էլ է վերաբերվել այնպես, ինչպես մյուսներին: Այն, որ իրեն կարգադրել է ճշտել՝ Լ.Մանյանը տեղում է, թե ոչ, չի նշանակում, որ Գ.Հեբոյանն իր հետ առանձնակի լավ հարաբերություններ է ունեցել: Քննիչն իրեն հարցրել է դատավոր Գ.Հեբոյանի և Բենիկ Հարությունյանի՝ մարտի 04-ի հանդիպման մասին, ինչին պատասխանել է, որ այդ օրն ինքը չի աշխատել: Հստակ չի հիշում՝ Բենիկ Հարությունյանը, երբ է փաստաթուղթ բերել և մուտքագրել դատարանի գրասենյակ, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ են եկել դատարան, ուստի չի կարող հստակ հիշել:
Վկա Սասուն Սիմոնյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, իրենց միջև թշնամություն կամ բարեկամություն չկա: Աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ստորաբաժանումում՝ որպես դատական կարգադրիչ:
2018 թվականի մարտ ամսին, օրը հստակ չի հիշում, երբ ծառայության է եղել, համացանցից կարդացել է, որ կաշառք ստանալու համար դատավոր Գ.Հեբոյանին ձերբակալել են: Բենիկ Հարությունյան անուն-ազգանունով անձի մասին չի լսել: Արսեն Սիմոնյանն իր հորեղբոր որդին է: Հետագայում, երբ Արսենին կանչել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ինքը հարցրել է, թե ինչի համար են նրան կանչել: Վերջինս հայտնել է, որ իրեն հարցաքննել են այն հարցի շուրջ, որ Գ.Հեբոյանն իրեն խնդրել է ճշտել՝ Լիլիթ Մանյանը տեղում է, թե ոչ, որից հետո ուղեկցել է քաղաքացուն Լիլիթ Մանյանի մոտ: Չի հիշում՝ Գ.Հեբոյանի հետ քաղաքացիներ շփվել են, թե ոչ:
Գագիկի Հեբոյանը դատական նիստերի դահլիճ մշտապես իջել է սահմանափակ գոտուց: Եղել են դեպքեր, երբ դատական նիստերի դահլիճում դատավոր Գ.Հեբոյանը զրուցել է քաղաքացիների հետ, միջանցքում էլ է, երբեմն, զրուցել. հազվադեպ, բայց եղել են նման դեպքեր: Այդ քաղաքացիներից որևէ մեկին չի ճանաչել: Եղել են նաև դեպքեր, երբ դատավոր Գ.Հեբոյանը մտել է դատարանի գրասենյակ կամ գտնվել է դատարանի միջանցքում:
Վկա Ռիտա Ստեփանյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում՝ որպես դատական կարգադրիչ:
Հստակ օրը չի հիշում, դատարան է եկել Բենիկ անունով մի քաղաքացի և հայտնել է, որ ցանկանում է դատավոր Գ.Հեբոյանին տեսնել: Այդ ժամանակ հերթապահ մասում միայն ինքն է եղել, մյուս կարգադրիչները դատական նիստի են մասնակցել: Ինքը պատասխանել է, որ Գ.Հեբոյանը դատական նիստի է: Վերջինս հարցրել է, թե երբ կավարտվի նիստը: Ինքը պատասխանել է, որ չի կարող կանխորոշել, այնուհետև, մոտեցել է դահլիճին, տեսել, որ Գ.Հեբոյանը դահլիճում նստած է: Ինքը Գ.Հեբոյանին հայտնել է, որ նրան միջանցքում ոմն Բենիկ է սպասում, նա իրեն հորդորել է ճանապարհել Բենիկին: Փոխանցել է Բենիկ Հարությունյանին, որ Գ.Հեբոյանը չի կարող ընդունել նրան: Դրանից հետո տեսել է, որ նշված քաղաքացին միջանցքում դրված սեղանի վրա դիմում է գրել:
Գիտի, որ դատավոր Գ.Հեբոյանն ու փաստաբան Վ.Դանիելյանն ունեն աշխատանքային հարաբերություններ: Եղել են դեպքեր, որ նիստերի վերջում դատարանի դահլիճում նրանք զրուցել են, սակայն այդ զրույցներին ներկա են եղել նաև կարգադրիչներ:
Դատավոր Գ.Հեբոյանը միշտ նույն դահլիճում է դատական նիստեր անցկացրել: Նա դատական նիստերի դահլիճ է իջել 2-րդ հարկից՝ դատավորի համար նախատեսված փակ մուտքից, որը հանդիսանում է փակ գոտի: Եղել են դեպքեր, երբ Գ.Հեբոյանի մեքենան խափանվել է և նա ընդհանուր մուտքից է մտել դատարան, սակայն չեն եղել դեպքեր, երբ Գ.Հեբոյանը ընդհանուր մուտքից մտնի դատական նիստերի դահլիճ:
Վերջին անգամ Բենիկ Հարությունյանին տեսել է դիմում գրելիս, դրանից հետո այլևս նրան չի տեսել, քանի որ գտնվել է արձակուրդում:
Անահիտ Հովհաննիսյանը աշխատում է նույն դատարանում՝ որպես ավագ դատական կարգադրիչ: Եղել է դեպք, երբ Բենիկ Հարությունյանը խոսել է Անահիտի հետ: Բենիկ Հարությունյանը մոտեցել է Անահիտին ու խնդրել նրան կապվել Գ.Հեբոյանի աշխատակազմի հետ:
Եղել է դեպք, երբ տեսախցիկներով տեսել է, որ Գ.Հեբոյանը ավտոմեքենայով ներս է մտել դատարանի բակ, որից հետո կարգադրիչ Արսենը ներս է մտել ու ասել, որ Գ.Հեբոյանն իրեն խնդրել է ճշտել՝ Լիլիթ Մանյանը տեղում է, թե ոչ: Իր ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները չեն հեռացել վարչական շենքի տարածքից և իր տեսադաշտից:
Երբ Գ.Հեբոյանին հայտնել է քաղաքացի Բենիկ Հարությունյանի այցի մասին, հասկացել է, որ Գ.Հեբոյանը չի ցանկանում նրան տեսնել: Երբևէ չի լսել, որ դատավոր Գ.Հեբոյանն ուղղորդի Բենիկ Հարությունյանին: Չի հիշում դեպք, որ Գ.Հեբոյանը կանգնած զրուցելիս լինի քաղաքացիների հետ:
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ վկա Ռիտա Ստեփանյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, հրապարակել է վկայի նախաքննական ցուցմունքները:
Վկա Ռիտա Ստեփանյանը 2019թ ապրիլի 11-ին ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչների ծառայության Եղվարդի նստավայրի պետի պաշտոնակատար: Որպես բաժանմունքի պետի պաշտոնակատար՝ ամեն օր է գնում աշխատանքի, իսկ մնացած դատական կարգադրիչները հերթափոխով են աշխատում: Գագիկ Հեբոյանին և Վահագն Դանիելյանին ճանաչում է գործի բերումով, վերջիններիս հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառք տալուն օժանդակելու մասին տեղեկություններ չունի, այդ մասին միայն լսել և տեղեկացել է համացանցից, չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այդ տեղեկատվությունը: Բենիկ Հարությունյանին ճանաչում է դեմքով: Նա քաղաքացիական գործով որպես հայցվոր մի քանի անգամ գնացել է դատարան, և նրա գործը քննվել է դատավոր Գ.Հեբոյանի վարույթում:
Հստակ օրը չի հիշում, մոտավորապես՝ 2019թ. մարտի սկզբին, Բենիկ Հարությունյանը եկել է դատարան և իրեն ասել, որ ցանկանում է տեսնել դատավոր Գ.Հեբոյանին: Քանի որ այդ ժամանակ դատավոր Գ.Հեբոյանը նիստի է եղել, ինքը մոտեցել է նրան և ասել, որ Բենիկ անունով մարդ է հարցնում նրան, իսկ դատավորն ասել է, որ նրան տեղեկացնեն, որ գնա: Ինքը նույնը փոխանցել է Բենիկին և նրան ասել է, որ դատավորը նիստի է, չի կարող հանդիպել նրան: Դրանից հետո տեսել է, որ Բենիկը ինչ-որ դիմում է գրել, որից հետո Բենիկին այլևս չի տեսել: Չի կարող հայտնել, թե Բենիկ Հարությունյանը շարունակել է արդյոք սպասել, արդյոք դատարանում հանդիպել է Գ.Հեբոյանին, թե ոչ: Ինքը նրանց զրուցելիս չի տեսել:
Դատավոր Գ.Հեբոյանի բերման ենթարկվելուց մեկ օր առաջ դատարան է գնացել Բենիկը և ասել, որ դատավոր Գ.Հեբոյանին տեղյակ պահեն, որ եկել է: Այդ ժամանակ ավագ կարգադրիչ Անահիտ Հովհաննիսյանը զանգահարել և այդ մասին տեղյակ է պահել դատավորին կամ նրա աշխատակազմին, սակայն ինքը տեղյակ չէ, թե դատավորը կամ նրա աշխատակազմից ինչ են պատասխանել: Մինչ այդ, հերթապահության մեջ գտնվող դատական կարգադրիչ Արսեն Սիմոնյանը, տեսնելով, որ դատարանի տարածք մեքենա է մտել, գնացել է, որպեսզի տեսնի, թե ով է: Երբ վերադարձել է, նա հայտնել է, որ դատավոր Գ.Հեբոյանն է ներս մտել: Հետագայում Արսենից տեղեկացել է, որ դատավոր Գ.Հեբոյանն այդ ժամանակ, երբ ներս է մտել դատարան, Արսենին կարգադրել է, որ Բենիկին ասի, որ գնա Լիլիթի մոտ, սակայն ավելի մանրամասն չգիտի, չի հետաքրքրվել, թե փաստաբան Լիլիթին է ի նկատի ունեցել, թե Վահագն Դանիելյանի օգնական Լիլիթին: Փաստաբան Լիլիթի և Վահագն Դանիելյանի գրասենյակները գտնվում են Եղվարդի դատարանի հարևանությամբ: Արսենից տեղեկացել է, որ դատավոր Գ.Հեբոյանը Բենիկին ասել է, որ գնա Լիլիթի մոտ և ցույց է տվել նրա տեղը: Թե Բենիկին ինչ հարցով է դատավոր Գ.Հեբոյանը ցանկացել ուղարկել Լիլիթի մոտ՝ չգիտի: Այլ մանրամասներ իրեն հայտնի չեն:
Վկա Ռիտա Ստեփանյանը, պատասխանելով իր նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների վերաբերյալ հարցերին, հայտնել է, որ դատարանի վարչական շենքը և փաստաբանների գրասենյակը մի քանի քայլ հեռավորության վրա են գտնվում, և եթե նույնիսկ կարգադրիչ Արսենը բացակայել է՝ Բենիկի Հարությունյանին Լիլիթ Մանյանի տեղը ցույց տալու համար, ապա ինքը չի նկատել նրա բացակայությունը, քանի որ կարգադրիչը դատարանի շենքի սպասարկվող տարածքից չի բացակայել: Իր նախաքննական ցուցմունքում նշված հանգամանքները ճիշտ են:
Վկա Մարգարիտ Լևոնյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներից ճանաչում է դատավոր Գ.Հեբոյանին: Ամբաստանյալների նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Դեպքի մասին տեղեկացել է համացանցից, իրեն կանչել են քննչական բաժին, որտեղ հարցեր են տվել, ինքն էլ պատասխանել է: Բենիկ Հարությունյանին ճանաչում է գործի բերումով, քանի որ աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում՝ որպես գրասենյակի գործավար: Բենիկ Հարությունյանը մի քանի անգամ դիմումներ է մուտքագրել դատարանի գրասենյակ, որոնք փոխանցել է դատավոր Գ.Հեբոյանի կազմին: Իր աշխատասենյակը գտնվում է դատարանի մուտքից դեպի աջ հատվածում: Միջանցքն իրեն տեսանելի չէ, քանի որ աղմուկի պատճառով դուռը մշտապես փակում է: Դատավոր Գագիկ Հեբոյանին երբևէ միջանցքում չի տեսել: Բենիկ Հարությունյանին դատարանում տեսել է մի քանի անգամ, հստակ չի կարող ասել: Նա երբևէ դատավոր Գ.Հեբոյանի հասցեին վատ չի արտահայտվել կամ չի դժգոհել նրա վերաբերմունքից:
Վկա Անահիտ Հովհաննիսյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի Եղվարդի բաժանմունքում՝ որպես դատական կարգադրիչ:
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Բենիկ անունով քաղաքացին եկել է դատարան, մոտեցել է իրեն ու ասել, որ ցանկանում է տեսնել դատավոր Գ.Հեբոյանին: Քանի որ ինքը նկատել էր, որ Գ.Հեբոյանը շենքից դուրս է եկել, քաղաքացուն ասել է, որ Գ.Հեբոյանը տեղում չէ, ինչին քաղաքացին պատասխանել է, որ տեսել է Գ.Հեբոյանին շենք մտնելիս: Ստուգելու համար, թե Գ.Հեբոյանը տեղում է, թե ոչ, զանգահարել է ներքին համարով, հեռախոսը վերցրել է դատավոր Գ.Հեբոյանը, ում հայտնել է, որ քաղաքացի Բենիկն է ցանկանում նրան տեսնել: Դատավոր Գ.Հեբոյանն ասել է՝ «էտի խի ա եկել, երևի եկելա վճռի հետևից» և մինչ ինքը թեքվել է, որպեսզի քաղաքացուն հարցնի, թե ինչ հարցով է եկել, տեսել է, որ քաղաքացին հեռացել է: Դրանից երկու օր անց տեղեկացել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները եկել են դատարան՝ խուզարկություն կատարելու, իսկ դատավոր Գ.Հեբոյանին ձերբակալել են:
Նախկինում այդ քաղաքացուն տեսել է դատարանում, նա դատական նիստերի է մասնակցել: Հետագայում, երբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն են կանչել իրենց աշխատակից Արսեն Սիմոնյանին, նրանից տեղեկացել է, որ Գ.Հեբոյանը բակում վերջինիս ասել է՝ «տես, թե Լիլիթը տեղում ա, ասա թող գնա նրա մոտ»:
Վկա Հրայր Սահակյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի Եղվարդի բաժանմունքում՝ որպես դատական կարգադրիչ: 2019թ. մարտ ամսին համացանցում կարդացել է Գ.Հեբոյանի հետ կատարվածի մասին, որից հետո զանգահարել է Վահագն Դանիելյանին՝ ճշտելու համար իր կարդացածի իրական լինելը: Վ.Դանիելյանի հետ համագյուղացիներ են ու շատ վաղուց են իրար ճանաչում: Միմյանց հետ գտնվում են շատ լավ հարաբերությունների մեջ: Ինքը 094-63-33-99 հեռախոսահամարով է զանգել Վահագն Դանիելյանին, որի նպատակը եղել է իր ունեցած ինֆորմացիան ճշտելը: Ինքը «Ֆեյսբուքյան» էջից է տեղեկացել կաշառքի դեպքի մասին, իսկ Վահագն Դանիելյանին զանգահարել է, քանի որ նրան է ճանաչել, բացի այդ, մտածել է, որ նա աշխատավայրում կլինի և կարող է իմանալ դեպքի մասին: Վահագն Դանիելյանին զանգահարել է ժամը 00:49-ին, քանի որ իրենք մտերիմ են եղել, կաշկանդվածություն չի ունեցել նրան զանգահարելու համար: Ինքն իր համագյուղացիներից շատերին կարող է ուշ ժամի զանգահարել: Երբ Վահագն Դանիելյանի հետ խոսել է իր կարդացածի մասին, վերջինս հանգիստ է խոսել, որևէ անհանգստություն չի ցուցաբերել:
Պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննված Անժելա Հովսեփյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար: Բենիկ Հարությունյանին ճանաչում է որպես հայցվոր, նրա վերաբերյալ քաղաքացիական գործի քննությունը եղել է 2018 թվականին: Բենիկ Հարությունյանն այլ գործեր ևս ունեցել է դատարանում, բայց ինքը մասնակցել է միայն 2018 թվականին քննվող գործի քննությանը: Տվյալ գործը, իր հիշելով, պայմանագրերը անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջի մասին էր: Իր հիշելով՝ տվյալ գործի դատական քննությունը նշանակված է եղել մարտի 1-ին, իսկ վճռի հրապարակման օրը՝ մարտի 18-ին: Իր հիշելով՝ մարտի 01-ի նիստը ընդմիջվել է՝ պատասխանող կողմի միջնորդությամբ՝ փաստաթղթեր ներկայացնելու համար: Բենիկ Հարությունյանն այդ նիստին ներկա է եղել: Ընդմիջման ժամանակ դատավոր Գ.Հեբոյանը Բ.Հարությունյանի հետ չի խոսել, բացառում է դա: Չի եղել դեպք, որ դատավոր Գ.Հեբոյանը զրուցի Բ.Հարությունյանի հետ: 2019թ. մարտի 18-ին ինքն է Բենիկ Հարությունյանին հայտնել, որ վճիռը պատրաստ չէ: Վճիռը Բ.Հարությունյանին տրամադրվել է 2019թ. մարտի 19-ին: Դատավոր Գ.Հեբոյանն է իրեն օգնել վճիռներն իջեցնել գրասենյակ, քանի որ դրանք շատ ծանր են եղել: Երբ ինքն ու Գ.Հեբոյանը միասին իջել են, Բենիկ Հարությունյանը փորձել է մոտենալ Գագիկ Հեբոյանին, սակայն վերջինս խուսափել է նրա հետ զրույցից՝ հայտնելով, որ դատարանը չի կարող իրավաբանական խորհրդատվություն տրամադրել: Բենիկ Հարությունյանը միշտ շատ ագրեսիվ պահվածք է դրսևորել: Եղել է դեպք, երբ վերջինս ագրեսիվ կերպով մտել է գրասենյակ, հայտարարել, որ Գ.Հեբոյանն իր նկատմամբ ունեցած լարվածությունից է վերադարձրել իր հայցադիմումները:
Դատավոր Գ.Հեբոյանի աշխատասեղանին դրված են օրենսգրքեր և դատական նիստերի վերաբերյալ նշումների նոթատետրը: Դատավոր Գ.Հեբոյանը նիստերից դուրս չէր կարող շփվել Բենիկ Հարությունյանի հետ, քանի որ նա Բենիկ Հարությունյանի նկատմամբ հակակրանք է ունեցել, որը պայմանավորված է եղել Բենիկ Հարությունյանի ագրեսիվ պահվածքով: Եղել են դեպքեր, երբ Բենիկ Հարությունյանը եկել ու փորձել է հանդիպել Գագիկ Հեբոյանին: Հիշում է, երբ կարգադրիչներից մեկը զանգել է ու հայտնել, որ Բենիկ Հարությունյանն է եկել, Գ.Հեբոյանը, իմանալով այդ մասին, բարկացել է՝ ասելով. «վճիռն էլ տվեցինք՝ չպրծանք»: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք դատավոր Գ.Հեբոյանի սեղանին չի տեսել:
Հնարավոր է, որ դատավոր Գ.Հեբոյանը դահլիճից դուրս հանդիպել է քաղաքացիներին, ինչն ինքը հնարավոր է, որ նկատած չլինի: Իրենց դահլիճն ունի 4մ երկարություն, հետևաբար, դատավոր Գ.Հեբոյանը չէր կարող 6-7 մ հեռավորության վրա Բենիկի հետ խոսել:
Իրենք շաբաթվա մեջ հրապարակել են 100-120 դատական ակտեր, սակայն Բենիկ Հարությունյանի վճիռը ստանալու օրը հիշում է, քանի որ ինքն է հանձնել վճիռը: Իրենք շատ ծանրաբեռնված են եղել, եթե չի սխալվում՝ մարտ ամսին Գ.Հեբոյանի գործերը 1000-ից ավելի են եղել: Այդ ծավալի մեջ Բենիկ Հարությունյանի մասնակցությամբ մարտի 1-ին կայացված դատական նիստի իրադարձությունները հիշում է, որովհետև դրանք տպավորվել են իր մեջ: Հիշում է, որ տվյալ գործով հետագայում գրասենյակից իրենց միջնորդություն են հանձնել, ինքն այն փոխանցել է իրենց օգնականին, ով էլ իրեն հանձնարարել է այն դնել գործի մեջ՝ նշելով, որ վճիռն արդեն կայացվել է:
Լիլիթ Մանյանին ճանաչում է, վերջինս աշխատել է նաև դատարանում: Եղել են դեպքեր, երբ դատավոր Գ.Հեբոյանն ուղղորդել է անձանց դիմել փաստաբանների, մասնավորապես՝ Վահագն Դանիելյանին կամ Լիլիթ Մանյանին:
Հաղորդում ընդունելու մասին 2019թ. մարտի 25-ի արձանագրության համաձայն՝ 2019թ. մարտի 25-ին Բենիկ Հարությունյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվել է հանցագործության մասին հաղորդում՝ նշելով Գագիկ Հեբոյանի կողմից իրենից 2500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և այն փաստաբան Վահագն Դանիելյանի միջոցով նրան տալու մասին:
Թիվ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործի նյութերը զննելու մասին՝ 2019թ. ապրիլի 15-ի արձանագրության համաձայն՝ ԿԴ3/0401/02/18 քաղաքացիական գործը բաղկացած է 3 հատորից, որոնցից 1-ին հատորը՝ 127 թերթից, 2-րդ հատորը՝ 125 թերթից և 3-րդ հատորը՝ 51 թերթից: Գործի փաստաթղթերը համարակալված են և ցուցակագրված:
1-ին հատորի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիական գործը սկսվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Պ. Սևակ փողոցի 5-րդ տան բնակիչ Բենիկ Ավագի Հարությունյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ Օնիկ Հարությունյանի և «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության միջև կնքված թվով 4 հատ փոխառության պայմանագրերը և 2013թ. հոկտեմբերի 2-ին «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ժ.Կիրակոսյանի և Օնիկ Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրն անվավեր ճանաչելու, «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերության տույժ-տուգանքները պատասխանողներից բռնագանձելու վերաբերյալ 2018թ. ապրիլի 3-ի հայցադիմումից:
Բենիկ Հարությունյանը հայցադիմումում նշել է, որ հանդիսանում է «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի հիմնադիրներից և իր բաժնեմասը կազմում է 26 տոկոս:
Հայցադիմումում, ի թիվս այլ հանգամանքների, Բենիկ Հարությունյանը նշել է, որ ըստ հարկային տեսուչների կողմից կազմված ակտի՝ «Լուսակերտի Հարություն Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊ ընկերությունից, ըստ հաշտության համաձայնագրի, Օնիկ Հարությունյանին որպես սեփականություն անցած անշարժ գույքի գործարքը տնօրեն Ս.Առաքելյանը ցույց չի տվել հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվություններում (ոչ ընթացիկ, ոչ էլ տարեկան հաշվետվություններում), որի արդյունքում, ինչպես նշված է ակտում, շահութահարկի և ԱԱՀ-ի գծով առաջացել է 319.000.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն, որից ավելի քան 179.000.000 ՀՀ դրամը կազմում են տու