Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԷԴ/0129/01/17

Վիճակագրական տողի համար: 14.5

Ամբաստանյալ

Բաբկեն Սոսի Գասպարյան

Գայանե Հայկազունի Գալոյան

Միքայել Արթուրի Զադոյան

Դատավոր

Էրեբունի և Նուբարաշեն:

Մեսրոպ Երջանիկի Մակյան

Քրեական վերաքննիչ:

Մհեր Սերյոժայի Արղամանյան

Հոդվածներ

Էրեբունի և Նուբարաշեն:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 311 Մաս 4 Կետ 2
Հոդված 312 Մաս 3 Կետ 1
Հոդված 313 Մաս 1
Քրեական վերաքննիչ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 311 Մաս 4 Կետ 2
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:


  • Նիստեր
  • Ակտեր
  • Էրեբունի և Նուբարաշեն
  • Քրեական վերաքննիչ
  • Վճռաբեկ

Գործ
ԵԷԴ/0129/01/17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ

,,4,, հունիսի 2019թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը
/այսուհետև` դատարան/

Նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի
Քարտուղարությամբ Լ. Մակարյանի
Մասնակցությամբ՝
Մեղադրող Ա. Մնացականյանի
Պաշտպաններ Հ. Անանյանի
Ս. Ամիրխանյանի
Հանրային պաշտպաններ Ա. Հոբոսյանի
Ս. Հարությունյանի
դռնբաց դատական նիստերում, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի`
Բաբկեն Սոսի Գասպարյանի` ծնված 18.07.1953թ.-ին
Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի,
ամուսնացած, բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված,
չի աշխատում, հաշվառված և բնակվող՝ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի
23-րդ շենքի 167-րդ բնականարում, մեղադրվում է ՀՀ քրեական
օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման
միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը,

Գայանե Հայկազունու Գալոյանի` ծնված 26.08.1957թ.-ին
Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի,
չամուսնացած, բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված,
հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատ փաստաբան,
հաշվառված՝ Երևան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան 15-րդ շենքի
25-րդ բնականարում, բնակվող՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 34-րդ փողոցի
1-ին նրբանքի 11-րդ տանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի
38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որպես կալանավորման
այլընտրանքային խափանման միջոց է ընտրված գրավը,

Միքայել Արթուրի Զադոյանի` ծնված 29.08.1980թ.-ին
Արտաշատ քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի,
ամուսնացած, խնամքին են գտվում երկու անչափահաս երեխաները,
բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված, աշխատում է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և
Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ
քննիչ, հաշվառված և բնակվող՝ Արարատի մարզ, գյուղ Ներքին Դվին,
Սևակի փողոցի 9-րդ տանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի
311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որպես կալանավորման
այլընտրանքային խափանման միջոց է ընտրված գրավը։

1.Գործի դատավարական նախապատմությունը
Ըստ դատարան ուղարկված քրեական գործի նյութերի և մեղադրական եզրակացության.
«...Բաբկեն Սոսի Գասպարյանը՝ մեղադրվում է այն արարքի համար, որ նա՝ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող թիվ 12808616 քրեական գործով՝ որդու՝ Սոս Բաբկենի Գասպարյանի, օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Այսպես.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվել է թիվ 12808616 քրեական գործը, որով Սոս Բաբկենի Գասպարյանին վերագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում։ Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանի հայրը Բաբկեն Գասպարյանն այցելել է քննչական բաժին, հանդիպել տվյալ գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով 3000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր ներկայացրած անձի՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու, այն է՝ Սոս Գասպարյանին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն և պատիժ սահմանող, նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։
Ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու դիմաց նշված գործով քննիչ Միքայել Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և հայտնել է, որ կկանչի քննչական բաժնի պետի տեղակալին իր աշխատասենյակ։
Դրանից հետո քննիչի հետ աշխատասենյակ է եկել վերջինիս վերադաս հանդիսացող նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, ով ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնության գալով, նույնպես Բաբկեն Գասպարյանին խոստացել է վերջինիս որդուն ի նպաստ իր լիազորությունների շրջանակներում կատարել գործողություններ։
Ապա կաշառքի առարկան՝ 3000 ԱՄՆ դոլարը ստանալն իրականացնելու, այն անխոչընդոտ և բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով քննիչ Միքայել Զադոյանը Բաբկեն Գասպարյանին ուղարկել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ՝ վերջինիս միջոցով կաշառքի առարկան ստանալու, Գայանե Գալոյանի օժանդակությամբ կաշառք տվողի հետ բանակցություններ վարելու և նրա միջոցով քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար՝ նախապես այդ մասին զգուշացնելով Գայանե Գալոյանին։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը նույնը օրը հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, նրան հայտնել իր որդու հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից հետո նույն օրը Գայանե Գալոյանը լրացուցիչ պարզաբանումներ է կատարել ավագ քննիչ Միքայել Զադոյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ և կաշառք ստանալու հարցով վերջիններիս օժանդակելու դիտավորությամբ հանդիպել է Բաբկեն Գասպարյանի հետ։ Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանին կրկին հավաստիացրել է գումարի դիմաց նրա որդու օգտին գործողություններ կատարելու հիշյալ պաշտոնատար անձանց վճռականության մասին, ապա վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչ Միքայել Զադոյանին ու բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին է փոխանցել 1450950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափի 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը։
Այսպիսով, Բաբկեն Գասպարյանը փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք...»։
«...Գայանե Հայկազունու Գալոյանը մեղադրվում է այն բանում, որ նա՝ օժանդակել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող թիվ 12808616 քրեական գործով Սոս Բաբկենի Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին։
Այսպես.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվել է թիվ 12808616 քրեական գործը, որով Սոս Բաբկենի Գասպարյանին վերագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում։ Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին, Սոս Գասպարյանի հայրը Բաբկեն Գասպարյանն այցելել է քննչական բաժին, հանդիպել տվյալ գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով 3000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր ներկայացրած անձի՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու, այն է՝ Սոս Գասպարյանին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն և պատիժ սահմանող նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։
Ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու դիմաց նշված գործով քննիչ Միքայել Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և հայտնել է, որ կկանչի քննչական բաժնի պետի տեղակալին իր աշխատասենյակ։
Դրանից հետո քննիչի հետ աշխատասենյակ է եկել վերջինիս վերադաս հանդիսացող նույն բաժնի պետ տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, ով ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնության գալով, նույնպես Բաբկեն Գասպարյանին խոստացել է վերջինիս որդուն ի նպաստ իր լիազորությունների շրջանակներում կատարել գործողություններ։
Ապա կաշառքի առարկան՝ 3000 ԱՄՆ դոլարը ստանալն իրականացնելու, այն անխոչընդոտ և բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով քննիչ Միքայել Զադոյանը Բաբկեն Գասպարյանին ուղարկել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ՝ վերջինիս միջոցով կաշառքի առարկան ստանալու, Գայանե Գալոյանի օժանդակությամբ կաշառք տվողի հետ բանակցություններ վարելու և նրա միջոցով քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար՝ նախապես այդ մասին զգուշացնելով Գայանե Գալոյանին։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը նույնը օրը հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, նրան հայտնել իր որդու հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից հետո նույն օրը Գայանե Գալոյանը լրացուցիչ պարզաբանումներ է կատարել ավագ քննիչ Միքայել Զադոյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ և կաշառք ստանալու հարցով վերջիններիս օժանդակելու դիտավորությամբ հանդիպել է Բաբկեն Գասպարյանի հետ։ Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանին կրկին հավաստիացրել է գումարի դիմաց նրա որդու օգտին գործողություններ կատարելու հիշյալ պաշտոնատար անձանց վճռականության մասին, ապա վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչ Միքայել Զադոյանին ու բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափի 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը։
Այսպիսով, Գայանե Գալոյանն իր գործողություններով օժանդակել է քննիչ Միքայել Զադոյանի և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի կողմից Բաբկեն Գասպարյանից կաշառք ստանալուն, մասնավորապես իրականացրել վերջիններիս՝ առանձնապես խոշոր չափերով կաշառքը Բաբկեն Գասպարյանից ոչ թե անձամբ, այլ ուրիշի միջոցով ստանալու նպատակը՝ այդ կերպ վերացնելով հիշյալ խոչընդոտը...»։
«...Միքայել Արթուրի Զադոյանը մեղադրվում է այն բանում, որ նա՝ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով՝ նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Այսպես.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվել է թիվ 12808616 քրեական գործը, որով Սոս Բաբկենի Գասպարյանին վերագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում։ Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանի հայրը Բաբկեն Գասպարյանն այցելել է քննչական բաժին, հանդիպել տվյալ գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 1450950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով 3000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր ներկայացրած անձի՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու, այն է՝ Սոս Գասպարյանին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն և պատիժ սահմանող նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։
Ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու դիմաց նշված գործով քննիչ Միքայել Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և հայտնել է, որ կկանչի քննչական բաժնի պետի տեղակալին իր աշխատասենյակ։
Դրանից հետո քննիչի հետ աշխատասենյակ է եկել վերջինիս վերադաս հանդիսացող նույն բաժնի պետ տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, ով ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնության գալով, նույնպես Բաբկեն Գասպարյանին խոստացել է վերջինիս որդուն ի նպաստ իր լիազորությունների շրջանակներում կատարել գործողություններ։
Ապա կաշառքի առարկան՝ 3000 ԱՄՆ դոլարը ստանալն իրականացնելու, այն անխոչընդոտ և բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով քննիչ Միքայել Զադոյանը Բաբկեն Գասպարյանին ուղարկել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ՝ վերջինիս միջոցով կաշառքի առարկան ստանալու, Գայանե Գալոյանի օժանդակությամբ կաշառք տվողի հետ բանակցություններ վարելու և նրա միջոցով քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար՝ նախապես այդ մասին զգուշացնելով Գայանե Գալոյանին։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը նույնը օրը հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, նրան հայտնել իր որդու հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից հետո նույն օրը Գայանե Գալոյանը լրացուցիչ պարզաբանումներ է կատարել ավագ քննիչ Միքայել Զադոյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ և կաշառք ստանալու հարցով վերջիններիս օժանդակելու դիտավորությամբ հանդիպել է Բաբկեն Գասպարյանի հետ։ Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանին կրկին հավաստիացրել է գումարի դիմաց նրա որդու օգտին գործողություններ կատարելու հիշյալ պաշտոնատար անձանց վճռականության մասին, ապա վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչ Միքայել Զադոյանին ու բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափի 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը...»։
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից 2017 թվականի սեպտեմբերի 8-ին հարուցվել է թիվ 62228617 քրեական գործը։
2017 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Գայանե Հայկազունու Գալոյանը ձերբակալվել է։
2017 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Բաբկեն Սոսի Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2017 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացվել է որոշում` Գայանե Հայկազունու Գալոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։
Նույն օրը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Գ.Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2017 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացվել է որոշում` Բաբկեն Սոսի Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

2017 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Միքայել Արթուրի Զադոյանը ձերբակալվել է։
2017 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացվել է որոշում` Միքայել Արթուրի Զադոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։

30.09.2017թ-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Մ.Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2017 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացվել է որոշում` Բ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

2017 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացվել է որոշում` Գ.Գալոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։

2017 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացվել է որոշում` Մ.Զադոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։

Քրեական գործը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել 12.12.2017թ-ին, որը 14.12.2017թ-ին ընդունվել է դատարանի վարույթ։
Գործի դատական քննության ընթացքում՝ 06.04.2018թ-ին և 25.01.2019թ-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել են որոշումներ, համաձայն որոնց՝ Գայանե Հայկազունու Գալոյանին և Միքայել Արթուրի Զադոյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի և նրանք գրավի վճարման դիմաց ազատ են արձակվել կալանքից։
2.Ապացույցների հետազոտում և գնահատում

Ամբաստանյալ Բաբկեն Սոսի Գասպարյանը, դատարանում, ՀՀ քրեական օրենսգքրի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է չանաչել լիովին և ցուցմունք է տվել այն մասին, որ 2016թ-ի դեկտեբերի 23-ին դուրս է գրվել հիվանդանոցից և այդ օրն իմացել, որ որդիները` Սոսը և Հովհաննեսը, վիճաբանել են 4 անձանց հետ, որի ժամանակ ինքնապաշտպանվելու նպատակով Սոսը դանակահարել է նրանցից մեկին։ Դեկտեմբերի 27-ին իրենց բնակարանում քննիչ Զադոյանի կողմից կատարվել է խուզարկություն, որից հետո նա, իրեն է հանձնել ծանուցագրեր, որոնցով դեկտեմբերի 29-ին որդիները հրավիրվել են հարցաքննության. Սոսը որպես կասկածյալ, իսկ մյուս որդին` Հովհաննեսը` վկա։ Սոսը կասկածվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ։ Խուզարկության ժամանակ ինքը Զադոյանին ասել է, որ որդու արարքը ոչ այլ ինչ է, քան ինքնապաշտպանություն, իսկ Զադոյանն ասել է, որ ինքնապաշտպանության հանցակազմը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, սակայն հոդվածը վերաորակելու որևէ ակնարկ այդ պահին չի արել։
Դեկտեմբերի 29-ին կնոջ և տղաների հետ գնացել է իր ընկերոջ կնոջ` փաստաբան Կարինե Շախմուրադյանի մոտ` դեպքի հետ կապված զրուցելու նպատակով, սակայն, քանի որ վերջինս աշխատավայրում չի եղել, ինքը միայնակ բարձրացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Բաժնում հանդիպել է քննիչ Զադոյանին և նրա հետ զրույցի ժամանակ կրկին ասել է, որ Սոսի արարքը սխալ է որակված, այն չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածին և նրա արարքում առկա են ինքնապաշտպանության տարրեր, ուստի խնդրել է նրան փոխել առաջադրված մեղադրանքը։ Այդ ժամանակ աշխատասենյակ է մտել մի երիտասարդ, ում Զադոյանը ներկայացրել է որպես պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյան և նրան ասել, որ ինքը Սոսի հայրն է ու խնդրում է օգնել որդուն։ Ներս մտած անձն ասել է, որ օրենքի սահմաններում կօգնեն։ Մ.Զադոյանի հետ զրույցի ժամանակ վերջինս հարցրել է, որ թե ով պետք է պաշտպանի Սոսի շահերը։ Ինքը պատասխանել է, որ փաստաբան Կարինե Շախմուրադյանը, սակայն Մ.Զադոյանն ասել է, որ Կարինեն քաղաքացիական գործերով է զբաղվում և խորհուրդ է տվել դիմել քրեական գործերով փաստաբան Գայանե Գալոյանին։ Մ.Զադոյանն իրեն է տվել է Գ.Գալոյանի հեռախոսահամարը։ Ինքը զանգահարել է նրան և հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել։ Նույն օրը տղաների հետ հանդիպել է փաստաբան Գալոյանին, պատմել դեպքի հանգամանքները, վերջինս ասել է, որ Սոսի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի հատկանիշներ, ապա գնացել է քննչական բաժին։ Վերադառնալով, Գ.Գալոյանն ասել է, որ քննչական բաժնում Սոսին վերագրվող արարքի վերաորակման համար պահանջել են 3.000 ԱՄՆ դոլար, սակայն որևէ մեկի անուն չի տվել, թե ում պետք է տրվեր այդ գումարը։ Համաձայնվել է և որդու համար Գալոյանի աշխատասենյակում, վստահելով նրան, տվել է 3000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, Գալոյանը պահանջել է 450.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար, որը նրան է փոխանցել հաջորդ օրը։ Հունվարի 10-ին տղաների հետ գնացել է քննչական բաժին, որտեղ Սոսին ձերբակալել են։ Այնուհետև, քննիչի միջնորդությամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և ճանաչվել է գրավի կիրառման թույլատրելիությունը։ Սակայն, վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` Սոսը կալանավորվել է։ Գայանե Գալոյանը հուսադրել է իրեն, որ Սոսը պետք է 6 օր հետո ազատ արձակվի, սակայն, իրականում նա ոչինչ չի արել, ավելին Գայանեն ասել, որ «դատախազի խոսքերով` տղային 3 տարի են տալու»։
Գործի նախաքննության ընթացքում Գ.Գալոյանը ներկայացրել է միջնորդություններ` Սոսի արարքը վերաորակելու համար, սակայն նրա միջնորդությունները մնացել են անպատասխան։ Հետագայում, Սոսին առաջադրված մեղադրանքն այդպես էլ չի փոփոխվել, իսկ առաջին ատյանի դատարանի դատավճռով՝ նույն հոդվածով նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով։ Տեսնելով, որ որդին ազատության մեջ չի հայտնվում, Գալոյանին ասել է, որ նա «...ետ ողորմյա անի», սակայն Գալոյանը վրդովվել է այդ ամենից, ավելին, նախ մեղադրել է իրեն գործի վերաբերյալ այլ անձանց հետ ևս իբրև թե պայմանավորվածություններ ձեռք բերելու մեջ, իսկ հետագայում նաև ասել է, որ գումարը տվել է որպեսզի մյուս որդին` Հովհաննեսը ևս չձերբակալվի ու ներքաշվի գործի մեջ։
Դատարանում Բաբկեն Գասպարյանը պնդել է, որ Մ.Զադոյանի և Բ.Եղիազարյանի հետ երբևէ գումարային հարցի շուրջ չի խոսել, իսկ Զադոյանը մշտապես ասել է` «...ձյաձ, անհոգ եղի, լավ կլինի»։ Չի բացառում, որ առաջին անգամ բաժնում հանդիպելիս Զադոյանին մրմնջացել է գումար տալու պատրաստակամության մասին, սակայն նա չի արձագանքել դրան, գուցե և չի լսել իրեն։ Չի կարող ասել, արդյոք Զադոյանն իմացել է իր կողմից տրված գումարի մասին, թե ոչ։ Համոզված է, որ Զադոյանը որպես քննիչ գործի սխալ քննություն է իրականացրել, ավելին, որդու օգտին ոչինչ չի արել։
Այն բանից հետո, երբ հասկացել է, որ իր տված գումարի դիմաց ոչինչի չի արվել, իսկ Գալոյանն արդեն ամեն ինչում սկսել է մեղադրել իրեն և հասկանալով, որ ինքը քրեորեն պատժելի արարք է կատարել, մեղայականով ներկայացել է իրավապահ մարմիններին։

Թեև գիտակցում է, որ սխալ արարք է կատարել, սակայն գործել է որպես ծնող` հանուն իր որդու։ Հավաստիացրել է, որ ազգային անվտանգության ծառայությունում ներկայացրածը համապատասխանում է իրականությանը։ Պնդել է նաև, որ գումարը տվել է Գ.Գալոյանին` հարցը լուծելու համար, իսկ ինչ վերաբերում է Մ.Զադոյանին, նշել է, որ ինքը նրան գումար չի տվել, չի տեսել, որ նրան գումար տված լինեն։ Գտնում է, որ խաբվել է Գ.Գալոյանի կողմից։

Դատարանն արձանագրելով, որ ամբաստանյալի դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, որոշում է կայացրել հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները։
Մասնավորապես՝
09.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես վկա հարցաքննվելիս Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ-ի դեկտեմբերի 20-ին գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ վիրահատվել է։ Այդ ժամանակ իր մոտ է գտնվել որդին՝ Սոս Գասպարյանը։ Սոսն ունեցել է Լիաննա անունով ընկերուհի, ում հետ ընկերություն է արել։ Լիաննան ունեցել է ընկերուհի, ում անունը չի մտաբերում։ Սոսը չէր ցանկանում, որպեսզի Լիաննան շփվեր այդ աղջկա հետ, քանի որ, Սոսի կարծիքով, նա խառնվում էր նրանց հարաբերությունների մեջ։ Այդ պատճառով Սոսը կարճ հաղորդագրություն էր ուղարկել Լիաննայի այդ ընկերուհուն, բառացի գրելով՝ «կյանքդ դժոխք կսարքեմ», սակայն Սոսը հետագայում ներողություն էր խնդրել նրանից։ Որոշ ժամանակ անց Սոսին է զանգահարել այդ աղջկա մորարոջ որդին՝ Սերգեյ Կուդրյաշովը և ագրեսիվ տոնով պահանջել հանդիպում նրա հետ։ Խոսակցության ժամանակ Սոսը նրան ասել է, որպեսզի գա այն հիվանդանոցի սրճարան, որտեղ գտնվում էր ինքը, սակայն Կուդրյաշովը հրաժարվել է, ասելով, որ չի ցանկանում հանդիպել մարդաշատ վայրում։ Սոսը խուսափել է նրա հետ հանդիպումից, ավելին, ասել, որ այդ դեպքում հանդիպման կգա ոստիկանի հետ։ Դեպքի օրը Կուդրյաշովը 3 հոգու հետ հանդիպել է իր որդիներին, մասնավորապես, հետևել է նրանց, այն պահին, երբ մյուս որդին՝ Հովհաննեսը, մեքենան կայանել է իրենց բակի ավտոտնակում, նրանց են մոտեցել Կուդրյաշովը և 3 անձինք, ապա Սերգեյը սկսել է հարվածներ հասցնել Սոսին, որի հետևանքով Սոսը ընկել է և ընկած վիճակում, երևի դանակով, հարվածել Սերգեյին և Մարատին։ Սերգեյի մոտ արձանագրվել է թոքի վնասվածք, սակայն նրան վիրահատելու կարիք չի եղել, իսկ Մարատը կամ վնասվածք չի ստացել, կամ այն եղել է թեթև աստիճանի։ Կարծում է, որ որդին տվյալ իրավիճակում ինքնապաշտպանվել է, քանի որ նա բնավորությամբ ագրեսիվ չէ։ Այդ դեպքի մասին ինքն իմացել է դեկտեմբերի 23-ին, երբ դուրս է գրվել հիվանդանոցից։ Դրանից երեք օր անց իրենց տուն են եկել ոստիկանության աշխատակիցներ և Էրեբունու քննչական բաժնի քննիչ Միքայել Զադոյանը, ում տեսնում էր առաջին անգամ։ Մ.Զադոյանը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նա հանդիսանում է այդ գործով քննիչը և հայտարարել է, որ դատարանի որոշման հիման վրա պետք է խուզարկություն կատարի իրենց բնակարանում։ Խոսակցության ընթացքում Մ.Զադոյանն ասել է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով, որի կապակցությամբ ինքը հայտնել է իր դժգոհությունը, ասելով, որ ճիշտ հոդվածով չի հարուցվել, որդին ինքնապաշտպանվել է, ուստի նրա արարքում առկա են ինքնապաշտպանության հատկանիշեր, այն է՝ արաքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածին։ Այդ ժամանակ քննիչն ասել է, որ «ինքնապաշտպանությունը 116-րդ հոդվածն է»։ Մ.Զադոյանի այդ արտահայտությունը հասկացել է որպես ակնարկ, որ նա կօգնի իր որդուն։ Այնուհետև, քննիչ Զադոյանն իրեն է տվել երկու ծանուցագիր, որոնցում նշված էր, որ Հովհաննեսը որպես վկա, իսկ Սոսը որպես մեղադրյալ 2016թ-ի դեկտեմբերի 29-ին հրավիրվում են հարցաքննության։ 2016թ-ի դեկտեմբերի 29-ին որդիների և կնոջ հետ գնացել են քննչական բաժին, ինքը վերցրել էր 3.000 ԱՄՆ դոլար, որպեսզի մտներ քննիչի մոտ և խնդրեր նրան գումարի դիմաց չձերբակալել Սոսին ու փոխել առաջադրված մեղադրանքը։ Մինչ քննիչի մոտ գնալը, իրենք հանդիպել են ծանոթ փաստաբան Կարինեին, նրան պատմել դեպքը, վերջինս ասել է, որ կփորձի օգնել։ Այնուհետև, ինքը միայնակ բարձրացել է քննչական բաժին։ Տեսնելով, որ քննիչ Զադոյանը տեղում չէ, զանգահարել է նրան, վերջինս ասել է, որ պետք է մի փոքր սպասի։ Մոտ 10 րոպե անց եկել է քննիչը, միասին մտել են նրա աշխատասենյակ, զրուցել որդու գործի մասին, ապա, առաջարկել է քննիչ Զադոյանին տալ 3000 ԱՄՆ դոլար, որպեսզի նա վերաորակի որդուն առաջադրված մեղադրանքը և նրան չձերբակալի։ Մ.Զադոյանը չի առարկել իր առաջարկին և ասել է, որ կկանչի տեղակալին և միասին կզրուցեն։ Այնուհետև, դուրս է եկել սենյակից և վերադարձել տեղակալի հետ։ Այդ ժամանակ Մ.Զադոյանն իրեն չի ներկայացրել տեղակալի տվյալները, սակայն հետագայում իմացել է, որ նա հանդիսանում է Բունիաթ Եղիազարյանը։ Զադոյանն իրեն տեղակալին ներկայացրել է որպես Սոսի հայր, ով խնդրում է օգնել իրեն, իսկ տեղակալն ասել է՝ «օրենքի շրջանակներում կօգնենք», ապա դուրս է եկել աշխատասենյակից։ Այդ ժամանակ գումարի մասին խոսք չի եղել, սակայն պարզ էր, որ քննիչն իր առաջարկի մասին տեղյակ էր պահել տեղակալին։ Այդ ժամանակ ի պատասխան Զադոյանի հարցին, ինքը նրան ասել է, որ ունեն պայմանավարովածություն փաստաբան Կարինեի հետ, սակայն Զադոյանն ասել է, որ պետք չէ, որպեսզի Կարինեն մասնակցի այդ գործին և նա կասի, թե ում պետք է վարձեն։ Մասնավորապես, Մ.Զադոյանն ասել է, որ վարձեն փաստաբան Գայանե Գալոյանին, ասելով՝ «մնացածը Գայանեն քեզ ամեն ինչ կասի»։ Հասկացել է, որ գումարային հարցերի շուրջ պետք է պայմանավորվի այդ փաստաբանի հետ։ Այդ ժամանակ Մ.Զադոյանը զանգահարել է Գ.Գալոյանին և ասել՝ «քո մոտ ուղարկում եմ մի տղամարդու, հանդիպի հետը, զրուցի» և իրեն է փոխանցել Գալոյանի հեռախոսահամարը՝ 091-49-81-91։ Դուրս գալով քննիչի աշխատասենյակից, անմիջապես զանգահարել է փաստաբանին, վերջինս ասել է, որ տեղում չէ, մի ժամից կմոտենա։ Իր հիշելով, Զադոյանն իրեն ասել է, որ Գայանեի գրասենյակը գտնվում է քննչական բաժնի մոտ։ Դրանից հետո հանդիպել է Գայանեին, իր հետ են գտնվել նաև որդիները։ Այդ ժամանակ Գայանեն ասել է՝ «մի հատ գնամ քննչական բաժին, տղաների մոտ, խոսեմ, գամ»։ Գայանեն գնացել է քննչական բաժին, մոտ 15 րոպե անց վերադարձել և ասել է՝ «ես տղաներին տեսա, դառնում եմ Ձեր պաշտպանը, քննիչին միջնորդելու եմ արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգքրի 116-րդ հոդվածով։ Տղաներն այս գործի համար ուզում են 3.000 ԱՄՆ դոլար, իսկ իմ ծառայությունների համար պետք է վճարես 450.000 ՀՀ դրամ»։ Համաձայնվել է, ասելով, որ 3.000 ԱՄՆ դոլարը մոտն է, իսկ 450.000 ՀՀ դրամը կտա հաջորդ օրը։ Խոսկացությանը որդիները ևս ներկա են եղել։ 3.000 ԱՄՆ դոլարը տվել է Գայանե Գալոյանին, վերջինս ասել է, որ նա Հովհաննեսի հետ պետք է գնա քննչական բաժին ցուցմունք տալու, իսկ Սոսը կներկայանա տոներից հետո։ Ինքն ու Սոսը մնացել են Գ.Գալոյանի գրասենյակում, իսկ Հովհաննեսը նրա հետ գնացել է քննչական բաժին, ապա կես ժամ անց վերադարձել են։ Երբ դուրս են եկել փաստաբանի գրասենյակից, Հովհաննեսը պատմել է, որ, երբ նրանք գտնվել են քննիչ Զադոյանի մոտ, Գ.Գալոյանն ասել է՝ «սա տանեմ տամ, գամ», խոսքը վերաբերել է գումարին։ Այդ օրն ինքը Գայանեին չի հարցրել, արդյոք նա գումարը փոխանցել է, թե ոչ, քանի որ իր համար արդեն պարզ էր, որ տալու էր։ Հաջորդ օրն ինքը գնացել է Գ.Գալոյանի գրասենյակ և այնտեղ առձեռն նրան է տվել նաև 450.000 ՀՀ դրամը։ Դրանից հետո որևէ կապ չի եղել Գալոյանի և Զադոյանի հետ՝ մինչև հունվար ամսվա առաջին աշխատանքային օրը։ Հունվարի 10-ին որդիների հետ գնացել է Գայանեի գրասենյակ, Գալոյանն ասել է, որ Սոսին պետք է ձերբակալեն, ապա տանեն դատարան՝ կալանավորելու նպատակով, սակայն նա միջնորդելու է, որպեսզի նրան գրավով ազատ արձակեն։ Սոսին այդ օրը ձերբակալել են, նա 3 օր մնացել է ՁՊՎ-ում, որից հետո դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել։ Այնուհետև, Գայանեն ասել է, որ փոխվելու է Սոսին առաջադրված մեղադրանքը։ Մեկ շաբաթ անց Գայանեից իմացել է, որ դատախազության կողմից ներկայացվել է բողոք դատարանի որոշման դեմ և այնպես է ստացվել, որ վերաքննիչ դատարանը կալանավորել է Սոսին։ Դրանից հետո դիմել է Գայանեին, հարցրել, թե ինչ պետք է արվի, սակայն նա ասել է «էսօր-էգուց», ապա հայտնել տարբեր ժամկետներ, որ պետք է փոխվի մեղադրանքը։ Սկզբնական շրջանում Գալոյանը հուսադրել է իրեն, ասելով, որ Սոսի նկատմամբ լավ են տրամադրված։ Սակայն, երբ 2017թ-ի մայիս ամսին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Գայանեն սկսել է իրեն մեղադրել, իբրև ինքն ինչ-որ մարդկանց է դիմել Սոսի հարցով, թեև ինքը նման բան չէր արել։ Նույնիսկ, մեկ անգամ Գայանեն իրեն ասել է, որ այդ 3.000 ԱՄՆ դոլարը տվել է, որպեսզի Հովհաննեսին չձերբակալեն, ավելին եղել է դեպք, երբ նա ասել է, որ այդ 3.000 ԱՄՆ դոլարը քիչ է, պետք է պատրաստ լինի ևս 3.000 ԱՄՆ դոլար տալ, սակայն ինքն ասել է, որ թեև չունի այդքան գումար, սակայն պատրաստ է տալու։ Սոսին առաջադրված մեղադրանքի հարցով բազում անգամներ խոսել է նաև քննիչ Զադոյանի հետ, ով իրեն ասել է, որպեսզի անհոգ լինի, լավ է լինելու, մեղադրանքը փոխվելու է, չնայած իրականում ոչինչ չի արվել այդ ուղղությամբ։ Դրանից հետո գնացել է քննիչ Զադոյանի մոտ, ասել է, որ գումար է տվել, ինչու որդու հարցը չի լուծվում, վերջինս ձեռքով ցույց է տվել, որպեսզի չխոսի այդ թեմայով։ Գտնում է, որ քննիչը և պաշտպանը խաբել են իրեն, քանի որ որդու համար ոչինչ չեն արել։
Բունիաթ Եղիազարյանի մոտ եղել է 2 անգամ, նրա հետ հանդիպել է նրա աշխատասենյակում։ Գումարի մասին նրա հետ չի խոսել, սակայն ամեն անգամ նա ասել է, որ կօգնի Սոսին։ Քննիչ Զադոյանը ևս մշտապես հուսադրել է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Բացի քննիչ Զադոյանից, փաստաբան Գալոյանից և քննչականի պետի տեղակալից, որևէ այլ անձի չի դիմել Սոսին օգնելու հարցով։
Պնդում է, որ 2016թ-ի դեկտեմբեր ամսին Սոս Գասպարյանի վերաբերյալ Էրեբունու քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով տվել է 3.000 ԱՄՆ դոլար քննիչ Մ.Զադոյանին և պետի տեղակալ Բ.Եղիազարյանին, որպեսզի նրանք օգնեն որդուն չձերբակալելու և նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով վերաորակելու հարցում, սակայն իրեն խաբել են և ոչինչ չեն արել…»։
12.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես կասկածյալ հարաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ-ի դեկտեմբերի ամսին Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն բանի համար, Սոս Գասպարյանը դանակահարել է անձի և նրան պատճառել ծանր մարմնական վնասվածք։ Քանի որ ինքը վստահ էր, որ Սոսը նման արարք է կատարել պաշտպանվելու նպատակով, որոշել է որպես հայր օգնել որդուն և այդ հարցով դիմել է գործը քննող քննիչին, որպեսզի նա Սոսին առաջադրված մեղադրանքը վերաորակի ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Դեկտեմբեր ամսին գնացել է քննիչ Զադոյանի մոտ, առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար այդ հարցի լուծման համար, իսկ քննիչը չի առարկել, ասելով, որ պետք է կանչի պետի տեղակալին։ Պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանն իր հետ զրույցի ժամանակ ասել է, որ Սոսին կօգնեն օրենքի շրջանակներում։ Դրանից հետո քննիչ Զադոյանն իրեն ասել է, որպեսզի դիմի փաստաբան Գայանե Գալոյանին և իրեն է տվել նրա հեռախոսահամարը։ Համաձայնվել է, նույն օրը հանդիպել է փաստաբան Գ.Գալոյանին և նրան պատմել որդու հետ տեղի ունեցածը։ Գալոյանն ասել է, որ պետք է հանդիպի քննչականի տղաներին և խոսի նրանց հետ։ Տղաների հետ սպասել է Գ.Գալոյանի գրասենյակում, նա գնացել է քննչական բաժին, իսկ երբ վերադարձել է, ասել է, որ որդուն չկալանավորելու և մեղադրանքը վերաորակելու համար պետք է տա 3.000 ԱՄՆ դոլար քննիչին և պետի տեղակալին։ Համաձայնվել է, քանի որ դա հենց այն գումարի չափն էր, որն ինքն առաջարկել էր քննիչին, ապա նույն պահին Գայանեին է տվել 3.000 ԱՄՆ դոլար։ Դրանից հետո Գայանեն և Հովհաննեսը միասին գնացել են քննչական բաժին։ Երբ վերադարձել են, որդին իրեն պատմել է, որ Զադոյանի մոտ գտնվելու ժամանակ Գայանեն նրան ասել է՝ «…տանեմ տամ, գամ»։ Ինքը վստահ է, որ հենց այդ ժամանակ է փաստաբանը գումարը փոխանցել քննչականի պետի տեղակալին։ Հունվար ամսին Սոսին ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել և գրավի դիմաց ազատ արձակել։ Սակայն, դատախազության բողոքի քննության արդյուքնում վերաքննիչ դատարանը կալանավորել է նրան։ Դրանից հետո, Զադոյանը, Գալոյանը և Եղիազարյանը մշտապես հավաստիացրել են, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք է սպասել, համբերել։ Հակառակ դրան, քրեական գործն ուղարկվել է դատարան՝ առանց առաջադրված մեղադրանքը վերաորակելու։ Փաստորեն, իրեն խաբել են։ Ընդունում է, որ սխալ արարք է կատարել, սակայն այդ ամենն արել է որդուն օգնելու համար, խնդրում է հիմք ընդունել որպես վկա տված ցուցմունքը…»։
19.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես մեղադրյալ հարաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…Սոսի Գասպարյանի վերաբերյալ Էրեբունու քննչական բաժնում քննվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով։ Գործը քննող քննիչին ինքն առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար, որպեսզի նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով և նրան չձերբակալեին։ Քննիչ Զադոյանը համաձայնվել է իր առաջարկին, քանի որ ասել է՝ «…գնամ պետի տեղակալին կանչեմ, խոսենք»։ Պետի տեղակալն ասել է, որ Սոսին կօգնեն օրենքի շրջանակներում, ապա քննիչն իրեն ասել, որպեսզի դիմեն փաստաբան Գայանե Գալոյանին, ինչն ինքն արել է։ Գայանե Գալոյանին դիմելուց հետո նա գնացել է քննչական բաժին, իսկ երբ վերադարձել է, ասել է, որ քննչականում համաձայն են որդուն օգնել և դրա համար ուզում են 3.000 ԱՄՆ դոլար։ Համաձայնվել է և այդ գումարը տվել է Գ.Գալոյանին, որպեսզի նա փոխանցեր քննիչին և պետի տեղակալին։ Վստահ է, որ Գ.Գալոյանը փոխանցել է այդ գումարը, սակայն նրանք ոչինչ չեն արել, թեև մշտապես խոստացել են, որ փոխելու են հոդվածը։ Պնդում է նախկինում տված ցումունքները…»։
16.11.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես մեղադրյալ հարաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«...2016թ-ի դեկտեմբերի 29-ին որդու վերաբերյալ Էրեբունու քննչական բաժնում քննվող քրեական գործով քննիչ Մ.Զադոյանին առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար կաշառք, որպեսզի նա որդուն չձերբակալի և նրան առաջադրված մեղադրանքը վերաորակի ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Քննիչը համաձայնվել է իր առաջարկի հետ և աշխատասենյակ է կանչել պետի տեղակալ Բ.Եղիազարյանին, ով խոստացել է օգնել այդ հարցում։ Քննիչի ասելով հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, ում միջոցով 3.000 ԱՄՆ դոլար է փոխանցել քնիչին և պետի տեղակալին։ Խնդրում է հիմք ընդունել նախկինում տված ցումունքները, որոնք ավելի մանրամասն են գրված։ 3.000 ԱՄՆ դոլարը պատկանում է իրեն, այն գոյացել է իր երկարատև աշխատանքի խնայողություններից…»։
29.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ կասկածյալ Միքայել Զադոյանի հետ առերես հարաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…Սոսն իրեն ասել է, որ հանդիպելու համար նրան է զանգահարել Սերգեյ Կուդրյաշովը, քանի որ Սոսը կարճ հաղորդագրություն էր ուղարկել նրա մորաքրոջ աղջկան և պահանջել էր նրա ընկերուհու հետ ընկերություն չանել, այլապես կյանքը դժոխքի կվերածի։ Կուդրյաշովը բազմիցս զանգահարել է Սոսին և պահանջել է հանդիպել նրա հետ ոչ մարդաշատ վայրում, իսկ Սոսն ասել է, որ այդ դեպքում կգա ոստիկանների հետ։ Այդ օրվանից հետո Կուդրյաշովը հետապնդել է որդուն։ 2016թ-ի դեկտեմբերի 20-ին, երբ տղաները մեքենան կայանել են ավտոտնակում, նրանց են մոտեցել 4 տղաներ և ծեծկռտուք է սկսվել։ Այդ ժամանակ Սոսը պաշտպանվելու նպատակով դանակով հարվածել է Սերգեյ Կուդրյաշովին և նրան պատճառել ծանր մարմնական վնասվածք։ 2016թ-ի դեկտեմբերի 27-ին իրենց տանը կատարվել է խուզարկություն, որին մասնակցել է նաև գործը քննող քննիչ Միքայել Զադոյանը։ Խուզարկության ժամանակ Զադոյանին ասել է, որ որդին ինքնապաշտպանվել է, նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ կամ 114-րդ հոդվածին, սակայն քննիչն ասել է, որ ինքնապաշտպանության հոդվածը 116-ն է։ Դեկտեմբերի ամսի 29-ին տղաների հետ գնացել է քննչական բաժին, հանդիպել Զադոյանին, խնդրել է օգնել իրենց և շեշտել, որը մոտը կա 3.000 ԱՄՆ դոլար։ Զադոյանն ասել է, որ պետք է կանչի պետի տեղակալին և զրուցեն նրա հետ։ Պետի տեղակալը եկել է և ասել, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Այնուհետև, Զադոյանն ասել է, որ Սոսի պաշտպանը կլինի փաստաբան Գայանե Գալոյանը և փոխանցել է նրա հեռախոսահամարը։ Այդ զրույցից հետո Զադոյանն իրեն ասել է, որ մնացած բոլորը հարցերի Գայանեի հետ լուծի, նա կասի, թե ինքն ինչ պետք է անի։ Հանդիպել է փաստաբանին, պատմել եղելությունը, վերջինս ասել է՝ «գնամ քննչական, գամ»։ Վերադառնալով Գալոյանն ասել է, որ միջնորդելու է Սոսին մեղսագրված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, քանի որ «իրենք են եկել Ձեր տան վրա», ապա ասել է, որ այդ գործը անելու համար քննչականում ուզում են 3.000 ԱՄՆ դոլար՝ առանց որևէ մեկի անունը տալու։ Բացի այդ, ասել է, որ փաստաբանի ծառայության համար պետք է վճարի 450.000 ՀՀ դրամ։ Ինքը Գալոյանին է տվել 3.000 ԱՄՆ դոլար, պայմանավորվելով, որ 450.000 ՀՀ դրամը կտա հաջորդ օրը։ Հունվարի 10-ին Սոսին ձերբակալել են, այնուհետև՝ դատարանի որոշման հիման վրա վերջինս գրավի դիմաց ազատ է արձակվել։ Սակայն, դատախազության վերաքննիչ բողոքի քննության արդյուքնում Սոսը կալանավորվել է։ Դրանից հետո Գ.Գալոյանը մշտապես հուսադրել է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Բացի այդ, Զադոյանն իրեն ևս հուսադրել է, որ լավ է լինելու, պետք է սպասեն։ Հետագայում գործն ուղարկվել է դատարան։
Հավաստիացրել է, որ Գ.Գալոյանի մասին իրեն հայտնել է քննիչ Զադոյանը, քանի որ մինչ այդ, ինքը նրան ասել էր, որ Սոսի պաշտպանը լինելու է փաստաբան Կարինեն, իսկ Զադոյանն ասել է, որ որպես պաշտպան պետք է լինի Գայանե Գալոյանը։ Ինքն անձամբ է առաջարկել Զադոյանին գումար տալ։ Զադոյանն իրեն մշտապես լավ է վերաբերվել։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ և 114-րդ հոդվածներին, նշել է, որ համացանցում է նայել քրեական օրենսգիրքը, սակայն Զադոյանն իրեն ուղղել է, ասելով, որ ինքնապաշտպանությունն ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածում։ Գտնում է, որ որդու արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածին, քանի որ նրա վրա հարձակվել են։ Զադոյանի նկատմամբ թշնամանք, ատելություն և լարվածություն չունի, որպես ծնող իր երեխային պաշտպանելու իրավունք ունի։ Գալոյանն ասել է, որ 3.000 ԱՄՆ դոլարը տվել է քննչականի տղաներին, սակայն Զադոյանի անունը չի տվել։ Իրեն չի հետաքրքրել այդ 3.000 ԱՄՆ դոլարը, քանի որ իր խնդիրը որդու ճակատագիրն էր։ Երբ գործն ուղարկվել էր դատարան, ինքը Գայանեից պահանջել է իր տված 3.000 ԱՄՆ դոլարը…»։
13.10.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ մեղադրյալ Գ.Գալոյանի հետ առերես հարաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ-ի դեկտեմբերի 29-ին հանդիպել է Գայանե Գալոյանին։ 2016թ-ի դեկտեմբերի 20-ին որդու՝ Սոս Գասպարյանի, և մի խումբ տղաների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ Այդ ժամանակ Սոսը պաշտպանվելու նպատակով դանակով հարվածել է Սերգեյ Կուդրյաշովին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք։ Սոս Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով։ Դեկտեմբերի 27-ին իր բնակարանում կատարվել է խուզարկություն, որի ժամանակ քննիչ Զադոյանին ասել է, որ դեպքի պահին որդին պաշտպանվել է, ուստի նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ կամ 114-րդ հոդվածին, սակայն քննիչն իրեն ասել է, որ ինքնապաշտանությունն ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածում։ Զադոյանի կողմից տրված ծանուցագրերի հիման վրա դեկտեմբերի 29-ին որդիների հետ գնացել է Էրեբունու քննչական բաժին։ Հանդիպել է քննիչ Զադոյանին, խնդրել է որդուն օգնել և շեշտել, որ իր մոտ 3.000 ԱՄՆ դոլար կա։ Այնուհետև, Զադոյանը կանչել է պետի տեղակալին, ով իրեն ասել է, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Այդ ժամանակ նրան խնդրել է որդուն չձերբակալել և առաջադրված մեղադրանքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Այդ պահին Զադոյանը զանգահարել է Գ.Գալոյանին և ասել, որ նրա մոտ մի տղամարդ է ուղարկում, ապա իրեն ասել է, որ Գալոյանն է լինելու որդու պաշտպանը և նա կասի, թե ինչ պետք է անել։ Դրանից հետո իրեն է փոխանցել Գալոյանի հեռախոսահամարը։ Զադոյանի աշխատասենյակից դուրս գալով զանգահարել է Գալոյանին և պայմանավորվել հանդիպել նրա հետ։ Նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում հանդիպել է Գալոյանին, պատմել կատարվածի մասին, վերջինս ասել է, որ Սոսի արարքին համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածը և ասել է, որ ինքը սպասի գրասենյակում, նա պետք է գնա քննչական բաժին ու գա։ Վերադառնալով, Գայանեն ասել է, որ տղաների հետ խոսել է և Սոսի մեղադրանքը փոխելու համար ուզում են 3.000 ԱՄՆ դոլար։ Ինքը տվել է այդ գումարը Գ.Գալոյանին։ 2017թ-ի հունվարի 10-ին Սոսը ձերբակալվել է, դրանից հետո դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և ճանաչվել է գրավի կիրառման թույլատրելիությունը։ Սակայն դատախազի բողոքի արդյուքնում վերաքննիչ դատարանը կալանավորել է Սոսին։ Դրանից հետո Գ.Գալոյանը շարունակ ասել է, որ շուտով հոդվածը կփոխվի, անհանգստանալու պատճառ չկա, ամեն ինչ լավ է լինելու, թեև հոդվածն այդպես էլ չի փոխվել։
Լսելով առերես հարցաքննվող Գ.Գալոյանի ցուցմունքը, հայտնել է, որ այն չի համապատասխանում իրականությանը…»։

18.10.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ վկա Բ.Եղիազարյանի հետ առերես հարցաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ-ի հունվարի 29-ին որդու հետ կատարված դեպքի առիթով գնացել է Էրեբունու քննչական բաժին` քննիչ Զադոյանի մոտ։ Զադոյանին խնդրել է օգնել իրեն, որդուն չձերբակալել և նրան ավելի մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրել, քանի որ նա պաշտպանվելու ժամանակ է դանակով հարվածել Ս.Կուդրյաշովին, հետևաբար խնդրել է նրա արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Զադոյանը, լսելով այդ ամենը, ասել է` «...գնամ պետի տեղակալին ասեմ ու գամ»։ Երբ եկել է պետի տեղակալը, Զադոյանն իրեն ներկայացրել է որպես Սոսի հայր, ով ցանկանում է, որպեսզի օգնեն որդուն։ Դրանից հետո պետի տեղակալ Եղիազարյանն ասել է, որ օրենքի սահմաններում կօգնեն, և նա ու Զադոյանը դուրս են եկել աշխատասենյակից։ Երբ Զադոյանը վերադարձել է, իրեն առաջարկել է, որ իրենց փաստաբանը լինի Գայանե Գալոյանը, ապա իրեն է տվել վերջինիս հեռախոսահամարը։ Զադոյանը զանգահարել է Գալոյանին, ասել, որ նրա մոտ է ուղարկում մի տղամարդու։ Այնուհետև, հանդիպել է Գալոյանի հետ, նրան պատմել կատարվածի մասին, ապա, Գ.Գալոյանն իրեն ասել է, որ սպասի գրասենյակում, իսկ ինքը գնա քննչական բաժին։ Վերադառնալով գրասենյակ, Գալոյանն ասել է, որ նա կմիջնորդի արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, ապա ավելացրել է, որ այդ գործն անելու համար քննչականում ուզում են 3.000 ԱՄՆ դոլար, իսկ նրա ծառայությունների համար առանձին պետք է վճարվեր 450.000 ՀՀ դրամ։ 3.000 ԱՄՆ դոլարը Գայանեին տվել է նուն պահին, իսկ 450.000 ՀՀ դրամ` հաջորդ օրը։ 2017թ-ի հունվարի 10-ին Սոսն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է և գրավի դիմաց ազատ արձակվել։ Սակայն, դատախազի բողոքի քննության արդյունքում Սոսը կրկին կալանավորվել է։ Այդ ժամանակ Գ.Գալոյանը հուսադրել է, որ Սոսի արարքը շուտով կվերաորակվի և նա ազատ կարձակվի։ Ավելին, թե Զադոյանը, թե Գալոյանը մշտապես հուսադրել են, որ լավ է լինելու, սակայն գործը մայիս ամսին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով ուղարկվել է դատարան։ Հետագայում Գայանեն մեղադրել է իրեն, իբրև ինքը տարբեր տեղեր «խոսել է», որի պատճառով էլ գործը չի ստացվել, թեև ինքը որևէ մեկին չէր դիմել այդ հարցով։ Երբ Բունիաթ Եղիազարյանին է հարցրել, թե ինչ է լինելու, նա ասել է` «ձյաձ, 99 տոկոսով լավ կլինի, մի անհանգստացի»։
Լսելով Բ.Եղիազարյանի ցուցմունքը, հայտնել է, որ այն չի համապատասխանում իրականությանը…»։
Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալ Գասպարյանը տարաբնույթն հարցերին տալով ոչ միանման պատասխաններ, այդուամենայնիվ հայտնել է, որ ցուցմունքներ տալիս իրեն որևէ մեկը չի ուղղորդել, սակայն հնարավոր է, որ որոշ բառեր իր կողմից ճիշտ չեն ասվել։ Չի բացառում, որ Զադոյանի մոտ մրմնջացած լինի գումարի մասին, սակայն նա որևէ արձագանք չի տվել, որից ելնելով էլ ենթադրել է, որ նա դեմ չէ դրան։ Վերահաստատել է այն, որ Զադոյանի աշխատասենյակում գտնվելու ժամանակ, երբ նա գնացել է դեպի դուռը, սենյակ է մտել պետի տեղակալ Բ.Եղիազայանը, ում Զադոյանն իրեն ներկայացրել է որպես Սոսի հայր, ով խնդրում է օգնել որդուն, իսկ Եղիազարյանն ասել է, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Գալոյանն իրեն չի ասել, թե քննչական բաժնում ում հետ է խոսել, ինքն է ենթադել է, որ նա խոսել է գործը քննող քննիչի և բաժնի պետի տեղակալի հետ։ Չի մտաբերում, թե արդյոք Զադոյանն իր ներկայությամբ, մինչև փաստաբան Գալոյանի մոտ գնալը, հեռախոսով խոսել է նրա հետ, թե ոչ, սակայն իր խնդրանքով Զադոյանը տվել է Գալոյանի հեռախոսահամարը։
Համոզված չէ, որ 3.000 ԱՄՆ դոլարը տրվել է Զադոյանին, սակայն, քանի որ քննիչն էր պատասխանատու գործի համար, ցանկանում էր հանդիպել նրա հետ և իմանալ ինչումն էր խնդիրը, որ որդու արարքը չվերաորակվեց։ Վերահաստատել է այն փաստը, որ Գալոյանն իրեն ասել է, որ բացի իր տված 3.000 ԱՄՆ դոլարից, հնարավոր է, որ ևս պահանջվի այդքան գումար։ Ամբաստանյալը դատարանում հայտնել է նաև, որ համոզված չէ, որ Զադոյանը գումարից տեղյակ չէ։
Խնդրել է հիմք ընդունել դատարանում տված ցուցմունքը, քանի որ դա է համապատասխանում իրականությանը։

/Տես՝ հատոր 1, գ.թ 52-58, 108-110, հատոր 2, գ.թ 137-138, հատոր 4, գ.թ. 36, հատոր 2, գ.թ. 260-267, հատոր 3, գ.թ. 20-23, 70-73, դատական նիստի արձանագրությունը/

Ամբաստանյալ Գայանե Հայկազունու Գալոյանը, ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատարանում, ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ Սոս Գասպարյանի հետ կապված քրեական գործով՝ բացառությամբ իր՝ որպես փաստաբանի ծառայությունների համար պայմանավորված գումարի, Բաբկեն Գասպարյանն իրեն որևէ այլ գումար չի առաջարկել, ինքը նրանից գումար չի վերցրել, որևէ մեկին գումար չի փոխանցել։ Որպես փաստաբան Բաբկեն Գասպարյանին խորհուրդ է տվել վերականգնել տուժողներին պատճառած վնասը, ավելին, որպես կանոն ցանկացած նմանատիպ քրեական գործով ինքը նույնանման խորհուրդ է տալիս նաև մյուսներին։ Ինչ վերաբերում է արարքի որակմանը, նշել է, որ ի սկզբանե որակման խնդիր չի եղել, այն առաջացել է միայն տուժողների և վկաների միջև առերեսում կատարելուց հետո։ Այլ կերպ, մինչ այդ, Սոս Գասպարյանին մեղսագրված արարքի վերաորակման մասին խոսք անգամ չէր կարող գնալ, հետևաբար, չէր կարող նաև խոսք լինել դրա համար որևէ մեկին գումար տալու շուրջ։
2015թ-ի հունվարի 15-ից սկսած Բ.Գասպարյանը գրեթե ամեն օր եկել է իր գրասենյակ, մշտապես խնդիրը ներկայացրել ինչպես իրեն, այնպես էլ` գրասենյակում գտնվող տարբեր անձանց։ Բ.Գասպարյանին ասել է, որ տղան` Սոսը, բնույթով թույլ անձնավորություն է, չի կարող մեկուսարանում պաշտպանել ինքն իրեն, ուստի անհրաժեշտ է կապերն օգտագործել։
Կարծում է, որ Բ.Գասպարյանը ներկայումս իրենից վրեժ է լուծում, քանի որ վերջինս երբեք չի ասել, որպեսզի ետ վերադարձնի իբրև թե նրա տված գումարը։
Ամբաստանյալը, օգտվելով իր դատավարական լիազորություններից, դատարանում հրաժարվել է այլ հարցերի վերաբերյալ ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց։ Միայն հայտնել է, որ ինչպես Բաբկեն Գասպարյանը, այնպես էլ իր դեմ ցուցմունք տված նրա ընտանիքի մյուս անդամները վրեժ են լուծում իրենից։
/Տես՝ դատական նիստի արձանագրությունը/

Ամբաստանյալ Միքայել Արթուրի Զադոյանը, դատարանում, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում, իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում` որպես ավագ քննիչ։
Դեպքի վերաբերյալ հայտնել է հետևյալը.
2016թ-ի դեկտեմբերի 20-ին քննչական բաժնում եղել է հերթապահ։ Նշված օրն ահազանգի հիման վրա օպերատիվ խմբի հետ մեկտեղ մեկնել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով իր կողմից հարուցվել է քրեական գործ։ Այդ օրը դանակահարված անձանցից մեկին ներգրավել է որպես տուժող և նրան հարցաքննել տվյալ սուբյեկտի դատավարական կարգավիճակում։ Իր կողմից կատարված քննության արդյունքում պարզվել է, որ առերևույթ հանցանք կատարած անձը հանդիսանում է Սոս Բաբկենի Գասպարյանը։ 2016թ-ի դեկտեմբերի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնից ստացված գրությամբ պարզվել է Սոս Բաբկենի Գասպարյանի բնակության հասցեն, որից հետո նույն օրը դատարանի կողմից տրված որոշման հիման վրա հետաքննության մարմնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է կատարել Ս.Գասպարյանի բնակության վայրում` Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 23-րդ շենքի 167-րդ բնակարանում։ Խուզարկության ընթացքում Սոս Գասպարյանը և նրա եղբայրը` Հովհաննես Գասպարյանը, տանը չեն գտնվել։ Խուզարկության ժամանակ իր կողմից առգրավվել է Ս.Գասպարյանի անձնագիրը և զինվորական գրքույկը։ Քննչական գործողությունն ավարտելուց հետո համապատասխան ծանուցագրեր է հանձնել Բաբկեն Գասպարյանին, համաձայն որոնց` 2016թ-ի դեկտեմբերի 29-ին Հովհաննես Գասպարյանը հրավիրվել է հարցաքննության որպես վկա, իսկ Սոս Գասպարյանը` որպես կասկածյալ։ Միաժամանակ պարզաբանել է, որ նրանք կարող են վարույթն իրականացնող մարմնին ներկայանալ փաստաբանի հետ միասին։ Խոսակցության ժամանակ Բ.Գասպարյանն իրեն հայտնել է, որ տարել է սրտի բաց վիրահատություն, նոր է դուրս գրվել հիվանդանոցից և առողջական վիճակը լավ չէ։ Բացի այդ, խուզարկության ընթացքում Բ.Գասպարյանին՝ նրա խնդրանքով պարզաբանել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի էությունը։
2016թ-ի դեկտեմբերի 29-ին առավոտյան իր աշխատասենյակ է եկել Բաբկեն Գասպարյանը. այդ ժամանակ աշխատասենյակում եղել են ինքը և Բաբկենը։ Վերջինս գտնվել է հուզական վիճակում, արտասվել է։ Հիշելով և հաշվի առնելով այն, որ նա սրտի վիրահատություն էր տարել, փորձել է հանգստացրել նրան, ասելով` «...հայրիկ ջան, հանգիստ եղիր, նախաքննություն է կատարվում, նոր է գործ հարուցված, օրենքի շրջանակներում կփորձեմ օգտակար լինել»։ Պնդել է, որ այդ զրույցի ընթացքում իր և Բաբկենի միջև որևէ գումարային խոսակցություն չի եղել, չի բացառում, որ նրան հանգստացնելու համար ասած լինի «...շատ մի մտածեք, լավ կլինի», սակայն, այդ արտահայտություններով նրան որևէ այլ հույս տալու նպատակ չի ունեցել։ Այդ ժամանակ իր աշխատասենյակ է եկել քննչական բաժնի պետի տեղակալ, իր անմիջական ղեկավար Բունիաթ Եղիազարյանը, ում ներկայացրել է Բ.Գասպարյանին և ասել, որ կասկածյալ Սոս Գասպարյանի հայրն է։ Բաբկենն օգնության խնդրանքով դիմել է նաև Բ.Եղիազարյանին, վերջինս ևս պատասխանել է, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Կրկին պարզաբանել է, որ կարող են ներկայանալ փաստաբանի հետ, իսկ նյութական միջոց չունենալու դեպքում օրենքով սահմանված կարգով կտրամադրվի հանրային պաշտպան։ Բաբկենն ասել է, որ նրանց խորհուրդ են տվել դիմել փաստաբան Գայանե Գալոյանին, միաժամանակ խնդրելով, տրամադրել նրա կոնտակտային տվյալները։ Հաշվի առելով, որ 2011թ-ից ի վեր աշխատանքի բերումով ճանաչում է Գալոյանին, քանի որ տարբեր քրեական գործերով առնչվել է նրա հետ, փոխանցել է վերջինիս հեռախոսահամարը։ Ավելին, քանի որ եղել է տարեվերջ, գործերով գերծանրաբեռնած վիճակ, զանգահարել է Գալոյանին, խնդրել, որ, եթե նա է պաշտպանելու Սոսի շահերը, ժամանակին գան քննաչական բաժին` ճիշտ կերպով գործերը պլանավորելու համար։ Նշված օրը, ժամը 16։00-ի սահմաններում իր մոտ է եկել Գ.Գալոյանը` Հովհաննես Գասպարյանի հետ միասին, ում այդ օրը տեսնում էր առաջին անգամ։ Հ.Գասպարյանին պարզաբանել է նրա իրավունքներն ու պարտականությունները, առաջարկել նրան ցուցմունք տալ, սակայն վերջինս, օգտվելով իր դատավարական իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց։ Հովհաննեսը պարզապես նշել է, որ Սոսը ընկել է, վնասել ոտքը, ուստի խնդրել է նրա բացակայությունը հարգելի համարել։ Նույն պահին Գ.Գալոյանն իրեն է ցույց տվել դիմում, որը հավաստում էր այդ ամենը, և դուրս է եկել իր աշխատասենյակից և այն մուտք արել բաժնի գրասենյակ, որից հետո նրանք հեռացել են։ Այդ ժամանակ Գալոյանի ձեռքում, բացի նշված դիմումից, տեսել է նաև նրա բջջային հեռախոսը, որն իր հիշելով եղել է կարմիր գույնի։
Ամանորյա տոներից անմիջապես հետո՝ հունվարի 10-ին Գայանե Գալոյանը և Սոս Գասպարյանը ներկայացել են քննչական բաժին։ Նշված օրը ձերբակալել է Սոս Գասպարյանին, ապա կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ, որից հետո միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման մջջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ Սոս Գասպարյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել գրավը։ Նույն օրը Ս.Գասպարյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից։ Դատարանի որոշումն ուղարկել է վարչական շրջանների դատախազություն` բողոքարկման հարցը քննարկելու համար։ Դրանից հետո դատախազության կողմից բողոք է ներկայացվել վերաքննիչ քրեական դատարան և դատարանի որոշմամբ Ս.Գասպարյանը կալանավորվել է։ Պնդել է, որ նախքան Ս.Գասպարյանին ձերբակալելը, քրեական գործում չի եղել որևէ հանգամանք, որը կվկայեր նրա կողմից ինքնապաշտպանություն դրսևորելու մասին։ Հայտնել է, որ Բաբկեն Գասպարյանն իրեն երբևէ չի ասել, որ Սոսի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածին։ Ինչ վերաբերում է նրան, իբրև Գ.Գալոյանն իր ասելով է ներկայացրել միջնորդություն, նշել է, որ նա երբեք նման բան չէր անի, քանի որ նա սկզբունքային փաստաբան է և մշտապես ունեցել է իր ուրույն կարծիքը։ Այդուամենայնիվ, Ս.Գասպարյանին ձերբակալելուց հետո Գ.Գալոյանը միջնորդությունը ներկայացրել է արարքի վերաորակման հետ կապված, սակայն, քանի որ պետք է կատարվեին անհրաժեշտ քննչական գործողություններ, հետաձգել է այդ միջնորդության քննությունը` մինչև կատարվելիք գործողությունների ավարտը։ Առերեսումներ կատարելուց հետո կայացրել է պատճառաբանված որոշում` միջնորդությունը մերժելու մասին։
Ավարտելով քրեական գործի նախաքննությունը, ինքն այն ուղարկել է մեղադրական եզրակացությունը հաստատելու, որից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով գործն ուղարկվել է դատարան։ Հավաստիացրել է, որ Սոսի վերաբերյալ քրեական գործով կատարել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի ժամանակ առաջնորդվել է միայն օրենքներով և ներքին համոզմամբ։ Ավելին, գործի քննության ժամանակ դատավարաության մասնակիցները ցուցմունքները գրել են ինքնուրույն, առանց որևէ ուղղորդման։
Ինչ վերաբերում է Սոս Գասպարյանին ի սկզբանե չձերբակալելուն, նշել է, որ դեկտեմբերի 29-ին նրան ձերբակալելը նպատակահարմար չէր, քանի որ նախ` այդ դեպքում 72 ժամը լրանալու էր ոչ աշխատանքային օրը, բացի այդ, դեռ չէին ստացվել իր կողմից ուղարկված գրությունների պատասխանները։ Ավելին, վերջինս չէր կարող թաքնվել քննությունից, քանի որ նրա սահմանահատումների վրա արգելք կար կիրառված։

Անդրադառնալով իր և Գ.Գալոյանի միջև կատարված հեռախոսազանգերին, նշել է, որ դրանք Սոս Գասպարյանի գործի հետ ոչ մի կապ չեն ունեցել, պարզապես փաստաբանը մի քանի այլ քրեական գործերով ևս մասնակցել է որպես պաշտպան և ինքն այդ գործերի շրջանակներում հեռախոսազրույցներ է ունեցել Գայանեի հետ, հետևաբար, այդ հեռախոսազանգերը չեն վկայում այն մասին, որ նա զրուցել է նրա հետ բացառապես Սոսի վերաբեյալ։
Ինչ վերաբերվում է Սոս Գասպարյանին մեղսագրված արարքի որակմանը, ապա Բունիաթ Եղիազարյանի հետ մշտապես քննարկել են ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, դրանցով ձեռք բերված ապացույցները, ուստի, այդ համատեքստում Սոսի վերաբերյալ գործը քննարկել է ինչպես Բունիաթ Եղիազարյանի, այնպես էլ` դատախազի և հետ։ Այդ քննարկումների ժամանակ ինքն այն կարծիքին չի եղել, որ Սոսի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Այլ խոսքով, իրականում, այդ գործով քննարկում ևս եղել է, ինչպես և շատ այլ գործերով։
Պնդել է, որ Բաբկեն Գասպարյանն իրեն որևէ գումար չի առաջարկել, իրենց միջև կաշառքի վերաբերյալ զրույց չի եղել, ավելին, իրեն գումար առաջարկելու դեպքում ինքն անձամբ զեկուցագիր կգրեր և գործողություններ կձեռնարկեր այդ ուղղությամբ։ Բացի այդ, համոզված է, որ իրեն գումար տալու դեպում Գասպարյանն այն իրենից կպահանջեր ուղիղ կերպով՝ այդ թվում նաև՝ ներքին դիտման ժամանակ։ Գուցե Բ.Գասպարյանը Գ.Գալոյանին գումար տվել է, սակայն ինքը տեղյալ չէ դրանից և երբևէ չի ցանկացել խորանալ դրա մեջ։
Ինչ վերաբերում է ներքին դիտման ժամանակ արձանագրված իր ձեռքի շարժմանը, նշել է, որ այն պարզապես եղել է ժեստիկուլիացիա և դրանով չի փորձել Բ.Գասպարյանին հասկացնել, որ գումարային թեմայի շուրջ չխոսի։
Չի կարող հայտնել, թե ինչու էր Բաբկեն Գսպարյանը գալիս իր մոտ նույնիսկ այն պայմաններում, երբ գործն արդեն դատարանում էր, բացի այդ, չի կարող մեկնաբանել նրա հետևյալ խոսքերը. «...Ես ախր բացարձակ չեմ զգում էդ ինչի սենց եղավ...Հետո էլ ասում ա էն որ պետքա վերավորակեր քննչականը, բան, դու գնացել հարյուր մարդ ես խառնել։ ...Զադոյան ջան, ոնց ասիր...գնացի՞ դրան, ամեն ինչ նորմալ էր ախր, ինչի սենց եղավ...»։ Այդուամենայնիվ կարող է պնդել, որ Բ.Գասպարյանի հետ կոպիտ չի խոսել և նրան համբերատարությամբ է վերաբերվել ելնելով նրա տարիքից և առողջական վիճակից։
/Տես՝ դատական նիստի արձանագրությունը/
Վկա Էդուարդ Ռուդոլֆի Սիրեկանյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2015թ-ի դեկտեմբերի 16-ին նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնում։ Ճանաչում է ամբաստանյալ Մ.Զադոյանին, վերջինիս հետ գտնվել է աշխատանքային, նորմալ հարաբերությունների մեջ։ Ամբաստանյալներ Գ.Գալոյանին և Բ.Գասպարյանին չի ճանաչում։
Հայտնել է, որ 2016թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում, 16-20-նն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թվով 7 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով։ Հիշյալ քրեական գործերից մեկը՝ Սոս Գասպարյանի վերաբերյալ, հանձնարարվել է քննչական բաժնի քննիչ Միքայել Զադոյանին։ Ընդհանրապես գործերի հանձնարարումը կատարվել է հետևյալ կերպ. իր կողմից քրեական գործի նախաքննության կատարումը մակագրվել է իր տեղակալ Բ.Եղիազարյանին, վերջինիս կողմից՝ համապատասխան քննիչին, տվյալ դեպքում՝ Մ.Զադոյանին։ Իր հիշելով՝ 2017թ-ի մայիս ամսին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մտաբերում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է, այնուհետև, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և միաժամանակ, ճանաչելով գրավի թույլատրելիությունը, դատարանը նրան ազատ է արձակել կալանքից։
Ներկայացնելով հարուցված քրեական գործերի՝ իր կողմից ուսումնասիրելու հանգամանքը, վկան նշել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործերը ինքը մշտապես քննարկել է գործը քննող քննիչի և նրա վերադասի հետ, բացառություն չի եղել նաև թիվ 12808616 քրեական գործով։ Մասնավորապես, նախաքննություն իրականացնող քննիչի՝ Մ.Զադոյանի, և նրա անմիջական վերադասի՝ Բ.Եղիազարյանի, հետ միասին իր աշխատասենյակում քննարկել է այն։ Քննարկման ժամանակ քննիչ Մ.Զադոյանը բանավոր կերպով ներկայացրել է գործով ձեռք բերված փաստական հանգամանքները, ապացույցները։ Վկան դատարանին հավաստիացրել է, որ քննիչ Զադոյանը ներկայացրել է գործի իրական և օբյեկտիվ հանգամանքները, ավելին, վերջինս առաջադված մեղադրանքի նկատմամբ որևէ հատուկ կարծիք չի ունեցել, մեղադրանքի փոփոխության առումով հակվածություն՝ ևս։ Բացի այդ, գործի քննարկումը Զադոյանի կամ Եղիազարյանի նախաձեռնությամբ չի եղել, այլ իրականացվել է որպես ընդունված ընթացակարգ։ Քննարկման ժամանակ իր տեղակալ Բ.Եղիազարյանն իրեն հայտնել է, որ տվյալ գործով պաշտպանը վիճարկում է առաջադրված մեղադրանքը և ներկայացրել է միջնորդություններ՝ կապված արարքի վերաորակման հետ։ Այդ ժամանակ իրեն որևէ տեղեկություն չի տրամադրվել, թե ով է իրականացնում մեղադրյալի շահերի պաշտպանությունը, ինչն իրեն, այսպես ասած, «հետաքրքիր» չի էլ եղել, այսինքն, Բ.Եղիազարյանը միայն տեղեկացրել է նրա կողմից ներկայացված միջնորդությունների վերաբերյալ։ Հստակ չի կարող ասել, թե երբ է տեղի է ունեցել հիշյալ քննարկումը, սակայն մտաբերում է, որ այն եղել է կամ գործի վերջնական փուլում կամ այն ժամանակ, երբ ինքը վերադարձել էր արձակուրդից։ Քննարկման արդյունքում հասկանալով, որ գործում առերևույթ առկա են նաև անհրաժեշտ պաշտպանության որոշակի տարրեր՝ կապված տուժողների քանակի, նրանց կողմից մեղադրյալին հետապնդելու և նրան ծեծի ենթարկելու հետ, ինքն առաջարկել է տվյալ քրեական գործի հանգամանքները քննարկել նաև վարչական շրջանների դատախազի հետ՝ համապատասխան կարծիք ստանալու համար։ Այդ նպատակով հիշյալ քրեական գործի հանգամանքները միայնակ, հեռախոսազանգի մջջոցով քննարկել է վարչական շրջանների դատախազ Ռ.Խաչատրյանի հետ, բացի այդ, վերջինիս խնդրել է այն քննարկել նաև վերադաս դատախազների հետ։ Այլ կերպ, քննարկումը վերաբերել է զուտ արարքի որակմանը, քանի որ գործում եղել են նաև որոշակի տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի հատկանիշների վերաբերյալ։ Հետագայում, երբ դատախազությունից հայտնել են, որ գործը ցանկանում են քննարկել նաև գլխավոր դատախազությունում, իսկ իրենք այդ պահին արդեն ի վերջո եկել էին այն եզրահանգման, որ անձի արարքում առկա են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ, այլ 112-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշներ, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ քրեական գործերը վեց ամսից ավել չէր կարելի պահել նախաքննության փուլում, քննիչի կողմից կազմվել, իսկ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է գործի մեղադրական եզրակացությունը և այն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության։ Այսինքն, ինքը և նախաքննություն կատարող անձը եկել են այն եզրահանգման, որ գործում առկա են բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներ, թեև ինքն անձամբ գործի նյութերը չի նայել և կարծիք է կազմել վերջինիս ներկայացրածով։
Հավաստիացրել է, որ քննչական բաժին մուտք եղած բոլոր միջնորդությունները, որոնց վրա առկա է եղել իր մակագրությունը, ուսումնասիրվել են իր կողմից, դրանք ինքը քննարկել է տեղակալի և դատախազի հետ։ Ինչ վերաբերում է քննիչ Զադոյանին, ապա, իր աշխատած ժամանակահատվածում ներկայացված միջնորդությունները նա քննարկել է իր վերադասի հետ, անհրաժեշտության դեպքում՝ նաև իր հետ։ Անդրադառնալով Սոս Գասպարյանի գործով պաշտպան Գ.Գալոյանի կողմից ներկայացված միջնորդություններին, նշել է, որ դրանց մասին իրեն տեղացրել է քննիչ Զադոյանը, սակայն դրանց ընթացքի՝ մերժման կամ բավարարման, վերաբերյալ քննիչի հետ քննարկումներ չեն ունեցել։
Այն բոլոր դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան են ներկայացվել միջնորդություններ՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, և դատարանի կողմից դրանք մերժվել են կամ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել գրավը, իր հանձնարարությամբ միջնորդությունը և խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը՝ ուղեկցական գրությամբ ուղարկվել է վարչական շրջանների դատախազություն՝ խնդրանքով՝ վերաքննության կարգով բողոքարկել այն։ Սույն դեպքում ևս, ուղեկցական գրությամբ որոշումն ուղարկվել է դատախազություն, իսկ ուղեկցական գրությունը կազմվել է քննիչ Մ.Զադոյանի կողմից։
Կապված առաջադրված մեղադրանքի հետ, նշել է, որ թեև մեղադրանքն առաջադրվել է քննիչի կողմից, սակայն այդ հարցը համարյա թե մշտապես քննարկվել է իր հետ։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ արարքի որակման հետ կապված տարակարծություն է առաջացել իր և դատախազի միջև, և դատախազության կարծիքին հակառակ որոշում է կայացվել։ Ինչ վերաբերում է տվյալ գործով Սոս Գասպարյանի ձերբակալմանը, ապա նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված բոլոր քրեական գործերով, եթե հայտնի է եղել կասկածյալը, ապա վերջինս անպայմանորեն ձերբակալվել է, ուստի այս դեպքում ևս ձերբակալելու կամ չձերբակալելու խնդիր չի եղել։

Դատարանն արձանագրելով, որ վկայի դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, որոշում է կայացրել հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները։
Մասնավորապես՝
22.09.2017թ-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որպես վկա հարցաքննվելիս Էդուարդ Սիրեկանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝

«Պարզաբանվել են որպես վկա իր իրավունքներն ու պարտականությունները, դրանք պարզ են և հասկանալի, տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր լեզվին, սակայն ցուցմունքը գրի է առնվում քննիչի կողմից, և չի առարկում, որպեսզի հարցաքննությունն արձանագրվի համակարգչի միջոցով։ Տեղեկացել է, որ կանչվել է հարցաքննության ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես վկա։ Պարզաբանվել է հարցաքննության փաստաբանի հետ ներկայանալու և իր դեմ ցուցմունք չտալու իր իրավունքը, չի ցանկանում օգտվել այդ իրավունքից, պատրաստ է ցուցմունք տալ և պատասխանել բոլոր հարցերին։ Ներկայումս զբաղեցնում է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը, արդարադատության փոխգնդապետ է։
ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման պահից զբաղեցրել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը, որից հետո, 2014թ-ի նոյեմբերի 16-ին նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնում։ 2015թ-ի դեկտեմբերի 16-ին նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնում, որտեղ աշխատել է մինչև 2017թ-ի մայիսի 13-ը, որից հետո տեղափոխվել է ներկայիս պաշտոնին։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ աշխատելու ընթացքում ունեցել է երկու տեղակալ՝ Բունիաթ Եղիազարյանը և Ալեքսեյ Բաբլումյանը։ Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Թամազյանի համապատասխան հրամանի՝ աշխատանքի բաժանումը կատարվել է հետևյալ կերպ՝ քննչական բաժնի քննիչների մի մասը հանդիսացել են մի տեղակալի ենթակայության քննիչներ, իսկ մյուս մասը՝ մյուս տեղակալի։ Բացի այդ, երկու քննիչ գտնվել են իր անմիջական ենթակայության և հսկողության ներքո։ Այդ ամենը կարգավորվել է իր կողմից նշված անձի հրամաններով, այլ ոչ թե՝ ներքին պայմանավորվածությամբ։ Երբ ինքը տեղափոխվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, Մ.Զադոյանն աշխատելիս է եղել այդ բաժնում, նա զբաղեցրել է ավագ քննիչի պաշտոնը։ Սկզբնապես Միքայել Զադոյանը գտնվում էր Ա.Բաբլումյանի ենթակայության ներքո, սակայն, իր մտաբերելով, 2016թ-ի մայիս ամսին, իր կողմից զեկուցագիր է ներկայացվել Ա.Թամազյանին և Մ.Զադոյանի վերադասությունը փոխարինվել է Բունիաթ Եղիազարյանով, քանի որ Ա.Բաբլումյանը բանավոր կարգով հրաժարվում էր նրա վերադասը լինելուց՝ նշելով, որ վերջինս նրա հանձնարարությունները կատարում է որոշակի ձգձումներով, այլ պատճառ չի եղել։ Մինչև իր տեղափոխվելը՝ Մ.Զադոյանը գտնվել է Բունիաթ Եղիազարյանի անմիջական ենթակայության ներքո։ Բ.Եղիազարյանի և Մ.Զադոյանի հետ գտնվել է միայն աշխատանքային հարաբերությունների մեջ, նույնը կարող է ասել նաև Բ.Եղիազարյանի և Մ.Զադոյանի հարաբերությունների մասին։ Իր մտաբերմամբ՝ 2017թ-ի հունվարի 20-ից հետո մինչև մարտի 23-ը ինքը գտնվել է հերթական արձակուրդի մեջ, այդ ընթացքում բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել Բ.Եղիազարյանը։ Արձակուրդից հետո մինչև ապրիլի 7-ն ինքն անցել է աշխատանքի, որից հետո զեկուցագիր է ներկայացրել աշխատանքից դուրս գալու և թոշակավորվելու վերաբերյալ։ Այդ ընթացքում, մինչև 2017թ-ի մայիսի 16-ը, բաժնի պետի պաշտոնակատար է հանդիսացել Ալեքսեյ Բաբլումյանը, որից հետո ինքը դարձյալ վերանշանակվել է բաժնի պետի պաշտոնին։ Իր բջջային հեռախոսահամարն է՝ 094-31-44-74, որն օգտագործում է երկար տարիներ, այլ հեռախոսահամար չունի։ Իր տեղեկություններով՝ Բ.Եղիազարյանը նույնպես ունեցել է մեկ հեռախոսահամար՝ 093-07-00-82, իսկ Մ.Զադոյանի հեռախոսահամարն է՝ 093-00-35-85։ Չի կարող ասել, թե նրանք այլ հեռախոսահամարներ ունեն, թե ոչ։
Չի ճանաչում փաստաբան Գայանե Գալոյանին, նրա հետ երբևէ չի առնչվել, նրա մասին լսել է Էրեբունու քննիչներից որպես փաստաբանի, ով աշխատում է բաժնի մոտ գտնվող գրասենյակներից մեկում, չի բացառում, որ նա քրեական գործերով մասնակցած լինի, սակայն կոնկրետ դեպք չի կարող մտաբերել։ Տեղյակ չէ, թե Գ.Գալոյանն ինչ հարաբերությունների մեջ է գտնվել Մ.Զադոյանի և Բ.Եղիազարյանի հետ։ Մտաբերում է, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում աշխատելու ընթացքում քննիչների կողմից քննվել են բազմաթիվ քրեական գործեր՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Մտաբերում է, որ միայն 2016թ-ի դեկտեմբեր ամսին գրեթե միաժամանակ հարուցվել է շուրջ 7 քրեական գործ այդ հոդվածի հատկանիշներով, ուստի չի կարող մտաբերել թիվ 12808616 քրեական գործը։ Քննիչի կողմից իրեն դեպքի հանգամանքները ներկայացվելուց հետո նշել է, որ չի կարողանում մտաբերել այդ դեպքը, չի բացառում, որ որպես պետ իրեն զեկուցած լինեն քրեական գործի ընթացքի մասին, սակայն, քանի որ չի մտաբերում մանրամասները, ապա չի կարող ասել, թե այդ քննարկումների ընթացքում ինչպիսի դիրքորոշում են հայտնել քննիչը կամ տեղակալը։ Բաժինը եղել է ծանրաբեռնված, վարույթները հասել են մինչև 200 քրեական գործի, ուստի չի կարող մտաբերել թիվ 12808616 քրեական գործը։ Այդուամենայնիվ, վկան մտաբերելով տվյալ գործը, հայտնել է, որ որպես քննչական բաժնի պետ, մեղադրյալին գրավով ազատելու վերաբերյալ դատարանի որոշումը գրությամբ ուղարկել է վարչական շրջանների դատախազին, որպեսզի վերջինս վերաքննության կարգով բողոքարկեր այն, որն իր կողմից կատարվել է ցանկացած այն դեպքում, երբ դատարանի կողմից գրավ է կիրառվել։ Մտաբերում է, որ դատախազի կողմից բողոքարկվել է դատարանի որոշումը, բողոքը բավարարվել է։ Մտաբերել է, որ քննիչ Զադոյանը և բաժնի պետի տեղակալ Բ.Եղիազարյանը իր հետ այդ քրեական գործը քննարկելիս կարծիք են հայտնել, որ առկա է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրեր, և ինքը, որպես բաժնի պետ, նրանց ասել է, որ այդ հանգամանքը քննարկեն վարչական շրջանի դատախազ Ռաֆայել Խաչատրյանի հետ։ Մտաբերում է, որ Մ.Զադոյանը և Բ.Եղիազարյանը այդ հանգամանքը քննարկել էին վարչական շրջանի դատախազ Ռաֆայել Խաչատրյանի և հսկողություն իրականացնող դատախազ Հայկ Մովիսիյանի հետ, ովքեր նույնպես այսպես կոչված «տատանվել էին» արարքի որակման հարցում և ասել, որ պետք է քննարկեն Երևան քաղաքի դատախազության հետ և քրեական գործը մնացել էր նրանց մոտ։ Չի կարող հայտնել, արդյոք քննիչը և տեղակալը մասնակցել են Երևան քաղաքի դատախազությունում տեղի ունեցած քննարկմանը, թե ոչ, սակայն իր մտաբերմամբ՝ նրանք ներկա չեն գտնվել։ Նշել է, որ քրեական գործի քննարկման արդյունքում որոշվել էր գործը քննարկել գլխավոր դատախազությունում, քանի որ նրանք նույնպես տատանվել են արարքի որակման հարցում՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով, թե 116-րդ հոդվածի 2-րդ մասով, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության կողմից որոշվել էր, որ քրեական գործը պետք է ուղարկվի դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատարանի կողմից դատաքննության ընթացքում կատարվեր արարքի վերաորակում։ Իրեն այդ մասին ասել էր վարչական շրջանների դատախազ Ռ.Խաչատրյանը, ապա, ինքը քննիչին ասել է, որպեսզի նախաքննությունն ավարտի և քրեական գործն ուղարկի դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Մ.Զադոյանը և Բ.Եղիազարյանը որևէ դիրքորոշում չեն հայտնել քրեական գործն այդ հոդվածով դատարան ուղարկելու որոշման վերաբերյալ, կատարել են ընդհանուր որոշումը և քրեական գործն ուղարկվել է դատարան։ Ինքն անձամբ չի կարդացել այդ քրեական գործը, չի ուսումնասիրել այն, դրա մասին իրեն զեկուցել են Բ.Եղիազարյանը և Մ.Զադոյանը։ Բ.Եղիազարյանը և Մ.Զադոյանն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման մասին իրեն հայտնել են քրեական գործի քննության ավարտական փուլում, կոնկրետ օրը և ամիսը չի մտաբերում, միայն կարող է ասել, որ դա սկզբում չի եղել։ Չի կարող հիշել Սոս Գասպարյանի՝ 2017թ-ի հունվարի 10-ին ինքնակամ ներկայանալու հանգամանքը։ Ծանոթանալով քննիչի կողմից ներկայացված, քրեական գործում առկա դիմումը, որը ներկայացրել է Գ.Գալոյանն առ այն, որ Ս.Գասպարյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկայանալ քննչական բաժին և կներկայանա առողջական վիճակը կարգավորվելուց հետո, հայտնել է, որ ինքն այդ դիմումը չի մակագրել, դա արված է բաժնի պետի տեղակալ Բ.Եղիազարյանի կողմից, չի մտաբերում տվյալ դիմումը։ Չի կարող պատասխանել, թե ինչ պատճառով քննիչ Զադոյանը 2016թ-ի դեկտեմբերի 29-ի դրությամբ որոշում չի կայացրել Ս.Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու, նրան հետախուզում հայտարարելու և խափանման միջոց կիրառելու մասին այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված տվյալներով օրենքով արգելված արարքը կատարել է Ս.Գասպարյանը, սակայն կարող է նշել, որ այդ ամենը եղել է տարեվերջին, որի պայմաններում առաջնահերթության կարգով ավարտվել են ավելի շուտ հարուցված քրեական գործերը, բացի այդ, բաժինը եղել է ծանրաբեռնված։ Չի կարող մտաբերել, թե հիշյալ քրեական գործը քանի անգամ է ինքը քննարկել քննիչի և տեղակալի հետ։ Չի ճանաչում այդ քրեական գործով մեղադրյալի հարազատներին, նույնիսկ մեղադրյալին չի տեսել, չի առնչվել վերջինս հետ, տեղյակ չէ, արդյոք քննիչը կամ տեղակալն առնչվել են նրանց հետ, թե ոչ։ Այդ գործով պաշտպանի մասնակցության մասին որևէ հանգամանք չի մտաբերում, իսկ միջնորդությունների, դրանց քննարկման կամ կայացված որոշումների մասով դարձյալ ոչինչ հայտնել չի կարող։ Մեղադրյալի հոր կողմից փաստաբան Գ.Գալոյանի միջոցով քննիչ Զադոյանին և տեղակալ Բ.Եղիազարյանին 3000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու վերաբերյալ տեղյակ չէ, ինքը կաշառք չի վերցրել, որևէ մեկից գումար չի պահանջել, նման տեղեկություն չունի»։
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան պնդել է, որ քննիչ Մ. Զադոյանն իր աշխատասենյակում ներկայացրել է գործը և ինչպես Զադոյանը, այնպես էլ՝ Եղիազարյանը, որևէ կարծիք, դիրքորոշում չեն հայտնել՝ անհրաժեշտ պաշտպանության տարրերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նախաքննական ցուցմունքում տպագրվել է, որ վերջիններս կարծիք են արտահայտել՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրերի վերաբերյալ, նշել է, որ հնարավոր է, որ դա տպագրական վրիպակ է եղել, ինքն էլ ուշադիր չի եղել։ Գտնում է, որ նախաքննական ցուցմունքում պետք է տպագրվեր, որ քննիչը և տեղակալը «տվյալներ» են հայտնել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրերի վերաբերյալ, այլ ոչ թե՝ «կարծիք»։ Այլ կերպ, գործը ներկայացնելիս քննիչը և տեղակալը ներկայացրել են տվյալներ, որոնք պարունակել են անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրեր։ Մ.Զադոյանը և Բ.Եղիազարյանը տվյալ գործով երբևէ դիրքորոշում չեն հայտնել՝ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու և դատարան ուղարկելու մասին։ Գտնում է, որ «տարրեր» և «հատկանիշներ» բառերը նույնական են։ Ցուցմունքը գրելուց հետո կարդացել է այն, չի հիշում, արդյոք որևէ անհամաձայնություն է ունեցել է ցուցմունքի հետ, թե ոչ։
Պնդել է, որ վարչական շրջանների դատախազի հետ գործը պետք է ինքը քննարկեր, իսկ նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ նշված է, որ քննիչը և տեղակալը պետք է քննարկեին, կրկին վրիպակ է։ Թեև կարդացել է նախաքննական ցուցմունքը, սակայն կարդալիս ինքը վրիպակը չի տեսել, քանի որ հասկացել է իր գրած նախադասության միտքը։
/Տես՝ հատոր 2, գ.թ. 148-153 դատական նիստի արձանագրությունը/
Վկա Հռիփսիմե Հովհաննեսի Գրիգորյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը հանդիսանում է իր ամուսինը։ Ճանաչում է ամբաստանյալներ Գայանե Գալոյանին և Միքայել Զադոյանին։ Մասնավորապես, Գ.Գալոյանը հանդիսացել է որդու` Սոս Գասպարյանի. փաստաբանը, իսկ Մ.Զադոյանը` որդու վերաբերյալ հարուցված քրեական գործով նախաքննություն կատարող քննիչը։
Վկան ցուցմունք է տվել, որ 2016թ-ի դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել հետևյալը։ Տղաներին հետապնդել են 4 հոգի և երեկոյան ժամը 21-21։30-ի սահմաններում, երբ որդիները կայանել են մեքենան, ավտոտնակի մոտ նրանց են մոտեցել այդ 4 անձինք և վիճաբանել նրանց հետ։ Վիճաբանության ընթացքում որդուն` Սոս Գասպարյանին, գցել են գետնին, ապա սկսել ոտքերով հարվածներ հասցրել, այդ իսկ պատճառով որդին ինքնապաշտպանվելու նպատակով մոտը գտնվող դանակով հարվածել է իրեն ծեծի ենթարկողներին։ Ստեղծված միջադեպից հետո իրենց բնակարան են այցելել իրավապահ մարմնի աշխատակիցները` այդ թվում նաև քննիչ Մ.Զադոյանը և կատարել են քննչական գործողություն` խուզարկություն։ Խուզարկություն կատարելու ընթացքում, երբ քննիչ Զադոյանն ասել է, որ իր որդու գործողությունները կրել են դիտավորյալ բնույթ, քանի որ Սոսը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել նրա վրա հարձակված 3 անձանց, չի համաձայնվել վերջինիս հետ և պատասխանել է, որ իրականում որդին պաշտպանվել է, ուստի նրա գործողություններում դիտավորություն առկա չէ։ Դրանից հետո, Մ.Զադոյանը ծիծաղելով պատասխանել է, որ ինքն օգտագործում է իրավաբանական տերմին, ապա քննչական գործողությունն ավարտելուց հետո տվել է համապատասխան ծանուցագրեր` քննչական բաժին ներկայանու վերաբերյալ։ Հայտնել է, որ Մ.Զադոյանին տեսել է միայն այդ օրը, բացի հիշյալ խոսակցությունից, իր և Մ.Զադոյանի միջև այլ խոսակցություն չի եղել, ավելին, արարքի վերաորակման մասին Մ.Զադոյանը ոչինչ չի ասել։ Հաջորդ օրն ինքն ամուսնու և երկու որդիների հետ գնացել է քննչական բաժին։ Սակայն, մինչ քննչական բաժին բարձրանալը և քննիչին ներկայանալը, իրենք այցելել են փաստաբանական գրասենյակ, հանդիպել ամուսնու ծանոթին` փաստաբան Կարինեին։ Վերջինիս հետ զրուցել են մոտավորապես 10 րոպե, որի ընթացքում պատմել, ներկայացրել են Սոսի հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, որի վերաբերյալ փաստաբանը տվել է որոշակի խորհուրդներ և հարցրել է, թե մինչ այդ պահը ինչ քայլեր են ձեռնարկել։ Կարինեի հետ՝ Սոսի շահերի պաշտպանությունն իրականացնելու առումով պայմանագիր չի կնքվել։ Այնուհետև, ամուսինը միայնակ գնացել է քննչական բաժին, սակայն բաժնում նրան տեղեկացրել են, որ քննիչ Մ.Զադոյանն այնտեղ չէ, գործով դուրս է եկել։ Ամուսնու` քննչական բաժնից վերադառնալուց հետո միասին գնացել են տուն։
Ներկայացնելով դեպքերի հետագա ընթացքը, վկան հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին երեկոյան, երբ ամուսինը եկել է տուն, ասել է, որ որդու շահերը պաշտպանելու է ոչ թե իրենց ծանոթ փաստաբան Կարինեն, այլ փաստաբան Գայանե Գալոյանը։ Ամուսինը պարզաբանել է, որ ինքը զրուցել է քննիչ Մ.Զադոյանի հետ և խնդրել է վերջինիս փոխել որդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը, քանի որ որդին դեպքի պահին ինքնապաշտպանվել է։ Միևնույն ժամանակ, ամուսինը քննիչին առաջարկել է 3000 ԱՄՆ դոլար, սակայն քննիչը ոչինչ չի ասել, իսկ ամուսնուն ուղղորդել է գնալ փաստաբան Գայանե Գալոյանի մոտ։ Մասնավորապես, քննիչ Զադոյանն իր աշխատասենյակից ամուսնու ներկայությամբ զանգահարել է Գ.Գալոյանին և ասել, որ նրա մոտ հաճախորդ է ուղարկում, որպեսզի վերջինս զբաղվի տվյալ անձի գործով։ Ընդ որում, Բաբկենն ասել է, որ այդ օրը Գայանե Գալոյանի գրասենյակում Սոսի և Հովհաննեսի ներկայությամբ Գայանեին է տվել 3000 ԱՄՆ դոլար, իսկ վերջինս խոստացել է այդ գումարի դիմաց օգնել իրենց, որպեսզի Սոսին չձերբակալեն և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Այսինքն, ամուսնու հետ կաշառքի գումարը Գ.Գալոյանին տալու վերաբերյալ զրուցել է հենց այդ` դեկտեմբերի 29-ի երեկոյան։ Որդիներն այդ հանգամանքի մասին ևս տեղյակ են եղել։ Մասնավորապես, Հովհաննեսը ևս ասել է, որ Գ.Գալոյանի աշխատասենյակում նրան են տվել 3000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Հովհաննեսը և Գայանեն բարձրացել են քննիչի մոտ, ապա Գայանեն մի պահ դուրս է եկել սենյակից, այնուհետև, երբ վերադարձել է, միասին դուրս են եկել քննչական բաժնից։ Ինչ վերաբերում է Սոսին, ով 29.12.2016թ-ին ևս գտնվել է քննչական բաժնում, նշել է, որ, քանի որ նրա ոտքն այդ օրը ցավել է և նա չի կարողացել բարձրանալ աստիճաններով, Գ.Գալոյանը նրան ասել է, որ կարող է ներկայանալ ամանորյա տոներից հետո։
Պատասխանելով դատարանում իրեն առաջադրված հարցերին, վկան հայտնել է նաև, որ Գ.Գալոյանին տրված 3000 ԱՄՆ դոլար գումարը եղել է ամուսնու մոտ, այդ գումարը նա վերցրել տանից սակայն չգիտի, թե երբ։ Սկզբնական շրջանում, երբ ամեն ինչ նորմալ է ընթացել, ինտուիտիվ կերպով ենթադրել է, որ պայմանավորվածության համաձայն` Գ.Գալոյանը 3000 ԱՄՆ դոլարը փոխանցել է քննիչ Մ.Զադոյանին, սակայն, հետագայում, երբ ամեն ինչ խառնվել է և իրենց պայմանավորվածությունը ձախողվել, կարծիքը փոխել է և սկսել է կասկածել, թե արդյոք նա գումարը փոխանցել է քննիչին, թե՝ ոչ։ Այդուամենայնիվ, տեղյակ է, որ քննիչ Զադոյանն ամուսնուց անմիջապես գումար չի վերցրել, այլ նրան ուղղորդել է դիմել Գ.Գալոյանին։
Անդրադառնալով Սոս Գասպարյանի գործին վկան նշել է, հայտնել է, որ հունվարի 10-ին որդին ձերբակալվել է։ Որդու ձերբակալման պահից հասկացել են, որ ինչ-որ մի բան ճիշտ ձևով չի ընթանում։ Երեք օր մնալով ձերբակալվածի կարգավիճակում, դատարանի որոշմամբ որդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի և 500.000 ՀՀ դրամ գրավի գումարի վճարման դիմաց վերջինս ազատ է արձակվել կալանքից։ Թեև որդին գրավի դիմաց ազատ արձակվելով որոշ ժամանակ գտնվել է ազատության մեջ, սակայն Մ.Զադոյանը միջնորդել է վերաքննիչ դատարանին Սոս Գասպարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը վերացնել, պատճառաբանելով, որ նրա ազատության մեջ գտնվելը վտանգավոր է հանրության համար, որից հետո՝ մարտ ամսին, դատարանի որոշմամբ Սոսը կրկին կալանավորվել է։ Սոսին` քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու օրը երեկոյան ժամին հանդիպել է Գ.Գալոյանին, հարցրել, թե, ինչու է այդպես ստացվել, վերջինս ասել է` «...դե հիմա»։ Հետագայում, բազմիցս հանդիպել են Գ.Գալոյանին, հետաքրքրվել որդու հետ կատարվող գործողությունների հետագա ընթացքի մասին և նա անընդհատ հուսադրել է, որ ամեն ինչ լավ է լինելու և շուտով նրան պետք է ազատ արձակեն։
Բացի այդ, Սոսին կալանավորելուց հետո ամուսինը մի քանի անգամ հադիպել է քննիչ Զադոյանին, վերջինս նույնպես հուսադրել է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եղել է դեպք, երբ մեկ անգամ ամուսինն իր ներկայությամբ Գ.Գալոյանին ասել է, որ այդքան գումար են տվել, սակայն ոչինչ չի արվել ի օգուտ Սոսի, իսկ Գայանեն որևէ բան չի ասել, չխտելով նաև գումար վերցնելու փաստը։ Չգիտի, արդյոք Բաբկենը հետագայում Գայանեին գումարի վերադարձման պահանջ ներկայացրել է, թե ոչ։
Հետագայում, երբ ինքը և ամուսինը համոզվել են, որ սխալ քայլի են դիմել, խաբվել են մինչ այդ խոստումներ տված Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի կողմից, ամուսինը որոշել է ներկայանալ և այդ ամենի մասին հայտնել իրավապահ մարմիններին` հավատալով արդարադատությանը։ Ինչ վերաբերում է սխալ քայլի դիմելուն, մեկնաբանել է, որ ընդհանուր առմամբ գումար տալով որևէ արդյունքի չեն հասել։ Կարծում է, որ Մ.Զադոյան ակնհայտ անարդարացի է վարվել Սոսի հետ։
Հավաստիացրել է, որ նախկինում իրենք բազմաթիվ անգամներ հանդիպել են Գ.Գալոյանի հետ, վերջինս հուսադրել, խոստացել է, որ ամեն ինչ լավ է լինելու, որդուն առաջադրված մեղադրանքը վերաորակվելու է, սակայն իրականում այդպես էլ ոչինչ չի եղել։ Ներկայումս որդին` Սոսը, կալանավորված է, գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Տեղյակ է նաև, որ բացի 3000 ԱՄՆ դոլարից, ամւոսինը 30.12.2016թ-ին նրան է տվել նաև 450.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության մատուցման գումար։
Վկան պնդել է, որ դատարանում ցուցմունք տալիս կաշկանդված չէ և հայտնում է միայն ճշմարտությունը։ Ինչ վերաբերվում է Բունիաթ Եղիազարյանին, ապա նման անձ չի ճանաչում, իսկ Մ.Զադոյաին տեսել է միայն մեկ անգամ, այն էլ` իրենց տանը կատարված խուզարկության ժամանակ։ Դրանից հետո նրա հետ երբևէ չի շփվել։ Իրավապահ մարմիններին դիմելիս ամուսինը չի իմացել, որ կաշառք տալու համար կենթարկվի քրեական պատասխանատվության։ Բացի այդ, որևէ մեկը ամուսնուն չի խոստացել, որ նա՝ Միքայել Զադոյանի դեմ ցուցմունք տալու պայմաններում չի ենթարկվի քրեական պատասխանատվության։ Այդպիսի երաշխիքներ չեն եղել։

/Տես՝ դատական նիստի արձանագրությունը/
Վկա Հովհաննես Բաբկենի Գասպարյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը հանդիսանում է հայրը, իսկ Սոս Գասպարյանը` եղբայրը։
2016թ-ի դեկտեմբերի 20-ին, երբ ինքը և եղբայրը` Սոս Գասպարյանը, աշխատանքից վերադառնալիս են եղել տուն, իրենց են հանդիպել չորս անծանոթ տղաներ։ Իրենց միջև ծագած միջադեպի ժամանակ այդ տղաները ծեծի են ենթարկել իրեն և եղբորը, որից հետո Սոս Գասպարյանը, իրենց պաշտպանելու նպատակով՝ դանակով, հարվածել է իրենց հետ վեճի բռնված անծանոթներին։ Հիշյալ դեպքից մի քանի օր անց` 2016թ-ի դեկտեմբերի 26-ին կամ 27-ին իրենց տուն են եկել իրավապահ մարմնի երեք աշխատակիցներ և կատարել են քննչական գործողություն` խուզարկություն։ Խուզարկություն կատարելու ընթացքում ինքը տանը չի գտնվել։ Երբ եկել է տուն, մայրն ասել է, որ իրավապահ մարմնի աշխատակցի կողմից տրվել են ծանուցագրեր, համաձայն որոնց` դեկտեմբերի 29-ին ինքն ու եղբայրը պետք է ներկայանան քննչական բաժին` ինքը որպես վկա, Սոսը` որպես կասկածյալ հարցաքննվելու նպատակով։ Մորից տեղեկացել է նաև, որ իրենց այցելած իրավապահ մարմնի աշխատկիցներից մեկը հայտնել է, որ Սոսը երեք անձի դանակով հարվածել է, սակայն մայրը պատասխանել է, որ իրականում որդիները ինքնապաշտպանվել են։ Այնուհետև, դեկտեմբերի 29-ի ժամը 11։00-ի սահմաններում ինքը, եղբայրը, հայրը և մայրը դուրս են եկել տանից և գնացել քննչական բաժին։ Հասնելով նշված վայր, հայրն ասել է իրենց, որ նա միայնակ կբարձրանա քննչական բաժին, իսկ իրենք պետք է նրան սպասեն դրսում, որից հետո նա գնացել է։ Չգիտի, թե հայրն ինչ նպատակով է միայնակ գնացել քննչական բաժին, սակայն կարծում է, որ նպատակը եղել է Սոսի վերաբերյալ հարցերը կարգավորելը։ Երբ հայրը վերադարձել է քննչական բաժնից, ասել է, որ վերևում հանդիպել է քննիչ Մ.Զադոյանին և գումար է առաջարկել` Սոսի արարքը վերաորակելու համար։ Մասնավորապես, հայրն ասել է, որ քննիչը համաձայնվել է օգնել Սոսին, ուստի հորը փոխանցել են փաստաբան Գ.Գալոյանի հեռախոսահամարը, որպեսզի Սոսի պաշտպանությունն իրականացնելու նպատակով դիմեն վերջինիս։ Հավելել է, որ մինչ քննչական բաժին գնալը և քննիչ Զադոյանին հանդիպելը, իրենք հանդիպել են փաստաբան Կարինե Շախմուրադյանին, նրան պատմել եղելությունը, սակայն վերջինս խորհուրդ է տվել դիմել դատաբժիշկի` որոշակի փաստեր` ապացույցներ, ձեռք բերելու նպատակով։ Դրանից հետո Կ.Շախմուրադյանին չի տեսել, նրա հետ որևէ համաձայնություն` կապված Սոսի շահերը պաշտպանելու վերաբերյալ, ձեռք չեն բերել։ Բացի այդ, երբ հայրը քննչական բաժնում հանդիպել է Զադոյանին և նրան տեղեկացրել է, որ նախքան բաժին գալը հանդիպել են փաստաբան Կարինեի հետ, վերջինս հորն ասել է, որ պետք չէ դիմել նրան և փոխանցել է Գ.Գալոյանի հեռախոսահամարը։
Այսինքն, երբ հայրը վերադարձել է քննչական բաժնից, ասել է, որ այնտեղ տվել են փաստաբան Գ.Գալոյանի տվյալները, ուստի անհրաժեշտ է կապ հաստատել նրա հետ, քանի որ հենց նա պետք է իրականացնի եղբոր շահերի պաշտպանությունը։
Այնուհետև, գնացել են տուն, հայրը զանգահարել է փաստաբան Գ.Գալոյանին, պայմանավորվել են հանդիպել, ապա մի քանի ժամ անց իրենք եկել են Գ.Գալոյանի գրասենյակ, որտեղ էլ առաջին անգամ հանդիպել է նրան։ Գ.Գալոյանին ներկայացրել են տեղի ունեցած իրադարձությունները, վերջինս ասել է, որ պետք է բարձրանա քննչական բաժին և ճշտի, թե ինչ կարող են անել գործի հետ կապված, իսկ իրենք մնացել ու սպասել են նրան Գ.Գալոյանի գրասենյակում։ Մոտ 20 րոպե անց Գայանեն վերադարձել է ու առանց որևէ կոնկրետ անձի անուն նշելու ասել, որ Սոսի արարքը վերաորակելու և նրան չկալանավորելու համար պահանջել են 3000 ԱՄՆ դոլար գումար։ Բացի այդ, Գ.Գալոյանն ասել է, որ պետք է վճարեն նաև 450.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար։ Հայրը համաձայնվել է և իր ու եղբոր ներկայությամբ Գ.Գալոյանին է տվել 3000 ԱՄՆ դոլար գումարը, սակայն ինքն ուշադիր չի եղել, թե նա այդ գումարն ինչ է արել, վերցնելուց հետո որտեղ է դրել։ Այնուհետև, ինքը Գ.Գալոյանի հետ բարձրացել է քննչական բաժին` որպես վկա հարցաքննվելու նպատակով։ Մինչ այդ, Գ.Գալոյանն ասել է, որպեսզի Սոսը չներկայանա քննիչին` այլապես նրան կձերբակալեն, ուստի Սոսին առաջարկել է գնալ տուն և ներկայանալ տոներից հետո։ Մտաբերում է, որ այն պահին, երբ Գալոյանի հետ բարձրացել է քննիչի մոտ, Գ.Գալոյանի ձեռքում եղել է հեռախոս։ Ենթադրում է, որ Գ.Գալոյանի մոտ է եղել նաև հոր կողմից տրված 3000 ԱՄՆ դոլար գումարը։ Մոտավորապես ժամը 16։00-ի սահմաններում Գ.Գալոյանի հետ միասին բարձրացել են քննչական բաժին, որտեղ առաջին անգամ հանդիպել է քննիչ Մ.Զադոյանին։ Հանդիպման ժամանակ Գ.Գալոյանը ներկայացրել է իրեն քննիչին` որպես Ս.Գասպարյանի եղբայր։ Դրանից հետո քննիչ Զադոյանը պարզաբանել է իր` որպես վկայի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում նաև` մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրավունքը։ Ելնելով իր դատավարական իրավունքներից` հրաժարվել է եղբոր վերաբերյալ ցուցմունք տալուց, կարծելով, որ այդպես է պետք։ Մինչ քննիչի կողմից կպարզաբանվեին իր իրավունքներն ու պարտականությունները, Գ.Գալոյանը քննիչ Զադոյանին ասել է` «...էսի տանեմ տամ ու գամ» և դուրս է եկել քննիչի աշխատասենյակից։ Հավաստիացրել է, որ չգիտի, թե Գ.Գալոյանն ուր է գնացել, այդ ժամանակ ում հետ է շփվել կամ ինչ է հետը տարել։ Այդուամեյանիվ, կարծում է, որ Գ.Գալոյանն իր հետ տարել է հոր կողմից տրված գումարը։ Սոսի վատառողջ լինելու վերաբերյալ որևէ դիմումի մասին խոսակցություն չի լսել։ Չի մտաբերում, արդյոք քննչական բաժնում Գ.Գալոյանը որևէ փաստաթուղթ կազմել է, թե ոչ։ Իր ներկայությամբ` Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի միջև գումարային հարցերի շուրջ խոսակցություն չի եղել է։
Ինչ վերաբերում է Սոսին, ով չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, ապա ինքը նշել էր, որ Սոսը վատառողջ է, սայթաքել է և վնասել էր ոտքը, որի պատճառով չի կարող ներկայանալ քննիչին։
Հետագայում՝ 2017թ-ի հունվար ամսին, Սոսը ներկայացել է քննչական բաժին, դատարանի կողմից վերջինիս նկատմամբ ճանաչվել է գրավի կիրառման թույլատրելիությունը և նա ազատ է արձակվել, սակայն մոտ 15 օր անց նրան կալանավորել են։ Այդ ժամանակ, երբ հայրը գնացել է պաշտպան Գալոյանի մոտ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, փաստաբանը հորը հուսադրել է, որ Սոսի կալանավորումը կրում է ժամանակավոր բնույթ, հոդվածը փոփոխվելու է, գործը դատարան չի հասնելու և Սոսին ազատ են արձակելու, որը, սակայն, տեղի չի ունեցել։ Գտնում է, որ իրականում իրենց խաբել են, քանի որ թեև տվել էին բավականաչափ գումար, սակայն ապարդյուն, քանի որ եղբայրը մինչ օրս գտնվում է կալաքի տակ։ Այլ կերպ, իրենք պարբերաբար հանդիպել են Գ.Գալոյանին, ով մշտապես հուսադրել է, որ լավ է լինելու։ Նույնիսկ մեկ անգամ հոր հետ Մ.Զադոյանի մոտ է գնացել նաև ինքը, ով նույնպես հուսադրել է, որ արարքը վերաորակվելու է, ամեն ինչ լավ է լինելու, ուստի, անհանգստանալ պետք չէ։
Տեղյակ է, որ 2017թ-ի մայիս կամ ապրիլ ամսին Գ.Գալոյանը սկսել է մեղադրել իրենց ասելով է, որ արարքը վերաորակելու համար դիմել են ինչ որ անձի, որի պատճառով էլ Սոսի գործը չի ստացվել։ Անդրադառնալով գումարը ետ վերադարձնելու հարցին, նշել է, որ հոր կողմից տրված 3000 ԱՄՆ դոլար գումարը հայրը ետ չի պահանջել, քանի որ պաշտպանը և մնացած անձինք հուսադրել են, որ Սոսը շուտով ազատ է արձակվելու։ Բացի այդ, իրենց ընտանիքին հետաքրքրել է գործի արդյունքը, այլ ոչ թե գումարի վերադարձը։ Ինչ վերաբերում է կոնկրետ իրեն, ապա ինքը որևէ մեկից չէր կարող գումար պահանջել, քանի որ գումար տվողը եղել է հայրը, ոչ թե` ինքը։

Հետագայում, Սոսին կալանավորելուց հետո քննչական բաժնի միջանցքում տեսել է Բունիաթ Եղիազարյանին, ով զրուցելիս եղել հոր հետ, ասելով` «...հոպար մի անհանգստացի, ամեն ինչ լավ է լինելու, մինչև շաբաթվա վերջ հարցը կլուծվի, հոդվածը կփոխվի»։ Կարծում է, որ Բ.Եղիազարյանն այդպես է ասել, քանի որ իրենք որոշակի գումար էին տվել եղբոր վիճակը բարելավելու համար, թեև հստակ չի կարող ասել, թե հայրը ում է առաջարկել տալ 3000 ԱՄՆ դոլար` եղբոր վիճակը բարելավելու համար։ Հավելել է, որ ինքը քննիչ Զադոյանի հետ երբևէ գումարային խոսակցություն չի ունեցել, իսկ հայրը կամ Սոսն իրեն չեն ասել Գայանե Գալոյանի կողմից Միքայել Զադոյանին գումար տալու մասին որևէ բան։ Չի մտաբերում, արդյոք Սոսն իրեն ասել է, որ նա գումարային հարցի շուրջ խոսակցություն է ունեցել Մ.Զադոյանի հետ, թե ոչ։ Գումարի վերաբերյալ խոսակցությունները լսել է բացառապես հորից։
Վկան դատարանում հայտնել է նաև, որ Սոս Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ժամանակ տվել է ճշմարիտ ցուցմունքներ, քննիչ Զադոյանն արձանագրել է այն ամենը, ինչ ինքը հայտնել է։ Մինչ դատարան գալը` իրեն որևէ մեկը ցուցմունք տալու առումով չի ուղղորդել։ Կարծում է, որ Մ.Զադոյանն անարդար է վարվել եղբոր հետ, քանի որ ընտանիքում եղել է խոսակցություն, որ տվել են գումար Սոսի վիճակը բարելավելու համար, սակայն ապարդյուն։ Չգիտի, թե Գ.Գալոյանն ինչ է արել հոր կողմից տված 3000 ԱՄՆ դոլար գումարը՝ այն քննիչին կամ բաժնի պետի տեղակալին փոխանցել է, թե՝ ոչ։
Ինչ վերաբերում է գործի մյուս հանգամանքներին, ապա տեղյակ է հոր մասնակցությամբ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումից, սակայն հայրը չի ասել, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել Մ.Զադոյանի և Գ.Գալոյանի հետ։ Իր ներկայությամբ հայրը երբևէ գումար չի պահանջել Գալոյանից, չի ասել նաև, որ պահանջել է, սակայն Գ.Գալոյանը չի վերադարձրել։ Չգիտի, արդյոք հայրը Գ.Գալոյանից գումար պահանջել է, թե ոչ։ Երբևէ չի մտածել, որ Գ.Գալոյանը 3000 ԱՄՆ դոլարը Զադոյանին չի փոխանցել։ Վկան պնդել է, որ հորը Գ.Գալոյանի մոտ ուղարկել են քննչական բաժնից, կարծում է, որ նա տվյալ փաստաբանի մոտ է գնացել է քննիչ Զադոյանի կամ Եղիազարյանի ուղղորդմամբ, քանի որ հայրն ասել է, որ քննչական բաժնում հանդիպել է հենց հենց նրանց։

/Տես՝ դատական նիստի արձանագրությունը/
Վկա Սոս Բաբկենի Գասպարյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ հանդիսանում է ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի որդին։ Ճանաչում է ամբաստանյալներ Մ.Զադոյանին և Գ.Գալոյանին. մասնավորապես, Մ.Զադոյանը հանդիսացել է իր նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը, իսկ Գ.Գալոյանը` այդ գործի շրջանակներում իրականացրել է իր շահերի պաշտպանությունը։
Ներկայացնելով իր հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները, հայտնել է, որ 2016թ-ի դեկտեմբերի 20-ին չորս անձ հետապնդել են իրեն, եկել իրենց բակ, որտեղ իրեն և եղբորը ծեծի են ենթարկել։ Այդ ժամանակ, ինքնապաշտպանվելու նպատակով, իր մոտ եղած դանակով հարվածել է նրանց։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և այդ գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննիչ Մ.Զադոյանին։ Քրեական գործի հարուցումից մոտ տասն օր անց քննիչ Զադոյանը եկել է իրենց բնակարան` խուզարկություն կատարելու նպատակով։ Խուզարկության ժամանակ ինքը տանը չի գտնվել։ Քննչական գործողությունն ավարտելուց հետո քննիչն իր մորը տվել է ծանուցագրեր, համաձայն որոնց` 29.12.2016թ-ին ինքը և եղբայրը պետք է ներկայանային քննչական բաժին` ինքը որպես կասկածյալ, իսկ եղբայրը` Հովհաննեսը, որպես վկա հարցաքննվելու նպատակով։ Նշված օրը ժամը 10։00-ի սահամաններում ինքը, եղբոր և ծնողների հետ միասին գնացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժին։ Մինչ քննչական բաժին գնալը և քննիչին ներկայանալը, իրենք այցելել է փաստաբան Կարինե Շախմուրադյանին` դեպքի հանգամանքների մասին խորհրդակցելու նպատակով։ Մասնավորապես, փաստաբան Կ.Շախմուրադյանին ներկայացրել են դեպքը, վերջինս խորհուրդ է տվել իրեն դիմել դատական բժշկին` իր մարմնի վրա առկա վնասվածքները հետազոտելու նպատակով։ Այդուամենայնիվ, Կ.Շախմուրադյանի հետ իր շահերի պաշտպանությունն իրականացնելու առումով որևէ պայմանավորվածություն չեն ունեցել։ Դրանից հետո հայրը` Բաբկեն Գասպարյանը, միայնակ գնացել է քննչական բաժին, ապա, մոտ երեսուն րոպե անց վերադարձել է և ասել, որ քննիչը տեղում չէ, ուստի պետք է ավելի ուշ մոտենան։ Երբ դուրս են եկել փաստաբան Կ.Շախմուրադյանի գրասենյակից, հայրն ասել է, որ իրականում նա քննչական բաժնում հանդիպել է քննիչին, պայմանավորվել գումարի դիմաց արարքը վերաորակելու և իրեն չկալանավերելու վերաբերյալ։ Բացի այդ, հայրն ասել է, որ քննիչը նրան է տվել փաստաբան Գայանե Գալոյանի հեռախոսահամարը, որպեսզի զանգահարեն նրան և պայմանավորվեն, սակայն այդ մասին չի ցանկացել բարձրաձայնել Կ.Շախմուրադյանի մոտ։ Դրանից հետո գնացել են տուն, մի քանի անգամ զանգահարել են Գ.Գալոյանին, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին։ Այնուհետև, երբ նորից են զանգահարել, վերջինս պատասխանել է և պայմանավորվել են նույն օրը ժամը 16։00-ին հանդիպել միմյանց հետ։ Պայմանավորվածության համաձայն` ժամը 16։00-ին գնացել են փաստաբան Գ.Գալոյանի գրասենյակ, հանդիպել նրան, պատմել տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից հետո վերջինս ասել է` «...բարձրանամ տեսնեմ, թե տղաներն ինչ են ասում» և գնացել է քննչական բաժին։ Մոտ 30 րոպե անց Գ.Գալոյանը վերադարձել է և ասել, որ քննիչ Զադոյանը կամ տղաները /հստակ չի մտաբերում/ 3000 ԱՄՆ դոլար գումար են պահանջում` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով իրեն առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու և չկալանավորելու համար։ Ընդ որում, նա ասել է, որ եթե այդ օրը գումարը չտան՝ իրեն կձերբակալեն։ Այդ ժամանակ Գ.Գալոյանն իրեն պարզաբանել է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բնույթը։ Լսելով այդ ամենը, հայրը համաձայնվել է և իր ու եղբոր ներկայությամբ Գ.Գալոյանին է տվել 3000 ԱՄՆ դոլար գումար, որը վերջինս դրել է պայուսակի մեջ։ Թեև վկան մտաբերել է Գալոյանի կողմից գումարը պայուսակի մեջ դնելու փաստը, սակայն, չի մտաբերել Գ.Գալոյանի պայուսակի գույնը և ձև։ Հավաստիացրել է, որ մինչ Գ.Գալոյանի գրասենյակ գալը, տանը որևէ խոսակցություն չի եղել` կաշառքի գումար տալու վերաբերյալ, նույնիսկ ինքը չի իմացել, որ հոր մոտ այդ պահին գումար է եղել։ Դրանից հետո ժամը 16։30-ից 17։00-ի սահմաններում եղբայրը` Հովհաննեսը, ով գործով ներգրավված է եղել որպես վկա և հրավիրված էր հարցաքննության, Գ.Գալոյանի հետ բարձրացել է քննչական բաժին։ Ենթադրում է, որ Հովհաննեսի հետ քննչական բաժին գնալու ժամանակ Գ.Գալոյանի ձեռքում գտնվել է նրա պայուսակը, որի մեջ եղել է հոր կողմից տրված գումարը։ Պնդել է, որ երբ գտնվել է Գ.Գալոյանի աշխատասենյակում, չի տեսել, որ նա որևէ գրառում կատարած լինի։ Ավելին, իր ներկայությամբ Գ.Գալոյանը որևէ դիմում չի գրել, չի մտաբերում, արդյոք Հովհաննեսի հետ քննչական բաժին գնալիս նա հետը դիմում տարել է, թե ոչ։ Երբ որոշակի ժամանակ անց Հովհաննեսը վերադարձել է, իրեն ասել է, որ քննիչի մոտ տվել է կարճ ցուցմունք, որից հետո դուրս է եկել քննիչի աշխատասենյակից, այլ մանրամասներ չի պատմել։ Դրանից հետո Գ.Գալոյանն իրեն ասել է, որ պետք է ներկայացնի բժշկական տեղեկանք` իրեն չկալանավերոլու համար, և, քանի որ, ընկնելու հետևանքով վնասել էր ոտքը, բժիշկի մոտ հետազոտվել և վերցրել էր բժշկական տեղեկանք։
2017թ-ի հունվարի 10-ին ներկայացել է քննչական բաժին, որտեղ Մ.Զադոյանը հարցաքննել է իրեն, մասնակցել է քննչական գործողություններին, որոնց, սակայն, Մ.Զադոյանը որևէ կերպ չի ներազդել։ Բացի այդ, նույն օրը ձերբակալել են իրեն, երեք օր պահվել է ՁՊՎ-ում։ Երբ իրեն ձերբակալել են, անակնկալի չի եկել, քանի որ, մինչ այդ Գ.Գալոյանն իրեն ասել էր, որ քննչական գործողությունների կատարման համար եռօրյա ժամկետով ձերբակալելու են իրեն, որից հետո ազատ է արձակվելու։ Այդ ժամանակ քննիչ Զադոյանի կողմից որոշում է կայացվել դատաբշժկական փորձաքննություն նշանակելու մասին, որից հետո ինքը ներկայացվել է դատական բժշկին։ 13.01.2017թ-ին դատարանի կողմից իր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, միաժամանակ, դատարանի որոշմամբ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի, որի հիմքով ինքն ազատ է արաձակվել։ 24.02.2017թ-ին, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ բեկանվել է առաջին ատյանի դատարանի` գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշումը և տասն օր անց իրեն կրկին վերցրել են արգելանքի։ Երբ գտնվել է քրեակատարողական հիմնարկում, մի քանի օր անց իր մոտ են եկել քննիչ Զադոյանը և փաստաբան Գալոյանը, հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու, գործն ընթացքի մեջ է, հինգ կամ տասն օրից իրեն ազատ կարձակեն, սակայն, իրականում, այդպես չի եղել։ Հետագայում, սակայն, Գ.Գալոյանը իրեն ազատ չարձակելը մշտապես պատճառաբանել է նրանով, որ քննիչն իր գործի մեջ թերանում է, չի հասցնում, ուստի ժամանակ է անհրաժեշտ։ Բացի այդ, Գալոյանն ասել է, որ բարկացած է քննիչի վրա, ով գործողություններ չի կատարել արարքը վերաորակելու առումով, և կրկին հուսադրել, որ լավ է լինելու։ Նույնիսկ Գալոյանն ասել է, որ «...Զադոյանը կարող է մի քիչ էլ է մաղարիչ ուզում...»։ Դրանից հետո այլևս «մաղարիչի» մասին խոսակցություն չի եղել։ Արարքի վերաորակման մասին Գալոյանի հետ եղել են պարզապես բանավոր խոսակցություններ։ Նախաքննության ավարտման ժամանակ, երբ Զադոյանին հարցրել է, թե ինչու արարքը չի վերաորակվել, վերջինս ասել է, որ արարքի վերաորակումը տեղի կունենա դատարանում։ Ինչ վերաբերում է կաշառքի գումարին, նշել է, որ քննիչ Զադոյանի հետ այդ մասին որևէ խոսակցություն չի ունեցել։ Քրեակատարողական հիմնարկում հանդիպումների ժամանակ Զադոյանից պարզապես հարցրել է, թե որքան ժամանակ դեռ պետք է գտնվի այնտեղ, վերջինս պատասխանել է, որ քիչ է մնացել։
Ինչ վերաբերում է հոր կողմից տրված գումարը Գ.Գալոյանից՝ ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ` գործը դատարան ուղարկելիս ետ պահանջելուն, ապա նշել է, որ ինքն այդ գումարը չի պահանջել, քանի որ անձամբ գումար չէր տվել Գ.Գալոյանին, ուստի նման իրավունք չի ունեցել։ Բացի այդ, գտնվել է քրեակատարողական հիմնարկում, իր մտահոգությունը եղել է իր շահերի պաշտպանությունն ու հնարավորինս շուտ ազատ արձակվելը։ Տեղյակ չէ, արդյոք հայրը Գ.Գալոյանից պահանջել է, որպեսզի վերջինս վերադարձնի 3000 ԱՄՆ դոլար գումարը։ Հավաստիացրել է, որ ինքը երբևէ քննիչ Զադոյանի և փաստաբան Գալոյանի հետ գումարային հարցի վերաբերյալ խոսակցություն չի ունեցել։
Պատասխանելով կողմերի հարցերին վկան նաև հայտնել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում իր կողմից տրված ցուցմունքները քննիչ Զադոյանն արձանագրել է այնպես, ինչպես ինքն է ներկայացրել դեպքը։ Քննիչն ի օգուտ իրեն ոչինչ չի արել, իր նկատմամբ շահագրգռվածություն չի ցուցաբերել, կարծում է, որ հակառակը՝ նրա գործողություններն առավելապես եղել են ի վնաս իրեն։ Հետագայում, գործի քննության ժամանակ, սակայն չի հիշում, թե երբ Գ.Գալոյանն իրեն ասել է, որ հոր կողմից նրան տրված 3000 ԱՄՆ դոլար գումարը տվել է քննիչ Զադոյանին։ Ավելին, նախաքննության ընթացքում տուժողներից մեկի հետ առերես հարցաքննության ժամանակ, երբ ինքն իրեն ազատ է պահել, Զադոյանն իրեն ասել է. «...քեզ նորմալ պահի, հանկարծ չմտածեն, որ գումար ես տվել, ես էլ քեզ բաց եմ թողել», տուժողն այդ խոսակցությանը, սակայն, ներկա չի գտնվել։
Պնդել է, որ քննիչն ի օգուտ իրեն ոչինչ չի արել, նա պարզապես կատարել է իր աշխատանքային պարտականությունները։ Քննիչ Զադոյանի դրևսորած վարքագիծն իրեն չի զարմացրել, քանի որ ինքն առաջին անգամ էր հայտնվել նման իրավիճակում և մտածել է, որ կարգն է այդպես, թեև վերջինիս մի քանի անգամ հարցրել է, թե ինչու է իֆքը շարունակում մնալ կալանքի տակ, նա պատասխանել է` «...տենց ա պետք, հետո լավ կլինի»։ Ներկայումս Մ.Զադոյանի նկատմամբ գումարի պահանջ չունի, քանի որ, ինչպես արդեն նշել է, ինքը որևէ մեկին գումար չի տվել։
/Տես՝ դատական նիստի արձանագրությունը/
Վկա Հայկ Համլետի Մովսիսյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում` որպես ավագ դատախազ։ Աշխատանքային գործունեությունից ելնելով, ճանաչում է ամբաստանյալ Մ.Զադոյանին, բացի այդ, ճանաչում է նաև ամբաստանյալներ Բ.Գասպարյանին և Գ.Գալոյանին։
Սերգեյ Կուդրյաշովին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նկատմամբ իրականացրել է դատախազական հսկողություն։ Տվյալ քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննիչ Միքայել Զադոյանին։ Հետագայում քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ներկայումս այդ քրեական գործով դատարանում պաշտպանում է մեղադրանքը, այսինքն, հանդես է գալիս որպես մեղադրող։
Անդրադառնալով հիշյալ քրեական գործին, նշել է, որ նախաքննության ընթացքում առաջին անգամ պահանջել է քրեական գործի նյութերն այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղադրյալ Սոս Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, միաժամանակ թույլատրելի է ճանաչվել գրավի կիրառումը և մեղադրյալն ազատ է արձակվել կալանքից։ Քննիչ Զադոյանն ուղեկցական գրությամբ իրեն է ուղարկել դատարանի որոշումը` խնդրելով քննարկել բողոքարկման հարցը։ Հավելել է, որ իր պրակտիկայի ընթացքում դա եղել է առաջին դեպքը, երբ մեղադրյալի նկատմամբ հիշյալ հոդվածով թույլատրելի է ճանաչվել գրավի կիրառումը։ Ուսումնասիրելով պահանջած քրեական գործի նյութերը, համապատասխան բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ` կապված Սոս Գասպարյանի խափանման միջոցի հետ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացված դատական նիստերին իր հետ միասին ներկա է գտնվել նաև Մ.Զադոյանը, ով համամիտ է եղել իր կողմից բերված բողոքի հիմնավորումների հետ։
Հետագայում, նախաքննության փուլում Սոս Գասպարյանի շահերի պաշտպան Գ.Գալոյանի կողմից ներկայացվել է միջնորդոթյուն` վերջինիս մեղսագրված արարքը վերաորակալեու պահանջով, որի քննարկումը հետաձգվել է` մինչև գործով էական հանգամանքների պարզաբանումը։ Այդ նպատակով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում տեղի են ունեցել քննարկումներ` Սոս Գասպարյանին մեղսագրված արարքի որակման հետ կապված, որին մասնակցել են ինքը, քննիչ Զադոյանը և վարչական շրջանների դատախազը։ Բացի այդ, ներքին կարգի համաձայն, որոշակի հանցակազմերով հարուցված քրեական գործերով քննարկումներ կատարվում են նաև Երևան քաղաքի դատախազությունում և ՀՀ գլխավոր դատախազությունում, որպիսի հանցակազմերից մեկը հանդիսանում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները։ Այդ իսկ պատճառով, բացի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում տեղի ունեցած քննարկումից, նշված գործով քննարկում է տեղի ունեցել նաև Երևան քաղաքի դատախազությունում, որին ներկա են գտնվել ինքը և Երևան քաղաքի դատախազության համապատասխան աշխատակիցները, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած քննարկմանը քննիչ Զադոյանը ներկա չի գտնվել, ուստի, միայն ինքն է զեկուցել գործի փաստական հանգամանքները։ Հիշյալ քննարկումների ժամանակ քննարկվել է Սոս Գասպարյանի կողմից կատարած արարքի որակման հարցը, քանի որ սկզբնական փուլում եղել են տվյալներ` Ս.Գասպարյանի կողմից անհրաժեշտ պաշտպանության սահամանզանցում թույլ տալու վերաբերյալ, ինչը պայմանավորվել է նրանով, որ Սոս Գասպարյանը հարցաքննությունների ժամանակ ցուցմունք է տվել այնպիսի փաստական հանգամանքների վերաբերյալ, որոնք վերաբերել են նրան ծեծի ենթարկելուն, ապա` նրա կողմից Սերգեյ Կուդրյաշովին և մյուսներին մարմնական վնասվածքներ պատճառելուն։ Նմանատիպ ցուցմունքներ են տվել նաև Սոս Գասպարյանի եղբայր Հովհաննես Գասպարյանը և Ս.Գասպարյանի ընկերը, ում անունը չի մտաբերում։ Նշել է, որ վերադաս դատախազների մոտ քննարկման նախաձեռնությունը եկել է վարչական շրջանների դատախազության կողմից, քանի որ, նախ` պաշտպանի կողմից եղել է համապատասխան միջնորդություն, բացի այդ, ինչպես արդեն նշել է, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով քննվող քրեական գործերը պարբերաբար զեկուցվում են` ինչպես քրեական գործի սկզբնական փուլում, այնպես էլ` մինչև գործը դատարան ուղարկվելը` հնարավոր սխալներից խուսափելու նպատակով։ Այսինքն, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` քրեական գործի լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու առումով և նոր միայն գործերն ուղարկում են դատարան։ Քննարկումների ժամանակ քննիչ Զադոյանը չի պնդել Ս.Գասպարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար, սակայն կարծիք է հայտնել, որ առկա են արարքի վերաորակման տարրեր, նշույլներ, ուստի անհրաժեշտ է քննարկել բոլոր հանգամանքները` արարքին ճիշտ որակում տալու համար։ Պաշտպանական կողմի միջնորդության կապակցությամբ քննիչին տրվել են համապատասխան ցուցումներ, մասնավորապես, լրացուցիչ հարցաքննվել են տուժողը և նրա ընկերները, ինչպես նաև` բժշկական կենտրոնի բժիշկը, քանի որ Ս.Գասպարյանի մարմնի վրա եղել են վնասվածքներ։ Թեև սկզբնական փուլում եղել են անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրեր, սակայն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վերաբերյալ փաստարկները հետագայում հերքվել են և համապատասխան քննչական գործողություններ կատարելուց հետո, քննարկումների արդյունքում որոշվել է, որ գործը մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվի դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Չի կարող մտաբերել, արդյոք զեկուցումների ժամանակ որևէ մեկը կարծիք հայտնել է Սոս Գասպարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված հատկանիշների առկայության մասին, թե ոչ։ Կարծում է, որ քննչական մարմինը ևս համակարծիք է եղել իրենց որոշման հետ, քանի որ երբ Մ.Զադոյանին տեղեկացրել է այն մասին, որ գործը պետք է դատարան ուղարկի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինս չի հակադարձել իրեն, համամիտ է եղել, հակառակ դեպքում կարող էր կայացներ այլ որոշում։
Ինչ վերաբերում է դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելուն, ապա նշել է, որ եթե դատարանն անձի նկատմամբ ճանաչում է գրավի կիրառման թույլատրելիությունը, քննիչը տվյալ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ ուղեկցական գրությամբ ուղարկում է դատարանի որոշումը` խնդրելով քննարկել վերաքննիչ բողոք բերելու հարցը։ Նույնը տեղի է ունեցել նաև Սոս Գասպարյանի վերաբերյալ գործով քննիչ Զադոյանի դեպքում, մասնավորապես, երբ 2017թ-ի հունվար ամսին դատարանի կողմից կայացվել է որոշում, քննիչն այդ որոշումն ուղեկցական գրությամբ ուղարկել է իրեն` խնդրելով քննարկել բողոքարկման հարցը։ Քանի որ եղել է տարեսկիզբ, այդ ժամանակ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով քննիչ Զադոյանի հետ չի քննարկել քրեական գործի հանգամանքները։ Նախաքննության հետագա փուլերում, սակայն, /հստակ չի մտաբերում, թե երբ/ քննիչ Զադոյանի հետ քննարկել են քրեական գործի հանգամանքները, ինչպես որ նշեց վերևում։
Երբ 2017թ-ի հունվարի 11-ին առաջին անգամ ծանոթացել է քրական գործին, կատարված են եղել որոշակի քննչական գործողություններ, այն է` հարցաքննվել էր մեղադրյալի եղբայրը, ով սակայն, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել էր ցուցմունք տալուց, հարցաքննվել էր նաև տուժողը և ևս մի քանի անձ, իրականացվել էր խուզարկություն, ուստի իր կարծիքով, քննիչի կողմից կատարվել էր այդ պահին համար գործի օբյեկտիվ քննություն։ Բնութագրելով Մ.Զադոյանին, հայտնել է, որ նա որպես քննիչ հանդիսանում է ինքնուրույն անձնավորություն, ով իրավական հարցերում պահպանել է իր սկզունքները։
Հավելել է, որ ներկայումս գործը գտնվում է դատարանում` դատական վիճաբանությունների փուլում, ինքն արդեն իսկ հանդես է եկել մեղադրական ճառով, իսկ Սոս Գասպարյանին առաջադրված մեղադրանքի փոփոխում տեղի չի ունեցել։
/Տես՝ դատական նիստի արձանագրությունը/
Վկա Կարինե Սերգեյի Շախմուրադյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ Ճանաչում է ամբաստանյալ Գ.Գալոյանին, վերջինիս հետ միևնույն գրասենյակում աշխատել է շուրջ 20 տարի։ Դեմքով ճանաչում է նաև ամբաստանյալ Մ.Զադոյանին, թեև աշխատանքային գործունեությունից ելնելով, երբևէ չի առնչվել նրա հետ, քանի որ ինքը հիմնականում զբաղվում է քաղաքացիական գործերով։ Ճանաչում է նաև Բաբկեն Գասպարյանին, ով հանդիսանում է ամուսնու ծանոթը։
Կոնկրետ օրը չի հիշում, Բ.Գասպարյանը զանգահարել է ամուսնուն և ասել, որ նրա որդու հետ դեպք է տեղի ունեցել, ուստի ցանկացել է խորհրդակցել իր հետ։ Դրանից հետո Բաբկեն Գասպարյանի կինը և երկու որդիները եկել են իր փաստաբանական գրասենյակ։ Մոտ 10 րոպե զրուցել է նրանց հետ, վերջիններս պատմել են Ս.Գասպարյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որից հետո եկել է Բաբկեն Գասպարյանը։ Ինքը որպես փաստաբան տվել է որոշակի խորհուրդներ, որոնք ներկայումս չի մտաբերում, որից հետո նրանք դուրս են եկել աշխատասենյակից։ Այդուամենայնիվ, որևէ պայմանավորվածություն չի ունեցել վերջիններիս հետ` իր կողմից իրավաբանական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, քանի որ Ս.Գասպարյանի հետ տեղի ունեցած դեպքը վերաբերել է ծանր հանցագործության, իսկ ինքն առհասարակ, այդպիսի բնույթի գործերով չի զբաղվում։ Վկան նշել է, որ թեև չի եղել որևէ պայմանավորվածություն` իրավաբանական խորհրդատվություն տալու վերաբերյալ, սակայն վերջիններիս հայտնել է, որ որպես ծանոթներ և հարազատ մարդիկ կարող են դիմել իրեն և որոշակի հարցերում խորհրդակցել իր հետ։ Այդ դեպքից հետո, սակայն, այլևս նրանց հետ չի հանդիպել։ Ինքը հիմնականում զբաղվում է քաղաքացիական գործերով, թեև պրակտիկայի ընթացքում փաստաբանական ծառայություն է մատուցել նաև որոշ քրեական գործերով։ Ս.Գասպարյանի դեպքում, հաշվի առնելով գորշի բարդությունը, ներքուստ զգացել է, որ այդ գործով չի կարող ցուցաբերել իրավաբանական խորհրդատվություն, թեև իրեն նման առաջարկ չի էլ եղել։ Տվյալ հանդիպումից հետո Բ.Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների հետ այլևս չի հանդիպել։
Բնութագրելով ամբաստանյալ Գայանե Գալոյանին, նշել է, որ նա ազնիվ մարդ է և չի հավատում, որ նա կարող էր կաշառք վերցնել։
/Տես՝ դատական նիստի արձանագրությունը/
Վկա Բունիաթ Ավետիքի Եղիազարյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2014թ-ի հոկտեմբեր ամսից աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտում։ Ներկայումս հանդիսանում է նույն քրեական գործից անջատված մասով ամբաստանյալ, որի պատճառով իր պաշտոնավարումը դադարեցվել է։
Ճանաչում է ամբաստանյալներին, մասնավորապես, Գ.Գալոյանին ճանաչում է որպես փաստաբանի, ով իր փաստաբանական գործունեությունն իրականացրել է քննչական բաժնի հարևանությամբ գտնվող գրասենյակում։ Մ.Զադոյանին ճանաչում է որպես իրենց՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի, ում անմիջական ղեկավարը հանդիսացել է ինքը, նրա հետ գտնվել է աշխատանքային նորմալ հարաբերությունների մեջ։ Ինչ վերաբերում է ամբաստանյալ Բ.Գասպարային, ապա նրան ճանաչում է որդու` Սոս Գասպարյանի, վերաբերյալ քննված քրեական գործի շրջանակներում։ Քննչական կոմիտեում աշխատանքի կազմակերպման կարգի համաձայն՝ քննչական բաժնի պետի տեղակալը վերահսկում է իր անմիջական համակարգման ոլորտում գտնվող քննիչների աշխատանքները։ Ինքը համակարգել է 9 քննիչների աշխատանքներ, այդ թվում՝ 2016թ-ի հունվարի 12-ից, բաժնի ավագ քննիչ Մ.Զադոյանի աշխատանքները։
Անդրադառնալով իրենց բաժնում Սոս Գասպարյանի վերաբերյալ քննված քրեական գործին, նշել է, որ քաղաքացիներ Սերգեյ Կուդրյաշովին և Հրանտ Հովսեփյանին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքն արձանագրվել է 2016թ-ի դեկտեմբերի 20-ին։ Քանի որ օրվա հերթապահ քննիչը եղել է Մ.Զադոյանը, նա էլ մեկնել է դեպքի վայր, իսկ այնուհետև՝ հիվանդանոց, և ձեռնամուխ եղել ամհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների կատարմանը։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը քննվել է ավագ քննիչ Մ.Զադոյանի վարույթում։ Տուժողները և դեպքին ականատեսները, որպես մարմնական վնասվածնքեր պատճառած անձի մատնանշել են Սոս Գասպարյանին, ով դեպքի վայրում եղել է եղբոր՝ Հովհաննես Գասպարյանի, հետ։ Հետագայում պարզվել է Սոս Գասպարյանի ինքնությունը, ձեռք են բերվել վերջինիս բնակության հասցեի վերաբերյալ տվյալներ, կոնկրետացվել են ենթադրաբար հանցանք կատարած անձի վերաբերյալ տեղեկությունները, որից հետո նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ 2016թ-ի դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանը որպես կասկածյալ, իսկ Հովհաննես Գասպարյանը որպես վկա, ծանուցագրերով, հրավիրվել են քննչական բաժին։ Քանի որ եղել է տարեվերջ և ամբողջ քննչական բաժինը լծված է եղել երկարատև քննված գործերն ավարտելու աշխատանքներին, ինքը պարբերաբար շրջել է քննիչների աշխատասենյակներով, որպեսզի ստուգեր հանձնարարությունների կատարման վիճակը, հարցերի դեպքում տեղում օգներ քննիչներին։ 2016թ-ի դեկտեմբերի 29-ի կեսօրին, հերթական անգամ շրջելով քննիչների աշխատասենյակներում, մտել է քննիչ Մ.Զադոյանի աշխատասենյակ և տեսել, որ այնտեղ, քննիչի մոտ է գտնվում իրեն անծանոթ մի քաղաքացի։ Զադոյանը ներկայացրել է այդ քաղաքացուն, ասելով, որ Սոսի հայրն է։ Հասկացել է, որ վերջինս հանդիսանում է դանակահարության գործով կասկածյալ Սոս Գասպարյանի հայրը։ Քանի որ քրեական գործի նյութերից տեղյակ էր, որ Սոսի հոր սիրտը վիրահատված է, ավելին, այդ պահին վերջինս եղել է գունատ, հարցրել է, թե ինչպես է նրա առողջական վիճակը և վերջինս պատասխանել է՝ «...ոնց պետք է լինեմ, տղես անմեղ է, շառի մեջ է ընկել», այնուհետև, մտավախություն է հայտնել գործի օբյեկտիվ քննության վերաբերյալ։ Այդ ժամանակ ինքը, ելնելով նրա առողջական, ինչպես նաև` հուզական, վիճակից մեղադրյանի հորը վստահեցրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմց կատարվելու է գործի օբյեկտիվ քննություն, ուստի, նա կարող է «...հանգիստ լինել, քանի որ լավ է լինելու», պարզապես անհրաժեշտ է, որ Սոսը ներկայանա իրավապահ մարմիններին, որից հետո դուրս է եկել աշխատասենյակից։ Հավելել է, որ այդ ժամանակ Մ.Զադոյանի աշխատասենյակում Գ.Գալոյանը չի եղել, իսկ ինքը հորդորել է Բ.Գասպարյանին որպես ծնող «հանգիստ լինել» զուտ օբյեկտիվ քննության, ոչ թե` օրինակ, կալանքից ազատվելու կամ արարքի վերաորակման առումով։ Հայտնել է, որ լինում են շատ դեպքեր, երբ քննչական բաժին են գալիս մեղադրյալների ծնողները, ովքեր հուզվում, հետաքրքրվում են իրենց երեխաներից և բնական է, որ նրանց պետք է հանգստացնել, հավաստիացնելով, որ նորմալ կլինի։ Այդ ժամանակ Բաբկեն Գասպարյանին ևս հայտնել է, որ կլինի օբյեկտիվ քննություն, անհրաժեշտ է, որպեսզի Սոսը ներկայանա քննչական բաժին։ Հետագայում Բաբկեն Գասպարյանին մի քանի անգամ տեսել է քննչական բաժնի միջանցքում, նույնիսկ մեկ կամ երկու անգամ զրուցել նրա հետ։ Ավելին, մեկ անգամ վերջինիս տեսնելով քննչական բաժնի միջանցքում, նրան հրավիրել է իր աշխատասենյակ, որպեսզի նա միջանցքում չսպասի՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Ինչ վերաբերում է փաստաբան Գ.Գալոյանին, նշել է, որ նրա հետ Սոս Գասպարյանի վերաբերյալ գործով զրուցել է մեկ անգամ՝ Սոսի ձերբակալման օրը, երբ Գալոյանը քննչական բաժնի միջանցքում տեսնելով իրեն, ասել է՝ «...էս ինչ եք անում, հերը հիվանդ մարդ է, տունը քանդում եք»։ Գ.Գալոյանի արտահայտությանը չի արձագանքել, այլ խոսակցություն նրա հետ չի ունեցել։ Ավագ քննիչ Զադոյանի հետ Սոս Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով քննարկումներ ունեցել է սովորական ընթացակարգով, ինչպես մյուս բոլոր քրեական գործերով։ Որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել։ Զադոյանն իր նախաձեռնությամբ իրեն չի ասել, որ Սոսի արարքում առկա է անհրաժեշտ պաշտպանության տվյալ, տարր կամ հատկանիշ, պարզապես նման տվյալներ եղել են այն պահից ի վեր, երբ հարցաքննվել են Սոս և Հովհաննես Գասպարյանները։ Պաշտպան Գ.Գալոյանի կողմից արարքի վերավորակման վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո ինքը և Մ.Զադոյանը քննարկել են գործը։ Սոսի և Հովհաննեսի կողմից տրված ցուցմունքներում եղել են անհրաժեշտ պաշտպանության վերաբերյալ փաստական տվյալներ, սակայն, քանի որ եղբայրների և դեպքին ականատեսների ցուցմունքներում առկա են եղել էական հակասություններ, կատարվել են առերեսումներ, որից հետո պաշտպանի միջնորդությունը մերժվել է։ Պնդել է, որ արարքի որակման հարցն ինքը որևէ մեկի հետ չի քննարկել։ Միջնորդությունների լուծման փուլում Զադոյանն իրեն ասել է, որ գործը քննարկվել է նաև դատախազությունում, այնտեղ նույնպես համակարծիք են եղել պաշտպանի կողմից ներկայացրած միջնորդության մերժման հետ։ Այնուհետև, գործի նախաքննությունն ավարտվել է, որի արդյունքում հերքվել է անհրաժեշտ պաշտպանության վարկածը և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով կազմված մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան։ Սոսին օգնելու մասին իր և Զադոյանի միջև որևէ խոսակցություն կամ պայմանավորվածություն չի եղել, ավելին, գործը դատարան ուղարկելուց հետո ինչպես Զադոյանի, այնպես էլ Գալոյանի հետ որևէ խոսակցություն չի ունեցել։ Սոս Գասպարյանի վերաբերյալ քննված գործի շրջանակներում որևէ մեկի կողմից ուղղակի կամ միջնորդավորված կաշառք ստանալու վերաբերյալ տեղեկություններ չի ունեցել և չունի, որևէ մեկի կողմից ուղղակի կամ միջնորդավորված կաշառք առաջարկելու կամ ընդունելու վերաբերյալ տեղեկություններ չի ունեցել և չունի, որևէ մեկի կողմից կաշառք տալու կամ կաշառք ստանալու մասին տեղեկություններ չի ունեցել և չունի։ Իրեն առաջադրված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի, մեղադրանքն ամբողջովին հորինված է, ինքն ու Մ.Զադոյանը Ս.Գասպարյանի օգտին որևէ գործողություն չեն կատարել, նման մտադրություն չեն ունեցել։ Սոսին օգնելու վերաբերյալ Գ.Գալոյանի հետ չի զրուցել, նրա հետ երբևէ որևէ գումարային խոսակցություն չի վարել։ Մ.Զադոյանի աշխատասենյակ է մտել իր նախաձեռնությամբ, ոչ թե՝ Մ.Զադոյանի հրավերով, ավելին, Բ.Գասպարյանի որդուն օգնելու մասին զրույց չեն ունեցել։ Մ.Զադոյանի աշխատասենյակ է մտել այն նպատակով, որ տեսնելով վերջինս զրուցում է քաղաքացու հետ, իսկ բաժինը եղել է ծանրաբեռնված, ուստի ցանկացել է, որպեսզի Զադոյանն աշխատի, ոչ թե ինչ-որ մեկը զրույցով խանգարի նրան։ Գ.Գալոյանն իրեն կամ Զադոյանին գումար չի փոխանցել, որևէ մեկին գումար փոխանցելու վերաբերյալ տեղեկություն չի հայտնել, ուստի գտնում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հորինված է և այն չի պարունակում կոնկրետ տեղեկություններ։ Հավաստիացրել է, որ Ս.Գասպարյանի օգտին որևէ գործողություն չի կատարել, նման մտադրություն քննչական մարմնի մոտ չի եղել, նման գործողություն կատարելու հարց մասնավոր մարմնի կամ պաշտոնական անձի հետ չի քննարկվել։
Հայտնել է նաև, որ Ս.Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործն անձամբ չի կարդացել, դրան ծանոթացել է քննիչ Մ.Զադոյանի բանավոր զեկույցի հիման վրա, քանի որ Զադոյանը հանդիսանում է փորձառու քննիչ, իսկ քրեական գործն իրենից որևէ բարդություն չի ներկայացրել, ուստի բավարարվել է Զադոյանի ներկայացրածով։ Ընդ որում, հավաստիացրել է, որ չծանոթանալ ասելով նկատի է ունեցել այն, որ չի կարդացել հարցաքննված անձանց ցուցմունքները, իսկ քննչական բաժին մուտք եղած փաստաթղթերը /դատարանի որոշումներ, փորձագետի եզրակացություն/, որոնք ինքը մակագրել է քննիչին, անվերապահորեն կարդացել է։ Հիշյալ քրեական գործը քննվել է օբյեկտիվերոն, օրենքի տառին համապատասխան, և նախաքննական մարմինը նպատակ չի ունեցել մեղադրյալին «վատություն անելու»։ Բ.Գասպարյանի կողմից Մ.Զադոյանի հետ գումարային խոսակցության վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, երբևէ չի ունեցել։ Բաբկեն Գասպարյանին երբևէ չի խոստացել Սոս Գասպարյանին չկալանավորել կամ նրան առաջադրված մեղադրանքը վերաորակել, նման բնույթի խոսակցություն երբևէ չի եղել։ Նույնը կարող է ասել նաև քննիչ Մ.Զադոյանի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է քրեական գործի ընթացքին, ապա վկան հայտնել է, որ քրեական գործում որևէ տեղեկություն չի եղել Ս.Գասպարյանի՝ անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կամ դրա սահմանազանցմամբ գործելու վերաբերյալ, ուստի, դեկտեմբերի 29-ի դրությամբ արարքի որակված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով։ Քանի որ եղել է տարեվերջ՝ դեկտեմբերի 29-ը, իսկ Մ.Զադոյանը եղել է բավականին ծանրաբեռնված և հիշյալ քրեական գործի ընթացքը լուծելը հրատապ չի եղել, ուստի, անհրաժեշտություն չի եղել այդ պահին Ս.Գասպարյանին ձերբակալել կամ նրա նկատմամբ հայտարարել հետախուզում, հատկապես, որ Գ.Գալոյանը ներկայացրել էր դիմում, որով հայտնել էր Սոս Գասպարյանի՝ քննչական բաժին ներկայանալու անհնարինության մասին և իրենք այն դիտելով պատշաճ՝ անձին բերման ենթարկելու վերաբերյալ որոշում չէին կայացրել։ Հիշյալ դիմումով նշված է, որ Ս.Գասպարյանի չներկայանալու պատճառը վատառողջ լինել է։ Բացի այդ, դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանին չկալանավորելու պատճառը պայմանավորված է եղել քննության տակտիկայով և հետագա քայլերի անհրաժեշտությամբ։
Բնութագրելով Մ.Զադոյանին, նշել է, որ վերջինս եղել է ինքնուրույն, բաժնի լավագույն քննիչներից մեկը, Ս.Գասպարյանի վերաբերյալ գործը քննել է այնպես, ինչպես մյուս բոլոր գործերը և որևէ արտառոց վարքագիծ չի դրսևորել, որը կարող էր վկայել տվյալ գործով նրա շահագրգռվածության մասին։
Ինչ վերաբերվում է տվյալ գործը որևէ մեկի հետ քննարկելուն, ապա նշել է, որ եղել են դեպքեր, երբ քննիչները գործերը քննարկել են նաև բաժնի այդ ժամանակվա պետ Էդուարդ Սիրեկանյանի հետ։ Չի եղել, սակայն, դեպք, որ վերջինս պնդեր, որ միայն նրա կարծիքն է կարևոր, այլ ոչ թե՝ քննիչի։ Գործնականում և հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերով, գործի շահերից ելնելով, որպես կանոն անձը ձերբակալվել է, սակայն որպես ինքնուրույն սուբյեկտ, քննիչն ինքն է որոշել գործի ընթացքն ու ուղղությունը։ Թեև յուրաքանչյուր գործ քննվել է յուրովի, սակայն եղել են դեպքեր, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված քրեական գործով անձը չի ձերբակալվել։
Գ.Գալոյանի կողմից ստացված՝ արարքի վերաորակման վերաբերյալ միջնորդության առումով կարող է ասել, որ այդ միջնորդությունը հասցեագրված է եղել նաև դատախազությանը, հետաքրքրվել է դրա մասին Մ.Զադոյանից և հասկացել, որ նա այն քննարկել է հսկող դատախազի հետ, սակայն կանխակալ վերաբերմունքից խուսափելու համար, որոշում է կայացվել հետաձգել այն՝ առերես հարցաքննություններ կատարելու նպատակով։ Առերես հարցաքննություններ կատարելուց հետո Մ.Զադոյանն ասել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածին։ Չի մտաբերում, արդյոք Է.Սիրեկանյանի հետ քննարկման ժամանակ վերջինս ասել է, որ առկա են անհրաժեշտ պաշտպանության կամ դրա սահմանազանցման տարրեր, թեև չի բացառում, որ կարող էր նման կարծիք հայտնած լինել։ Այսինքն, անհրաժեշտ պաշտպանության կամ դրա սահմանազանցման տարրերի առկայության մասին նա հստակ դիրքորոշում չի հայտնել։
/Տես՝ դատական նիստի արձանագրությունը/
Բացի վերը նշված ապացույցներից, դատարանում հրապարակվել և հետազոտվել են նաև՝

Քրեական գործով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ՝ մեղադրյալներ Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարհանմամբ ու գաղտնաձայնագրմամբ կատարված՝ ամբաստանյալներ Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները պարունակող լազերային սկավառակները զննման ենթարկելու մասին 2017 թվականի սեպտեմբերի 12-ի արձանագրությունը։
/Տես` հատոր 1, գ.թ. 79-97, դատական նիստի արձանագրությունը/

Ամբաստանյալներ Գայանե Գալոյանի կողմից օգտագործվող 091-49-81-91 բջջային հեռախոսահամարով և Բաբկեն Գասպարյանի կողմից օգտագործվող 091-77-85-74 բջջային հեռախոսահամարով կատարված մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների և այդ հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաք կայանների տեղակայման հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող լազերային սկավառակը զննման ենթարկելու մասին արձանագրությունը և արձանագրությանը կցված հավելվածները։
/Տես` հատոր 2, գ.թ. 222-240, դատական նիստի արձանագրությունը/
Սոս Գասպարյանի նկատմամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ 12808617 քրեական գործի նյութերը զննելու մասին արձանագրությունն այն մասին, որ զննման ընթացքում պատճենահանվել են նշված քրեական գործի այն նյութերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում թիվ 62228617 քրեական գործի համար, որով նույնպես հաստատվել է, որ թիվ 12808617 քրեական գործը հարուցվել, քննվել և դատարան է ուղարկվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի կողմից, այդ քրեական գործով մեղադրյալը հանդիսանում է Բաբկեն Գասպարյանի որդին՝ Սոս Գասպարյանը և վերջինիս շահերի պաշտպան ներգրավվել է փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Հայկազունի Գալոյանը։
/Տես` հատոր 1, գ.թ. 176-374, հատոր 2, գ.թ. 1-114, դատական նիստի արձանագրությունը/

2017թ. սեպտեմբերի 19-ին «Բիլայն» ՓԲ ընկերությունից ստացված՝ մեղադրյալներ Բաբկեն Գասպարյանի՝ 091-77-85-74 և Գայանե Գալոյանի 091-49-81-91 բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակը, որը պարունակում է քրեական գործով պարզաբանման ենթակա հանգամանքների մասին համապատասխան տեղեկատվություն, ենթարկվել է զննման, և այդ մասին կազմվել համապատասխան արձանագրություն։
/Տես` հատոր 2, գ.թ. 124, դատական նիստի արձանագրությունը/
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ ամբաստանյալներ Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված՝ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարհանմամբ ու գաղտնաձայնագրմամբ կատարված՝ ամբաստանյալներ Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները պարունակող լազերային սկավառակները։

/Տես` հատոր 1, գ.թ. 42, դատական նիստի արձանագրությունը/
Մեղադրողի կողմից հրապարակվել են նաև՝ 25.10.2017թ-ին կազմված՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարահանմամբ և գաղտնաձայնագրառմամբ կատարված՝ ամբաստանյալներ Բ.Գասպարյանի, Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի խոսակցությունները պարունակող լազերային թվով 4 սկավառակներն ապացույց ճանաչելու մասին որոշումները, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի գրությունը՝ ուղղված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչին։
/Տես` հատոր 3, գ.թ. 163-164, 165- 166, 40,
դատական նիստի արձանագրությունը/
Պաշտպան Ս.Ամիրխանյանի կողմից հրապարակվել են թիվ 12808616 քրեական գործին վերաբերող՝ Հովհաննես Գասպարյանի և Մարատ Հակոբջանյանի, Հովհաննես Գասպարյանի և Սերգեյ Կուդրյաշովի, Սոս Գասպարյանի և Մարատ Հակոբջանյանի, Սերգեյ Կուդրյաշովի և Սոս Գասպարյանի առերես հարցաքննության արձանագրությունները, փաստաբան Ն.Հովհաննիսյանի գրությունը՝ ուղղված ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետին և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի գրությունը՝ ուղղված փաստաբան Ն.Հովհաննիսյանին, Գ.Գալոյանի գրությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, Գ.Գալոյանի միջնորդությունը՝ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու խնդրանքի մասին, 01.03.2017թ-ին քննիչ Զադոյանի կողմից կայացված որոշումը՝ միջնորդությունը քննարկելու մասին և այլ փաստաթղթեր։

/Տես` հատոր 2, գ.թ. 6-10, 15-18, 23-29, 40-45, հատոր 3, գ.թ. 136-137, հատոր 2, գ.թ. 66-68, 87-89, 19-20 դատական նիստի արձանագրությունը/

Պաշտպան Հոբոսյանի կողմից հրապարակվել են՝ Բ.Գասպարյանի դիմումը՝ ուղղված ՀՀ ԱԱԾ հակահետախուզական գլխավոր վարչության պետին, արտաքին և ներքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու վերաբերյալ որոշումը, Գ.Գալոյանի դիմումը՝ ուղղված ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Զադոյանին, Գ.Գալոյանի միջնորդությունը՝ արարքը վերաորակելու պահանջի մասին, Գ.Գալոյանի գրությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Զադոյանի կողմից 10.05.2017թ-ին կայացված՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից Գ.Գալոյանին տրված բնութագիրը, Գ.Գալոյանի՝ հանցագործության մասին տրված հաղորդումը։

/Տես` հատոր 1, գ.թ. 4-5, 11, 237, 47-50, 66, 95-99, 328, հատոր 4, գ.թ. 83-84, դատական նիստի արձանագրությունը/

Դատարանում հրապարակվել և հետազոտվել են նաև Բ.Գասպարյանի, Մ.Զադոյանի և Գ.Գալոյանի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված պահանջագրերը, Գ.Գալոյանի առողջական վիճակի, Ս.Գասպարյանի առողջական վիճակի վերաբերյալ և անձը բնութագրող փաստաթղթերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով 26.09.2017թ-ին դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ քննիչին տրված ցուցումը, Մ.Զադոյանի երեխաների ծննդյան վկայականները։
/Տես՝ հատոր 1, գ.թ. 60, 72, 112, 271-273, հատոր 2, գ.թ. 168, 192-199, հատոր 3, գ.թ. 185-186, դատական նիստի արձանագրությունը/


3.Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանում հետազոտված և ուսումնասիրված ապացույցների՝ ներքոշարադրյալ ամբողջությունը առավել քան բավարար են հաստատված համարելու ամբաստանյալ Բաբկեն Սոսի Գասպարյանի կողմից իրեն մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքի կատարումը։ Դրանք են՝
- Բաբկեն Գասպարյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքները,
- Սոս Գասպարյանի դատաքննական ցուցմունքը,
- Հովհաննես Գասպարյանի դատաքննական ցուցմունքը,
- Հռիփսիմե Գրիգորյանի դատաքննական ցուցմունքը,
- քրեական գործով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ՝ ամբաստանյալներ Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարհանմամբ ու գաղտնաձայնագրմամբ կատարված՝ ամբաստանյալներ Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները պարունակող լազերային սկավառակները զննման ենթարկելու մասին 2017 թվականի սեպտեմբերի 12-ի արձանագրությունը,
- ամբաստանյալներ Գայանե Գալոյանի կողմից օգտագործվող 091-49-81-91 բջջային հեռախոսահամարով և Բաբկեն Գասպարյանի կողմից օգտագործվող 091-77-85-74 բջջային հեռախոսահամարով կատարված մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների և այդ հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաք կայանների տեղակայման հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող լազերային սկավառակը զննման ենթարկելու մասին արձանագրությունը և արձանագրությանը կցված հավելվածները,
- 2017թ. սեպտեմբերի 19-ին «Բիլայն» ՓԲ ընկերությունից ստացված՝ ամբաստանյալներ Բաբկեն Գասպարյանի՝ 091-77-85-74 և Գայանե Գալոյանի 091-49-81-91 բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակը,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ մեղադրյալներ Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարհանմամբ ու գաղտնաձայնագրմամբ կատարված՝ մեղադրյալներ Բաբկեն Գասպարյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները պարունակող լազերային սկավառակները։

Նշված եզրահանգմանը գալիս, դատարանը հիմք է ընդունում մեղադրանքի հիմքում դրված ապացույցների բավարար ամբողջությունը, որոնք աներկբա վկայում են Բաբկեն Գասպարյանի կողմից իրեն վերագրված քրեորեն պատժելի արարքը կատարելու մասին։

Հաստատված համարելով ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի կողմից կատարած արարքը և հիմք ընդունելով ամբաստանյալներ Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի և նրանց պաշտպանների իրավական վիճարկումը մեղսագրված արարքները նրանց կողմից առհասարակ կատարված լինելու մասին, դատարանը ստորև անդրադառնում է հիշյալ ամբաստանյալներին մեղսագրված արարքների կատարմանը, իսկ Գայանե Գալոյանի մասով՝ նաև՝ դրա քրեաիրավական որակմանը։

Ամբաստանյալ Միքայել Զադոյանի կողմից կաշառք ստանալու փաստը հաստատված համարելու տեսանկյունից, նախ, պետք է քննարկել այն հարցը, թե արդյոք Բաբկեն Գասպարյանը՝ որդու համար որոշակի բարենպաստ գործողություններ կատարելու նպատակով կոնկրետ՝ տվյալ դեպքում 3000 ԱՄՆ դոլար գումար է տվել ամբաստանյալ Գայանե Գալոյանին։

Որպես տվյալ փաստը հաստատված համարելու ապացույցների բավարար ամբողջություն դատարանը դիտարկում է՝

- ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի կողմից հանցագործության մասին տրված հաղորդումը,

- ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները,

- վկաներ Սոս Գասպարյանի, Հովհաննես Գասպարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի դատաքննական ցուցմունքները,

- դատարանի թույլտվությամբ իրականացված՝ «արտաքին և ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների ամբողջությունը։

Հիշյալ ապացույցների համակցությունը, դատարանին բերում են այն եզրահանգման, որ բավարար են տվյալները, որոնք վկայում են այն մասին, որ Սոս Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանն ու որդիները այցելել են Գայանե Գալոյանի փաստաբանական գրասենյակ ու պատմել եղելությունը, այդ թվում նաև՝ Միքայել Զադոյանի ուղղորդմամբ իր մոտ գալու հանգամանքը, փաստաբանը Գասպարյաններին հորդորել է սպասել այնտեղ, մինչը ինքը կգնա քննչական բաժին որոշակի հանգամանքեր ճշտելու նպատակով։ Վերադառնալուց հետո արդեն Գայանե Գալոյանը իրեն սպասող Բաբկեն, Սոս և Հովհաննես Գասպարյաններին հայտնել է, որ Սոս Գասպարյանին այդ պահին չձերբակալելու, իսկ հետագայում նրա արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածից 116-րդ հոդվածով վերաորակելու համար «...պահանջում են...» 3000 ԱՄՆ դոլար գումար։ Ընդ որում, Գ.Գալոյանը չի կոնկրետացրել, թե քննչական բաժնում գումարն իրենցից ով է պահանջել և ում հետ է նման պայմանավորվածություն ձեռք բերել, թեև իր դատաքննական ցուցմունքում վկա Սոս Գասպարյանը պնդեց, որ բաժնից վերադառնալուց հետ Գ.Գալոյանն ասաց, որ «...տղաները 3000 ԱՄՆ դոլար են ուզում...»։ Դրանից հետո, ըստ արդեն քննչական բաժնի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, Գ.Գալոյանն ու Հովհաննես Գասպարյանը գնացել են քննչական բաժին՝ ցուցմունք տալու, իսկ Սոս Գասպարյանը, դարձյալ ըստ պայմանավորվածության, պետք է վերադառնար տուն և նախաքննական մարմին ներկայանար արդեն ամանորյա տոներին հաջորդող առաջին աշխատանքային օրը, ինչպես և արվել է։ Ավելին, որպես այդ օրը նախաքննական մարմին չներկայանալու հիմնավոր պատճառ, որոշվել է, որ Սոս Գասպարյանը կներկայացնի բժշկական տեղեկանք՝ ոտքի վնասվածքի վերաբերյալ։

Հիշյալ անձանց կողմից տրված թե՛ նախաքննական և թե՛ դատաքննական ցուցմունքները դատարանին բերում են այն համոզման՝ եզրահանգման, որ իրականությանը համապատասխանում են Բաբկեն, Սոս և Հովհաննես Գասպարյանների հայտնած այն տեղեկությունները, որ Բաբկեն Գասպարյանը Գայանե Գալոյանին՝ նրա իսկ գրասենյակում որպես կաշառքի գումար տվել է 3000 ԱՄՆ դոլար։ Հարկ է ի նկատի ունենալ նաև այս մասին գործով մյուս վկա Հռիփսիմե Գևորգյանի նույնաբովանդակ ցուցմունքը, ով փաստաբանին գումարը տալու մասին տեղեկությունը ստացել է ամուսնուց՝ Բաբկեն Գասպարյանից։

Որպես տվյալ հանգամանքը վիճարկելու փաստարկ, պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս մասին հայտնողները միևնույն ընտանիքի անդամներ են և ունեն որոշակի շահագրգռվածություն, այն է` ցանկանում են վրեժխնդիր լինել Միքայել Զադոյանից։ Այս առումով, սակայն, դատարանը համակարծիք չէ պաշտպանական կողմի պնդմանը, քանի որ՝ բացառությամբ Բաբկեն Գասպարյանի, ով հանդիսանում է ամբաստանյալ և օգտվելով իր դատավարական կարգավիճակից կարող է չհայտնել իրականությունը, Գ.Գալոյանին գումար տալու մասին ցուցմունքներ տվող անձինք՝ Սոս Գասպարյանը, Հովհաննես Գասպարյանը և Հռիփսիմե Գրիգորյանը հանդիսանում են վկաներ և նրանք եղել են նախազգուշացված՝ ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Ավելին, պաշտպանական կողմը չկարողացավ դատարանին փաստարկված դիրքորոշում ներկայացնել նաև առ այն, թե այս փուլում արդեն, երբ ակնհայտ է, որ Սոս Գասպարյանին նախաքննական մարմինն այդպես էլ ոչնչով չի օգնել, ինչ իմաստ ունի դարձյալ պնդել, որ կաշառքի գումարն, իրականում, տրվել է Գայանե Գալոյանին, քանի որ նույն տրամաբանությամբ նշված անձինք, որպես միևնույն ընտանիքի անդամներ, միաբերան և նույն հաջողությամբ կարող էին պնդել, որ գումարն, անմիջապես, տվել են հենց Միքայել Զադոյանին /հաշվի առնելով, որ մի քանի անգամ հանդիպել են նրան նախաքննության ընթացքում, եղել նրա աշխատասենյակում/, այլ ոչ թե հաստատեին, որ իրենք տեղյակ չեն, թե Գայանեն ում հետ է խոսել քննչական բաժնում և արդյոք Մ.Զադոյանն այդ գումարից տեղյակ է եղել, թե ոչ։ Նշված հանգամանքը խոսում է այս անձանց կողմից տրված ցուցմունքների արժանահավատության մասին։

Այլ խոսքով, Մ.Զադոյանից վրեժխնդիր լինելու մասին պաշտպանական կողմի դիրքորոշումն առարկայազուրկ է և չհիմնավորված, քանի որ այդպիսի մտադրություն ուենալու դեպքում Բաբկեն, Սոս և Հովհանես Գասպարյաններն ու Հռիփսիմե Գրիգորյանը կասեին, թե գումարը տվել են հենց Միքայել Զադոյանին։
Բացի այդ.

Կաշառքի գումարը Գայանե Գալոյանին տալու կարևոր և անհերքելի ապացույց է նաև դատարանի թույլտվությամբ իրականացված՝ «արտաքին և ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների ամբողջությունը, որոնցում առկա մի շարք փաստեր աներկբա հաստատում են վերը նշված անձանց ցուցմունքները՝ կաշառքի՝ 3000 ԱՄՆ դոլարը Գայանե Գալոյանին փոխանցելու մասին։
Այսպես.

Դատարանում, օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում իրականացված տեսաձայնագրառման սկավառակի վերարտադրմամբ, հաստատվեց, որ տեսագրության 6-8-րդ րոպեներում, երբ Բաբկեն Գասպարյանը հարց է ուղղում Գայանե Գալոյանին, թե «... երեք հազար տվի, որ տղուս երեք տարի տա՞ն...», Գայանե Գալոյանը պատասխանում է՝ «...տվիր, որ երկրորդ երեխիդ էլ չտանեն...»։ Մեկ այլ խոսակցության ժամանակ, երբ Բաբկեն Գասպարյանը Գայանե Գալոյանին դարձյալ իր մտահոգությունն է հայտնում, որ 450.000 ՀՀ դրամ տվել է իր աշխատանքի համար, իսկ «...3000 էլ՝ տվի տարար տվիր նրանց...» /01։00 րոպեի սահմաններում/, Գ.Գալոյանը, որևէ տարակուսանք չի հայտնում, չի հերքում այդ փաստը կամ չի հակադարձում Բ.Գասպարյանին, որ նման բան տեղի չի ունեցել։

Այլ խոսքով, համադրելով և ընդհանրացնելով վերը նշված ապացույցները դատարանը հաստատված է համարում Բաբկեն Գասպարյանի կողմից Գայանե Գալոյանին 3000 ԱՄՆ դոլար՝ որպես կաշառքի գումար տալու փաստը, այն քննչական բաժին փոխանցելու նպատակով։
Ամբաստանյալ Գ.Գալոյանի պաշտպան Ա.Հոբոսյանը, ինչպես նաև Մ.Զադոյանի պաշտպան Հ.Անանյանը վերջին ապացույցի առումով միջնորդություն են ներկայացրել դատարանին, որով խնդրել են հաստատել արտաքին և ներքին դիտման ընթացքում ստացված գաղտնատեսանկարահանման և գաղտնաձայնագրառման՝ որպես ապացույցների օգտագործման անթույլատրելիությունը։
Ընդ որում, փաստաբանները, որպես հիշյալ փաստաթղթերն անթույլատրելի ճանաչելու հիմք են նշել այն, որ մի դեպքում՝ Գայանե Գալոյանը հանդիսացել է Սոս Գասպարյանի պաշտպանը, ուստի օրենքի ուժով անթույլատրելի է փաստաբանի նկատմամբ ներքին դիտում իրականացնելը, սիկ մյուս դեպքում, որ արձանագրված չէ այդ միջոցառումն անցկացնելու տեղը, ժամը և այլն։
Դատարանն անդրադառնալով պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությանը՝ արտաքին և ներքին դիտման ընթացքում ստացված գաղտնատեսանկարահանման և գաղտնաձայնագրառման՝ որպես ապացույցի օգտագործման անթույլատրելիությունը հաստատելուլու առումով, փաստում է հետևյալը`
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝
«1. Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։
2. Քրեական դատավարությունում որպես ապացույցներ թույլատրվում են`
1) կասկածյալի ցուցմունքները.
2) մեղադրյալի ցուցմունքները.
3) տուժողի ցուցմունքները.
4) վկայի ցուցմունքները.
4.1) տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները.
5) դատապարտյալի ցուցմունքները.
6) փորձագետի եզրակացությունը.
7) իրեղեն ապացույցները.
8) քննչական և դատական գործողությունների արձանագրությունները.
9) այլ փաստաթղթերը։
3. Քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել սույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝
«1. Փաստաթուղթ է թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալները։
2. Սույն օրենսգրքի 115 հոդվածի առաջին մասում նշված հատկանիշներ պարունակող փաստաթղթերը կարող են ծառայել նաև որպես իրեղեն ապացույցներ։
3. Այլ փաստաթղթերն ապացույց են ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն`
«... 1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`
1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով.
2) կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ.
21) վկայի՝ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված իրավունքների խախտմամբ.
3) տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.
4) բացարկման ենթակա անձի մասնակցությամբ, եթե նա իմացել է կամ պետք է իմանար քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին.
5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.
6) այն անձից, որն ունակ չէ ճանաչել փաստաթուղթը կամ այլ առարկան, հաստատել դրա իսկությունը, հայտնել դրա առաջացման և ստացման հանգամանքների մասին.
7) անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից.
8) ժամանակակից գիտական պատկերացումներին հակասող մեթոդների կիրառման արդյունքում։
2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այն խախտումները, որոնք դրսևորվել են քրեական դատավարության մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտմամբ։
3. Մեղադրանքի կողմի թույլ տված քրեադատավարական օրենքի պահանջների խախտման հետևանքով ապացուցողական նշանակությունը կորցնելու ենթակա նյութը պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրվել որպես ապացույց։ Այդպիսի ապացույցը թույլատրվում է միայն համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ»։
Վերը շարադրված քրեադատավարական նորմերի լույսի ներքո դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում որպես ապացույցի ինքնուրույն տեսակ թույլատրվում են օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ։ Ընդ որում, յուրաքանչյուր փաստական տվյալ ունի ձեռք բերման ուրույն պահանջները, որոնք բխում են ապացույցի տեսակից, հետևաբար տարբեր են նաև դրանց ստացման կարգերը։ Այլ խոսքով, քրեադատավարական օրենքը հստակ սահմանում է յուրաքանչյուր ապացույցի ձեռք բերման կարգը, որը հանդիսանում է իմպերատիվ պահանջ` այդ ապացույցը ստանալու համար։ Ասվածից հետևում է, որ ապացույցի` օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերումը արդեն իսկ հիմք է` այն անթույլատրելի դիտելու համար։
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները`
արտաքին դիտում
ներքին դիտում...»։
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերի համաձայն`
«...4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է
7. Արգելվում է անցկացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ։ Անհապաղ ոչնչացման են ենթակա սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները...»։
Վերը շարադրված օրենքի տառացի մեկնաբանությունից հստակ երևում է, թե օրենքը որ դեպքում է արգելում իրականացնել նշված գործողությունը։ Մասնավորապես, անձի կողմից իր փաստաբանի հետ խորհրդակցելու դեպքում։ Մինչդեռ, քրեական գործի նյութերից ակնհայտ է, որ երբևէ, այդ թվում նաև Բ.Գասպարյանի հետ հանդիպումների ժամանակ Գ.Գալոյանը չի հանդիսացել Բաբկեն Գասպարյանի պաշտպանը, այլ ի սկզբանե ստանձնել է նրա որդու՝ Սոս Գասպարյանի, շահերի պաշտպանությունը, հետևաբար, փաստաբանական գաղտնիքի կամ իր փաստաբանի հետ խորհրդակցելու մասին տվյալ դեպքում խոսք լինել չի կարող։
Այլ խոսքով, պաշտպանների միջնորդությունը հնարավոր կլիներ բավարարել միայն այն դեպքում, երբ հետաքննության մարմինն իրականացրած լիներ Սոս Գասպարյանի և Գայանե Գալոյանի խոսակցության տեսաձայնագրառում։
Այս առումով դատարանը նաև ցանկանում է ընդգծել, որ օրենսդիրը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում հիշյալ ձևակերպումը տալիս, ամեն դեպքում, ի նկատի է ունեցել վստահորդի և փաստաբանի միջև տեղի ունենալիք իրավաչափ և օրենքից բխող, օրենքով չարգելված բոլոր միջոցներով անձի պաշտպանությունն իրականացնելուն ուղղված գործողություններն ու դրանց վերաբերող խոսակցությունները, մինչդեռ, ինչպես հաստատվեց գործի քննությամբ Բ.Գասպարյանի և Գ.Գալոյանի միջև տեղի ունեցած խոսակցության հիմնական զանգվածը վերաբերում է որպես կաշառք տրված գումարին, դրա դիմաց նախաքննական մարմնի կողմից որևէ քայլ չձեռնարկելուն, այսինքն, նախկինում տեղի ունեցած անօրինական, ոչ իրավաչափ գործողություններին։
Ինչ վերաբերվում է բարձրացված այն հարցին, որ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները պետք է անթույլատրելի ճանաչվեն, քանի որ դրա վերաբերյալ հարուցված միջնոդության մեջ մատնանշված չեն դրանց կատարման ժամանակը, տեղը և այլն, ապա դատարանը համակարծիք չէ այդ պնդումների հետ, քանի որ հիշյալ հանգամանքների բացակայությունն այն աստիճան էական չէ, որպեսզի դրանցով ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունը դրվի կասկածի տակ, հաշվի առնելով, որ տվյալ գործողություններն իրականացվել են բացառապես դատարանի որոշմամբ, իսկ գործողություններն իրականացնելուց առաջ հնարավոր չէ հստակ կանխատեսել դրանց հետագա զարգացման ընթացքը, ելնելով նաև այն բանից որ այդպիսի գործողությունները ենթադրում են դինամիկ զարգացում՝ ժամանակի և տարածության մեջ, ինչը կանխորոշելն ուղղակի անհանար է։ Հիշյալ հանգամանքը հաստատվում է գործում առկա տեսագրություններով, համաձայն որոնց՝ դրանց մի որոշակի մասն իրականացվել են թե Գ.Գալոյանի գրասենյակից և թե Մ.Զադոյանի աշխատասենյակից դուրս, սակայն դրանք վեաբերելի և թույլատրելի ապացույցներ են գործով օբյեկտիվ որոշում կայացնելու տեսանկյունից։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով։
Օրինականության սկզբունքը ամրագրված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի՝ «… 1. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը…»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասում իմպերատիվ է այն պահանջը, ըստ որի՝ քրեական դատավարությունում թույլատրվում է օգտագործել միայն այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ։
Հետևաբար, դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 104-րդ հոդվածի 3-րդ մասի, պահանջների խախտմամբ ձեռք բերված նյութը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով չի կարող գնահատվել որպես անթույլատրելի ապացույց, քանի որ վիճարկվող ապացույցը ձեռք չի բերվել օրենքի խախտմամբ, հետևապես, դրանից հետո կատարված բոլոր դատավարական գործողությունները և ստացված արդյունքները, կարող են գնահատվել որպես թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցներ։
Վերոգրյալով հիմնավորվում է, որ չի խախտվել տվյալ տեսակի ապացույց ձեռք բերելու ինչպես օրենսդրական պահանջը, այնպես էլ դատավարական կարգը, ուստի, վերը նկարագրված պայմաններում և քննարկման առարկա դարձնելով նաև ամբաստանյալի պաշտպանի կողմից դատարանին ներկայացված միջնորդությունը՝հիշյալ ապացույցի օգտագործման անթույլատրելիությունը հաստատալու մասին՝ դատարանն արձանագրում է, որ պաշտպանի կողմից ներկայացված փաստերն անհիմն են, իսկ միջնորդությունը չի բխում օրենսդրական պահանջներից։
Սույն գործով դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է` արդյոք բավարար են ապացույցները, հաստատված համարելու, որ գործով մյուս ամբաստանյալ Միքայել Արթուրի Զադոյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը։
Քրեական գործի նախաքննության առաջին իսկ պահից ամբաստանյալ Զադոյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել և հերքել է իր` այս կամ այն կերպ առնչությունն իրեն մեղսագրված արարքին։ Ավելին, Մ.Զադոյանի պաշտպանները փորձել են դատարանին համոզել, որ ամբաստանյալին վերագրված արարքը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, մինչդեռ, դատարանի համոզմամբ, գործով ձեռք բերված ապացույցները վկայում են հակառակի մասին։
Փաստ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Սոս Բաբկենի Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ գործի նախաքննությունն իրականացվել է քննիչ Զադոյանի կողմից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործը դատարանում քննվել է ամբաստանյալներ Բ.Գասպարյանի, Մ.Զադոյանին և Գալոյանի վերաբերյալ և նրանց առաջադրված մեղադրանքների սահմաններում, դատարանը սույն գործով կայացվող դատական ակտով, չի անդրադառնում Սոս Գասպարյանին մեղսագրված արարքի քրեաիրավական բնութագրին ու այդ գործով ձեռք բերված ապացույցներին և հարկ է համարում վերլուծել միայն այն փաստերը, որոնց վերաբերյալ մեղադրանք է առաջադրվել ինչպես Բաբկեն Գասպարյանին, այնպես էլ` Միքայել Զադոյանին և Գայանե Գալոյանին։
Այլ խոսքով, դատարանը Սոս Բաբկենի Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի փաստերին կարող է անդրադառնալ այն ծավալով, որքանով դրանք վերաբերելի են սույն քրեական գործին և դրանով անցնող ամբաստանյալներին։
Գործի նյութերից և դատարանում հետազոտված ապացույցներից ակնահայտ է, որ Բաբկեն Գասպարյանը և Միքայել Զադոյանն առաջին անգամ հանդիպել են 2016թ-ի դեկտեմբերի 27-ին, երբ քննիչ Զադոյանը խուզարկություն է կատարել Բ.Գասպարյանի բնակարանում։ Դրանից հետո վերջինս Գասպարյանին է հանձնել հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ծանուցագրեր, որոնցով վերջինիս որդիները պարտավոր էին ներկայանալ քննիչին։ Գործի նյութերով դատարանը հաստատված է համարում նաև այն, որ 2016թ-ի դեկտեմբերի 29-ին Բ.Գասպարյանը գնացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և հանդիպել Մ.Զադոյանին։ Հատկանշականն այն է, որ հիշյալ հանդիպման վերաբերյալ Բ.Գասպարյանը նախաքննության ժամանակ ներկայացրել է որոշակի հանգամանքներ, իսկ արդեն դատարանում` տվել հակասական ցուցմունք։
Մասնավորապես, նախաքննության ընթացքում Գասպարյանը հստակ կերպով, յուրաքանչյուր անգամ հարցաքննվելիս ներկայացրել է այն նույն փաստերը, որոնք վերաբերում են 2016թ-ի դեկտեմբերի 29-ին քննչական բաժնում Մ.Զադոյանին հանդիպելուն, ինչպես նաև՝ նրա խորհրդով Գ.Գալոյանին դիմելուն։ Բ.Գասպարյանը նախաքննության ընթացքում իրականացված հարցաքննությունների ժամանակ պնդել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին այցելել է քննչական բաժին, հանդիպել գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 3000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր որդու՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու, այն է՝ Սոս Գասպարյանին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն և պատիժ սահմանող նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։
Այսպես.
09.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես վկա Բ.Գասպարյանը հարաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ-ի դեկտեմբերի 29-ին որդիների և կնոջ հետ գնացել են քննչական բաժին, ինքը վերցրել էր 3.000 ԱՄՆ դոլար, որպեսզի մտներ քննիչի մոտ և խնդրեր նրան գումարի դիմաց չձերբակալել Սոսին ու փոխել առաջադրված մեղադրանքը։ Մինչ քննիչի մոտ գնալը, իրենք հանդիպել են ծանոթ փաստաբան Կարինեին, նրան պատմել դեպքը, վերջինս ասել է, որ կփորձի օգնել։ Այնուհետև, ինքը միայնակ բարձրացել է քննչական բաժին։ Տեսնելով, որ քննիչ Զադոյանը տեղում չէ, զանգահարել է նրան, վերջինս ասել է, որ պետք է մի փոքր սպասի։ Մոտ 10 րոպե անց եկել է քննիչը, միասին մտել են նրա աշխատասենյակ, զրուցել որդու գործի մասին, ապա, առաջարկել է քննիչ Զադոյանին տալ 3000 ԱՄՆ դոլար, որպեսզի նա վերաորակի որդուն առաջադրված մեղադրանքը և նրան չձերբակալի։ Մ.Զադոյանը չի առարկել իր առաջարկին և ասել է, որ կկանչի տեղակալին և միասին կզրուցեն։ Այնուհետև, դուրս է եկել սենյակից և վերադարձել տեղակալի հետ։ Այդ ժամանակ Մ.Զադոյանն իրեն չի ներկայացրել տեղակալի տվյալները, սակայն հետագայում իմացել է, որ նա հանդիսանում է Բունիաթ Եղիազարյանը։
...Այդ ժամանակ ի պատասխան Զադոյանի հարցին, ինքը նրան ասել է, որ ունեն պայմանավարովածություն փաստաբան Կրաինեի հետ, սակայն Զադոյանն ասել է, որ պետք չէ, որպեսզի Կարինեն մասնակցի այդ գործին, նա կասի, թե ում պետք է վարձեն։ Մասնավորապես, Մ.Զադոյանն ասել է, որ վարձեն փաստաբան Գայանե Գալոյանին, ասելով՝ «մնացածը Գայանեն քեզ ամեն ինչ կասի», հասկացել է, որ գումարային հարցերի շուրջ պետք է պայմանավորվի այդ փաստաբանի հետ։ Այդ ժամանակ Մ.Զադոյանը զանգահարել է Գ.Գալոյանին և ասել՝ «քո մոտ ուղարկում եմ մի տղամարդու, հանդիպի հետը, զրուցի» և իրեն է փոխանցել Գալոյանի հեռախոսահամարը՝ 091-49-81-91 …»։

12.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես կասկածյալ հարաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…Դեկտեմբեր ամսին գնացել է քննիչ Զադոյանի մոտ, առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար այդ հարցի լուծման համար, իսկ քննիչը չի առարկել, ասելով, որ պետք է կանչի պետի տեղակալին։ Պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանն իր հետ զրույցի ժամանակ ասել է, որ Սոսին կօգնեն օրենքի շրջանակներում։ Դրանից հետո քննիչ Զադոյանն իրեն ասել է, որպեսզի դիմի փաստաբան Գայանե Գալոյանին և իրեն է տվել նրա հեռախոսահամարը…»։
19.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես մեղադրյալ հարաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…Գործը քննող քննիչին ինքն առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար, որպեսզի նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով և նրան չձերբակալեին։ Քննիչ Զադոյանը համաձայնվել է իր առաջարկին, քանի որ ասել է՝ «…գնամ պետի տեղակալին կանչեմ, խոսենք»։ Պետի տեղակալն ասել է, որ Սոսին կօգնեն օրենքի շրջանակներում, ապա քննիչն իրեն ասել, որպեսզի դիմեն փաստաբան Գայանե Գալոյանին, ինչն ինքն արել է…»։
16.11.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես մեղադրյալ հարաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«2016թ-ի դեկտեմբերի 29-ին որդու վերաբերյալ Էրեբունու քննչական բաժնում քննվող քրեական գործով քննիչ Մ.Զադոյանին առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար կաշառք, որպեսզի նա որդուն չձերբակալի և նրան առաջադրված մեղադրանքը վերաորակի ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Քննիչը համաձայնվել է իր առաջարկի հետ և աշխատասենյակ է կանչել պետի տեղակալ Բ.Եղիազարյանին, ով խոստացել է օգնել այդ հարցում։ Քննիչի ասելով հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, ում միջոցով 3.000 ԱՄՆ դոլար է փոխանցել քնիչին և պետի տեղակալին…»։
29.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ կասկածյալ Միքայել Զադոյանի հետ առերես հարաքննվելիս ցուցմունք է տվել և պնդել իր կողմից նախկինում ասածն այն մասին, որ՝
«…Դեկտեմբերի մսի 29-ին տղաների հետ գնացել է քննչական բաժին, հանդիպել Զադոյանին, խնդրել է օգնել իրենց և շեշտել, որը մոտը կա 3.000 ԱՄՆ դոլար։ Զադոյանն ասել է, որ պետք է կանչի պետի տեղակալին և զրուցեն նրա հետ։ Պետի տեղակալը եկել է և ասել, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Այնուհետև, Զադայոնն ասել է, որ Սոսի պաշտպանը կլինի փաստաբան Գայանե Գալոյանը և փոխանցել է նրա հեռախոսահամարը։ Այդ զրույցից հետո Զադոյանն իրեն ասել է, որ մնացած բոլորը հարցերի Գայանեի հետ լուծի, նա կասի, թե ինքն ինչ պետք է անի։
Հավաստիացրել է, որ Գ.Գալոյանի մասին իրեն հայտնել է քննիչ Զադոյանը, քանի որ մինչ այդ, ինքը նրան ասել էր, որ Սոսի պաշտպանը լինելու է փաստաբան Կարինեն, իսկ Զադոյանն ասել է, որ որպես պաշտպան պետք է լինի Գայանե Գալոյանը։ Ինքն անձամբ է առաջարկել Զադոյանին գումար տալ…»։
13.10.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ մեղադրյալ Գ.Գալոյանի հետ առերես հարաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…Զադոյանի կողմից տրված ծանուցագրերի հիման վրա դեկտեմբերի 29-ին որդիների հետ գնացել է Էրեբունու քննչական բաժին։ Հանդիպել է քննիչ Զադոյանին, խնդրել է որդուն օգնել և շեշտել, որ իր մոտ 3.000 ԱՄՆ դոլար կա։ Այնուհետև, Զադոյանը կանչել է պետի տեղակալին, ով իրեն ասել է, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Այդ ժամանակ նրան խնդրել է որդուն չձերբակալել և առաջադրված մեղադրանքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Այդ պահին Զադոյանը զանգահարել է Գ.Գալոյանին և ասել, որ նրա մոտ մի տղամարդ է ուղարկում, ապա իրեն ասել է, որ Գալոյանն է լինելու որդու պաշտպանը, նա կասին, թե ինչ պետք է անել։ Դրանից հետո իրեն է փոխանցել Գալոյանի հեռախոսահամարը…»։

18.10.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ վկա Բ.Եղիազարյանի հետ առերես հարաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ-ի հունվարի 29-ին որդու դեպքի առիթով գնացել է Էրեբունու քննչական բաժին` քննիչ Զադոյանի մոտ։ Զադոյանին խնդրել է օգնել իրեն, որդուն չձերբակալել և նրան ավելի մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրել, քանի որ նա պաշտպանվելու ժամանակ է դանակով հարվածել Ս.Կուդրյաշովին, հետևաբար խնդրել է նրա արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Զադոյանը, լսլով այդ ամենը, ասել է` «գնամ պետի տեղակալին ասեմ ու գամ»։ Երբ եկել է պետի տեղակալը, Զադոյանն իրեն ներկայացրել է որպես Սոսի հայր, ով ցանկանում է, որպեսզի օգնեն որդուն։ Դրանից հետո պետի տեղակալ Եղիազարյանն ասել է, որ օրենքի սահմաններում կօգնեն, և նա ու Զադոյանը դուրս են եկել աշխատասենյակից։ Երբ Զադոյանը վերադարձել է, իրեն առաջարկել է, որ իրենց փաստաբանը լինի Գայանե Գալոյանը, ապա իրեն է տվել վերջինիս հեռախոսահամարը։ Զադոյանը զանգահարել է Գալոյանին, ասել, որ նա մոտ է ուղարկում մի տղամարդու…»։

Դատարանն արձանագրում է, որ Բաբկեն Գասպարյանի՝ դատական քննության ընթացքում հրապարակված նախաքննական ցուցմունքներով հավաստվում է, որ նա`

- Մ.Զադոյանին առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար կաշառք,

- վերջինս թեև դրա վերաբերյալ հստակ պատասխան չի տվել, սակայն չի հրաժարվել նաև կաշառքն ընդունելու առաջարկից,

- Բ.Գասպարյանին խորհուրդ է տվել դիմել փաստաբան Գ.Գալոյանին։

Մինչդեռ, Բ.Գասպայանը դատարանում հայտնել է լիովին այլ տեղեկություններ. մասնավորապես`

«...Դեկտեմբերի 29-ին կնոջ և տղաների հետ գնացել է իր ընկերոջ կնոջ` փաստաբան Կարինեի, մոտ` դեպքի հետ կապված զրուցելու նպատակով, սակայն, քանի որ վերջինս աշխատավայրում չի գտնվել, ինքը միայնակ բարձրաձել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Բաժնում Զադոյանի հետ զրույցի ժամանակ կրկին ասել է, որ Սոսի արարքը սխալ է որակված, այն չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածին, նրա արարքում առկա է ինքնապաշտպանության տարրեր, ուստի դիմել է նրան առաջադրված մեղադրանքը փոխելու խնդրանքով։ Այդ ժամանակ աշխատասենյակ է մտել մի երիտասարդ, ում Զադոյանը ներկայացրել է որպես պետի տեղակալ, և նրան ասել, որ ինքը Սոսի հայրն է, օգնություն է խնդրում։ Պետի տեղակալ Բ.Եղիազարյանն ասել է, որ օրենքի սահմաններում կօգնեն։ Մ.Զադոյանի հետ զրույցի ժամանակ վերջինս հարցրել է, որ թե ով պետք է պաշտպանի Սոսի շահերը, պատասխանել է, որ փաստաբան Կարինե Շախմուրադյանը, սակայն Մ.Զադոյանն ասել է, որ Կարինեն քաղաքացիական գործերով է զբաղվում և խորհուրդ է տվել դիմել քրեական գործերով փաստաբան Գայանե Գալոյանին։ Մ.Զադոյանն իրեն է տվել Գ.Գալոյանի հեռախոսահամարը, քննիչի խորհրդով ինքը զանգահարել է նրան և հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել...»։

Հատկանշականն այն է, որ նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո չհերքելով գումարի վերաբերյալ տեղի ունեցած խոսակցության փաստը, ամբաստանյալ Գասպարյանը հայտնել է, որ չի բացառում, որ Զադոյանի մոտ «մրմնջացած» լինի գումարի մասին, սակայն նա որևէ արձագանք չի տվել։ Աշխատասենյակում գտնվելու ժամանակ, երբ Զադոյանը գնացել է դեպի դուռը, սենյակ է մտել պետի տեղակալ Բ.Եղիազայանը, Զադոյանն իրեն ներկայացրել է որպես Սոսի հայր, ով օգնություն է խնդրում, իսկ Եղիազարյանն ասել է, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։
Փաստորեն, դատարանում ամբաստանյալ Գասպարյանի հարցաքննության ժամանակ ստեղծվել է մի իրավիճակ, երբ վերջինս չի պնդել Զադոյանի հետ գումարային հարցերի շուրջ ուենցած զրույցի մասին իր կողմից նախկինում հայտնածը, մինչդեռ, վերջինիս հրապարակված նախաքննական ցուցմունքները վկայում են լիովին այլ հանգամանքների մասին։ Տվյալ պարագայում, դատարանը գնահատելով ամբաստանյալ Բ.Գասպարյանի դատաքննական և նախաքննական ցուցունքները, գալիս է այն եզրահանգման, որ վերջինս այս առումով դատարանում տվել է կցկտուր, որոշակի առումով նաև խուսափողական ցուցմունք, մինչդեռ, նախաքննության ընթացքում տարբեր դատավարական կարգավիճակով հարցաքննելիս հստակ, մանրամասն՝ այդ թվում նաև Միքայել Զադոյանին առերես նկարագրել է դեպքը և պնդել, որ Մ.Զադոյանին գումարի առաջարկ իրականում արել է, որից հետո, վերջինս իրեն ուղարկել է Գ.Գալոյանի մոտ։
Հետևաբար, վերը շարադրված ապացույցների ամբողջության և դրանց ընդհանուր գնահատման արդյունքում դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Բ.Գասպարյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներն առավել արժանահավատ են և այդ ցուցմունքներ՝ զուգորդված վերը նշված ապացույցների ամբողջությամբ, հանդիսանում են այն փաստական տվյալների զանգվածը, որոնցով և հաստատվում է Մ.Զադոյանին առաջադրված մեղադրանքը։

Ինչ վերաբերում է Բունիաթ Եղիազարյանի կողմից դրսևորած ենթադրյալ գործողություններին, ապա, դատարանը փաստում է, որ նրան սույն գործով մեղադրանք առաջադրված չէ, հետևաբար, նրա վերաբերյալ դատողություններն անելն այս գործի շրջանակներում անթույլատրելի է՝ վերջինիս անմեղության կանխավարկածի իրավունքը պահպանելու նկատառումներից ելնելով։ Ավելին, դատարանը նշված անձի ենթադրյալ կատարած արարքին չի անդրադառնում նաև ելնելով այն փաստից, որ Մ.Զադոյանին առաջադրված մեղադրանքի փաստական կողմում ներառված չէ այլ անձի՝ տվյալ դեպքում Բ.Եղիազարյանի, հետ նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու կամ ստանալու ենթադրյալ փաստական հանգամանքը։
Բացի վերոգրյալից, Միքայել Զադոյանի կողմից կաշառք ստանալու փաստը դատարանը հաստատված է համարում նաև ներքոհիշյալ ապացույցների առկայությամբ։
Գործի քննությամբ հիմնավորվեց, որ այն բանից հետ, երբ Գայանե Գալոյանը առաջին անգամ իր մոտ եկած Բաբկեն Գասպարյանից և նրա որդիներից տեղեկանալով Սոս Գասպարյանի հետ տեղի ունեցածի մասին, գնացել է քննչական բաժին և վերադարձել, վերջիններիս ասել է, որ Սոսին այս պահին չձերբակալելու, ինչպես նաև հետագայում նրա արարքը առավել մեղմ հոդվածով վերաորակելու համար պահանջում են 3000 ԱՄՆ դոլար գումար։ Ընդ որում, ինչպես այդ օրը, այնպես էլ հետագա խոսակցություններում, Գ.Գալոյանը իրեն դիմած Գասպարյաններին, նկարագրելով քննչական մարմնի հետագա քայլերը, ասել է, որ պատրաստ լինեն, քանի որ, այնուամենայնիվ Սոսը ձերբակալվելու է, այնուհետև ազատ է արձակվելու, իսկ ավելի ուշ՝ իր միջնորդության հիման վրա կլինի նաև արարքի վերավորակումը։
Հետագայում արդեն, իրադարձությունների զարգացումը՝ բացառությամբ արարքի վերավորակման, ճիշտ եղել է այնպես, ինչպես նախապես նկարագրել էր Գ.Գալոյանը. դեկտեմբերի 29-ին՝ ըստ պայմանավորվածության, Սոս Գասպարյանը մտացածին՝ այն է ոտքը վնասված լինելու պատճառաբանությամբ չի ներկայացել նախաքննական մարմին, չի ձերբակալվել, իսկ հետագայում տեղի է ունեցել այն ամենը ինչ նույնությամբ նկարագրել էր Գայանե Գալոյանը։ Այստեղ հարկ է նաև հիշատակել սույն գործից անջատված մասով այդ պահին ամբաստանյալ հանդիսացող Բունիաթ Եղիազարյանի կողմից դատարանում տրված ցուցմունքի այն հատվածը, համաձայն որի` վերջինս հայտնել է, որ Սոս Գասպարյանին չեն ձերբակալել, իսկ հետագայում նրա նկատմամբ գործողություններն իրականացրել են հիշյալ հերթականությամբ և ժամկետներում, ելնելով գործի քննության տակտիկայից։ Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ որևէ մեկի, այդ թվում նաև Բաբկեն Գասպարյանի կամ Գայանե Գալոյանի հետ որևէ պայմանավորվածություն չունենալու պայմաններում, հազիվ թե դատավարական հակադիր՝ պաշտպանական կողմը այդ կերպ տեղեկացված և համոզված լիներ, թե ինչպիսի դատավարական ժամկետներում և ինչ գործողություններ պետք է ձեռնարկի մեղադրանքի կողմը՝ նախաքննության մարմինը։ Այլ խոսքով, նախաքննական մարմնի՝ տվյալ դեպքում քննիչ Զադոյանի և պաշտպանության կողմի՝ Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի միջև ակնհայտ է, որ եղել է որոշակի պայմանավորվածություն՝ վերը շարադրված գործողություններն իրականացնելու ուղղությամբ և պատահական չէ, որ Բ.Գասպարյանը, տեսնելով, որ քննիչն իրականացնում է իրենց խոստացածը նախաքննության սկզբնական փուլում որևէ դժգոհություն չի հայտնել և սկսկել է անհանգստություն հայտնել միայն այն բանից հետո, երբ որդին կրկին կալանավորվել է, իսկ նրան առաջադրված մեղադրանքն այդպես էլ չի փոփոխվել։
Միքայել Զադոյանի կողմից Գայանե Գալոյանի միջոցով կաշառքը ստանալու մասին է վկայում նաև այն փաստը, որ այն բանից հետո, երբ առանց Սոս Գասպարյանին առաջադրված մեղադրանքը առավել մեղմով փոփոխելու գործն ուղարկվել է դատարան, վերջինիս հայրը շարունակ իր անհանգստությունն է հայտնել, թե Գայանե Գալոյանին, թե Միքայել Զադոյանին, երբեմն նաև հանդիմանելով վերջիններիս իրեն այդ դրության մեջ դնելու, իսկ խոստացածն այդպես էլ չկատարելու մեջ։ Եթե մի պահ ընդունենք, որ ինչպես Զադոյանն ինքն է նշում, նախաքննության ժամանակ Բ.Գասպարյանին հուսադրել են, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ նա սրտի վիրահատություն տարած և տարեց մարդ է եղել, ապա հակառակի՝ որոշակի պարտավորվածության մասին է վկայում այն փաստը, որ գործն արդեն դատարան ուղարկվելուց հետո, Բ.Գասպարյանն իր մոտ առաջացած բազմաթիվ հարցերի պատասխանը փորձել է փնտրել ոչ թե դատարանում, այլ դարձյալ շարունակել է անհանգստացնել Գ.Գալոյանին և Մ.Զադոյանին։ Այլ կերպ, եթե վերջիններս որևէ հարցի շուրջ պայմանավորվածություն կամ գումարային որևէ խնդիր չեն ունեցել Բ.Գասպարյանի հետ, ինչու էին շարունակաբար՝ ամիսներով լսում նրա գանգատներն ու մտահոգությունը, իսկ Զադոյանի դեպքում նաև՝ հանձն առնում ևս մեկ անգամ զրուցել Գալոյանի հետ իրավիճակը հասկանալու և ինչ-որ լուծում տալու համար։
Նույն փաստի մասին է վկայում նաև գործով վկաներ Սոս և Հովհաննես Գասպարյանների դատաքննական ցուցմունքները, որտեղ վերջիններս հայտնել են հետևյալը։ Սոս Գասպարյանը դատարանում պնդեց, որ իր և տուժողներից մեկի առերեսման ժամանակ քննիչն իրեն հուսադրել է, ասելով, որ՝ «...քեզ խելոք պահի, սաղ լավա լինելու»։ Նմանատիպ հուսադրող արտահայտություններ քննիչն արել է նաև իր մոտ ՔԿՀ գալու ժամանակ։ Իր հերթին Հովհաննես Գասպարյանը դատարանում հայտնել է, որ մեկ անգամ, երբ գտնվել է Միքայել Զադոյանի մոտ, նա անձամբ է իրեն ասել է, որ՝ «... մի անհանգստացիր, հոդվածն անպայման կփոխվի...»։
Հիշյալ փաստի մասին է վկայում նաև ամբաստանյալներ Գայանե Գալոյանի կողմից օգտագործվող 091-49-81-91 բջջային հեռախոսահամարով և Բաբկեն Գասպարյանի կողմից օգտագործվող 091-77-85-74 բջջային հեռախոսահամարով կատարված մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների և այդ հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաք կայանների տեղակայման հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող լազերային սկավառակը զննման ենթարկելու մասին արձանագրությունը և արձանագրությանը կցված հավելվածները։ Համաձայն դրանց՝ Գայանե Գալոյանի կողմից օգտագործվող 091-49-81-91 բջջային հեռախոսահամարից Միքայել Զադոյանի կողմից օգտագործվող բջջային 093-00-35-85 բջջային հեռախոսահամարին քննությանը հետաքրքրող ժամանակահատվածում կատարվել են ընդհանուր առմամբ 112 մուտքային և ելքային հեռախոսազանգեր, որոնցից առաջին հեռախոսազանգը կատարվել է 2016թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 10.18-ին Միքայել Զադոյանի կողմից նրա 093-00-35-85 Գայանե Գալոյանին և տեղի է ունեցել հեռախոսազրույց 31 վայրկյան տևողությամբ։ Պարզվել է նաև, որ Միքայել Զադոյանի կողմից Գայանե Գալոյանին նշված օրը կատարվել է ևս 3 ելքային հեռախոսազանգ՝ ժամը 10.31-ին, 12.55-ին և 13.53-ին և տեղի են ունեցել համապատասխանաբար 8, 6 և 4 վայրկյան տևողությամբ հեռախոսազանգեր։ Նույն օրը Գայանե Գալոյանի կողմից Միքայել Զադոյանին կատարվել է ևս 2 ելքային հեռախոսազանգ՝ ժամը 10.33-ին և 13.48-ին և դարձյալ տեղի են ունեցել համապատասխանաբար 94 և 3 վայրկյան տևողությամբ հեռախոսազրույցներ։
Զննմամբ պարզվել է նաև, որ դեկտեմբերի 20-ից մինչև 29-ն Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի միջև որևէ հեռախոսազանգ առկա չէ հիշյալ հեռախոսահամարներով։ Ասվածը հերքում է Զադոյանի կողմից հայտնած այն տեղեկությունը, թե Գ.Գալոյանը, որպես փաստաբան, մասնակցել է նաև իր մոտ քննվող այլ քրեական գործերով, հետևաբար, կարող է ին այդ զանգերը վերաբերել նաև այլ գործերին։
Պարզվել է նաև, որ Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի միջև առկա են ընդհանուր առմամբ 55 ելքային և մուտքային հեռախոսազանգեր, որոնցից առաջինը կատարվել է 2016թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 12.32-ին, Բաբկեն Գասպարյանը զանգահարել է Գայանե Գալոյանի բջջային 091-49-81-91 բջջային հեռախոսահամարին և նրանց մեջ տեղի է ունեցել 61 վայրկյան տևողությամբ հեռախոսազրույց, նույն օրը ժամը 13.19-ին և 13.27-ին կատարվել են ևս մեկական մուտքային և ելքային հեռախոսազանգեր համապատասխանաբար 8 և 17 վայրկյան տևողությամբ, իսկ վերջին զանգը նրանց մեջ կատարվել է 2017թ.հունիսի 1-ին, ժամը 17.26-ին՝ 14 վայրկյան տևողությամբ։
Վերծանումների զննմամբ պարզվել է նաև, որ Բաբկեն Գասպարյանի կողմից օգտագործվող 091-77-85-74 բջջային հեռախոսահամարից Միքայել Զադոյանի կողմից օգտագործվող 093-00-35-85 բջջային հեռախոսահամարին վերը նշված ժամանակահատվածում կատարվել են ընդհանուր առմամբ 5 ելքային և մուտքային հեռախոսազանգեր, որոնցից առաջինը կատարվել է 2016թ. դեկտեմբերի 29-ին ժամը 09.43-ին և տեղի ունեցել խոսակցություն 31 վայրկյան տևողությամբ, որից հետո նույն օրը ժամը 10.11-ին տեղի ունեցել ևս մեկ հեռախոսային խոսակցություն 9 վայրկյան տևողությամբ։
Այսպիսով վերծանումների զննմամբ հիմնավորվել է Բաբկեն Գասպարյանի հայտնած այն հանգամանքը, որ երբ ինքը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին գնացել է քննիչ Միքայել Զադոյանի մոտ, վերջինս իրեն առաջարկել է, որպես իր որդու շահերի պաշտպան Գայանե Գալոյանին, Միքայել Զադոյանն իր ներկայությամբ զանգահարել է Գայանե Գալոյանին, որից հետո նոր միայն իրեն տվել է Գայանե Գալոյանի հեռախոսահամարը և ինքը նույնպես զանգահարել է նրան նույն օրը։
Ավելին, ասվածի մասին անառարկելիորեն վկայում է նաև քրեական գործում առկա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ իրականացված՝ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարհանմամբ ու գաղտնաձայնագրմամբ ստացված՝ ամբաստանյալներ Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները պարունակող լազերային սկավառակներում առկա տեղեկատվությունն առ այն, որ՝ փողոցում պատահականորեն հանդիպելով քննիչ Զադոյանին, Բ.Գասպարյանը դարձյալ սրտնեղում է, որդու հետ տեղի ունեցածից և ընդհանրապես կատարվածից և ասում Մ.Զադոյանին՝ «...Ես ախր բացարձակ չեմ զգում էդ ինչի սենց եղավ...Հետո էլ /Գայանեն/ ասում ա էն որ պետքա վերավորակեր քննչականը, բան, դու գնացել հարյուր մարդ ես խառնել։ ...Զադոյան ջան, ոնց ասիր...գնացի՞ դրան, ամեն ինչ նորմալ էր ախր, ինչի սենց եղավ...»։ /ձայնագրառման 55-56 րոպեներ/։
Դրանից հետո, նույն օրը գտնվելով արդեն քննիչի աշխատասենյակում Բաբկեն Գասպարյանը Միքայել Զադոյանի հետ ունենում է հետևյալ խոսակցությունը. «...Դե ասում եմ Գայ ջան, ոնց ասիր...ոնց ասել ես, մի սխալ թույլ ե՞մ տվել... Իրան շեշտեցի էլի, որ ասիր 3000 ընդե են ուզում.... տվեցի՞ Գայ ջան, հետո ասեցիր, որ 4000 էլ պիտի պատրաստես, ասի հա չունեմ, բաըց կպատրաստեմ։ ....Բա հիմա ցավս էնա, որ, Զադոյան ջան, որ ինձ ասում ա...բանա էդ 3000-ը տվիր, որ....էրեխուդ...»։ Դրան անմիջապես արձագանքում է Միքայել Զադոյանը, ընդհատում Բաբկեն Գասպարյանին, հայտնելով հետևյալ միտքը «...միի բան արա...» և ձեռքով կատարում համապատասխան նշան՝ այդտեղ, այդ պայմաններում և այդ թեմայով Գասպարյանի խոսակցությունը կանխելու նպատակով։ Բ.Գասպարյանը չի ավարտում միտքը, սակայն շարունակելով զրույցը ասում է Զադոյանին՝ «...Հաա...փող չասե՞մ,... լավ»։ Դրանից հետո Մ.Զադոյանն ասում է՝ «...Բան մի արա, ես Գայանին կկանչեմ մի հատ, կխոսամ, տենամ ինքն ինչ ա ասում, էսօր դատախազին էլ են փոխել, սաղին փոխել են, համբերի մի հատ տենանք ինչ ա լինում, Գայանին կանչեմ մի հատ խոսանք, հասկանանք ինչ ա ասում...» /ձայնագրառման 01։35-01։38 րոպեներ/։
Դատարանն արձանագրում է նաև, որ փողոցում իրեն հանդիպելու ժամանակ տեղի ունեցած խոսակցության առումով ևս ամբաստանյալ Զադոյանը դատարանում որևէ տրամաբանական պատճառ չկարողացավ ներկայացնել, թե ի վերջո ինչու էր Բաբկեն Գասպարյանն իր մտահոգություններն արտահայտելու նպատակով մշտապես դիմում, թե՛ իրեն, թե՛ Գ.Գալոյանին, այն պայմաններում, երբ գործն արդեն վաղուց գտնվում էր դատական քննության փուլում, այսինքն իր լիազորություններից դուրս։

Թեև գործի դատական քննության ընթացքում ամբաստանյալ Մ.Զադոյանը պատճառաբանել է, որ ներքին դիտման ժամանակ իր ձեռքի շարժումը ոչ այլ ինչ է, քան պարզապես ժեստիկուլիացիա, սակայն դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերջինիս այդ հայտարարությունը մտացածին է, չփաստարկված, քանի որ գործով ձեռք բերված և սույն դատավճռում վերլուծված ապացույցներն առավել քան ծանրակշիռ են նրա կողմից Գ.Գալոյանի միջոցով կաշառաք ստանալու փաստը հաստատված համարելու տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, դատարանը համամիտ չէ պաշտպանական կողմի պնդումների հետ, առ այն, որ Մ.Զադոյանի կողմից կաշառքի գումար վերցնելը հերքող փաստ է այն, որ նա Ս.Գասպարյանի վերաբերյալ գործով իրականացրել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որևէ կերպ նրան օգտակար չի եղել։ Ասվածի մասին, ըստ պաշտպանական կողմի, վկայում է այն, որ Զադոյանը, ի թիվս այլնի, վերաքննության կարգով բողոք ներկայացնելու համար միջնորդել է դատախազին՝ առաջին ատյանի դատարանի՝ Ս.Գասպարյանին գրավով ազատ արձակելու մասին որոշման բողոքարկման հարցը քննարկելու համար։

Նշված համատեքստում, դատարանն ընդգծում է, որ կաշառք ստանալու հանցակազմը քրեական իրավունքում ձևական է և այն, տվյալ դեպքում, ավարտված է համարվում՝ կաշառքի գումարը ստանալու պահից` անկախ տվյալ պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին պայմանավորված գործողությունները հետագայում կատարելու կամ չկատարելու հանգամանքից։

Հետևաբար, կաշառքը ստանալը՝ անկախ պաշտոնատար անձի կողմից հետագայում դրսևորած վարքագծի, համարվում է արդեն իսկ ավարտված հանցագործություն, որի պայմաններում որոշակի վարքագիծ /օբյեկտիվ քննության իրականացում/ դրսևորելն անհերքելիորեն չի կարող վկայել հակառակի` տվյալ դեպքում հանցակազմի կամ ապացույցների բացակայության մասին։ Ավելին, անհրաժեշտ է ընդգծել գործով ձեռք բերված այն ապացույցը, համաձայն որի, ըստ պայմանավորվածության՝ Բ.Գասպարյանը գումարը քննչական մարմնին ի սկզբանե տվել է նաև որդուն այդ օրը չձերբակալելու, նրան Ամանորյա տոներից հետո վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու և դրանից հետո միայն ձերբակալելու ու հետագա վերաորակման գործողություններն իրականացնելու պայմանավորվածության համար։ Այլ խոսքով, քննիչը, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, իր խոստման մի մասն իրականացրել է։

Այսպիսով, դատարանը, պատասխանելով դատավճռով բարձրացված երկրորդ հարցին, փաստում է, որ ամբաստանյալ Զադոյանին առաջադրված մեղադրանքը՝ կաշառք ստանալու առումով, հիմնավոր է, վերջինս կատարել է իրեն մեղսագրված հանցավոր արարքը, որի մասին են վկայում գործով ձեռք բերված, վերը շարադրված ապացույցները։
Հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումը դատարանն արձանագրում է, որ գործով ձեռք բերված ապացույցները՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշներով միանգամայն վկայում են ամբաստանյալին մեղսագրված արարքը վերջինիս կողմից կատարած լինելու մասին, դրա վերաբերյալ առկա է վերաբերելի և թույլատրելի ապացույցների բավարար ամբողջություն։
Այսպիսով, քննվող քրեական գործով դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ապացուցված և հաստատված է համարում այն, որ Միքայել Արթուրի Զադոյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի միջնորդությամբ և նրա միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Այսպես.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվել է թիվ 12808616 քրեական գործը, որով Սոս Բաբկենի Գասպարյանին վերագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում։ Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանի հայրը Բաբկեն Գասպարյանն այցելել է քննչական բաժին, հանդիպել տվյալ գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 1450950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով 3000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր ներկայացրած անձի՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու, այն է՝ Սոս Գասպարյանին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն և պատիժ սահմանող նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։
Քննիչ Միքայել Զադոյանը Բաբկեն Գասպարյանին ուղղորդել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ՝ խորհուրդ տալով դիմել նրան, քանի որ Բաբկեն Գասպարյանի կողմից մատնանշած փաստաբան Կարինե Շախմուրադյանը հիմնականում զբաղվելիս է եղել քաղաքացիական գործերով։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը նույնը օրը հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, նրան հայտնել իր որդու հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից անմիջապես հետո Գայանե Գալոյանը, գնալով քննչական բաժին, լրացուցիչ պարզաբանումներ է կատարել ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ և կաշառք ստանալու շուրջ կողմերի՝ Միքայել Զադոյանի և Բաբկեն Գասպարյանի միջև համաձայնություն ձեռք բերելու՝ այն է կաշառքի միջնորդություն իրականացնելու դիտավորությամբ հանդիպել է Բաբկեն Գասպարյանի հետ։ Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանին կրկին հավաստիացրել է գումարի դիմաց նրա որդու օգտին գործողություններ կատարելու հիշյալ պաշտոնատար անձի վճռականության մասին, ապա հանդիսանալով որպես կաշառքի միջնորդ, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչ Միքայել Զադոյանին է փոխանցել 1450950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափի 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը։
Այլ խոսքով, դատարանը, փաստում է, որ Միքայել Արթուրի Զադոյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ուստի, գտնում է, որ կատարած հանցավոր արարքի համար վերջինս ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի։
Արձանագրելով, որ ապացուցված է Բաբկեն Գասպարյանի կողմից Միքայել Զադոյանին՝ Գայանե Գալոյանի միջոցով կաշառք տալու փաստը, դատարանը ցանկանում է անդրադառնալ նաև այն հարցին, թե նման պայամաններում, դեպքերի՝ նկարագրված զարգացման և հաջորդականության դեպքում, արդյոք վարույթն իրականացնող նախաքննական մարմինը ճիշտ քրեաիրավական գնահատական է տվել ամբաստանյալ Գայանե Հայկազունու Գալոյանի կատարած հանցավոր արարքին։
Ինչպես նշվեց վերևում, ըստ ամբաստանյալ Գ.Գալոյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպման՝ «...Գայանե Հայկազունու Գալոյանը մեղադրվում է այն բանում, որ նա օժանդակել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող թիվ 12808616 քրեական գործով Սոս Բաբկենի Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին...Այսինքն, կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով»։
Այսպես.
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝
«1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
3. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) շորթմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) խոշոր չափերով`
4) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով,
3) դատավորի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
Դատարանը, նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ կաշառք ստանալու հանցակազմի քրեաիրավական բնութագրին, քանի որ հիշյալ հանցակազմի բոլոր տարրերի առկայության կամ բացակայության պայմաններում միայն հնարավոր կլինի ճիշտ քրեաիրավական գնահատական տալ ամբաստանյալ Գալոյանի կատարած արարքին։
Հայտնի է, որ տվյալ հանցագործության անմիջական օբյեկտը պետական ապարատի կոնկրետ օղակի նորմալ գործունեությունն է։ Կաշառք ստանալու էությունն այն է, որ պաշտոնատար անձն այլ անձանցից կամ կազմակերպություններից կաշառք, այսինքն` ապօրինի վարձատրություն է ստանում` իր պաշտոնի հետ կապված գործունեության համար։ Օրենքի համաձայն` կաշառքի առարկա են հանդիսանում դրամը, գույքը, գույքի նկատմամբ իրավունքը, արժեթղթերը կամ որևէ այլ առավերլությունը։ Այլ կերպ, կաշառքի առարկա են համարվում դրամը, այդ թվում` շրջանառության մեջ գտնվող արտարժույթը, արդյունաբերական և այլ տեսակի ապրանքները, թանկարժեք մետաղներն ու քարերը, դրանցից պատրաստված ապրանքները, անշարժ գույքը, ընդհանրապես այն բոլոր նյութական արժեքները, որոնք գին ունեն։ Բացի այդ, կաշառքի առարկա են համարվում արժեթղթերը, այսինքն` համապատասխան ձև, ռեկվիզիտներ ունեցող այն փաստաթղթերը, որոնք գույքային իրավունքներ են հավաստում։
Օբյեկտիվ կողմից քննարկվող հանցագործությունը դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն
ա) ստանալով կամ,
բ) պահանջելով կամ,
գ) ստանալու խոստմամբ կամ,
դ) առաջարկն ընդունելով։
Անդրադառնալով կաշառք ստանալու հանցակազմին` դատարանն արձանագրում է, որ այս հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից կաշառքի առարկան ստանալու ձևով։
Քննարկվող հանցագործությունը ձևական է, այդ պատճառով այն ավարտված է համարվում կաշառքը ստանալու՝ այսինքն կաշառքի առարկան վերցնելու պահից՝ անկախ նրանից, կատարվել են արդյոք կաշառք տվողի օգտին պայմանավորված գործողությունները, թե՝ ոչ։ Այսպիսով, կաշառք ստանալն ավարտված է համարվում կաշառքի առարկան պաշտոնատար անձի կողմից վերցնելու պահից։
Այլ կերպ, վերը շարադրվածը սահմանում է կաշառք ստանալու հանցակազմի հատկանիշներին բնորոշ այն գործողությունը, որից յուրաքանչյուրի առկայությունը կրում է պարտադիր բնույթ և մատնանաշված հանցակազմի տարրերից թեկուզև մեկի բացակայությունը հանգեցնում է նաև կաշառք ստանալու հանցակազմի բացակայության։
Վերը նշված իրավական դատողությունների պայմաններում, ստորև, դատարանը ցանկանում է անդրադառնալ նաև կաշառք ստանալուն օժանդակելու քրեաիրավական մեկնաբանությանը, իսկ դրա համատեքստում նաև՝ ամբաստանյալին մեղսագրված արարքում նրա մեղքի առկայության կամ բացակայության հարցերին։
Այսպես.
ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝
« 1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը։
2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ։
3. Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք։
4. Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու՝ համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով։
5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները»։
Դատարանն արձանագրում է, որ եթե հանցակիցներից երկուսը կամ ավելին անմիջականորեն կատարում են հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունները կամ դրանց մի մասը, ապա հանցակցությունը դրսևորվում է համակատարման ձևով։
Համակատարում չէ հանցագործությանն այնպիսի մասնակցությունը, երբ հանցակիցներից մեկը տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող ոչ մի գործողություն չի կատարել, այլ միայն օժանդակել է հանցագործությանը, այսինքն՝ եղել է օժանդակող ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով։
Այսպիսով, օժանդակողը կատարողից տարբերվում է նրանով, որ նա հանցագործության օբյեկտիվ կողմն անմիջականորեն չի կատարում, այլ կամ հանցագործությունը նախապատրաստելու ընթացքում կամ դրա ավարտման փուլում աջակցություն է ցույց տալիս կատարողին` ստեղծելով հանցագործության ավարտման իրական հնարավորություններ։
ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում սպառիչ թվարկված են այն եղանակները և միջոցները, որոնցով օժանդակողը, չկատարելով տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն, մասնակցում է հանցագործությանը։
Օրենքում չնշված այլ եղանակներով օժանդակությունը բացառվում է։
Մասնավորապես, օժանդակող է այն անձը, ով հանցագործությանն oժանդակել է.
ա) Միջոցներ կամ գործիքներ տրամադրելով (ֆիզիկական օժանդակություն)։ Օժանդակության այս տեսակն արտահայտվում է այնպիսի գործողություններով, որոնք ուղղված են հանցագործության միջոցներ և գործիքներ տրամադրելու, խոչընդոտներ վերացնելու միջոցով կատարողի կողմից հանցակազմի օբյեկտիվ կողմի իրականացումը հեշտացնելուն։
բ) Խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն տրամադրելով (ինտելեկտուալ օժանդակություն)։ Այն արտահայտվում է արարքի հոգեբանական կողմին վերաբերող գործողություններով, որոնք ուղղված են կատարողի մոտ հանցագործության կատարման վճռականությունն ամրապնդելուն, առավել արդյունավետ գործողություններ կատարելու ուղիներ գտնելուն և այլն։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պարտակման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների ձեռք բերման կամ իրացման նախապես խոստումը ոչ թե ֆիզիկական, այլ ինտելեկտուալ օժանդակություն է։ Այլ կերպ` արարքն օժանդակություն որակելու համար այս դեպքերում չի պահանջվում խոստման ռեալ (իրական) կատարում և նույնիսկ այն կատարելու մտադրություն։
գ) Խոչընդոտները վերացնելով (կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ ինտելեկտուալ)։
Սուբյեկտիվ կողմից օժանդակությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ ինքը մասնակցում է կատարողի կողմից իրականացվող հանցագործությանը և ցանկանում է մասնակցել։ Ինչ վերաբերում է հանցագործության վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորվող մեղքի ձևին, ապա դրանց նկատմամբ կարող է դրսևորվել և՛ ուղղակի, և՛անուղղակի դիտավորություն։
Դատարանը, անդրադառնալով Գ.Գալոյանին մեղսագրված քրեական օրենքով արգելված արարքի` կաշառք ստանալուն օժանդակելու բնորոշմանն ու իրավաչափությանը վերաբերվող վերը շարադրված իրավական դիրքորոշումներին և դրանք դիտարկելով սույն քրեական գործի փաստական հանգամանքների տիրույթում, ընդգծում է, որ ստեղծված իրավիճակում Գ.Գալոյանը չի գործել կաշառք ստանալուն օժանդակելու հանցակազմի շրջանակներում, որպիսի եզրահանգմանը գալու վերաբերյալ դատողություններին դատարանը ցանկանում է անդրադառնալ ստորև։
Քրեական գործով ձեռք բերված և սույն դատավճռի՝ ապացույցների հետազոտման և գնահատման բաժնում զետեղված փաստական տվյալների վերլուծության հիման վրա ինչպես դատավարության կողմերը, այնպես էլ դատարանը պետք է գան այն համոզման` եզրահանգման, թե արդյոք ամբաստանյալը կատարել է այն արարքը, որը մեղսագրված է նրան։
Անդրադանալով գործով ձեռք բերված ապացույցների, մասնավորապես՝ ամբաստանյալների, դատարան հրավիրված վկաների դատաքննական և նախաքննական ցուցմունքներին և մյուս ապացույցներին, որոնք իրենց ամբողջությամբ հանդիսանում են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներն ու ապացույցների հիմնական զանգվածը, դատարանն ընդգծում է հետևյալը՝
քրեական գործի հարուցման պահից մինչև գործի դատական քննության ավարտն ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը պնդել և հավաստել է, որ նա 3.000 ԱՄՆ դոլար է տվել փաստաբան Գայանե Գալոյանին նրա գրասենյակում` որդու օգտին որոշակի գործողություններ կատարելու նպատակով։ Ավելին, Բ.Գասպարյանն ինչպես նախաքննության, այնպես էլ` դատաքննության ժամանակ դետալային կերպով նկարագրել է այն ամենը, ինչը կապված է եղել փաստաբան Գ.Գալոյանի հետ. մասավորապես` վերջինս նկարագրել է Գալոյանի հետ հանդիպումը և դրանից բխող հետագա իրադարձությունները։ Բ.Գասպարյանի կողմից նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների համակարգային վերլուծության արդյունքում դատարանը գալիս է այն հիմնավոր եզրահանգման, որ այն ժամանակ, երբ Գասպարյանն առաջին անգամ գնացել է Գալոյանի գրասենյակ և նրան ներկայացրել որդու հետ կատարվածը, Գ.Գալոյանն ասել է`
«…մի հատ գնամ քննչական բաժին, տղաների մոտ, խոսեմ, գամ»։ Այնուհետև, Գայանեն գնացել է քննչական բաժին, մոտ 15 րոպե անց վերադարձել և ասել է՝ «...ես տղաներին տեսա, դառնում եմ Ձեր պաշտպանը, քննիչին միջնորդելու եմ արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգքրի 116-րդ հոդվածով։ Տղաներն այս գործի համար ուզում են 3.000 ԱՄՆ դոլար, իսկ իմ ծառայությունների համար պետք է վճարես 450.000 ՀՀ դրամ»։ Դրանց հետո ամբաստանյալ Գասպարյանը Գ.Գալոյանին է տվել 3.000 ԱՄՆ դոլարը։
Հիշյալ հանգամանքը դատարանում հավաստել են նաև Բաբկեն Գասպարյանի որդիները` Հովհաննես և Սոս Գասպարյաններըը, նշելով`, որ աշխատասենյակում Գ.Գալոյանի հետ զրուցել են մոտ կես ժամ։ Դրանից հետո Գ.Գալոյանը գնացել է քննչական բաժին, մոտ 20 րոպե անց վերադարձել է ու առանց որևէ կոնկրետ անձի անուն նշելու ասել, որ Սոսի արարքը վերաորակելու և նրան չկալանավորելու համար պահանջել են 3.000 ԱՄՆ դոլար գումար։ Բացի այդ, Գ.Գալոյանն ասել է, որ պետք է վճարեն նաև 450.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար։ Հայրը համաձայնվել է և իր ու եղբոր ներկայությամբ Գ.Գալոյանին է տվել 3000 ԱՄՆ դոլար գումարը։
Համակարգային վերլուծության ենթարկելով ամբաստանյալ Բ.Գասպարյանի և նրա որդիների ցուցմունքները, ովքեր անմիջական մասնակիցներ են եղել Գ.Գալոյանի հետ առաջին հանդիպմանը, կարելի է գալ այն եզրահանգման, որ Գ.Գալոյանը նախ`
- Բ.Գասպարյանի և նրա որդիների հետ առաջին անգամ հանդիպելու ժամանակ լսել է գործի մանրամասները,
- գնացել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին,
- վերադառնալով բաժնից, ասել է, որ Սոս Գասպարյանի արարքը վերաորակելու համար պահանջել են 3000 ԱՄՆ դոլար,
- Բ.Գասպարյանից ստացել է 3.000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը,
- այն հետագայում փոխանցել Միքայել Զադոյանին /վերջին փաստարկի հիմնավորումները տես սույն դատավճռի համապատասխան մասում/։
Նշվածից հետևում է, որ գործով ձեռք բերված ապացույցների զանգվածում՝ մեղադրանքի ձևակերպմամբ՝ կաշառք ստանալուն օժանդակելու՝ Գ.Գալոյանի դիտավորության և նպատակների մասին բացի հիշյալ՝ Բաբկեն, Սոս և Հովհաննես Գասպարյանների ցուցմունքներից, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում այլ տվյալներ ձեռք չեն բերվել։
Նման պայմաններում, հաշվի առնելով նաև այն փաստը, որ գործով ձեռք չեն բերվել բավարար տվյալներ առ այն, որ Միքայել Զադոյանն անմիջականորեն կաշառք է պահանջել Բաբկեն Գասպարյանից կամ տվել այն ընդունելու համաձայնություն և ուղղակի կաշառքի գումարը ստանալու և հանցանքի կատարման մեջ չբացահայտվելու նպատակով է նրան ուղարկել Գ.Գալոյանի մոտ, դատարանը փաստում է, որ չի կարելի հաստատպես պնդել, որ Գ.Գալոյանն օժանդակել է Մ.Զադոյանին՝ նախապես պայմանավորված կաշառքի գումարը Բ.Գասպարյանից վերցնելու և քննիչին փոխանցելու հարցում։
Գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ այն բանից հետո, երբ Գասպարյանները Մ.Զադոյանի խորհրդով դիմել են փաստաբան Գալոյանին և վերջինս լսելով Սոս Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները, գնացել է քննչական բաժին, վերադառնալուց հետո հայտնել, որ քննչականից այդ գործի համար պահանջում են 3.000 ԱՄՆ դոլար, ինչին Բ.Գասպարյանը համաձայնել է։
Այլ խոսքով, Գայանե Գալոյանն այս պայմաններում իրականացրել է միջնորդի դեր՝ իրեն դիմած Բ.Գասպարյանի, իսկ հետագայում նաև կաշառքի գումարը պահանջած Մ.Զադոյանի միջև և այս դեպքում ամենևին էլ էական չէ, որ Մ.Զադոյանն է խորհուրդ տվել Բ.Գասպարյանին որդու պաշտպանության համար դիմել Գ.Գալոյանին, քանի որ մինչ վերջինիս մոտ գնալը Գասպարյանն ու Զադոյանը կաշառքի, կամ որդու գործը որոշակի ուղղությամբ տանելու ու նրան օգնելու շուրջ որևէ՝ այդ թվում նաև նախնական պայմանավորվածություն չեն ունեցել, իսկ գործողությունների հաջորդականության և գումարի չափի վերաբերյալ կոնկրետությունն ու փոխհամաձայնությունն ի հայտ է եկել միայն այն բանից հետո, երբ Գ.Գալոյանը գնացել է քննչական բաժին ու վերադարձել՝ նպաստելով կողմերի միջև պայմանավորվածության ձևավորմանը։
Նշվածը արձանագրելու տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ դատարանում ձեռք չեն բերվել այնպիսի հավաստի ապացույցներ, որոնք կվկայեին, որ կաշառքի առարկան՝ 3000 ԱՄՆ դոլարը, ստանալն իրականացնելու, այն անխոչընդոտ և բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով է քննիչ Միքայել Զադոյանը Բաբկեն Գասպարյանին ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ՝ վերջինիս միջոցով կաշառքի առարկան ստանալու, Գայանե Գալոյանի օժանդակությամբ կաշառք տվողի հետ բանակցություններ վարելու և նրա միջոցով քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար, ավելին, չկա ապացույց առ այն, որ նա նախապես այդ մասին զգուշացրել է Գայանե Գալոյանին։
Հետևաբար, գործով ձեռք բերված ապացույցների ամբողջության մեջ մեղադրանքի մարմինները չեն կարող հաստատապես պնդել, որ ամբաստանյալ Գ.Գալոյանը գործել է՝ կաշառք ստանալու օժանդակելու պայմաններում, ուստի, սույն նշված իրավական հարցին լիարժեք պատասխան տալու համար դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ամբաստանյալին մեղսագրված արարքի ճիշտ քրեաիրավական գնահատականին։
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 312-րդ հոդվածների բովանդակությունից երևում է, որ կաշառք տալն ու ստանալը կարող են կատարվել ինչպես անձամբ, այնպես էլ` միջնորդի միջոցով։
Այսպես.
ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածը սահմանում է`
«1. Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝…»։
ՀՀ վճռաբեկ դատարանը՝ Ռադիկ Պապյանի վերաբերյալ թիվ ՏԴ/0053/01/12 քրեական գործով 2013թ-ի ապրիլի 18-ին կայացված նախադեպային որոշմամբ քննրակվող հարցի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը`
«... Կաշառք տալը կարող է կատարվել ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդի միջոցով։ Կաշառքի միջնորդությունը կաշառք տալուն աջակցելու ձևերից մեկն է, որը տարբերվում է կաշառք տալու հանցակցության ձևերից՝ կազմակերպումից, դրդչությունից և օժանդակությունից...»։
Փաստորեն, կաշառքի միջնորդությունը կաշառակերությանն օժանդակելու յուրահատուկ դրսևորումներից է։ Կաշառքի միջնորդության օրենսդրական ձևակերպումից երևում է, որ օրենքը նկատի ունի ինչպես ֆիզիկական, այնպես էլ` ինտելեկտուալ միջնորդության դեպքերը։
Կաշառքի միջնորդության օբյեկտիվ կողմը դրսևորվում է նրանում, որ հանցավորը կաշառք տվողի կամ կաշառք ստացողի նախաձեռնությամբ կաշառքի առարկան կաշառք տվողից վերցնում և փոխանցում է կաշառք ստացողին, կամ էլ նպաստում է նրանց միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն։
Փաստորեն, կաշառքի միջնորդը կապող օղակի դեր է կատարում կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև։ Ավելին, կաշառքի միջնորդը երբեք չի հանդիսանում կաշառք ստանալու կամ տալու նախաձեռնող, նրան չի պատկանում կաշառքի առարկան, կաշառքի միջնորդն ուղղակի նպաստում է կաշառք տվողի և ստացողի միջև կապերի հաստատմանը, կաշառքի առարկայի բնույթի և չափի մեջ համաձայնության գալուն։
Կաշառք ստացողից կաշառքի միջնորդը տարբերվում է նրանով, որ կաշառքի առարկան կաշառք տվողից վերցնում է ոչ թե իր համար, այլ` կաշառք ստացողին հանձնելու նպատակով։
Հետևաբար, դատարանն արձանագրում է, որ կաշառք տալու կամ ստանալու օժանդակող է համարվում այն անձը, ով այս կամ այն ձևով նպաստում է կաշառք տալուն կամ ստանալուն։
Ի տարբերություն միջնորդի` օժանդակողը կապված չէ կաշառակերության երկու կողմերի հետ և նրանց միջև կապող օղակ չի հանդիսանում։ Օժանդակողը գործում է կամ կաշառք տվողի կամ ստացողի կողմից և նպաստում է նրանցից որևէ մեկի հանցագործությանը։
Վերը շարադրվածի համատքեստում, դատարանը համակարծիք չէ մեղադրանքի կողմի այն դիրքորոշման հետ, որ Գայանե Հայկազունու Գալոյանը օժանդակել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող թիվ 12808616 քրեական գործով Սոս Բաբկենի Գասպարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին, այլ հանդիսացել է որպես միջնորդ՝ Բաբկեն Գասպարյանի և Միքայել Զադոյանի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն։
Նման պայմաններում, դատարանն ընդգծում է, որ Գ.Գալոյանի կողմից կատարված արարքը ոչ թե հանդիսանում է կաշառք ստանալու օժանդակություն, այլ` կաշառքի միջնորդություն, արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի առաջին մասով։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն`
«1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել։
2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը։ Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում»։
Հետևաբար, արձանագրելով, որ Գ.Գալոյանի գործողություններում բացակայում են կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշները, դատարանը գտնում է, որ Գ.Գալոյանին առաջադրված մեղադրանքը ենթակա է վերավորակման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, որի պայմաններում նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, քանի որ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն `
«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
13) ընդունվել է համաներման մասին օրենք»։
Համաձայն նույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի`
«5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը։
6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը։ Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով։
Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ։ Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով։ Սույն պարբերությամբ նախատեսված կարգավորումը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ»։
2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ՝
«Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝
1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում»։
Ինչպես նշվեց վերևում՝ Գայանե Գալոյանին մեղսագրված հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասին, որով պատիժ է նախատեսված տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքը՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Այսպիսով, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գայանե Հայկազունու Գալոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, քանի որ այն բխում է համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջներից։
Միևնույն ժամանակ, դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում առկա չէ Գայանե Գալոյանի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման համար նույն օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված որևէ սահմանափակում, իսկ վերջինս որևէ դատավարական փուլում չի առարկել, որպեսզի իր նկատմամբ կիրառվի համաներման մասին օրենքը։
Նման պայմաններում, անդրադառնալով Գայանե Հայկազունու Գալոյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի հարցին, դատարանը գտնում է, որ այն պետք է վերացնել, իսկ դատարանի դեպոզիտ հաշվի վճարված գրավի գումարը պետք է վերադարձնել գրավատուին։
Հաստատված համարելով ամբաստանյալներ Բաբկեն Գասպարյանի և Միքայել Զադոյանի կողմից վերը նշված հանցավոր արարքների կատարումը, դատարանը գտնում, որ կատարած արարքների համար վերջիններս ենթակա են պատիժների։
Պատիժներ նշանակելիս պետք է հաշվի առնել ինչպես ամբաստանյալների կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու դրանց հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրանց անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։
Որպես ամբաստանյալ Միքայել Արթուրի Զադոյանի անձը դրականորեն բնութագրող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով չի անցնում, նախկինում դատված կամ որևէ այլ կերպ արատավորված չի եղել։
Բացի այդ, դատարանը որպես ամբաստանյալ Միքայել Արթուրի Զադոյանի անձը դրականորեն բնութագրող հանգամանք հաշվի է առնում այն, որ նա ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի և Արարատի մարզի Դվին գյուղապետարանի լիազոր ներկայացուչի կողմից բնութագրվում է դրականորեն։
Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` որպես ամբաստանյալ Միքայել Արթուրի Զադոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում պատիժ նշանակելու պահին հանցավորի խնամքի տակ երկու անչափահաս երեխաների՝ 06.05.2011թ.-ին ծնված՝ Եվա Միքայելի Զադոյանի և 21.06.2015թ-ին ծնված՝ Ալեքսանդր Միքայելի Զադոյանի, առկայությունը։
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Միքայել Արթուրի Զադոյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն։
/Տես՝ քրեական գործի նյութերը և դատական նիստի արձանագրությունը/
Որպես ամբաստանյալ Բաբկեն Սոսի Գասպարյանի անձը դրականորեն բնութագրող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով չի անցնում, նախկինում դատված կամ որևէ այլ կերպ արատավորված չի եղել։
Բացի այդ, դատարանը որպես ամբաստանյալ Բաբկեն Սոսի Գասպարյանի անձը դրականորեն բնութագրող հանգամանք հաշվի է առնում այն, որ նա հարևաններ Ա.Հարությունյանի, Ռ.Մինասյանի, Ժ.Հակոբյանի, Ա.Մինասյանի, Ա.Օհանջանյանի և Վ.Հակոբյանի անվան «Համակցված Կերերի գործարան» ՓԲԸ տնօրենի ու արտադրամասի պետի կողմից բնութագրվում է դրականորեն։
Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` որպես ամբաստանյալ Բաբկեն Սոսի Գասպարյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում մեղայականով ներկայանալը, հանցագործությունը բացահայտելուն, հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն աջակցելը։
Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որպես ամբաստանյալ Բաբկեն Սոսի Գասպարյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում նաև դատաքննության ընթացքում մեղքն ամբողջությամբ ընդունելը, կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը, նախաքննության և դատաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ տալը, ինչպես նաև՝ առողջական խնդիրների առկայությունը։ Մասնավորապես, այն, որ վերջինիս մոտ ախտորոշվել է «սրտամկանի սուր ինֆարկտ /01.06.2016/։ Վիճակ կորոնար զարկերակի ստենտավորումից հետո /1BMS-Ramus/։ Վիճակ կորոնար զարկերակների շունտավորումից հետ /29.11.2016/։ Զարկերակային հիպերտենզիա»։
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Բաբկեն Սոսի Գասպարյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն։
/Տես՝ քրեական գործի նյութերը և դատական նիստի արձանագրությունը/
Ելնելով գործի հանգամանքներից, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը, համաձայն որի` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատաuխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար», ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը, համաձայն որի` «Պատժի նպատակն է վերականգնել uոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպեu նաև կանխել հանցագործությունները» և ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը` համաձայն որի` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով», դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Միքայել Արթուրի Զադոյանի և Բաբկեն Սոսի Գասպարյանի կողմից կատարված արարքների համար նրանց նկատմամբ պետք է պատիժներ նշանակվեն ազատազրկման ձևով՝ Միքայել Արթուրի Զադոյանի դեպքում՝ առանց գույքի բռնագրավման։
Անդրադառնալով ամբաստանյալների նկատմամբ նշանակվելիք պատժաչափերի հարցին, դատարանն արձանագրում է հետևյալը.
ինչպես նշվեց վերևում, դատարանն անձի նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջներով` հաշվի առնելով ինչպես օրենսդրական մի շարք մոտեցումներ։
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածն ամրագրել է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը։ Պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով։ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները։
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար։
Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։
Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի վերը նշված նպատակներին, որոնք փոխկապակցված և փոխհամաձայնեցված են (մեկ նպատակը ենթադրում է մյուսները և յուրաքանչյուրի ինքնուրույն իրականացումն օժանդակում է մյուսներին)։ Այսինքն՝ պատժի նպատակներին հասնելու երաշխիք է հանցագործություն կատարած անձի նկատմամբ արդարացի, արարքի ծանրությանը և հասարակական վտանգավորությանը համապատասխան պատիժ նշանակելը։
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով։
Այլ կերպ` դատարանը պետք է բացահայտի կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատուկ հատկանիշները, որոնք կարող են ազդել հանրության համար վտանգավորության աստիճանի վրա (հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, վնասի չափը և այլն)։
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես ամբաստանյալների կողմից կատարած հանցագործությունների բնույթն ու դրանց հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրանց անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`
«1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
(...)
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
2) առանձնապես խոշոր չափերով,
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Մ.Զադոյանին մեղսագրված հանցանքի կատարման եղանակը, գտնում է, որ արդարացված է ամբաստանյալի նկատմամբ՝ նրան մեղսագրված հոդվածի սանկցիայով սահմաններում, պատժի նվազագույն չափի նշանակումը։
Տվյալ եզրահանգմանը գալիս, դատարանը հիշյալ փաստարկը դիտարկում է նաև ամբաստանյալ Զադոյանի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների, ինչպես նաև՝ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության համատեքստում և գտնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանց գույքի բռնագարավման՝ ազատազրկման ձևով պատժատեսակի նվազագույն չափի նշանակումը տվյալ դեպքում հիմնավոր է և բավարար` պատժի նշանակման և դրա արդարացիության օրենսդրական սկզբունքները, նպատակներն ու պահանջներն իրագործելու և ապահովելու համար։
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝
«(...)

3. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում՝ մեկ օրը երեք ժամի դիմաց։

(...)»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախաքննության և դատական քննության ընթացքում ընթացքում Մ.Զադոյանը 1 /մեկ/ տարի 3 /երեք/ ամիս 29 /քսանինն/ օր, գտնվել է կալանքի տակ, ուստի, ՀՀ Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակելիս այն պետք է հաշվակցվի նշանակվող պատժին։

Անդրադառնալով Միքայել Արթուրի Զադոյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի հարցին և հիմք ընդունելով այն փաստը, որ դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո վերջինս դրսևորել է պատշաճ վարքագիծ, մշտապես ներկայացել դատական նիստերին և երբևէ չի խոչընդոտել գործի քննությանը, դատարանը համոզմունք ունի, որ վերջինս՝ հետագայում ևս կդրսևորի նույնանման վարքագիծ, հետևաբար, այս պահին կիրառված խափանման միջոցը պետք է թողնել անփոփոխ մինչև՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատարանի դեպոզիտ հաշվին վճարված գրավի գումարը՝ օրինական հիմքերի առկայության դեպքում՝ պետք է վերադարձնել գրավատուին։
Ինչ վերաբերվում է Բաբկեն Գասպարյանի նկատմամբ նշանակվելիք պատիժը՝ ազատազրկումը նրա կողմից կրելու հարցին, ապա համապատասխան պատժաչափի՝ մինչև 4 տարի ժամկետով ազատազրկում նշանակելու, դեպքում նրա նկատմամբ կիրառելի է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, որի պայմաններում վերջինս ենթակա է ազատման նշանակված պատժից։
Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ Բաբկեն Գասպարյանի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման ակտը կիրառելու որևէ սահմանափակում։
Նման պայմաններում, անդրադառնալով Բաբկեն Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` չհեռանալու մասին ստորագրության հարցին, դատարանը գտնում է, որ այն պետք է թողնվի անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատարանը գտնում է, որ գույքի բռնագրավման, դատական ծախսերի և քաղաքացիական հայցի բացակայության հիմքով պետք է վերացնել՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Օհանյանի կողմից 2017թ-ի հոկտեմբերի 25-ին կայացված որոշումներով Միքայել Արթուրի Զադոյանին և Գայանե Հայկազունու Գալոյանին պատկանող անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցների վրա դրված կալանքները։
4. Եզրափակիչ մաս
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, նույն հոդվածի 5-րդ, 6-րդ մասերով, 357-360, 365, 369-373-րդ հոդվածներով և 2018 թվականի նոյեմբերի 01-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի ա/ ենթակետով, դատարանը՝



Վ Ճ Ռ Ե Ց

1. Բաբկեն Սոսի Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել՝ ազատազրկում՝ 3 /երեք/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով։
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018թ.-ի նոյեմբերի 01-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ Բաբկեն Սոսի Գասպարյանին ազատել նշանակված պատժից։
Բաբկեն Սոսի Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
2. Գայանե Հայկազունու Գալոյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018թ.-ի նոյեմբերի 01-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիմքով նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել։
Գայանե Հայկազունու Գալոյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը վերացնել, իսկ դատարանի դեպոզիտ հաշվի վճարված գրավի գումարը վերադարձնել գրավատուին։
3.Միքայել Արթուրի Զադոյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել՝ ազատազրկում՝ 7 /յոթ/ տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
Հաշվի առնելով Միքայել Արթուրի Զադոյանի՝ նախաքննության և դատական քննության ընթացքում 1 /մեկ/ տարի 3 /երեք/ ամիս 29 /քսանինն/ օր կալանավորման տակ գտնվելու հանգամանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով հիշյալ ժամկետը հաշվակցել նշանակված պատժում և թողնել կրելու՝ ազատազրկում՝ 5 /հինգ/ տարի 8 /ութ/ ամիս 1 /մեկ/ օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։
Միքայել Արթուրի Զադոյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատարանի դեպոզիտ հաշվին վճարված գրավի գումարը՝ օրինական հիմքերի առկայության դեպքում՝ վերադարձնել գրավատուին։
Վերացնել՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Օհանյանի կողմից 2017թ-ի հոկտեմբերի 25-ին կայացված որոշումներով Միքայել Արթուրի Զադոյանին և Գայանե Հայկազունու Գալոյանին պատկանող անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցների վրա դրված կալանքները։
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան հրապարակման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։


Դ Ա Տ Ա Վ Ո Ր Մ. Մ Ա Կ Յ Ա Ն

ԵԷԴ/0129/01/17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


«28» ապրիլի 2020թ. ք.Երևան


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)


Նախագահող դատավոր Մ.Արղամանյան
դատավորներ Ա.Ազարյան
Ն.Հովակիմյան
քարտուղարությամբ՝ Ա.Ավետիսյանի
մասնակցությամբ՝
մեղադրող Ա.Մնացականյանի
պաշտպան Հ.Անանյանի
ամբաստանյալ Մ.Զադոյանի



ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կարգով քննության առնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թ. հունիսի 4-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Միքայել Արթուր Զադոյանի (ծնված 1980թ. օգոստոսի 29-ին Արտաշատում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին` երկու անձ, աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում` որպես ավագ քննիչ, բնակվում է Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի Սևակի փողոցի թիվ 9 տանը) վերաքննիչ բողոքը`


ՊԱՐԶԵՑ


Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ա.Օհանյանի 2017թ. սեպտեմբերի 8-ի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է թիվ 62228617 քրեական գործը:
Գայանե Գալոյանը ձերբակալվել է 2017թ. սեպտեմբերի 11-ին:
2017թ. սեպտեմբերի 12-ին Բաբկեն Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2017թ. սեպտեմբերի 13-ին Գայանե Գալոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017թ. սեպտեմբերի 13-ի որոշմամբ Գայանե Գալոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2017թ. սեպտեմբերի 19-ին Բաբկեն Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2017թ. սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել Միքայել Զադոյանին ձերբակալելու մասին, և նույն օրը նա ձերբակալվել է:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017թ. սեպտեմբերի 28-ի որոշմամբ Միքայել Զադոյանի ազատությունից զրկումը ճանաչվել է ոչ իրավաչափ և վարույթն իրականացնող մարմնին կարգադրվել է անհապաղ ազատ արձակել Միքայել Զադոյանին:
2017թ. սեպտեմբերի 29-ին Միքայել Զադոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017թ. սեպտեմբերի 30-ի որոշմամբ Միքայել Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2017թ. հոկտեմբերի 25-ին որոշում է կայացվել կալանք դնել Գայանե Գալոյանին և Միքայել Զադոյանին պատկանող անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի վրա:
2017թ. նոյեմբերի 16-ին Բաբկեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2017թ. նոյեմբերի 17-ին Գայանե Գալոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
2017թ. նոյեմբերի 17-ին Միքայել Զադոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով այն արարքի համար, որ նա «ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով` նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու` Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Այսպես.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվել է թիվ 12808616 քրեական գործը, որով Սոս Բաբկենի Գասպարյանին վերագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում։ Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում` 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանի հայրը Բաբկեն Գասպարյանն այցելել է քննչական բաժին, հանդիպել տվյալ գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 1450950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով 3000 ԱՄՆ դոլար կաշառք` իր ներկայացրած անձի՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու, այն է` Սոս Գասպարյանին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն և պատիժ սահմանող նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։
Ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու դիմաց նշված գործով քննիչ Միքայել Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և հայտնել է, որ կկանչի քննչական բաժնի պետի տեղակալին իր աշխատասենյակ։
Դրանից հետո քննիչի հետ աշխատասենյակ է եկել վերջինիս վերադաս հանդիսացող նույն բաժնի պետ տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, ով ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնության գալով, նույնպես Բաբկեն Գասպարյանին խոստացել է վերջինիս որդուն ի նպաստ, իր լիազորությունների շրջանակներում կատարել գործողություններ։
Ապա կաշառքի առարկան` 3000 ԱՄՆ դոլարը ստանալն իրականացնելու, այն անխոչընդոտ և բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով քննիչ Միքայել Զադոյանը Բաբկեն Գասպարյանին ուղարկել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ` վերջինիս միջոցով կաշառքի առարկան ստանալու, Գայանե Գալոյանի օժանդակությամբ կաշառք տվողի հետ բանակցություններ վարելու և նրա միջոցով քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով Գայանե Գալոյանին։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Բաբկեն Գասպարյանը նույնը օրը հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, նրան հայտնել իր որդու հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից հետո նույն օրը Գայանե Գալոյանը լրացուցիչ պարզաբանումներ է կատարել ավագ քննիչ Միքայել Զադոյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ և կաշառք ստանալու հարցով վերջիններիս օժանդակելու դիտավորությամբ հանդիպել է Բաբկեն Գասպարյանի հետ։ Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանին կրկին հավաստիացրել է գումարի դիմաց նրա որդու օգտին գործողություններ կատարելու հիշյալ պաշտոնատար անձանց վճռականության մասին, ապա վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչ Միքայել Զադոյանին ու բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափի 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը»:
2017թ. նոյեմբերի 21-ին թիվ 62228617 քրեական գործից անջատվել է Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի վերաբերյալ գործը, և անջատված մասին շնորհվել է 62239717 համարը:
2017թ. դեկտեմբերի 11-ին Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) 2018թ. ապրիլի 6-ի որոշմամբ Գայանե Գալոյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի, և գրավի չափ է սահմանվել 700.000 ՀՀ դրամ գումարը:
Նույն օրը Գայանե Գալոյանն ազատ է արձակվել արգելանքից:
Առաջին ատյանի դատարանի 2019թ. հունվարի 25-ի որոշմամբ Միքայել Զադոյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի, և գրավի չափ է սահմանվել 3.000.000 ՀՀ դրամ գումարը:
Նույն օրը Միքայել Զադոյանն ազատ է արձակվել արգելանքից:
Առաջին ատյանի դատարանի 2019թ. հունիսի 4-ի դատավճռով Բաբկեն Սոսի Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով։
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով` Բաբկեն Սոսի Գասպարյանն ազատվել է նշանակված պատժից։
Բաբկեն Սոսի Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Նույն դատավճռով Գայանե Հայկազունու Գալոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիմքով նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է։
Գայանե Հայկազունու Գալոյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է։
Նույն դատավճռով Միքայել Արթուրի Զադոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Հաշվի առնելով Միքայել Արթուրի Զադոյանի` նախաքննության և դատական քննության ընթացքում 1 տարի 3 ամիս 29 օր կալանավորման տակ գտնվելու հանգամանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով հիշյալ ժամկետը հաշվակցվել է նշանակված պատժում և թողնվել կրելու` ազատազրկում` 5 տարի 8 ամիս 1 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։
Միքայել Արթուրի Զադոյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Նույն դատավճռով վերացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Օհանյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 25-ին կայացված որոշումներով Միքայել Արթուրի Զադոյանին և Գայանե Հայկազունու Գալոյանին պատկանող անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցների վրա դրված կալանքները:
Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճռի դեմ 2019թ. հուլիսի 30-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Միքայել Զադոյանը:
Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Ներկայացված վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Միքայել Զադոյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի 2019թ. հունիսի 4-ի դատավճիռը՝ իրեն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղավոր ճանաչելու, մի շարք անկյունաքարային հարցերի մասով հիմնավորված և պատճառաբանված չէ: Դատական ակտով փաստական տվյալները և ապացույցները յուրովի շարադրելու, աղավաղելու և յուրովի գնահատելու, դատավարական նորմերը կամայական մեկնաբանելու, հարուցած միջնորդությունները և պաշտպանության կողմի փաստարկները պատշաճ չվերլուծելու արդյունքում թույլ են տրվել դատավարական և նյութական իրավունքի էական խախտումներ, ինչը հանգեցրել է դատական սխալի:
Ամբաստանյալ Մ.Զադոյանը պնդել է, որ վերագրվող արարքում իրեն պետք է ճանաչել անպարտ և արդարացնել:
Ելնելով վերոգրյալից, բողոքաբերը խնդրել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.06.2019 թվականի ԵԷԴ/0129/01/17 դատավճիռը մասնակիորեն բեկանել, փոփոխել՝
1. Որպես անթույլատրելի ապացույց ճանաչել ամբաստանյալ Գ.Գալոյանի աշխատասենյակում և Մ.Զադոյանի աշխատասենյակում իրականացված միայն ներքին դիտման վերաբերյալ նյութերը՝ վերոնշյալ փաստարկների լույսի ներքո:
2. Ճանաչել և հռչակել Մ.Զադոյանի անմեղությունը նրան վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4 մասով մեղադրանքում:
3. Գնահատել սույն բողոքի նկարագրական մասում վկայակոչված մյուս փաստարկները և միջնորդությունները»:
Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերը և կողմերի պարզաբանումները.
Դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Մ.Զադոյանն ու պաշտպան Հ.Անանյանը վերոհիշյալ հիմնավորումներով պնդեցին վերաքննիչ բողոքը՝ խնդրելով այն բավարարել:
Մեղադրող Ա.Մնացականյանն առարկեց վերաքննիչ բողոքի դեմ` նշելով, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական է, հիմնավորված և փոփոխման ենթակա չէ:
Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներ.
Առաջին ատյանի դատարանում հետազոտվել են հետևյալ ապացույցները.
Ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը, դատարանում, ՀՀ քրեական օրենսգքրի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին և ցուցմունք տվել այն մասին, որ 2016թ. դեկտեբերի 23-ին դուրս է գրվել հիվանդանոցից և այդ օրն իմացել, որ որդիները` Սոսը և Հովհաննեսը, վիճաբանել են 4 անձանց հետ, որի ժամանակ ինքնապաշտպանվելու նպատակով Սոսը դանակահարել է նրանցից մեկին: Դեկտեմբերի 27-ին իրենց բնակարանում քննիչ Զադոյանի կողմից կատարվել է խուզարկություն, որից հետո նա իրեն է հանձնել ծանուցագրեր, որոնցով դեկտեմբերի 29-ին որդիները հրավիրվել են հարցաքննության. Սոսը` որպես կասկածյալ, իսկ մյուս որդին` Հովհաննեսը` որպես վկա։ Սոսը կասկածվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ։ Խուզարկության ժամանակ ինքը Զադոյանին ասել է, որ որդու արարքը ոչ այլ ինչ է, քան ինքնապաշտպանություն, իսկ Զադոյանն ասել է, որ ինքնապաշտպանության հանցակազմը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, սակայն հոդվածը վերաորակելու որևէ ակնարկ այդ պահին չի արել։
Դեկտեմբերի 29-ին կնոջ և տղաների հետ գնացել է իր ընկերոջ կնոջ` փաստաբան Կարինե Շախմուրադյանի մոտ` դեպքի հետ կապված զրուցելու նպատակով, սակայն, քանի որ վերջինս աշխատավայրում չի եղել, ինքը միայնակ բարձրացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Բաժնում հանդիպել է քննիչ Զադոյանին և նրա հետ զրույցի ժամանակ կրկին ասել է, որ Սոսի արարքը սխալ է որակված, այն չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածին և նրա արարքում առկա են ինքնապաշտպանության տարրեր, ուստի խնդրել է նրան փոխել առաջադրված մեղադրանքը։ Այդ ժամանակ աշխատասենյակ է մտել մի երիտասարդ, ում Զադոյանը ներկայացրել է որպես պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյան և նրան ասել, որ ինքը Սոսի հայրն է ու խնդրում է օգնել որդուն։ Ներս մտած անձն ասել է, որ օրենքի սահմաններում կօգնեն։ Մ.Զադոյանի հետ զրույցի ժամանակ վերջինս հարցրել է, որ թե ով պետք է պաշտպանի Սոսի շահերը։ Ինքը պատասխանել է, որ փաստաբան Կարինե Շախմուրադյանը, սակայն Մ.Զադոյանն ասել է, որ Կարինեն քաղաքացիական գործերով է զբաղվում և խորհուրդ է տվել դիմել քրեական գործերով փաստաբան Գայանե Գալոյանին։ Մ.Զադոյանն իրեն տվել է Գ.Գալոյանի հեռախոսահամարը։ Ինքը զանգահարել է նրան և հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել։ Նույն օրը տղաների հետ հանդիպել է փաստաբան Գալոյանին, պատմել դեպքի հանգամանքները, վերջինս ասել է, որ Սոսի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի հատկանիշներ, ապա գնացել է քննչական բաժին։ Վերադառնալով, Գ.Գալոյանն ասել է, որ քննչական բաժնում Սոսին վերագրվող արարքի վերաորակման համար պահանջել են 3.000 ԱՄՆ դոլար, սակայն որևէ մեկի անուն չի տվել, թե ում պետք է տրվեր այդ գումարը։ Համաձայնվել է և որդու համար Գալոյանի աշխատասենյակում, վստահելով նրան, տվել է 3.000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, Գալոյանը պահանջել է 450.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար, որը նրան է փոխանցել հաջորդ օրը։ Հունվարի 10-ին տղաների հետ գնացել է քննչական բաժին, որտեղ Սոսին ձերբակալել են։ Այնուհետև, քննիչի միջնորդությամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և ճանաչվել է գրավի կիրառման թույլատրելիությունը։ Սակայն, վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` Սոսը կալանավորվել է։ Գայանե Գալոյանը հուսադրել է իրեն, որ Սոսը պետք է 6 օր հետո ազատ արձակվի, սակայն, իրականում նա ոչինչ չի արել, ավելին` Գայանեն ասել է, որ «դատախազի խոսքերով` տղային 3 տարի են տալու»:
Գործի նախաքննության ընթացքում Գ.Գալոյանը ներկայացրել է միջնորդություններ` Սոսի արարքը վերաորակելու համար, սակայն նրա միջնորդությունները մնացել են անպատասխան։ Հետագայում, Սոսին առաջադրված մեղադրանքն այդպես էլ չի փոփոխվել, իսկ առաջին ատյանի դատարանի դատավճռով՝ նույն հոդվածով նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով։ Տեսնելով, որ որդին ազատության մեջ չի հայտնվում, Գալոյանին ասել է, որ նա «...ետ ողորմյա անի», սակայն Գալոյանը վրդովվել է այդ ամենից, ավելին, նախ մեղադրել է իրեն գործի վերաբերյալ այլ անձանց հետ ևս իբրև թե պայմանավորվածություններ ձեռք բերելու մեջ, իսկ հետագայում նաև ասել է, որ գումարը տվել է որպեսզի մյուս որդին` Հովհաննեսը ևս չձերբակալվի ու ներքաշվի գործի մեջ։
Դատարանում Բաբկեն Գասպարյանը պնդել է, որ Մ.Զադոյանի և Բ.Եղիազարյանի հետ երբևէ գումարային հարցի շուրջ չի խոսել, իսկ Զադոյանը մշտապես ասել է` «...ձյաձ, անհոգ եղի, լավ կլինի»։ Չի բացառում, որ առաջին անգամ բաժնում հանդիպելիս Զադոյանին մրմնջացել է գումար տալու պատրաստակամության մասին, սակայն նա չի արձագանքել դրան, գուցե և չի լսել իրեն։ Չի կարող ասել, արդյոք Զադոյանն իմացել է իր կողմից տրված գումարի մասին, թե ոչ։ Համոզված է, որ Զադոյանը որպես քննիչ գործի սխալ քննություն է իրականացրել, ավելին, որդու օգտին ոչինչ չի արել։
Այն բանից հետո, երբ հասկացել է, որ իր տված գումարի դիմաց ոչինչ չի արվել, իսկ Գալոյանն արդեն ամեն ինչում սկսել է մեղադրել իրեն և հասկանալով, որ ինքը քրեորեն պատժելի արարք է կատարել, մեղայականով ներկայացել է իրավապահ մարմիններին:
Թեև գիտակցում է, որ սխալ արարք է կատարել, սակայն գործել է որպես ծնող` հանուն իր որդու։ Հավաստիացրել է, որ ազգային անվտանգության ծառայությունում ներկայացրածը համապատասխանում է իրականությանը։ Պնդել է նաև, որ գումարը տվել է Գ.Գալոյանին` հարցը լուծելու համար, իսկ ինչ վերաբերում է Մ.Զադոյանին, նշել է, որ ինքը նրան գումար չի տվել, չի տեսել, որ նրան գումար տված լինեն։ Գտնում է, որ խաբվել է Գ.Գալոյանի կողմից։
Առաջին ատյանի դատարանն արձանագրելով, որ ամբաստանյալի դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, որոշում է կայացրել հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները։
Մասնավորապես՝
09.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես վկա հարցաքննվելիս Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ. դեկտեմբերի 20-ին գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ վիրահատվել է։ Այդ ժամանակ իր մոտ է գտնվել որդին՝ Սոս Գասպարյանը։ Սոսն ունեցել է Լիաննա անունով ընկերուհի, ում հետ ընկերություն է արել։ Լիաննան ունեցել է ընկերուհի, ում անունը չի մտաբերում։ Սոսը չէր ցանկանում, որպեսզի Լիաննան շփվեր այդ աղջկա հետ, քանի որ, Սոսի կարծիքով, նա խառնվում էր նրանց հարաբերությունների մեջ։ Այդ պատճառով Սոսը կարճ հաղորդագրություն էր ուղարկել Լիաննայի այդ ընկերուհուն, բառացի գրելով՝ «կյանքդ դժոխք կսարքեմ», սակայն Սոսը հետագայում ներողություն էր խնդրել նրանից։ Որոշ ժամանակ անց Սոսին է զանգահարել այդ աղջկա մորաքրոջ որդին՝ Սերգեյ Կուդրյաշովը և ագրեսիվ տոնով պահանջել հանդիպում նրա հետ։ Խոսակցության ժամանակ Սոսը նրան ասել է, որպեսզի գա այն հիվանդանոցի սրճարան, որտեղ գտնվում էր ինքը, սակայն Կուդրյաշովը հրաժարվել է, ասելով, որ չի ցանկանում հանդիպել մարդաշատ վայրում։ Սոսը խուսափել է նրա հետ հանդիպումից, ավելին, ասել, որ այդ դեպքում հանդիպման կգա ոստիկանի հետ։ Դեպքի օրը Կուդրյաշովը 3 հոգու հետ հանդիպել է իր որդիներին, մասնավորապես, հետևել է նրանց, այն պահին, երբ մյուս որդին՝ Հովհաննեսը, մեքենան կայանել է իրենց բակի ավտոտնակում, նրանց են մոտեցել Կուդրյաշովը և 3 անձինք, ապա Սերգեյը սկսել է հարվածներ հասցնել Սոսին, որի հետևանքով Սոսը ընկել է և ընկած վիճակում, երևի դանակով, հարվածել Սերգեյին և Մարատին։ Սերգեյի մոտ արձանագրվել է թոքի վնասվածք, սակայն նրան վիրահատելու կարիք չի եղել, իսկ Մարատը կամ վնասվածք չի ստացել, կամ այն եղել է թեթև աստիճանի։ Կարծում է, որ որդին տվյալ իրավիճակում ինքնապաշտպանվել է, քանի որ նա բնավորությամբ ագրեսիվ չէ։ Այդ դեպքի մասին ինքն իմացել է դեկտեմբերի 23-ին, երբ դուրս է գրվել հիվանդանոցից։ Դրանից երեք օր անց իրենց տուն են եկել ոստիկանության աշխատակիցներ և Էրեբունու քննչական բաժնի քննիչ Միքայել Զադոյանը, ում տեսնում էր առաջին անգամ։ Մ.Զադոյանը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նա հանդիսանում է այդ գործով քննիչը և հայտարարել է, որ դատարանի որոշման հիման վրա պետք է խուզարկություն կատարի իրենց բնակարանում։ Խոսակցության ընթացքում Մ.Զադոյանն ասել է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով, որի կապակցությամբ ինքը հայտնել է իր դժգոհությունը, ասելով, որ ճիշտ հոդվածով չի հարուցվել, որդին ինքնապաշտպանվել է, ուստի նրա արարքում առկա են ինքնապաշտպանության հատկանիշեր, այն է՝ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածին։ Այդ ժամանակ քննիչն ասել է, որ «ինքնապաշտպանությունը 116-րդ հոդվածն է»։ Մ.Զադոյանի այդ արտահայտությունը հասկացել է որպես ակնարկ, որ նա կօգնի իր որդուն։ Այնուհետև, քննիչ Զադոյանն իրեն է տվել երկու ծանուցագիր, որոնցում նշված էր, որ Հովհաննեսը որպես վկա, իսկ Սոսը որպես մեղադրյալ 2016թ. դեկտեմբերի 29-ին հրավիրվում են հարցաքննության։ 2016թ. դեկտեմբերի 29-ին որդիների և կնոջ հետ գնացել են քննչական բաժին, ինքը վերցրել էր 3.000 ԱՄՆ դոլար, որպեսզի մտներ քննիչի մոտ և խնդրեր նրան գումարի դիմաց չձերբակալել Սոսին ու փոխել առաջադրված մեղադրանքը։ Մինչ քննիչի մոտ գնալը, իրենք հանդիպել են ծանոթ փաստաբան Կարինեին, նրան պատմել դեպքը, վերջինս ասել է, որ կփորձի օգնել։ Այնուհետև, ինքը միայնակ բարձրացել է քննչական բաժին։ Տեսնելով, որ քննիչ Զադոյանը տեղում չէ, զանգահարել է նրան, վերջինս ասել է, որ պետք է մի փոքր սպասի։ Մոտ 10 րոպե անց եկել է քննիչը, միասին մտել են նրա աշխատասենյակ, զրուցել որդու գործի մասին, ապա, առաջարկել է քննիչ Զադոյանին տալ 3.000 ԱՄՆ դոլար, որպեսզի նա վերաորակի որդուն առաջադրված մեղադրանքը և նրան չձերբակալի։ Մ.Զադոյանը չի առարկել իր առաջարկին և ասել է, որ կկանչի տեղակալին և միասին կզրուցեն։ Այնուհետև, դուրս է եկել սենյակից և վերադարձել տեղակալի հետ։ Այդ ժամանակ Մ.Զադոյանն իրեն չի ներկայացրել տեղակալի տվյալները, սակայն հետագայում իմացել է, որ նա հանդիսանում է Բունիաթ Եղիազարյանը։ Զադոյանն իրեն տեղակալին ներկայացրել է որպես Սոսի հայր, ով խնդրում է օգնել իրեն, իսկ տեղակալն ասել է՝ «օրենքի շրջանակներում կօգնենք», ապա դուրս է եկել աշխատասենյակից։ Այդ ժամանակ գումարի մասին խոսք չի եղել, սակայն պարզ էր, որ քննիչն իր առաջարկի մասին տեղյակ էր պահել տեղակալին։ Այդ ժամանակ ի պատասխան Զադոյանի հարցին, ինքը նրան ասել է, որ ունեն պայմանավորվածություն փաստաբան Կարինեի հետ, սակայն Զադոյանն ասել է, որ պետք չէ, որպեսզի Կարինեն մասնակցի այդ գործին և նա կասի, թե ում պետք է վարձեն։ Մասնավորապես, Մ.Զադոյանն ասել է, որ վարձեն փաստաբան Գայանե Գալոյանին, ասելով՝ «մնացածը Գայանեն քեզ ամեն ինչ կասի»։ Հասկացել է, որ գումարային հարցերի շուրջ պետք է պայմանավորվի այդ փաստաբանի հետ։ Այդ ժամանակ Մ.Զադոյանը զանգահարել է Գ.Գալոյանին և ասել՝ «քո մոտ ուղարկում եմ մի տղամարդու, հանդիպի հետը, զրուցի» և իրեն է փոխանցել Գալոյանի հեռախոսահամարը` 091-49-81-91: Դուրս գալով քննիչի աշխատասենյակից, անմիջապես զանգահարել է փաստաբանին, վերջինս ասել է, որ տեղում չէ, մի ժամից կմոտենա։ Իր հիշելով, Զադոյանն իրեն ասել է, որ Գայանեի գրասենյակը գտնվում է քննչական բաժնի մոտ։ Դրանից հետո հանդիպել է Գայանեին, իր հետ են գտնվել նաև որդիները։ Այդ ժամանակ Գայանեն ասել է՝ «մի հատ գնամ քննչական բաժին, տղաների մոտ, խոսեմ, գամ»։ Գայանեն գնացել է քննչական բաժին, մոտ 15 րոպե անց վերադարձել և ասել է` «ես տղաներին տեսա, դառնում եմ Ձեր պաշտպանը, քննիչին միջնորդելու եմ արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգքրի 116-րդ հոդվածով։ Տղաներն այս գործի համար ուզում են 3.000 ԱՄՆ դոլար, իսկ իմ ծառայությունների համար պետք է վճարես 450.000 ՀՀ դրամ»։ Համաձայնվել է, ասելով, որ 3.000 ԱՄՆ դոլարը մոտն է, իսկ 450.000 ՀՀ դրամը կտա հաջորդ օրը։ Խոսակցությանը որդիները ևս ներկա են եղել: 3.000 ԱՄՆ դոլարը տվել է Գայանե Գալոյանին, վերջինս ասել է, որ նա Հովհաննեսի հետ պետք է գնա քննչական բաժին ցուցմունք տալու, իսկ Սոսը կներկայանա տոներից հետո։ Ինքն ու Սոսը մնացել են Գ.Գալոյանի գրասենյակում, իսկ Հովհաննեսը նրա հետ գնացել է քննչական բաժին, ապա կես ժամ անց վերադարձել են։ Երբ դուրս են եկել փաստաբանի գրասենյակից, Հովհաննեսը պատմել է, որ, երբ նրանք գտնվել են քննիչ Զադոյանի մոտ, Գ.Գալոյանն ասել է՝ «սա տանեմ տամ, գամ», խոսքը վերաբերել է գումարին։ Այդ օրն ինքը Գայանեին չի հարցրել, արդյոք նա գումարը փոխանցել է, թե ոչ, քանի որ իր համար արդեն պարզ էր, որ տալու էր։ Հաջորդ օրն ինքը գնացել է Գ.Գալոյանի գրասենյակ և այնտեղ առձեռն նրան է տվել նաև 450.000 ՀՀ դրամը։ Դրանից հետո որևէ կապ չի եղել Գալոյանի և Զադոյանի հետ՝ մինչև հունվար ամսվա առաջին աշխատանքային օրը։ Հունվարի 10-ին որդիների հետ գնացել է Գայանեի գրասենյակ, Գալոյանն ասել է, որ Սոսին պետք է ձերբակալեն, ապա տանեն դատարան՝ կալանավորելու նպատակով, սակայն նա միջնորդելու է, որպեսզի նրան գրավով ազատ արձակեն։ Սոսին այդ օրը ձերբակալել են, նա 3 օր մնացել է ՁՊՎ-ում, որից հետո դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել։ Այնուհետև, Գայանեն ասել է, որ փոխվելու է Սոսին առաջադրված մեղադրանքը։ Մեկ շաբաթ անց Գայանեից իմացել է, որ դատախազության կողմից ներկայացվել է բողոք դատարանի որոշման դեմ և այնպես է ստացվել, որ վերաքննիչ դատարանը կալանավորել է Սոսին։ Դրանից հետո դիմել է Գայանեին, հարցրել, թե ինչ պետք է արվի, սակայն նա ասել է «էսօր-էգուց», ապա հայտնել տարբեր ժամկետներ, որ պետք է փոխվի մեղադրանքը։ Սկզբնական շրջանում Գալոյանը հուսադրել է իրեն, ասելով, որ Սոսի նկատմամբ լավ են տրամադրված։ Սակայն, երբ 2017 թվականի մայիս ամսին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Գայանեն սկսել է իրեն մեղադրել, իբրև ինքն ինչ-որ մարդկանց է դիմել Սոսի հարցով, թեև ինքը նման բան չէր արել։ Նույնիսկ, մեկ անգամ Գայանեն իրեն ասել է, որ այդ 3.000 ԱՄՆ դոլարը տվել է, որպեսզի Հովհաննեսին չձերբակալեն, ավելին եղել է դեպք, երբ նա ասել է, որ այդ 3.000 ԱՄՆ դոլարը քիչ է, պետք է պատրաստ լինի ևս 3.000 ԱՄՆ դոլար տալ, սակայն ինքն ասել է, որ թեև չունի այդքան գումար, սակայն պատրաստ է տալու։ Սոսին առաջադրված մեղադրանքի հարցով բազում անգամներ խոսել է նաև քննիչ Զադոյանի հետ, ով իրեն ասել է, որպեսզի անհոգ լինի, լավ է լինելու, մեղադրանքը փոխվելու է, չնայած իրականում ոչինչ չի արվել այդ ուղղությամբ։ Դրանից հետո գնացել է քննիչ Զադոյանի մոտ, ասել է, որ գումար է տվել, ինչու որդու հարցը չի լուծվում, վերջինս ձեռքով ցույց է տվել, որպեսզի չխոսի այդ թեմայով։ Գտնում է, որ քննիչը և պաշտպանը խաբել են իրեն, քանի որ որդու համար ոչինչ չեն արել:
Բունիաթ Եղիազարյանի մոտ եղել է 2 անգամ, նրա հետ հանդիպել է նրա աշխատասենյակում։ Գումարի մասին նրա հետ չի խոսել, սակայն ամեն անգամ նա ասել է, որ կօգնի Սոսին։ Քննիչ Զադոյանը ևս մշտապես հուսադրել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Բացի քննիչ Զադոյանից, փաստաբան Գալոյանից և քննչականի պետի տեղակալից, որևէ այլ անձի չի դիմել Սոսին օգնելու հարցով։
Պնդում է, որ 2016 թվականի դեկտեմբեր ամսին Սոս Գասպարյանի վերաբերյալ Էրեբունու քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով տվել է 3.000 ԱՄՆ դոլար քննիչ Մ.Զադոյանին և պետի տեղակալ Բ.Եղիազարյանին, որպեսզի նրանք օգնեն որդուն չձերբակալելու և նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով վերաորակելու հարցում, սակայն իրեն խաբել են և ոչինչ չեն արել…»։
12.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես կասկածյալ հարցաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016 թվականի դեկտեմբերի ամսին Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն բանի համար, որ Սոս Գասպարյանը դանակահարել է անձի և նրան պատճառել ծանր մարմնական վնասվածք։ Քանի որ ինքը վստահ էր, որ Սոսը նման արարք է կատարել պաշտպանվելու նպատակով, որոշել է որպես հայր օգնել որդուն և այդ հարցով դիմել է գործը քննող քննիչին, որպեսզի նա Սոսին առաջադրված մեղադրանքը վերաորակի ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Դեկտեմբեր ամսին գնացել է քննիչ Զադոյանի մոտ, առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար այդ հարցի լուծման համար, իսկ քննիչը չի առարկել, ասելով, որ պետք է կանչի պետի տեղակալին։ Պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանն իր հետ զրույցի ժամանակ ասել է, որ Սոսին կօգնեն օրենքի շրջանակներում։ Դրանից հետո քննիչ Զադոյանն իրեն ասել է, որպեսզի դիմի փաստաբան Գայանե Գալոյանին և իրեն է տվել նրա հեռախոսահամարը։ Համաձայնվել է, նույն օրը հանդիպել է փաստաբան Գ.Գալոյանին և նրան պատմել որդու հետ տեղի ունեցածը։ Գալոյանն ասել է, որ պետք է հանդիպի քննչականի տղաներին և խոսի նրանց հետ։ Տղաների հետ սպասել է Գ.Գալոյանի գրասենյակում, նա գնացել է քննչական բաժին, իսկ երբ վերադարձել է, ասել է, որ որդուն չկալանավորելու և մեղադրանքը վերաորակելու համար պետք է տա 3.000 ԱՄՆ դոլար քննիչին և պետի տեղակալին։ Համաձայնվել է, քանի որ դա հենց այն գումարի չափն էր, որն ինքն առաջարկել էր քննիչին, ապա նույն պահին Գայանեին է տվել 3.000 ԱՄՆ դոլար։ Դրանից հետո Գայանեն և Հովհաննեսը միասին գնացել են քննչական բաժին։ Երբ վերադարձել են, որդին իրեն պատմել է, որ Զադոյանի մոտ գտնվելու ժամանակ Գայանեն նրան ասել է՝ «…տանեմ տամ, գամ»։ Ինքը վստահ է, որ հենց այդ ժամանակ է փաստաբանը գումարը փոխանցել քննչականի պետի տեղակալին։ Հունվար ամսին Սոսին ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել և գրավի դիմաց ազատ արձակել։ Սակայն, դատախազության բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կալանավորել է նրան։ Դրանից հետո, Զադոյանը, Գալոյանը և Եղիազարյանը մշտապես հավաստիացրել են, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք է սպասել, համբերել։ Հակառակ դրան, քրեական գործն ուղարկվել է դատարան՝ առանց առաջադրված մեղադրանքը վերաորակելու։ Փաստորեն, իրեն խաբել են։ Ընդունում է, որ սխալ արարք է կատարել, սակայն այդ ամենն արել է որդուն օգնելու համար, խնդրում է հիմք ընդունել որպես վկա տված ցուցմունքը…»։
19.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես մեղադրյալ հարցաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…Սոս Գասպարյանի վերաբերյալ Էրեբունու քննչական բաժնում քննվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով։ Գործը քննող քննիչին ինքն առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար, որպեսզի նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով և նրան չձերբակալեին։ Քննիչ Զադոյանը համաձայնվել է իր առաջարկին, քանի որ ասել է՝ «…գնամ պետի տեղակալին կանչեմ, խոսենք»։ Պետի տեղակալն ասել է, որ Սոսին կօգնեն օրենքի շրջանակներում, ապա քննիչն իրեն ասել է, որպեսզի դիմեն փաստաբան Գայանե Գալոյանին, ինչն ինքն արել է։ Գայանե Գալոյանին դիմելուց հետո նա գնացել է քննչական բաժին, իսկ երբ վերադարձել է, ասել է, որ քննչականում համաձայն են որդուն օգնել և դրա համար ուզում են 3.000 ԱՄՆ դոլար։ Համաձայնվել է և այդ գումարը տվել է Գ.Գալոյանին, որպեսզի նա փոխանցեր քննիչին և պետի տեղակալին։ Վստահ է, որ Գ.Գալոյանը փոխանցել է այդ գումարը, սակայն նրանք ոչինչ չեն արել, թեև մշտապես խոստացել են, որ փոխելու են հոդվածը։ Պնդում է նախկինում տված ցումունքները…»։
16.11.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես մեղադրյալ հարցաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«...2016թ. դեկտեմբերի 29-ին որդու վերաբերյալ Էրեբունու քննչական բաժնում քննվող քրեական գործով քննիչ Մ.Զադոյանին առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար կաշառք, որպեսզի նա որդուն չձերբակալի և նրան առաջադրված մեղադրանքը վերաորակի ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Քննիչը համաձայնվել է իր առաջարկի հետ և աշխատասենյակ է կանչել պետի տեղակալ Բ.Եղիազարյանին, ով խոստացել է օգնել այդ հարցում։ Քննիչի ասելով հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, ում միջոցով 3.000 ԱՄՆ դոլար է փոխանցել քնիչին և պետի տեղակալին։ Խնդրում է հիմք ընդունել նախկինում տված ցումունքները, որոնք ավելի մանրամասն են գրված։ 3.000 ԱՄՆ դոլարը պատկանում է իրեն, այն գոյացել է իր երկարատև աշխատանքի խնայողություններից…»։
29.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ կասկածյալ Միքայել Զադոյանի հետ առերես հարցաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…Սոսն իրեն ասել է, որ հանդիպելու համար նրան է զանգահարել Սերգեյ Կուդրյաշովը, քանի որ Սոսը կարճ հաղորդագրություն էր ուղարկել նրա մորաքրոջ աղջկան և պահանջել էր նրա ընկերուհու հետ ընկերություն չանել, այլապես կյանքը դժոխքի կվերածի։ Կուդրյաշովը բազմիցս զանգահարել է Սոսին և պահանջել է հանդիպել նրա հետ ոչ մարդաշատ վայրում, իսկ Սոսն ասել է, որ այդ դեպքում կգա ոստիկանների հետ։ Այդ օրվանից հետո Կուդրյաշովը հետապնդել է որդուն։ 2016թ. դեկտեմբերի 20-ին, երբ տղաները մեքենան կայանել են ավտոտնակում, նրանց են մոտեցել 4 տղաներ և ծեծկռտուք է սկսվել։ Այդ ժամանակ Սոսը պաշտպանվելու նպատակով դանակով հարվածել է Սերգեյ Կուդրյաշովին և նրան պատճառել ծանր մարմնական վնասվածք։ 2016թ. դեկտեմբերի 27-ին իրենց տանը կատարվել է խուզարկություն, որին մասնակցել է նաև գործը քննող քննիչ Միքայել Զադոյանը։ Խուզարկության ժամանակ Զադոյանին ասել է, որ որդին ինքնապաշտպանվել է, նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ կամ 114-րդ հոդվածին, սակայն քննիչն ասել է, որ ինքնապաշտպանության հոդվածը 116-ն է։ Դեկտեմբերի 29-ին տղաների հետ գնացել է քննչական բաժին, հանդիպել Զադոյանին, խնդրել է օգնել իրենց և շեշտել, որը մոտը կա 3.000 ԱՄՆ դոլար։ Զադոյանն ասել է, որ պետք է կանչի պետի տեղակալին և զրուցեն նրա հետ։ Պետի տեղակալը եկել է և ասել, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Այնուհետև Զադոյանն ասել է, որ Սոսի պաշտպանը կլինի փաստաբան Գայանե Գալոյանը և փոխանցել է նրա հեռախոսահամարը։ Այդ զրույցից հետո Զադոյանն իրեն ասել է, որ մնացած բոլորը հարցերը Գայանեի հետ լուծի, նա կասի, թե ինքն ինչ պետք է անի։ Հանդիպել է փաստաբանին, պատմել եղելությունը, վերջինս ասել է՝ «գնամ քննչական, գամ»։ Վերադառնալով` Գալոյանն ասել է, որ միջնորդելու է Սոսին մեղսագրված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, քանի որ «իրենք են եկել Ձեր տան վրա», ապա ասել է, որ այդ գործը անելու համար քննչականում ուզում են 3.000 ԱՄՆ դոլար՝ առանց որևէ մեկի անունը տալու։ Բացի այդ, ասել է, որ փաստաբանի ծառայության համար պետք է վճարի 450.000 ՀՀ դրամ։ Ինքը Գալոյանին է տվել 3.000 ԱՄՆ դոլար, պայմանավորվելով, որ 450.000 ՀՀ դրամը կտա հաջորդ օրը։ Հունվարի 10-ին Սոսին ձերբակալել են, այնուհետև՝ դատարանի որոշման հիման վրա վերջինս գրավի դիմաց ազատ է արձակվել։ Սակայն, դատախազության վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Սոսը կալանավորվել է։ Դրանից հետո Գ.Գալոյանը մշտապես հուսադրել է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Բացի այդ, Զադոյանն իրեն ևս հուսադրել է, որ լավ է լինելու, պետք է սպասեն։ Հետագայում գործն ուղարկվել է դատարան։
Հավաստիացրել է, որ Գ.Գալոյանի մասին իրեն հայտնել է քննիչ Զադոյանը, քանի որ մինչ այդ, ինքը նրան ասել էր, որ Սոսի պաշտպանը լինելու է փաստաբան Կարինեն, իսկ Զադոյանն ասել է, որ որպես պաշտպան պետք է լինի Գայանե Գալոյանը։ Ինքն անձամբ է առաջարկել Զադոյանին գումար տալ։ Զադոյանն իրեն մշտապես լավ է վերաբերվել։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ և 114-րդ հոդվածներին, նշել է, որ համացանցում է նայել քրեական օրենսգիրքը, սակայն Զադոյանն իրեն ուղղել է, ասելով, որ ինքնապաշտպանությունն ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածում։ Գտնում է, որ որդու արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածին, քանի որ նրա վրա հարձակվել են։ Զադոյանի նկատմամբ թշնամանք, ատելություն և լարվածություն չունի, որպես ծնող իր երեխային պաշտպանելու իրավունք ունի։ Գալոյանն ասել է, որ 3.000 ԱՄՆ դոլարը տվել է քննչականի տղաներին, սակայն Զադոյանի անունը չի տվել։ Իրեն չի հետաքրքրել այդ 3.000 ԱՄՆ դոլարը, քանի որ իր խնդիրը որդու ճակատագիրն էր։ Երբ գործն ուղարկվել էր դատարան, ինքը Գայանեից պահանջել է իր տված 3.000 ԱՄՆ դոլարը…»։
13.10.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ մեղադրյալ Գ.Գալոյանի հետ առերես հարցաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ. դեկտեմբերի 29-ին հանդիպել է Գայանե Գալոյանին։ 2016թ. դեկտեմբերի 20-ին որդու` Սոս Գասպարյանի, և մի խումբ տղաների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ Այդ ժամանակ Սոսը պաշտպանվելու նպատակով դանակով հարվածել է Սերգեյ Կուդրյաշովին`՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք։ Սոս Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով։ Դեկտեմբերի 27-ին իր բնակարանում կատարվել է խուզարկություն, որի ժամանակ քննիչ Զադոյանին ասել է, որ դեպքի պահին որդին պաշտպանվել է, ուստի նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ կամ 114-րդ հոդվածին, սակայն քննիչն իրեն ասել է, որ ինքնապաշտանությունն ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածում։ Զադոյանի կողմից տրված ծանուցագրերի հիման վրա դեկտեմբերի 29-ին որդիների հետ գնացել է Էրեբունու քննչական բաժին։ Հանդիպել է քննիչ Զադոյանին, խնդրել է որդուն օգնել և շեշտել, որ իր մոտ 3.000 ԱՄՆ դոլար կա։ Այնուհետև Զադոյանը կանչել է պետի տեղակալին, ով իրեն ասել է, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Այդ ժամանակ նրան խնդրել է որդուն չձերբակալել և առաջադրված մեղադրանքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Այդ պահին Զադոյանը զանգահարել է Գ.Գալոյանին և ասել, որ նրա մոտ մի տղամարդ է ուղարկում, ապա իրեն ասել է, որ Գալոյանն է լինելու որդու պաշտպանը և նա կասի, թե ինչ պետք է անել։ Դրանից հետո իրեն է փոխանցել Գալոյանի հեռախոսահամարը։ Զադոյանի աշխատասենյակից դուրս գալով զանգահարել է Գալոյանին և պայմանավորվել հանդիպել նրա հետ: Նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում հանդիպել է Գալոյանին, պատմել կատարվածի մասին, վերջինս ասել է, որ Սոսի արարքին համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածը և ասել է, որ ինքը սպասի գրասենյակում, նա պետք է գնա քննչական բաժին ու գա։ Վերադառնալով, Գայանեն ասել է, որ տղաների հետ խոսել է և Սոսի մեղադրանքը փոխելու համար ուզում են 3.000 ԱՄՆ դոլար։ Ինքը տվել է այդ գումարը Գ.Գալոյանին։ 2017թ. հունվարի 10-ին Սոսը ձերբակալվել է, դրանից հետո դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և ճանաչվել է գրավի կիրառման թույլատրելիությունը։ Սակայն դատախազի բողոքի արդյունքում վերաքննիչ դատարանը կալանավորել է Սոսին։ Դրանից հետո Գ.Գալոյանը շարունակ ասել է, որ շուտով հոդվածը կփոխվի, անհանգստանալու պատճառ չկա, ամեն ինչ լավ է լինելու, թեև հոդվածն այդպես էլ չի փոխվել։
Լսելով առերես հարցաքննվող Գ.Գալոյանի ցուցմունքը, հայտնել է, որ այն չի համապատասխանում իրականությանը…»։
18.10.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ վկա Բ.Եղիազարյանի հետ առերես հարցաքննվելիս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ. հունվարի 29-ին որդու հետ կատարված դեպքի առիթով գնացել է Էրեբունու քննչական բաժին` քննիչ Զադոյանի մոտ։ Զադոյանին խնդրել է օգնել իրեն, որդուն չձերբակալել և նրան ավելի մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրել, քանի որ նա պաշտպանվելու ժամանակ է դանակով հարվածել Ս.Կուդրյաշովին, հետևաբար խնդրել է նրա արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Զադոյանը, լսելով այդ ամենը, ասել է` «...գնամ պետի տեղակալին ասեմ ու գամ»։ Երբ եկել է պետի տեղակալը, Զադոյանն իրեն ներկայացրել է որպես Սոսի հայր, ով ցանկանում է, որպեսզի օգնեն որդուն։ Դրանից հետո պետի տեղակալ Եղիազարյանն ասել է, որ օրենքի սահմաններում կօգնեն, և նա ու Զադոյանը դուրս են եկել աշխատասենյակից։ Երբ Զադոյանը վերադարձել է, իրեն առաջարկել է, որ իրենց փաստաբանը լինի Գայանե Գալոյանը, ապա իրեն է տվել վերջինիս հեռախոսահամարը։ Զադոյանը զանգահարել է Գալոյանին, ասել, որ նրա մոտ է ուղարկում մի տղամարդու։ Այնուհետև, հանդիպել է Գալոյանի հետ, նրան պատմել կատարվածի մասին, ապա, Գ.Գալոյանն իրեն ասել է, որ սպասի գրասենյակում, իսկ ինքը գնա քննչական բաժին։ Վերադառնալով գրասենյակ, Գալոյանն ասել է, որ նա կմիջնորդի արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, ապա ավելացրել է, որ այդ գործն անելու համար քննչականում ուզում են 3.000 ԱՄՆ դոլար, իսկ նրա ծառայությունների համար առանձին պետք է վճարվեր 450.000 ՀՀ դրամ։ 3.000 ԱՄՆ դոլարը Գայանեին տվել է նույն պահին, իսկ 450.000 ՀՀ դրամ` հաջորդ օրը։ 2017թ. հունվարի 10-ին Սոսն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է և գրավի դիմաց ազատ արձակվել։ Սակայն, դատախազի բողոքի քննության արդյունքում Սոսը կրկին կալանավորվել է։ Այդ ժամանակ Գ.Գալոյանը հուսադրել է, որ Սոսի արարքը շուտով կվերաորակվի և նա ազատ կարձակվի։ Ավելին, թե Զադոյանը, թե Գալոյանը մշտապես հուսադրել են, որ լավ է լինելու, սակայն գործը մայիս ամսին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով ուղարկվել է դատարան։ Հետագայում Գայանեն մեղադրել է իրեն, իբրև ինքը տարբեր տեղեր «խոսել է», որի պատճառով էլ գործը չի ստացվել, թեև ինքը որևէ մեկին չէր դիմել այդ հարցով։ Երբ Բունիաթ Եղիազարյանին է հարցրել, թե ինչ է լինելու, նա ասել է` «ձյաձ, 99 տոկոսով լավ կլինի, մի անհանգստացի»։
Լսելով Բ.Եղիազարյանի ցուցմունքը, հայտնել է, որ այն չի համապատասխանում իրականությանը…»։
Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալ Գասպարյանը տարաբնույթ հարցերին տալով ոչ միանման պատասխաններ, այդուամենայնիվ հայտնել է, որ ցուցմունքներ տալիս իրեն որևէ մեկը չի ուղղորդել, սակայն հնարավոր է, որ որոշ բառեր իր կողմից ճիշտ չեն ասվել։ Չի բացառում, որ Զադոյանի մոտ մրմնջացած լինի գումարի մասին, սակայն նա որևէ արձագանք չի տվել, որից ելնելով էլ ենթադրել է, որ նա դեմ չէ դրան։ Վերահաստատել է այն, որ Զադոյանի աշխատասենյակում գտնվելու ժամանակ, երբ նա գնացել է դեպի դուռը, սենյակ է մտել պետի տեղակալ Բ.Եղիազարյանը, ում Զադոյանն իրեն ներկայացրել է որպես Սոսի հայր, ով խնդրում է օգնել որդուն, իսկ Եղիազարյանն ասել է, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Գալոյանն իրեն չի ասել, թե քննչական բաժնում ում հետ է խոսել, ինքն է ենթադրել է, որ նա խոսել է գործը քննող քննիչի և բաժնի պետի տեղակալի հետ։ Չի մտաբերում, թե արդյոք Զադոյանն իր ներկայությամբ, մինչև փաստաբան Գալոյանի մոտ գնալը, հեռախոսով խոսել է նրա հետ, թե ոչ, սակայն իր խնդրանքով Զադոյանը տվել է Գալոյանի հեռախոսահամարը։
Համոզված չէ, որ 3.000 ԱՄՆ դոլարը տրվել է Զադոյանին, սակայն, քանի որ քննիչն էր պատասխանատու գործի համար, ցանկանում էր հանդիպել նրա հետ և իմանալ ինչումն էր խնդիրը, որ որդու արարքը չվերաորակվեց։ Վերահաստատել է այն փաստը, որ Գալոյանն իրեն ասել է, որ բացի իր տված 3.000 ԱՄՆ դոլարից, հնարավոր է, որ ևս պահանջվի այդքան գումար։ Ամբաստանյալը դատարանում հայտնել է նաև, որ համոզված չէ, որ Զադոյանը գումարից տեղյակ չէ։
Խնդրել է հիմք ընդունել դատարանում տված ցուցմունքը, քանի որ դա է համապատասխանում իրականությանը։
Ամբաստանյալ Գայանե Գալոյանը, ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատարանում, ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ Սոս Գասպարյանի հետ կապված քրեական գործով` բացառությամբ իր` որպես փաստաբանի ծառայությունների համար պայմանավորված գումարի, Բաբկեն Գասպարյանն իրեն որևէ այլ գումար չի առաջարկել, ինքը նրանից գումար չի վերցրել, որևէ մեկին գումար չի փոխանցել։ Որպես փաստաբան Բաբկեն Գասպարյանին խորհուրդ է տվել վերականգնել տուժողներին պատճառած վնասը, ավելին, որպես կանոն ցանկացած նմանատիպ քրեական գործով ինքը նույնանման խորհուրդ է տալիս նաև մյուսներին։ Ինչ վերաբերում է արարքի որակմանը, նշել է, որ ի սկզբանե որակման խնդիր չի եղել, այն առաջացել է միայն տուժողների և վկաների միջև առերեսում կատարելուց հետո։ Այլ կերպ, մինչ այդ, Սոս Գասպարյանին մեղսագրված արարքի վերաորակման մասին խոսք անգամ չէր կարող գնալ, հետևաբար, չէր կարող նաև խոսք լինել դրա համար որևէ մեկին գումար տալու շուրջ:
2015թ. հունվարի 15-ից սկսած Բ.Գասպարյանը գրեթե ամեն օր եկել է իր գրասենյակ, մշտապես խնդիրը ներկայացրել ինչպես իրեն, այնպես էլ` գրասենյակում գտնվող տարբեր անձանց։ Բ.Գասպարյանին ասել է, որ տղան` Սոսը, բնույթով թույլ անձնավորություն է, չի կարող մեկուսարանում պաշտպանել ինքն իրեն, ուստի անհրաժեշտ է կապերն օգտագործել:
Կարծում է, որ Բ.Գասպարյանը ներկայումս իրենից վրեժ է լուծում, քանի որ վերջինս երբեք չի ասել, որպեսզի ետ վերադարձնի իբրև թե նրա տված գումարը։
Ամբաստանյալը, օգտվելով իր դատավարական լիազորություններից, դատարանում հրաժարվել է այլ հարցերի վերաբերյալ ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց։ Միայն հայտնել է, որ ինչպես Բաբկեն Գասպարյանը, այնպես էլ իր դեմ ցուցմունք տված նրա ընտանիքի մյուս անդամները վրեժ են լուծում իրենից:
Ամբաստանյալ Միքայել Զադոյանը, դատարանում, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում, իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում` որպես ավագ քննիչ։
Դեպքի վերաբերյալ հայտնել է հետևյալը.
2016թ. դեկտեմբերի 20-ին քննչական բաժնում եղել է հերթապահ։ Նշված օրն ահազանգի հիման վրա օպերատիվ խմբի հետ մեկտեղ մեկնել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով իր կողմից հարուցվել է քրեական գործ։ Այդ օրը դանակահարված անձանցից մեկին ներգրավել է որպես տուժող և նրան հարցաքննել տվյալ սուբյեկտի դատավարական կարգավիճակում։ Իր կողմից կատարված քննության արդյունքում պարզվել է, որ առերևույթ հանցանք կատարած անձը հանդիսանում է Սոս Գասպարյանը։ 2016թ. դեկտեմբերի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնից ստացված գրությամբ պարզվել է Սոս Գասպարյանի բնակության հասցեն, որից հետո նույն օրը դատարանի կողմից տրված որոշման հիման վրա հետաքննության մարմնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է կատարել Ս.Գասպարյանի բնակության վայրում` Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 23-րդ շենքի 167-րդ բնակարանում։ Խուզարկության ընթացքում Սոս Գասպարյանը և նրա եղբայրը` Հովհաննես Գասպարյանը, տանը չեն գտնվել։ Խուզարկության ժամանակ իր կողմից առգրավվել է Ս.Գասպարյանի անձնագիրը և զինվորական գրքույկը։ Քննչական գործողությունն ավարտելուց հետո համապատասխան ծանուցագրեր է հանձնել Բաբկեն Գասպարյանին, համաձայն որոնց` 2016թ. դեկտեմբերի 29-ին Հովհաննես Գասպարյանը հրավիրվել է հարցաքննության որպես վկա, իսկ Սոս Գասպարյանը` որպես կասկածյալ։ Միաժամանակ պարզաբանել է, որ նրանք կարող են վարույթն իրականացնող մարմնին ներկայանալ փաստաբանի հետ միասին։ Խոսակցության ժամանակ Բ.Գասպարյանն իրեն հայտնել է, որ տարել է սրտի բաց վիրահատություն, նոր է դուրս գրվել հիվանդանոցից և առողջական վիճակը լավ չէ։ Բացի այդ, խուզարկության ընթացքում Բ.Գասպարյանին՝ նրա խնդրանքով պարզաբանել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի էությունը։
2016թ. դեկտեմբերի 29-ին առավոտյան իր աշխատասենյակ է եկել Բաբկեն Գասպարյանը. այդ ժամանակ աշխատասենյակում եղել են ինքը և Բաբկենը։ Վերջինս գտնվել է հուզական վիճակում, արտասվել է։ Հիշելով և հաշվի առնելով այն, որ նա սրտի վիրահատություն էր տարել, փորձել է հանգստացրել նրան, ասելով` «...հայրիկ ջան, հանգիստ եղիր, նախաքննություն է կատարվում, նոր է գործ հարուցված, օրենքի շրջանակներում կփորձեմ օգտակար լինել»։ Պնդել է, որ այդ զրույցի ընթացքում իր և Բաբկենի միջև որևէ գումարային խոսակցություն չի եղել, չի բացառում, որ նրան հանգստացնելու համար ասած լինի «...շատ մի մտածեք, լավ կլինի», սակայն, այդ արտահայտություններով նրան որևէ այլ հույս տալու նպատակ չի ունեցել։ Այդ ժամանակ իր աշխատասենյակ է եկել քննչական բաժնի պետի տեղակալ, իր անմիջական ղեկավար Բունիաթ Եղիազարյանը, ում ներկայացրել է Բ.Գասպարյանին և ասել, որ կասկածյալ Սոս Գասպարյանի հայրն է։ Բաբկենն օգնության խնդրանքով դիմել է նաև Բ.Եղիազարյանին, վերջինս ևս պատասխանել է, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Կրկին պարզաբանել է, որ կարող են ներկայանալ փաստաբանի հետ, իսկ նյութական միջոց չունենալու դեպքում օրենքով սահմանված կարգով կտրամադրվի հանրային պաշտպան։ Բաբկենն ասել է, որ նրանց խորհուրդ են տվել դիմել փաստաբան Գայանե Գալոյանին, միաժամանակ խնդրելով, տրամադրել նրա կոնտակտային տվյալները։ Հաշվի առելով, որ 2011 թվականից ի վեր աշխատանքի բերումով ճանաչում է Գալոյանին, քանի որ տարբեր քրեական գործերով առնչվել է նրա հետ, փոխանցել է վերջինիս հեռախոսահամարը։ Ավելին, քանի որ եղել է տարեվերջ, գործերով գերծանրաբեռնված վիճակ, զանգահարել է Գալոյանին, խնդրել, որ, եթե նա է պաշտպանելու Սոսի շահերը, ժամանակին գան քննչական բաժին` ճիշտ կերպով գործերը պլանավորելու համար։ Նշված օրը, ժամը 16։00-ի սահմաններում իր մոտ է եկել Գ.Գալոյանը` Հովհաննես Գասպարյանի հետ միասին, ում այդ օրը տեսել է առաջին անգամ: Հովաննես Գասպարյանին պարզաբանել է նրա իրավունքներն ու պարտականությունները, առաջարկել նրան ցուցմունք տալ, սակայն վերջինս, օգտվելով իր դատավարական իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց։ Հովհաննեսը պարզապես նշել է, որ Սոսն ընկել է, վնասել ոտքը, ուստի խնդրել է նրա բացակայությունը հարգելի համարել։ Նույն պահին Գ.Գալոյանն իրեն է ցույց տվել դիմում, որը հավաստում էր այդ ամենը, և դուրս է եկել իր աշխատասենյակից և այն մուտք արել բաժնի գրասենյակ, որից հետո նրանք հեռացել են։ Այդ ժամանակ Գալոյանի ձեռքում, բացի նշված դիմումից, տեսել է նաև նրա բջջային հեռախոսը, որն իր հիշելով եղել է կարմիր գույնի։
Ամանորյա տոներից անմիջապես հետո՝ հունվարի 10-ին Գայանե Գալոյանը և Սոս Գասպարյանը ներկայացել են քննչական բաժին։ Նշված օրը ձերբակալել է Սոս Գասպարյանին, ապա կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ, որից հետո միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման մջջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ Սոս Գասպարյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել գրավը։ Նույն օրը Ս.Գասպարյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից։ Դատարանի որոշումն ուղարկել է վարչական շրջանների դատախազություն` բողոքարկման հարցը քննարկելու համար։ Դրանից հետո դատախազության կողմից բողոք է ներկայացվել վերաքննիչ քրեական դատարան և դատարանի որոշմամբ Ս.Գասպարյանը կալանավորվել է։ Պնդել է, որ նախքան Ս.Գասպարյանին ձերբակալելը, քրեական գործում չի եղել որևէ հանգամանք, որը կվկայեր նրա կողմից ինքնապաշտպանություն դրսևորելու մասին։ Հայտնել է, որ Բաբկեն Գասպարյանն իրեն երբևէ չի ասել, որ Սոսի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածին։ Ինչ վերաբերում է նրան, իբրև Գ.Գալոյանն իր ասելով է ներկայացրել միջնորդություն, նշել է, որ նա երբեք նման բան չէր անի, քանի որ նա սկզբունքային փաստաբան է և մշտապես ունեցել է իր ուրույն կարծիքը։ Այդուամենայնիվ, Ս.Գասպարյանին ձերբակալելուց հետո Գ.Գալոյանը միջնորդությունը ներկայացրել է արարքի վերաորակման հետ կապված, սակայն, քանի որ պետք է կատարվեին անհրաժեշտ քննչական գործողություններ, հետաձգել է այդ միջնորդության քննությունը` մինչև կատարվելիք գործողությունների ավարտը։ Առերեսումներ կատարելուց հետո կայացրել է պատճառաբանված որոշում` միջնորդությունը մերժելու մասին:
Ավարտելով քրեական գործի նախաքննությունը, ինքն այն ուղարկել է մեղադրական եզրակացությունը հաստատելու, որից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով գործն ուղարկվել է դատարան։ Հավաստիացրել է, որ Սոսի վերաբերյալ քրեական գործով կատարել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի ժամանակ առաջնորդվել է միայն օրենքներով և ներքին համոզմամբ։ Ավելին, գործի քննության ժամանակ դատավարաության մասնակիցները ցուցմունքները գրել են ինքնուրույն, առանց որևէ ուղղորդման։
Ինչ վերաբերում է Սոս Գասպարյանին ի սկզբանե չձերբակալելուն, նշել է, որ դեկտեմբերի 29-ին նրան ձերբակալելը նպատակահարմար չէր, քանի որ նախ` այդ դեպքում 72 ժամը լրանալու էր ոչ աշխատանքային օրը, բացի այդ, դեռ չէին ստացվել իր կողմից ուղարկված գրությունների պատասխանները։ Ավելին, վերջինս չէր կարող թաքնվել քննությունից, քանի որ նրա սահմանահատումների վրա արգելք կար կիրառված։
Անդրադառնալով իր և Գ.Գալոյանի միջև կատարված հեռախոսազանգերին, նշել է, որ դրանք Սոս Գասպարյանի գործի հետ ոչ մի կապ չեն ունեցել, պարզապես փաստաբանը մի քանի այլ քրեական գործերով ևս մասնակցել է որպես պաշտպան և ինքն այդ գործերի շրջանակներում հեռախոսազրույցներ է ունեցել Գայանեի հետ, հետևաբար, այդ հեռախոսազանգերը չեն վկայում այն մասին, որ նա զրուցել է նրա հետ բացառապես Սոսի վերաբեյալ։
Ինչ վերաբերում է Սոս Գասպարյանին մեղսագրված արարքի որակմանը, ապա Բունիաթ Եղիազարյանի հետ մշտապես քննարկել են ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, դրանցով ձեռք բերված ապացույցները, ուստի, այդ համատեքստում Սոսի վերաբերյալ գործը քննարկել է ինչպես Բունիաթ Եղիազարյանի, այնպես էլ` դատախազի հետ։ Այդ քննարկումների ժամանակ ինքն այն կարծիքին չի եղել, որ Սոսի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Այլ խոսքով, իրականում, այդ գործով քննարկում ևս եղել է, ինչպես և շատ այլ գործերով:
Պնդել է, որ Բաբկեն Գասպարյանն իրեն որևէ գումար չի առաջարկել, իրենց միջև կաշառքի վերաբերյալ զրույց չի եղել, ավելին, իրեն գումար առաջարկելու դեպքում ինքն անձամբ զեկուցագիր կգրեր և գործողություններ կձեռնարկեր այդ ուղղությամբ։ Բացի այդ, համոզված է, որ իրեն գումար տալու դեպում Գասպարյանն այն իրենից կպահանջեր ուղիղ կերպով` այդ թվում նաև` ներքին դիտման ժամանակ։ Գուցե Բ.Գասպարյանը Գ.Գալոյանին գումար տվել է, սակայն ինքը տեղյալ չէ դրանից և երբևէ չի ցանկացել խորանալ դրա մեջ։
Ինչ վերաբերում է ներքին դիտման ժամանակ արձանագրված իր ձեռքի շարժմանը, նշել է, որ այն պարզապես եղել է ժեստիկուլիացիա և դրանով չի փորձել Բ.Գասպարյանին հասկացնել, որ գումարային թեմայի շուրջ չխոսի:
Չի կարող հայտնել, թե ինչու էր Բաբկեն Գասպարյանը գալիս իր մոտ նույնիսկ այն պայմաններում, երբ գործն արդեն դատարանում էր, բացի այդ, չի կարող մեկնաբանել նրա հետևյալ խոսքերը. «...Ես ախր բացարձակ չեմ զգում էդ ինչի սենց եղավ...Հետո էլ ասում ա էն, որ պետքա վերավորակեր քննչականը, բան, դու գնացել հարյուր մարդ ես խառնել։ ...Զադոյան ջան, ոնց ասիր...գնացի՞ դրան, ամեն ինչ նորմալ էր ախր, ինչի սենց եղավ...»։ Այդուամենայնիվ կարող է պնդել, որ Բ.Գասպարյանի հետ կոպիտ չի խոսել և նրան համբերատարությամբ է վերաբերվել ելնելով նրա տարիքից և առողջական վիճակից։
Վկա Էդուարդ Սիրեկանյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 16-ին նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնում։ Ճանաչում է ամբաստանյալ Մ.Զադոյանին, վերջինիս հետ գտնվել է աշխատանքային, նորմալ հարաբերությունների մեջ։ Ամբաստանյալներ Գ.Գալոյանին և Բ.Գասպարյանին չի ճանաչում։
Հայտնել է, որ 2016 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում, 16-20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թվով 7 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով։ Հիշյալ քրեական գործերից մեկը՝ Սոս Գասպարյանի վերաբերյալ, հանձնարարվել է քննչական բաժնի քննիչ Միքայել Զադոյանին։ Ընդհանրապես գործերի հանձնարարումը կատարվել է հետևյալ կերպ. իր կողմից քրեական գործի նախաքննության կատարումը մակագրվել է իր տեղակալ Բ.Եղիազարյանին, վերջինիս կողմից` համապատասխան քննիչին, տվյալ դեպքում` Մ.Զադոյանին: Իր հիշելով՝ 2017 թվականի մայիս ամսին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մտաբերում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է, այնուհետև, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և միաժամանակ, ճանաչելով գրավի թույլատրելիությունը, դատարանը նրան ազատ է արձակել կալանքից։
Ներկայացնելով հարուցված քրեական գործերի՝ իր կողմից ուսումնասիրելու հանգամանքը, վկան նշել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործերը ինքը մշտապես քննարկել է գործը քննող քննիչի և նրա վերադասի հետ, բացառություն չի եղել նաև թիվ 12808616 քրեական գործով։ Մասնավորապես, նախաքննություն իրականացնող քննիչի՝ Մ.Զադոյանի, և նրա անմիջական վերադասի՝ Բ.Եղիազարյանի, հետ միասին իր աշխատասենյակում քննարկել է այն։ Քննարկման ժամանակ քննիչ Մ.Զադոյանը բանավոր կերպով ներկայացրել է գործով ձեռք բերված փաստական հանգամանքները, ապացույցները։ Վկան դատարանին հավաստիացրել է, որ քննիչ Զադոյանը ներկայացրել է գործի իրական և օբյեկտիվ հանգամանքները, ավելին, վերջինս առաջադված մեղադրանքի նկատմամբ որևէ հատուկ կարծիք չի ունեցել, մեղադրանքի փոփոխության առումով հակվածություն` ևս։ Բացի այդ, գործի քննարկումը Զադոյանի կամ Եղիազարյանի նախաձեռնությամբ չի եղել, այլ իրականացվել է որպես ընդունված ընթացակարգ։ Քննարկման ժամանակ իր տեղակալ Բ.Եղիազարյանն իրեն հայտնել է, որ տվյալ գործով պաշտպանը վիճարկում է առաջադրված մեղադրանքը և ներկայացրել է միջնորդություններ՝ կապված արարքի վերաորակման հետ։ Այդ ժամանակ իրեն որևէ տեղեկություն չի տրամադրվել, թե ով է իրականացնում մեղադրյալի շահերի պաշտպանությունը, ինչն իրեն, այսպես ասած, «հետաքրքիր» չի էլ եղել, այսինքն, Բ.Եղիազարյանը միայն տեղեկացրել է նրա կողմից ներկայացված միջնորդությունների վերաբերյալ։ Հստակ չի կարող ասել, թե երբ է տեղի է ունեցել հիշյալ քննարկումը, սակայն մտաբերում է, որ այն եղել է կամ գործի վերջնական փուլում կամ այն ժամանակ, երբ ինքը վերադարձել էր արձակուրդից։ Քննարկման արդյունքում հասկանալով, որ գործում առերևույթ առկա են նաև անհրաժեշտ պաշտպանության որոշակի տարրեր` կապված տուժողների քանակի, նրանց կողմից մեղադրյալին հետապնդելու և նրան ծեծի ենթարկելու հետ, ինքն առաջարկել է տվյալ քրեական գործի հանգամանքները քննարկել նաև վարչական շրջանների դատախազի հետ՝ համապատասխան կարծիք ստանալու համար։ Այդ նպատակով հիշյալ քրեական գործի հանգամանքները միայնակ, հեռախոսազանգի միջոցով քննարկել է վարչական շրջանների դատախազ Ռ.Խաչատրյանի հետ, բացի այդ, վերջինիս խնդրել է այն քննարկել նաև վերադաս դատախազների հետ։ Այլ կերպ, քննարկումը վերաբերել է զուտ արարքի որակմանը, քանի որ գործում եղել են նաև որոշակի տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի հատկանիշների վերաբերյալ։ Հետագայում, երբ դատախազությունից հայտնել են, որ գործը ցանկանում են քննարկել նաև գլխավոր դատախազությունում, իսկ իրենք այդ պահին արդեն ի վերջո եկել էին այն եզրահանգման, որ անձի արարքում առկա են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ, այլ 112-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշներ, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ քրեական գործերը վեց ամսից ավել չէր կարելի պահել նախաքննության փուլում, քննիչի կողմից կազմվել, իսկ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է գործի մեղադրական եզրակացությունը և այն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության։ Այսինքն, ինքը և նախաքննություն կատարող անձը եկել են այն եզրահանգման, որ գործում առկա են բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներ, թեև ինքն անձամբ գործի նյութերը չի նայել և կարծիք է կազմել վերջինիս ներկայացրածով։
Հավաստիացրել է, որ քննչական բաժին մուտք եղած բոլոր միջնորդությունները, որոնց վրա առկա է եղել իր մակագրությունը, ուսումնասիրվել են իր կողմից, դրանք ինքը քննարկել է տեղակալի և դատախազի հետ։ Ինչ վերաբերում է քննիչ Զադոյանին, ապա, իր աշխատած ժամանակահատվածում ներկայացված միջնորդությունները նա քննարկել է իր վերադասի հետ, անհրաժեշտության դեպքում՝ նաև իր հետ։ Անդրադառնալով Սոս Գասպարյանի գործով պաշտպան Գ.Գալոյանի կողմից ներկայացված միջնորդություններին, նշել է, որ դրանց մասին իրեն տեղացրել է քննիչ Զադոյանը, սակայն դրանց ընթացքի` մերժման կամ բավարարման, վերաբերյալ քննիչի հետ քննարկումներ չեն ունեցել:
Այն բոլոր դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան են ներկայացվել միջնորդություններ` անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, և դատարանի կողմից դրանք մերժվել են կամ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել գրավը, իր հանձնարարությամբ միջնորդությունը և խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը՝ ուղեկցական գրությամբ ուղարկվել է վարչական շրջանների դատախազություն՝ խնդրանքով՝ վերաքննության կարգով բողոքարկել այն։ Սույն դեպքում ևս, ուղեկցական գրությամբ որոշումն ուղարկվել է դատախազություն, իսկ ուղեկցական գրությունը կազմվել է քննիչ Մ.Զադոյանի կողմից:
Կապված առաջադրված մեղադրանքի հետ, նշել է, որ թեև մեղադրանքն առաջադրվել է քննիչի կողմից, սակայն այդ հարցը համարյա թե մշտապես քննարկվել է իր հետ։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ արարքի որակման հետ կապված տարակարծություն է առաջացել իր և դատախազի միջև, և դատախազության կարծիքին հակառակ որոշում է կայացվել: Ինչ վերաբերում է տվյալ գործով Սոս Գասպարյանի ձերբակալմանը, ապա նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված բոլոր քրեական գործերով, եթե հայտնի է եղել կասկածյալը, ապա վերջինս անպայմանորեն ձերբակալվել է, ուստի այս դեպքում ևս ձերբակալելու կամ չձերբակալելու խնդիր չի եղել։
Դատարանն արձանագրելով, որ վկայի դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, որոշում է կայացրել հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները։
Մասնավորապես՝
22.09.2017թ-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որպես վկա հարցաքննվելիս Էդուարդ Սիրեկանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«Պարզաբանվել են որպես վկա իր իրավունքներն ու պարտականությունները, դրանք պարզ են և հասկանալի, տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր լեզվին, սակայն ցուցմունքը գրի է առնվում քննիչի կողմից, և չի առարկում, որպեսզի հարցաքննությունն արձանագրվի համակարգչի միջոցով։ Տեղեկացել է, որ կանչվել է հարցաքննության ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես վկա։ Պարզաբանվել է հարցաքննության փաստաբանի հետ ներկայանալու և իր դեմ ցուցմունք չտալու իր իրավունքը, չի ցանկանում օգտվել այդ իրավունքից, պատրաստ է ցուցմունք տալ և պատասխանել բոլոր հարցերին։ Ներկայումս զբաղեցնում է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը, արդարադատության փոխգնդապետ է։
ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման պահից զբաղեցրել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը, որից հետո, 2014թ. նոյեմբերի 16-ին նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնում։ 2015թ. դեկտեմբերի 16-ին նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնում, որտեղ աշխատել է մինչև 2017թ. մայիսի 13-ը, որից հետո տեղափոխվել է ներկայիս պաշտոնին։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ աշխատելու ընթացքում ունեցել է երկու տեղակալ՝ Բունիաթ Եղիազարյանը և Ալեքսեյ Բաբլումյանը։ Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Թամազյանի համապատասխան հրամանի՝ աշխատանքի բաժանումը կատարվել է հետևյալ կերպ՝ քննչական բաժնի քննիչների մի մասը հանդիսացել են մի տեղակալի ենթակայության քննիչներ, իսկ մյուս մասը՝ մյուս տեղակալի։ Բացի այդ, երկու քննիչ գտնվել են իր անմիջական ենթակայության և հսկողության ներքո։ Այդ ամենը կարգավորվել է իր կողմից նշված անձի հրամաններով, այլ ոչ թե՝ ներքին պայմանավորվածությամբ։ Երբ ինքը տեղափոխվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, Մ.Զադոյանն աշխատելիս է եղել այդ բաժնում, նա զբաղեցրել է ավագ քննիչի պաշտոնը։ Սկզբնապես Միքայել Զադոյանը գտնվում էր Ա.Բաբլումյանի ենթակայության ներքո, սակայն, իր մտաբերելով, 2016 թվականի մայիս ամսին, իր կողմից զեկուցագիր է ներկայացվել Ա.Թամազյանին և Մ.Զադոյանի վերադասությունը փոխարինվել է Բունիաթ Եղիազարյանով, քանի որ Ա.Բաբլումյանը բանավոր կարգով հրաժարվում էր նրա վերադասը լինելուց` նշելով, որ վերջինս նրա հանձնարարությունները կատարում է որոշակի ձգձգումներով, այլ պատճառ չի եղել: Մինչև իր տեղափոխվելը՝ Մ.Զադոյանը գտնվել է Բունիաթ Եղիազարյանի անմիջական ենթակայության ներքո։ Բ.Եղիազարյանի և Մ.Զադոյանի հետ գտնվել է միայն աշխատանքային հարաբերությունների մեջ, նույնը կարող է ասել նաև Բ.Եղիազարյանի և Մ.Զադոյանի հարաբերությունների մասին։ Իր մտաբերմամբ՝ 2017թ. հունվարի 20-ից հետո մինչև մարտի 23-ը ինքը գտնվել է հերթական արձակուրդի մեջ, այդ ընթացքում բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել Բ.Եղիազարյանը: Արձակուրդից հետո մինչև ապրիլի 7-ն ինքն անցել է աշխատանքի, որից հետո զեկուցագիր է ներկայացրել աշխատանքից դուրս գալու և թոշակավորվելու վերաբերյալ։ Այդ ընթացքում, մինչև 2017թ. մայիսի 16-ը, բաժնի պետի պաշտոնակատար է հանդիսացել Ալեքսեյ Բաբլումյանը, որից հետո ինքը դարձյալ վերանշանակվել է բաժնի պետի պաշտոնին։ Իր բջջային հեռախոսահամարն է` 094-31-44-74, որն օգտագործում է երկար տարիներ, այլ հեռախոսահամար չունի։ Իր տեղեկություններով՝ Բ.Եղիազարյանը նույնպես ունեցել է մեկ հեռախոսահամար՝ 093-07-00-82, իսկ Մ.Զադոյանի հեռախոսահամարն է՝ 093-00-35-85։ Չի կարող ասել, թե նրանք այլ հեռախոսահամարներ ունեն, թե ոչ։
Չի ճանաչում փաստաբան Գայանե Գալոյանին, նրա հետ երբևէ չի առնչվել, նրա մասին լսել է Էրեբունու քննիչներից որպես փաստաբանի, ով աշխատում է բաժնի մոտ գտնվող գրասենյակներից մեկում, չի բացառում, որ նա քրեական գործերով մասնակցած լինի, սակայն կոնկրետ դեպք չի կարող մտաբերել։ Տեղյակ չէ, թե Գ.Գալոյանն ինչ հարաբերությունների մեջ է գտնվել Մ.Զադոյանի և Բ.Եղիազարյանի հետ։ Մտաբերում է, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում աշխատելու ընթացքում քննիչների կողմից քննվել են բազմաթիվ քրեական գործեր` հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Մտաբերում է, որ միայն 2016 թվականի դեկտեմբեր ամսին գրեթե միաժամանակ հարուցվել է շուրջ 7 քրեական գործ այդ հոդվածի հատկանիշներով, ուստի չի կարող մտաբերել թիվ 12808616 քրեական գործը։ Քննիչի կողմից իրեն դեպքի հանգամանքները ներկայացվելուց հետո նշել է, որ չի կարողանում մտաբերել այդ դեպքը, չի բացառում, որ որպես պետ իրեն զեկուցած լինեն քրեական գործի ընթացքի մասին, սակայն, քանի որ չի մտաբերում մանրամասները, ապա չի կարող ասել, թե այդ քննարկումների ընթացքում ինչպիսի դիրքորոշում են հայտնել քննիչը կամ տեղակալը։ Բաժինը եղել է ծանրաբեռնված, վարույթները հասել են մինչև 200 քրեական գործի, ուստի չի կարող մտաբերել թիվ 12808616 քրեական գործը։ Այդուամենայնիվ, վկան մտաբերելով տվյալ գործը, հայտնել է, որ որպես քննչական բաժնի պետ, մեղադրյալին գրավով ազատելու վերաբերյալ դատարանի որոշումը գրությամբ ուղարկել է վարչական շրջանների դատախազին, որպեսզի վերջինս վերաքննության կարգով բողոքարկեր այն, որն իր կողմից կատարվել է ցանկացած այն դեպքում, երբ դատարանի կողմից գրավ է կիրառվել։ Մտաբերում է, որ դատախազի կողմից բողոքարկվել է դատարանի որոշումը, բողոքը բավարարվել է։ Մտաբերել է, որ քննիչ Զադոյանը և բաժնի պետի տեղակալ Բ.Եղիազարյանը իր հետ այդ քրեական գործը քննարկելիս կարծիք են հայտնել, որ առկա է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրեր, և ինքը, որպես բաժնի պետ, նրանց ասել է, որ այդ հանգամանքը քննարկեն վարչական շրջանի դատախազ Ռաֆայել Խաչատրյանի հետ։ Մտաբերում է, որ Մ.Զադոյանը և Բ.Եղիազարյանը այդ հանգամանքը քննարկել էին վարչական շրջանի դատախազ Ռաֆայել Խաչատրյանի և հսկողություն իրականացնող դատախազ Հայկ Մովսիսյանի հետ, ովքեր նույնպես այսպես կոչված «տատանվել էին» արարքի որակման հարցում և ասել, որ պետք է քննարկեն Երևան քաղաքի դատախազության հետ և քրեական գործը մնացել էր նրանց մոտ։ Չի կարող հայտնել, արդյոք քննիչը և տեղակալը մասնակցել են Երևան քաղաքի դատախազությունում տեղի ունեցած քննարկմանը, թե ոչ, սակայն իր մտաբերմամբ` նրանք ներկա չեն գտնվել։ Նշել է, որ քրեական գործի քննարկման արդյունքում որոշվել էր գործը քննարկել գլխավոր դատախազությունում, քանի որ նրանք նույնպես տատանվել են արարքի որակման հարցում` 112-րդ հոդվածի 1-ին մասով, թե 116-րդ հոդվածի 2-րդ մասով, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության կողմից որոշվել էր, որ քրեական գործը պետք է ուղարկվի դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատարանի կողմից դատաքննության ընթացքում կատարվեր արարքի վերաորակում։ Իրեն այդ մասին ասել էր վարչական շրջանների դատախազ Ռ.Խաչատրյանը, ապա, ինքը քննիչին ասել է, որպեսզի նախաքննությունն ավարտի և քրեական գործն ուղարկի դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Մ.Զադոյանը և Բ.Եղիազարյանը որևէ դիրքորոշում չեն հայտնել քրեական գործն այդ հոդվածով դատարան ուղարկելու որոշման վերաբերյալ, կատարել են ընդհանուր որոշումը և քրեական գործն ուղարկվել է դատարան։ Ինքն անձամբ չի կարդացել այդ քրեական գործը, չի ուսումնասիրել այն, դրա մասին իրեն զեկուցել են Բ.Եղիազարյանը և Մ.Զադոյանը։ Բ.Եղիազարյանը և Մ.Զադոյանն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման մասին իրեն հայտնել են քրեական գործի քննության ավարտական փուլում, կոնկրետ օրը և ամիսը չի մտաբերում, միայն կարող է ասել, որ դա սկզբում չի եղել։ Չի կարող հիշել Սոս Գասպարյանի՝ 2017թ. հունվարի 10-ին ինքնակամ ներկայանալու հանգամանքը։ Ծանոթանալով քննիչի կողմից ներկայացված, քրեական գործում առկա դիմումը, որը ներկայացրել է Գ.Գալոյանն առ այն, որ Ս.Գասպարյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկայանալ քննչական բաժին և կներկայանա առողջական վիճակը կարգավորվելուց հետո, հայտնել է, որ ինքն այդ դիմումը չի մակագրել, դա արված է բաժնի պետի տեղակալ Բ.Եղիազարյանի կողմից, չի մտաբերում տվյալ դիմումը։ Չի կարող պատասխանել, թե ինչ պատճառով քննիչ Զադոյանը 2016թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ որոշում չի կայացրել Ս.Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու, նրան հետախուզում հայտարարելու և խափանման միջոց կիրառելու մասին այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված տվյալներով օրենքով արգելված արարքը կատարել է Ս.Գասպարյանը, սակայն կարող է նշել, որ այդ ամենը եղել է տարեվերջին, որի պայմաններում առաջնահերթության կարգով ավարտվել են ավելի շուտ հարուցված քրեական գործերը, բացի այդ, բաժինը եղել է ծանրաբեռնված։ Չի կարող մտաբերել, թե հիշյալ քրեական գործը քանի անգամ է ինքը քննարկել քննիչի և տեղակալի հետ։ Չի ճանաչում այդ քրեական գործով մեղադրյալի հարազատներին, նույնիսկ մեղադրյալին չի տեսել, չի առնչվել վերջինս հետ, տեղյակ չէ, արդյոք քննիչը կամ տեղակալն առնչվել են նրանց հետ, թե ոչ։ Այդ գործով պաշտպանի մասնակցության մասին որևէ հանգամանք չի մտաբերում, իսկ միջնորդությունների, դրանց քննարկման կամ կայացված որոշումների մասով դարձյալ ոչինչ հայտնել չի կարող։ Մեղադրյալի հոր կողմից փաստաբան Գ.Գալոյանի միջոցով քննիչ Զադոյանին և տեղակալ Բ.Եղիազարյանին 3.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու վերաբերյալ տեղյակ չէ, ինքը կաշառք չի վերցրել, որևէ մեկից գումար չի պահանջել, նման տեղեկություն չունի։
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան պնդել է, որ քննիչ Մ.Զադոյանն իր աշխատասենյակում ներկայացրել է գործը և ինչպես Զադոյանը, այնպես էլ՝ Եղիազարյանը, որևէ կարծիք, դիրքորոշում չեն հայտնել՝ անհրաժեշտ պաշտպանության տարրերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նախաքննական ցուցմունքում տպագրվել է, որ վերջիններս կարծիք են արտահայտել՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրերի վերաբերյալ, նշել է, որ հնարավոր է, որ դա տպագրական վրիպակ է եղել, ինքն էլ ուշադիր չի եղել։ Գտնում է, որ նախաքննական ցուցմունքում պետք է տպագրվեր, որ քննիչը և տեղակալը «տվյալներ» են հայտնել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրերի վերաբերյալ, այլ ոչ թե՝ «կարծիք»։ Այլ կերպ, գործը ներկայացնելիս քննիչը և տեղակալը ներկայացրել են տվյալներ, որոնք պարունակել են անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրեր։ Մ.Զադոյանը և Բ.Եղիազարյանը տվյալ գործով երբևէ դիրքորոշում չեն հայտնել՝ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու և դատարան ուղարկելու մասին։ Գտնում է, որ «տարրեր» և «հատկանիշներ» բառերը նույնական են։ Ցուցմունքը գրելուց հետո կարդացել է այն, չի հիշում, արդյոք որևէ անհամաձայնություն է ունեցել է ցուցմունքի հետ, թե ոչ։
Պնդել է, որ վարչական շրջանների դատախազի հետ գործը պետք է ինքը քննարկեր, իսկ նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ նշված է, որ քննիչը և տեղակալը պետք է քննարկեին, կրկին վրիպակ է։ Թեև կարդացել է նախաքննական ցուցմունքը, սակայն կարդալիս ինքը վրիպակը չի տեսել, քանի որ հասկացել է իր գրած նախադասության միտքը։
Վկա Հռիփսիմե Գրիգորյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը հանդիսանում է իր ամուսինը։ Ճանաչում է ամբաստանյալներ Գայանե Գալոյանին և Միքայել Զադոյանին։ Մասնավորապես, Գ.Գալոյանը հանդիսացել է որդու` Սոս Գասպարյանի, փաստաբանը, իսկ Մ.Զադոյանը` որդու վերաբերյալ հարուցված քրեական գործով նախաքննություն կատարող քննիչը։
Վկան ցուցմունք է տվել, որ 2016թ. դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել հետևյալը։ Տղաներին հետապնդել են 4 հոգի և երեկոյան ժամը 21-21։30-ի սահմաններում, երբ որդիները կայանել են մեքենան, ավտոտնակի մոտ նրանց են մոտեցել այդ 4 անձինք և վիճաբանել նրանց հետ։ Վիճաբանության ընթացքում որդուն` Սոս Գասպարյանին, գցել են գետնին, ապա սկսել ոտքերով հարվածներ հասցրել, այդ իսկ պատճառով որդին ինքնապաշտպանվելու նպատակով մոտը գտնվող դանակով հարվածել է իրեն ծեծի ենթարկողներին։ Ստեղծված միջադեպից հետո իրենց բնակարան են այցելել իրավապահ մարմնի աշխատակիցները` այդ թվում նաև քննիչ Մ.Զադոյանը և կատարել են քննչական գործողություն` խուզարկություն։ Խուզարկություն կատարելու ընթացքում, երբ քննիչ Զադոյանն ասել է, որ իր որդու գործողությունները կրել են դիտավորյալ բնույթ, քանի որ Սոսը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել նրա վրա հարձակված 3 անձանց, չի համաձայնվել վերջինիս հետ և պատասխանել է, որ իրականում որդին պաշտպանվել է, ուստի նրա գործողություններում դիտավորություն առկա չէ։ Դրանից հետո, Մ.Զադոյանը ծիծաղելով պատասխանել է, որ ինքն օգտագործում է իրավաբանական տերմին, ապա քննչական գործողությունն ավարտելուց հետո տվել է համապատասխան ծանուցագրեր` քննչական բաժին ներկայանալու վերաբերյալ։ Հայտնել է, որ Մ.Զադոյանին տեսել է միայն այդ օրը, բացի հիշյալ խոսակցությունից, իր և Մ.Զադոյանի միջև այլ խոսակցություն չի եղել, ավելին, արարքի վերաորակման մասին Մ.Զադոյանը ոչինչ չի ասել։ Հաջորդ օրն ինքն ամուսնու և երկու որդիների հետ գնացել է քննչական բաժին։ Սակայն, մինչ քննչական բաժին բարձրանալը և քննիչին ներկայանալը, իրենք այցելել են փաստաբանական գրասենյակ, հանդիպել ամուսնու ծանոթին` փաստաբան Կարինեին։ Վերջինիս հետ զրուցել են մոտավորապես 10 րոպե, որի ընթացքում պատմել, ներկայացրել են Սոսի հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, որի վերաբերյալ փաստաբանը տվել է որոշակի խորհուրդներ և հարցրել է, թե մինչ այդ պահը ինչ քայլեր են ձեռնարկել։ Կարինեի հետ՝ Սոսի շահերի պաշտպանությունն իրականացնելու առումով պայմանագիր չի կնքվել։ Այնուհետև, ամուսինը միայնակ գնացել է քննչական բաժին, սակայն բաժնում նրան տեղեկացրել են, որ քննիչ Մ.Զադոյանն այնտեղ չէ, գործով դուրս է եկել։ Ամուսնու` քննչական բաժնից վերադառնալուց հետո միասին գնացել են տուն։
Ներկայացնելով դեպքերի հետագա ընթացքը, վկան հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին երեկոյան, երբ ամուսինը եկել է տուն, ասել է, որ որդու շահերը պաշտպանելու է ոչ թե իրենց ծանոթ փաստաբան Կարինեն, այլ փաստաբան Գայանե Գալոյանը։ Ամուսինը պարզաբանել է, որ ինքը զրուցել է քննիչ Մ.Զադոյանի հետ և խնդրել է վերջինիս փոխել որդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը, քանի որ որդին դեպքի պահին ինքնապաշտպանվել է։ Միևնույն ժամանակ, ամուսինը քննիչին առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար, սակայն քննիչը ոչինչ չի ասել, իսկ ամուսնուն ուղղորդել է գնալ փաստաբան Գայանե Գալոյանի մոտ։ Մասնավորապես, քննիչ Զադոյանն իր աշխատասենյակից ամուսնու ներկայությամբ զանգահարել է Գ.Գալոյանին և ասել, որ նրա մոտ հաճախորդ է ուղարկում, որպեսզի վերջինս զբաղվի տվյալ անձի գործով։ Ընդ որում, Բաբկենն ասել է, որ այդ օրը Գայանե Գալոյանի գրասենյակում Սոսի և Հովհաննեսի ներկայությամբ Գայանեին է տվել 3.000 ԱՄՆ դոլար, իսկ վերջինս խոստացել է այդ գումարի դիմաց օգնել իրենց, որպեսզի Սոսին չձերբակալեն և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Այսինքն, ամուսնու հետ կաշառքի գումարը Գ.Գալոյանին տալու վերաբերյալ զրուցել է հենց այդ` դեկտեմբերի 29-ի երեկոյան։ Որդիներն այդ հանգամանքի մասին ևս տեղյակ են եղել։ Մասնավորապես, Հովհաննեսը ևս ասել է, որ Գ.Գալոյանի աշխատասենյակում նրան են տվել 3.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Հովհաննեսը և Գայանեն բարձրացել են քննիչի մոտ, ապա Գայանեն մի պահ դուրս է եկել սենյակից, այնուհետև, երբ վերադարձել է, միասին դուրս են եկել քննչական բաժնից։ Ինչ վերաբերում է Սոսին, ով 29.12.2016թ-ին ևս գտնվել է քննչական բաժնում, նշել է, որ, քանի որ նրա ոտքն այդ օրը ցավել է և նա չի կարողացել բարձրանալ աստիճաններով, Գ.Գալոյանը նրան ասել է, որ կարող է ներկայանալ ամանորյա տոներից հետո։
Պատասխանելով դատարանում իրեն առաջադրված հարցերին, վկան հայտնել է նաև, որ Գ.Գալոյանին տրված 3.000 ԱՄՆ դոլար գումարը եղել է ամուսնու մոտ, այդ գումարը նա վերցրել տանից սակայն չգիտի, թե երբ։ Սկզբնական շրջանում, երբ ամեն ինչ նորմալ է ընթացել, ինտուիտիվ կերպով ենթադրել է, որ պայմանավորվածության համաձայն` Գ.Գալոյանը 3.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է քննիչ Մ.Զադոյանին, սակայն, հետագայում, երբ ամեն ինչ խառնվել է և իրենց պայմանավորվածությունը ձախողվել, կարծիքը փոխել է և սկսել է կասկածել, թե արդյոք նա գումարը փոխանցել է քննիչին, թե՝ ոչ։ Այդուամենայնիվ, տեղյակ է, որ քննիչ Զադոյանն ամուսնուց անմիջապես գումար չի վերցրել, այլ նրան ուղղորդել է դիմել Գ.Գալոյանին։
Անդրադառնալով Սոս Գասպարյանի գործին վկան նշել է, որ հունվարի 10-ին որդին ձերբակալվել է։ Որդու ձերբակալման պահից հասկացել են, որ ինչ-որ մի բան ճիշտ ձևով չի ընթանում։ Երեք օր մնալով ձերբակալվածի կարգավիճակում, դատարանի որոշմամբ որդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի և 500.000 ՀՀ դրամ գրավի գումարի վճարման դիմաց վերջինս ազատ է արձակվել կալանքից։ Թեև որդին գրավի դիմաց ազատ արձակվելով, որոշ ժամանակ գտնվել է ազատության մեջ, սակայն Մ.Զադոյանը միջնորդել է վերաքննիչ դատարանին Սոս Գասպարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը վերացնել, պատճառաբանելով, որ նրա ազատության մեջ գտնվելը վտանգավոր է հանրության համար, որից հետո՝ մարտ ամսին, դատարանի որոշմամբ Սոսը կրկին կալանավորվել է: Սոսին` քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու օրը երեկոյան ժամին հանդիպել է Գ.Գալոյանին, հարցրել, թե, ինչու է այդպես ստացվել, վերջինս ասել է` «...դե հիմա»։ Հետագայում, բազմիցս հանդիպել են Գ.Գալոյանին, հետաքրքրվել որդու հետ կատարվող գործողությունների հետագա ընթացքի մասին և նա անընդհատ հուսադրել է, որ ամեն ինչ լավ է լինելու և շուտով նրան պետք է ազատ արձակեն։
Բացի այդ, Սոսին կալանավորելուց հետո ամուսինը մի քանի անգամ հադիպել է քննիչ Զադոյանին, վերջինս նույնպես հուսադրել է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եղել է դեպք, երբ մեկ անգամ ամուսինն իր ներկայությամբ Գ.Գալոյանին ասել է, որ այդքան գումար են տվել, սակայն ոչինչ չի արվել հօգուտ Սոսի, իսկ Գայանեն որևէ բան չի ասել, չժխտելով նաև գումար վերցնելու փաստը։ Չգիտի, արդյոք Բաբկենը հետագայում Գայանեին գումարի վերադարձման պահանջ ներկայացրել է, թե ոչ։
Հետագայում, երբ ինքը և ամուսինը համոզվել են, որ սխալ քայլի են դիմել, խաբվել են մինչ այդ խոստումներ տված Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի կողմից, ամուսինը որոշել է ներկայանալ և այդ ամենի մասին հայտնել իրավապահ մարմիններին` հավատալով արդարադատությանը։ Ինչ վերաբերում է սխալ քայլի դիմելուն, մեկնաբանել է, որ ընդհանուր առմամբ գումար տալով որևէ արդյունքի չեն հասել։ Կարծում է, որ Մ.Զադոյան ակնհայտ անարդարացի է վարվել Սոսի հետ:
Հավաստիացրել է, որ նախկինում իրենք բազմաթիվ անգամներ հանդիպել են Գ.Գալոյանի հետ, վերջինս հուսադրել, խոստացել է, որ ամեն ինչ լավ է լինելու, որդուն առաջադրված մեղադրանքը վերաորակվելու է, սակայն իրականում այդպես էլ ոչինչ չի եղել: Ներկայումս որդին` Սոսը, կալանավորված է, գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Տեղյակ է նաև, որ բացի 3.000 ԱՄՆ դոլարից, ամուսինը 30.12.2016թ-ին նրան է տվել նաև 450.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության մատուցման գումար։
Վկան պնդել է, որ դատարանում ցուցմունք տալիս կաշկանդված չէ և հայտնում է միայն ճշմարտությունը։ Ինչ վերաբերվում է Բունիաթ Եղիազարյանին, ապա նման անձ չի ճանաչում, իսկ Մ.Զադոյանին տեսել է միայն մեկ անգամ, այն էլ` իրենց տանը կատարված խուզարկության ժամանակ։ Դրանից հետո նրա հետ երբևէ չի շփվել։ Իրավապահ մարմիններին դիմելիս ամուսինը չի իմացել, որ կաշառք տալու համար կենթարկվի քրեական պատասխանատվության։ Բացի այդ, որևէ մեկը ամուսնուն չի խոստացել, որ նա Միքայել Զադոյանի դեմ ցուցմունք տալու պայմաններում չի ենթարկվի քրեական պատասխանատվության։ Այդպիսի երաշխիքներ չեն եղել։
Վկա Հովհաննես Գասպարյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը հանդիսանում է հայրը, իսկ Սոս Գասպարյանը` եղբայրը։
2016թ. դեկտեմբերի 20-ին, երբ ինքը և եղբայրը` Սոս Գասպարյանը, աշխատանքից վերադառնալիս են եղել տուն, իրենց են հանդիպել չորս անծանոթ տղաներ։ Իրենց միջև ծագած միջադեպի ժամանակ այդ տղաները ծեծի են ենթարկել իրեն և եղբորը, որից հետո Սոս Գասպարյանը, իրենց պաշտպանելու նպատակով՝ դանակով, հարվածել է իրենց հետ վեճի բռնված անծանոթներին։ Հիշյալ դեպքից մի քանի օր անց` 2016թ. դեկտեմբերի 26-ին կամ 27-ին իրենց տուն են եկել իրավապահ մարմնի երեք աշխատակիցներ և կատարել են քննչական գործողություն` խուզարկություն։ Խուզարկություն կատարելու ընթացքում ինքը տանը չի գտնվել։ Երբ եկել է տուն, մայրն ասել է, որ իրավապահ մարմնի աշխատակցի կողմից տրվել են ծանուցագրեր, համաձայն որոնց` դեկտեմբերի 29-ին ինքն ու եղբայրը պետք է ներկայանան քննչական բաժին` ինքը որպես վկա, Սոսը` որպես կասկածյալ հարցաքննվելու նպատակով։ Մորից տեղեկացել է նաև, որ իրենց այցելած իրավապահ մարմնի աշխատկիցներից մեկը հայտնել է, որ Սոսը երեք անձի դանակով հարվածել է, սակայն մայրը պատասխանել է, որ իրականում որդիները ինքնապաշտպանվել են։ Այնուհետև, դեկտեմբերի 29-ին, ժամը 11։00-ի սահմաններում ինքը, եղբայրը, հայրը և մայրը դուրս են եկել տանից և գնացել քննչական բաժին։ Հասնելով նշված վայր, հայրն ասել է իրենց, որ նա միայնակ կբարձրանա քննչական բաժին, իսկ իրենք պետք է նրան սպասեն դրսում, որից հետո նա գնացել է։ Չգիտի, թե հայրն ինչ նպատակով է միայնակ գնացել քննչական բաժին, սակայն կարծում է, որ նպատակը եղել է Սոսի վերաբերյալ հարցերը կարգավորելը։ Երբ հայրը վերադարձել է քննչական բաժնից, ասել է, որ վերևում հանդիպել է քննիչ Մ.Զադոյանին և գումար է առաջարկել` Սոսի արարքը վերաորակելու համար։ Մասնավորապես, հայրն ասել է, որ քննիչը համաձայնվել է օգնել Սոսին, ուստի հորը փոխանցել են փաստաբան Գ.Գալոյանի հեռախոսահամարը, որպեսզի Սոսի պաշտպանությունն իրականացնելու նպատակով դիմեն վերջինիս։ Հավելել է, որ մինչ քննչական բաժին գնալը և քննիչ Զադոյանին հանդիպելը, իրենք հանդիպել են փաստաբան Կարինե Շախմուրադյանին, նրան պատմել եղելությունը, սակայն վերջինս խորհուրդ է տվել դիմել դատաբժիշկի` որոշակի փաստեր` ապացույցներ, ձեռք բերելու նպատակով։ Դրանից հետո Կ.Շախմուրադյանին չի տեսել, նրա հետ որևէ համաձայնություն` կապված Սոսի շահերը պաշտպանելու վերաբերյալ, ձեռք չեն բերել։ Բացի այդ, երբ հայրը քննչական բաժնում հանդիպել է Զադոյանին և նրան տեղեկացրել է, որ նախքան բաժին գալը հանդիպել են փաստաբան Կարինեի հետ, վերջինս հորն ասել է, որ պետք չէ դիմել նրան և փոխանցել է Գ.Գալոյանի հեռախոսահամարը։
Այսինքն, երբ հայրը վերադարձել է քննչական բաժնից, ասել է, որ այնտեղ տվել են փաստաբան Գ.Գալոյանի տվյալները, ուստի անհրաժեշտ է կապ հաստատել նրա հետ, քանի որ հենց նա պետք է իրականացնի եղբոր շահերի պաշտպանությունը։
Այնուհետև, գնացել են տուն, հայրը զանգահարել է փաստաբան Գ.Գալոյանին, պայմանավորվել են հանդիպել, ապա մի քանի ժամ անց իրենք եկել են Գ.Գալոյանի գրասենյակ, որտեղ էլ առաջին անգամ հանդիպել է նրան։ Գ.Գալոյանին ներկայացրել են տեղի ունեցած իրադարձությունները, վերջինս ասել է, որ պետք է բարձրանա քննչական բաժին և ճշտի, թե ինչ կարող են անել գործի հետ կապված, իսկ իրենք մնացել ու սպասել են նրան Գ.Գալոյանի գրասենյակում։ Մոտ 20 րոպե անց Գայանեն վերադարձել է ու առանց որևէ կոնկրետ անձի անուն նշելու ասել, որ Սոսի արարքը վերաորակելու և նրան չկալանավորելու համար պահանջել են 3.000 ԱՄՆ դոլար գումար։ Բացի այդ, Գ.Գալոյանն ասել է, որ պետք է վճարեն նաև 450.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար։ Հայրը համաձայնվել է և իր ու եղբոր ներկայությամբ Գ.Գալոյանին է տվել 3.000 ԱՄՆ դոլար գումարը, սակայն ինքն ուշադիր չի եղել, թե նա այդ գումարն ինչ է արել, վերցնելուց հետո որտեղ է դրել։ Այնուհետև, ինքը Գ.Գալոյանի հետ բարձրացել է քննչական բաժին` որպես վկա հարցաքննվելու նպատակով։ Մինչ այդ, Գ.Գալոյանն ասել է, որպեսզի Սոսը չներկայանա քննիչին` այլապես նրան կձերբակալեն, ուստի Սոսին առաջարկել է գնալ տուն և ներկայանալ տոներից հետո։ Մտաբերում է, որ այն պահին, երբ Գալոյանի հետ բարձրացել է քննիչի մոտ, Գ.Գալոյանի ձեռքում եղել է հեռախոս։ Ենթադրում է, որ Գ.Գալոյանի մոտ է եղել նաև հոր կողմից տրված 3.000 ԱՄՆ դոլար գումարը։ Մոտավորապես ժամը 16։00-ի սահմաններում Գ.Գալոյանի հետ միասին բարձրացել են քննչական բաժին, որտեղ առաջին անգամ հանդիպել է քննիչ Մ.Զադոյանին։ Հանդիպման ժամանակ Գ.Գալոյանը ներկայացրել է իրեն քննիչին` որպես Ս.Գասպարյանի եղբայր։ Դրանից հետո քննիչ Զադոյանը պարզաբանել է իր` որպես վկայի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում նաև` մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրավունքը։ Ելնելով իր դատավարական իրավունքներից` հրաժարվել է եղբոր վերաբերյալ ցուցմունք տալուց, կարծելով, որ այդպես է պետք։ Մինչ քննիչի կողմից կպարզաբանվեին իր իրավունքներն ու պարտականությունները, Գ.Գալոյանը քննիչ Զադոյանին ասել է` «...էսի տանեմ տամ ու գամ» և դուրս է եկել քննիչի աշխատասենյակից։ Հավաստիացրել է, որ չգիտի, թե Գ.Գալոյանն ուր է գնացել, այդ ժամանակ ում հետ է շփվել կամ ինչ է հետը տարել։ Այդուամենայնիվ, կարծում է, որ Գ.Գալոյանն իր հետ տարել է հոր կողմից տրված գումարը։ Սոսի վատառողջ լինելու վերաբերյալ որևէ դիմումի մասին խոսակցություն չի լսել։ Չի մտաբերում, արդյոք քննչական բաժնում Գ.Գալոյանը որևէ փաստաթուղթ կազմել է, թե ոչ։ Իր ներկայությամբ` Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի միջև գումարային հարցերի շուրջ խոսակցություն չի եղել։
Ինչ վերաբերում է Սոսին, ով չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, ապա ինքը նշել էր, որ Սոսը վատառողջ է, սայթաքել է և վնասել էր ոտքը, որի պատճառով չի կարող ներկայանալ քննիչին։
Հետագայում՝ 2017 թվականի հունվար ամսին, Սոսը ներկայացել է քննչական բաժին, դատարանի կողմից վերջինիս նկատմամբ ճանաչվել է գրավի կիրառման թույլատրելիությունը և նա ազատ է արձակվել, սակայն մոտ 15 օր անց նրան կալանավորել են։ Այդ ժամանակ, երբ հայրը գնացել է պաշտպան Գալոյանի մոտ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, փաստաբանը հորը հուսադրել է, որ Սոսի կալանավորումը կրում է ժամանակավոր բնույթ, հոդվածը փոփոխվելու է, գործը դատարան չի հասնելու և Սոսին ազատ են արձակելու, որը, սակայն, տեղի չի ունեցել։ Գտնում է, որ իրականում իրենց խաբել են, քանի որ թեև տվել էին բավականաչափ գումար, սակայն ապարդյուն, քանի որ եղբայրը մինչ օրս գտնվում է կալաքի տակ: Այլ կերպ, իրենք պարբերաբար հանդիպել են Գ.Գալոյանին, ով մշտապես հուսադրել է, որ լավ է լինելու։ Նույնիսկ մեկ անգամ հոր հետ Մ.Զադոյանի մոտ է գնացել նաև ինքը, ով նույնպես հուսադրել է, որ արարքը վերաորակվելու է, ամեն ինչ լավ է լինելու, ուստի, անհանգստանալ պետք չէ։
Տեղյակ է, որ 2017 թվականի մայիս կամ ապրիլ ամսին Գ.Գալոյանը սկսել է մեղադրել իրենց ասելով է, որ արարքը վերաորակելու համար դիմել են ինչ որ անձի, որի պատճառով էլ Սոսի գործը չի ստացվել։ Անդրադառնալով գումարը ետ վերադարձնելու հարցին, նշել է, որ հոր կողմից տրված 3.000 ԱՄՆ դոլար գումարը հայրը ետ չի պահանջել, քանի որ պաշտպանը և մնացած անձինք հուսադրել են, որ Սոսը շուտով ազատ է արձակվելու։ Բացի այդ, իրենց ընտանիքին հետաքրքրել է գործի արդյունքը, այլ ոչ թե գումարի վերադարձը։ Ինչ վերաբերում է կոնկրետ իրեն, ապա ինքը որևէ մեկից չէր կարող գումար պահանջել, քանի որ գումար տվողը եղել է հայրը, ոչ թե` ինքը։
Հետագայում, Սոսին կալանավորելուց հետո քննչական բաժնի միջանցքում տեսել է Բունիաթ Եղիազարյանին, ով զրուցելիս է եղել հոր հետ, ասելով` «...հոպար մի անհանգստացի, ամեն ինչ լավ է լինելու, մինչև շաբաթվա վերջ հարցը կլուծվի, հոդվածը կփոխվի»։ Կարծում է, որ Բ.Եղիազարյանն այդպես է ասել, քանի որ իրենք որոշակի գումար էին տվել եղբոր վիճակը բարելավելու համար, թեև հստակ չի կարող ասել, թե հայրը ում է առաջարկել տալ 3.000 ԱՄՆ դոլար` եղբոր վիճակը բարելավելու համար։ Հավելել է, որ ինքը քննիչ Զադոյանի հետ երբևէ գումարային խոսակցություն չի ունեցել, իսկ հայրը կամ Սոսն իրեն չեն ասել Գայանե Գալոյանի կողմից Միքայել Զադոյանին գումար տալու մասին որևէ բան։ Չի մտաբերում, արդյոք Սոսն իրեն ասել է, որ նա գումարային հարցի շուրջ խոսակցություն է ունեցել Մ.Զադոյանի հետ, թե ոչ։ Գումարի վերաբերյալ խոսակցությունները լսել է բացառապես հորից։
Վկան դատարանում հայտնել է նաև, որ Սոս Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ժամանակ տվել է ճշմարիտ ցուցմունքներ, քննիչ Զադոյանն արձանագրել է այն ամենը, ինչ ինքը հայտնել է։ Մինչ դատարան գալը` իրեն որևէ մեկը ցուցմունք տալու առումով չի ուղղորդել։ Կարծում է, որ Մ.Զադոյանն անարդար է վարվել եղբոր հետ, քանի որ ընտանիքում եղել է խոսակցություն, որ տվել են գումար Սոսի վիճակը բարելավելու համար, սակայն ապարդյուն։ Չգիտի, թե Գ.Գալոյանն ինչ է արել հոր կողմից տված 3.000 ԱՄՆ դոլար գումարը՝ այն քննիչին կամ բաժնի պետի տեղակալին փոխանցել է, թե՝ ոչ։
Ինչ վերաբերում է գործի մյուս հանգամանքներին, ապա տեղյակ է հոր մասնակցությամբ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումից, սակայն հայրը չի ասել, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել Մ.Զադոյանի և Գ.Գալոյանի հետ։ Իր ներկայությամբ հայրը երբևէ գումար չի պահանջել Գալոյանից, չի ասել նաև, որ պահանջել է, սակայն Գ.Գալոյանը չի վերադարձրել։ Չգիտի, արդյոք հայրը Գ.Գալոյանից գումար պահանջել է, թե ոչ։ Երբևէ չի մտածել, որ Գ.Գալոյանը 3.000 ԱՄՆ դոլարը Զադոյանին չի փոխանցել։ Վկան պնդել է, որ հորը Գ.Գալոյանի մոտ ուղարկել են քննչական բաժնից, կարծում է, որ նա տվյալ փաստաբանի մոտ է գնացել է քննիչ Զադոյանի կամ Եղիազարյանի ուղղորդմամբ, քանի որ հայրն ասել է, որ քննչական բաժնում հանդիպել է հենց նրանց։
Վկա Սոս Գասպարյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ հանդիսանում է ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի որդին։ Ճանաչում է ամբաստանյալներ Մ.Զադոյանին և Գ.Գալոյանին, մասնավորապես, Մ.Զադոյանը հանդիսացել է իր նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը, իսկ Գ.Գալոյանն` այդ գործի շրջանակներում իրականացրել է իր շահերի պաշտպանությունը։
Ներկայացնելով իր հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները, հայտնել է, որ 2016թ. դեկտեմբերի 20-ին չորս անձ հետապնդել են իրեն, եկել իրենց բակ, որտեղ իրեն և եղբորը ծեծի են ենթարկել։ Այդ ժամանակ, ինքնապաշտպանվելու նպատակով, իր մոտ եղած դանակով հարվածել է նրանց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և այդ գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննիչ Մ.Զադոյանին։ Քրեական գործի հարուցումից մոտ տասն օր անց քննիչ Զադոյանը եկել է իրենց բնակարան` խուզարկություն կատարելու նպատակով։ Խուզարկության ժամանակ ինքը տանը չի գտնվել։ Քննչական գործողությունն ավարտելուց հետո քննիչն իր մորը տվել է ծանուցագրեր, համաձայն որոնց` 29.12.2016թ-ին ինքը և եղբայրը պետք է ներկայանային քննչական բաժին` ինքը որպես կասկածյալ, իսկ եղբայրը` Հովհաննեսը, որպես վկա հարցաքննվելու նպատակով։ Նշված օրը, ժամը 10։00-ի սահամաններում ինքը, եղբոր և ծնողների հետ միասին գնացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժին։ Մինչ քննչական բաժին գնալը և քննիչին ներկայանալը, իրենք այցելել են փաստաբան Կարինե Շախմուրադյանին` դեպքի հանգամանքների մասին խորհրդակցելու նպատակով։ Մասնավորապես, փաստաբան Կ.Շախմուրադյանին ներկայացրել են դեպքը, վերջինս խորհուրդ է տվել իրեն դիմել դատական բժշկին` իր մարմնի վրա առկա վնասվածքները հետազոտելու նպատակով։ Այդուամենայնիվ, Կ.Շախմուրադյանի հետ իր շահերի պաշտպանությունն իրականացնելու առումով որևէ պայմանավորվածություն չեն ունեցել։ Դրանից հետո հայրը` Բաբկեն Գասպարյանը, միայնակ գնացել է քննչական բաժին, ապա մոտ երեսուն րոպե անց վերադարձել է և ասել, որ քննիչը տեղում չէ, ուստի պետք է ավելի ուշ մոտենան։ Երբ դուրս են եկել փաստաբան Կ.Շախմուրադյանի գրասենյակից, հայրն ասել է, որ իրականում նա քննչական բաժնում հանդիպել է քննիչին, պայմանավորվել գումարի դիմաց արարքը վերաորակելու և իրեն չկալանավերելու վերաբերյալ։ Բացի այդ, հայրն ասել է, որ քննիչը նրան է տվել փաստաբան Գայանե Գալոյանի հեռախոսահամարը, որպեսզի զանգահարեն նրան և պայմանավորվեն, սակայն այդ մասին չի ցանկացել բարձրաձայնել Կ.Շախմուրադյանի մոտ։ Դրանից հետո գնացել են տուն, մի քանի անգամ զանգահարել են Գ.Գալոյանին, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին։ Այնուհետև, երբ նորից են զանգահարել, վերջինս պատասխանել է և պայմանավորվել են նույն օրը, ժամը 16։00-ին հանդիպել միմյանց։ Պայմանավորվածության համաձայն` ժամը 16։00-ին գնացել են փաստաբան Գ.Գալոյանի գրասենյակ, հանդիպել նրան, պատմել տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից հետո վերջինս ասել է` «...բարձրանամ տեսնեմ, թե տղաներն ինչ են ասում» և գնացել է քննչական բաժին։ Մոտ 30 րոպե անց Գ.Գալոյանը վերադարձել է և ասել, որ քննիչ Զադոյանը կամ տղաները /հստակ չի մտաբերում/ 3.000 ԱՄՆ դոլար գումար են պահանջում` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով իրեն առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու և չկալանավորելու համար։ Ընդ որում, նա ասել է, որ եթե այդ օրը գումարը չտան՝ իրեն կձերբակալեն։ Այդ ժամանակ Գ.Գալոյանն իրեն պարզաբանել է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բնույթը։ Լսելով այդ ամենը, հայրը համաձայնվել է և իր ու եղբոր ներկայությամբ Գ.Գալոյանին է տվել 3.000 ԱՄՆ դոլար գումար, որը վերջինս դրել է պայուսակի մեջ։ Թեև վկան մտաբերել է Գալոյանի կողմից գումարը պայուսակի մեջ դնելու փաստը, սակայն, չի մտաբերել Գ.Գալոյանի պայուսակի գույնը և ձևը։ Հավաստիացրել է, որ մինչ Գ.Գալոյանի գրասենյակ գալը, տանը որևէ խոսակցություն չի եղել` կաշառքի գումար տալու վերաբերյալ, նույնիսկ ինքը չի իմացել, որ հոր մոտ այդ պահին գումար է եղել։ Դրանից հետո, ժամը 16։30-ից 17։00-ի սահմաններում եղբայրը` Հովհաննեսը, ով գործով ներգրավված է եղել որպես վկա և հրավիրված էր հարցաքննության, Գ.Գալոյանի հետ բարձրացել է քննչական բաժին։ Ենթադրում է, որ Հովհաննեսի հետ քննչական բաժին գնալու ժամանակ Գ.Գալոյանի ձեռքում գտնվել է նրա պայուսակը, որի մեջ եղել է հոր կողմից տրված գումարը։ Պնդել է, որ երբ գտնվել է Գ.Գալոյանի աշխատասենյակում, չի տեսել, որ նա որևէ գրառում կատարած լինի։ Ավելին, իր ներկայությամբ Գ.Գալոյանը որևէ դիմում չի գրել, չի մտաբերում, արդյոք Հովհաննեսի հետ քննչական բաժին գնալիս նա հետը դիմում տարել է, թե ոչ։ Երբ որոշակի ժամանակ անց Հովհաննեսը վերադարձել է, իրեն ասել է, որ քննիչի մոտ տվել է կարճ ցուցմունք, որից հետո դուրս է եկել քննիչի աշխատասենյակից, այլ մանրամասներ չի պատմել։ Դրանից հետո Գ.Գալոյանն իրեն ասել է, որ պետք է ներկայացնի բժշկական տեղեկանք` իրեն չկալանավորելու համար, և, քանի որ, ընկնելու հետևանքով վնասել էր ոտքը, բժիշկի մոտ հետազոտվել և վերցրել էր բժշկական տեղեկանք։
2017թ. հունվարի 10-ին ներկայացել է քննչական բաժին, որտեղ Մ.Զադոյանը հարցաքննել է իրեն, մասնակցել է քննչական գործողություններին, որոնց, սակայն, Մ.Զադոյանը որևէ կերպ չի ներազդել։ Բացի այդ, նույն օրը ձերբակալել են իրեն, երեք օր պահվել է ՁՊՎ-ում։ Երբ իրեն ձերբակալել են, անակնկալի չի եկել, քանի որ, մինչ այդ Գ.Գալոյանն իրեն ասել էր, որ քննչական գործողությունների կատարման համար եռօրյա ժամկետով ձերբակալելու են իրեն, որից հետո ազատ է արձակվելու։ Այդ ժամանակ քննիչ Զադոյանի կողմից որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որից հետո ինքը ներկայացվել է դատական բժշկին։ 13.01.2017թ-ին դատարանի կողմից իր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, միաժամանակ, դատարանի որոշմամբ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի, որի հիմքով ինքն ազատ է արձակվել։ 24.02.2017թ-ին, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ բեկանվել է առաջին ատյանի դատարանի` գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշումը և տասն օր անց իրեն կրկին վերցրել են արգելանքի։ Երբ գտնվել է քրեակատարողական հիմնարկում, մի քանի օր անց իր մոտ են եկել քննիչ Զադոյանը և փաստաբան Գալոյանը, հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու, գործն ընթացքի մեջ է, հինգ կամ տասն օրից իրեն ազատ կարձակեն, սակայն, իրականում, այդպես չի եղել։ Հետագայում, սակայն, Գ.Գալոյանը իրեն ազատ չարձակելը մշտապես պատճառաբանել է նրանով, որ քննիչն իր գործի մեջ թերանում է, չի հասցնում, ուստի ժամանակ է անհրաժեշտ։ Բացի այդ, Գալոյանն ասել է, որ բարկացած է քննիչի վրա, ով գործողություններ չի կատարել արարքը վերաորակելու առումով, և կրկին հուսադրել, որ լավ է լինելու։ Նույնիսկ Գալոյանն ասել է, որ «...Զադոյանը կարող է մի քիչ էլ է մաղարիչ ուզում...»։ Դրանից հետո այլևս «մաղարիչի» մասին խոսակցություն չի եղել։ Արարքի վերաորակման մասին Գալոյանի հետ եղել են պարզապես բանավոր խոսակցություններ։ Նախաքննության ավարտման ժամանակ, երբ Զադոյանին հարցրել է, թե ինչու արարքը չի վերաորակվել, վերջինս ասել է, որ արարքի վերաորակումը տեղի կունենա դատարանում։ Ինչ վերաբերում է կաշառքի գումարին, նշել է, որ քննիչ Զադոյանի հետ այդ մասին որևէ խոսակցություն չի ունեցել: Քրեակատարողական հիմնարկում հանդիպումների ժամանակ Զադոյանից պարզապես հարցրել է, թե որքան ժամանակ դեռ պետք է գտնվի այնտեղ, վերջինս պատասխանել է, որ քիչ է մնացել։
Ինչ վերաբերում է հոր կողմից տրված գումարը Գ.Գալոյանից՝ ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ` գործը դատարան ուղարկելիս ետ պահանջելուն, ապա նշել է, որ ինքն այդ գումարը չի պահանջել, քանի որ անձամբ գումար չէր տվել Գ.Գալոյանին, ուստի նման իրավունք չի ունեցել։ Բացի այդ, գտնվել է քրեակատարողական հիմնարկում, իր մտահոգությունը եղել է իր շահերի պաշտպանությունն ու հնարավորինս շուտ ազատ արձակվելը։ Տեղյակ չէ, արդյոք հայրը Գ.Գալոյանից պահանջել է, որպեսզի վերջինս վերադարձնի 3.000 ԱՄՆ դոլար գումարը։ Հավաստիացրել է, որ ինքը երբևէ քննիչ Զադոյանի և փաստաբան Գալոյանի հետ գումարային հարցի վերաբերյալ խոսակցություն չի ունեցել:
Պատասխանելով կողմերի հարցերին` վկան նաև հայտնել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում իր կողմից տրված ցուցմունքները քննիչ Զադոյանն արձանագրել է այնպես, ինչպես ինքն է ներկայացրել դեպքը։ Քննիչը հօգուտ իրեն ոչինչ չի արել, իր նկատմամբ շահագրգռվածություն չի ցուցաբերել, կարծում է, որ հակառակը՝ նրա գործողություններն առավելապես եղել են ի վնաս իրեն։ Հետագայում, գործի քննության ժամանակ, սակայն չի հիշում, թե երբ Գ.Գալոյանն իրեն ասել է, որ հոր կողմից նրան տրված 3.000 ԱՄՆ դոլար գումարը տվել է քննիչ Զադոյանին։ Ավելին, նախաքննության ընթացքում տուժողներից մեկի հետ առերես հարցաքննության ժամանակ, երբ ինքն իրեն ազատ է պահել, Զադոյանն իրեն ասել է. «...քեզ նորմալ պահի, հանկարծ չմտածեն, որ գումար ես տվել, ես էլ քեզ բաց եմ թողել», տուժողն այդ խոսակցությանը, սակայն, ներկա չի գտնվել։
Պնդել է, որ քննիչը հօգուտ իրեն ոչինչ չի արել, նա պարզապես կատարել է իր աշխատանքային պարտականությունները։ Քննիչ Զադոյանի դրևսորած վարքագիծն իրեն չի զարմացրել, քանի որ ինքն առաջին անգամ էր հայտնվել նման իրավիճակում և մտածել է, որ կարգն է այդպես, թեև վերջինիս մի քանի անգամ հարցրել է, թե ինչու է ինքը շարունակում մնալ կալանքի տակ, նա պատասխանել է` «...տենց ա պետք, հետո լավ կլինի»։ Ներկայումս Մ.Զադոյանի նկատմամբ գումարի պահանջ չունի, քանի որ, ինչպես արդեն նշել է, ինքը որևէ մեկին գումար չի տվել:
Վկա Հայկ Մովսիսյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում` որպես ավագ դատախազ։ Աշխատանքային գործունեությունից ելնելով` ճանաչում է ամբաստանյալ Մ.Զադոյանին, բացի այդ, ճանաչում է նաև ամբաստանյալներ Բ.Գասպարյանին և Գ.Գալոյանին:
Սերգեյ Կուդրյաշովին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նկատմամբ իրականացրել է դատախազական հսկողություն։ Տվյալ քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննիչ Միքայել Զադոյանին։ Հետագայում քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ներկայումս այդ քրեական գործով դատարանում պաշտպանում է մեղադրանքը, այսինքն, հանդես է գալիս որպես մեղադրող։
Անդրադառնալով հիշյալ քրեական գործին, նշել է, որ նախաքննության ընթացքում առաջին անգամ պահանջել է քրեական գործի նյութերն այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղադրյալ Սոս Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, միաժամանակ թույլատրելի է ճանաչվել գրավի կիրառումը և մեղադրյալն ազատ է արձակվել կալանքից: Քննիչ Զադոյանն ուղեկցական գրությամբ իրեն է ուղարկել դատարանի որոշումը` խնդրելով քննարկել բողոքարկման հարցը։ Հավելել է, որ իր պրակտիկայի ընթացքում դա եղել է առաջին դեպքը, երբ մեղադրյալի նկատմամբ հիշյալ հոդվածով թույլատրելի է ճանաչվել գրավի կիրառումը: Ուսումնասիրելով պահանջած քրեական գործի նյութերը, համապատասխան բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ` կապված Սոս Գասպարյանի խափանման միջոցի հետ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացված դատական նիստերին իր հետ միասին ներկա է գտնվել նաև Մ.Զադոյանը, ով համամիտ է եղել իր կողմից բերված բողոքի հիմնավորումների հետ:
Հետագայում, նախաքննության փուլում Սոս Գասպարյանի շահերի պաշտպան Գ.Գալոյանի կողմից ներկայացվել է միջնորդոթյուն` վերջինիս մեղսագրված արարքը վերաորակելու պահանջով, որի քննարկումը հետաձգվել է` մինչև գործով էական հանգամանքների պարզաբանումը։ Այդ նպատակով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում տեղի են ունեցել քննարկումներ` Սոս Գասպարյանին մեղսագրված արարքի որակման հետ կապված, որին մասնակցել են ինքը, քննիչ Զադոյանը և վարչական շրջանների դատախազը։ Բացի այդ, ներքին կարգի համաձայն, որոշակի հանցակազմերով հարուցված քրեական գործերով քննարկումներ կատարվում են նաև Երևան քաղաքի դատախազությունում և ՀՀ գլխավոր դատախազությունում, որպիսի հանցակազմերից մեկը հանդիսանում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները։ Այդ իսկ պատճառով, բացի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում տեղի ունեցած քննարկումից, նշված գործով քննարկում է տեղի ունեցել նաև Երևան քաղաքի դատախազությունում, որին ներկա են գտնվել ինքը և Երևան քաղաքի դատախազության համապատասխան աշխատակիցները, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած քննարկմանը քննիչ Զադոյանը ներկա չի գտնվել, ուստի, միայն ինքն է զեկուցել գործի փաստական հանգամանքները։ Հիշյալ քննարկումների ժամանակ քննարկվել է Սոս Գասպարյանի կողմից կատարած արարքի որակման հարցը, քանի որ սկզբնական փուլում եղել են տվյալներ` Ս.Գասպարյանի կողմից անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում թույլ տալու վերաբերյալ, ինչը պայմանավորվել է նրանով, որ Սոս Գասպարյանը հարցաքննությունների ժամանակ ցուցմունք է տվել այնպիսի փաստական հանգամանքների վերաբերյալ, որոնք վերաբերել են նրան ծեծի ենթարկելուն, ապա` նրա կողմից Սերգեյ Կուդրյաշովին և մյուսներին մարմնական վնասվածքներ պատճառելուն։ Նմանատիպ ցուցմունքներ են տվել նաև Սոս Գասպարյանի եղբայր Հովհաննես Գասպարյանը և Ս.Գասպարյանի ընկերը, ում անունը չի մտաբերում։ Նշել է, որ վերադաս դատախազների մոտ քննարկման նախաձեռնությունը եղել է վարչական շրջանների դատախազության կողմից, քանի որ, նախ` պաշտպանի կողմից եղել է համապատասխան միջնորդություն, բացի այդ, ինչպես արդեն նշել է, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով քննվող քրեական գործերը պարբերաբար զեկուցվում են` ինչպես քրեական գործի սկզբնական փուլում, այնպես էլ` մինչև գործը դատարան ուղարկվելը` հնարավոր սխալներից խուսափելու նպատակով։ Այսինքն, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` քրեական գործի լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու առումով և նոր միայն գործերն ուղարկում են դատարան։ Քննարկումների ժամանակ քննիչ Զադոյանը չի պնդել Ս.Գասպարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար, սակայն կարծիք է հայտնել, որ առկա են արարքի վերաորակման տարրեր, նշույլներ, ուստի անհրաժեշտ է քննարկել բոլոր հանգամանքները` արարքին ճիշտ որակում տալու համար։ Պաշտպանական կողմի միջնորդության կապակցությամբ քննիչին տրվել են համապատասխան ցուցումներ, մասնավորապես, լրացուցիչ հարցաքննվել են տուժողը և նրա ընկերները, ինչպես նաև` բժշկական կենտրոնի բժիշկը, քանի որ Ս.Գասպարյանի մարմնի վրա եղել են վնասվածքներ: Թեև սկզբնական փուլում եղել են անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրեր, սակայն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վերաբերյալ փաստարկները հետագայում հերքվել են և համապատասխան քննչական գործողություններ կատարելուց հետո, քննարկումների արդյունքում որոշվել է, որ գործը մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվի դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Չի կարող մտաբերել, արդյոք զեկուցումների ժամանակ որևէ մեկը կարծիք հայտնել է Սոս Գասպարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված հատկանիշների առկայության մասին, թե ոչ։ Կարծում է, որ քննչական մարմինը ևս համակարծիք է եղել իրենց որոշման հետ, քանի որ, երբ Մ.Զադոյանին տեղեկացրել է այն մասին, որ գործը պետք է դատարան ուղարկի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինս չի հակադարձել իրեն, համամիտ է եղել, հակառակ դեպքում կարող էր կայացներ այլ որոշում:
Ինչ վերաբերում է դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելուն, ապա նշել է, որ եթե դատարանն անձի նկատմամբ ճանաչում է գրավի կիրառման թույլատրելիությունը, քննիչը տվյալ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ ուղեկցական գրությամբ ուղարկում է դատարանի որոշումը` խնդրելով քննարկել վերաքննիչ բողոք բերելու հարցը: Նույնը տեղի է ունեցել նաև Սոս Գասպարյանի վերաբերյալ գործով քննիչ Զադոյանի դեպքում, մասնավորապես, երբ 2017 թվականի հունվար ամսին դատարանի կողմից կայացվել է որոշում, քննիչն այդ որոշումն ուղեկցական գրությամբ ուղարկել է իրեն` խնդրելով քննարկել բողոքարկման հարցը։ Քանի որ եղել է տարեսկիզբ, այդ ժամանակ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով քննիչ Զադոյանի հետ չի քննարկել քրեական գործի հանգամանքները։ Նախաքննության հետագա փուլերում, սակայն, /հստակ չի մտաբերում, թե երբ/ քննիչ Զադոյանի հետ քննարկել են քրեական գործի հանգամանքները, ինչպես որ նշեց վերևում:
Երբ 2017թ. հունվարի 11-ին առաջին անգամ ծանոթացել է քրեական գործին, կատարված են եղել որոշակի քննչական գործողություններ, այն է` հարցաքննվել էր մեղադրյալի եղբայրը, ով սակայն, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել էր ցուցմունք տալուց, հարցաքննվել էր նաև տուժողը և ևս մի քանի անձ, իրականացվել էր խուզարկություն, ուստի իր կարծիքով, քննիչի կողմից կատարվել էր այդ պահի համար գործի օբյեկտիվ քննություն։ Բնութագրելով Մ.Զադոյանին, հայտնել է, որ նա որպես քննիչ հանդիսանում է ինքնուրույն անձնավորություն, ով իրավական հարցերում պահպանել է իր սկզունքները:
Հավելել է, որ ներկայումս գործը գտնվում է դատարանում` դատական վիճաբանությունների փուլում, ինքն արդեն իսկ հանդես է եկել մեղադրական ճառով, իսկ Սոս Գասպարյանին առաջադրված մեղադրանքի փոփոխում տեղի չի ունեցել։
Վկա Կարինե Շախմուրադյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ Ճանաչում է ամբաստանյալ Գ.Գալոյանին, վերջինիս հետ միևնույն գրասենյակում աշխատել է շուրջ 20 տարի։ Դեմքով ճանաչում է նաև ամբաստանյալ Մ.Զադոյանին, թեև աշխատանքային գործունեությունից ելնելով, երբևէ չի առնչվել նրա հետ, քանի որ ինքը հիմնականում զբաղվում է քաղաքացիական գործերով։ Ճանաչում է նաև Բաբկեն Գասպարյանին, ով հանդիսանում է ամուսնու ծանոթը:
Կոնկրետ օրը չի հիշում, Բ.Գասպարյանը զանգահարել է ամուսնուն և ասել, որ նրա որդու հետ դեպք է տեղի ունեցել, ուստի ցանկացել է խորհրդակցել իր հետ։ Դրանից հետո Բաբկեն Գասպարյանի կինը և երկու որդիները եկել են իր փաստաբանական գրասենյակ։ Մոտ 10 րոպե զրուցել է նրանց հետ, վերջիններս պատմել են Ս.Գասպարյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որից հետո եկել է Բաբկեն Գասպարյանը։ Ինքը որպես փաստաբան տվել է որոշակի խորհուրդներ, որոնք ներկայումս չի մտաբերում, որից հետո նրանք դուրս են եկել աշխատասենյակից։ Այդուամենայնիվ, որևէ պայմանավորվածություն չի ունեցել վերջիններիս հետ` իր կողմից իրավաբանական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, քանի որ Ս.Գասպարյանի հետ տեղի ունեցած դեպքը վերաբերել է ծանր հանցագործության, իսկ ինքն առհասարակ, այդպիսի բնույթի գործերով չի զբաղվում։ Վկան նշել է, որ թեև չի եղել որևէ պայմանավորվածություն` իրավաբանական խորհրդատվություն տալու վերաբերյալ, սակայն վերջիններիս հայտնել է, որ որպես ծանոթներ և հարազատ մարդիկ կարող են դիմել իրեն և որոշակի հարցերում խորհրդակցել իր հետ։ Այդ դեպքից հետո, սակայն, այլևս նրանց հետ չի հանդիպել։ Ինքը հիմնականում զբաղվում է քաղաքացիական գործերով, թեև պրակտիկայի ընթացքում փաստաբանական ծառայություն է մատուցել նաև որոշ քրեական գործերով։ Ս.Գասպարյանի դեպքում, հաշվի առնելով գործի բարդությունը, ներքուստ զգացել է, որ այդ գործով չի կարող ցուցաբերել իրավաբանական խորհրդատվություն, թեև իրեն նման առաջարկ չի էլ եղել։ Տվյալ հանդիպումից հետո Բ.Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների հետ այլևս չի հանդիպել:
Բնութագրելով ամբաստանյալ Գայանե Գալոյանին, նշել է, որ նա ազնիվ մարդ է և չի հավատում, որ նա կարող էր կաշառք վերցնել։
Վկա Բունիաթ Եղիազարյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբեր ամսից աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտում: Ներկայումս հանդիսանում է նույն քրեական գործից անջատված մասով ամբաստանյալ, որի պատճառով իր պաշտոնավարումը դադարեցվել է:
Ճանաչում է ամբաստանյալներին, մասնավորապես, Գ.Գալոյանին ճանաչում է որպես փաստաբանի, ով իր փաստաբանական գործունեությունն իրականացրել է քննչական բաժնի հարևանությամբ գտնվող գրասենյակում: Մ.Զադոյանին ճանաչում է որպես իրենց՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի, ում անմիջական ղեկավարը հանդիսացել է ինքը, նրա հետ գտնվել է աշխատանքային նորմալ հարաբերությունների մեջ։ Ինչ վերաբերում է ամբաստանյալ Բ.Գասպարային, ապա նրան ճանաչում է որդու` Սոս Գասպարյանի, վերաբերյալ քննված քրեական գործի շրջանակներում: Քննչական կոմիտեում աշխատանքի կազմակերպման կարգի համաձայն՝ քննչական բաժնի պետի տեղակալը վերահսկում է իր անմիջական համակարգման ոլորտում գտնվող քննիչների աշխատանքները։ Ինքը համակարգել է 9 քննիչների աշխատանքներ, այդ թվում՝ 2016թ. հունվարի 12-ից բաժնի ավագ քննիչ Մ.Զադոյանի աշխատանքները:
Անդրադառնալով իրենց բաժնում Սոս Գասպարյանի վերաբերյալ քննված քրեական գործին, նշել է, որ քաղաքացիներ Սերգեյ Կուդրյաշովին և Հրանտ Հովսեփյանին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքն արձանագրվել է 2016թ. դեկտեմբերի 20-ին։ Քանի որ օրվա հերթապահ քննիչը եղել է Մ.Զադոյանը, նա էլ մեկնել է դեպքի վայր, իսկ այնուհետև` հիվանդանոց, և ձեռնամուխ եղել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների կատարմանը։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը քննվել է ավագ քննիչ Մ.Զադոյանի վարույթում։ Տուժողները և դեպքին ականատեսները, որպես մարմնական վնասվածքներ պատճառած անձի մատնանշել են Սոս Գասպարյանին, ով դեպքի վայրում եղել է եղբոր՝ Հովհաննես Գասպարյանի, հետ: Հետագայում պարզվել է Սոս Գասպարյանի ինքնությունը, ձեռք են բերվել վերջինիս բնակության հասցեի վերաբերյալ տվյալներ, կոնկրետացվել են ենթադրաբար հանցանք կատարած անձի վերաբերյալ տեղեկությունները, որից հետո նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ 2016թ. դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանը որպես կասկածյալ, իսկ Հովհաննես Գասպարյանը որպես վկա, ծանուցագրերով, հրավիրվել են քննչական բաժին: Քանի որ եղել է տարեվերջ և ամբողջ քննչական բաժինը լծված է եղել երկարատև քննված գործերն ավարտելու աշխատանքներին, ինքը պարբերաբար շրջել է քննիչների աշխատասենյակներով, որպեսզի ստուգեր հանձնարարությունների կատարման վիճակը, հարցերի դեպքում տեղում օգներ քննիչներին: 2016թ. դեկտեմբերի 29-ի կեսօրին, հերթական անգամ շրջելով քննիչների աշխատասենյակներում, մտել է քննիչ Մ.Զադոյանի աշխատասենյակ և տեսել, որ այնտեղ, քննիչի մոտ է գտնվում իրեն անծանոթ մի քաղաքացի: Զադոյանը ներկայացրել է այդ քաղաքացուն, ասելով, որ Սոսի հայրն է: Հասկացել է, որ վերջինս հանդիսանում է դանակահարության գործով կասկածյալ Սոս Գասպարյանի հայրը: Քանի որ քրեական գործի նյութերից տեղյակ էր, որ Սոսի հոր սիրտը վիրահատված է, ավելին, այդ պահին վերջինս եղել է գունատ, հարցրել է, թե ինչպես է նրա առողջական վիճակը և վերջինս պատասխանել է՝ «...ոնց պետք է լինեմ, տղես անմեղ է, շառի մեջ է ընկել», այնուհետև, մտավախություն է հայտնել գործի օբյեկտիվ քննության վերաբերյալ: Այդ ժամանակ ինքը, ելնելով նրա առողջական, ինչպես նաև` հուզական, վիճակից մեղադրյանի հորը վստահեցրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվելու է գործի օբյեկտիվ քննություն, ուստի, նա կարող է «...հանգիստ լինել, քանի որ լավ է լինելու», պարզապես անհրաժեշտ է, որ Սոսը ներկայանա իրավապահ մարմիններին, որից հետո դուրս է եկել աշխատասենյակից։ Հավելել է, որ այդ ժամանակ Մ.Զադոյանի աշխատասենյակում Գ.Գալոյանը չի եղել, իսկ ինքը հորդորել է Բ.Գասպարյանին որպես ծնող «հանգիստ լինել» զուտ օբյեկտիվ քննության, ոչ թե` օրինակ, կալանքից ազատվելու կամ արարքի վերաորակման առումով։ Հայտնել է, որ լինում են շատ դեպքեր, երբ քննչական բաժին են գալիս մեղադրյալների ծնողները, ովքեր հուզվում, հետաքրքրվում են իրենց երեխաներից և բնական է, որ նրանց պետք է հանգստացնել, հավաստիացնելով, որ նորմալ կլինի։ Այդ ժամանակ Բաբկեն Գասպարյանին ևս հայտնել է, որ կլինի օբյեկտիվ քննություն, անհրաժեշտ է, որպեսզի Սոսը ներկայանա քննչական բաժին: Հետագայում Բաբկեն Գասպարյանին մի քանի անգամ տեսել է քննչական բաժնի միջանցքում, նույնիսկ մեկ կամ երկու անգամ զրուցել նրա հետ: Ավելին, մեկ անգամ վերջինիս տեսնելով քննչական բաժնի միջանցքում, նրան հրավիրել է իր աշխատասենյակ, որպեսզի նա միջանցքում չսպասի` հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Ինչ վերաբերում է փաստաբան Գ.Գալոյանին, նշել է, որ նրա հետ Սոս Գասպարյանի վերաբերյալ գործով զրուցել է մեկ անգամ` Սոսի ձերբակալման օրը, երբ Գալոյանը քննչական բաժնի միջանցքում տեսնելով իրեն, ասել է` «...էս ինչ եք անում, հերը հիվանդ մարդ է, տունը քանդում եք»։ Գ.Գալոյանի արտահայտությանը չի արձագանքել, այլ խոսակցություն նրա հետ չի ունեցել։ Ավագ քննիչ Զադոյանի հետ Սոս Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով քննարկումներ ունեցել է սովորական ընթացակարգով, ինչպես մյուս բոլոր քրեական գործերով: Որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել։ Զադոյանն իր նախաձեռնությամբ իրեն չի ասել, որ Սոսի արարքում առկա է անհրաժեշտ պաշտպանության տվյալ, տարր կամ հատկանիշ, պարզապես նման տվյալներ եղել են այն պահից ի վեր, երբ հարցաքննվել են Սոս և Հովհաննես Գասպարյանները: Պաշտպան Գ.Գալոյանի կողմից արարքի վերաորակման վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո ինքը և Մ.Զադոյանը քննարկել են գործը: Սոսի և Հովհաննեսի կողմից տրված ցուցմունքներում եղել են անհրաժեշտ պաշտպանության վերաբերյալ փաստական տվյալներ, սակայն, քանի որ եղբայրների և դեպքին ականատեսների ցուցմունքներում առկա են եղել էական հակասություններ, կատարվել են առերեսումներ, որից հետո պաշտպանի միջնորդությունը մերժվել է։ Պնդել է, որ արարքի որակման հարցն ինքը որևէ մեկի հետ չի քննարկել։ Միջնորդությունների լուծման փուլում Զադոյանն իրեն ասել է, որ գործը քննարկվել է նաև դատախազությունում, այնտեղ նույնպես համակարծիք են եղել պաշտպանի կողմից ներկայացրած միջնորդության մերժման հետ։ Այնուհետև, գործի նախաքննությունն ավարտվել է, որի արդյունքում հերքվել է անհրաժեշտ պաշտպանության վարկածը և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով կազմված մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան: Սոսին օգնելու մասին իր և Զադոյանի միջև որևէ խոսակցություն կամ պայմանավորվածություն չի եղել, ավելին, գործը դատարան ուղարկելուց հետո ինչպես Զադոյանի, այնպես էլ Գալոյանի հետ որևէ խոսակցություն չի ունեցել: Սոս Գասպարյանի վերաբերյալ քննված գործի շրջանակներում որևէ մեկի կողմից ուղղակի կամ միջնորդավորված կաշառք ստանալու վերաբերյալ տեղեկություններ չի ունեցել և չունի, որևէ մեկի կողմից ուղղակի կամ միջնորդավորված կաշառք առաջարկելու կամ ընդունելու վերաբերյալ տեղեկություններ չի ունեցել և չունի, որևէ մեկի կողմից կաշառք տալու կամ կաշառք ստանալու մասին տեղեկություններ չի ունեցել և չունի: Իրեն առաջադրված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի, մեղադրանքն ամբողջովին հորինված է, ինքն ու Մ.Զադոյանը Ս.Գասպարյանի օգտին որևէ գործողություն չեն կատարել, նման մտադրություն չեն ունեցել։ Սոսին օգնելու վերաբերյալ Գ.Գալոյանի հետ չի զրուցել, նրա հետ երբևէ որևէ գումարային խոսակցություն չի վարել։ Մ.Զադոյանի աշխատասենյակ է մտել իր նախաձեռնությամբ, ոչ թե` Մ.Զադոյանի հրավերով, ավելին, Բ.Գասպարյանի որդուն օգնելու մասին զրույց չեն ունեցել։ Մ.Զադոյանի աշխատասենյակ է մտել այն նպատակով, որ տեսնելով վերջինս զրուցում է քաղաքացու հետ, իսկ բաժինը եղել է ծանրաբեռնված, ուստի ցանկացել է, որպեսզի Զադոյանն աշխատի, ոչ թե ինչ-որ մեկը զրույցով խանգարի նրան։ Գ.Գալոյանն իրեն կամ Զադոյանին գումար չի փոխանցել, որևէ մեկին գումար փոխանցելու վերաբերյալ տեղեկություն չի հայտնել, ուստի գտնում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հորինված է և այն չի պարունակում կոնկրետ տեղեկություններ։ Հավաստիացրել է, որ Ս.Գասպարյանի օգտին որևէ գործողություն չի կատարել, նման մտադրություն քննչական մարմնի մոտ չի եղել, նման գործողություն կատարելու հարց մասնավոր մարմնի կամ պաշտոնական անձի հետ չի քննարկվել:
Հայտնել է նաև, որ Ս.Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործն անձամբ չի կարդացել, դրան ծանոթացել է քննիչ Մ.Զադոյանի բանավոր զեկույցի հիման վրա, քանի որ Զադոյանը հանդիսանում է փորձառու քննիչ, իսկ քրեական գործն իրենից որևէ բարդություն չի ներկայացրել, ուստի բավարարվել է Զադոյանի ներկայացրածով։ Ընդ որում, հավաստիացրել է, որ չծանոթանալ ասելով, նկատի է ունեցել այն, որ չի կարդացել հարցաքննված անձանց ցուցմունքները, իսկ քննչական բաժին մուտք եղած փաստաթղթերը /դատարանի որոշումներ, փորձագետի եզրակացություն/, որոնք ինքը մակագրել է քննիչին, անվերապահորեն կարդացել է։ Հիշյալ քրեական գործը քննվել է օբյեկտիվորեն, օրենքի տառին համապատասխան, և նախաքննական մարմինը նպատակ չի ունեցել մեղադրյալին «վատություն անելու»: Բ.Գասպարյանի կողմից Մ.Զադոյանի հետ գումարային խոսակցության վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, երբևէ չի ունեցել: Բաբկեն Գասպարյանին երբևէ չի խոստացել Սոս Գասպարյանին չկալանավորել կամ նրան առաջադրված մեղադրանքը վերաորակել, նման բնույթի խոսակցություն երբևէ չի եղել: Նույնը կարող է ասել նաև քննիչ Մ.Զադոյանի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է քրեական գործի ընթացքին, ապա վկան հայտնել է, որ քրեական գործում որևէ տեղեկություն չի եղել Ս.Գասպարյանի՝ անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կամ դրա սահմանազանցմամբ գործելու վերաբերյալ, ուստի, դեկտեմբերի 29-ի դրությամբ արարքը որակված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով։ Քանի որ եղել է տարեվերջ` դեկտեմբերի 29-ը, իսկ Մ.Զադոյանը եղել է բավականին ծանրաբեռնված և հիշյալ քրեական գործի ընթացքը լուծելը հրատապ չի եղել, ուստի, անհրաժեշտություն չի եղել այդ պահին Ս.Գասպարյանին ձերբակալել կամ նրա նկատմամբ հայտարարել հետախուզում, հատկապես, որ Գ.Գալոյանը ներկայացրել էր դիմում, որով հայտնել էր Սոս Գասպարյանի՝ քննչական բաժին ներկայանալու անհնարինության մասին և իրենք այն դիտելով պատշաճ՝ անձին բերման ենթարկելու վերաբերյալ որոշում չէին կայացրել։ Հիշյալ դիմումով նշված է, որ Ս.Գասպարյանի չներկայանալու պատճառը վատառողջ լինել է։ Բացի այդ, դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանին չկալանավորելու պատճառը պայմանավորված է եղել քննության տակտիկայով և հետագա քայլերի անհրաժեշտությամբ:
Բնութագրելով Մ.Զադոյանին, նշել է, որ վերջինս եղել է ինքնուրույն, բաժնի լավագույն քննիչներից մեկը, Ս.Գասպարյանի վերաբերյալ գործը քննել է այնպես, ինչպես մյուս բոլոր գործերը և որևէ արտառոց վարքագիծ չի դրսևորել, որը կարող էր վկայել տվյալ գործով նրա շահագրգռվածության մասին:
Ինչ վերաբերվում է տվյալ գործը որևէ մեկի հետ քննարկելուն, ապա նշել է, որ եղել են դեպքեր, երբ քննիչները գործերը քննարկել են նաև բաժնի այդ ժամանակվա պետ Էդուարդ Սիրեկանյանի հետ։ Չի եղել, սակայն, դեպք, որ վերջինս պնդեր, որ միայն նրա կարծիքն է կարևոր, այլ ոչ թե` քննիչի։ Գործնականում և հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերով, գործի շահերից ելնելով, որպես կանոն անձը ձերբակալվել է, սակայն որպես ինքնուրույն սուբյեկտ, քննիչն ինքն է որոշել գործի ընթացքն ու ուղղությունը։ Թեև յուրաքանչյուր գործ քննվել է յուրովի, սակայն եղել են դեպքեր, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված քրեական գործով անձը չի ձերբակալվել:
Գ.Գալոյանի կողմից ստացված` արարքի վերաորակման վերաբերյալ միջնորդության առումով կարող է ասել, որ այդ միջնորդությունը հասցեագրված է եղել նաև դատախազությանը, հետաքրքրվել է դրա մասին Մ.Զադոյանից և հասկացել, որ նա այն քննարկել է հսկող դատախազի հետ, սակայն կանխակալ վերաբերմունքից խուսափելու համար, որոշում է կայացվել հետաձգել այն` առերես հարցաքննություններ կատարելու նպատակով։ Առերես հարցաքննություններ կատարելուց հետո Մ.Զադոյանն ասել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածին: Չի մտաբերում, արդյոք Է.Սիրեկանյանի հետ քննարկման ժամանակ վերջինս ասել է, որ առկա են անհրաժեշտ պաշտպանության կամ դրա սահմանազանցման տարրեր, թեև չի բացառում, որ կարող էր նման կարծիք հայտնած լինել: Այսինքն, անհրաժեշտ պաշտպանության կամ դրա սահմանազանցման տարրերի առկայության մասին նա հստակ դիրքորոշում չի հայտնել:
Առաջին ատյանի դատարանում հրապարակվել և հետազոտվել են նաև.
Քրեական գործով` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված` ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ` մեղադրյալներ Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարահանմամբ ու գաղտնաձայնագրմամբ կատարված՝ ամբաստանյալներ Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները պարունակող լազերային սկավառակները զննման ենթարկելու մասին 2017թ. սեպտեմբերի 12-ի արձանագրությունը։
Ամբաստանյալներ Գայանե Գալոյանի կողմից օգտագործվող 091-49-81-91 բջջային հեռախոսահամարով և Բաբկեն Գասպարյանի կողմից օգտագործվող 091-77-85-74 բջջային հեռախոսահամարով կատարված մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների և այդ հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաք կայանների տեղակայման հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող լազերային սկավառակը զննման ենթարկելու մասին արձանագրությունը և արձանագրությանը կցված հավելվածները։
Սոս Գասպարյանի նկատմամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ 12808617 քրեական գործի նյութերը զննելու մասին արձանագրությունն այն մասին, որ զննման ընթացքում պատճենահանվել են նշված քրեական գործի այն նյութերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում թիվ 62228617 քրեական գործի համար, որով նույնպես հաստատվել է, որ թիվ 12808617 քրեական գործը հարուցվել, քննվել և դատարան է ուղարկվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի կողմից, այդ քրեական գործով մեղադրյալը հանդիսանում է Բաբկեն Գասպարյանի որդին` Սոս Գասպարյանը և վերջինիս շահերի պաշտպան ներգրավվել է փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանը։
2017թ. սեպտեմբերի 19-ին «Բիլայն» ՓԲ ընկերությունից ստացված` մեղադրյալներ Բաբկեն Գասպարյանի` 091-77-85-74 և Գայանե Գալոյանի 091-49-81-91 բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակը, որը պարունակում է քրեական գործով պարզաբանման ենթակա հանգամանքների մասին համապատասխան տեղեկատվություն, ենթարկվել է զննման, և այդ մասին կազմվել համապատասխան արձանագրություն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված` ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ ամբաստանյալներ Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված` արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարահանմամբ ու գաղտնաձայնագրմամբ կատարված` ամբաստանյալներ Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները պարունակող լազերային սկավառակները:
Մեղադրողի կողմից հրապարակվել են նաև` 25.10.2017թ-ին կազմված` օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարահանմամբ և գաղտնաձայնագրառմամբ կատարված՝ ամբաստանյալներ Բ.Գասպարյանի, Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի խոսակցությունները պարունակող լազերային թվով 4 սկավառակներն ապացույց ճանաչելու մասին որոշումները, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի գրությունը` ուղղված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչին։
Պաշտպան Ս.Ամիրխանյանի կողմից հրապարակվել են թիվ 12808616 քրեական գործին վերաբերող՝ Հովհաննես Գասպարյանի և Մարատ Հակոբջանյանի, Հովհաննես Գասպարյանի և Սերգեյ Կուդրյաշովի, Սոս Գասպարյանի և Մարատ Հակոբջանյանի, Սերգեյ Կուդրյաշովի և Սոս Գասպարյանի առերես հարցաքննության արձանագրությունները, փաստաբան Ն.Հովհաննիսյանի գրությունը` ուղղված ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետին և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի գրությունը` ուղղված փաստաբան Ն.Հովհաննիսյանին, Գ.Գալոյանի գրությունը` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, Գ.Գալոյանի միջնորդությունը` այլընտրանքային խափանման միջոց կիրառելու խնդրանքի մասին, 01.03.2017թ-ին քննիչ Զադոյանի կողմից կայացված որոշումը՝ միջնորդությունը քննարկելու մասին և այլ փաստաթղթեր։
Պաշտպան Հոբոսյանի կողմից հրապարակվել են` Բ.Գասպարյանի դիմումը՝ ուղղված ՀՀ ԱԱԾ հակահետախուզական գլխավոր վարչության պետին, արտաքին և ներքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու վերաբերյալ որոշումը, Գ.Գալոյանի դիմումը` ուղղված ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Զադոյանին, Գ.Գալոյանի միջնորդությունը՝ արարքը վերաորակելու պահանջի մասին, Գ.Գալոյանի գրությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Զադոյանի կողմից 10.05.2017թ-ին կայացված՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից Գ.Գալոյանին տրված բնութագիրը, Գ.Գալոյանի՝ հանցագործության մասին տրված հաղորդումը։
Առաջին ատյանի դատարանում հրապարակվել և հետազոտվել են նաև Բ.Գասպարյանի, Մ.Զադոյանի և Գ.Գալոյանի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված պահանջագրերը, Գ.Գալոյանի առողջական վիճակի, Ս.Գասպարյանի առողջական վիճակի վերաբերյալ և անձը բնութագրող փաստաթղթերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով 26.09.2017թ-ին դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ քննիչին տրված ցուցումը, Մ.Զադոյանի երեխաների ծննդյան վկայականները:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն պետք է բավարարել՝ հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում` քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի»։
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով` օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է»:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն. «1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են`
1) հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը և խափանումը.
2) հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը. (…)»։
Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն. «1. Ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց։
2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով»:
Նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «[Ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Արգելվում է անցկացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Անհապաղ ոչնչացման են ենթակա սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները»:
Նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության մեջ պետք է նշվեն`
(…)
5) միջոցառման կամ միջոցառումների անցկացման տեղը, սկիզբը և ավարտը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 286-րդ հոդվածի համաձայն` «Դատարանի որոշման մեջ պետք է նշված լինեն որոշումը կազմելու օրը, ամիսը, տարին և տեղը, դատավորի ազգանունը, միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը, քննչական գործողություններ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու կամ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին նշում` ցույց տալով այդ գործողությունը կամ միջոցը և ում վրա է տարածվում, որոշման գործողության ժամկետը, որոշումը կատարելու համար իրավասու պաշտոնատար անձը կամ մարմինը, դատավորի կնիքով վավերացված ստորագրությունը»:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
(…)»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն.
«1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
(…)
3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն.
«1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`
(…)
5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.
(…):
2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:
(...)»:
Անդրադառնալով պաշտպանի այն պնդմանը, որ որպես անթույլատրելի ապացույց պետք է ճանաչել ամբաստանյալ Գ.Գալոյանի աշխատասենյակում իրականացված ներքին դիտման վերաբերյալ նյութերը, քանի որ Գ.Գալոյանը հանդիսացել է Սոս Գասպարյանի պաշտպանը, որպիսի պարագայում անթույլատրելի է փաստաբանի նկատմամբ ներքին դիտում իրականացնելը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ քրեական գործի նյութերից ակնհայտ է, որ երբևէ, այդ թվում նաև` Բ.Գասպարյանի հետ հանդիպումների ժամանակ Գ.Գալոյանը չի հանդիսացել Բաբկեն Գասպարյանի պաշտպանը, այլ ի սկզբանե ստանձնել է նրա որդու՝ Սոս Գասպարյանի, շահերի պաշտպանությունը, հետևաբար, փաստաբանական գաղտնիքի կամ իր փաստաբանի հետ խորհրդակցելու մասին տվյալ դեպքում խոսք լինել չի կարող։
Անդրադառնալով պաշտպանի կողմից բարձրացված այն հարցին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները պետք է անթույլատրելի ճանաչվեն, քանի որ դրա վերաբերյալ հարուցված միջնոդության մեջ մատնանշված չեն դրանց կատարման ժամանակը, տեղը և այլն, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ սույն դեպքում հիշյալ հանգամանքների բացակայությունն այն աստիճան էական չէ, որ հիմք հանդիսանա նշված ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 286-րդ հոդվածն իմպերատիվ պահանջ չի ներկայացնում, որ դատարանի կողմից կայացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման թույլտվության մասին որոշման մեջ պետք է նշվի այն վայրը, որտեղ կատարվելու է նման միջոցառումը, սակայն հաշվի առնելով, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության մեջ պետք է նշվեն միջոցառման անցկացման տեղը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ներքին դիտում տեսակի օպերատիվ-հետախուզական միջացառումն իրականացվում է բնակարանում կամ «Բնակարան» հասկացության մեջ ընդգրված այլ վայրերում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատարանը ներքին դիտում տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը քննության առնելու ժամանակ պետք է քննության առարկա դարձնի նաև դրա անցկացման տեղը և թույլատրելուց որոշման մեջ պետք է նշի դրա մասին:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ արտաքին և ներքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն տալու մասին, որոշումների եզրափակիչ մասում նշվել են, որ Գայանե Գալոյանը հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, իսկ Միքայել Զադոյանը` ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, միջնորդությունները բավարարելիս, ըստ էության քննության առարկա է դարձրել նաև ներքին դիտում տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման տեղը, որպիսիք են եղել Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի աշխատասենյակները:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշված որոշումների եզրափակիչ մասում` որպես ներքին դիտում տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման տեղ, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի աշխատասենյակները նշված չլինելու հանգամանքը չի կարող համարվել այնպիսի էական խախտում, որը հիմք կհանդիսանա նշված ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Միևնույն ժամանակ, Վերաքննչ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը Գոռ Սարգսյանի վերաբերյալ գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «17. Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրավապահ մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է, որը նպատակ է հետապնդում բացահայտել, կանխել և խափանել հանցագործությունները, ինչպես նաև հայտնաբերել հանցագործությունը նախապատրաստող, կատարող և կատարած անձանց։ Այսինքն` օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներն ընդհանուր առմամբ հետապնդելով հանցագործությունների բացահայտման նպատակ, օժանդակում են քրեական դատավարություն իրականացնող մարմինների առջև դրված խնդիրների լուծմանը և բարձրացնում են քրեական հետապնդման արդյունավետությունը։
17.1 Միևնույն ժամանակ, օպերատիվ-հետախուզական գործունեությունն առանձնանում է իր հետախուզական-որոնողական բնույթով։ Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկումը նպատակաուղղված է ենթադրյալ հանցանքների, դրանք ենթադրաբար նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերմանն ու պարզմանը, այդ կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմանը։ Այսինքն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց հետախուզական-որոնողական բնույթով միտված են նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության դեպքերի և դրանք կատարող անձանց հնարավորինս արագ բացահայտմանը, որին անմիջապես հաջորդում է ստացված տվյալների ամրագրումը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված գործողությունների կատարմամբ։ Այսպես, հետաքննության փուլում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ ապահովվում է «տաք հետքերով» հանցագործության քննությունը, իսկ նախաքննության ընթացքում այն նաև օժանդակում է քննիչի դատավարական գործունեությանը, երբ քրեադատավարական գործիքակազմը բավարար չէ քրեական հետապնդման խնդիրների արդյունավետ իրացման համար, և հանցավորության դեմ պայքարի հանրային շահը պահանջում է նաև գործի համար նշանակություն ունեցող առանձին հանգամանքների բացահայտման համար օպերատիվ-հետախուզական գործունեության մեթոդների և միջոցների կիրառում։
17.2 Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է ընդգծել, որ որոշ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքում միջամտություն է տեղի ունենում մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին։ Այդ պարագայում, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հարկավոր է հաշվի առնել նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ պետության կողմից ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները` մշտապես պահպանելով հանրային շահի և անհատի շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։ Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթից ելնելով` իրավասու մարմիններն առաջադրված խնդիրները լուծելու նպատակով, համապատասխան միջոցառման տեսակն ընտրելիս և այն իրականացնելիս, անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության դեպքում` համաչափության սկզբունքին համահունչ պետք է ապահովեն նաև արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների համարժեք պաշտպանությունը։
Այդ համատեքստում, հարկ է վկայակոչել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիրքորոշումներն այն մասին, որ «երբ (…) հավասարակշռության էր բերվում մի կողմից` գաղտնի հսկողության միջոցների օգնությամբ անվտանգությունը պաշտպանելու պատասխանող պետության շահը, իսկ մյուս կողմից` դիմումատուի անձնական կյանքը հարգելու իրավունքի իրացման նկատմամբ միջամտության լրջությունը, իրավասու ազգային մարմիններն ունեն սեփական հայեցողության որոշակի լուսանցք պատշաճ այն միջոցների ընտրության հարցում, որոնք կօգտագործվեն ազգային անվտանգության պաշտպանության օրինական նպատակին հասնելու համար: Այդուհանդերձ, [ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի`] պետք է գոյություն ունենան չարաշահումներից զերծ պահող բավարար և արդյունավետ երաշխիքներ: Այսպիսով, դատարանը հաշվի է առնում գործի բոլոր հանգամանքները, օրինակ` հնարավոր միջոցառումների բնույթը, տարածման տիրույթը և տևողությունը, դրանց կարգադրման համար պահանջվող պատճառները, դրանց թույլատրելու, կատարելու և հսկելու իրավասություն ունեցող մարմինները, ինչպես նաև` ներպետական իրավունքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցի տեսակը»։
Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է նաև, որ հետապնդվող նպատակների կատարմանն ուղղված միջոցների ընտրությունը սկզբունքորեն ընկնելով պետության սեփական հայեցողության լուսանցքի շրջանակներում` ունենում է լայն կամ նեղ դրսևորում` ելնելով պաշտպանության ենթակա իրավունքի բնույթից։ Օրինակ` «հաշվի առնելով անձի ինքնության ինքնորոշման և ֆիզիկական ու բարոյական անձեռնմխելիության համար [Եվրոպական կոնվենցիայի] 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների առանցքային կարևորությունը, պետություններին վերապահված սեփական հայեցողության լուսանցքը բնակարանի հարցերում ավելի նեղ է, եթե խոսքը գնում է միայն [Եվրոպական կոնվենցիայի] թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանված իրավունքների մասին»։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների կոնկրետ տեսակն ընտրելիս, ելնելով անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության բնույթից, պետությանը վերապահված սեփական հայեցողության լուսանցքի տիրույթի տարբերակման գաղափարն արտացոլված է նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում։ Մասնավորապես, օրենսդիրը որոշ խումբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար նախատեսելով լրացուցիչ չափանիշներ` սահմանափակել է դրանք ընտրելու իրավակիրառողի հայեցողության լուսանցքը։ Այդպիսի միջոցառումների շարքին է դասվում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի նպատակն անձին (անձանց) բնակարանում հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների օբյեկտիվ ընթացքը վերահսկելն է, դրա արդյունքներն ամրագրելը` առանց այդ դեպքերի և իրադարձությունների ընթացքն ուղղորդելու կամ դրանք նախապես ծրագրելու։ Հաշվի առնելով, որ այդ գործողության իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին՝ օրենսդիրն ամրագրել է, որ այն կարող է իրականացվել բացառապես երբ`
ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և
բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:
Հարկ է ընդգծել, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն inter alia սահմանել է, որ նշված միջոցառումը կարող է իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (last resort), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը։ Այսինքն` նշված միջոցառումը ոչ միայն պետք է իրականացվի դրա բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նաև այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում` քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները:
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեությունը լինելով իրավապահ մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ` ենթակա է իրականացման այդ գործունեության բնույթին, նպատակային նշանակությանը և օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխան` մշտապես երաշխավորելով հանրային շահի և անհատի իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը»։
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- 2017թ. հուլիսի 14-ին Բաբկեն Գասպարյանը ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետին դիմում է ներկայացրել այն մասին, որ իր որդու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նշված գործի շրջանակներում 2016թ. դեկտեմբերի 26-ին կամ 27-ին իր տանը կատարվող խուզարկության ժամանակ ինքն իր դժգոհությունն է հայտնել քննիչ Միքայել Զադոյանին այն մասին, որ որդուն ճիշտ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ նա ինքնապաշտպանվել է: Այդ ժամանակ քննիչն ասել է, որ ինքնապաշտպանությունը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածին, որպիսի հանգամանքն ինքն ընդունել է, որպես մեղադրանքն ավելի մեղմով փոխարինելու մասին քննիչի ակնարկ: Հաջորդ օրը տանից վերցրել է 3.000 ԱՄՆ դոլար գումար և գնացել քննիչ Զադոյանի աշխատասենյակ: Վերջինիս խնդրել է, որ որդուն չձերբակալեն: Միաժամանակ քննիչին հայտնել է, որ իր մոտ 3.000 ԱՄՆ դոլար գումար կա և պատրաստ է վճարել: Ինչից հետո Զադոյանն ասել է, որ որդու վերաբերյալ քրեական գործով որպես փաստաբան պետք է մասնակցի Գայանե Գալոյանը և իրեն ուղարկել է նրա մոտ: Գ.Գալոյանի հետ հանդիպման ժամանակ նրան պատմել է որդու հետ տեղի ունեցած դեպքն ամբողջությամբ, որից հետո Գ.Գալոյանը հեռացել է, իսկ որոշ ժամանակ հետո վերադառնալով ասել է, որ քննչականի տղաները 3.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց պատրաստ են օգնել որդուն, և 112-րդ հոդվածը փոխել 116-ով: Ինքը համաձայնել է և 3.000 ԱՄՆ դոլար գումարը տվել է Գ.Գալոյանին, որից հետո վերջինը մյուս որդու հետ գնացել են քննիչ Զադոյանի սենյակ, որտեղ որդին մնացել է քննիչի մոտ, իսկ Գ.Գալոյանը քննիչին ասել է, որ «սա տանեմ, գամ», որից հետո որոշ ժամանակով դուրս եկել աշխատասենյակից:
Բաբկեն Գասպարյանը հայտնել է նաև, որ որդու մեղադրանքն այդպես էլ չի փոփոխվել, և քրեական գործն ուղարկվել է դատարան, որպիսի պայմաններում իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ իրեն խաբել են ու իրենից խաբեությամբ վերցրել 3.000 ԱՄՆ դոլար գումարը:
- 2017թ. հուլիսի 17-ին ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություններ է ներկայացրել` փաստաբան Գայանե Գալոյանի և քննիչ Միքայել Զադոյանի նկատմամբ արտաքին և ներքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու մասին:
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. հուլիսի 17-ի որոշումներով թույլատրել է արտաքին և ներքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնել փաստաբան Գայանե Գալոյանի և քննիչ Միքայել Զադոյանի նկատմամբ:
- Լազերային սկավառակները զննման ենթարկելու մասին 2017թ. սեպտեմբերի 12-ի արձանագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից արտաքին և ներքին դիտման օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման ժամանակ գաղտնատեսանկարահանող և գաղտնաձայնագրող սարքերը գտնվել են Բաբկեն Գասպարյանի մոտ, ով մտնելով մեկ Գայանե Գալոյանի աշխատասենյակ, այնուհետև Միքայել Զադոյանի աշխատասենյակ գաղտնատեսանկարահանել և գաղտնաձայնագրել վերջիններիս հետ տեղի ունեցող խոսակցությունները:
- Առաջին ատյանի դատարանը Միքայել Զադոյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքում, և մեղադրական դատավճռի հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դրել է արտաքին և ներքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները` գտնելով, որ նշված միջոցառումներն իրականացվել են օրենսդրության պահանջներին համապատասխան:
Վերը նշված փաստական հանգամանքները գնահատելով, վերը արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուքները մեղադրական դատավճռի հիմքում դնելիս դրանք պատշաճ ուսումնասիրության չեն ենթարկվել։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ`
- արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են ոչ թե օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու, այլ, ըստ էության, Բ.Գասպարյանի միջոցով միջնորդավորված հարցաքննության եղանակով Գ.Գալոյանից և Մ.Զադոյանից գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման գործընթացը գաղտնի տեսաձայնագրելու նպատակով: Այսինքն` արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում փաստացի իրականացվել է քողարկված հարցաքննություն` արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույց ձեռք բերելու նպատակով` անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` հարցաքննության դատավարական կարգի այնպիսի առանցքային պահանջներ, ինչպիսիք են՝ հարցաքննվող անձանց իրենց իրավունքները և պարտականությունները, այդ թվում` լռելու, իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները պարզաբանելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառման մասին տեղեկացնելը` անձանց իրավունք վերապահելով այդ առնչությամբ ներկայացնելու իրենց դիտողություններն ու հայտարարությունները,
- արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի` նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում: Այսինքն` տվյալ պարագայում չի պահպանվել նաև համաչափության սկզբունքը,
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերոնշյալ փաստական հանգամանքները պատշաճ ուշադրության չարժանացնելը և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ 2017թ. հուլիսի 18-ին և 19-ին իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Մ.Զադոյանի մեղադրանքի հիմքում դնելը հանգեցրել են վարույթի արդարացիության և ըստ այդմ` Մ.Զադոյանի արդար դատաքննության իրավունքի խախտման։ Այլ կերպ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով անթույլատրելի է և չէր կարող դրվել մեղսագրվող արարքում Մ.Զադոյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցների զանգվածում։
Անդրադառնալով Միքայել Զադոյանին առաջադրված մեղադրանքին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի նախաքննությամբ չի ապացուցվել և դատաքննությամբ չի հաստատվել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Միքայել Զադոյանին վերագրվող արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հանցակազմը, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Միքայել Զադոյանը պետք է արդարացվի` կատարած արարքում հանցակազմի բացակայության հիմքով` հետևյալ պատճառաբանությամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննարկման դեպքում, իրավունք ունի գործի արդարացի հրապարակային դատաքննության` խելամիտ ժամկետում, օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից։ Դատավճիռը հայտարարվում է հրապարակայնորեն, սակայն մամուլի ներկայացուցիչներին և հանրությանը կարող են թույլ չտրվել ներկա լինելու ամբողջ դատաքննությանը կամ նրա մի մասին` բարոյականության, հասարակական կարգի կամ ժողովրդական հասարակության մեջ պետական անվտանգության նկատառումներով, եթե դա պահանջվում է անչափահասների շահերի կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանվածության համար, կամ այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, խիստ անհրաժեշտ է առանձնահատուկ հանգամանքների դեպքում, երբ հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը։
Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, անմեղ է համարվում, մինչև որ նրա մեղավորությունը չապացուցվի օրենքին համապատասխան։
(…)»։
Նույն կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն.
«Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ (…)»։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն.
«1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ (…)»։
ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն.
«Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի համաձայն.
«1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է։
(…)»։
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն.
«Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»։
ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն.
«1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով։
2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն.
«(…) Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ։
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի։
(…)»։
Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ»։
Նույն օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն.
«Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով.
7) այն հանգամանքները, որոնք հիմնավորում են, որ գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված մաքսանենգության առարկա»։
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ արարքը հանցավոր ճանաչելու համար անհրաժեշտ են հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
ա/ արարքը պետք է նախատեսված լինի քրեական օրենքով,
բ/ այն պետք է բովանդակի հանցակազմի բոլոր հատկանիշները։
Այլ կերպ` նշված պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է հանցանքի առկայությունը։
Նշված հետևությունը բխում է նաև Տիգրան Շմավոնյանի վերաբերյալ ՎԲ-107/07 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ. հուլիսի 13-ի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից, որի համաձայն. «(...) Արարքը ճանաչվում է հանցավոր միայն այն դեպքում, երբ առկա են քրեական օրենքով նախատեսված բոլոր հատկանիշները։ Հանցագործությունն իրենից ներկայացնում է չորս պարտադիր տարրերի միասնություն, այն է՝ օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ։ Նշվածներից թեկուզ մեկի բացակայությունը անձի արարքում վկայում է հանցակազմի բացակայության մասին։ (…)»։
Մեջբերված նորմերով սահմանված է նաև օրինականության սկզբունքը, որի անբաժանելի տարրն է «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը։ Վերջինս իր արտացոլումն է գտել ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան), այնպես էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայում։
Այսպես` Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության և Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործերով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված երաշխիքները, լինելով օրենքի գերակայության էական տարրեր, Կոնվենցիայի պաշտպանության համակարգում կայուն տեղ ունեն, և դա հատկապես ընդգծվում է այն փաստով, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն` անգամ պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ 7-րդ հոդվածից որևէ շեղում չի թույլատրվում։ Վերջինս, ելնելով իր առարկայից և նպատակից, պետք է այնպես մեկնաբանվի ու կիրառվի, որպեսզի նախատեսի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիքներ (տե՛ս Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (C.R. v. THE UNITED KINGDOM), 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20190/92, կետ 32, Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (S.W. v. THE UNITED KINGDOM), 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20166/92, կետ 34)։
Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսված չէ միայն նրա համար, որ ի վնաս մեղադրյալի հետադարձության կարգով քրեական օրենքի կիրառումն արգելվի։ Այն ընդհանուր առմամբ ամրագրում է նաև այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (nullum crimen, nulla poena sine lege), ինչպես նաև այն սկզբունքը, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանության ենթարկվի, օրինակ՝ այն չպետք է կիրառվի անալոգիայով (տե՛ս Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով (KOKKINAKIS v. GREECE), 1993 թվականի մայիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 14307/88, կետ 52)։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն.
«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում։ Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն. «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում (...) 3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները»։
«Ապացույցների բավարարություն» հասկացության էությունը, ապացույցների բավարարությունը որոշելու ընդհանուր չափանիշները, դրանցից յուրաքանչյուրի բնութագիրը Վճռաբեկ դատարանը քննարկել և վերլուծել է Ս.Սաքանյանի վերաբերյալ գործով կայացրած որոշման շրջանակներում։
Մասնավորապես, վկայակոչված որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով «ապացուցման առարկա» և «ապացույցների բավարարություն» հասկացությունները, նշել է. «(…) եթե ապացուցման առարկան ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ պարզել յուրաքանչյուր քրեական գործով, ապա ապացույցների բավարարությունը կապված է այն ապացուցողական նյութի հետ, որը վերաբերում է ապացուցման առարկային և թույլ է տալիս այդ հանգամանքների մասին գալ արժանահավատ հետևության։ Որոշելով ապացույցների բավարարությունը` վարույթն իրականացնող մարմինները լուծում են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների հետազոտման խորության աստիճանի հետ կապված հարցերը, մասնավորապես այն, թե ի՞նչ աստիճանի պետք է մանրացվի յուրաքանչյուր հանգամանքը, և ի՞նչ ծավալի ապացույցներ են անհրաժեշտ այդ հանգամանքները հավաստի պարզելու և դրա հիման վրա այս կամ այն դատավարական որոշումը կայացնելու համար։
Այսպիսով, ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը։
Ի տարբերություն ապացուցման առարկայի, ապացույցների բավարարություն հասկացության բովանդակությունը քրեական դատավարության օրենսդրությամբ բացահայտված չէ, այսինքն` օրենքում հստակ նշում չկա այն մասին, թե մինչև ե՞րբ պետք է հավաքվեն և հետազոտվեն ապացույցները, որպեսզի յուրաքանչյուր գործով պարզվի ապացուցման առարկան ամբողջությամբ կամ նրա տարրերն առանձին վերցրած։ Բացի այդ, օրենքում սահմանված չէ միասնական չափանիշ առ այն, թե ե՞րբ են ի հայտ գալիս յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման առարկան բացահայտված համարելու հիմքերը։
Վճռաբեկ դատարանը՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014թ. հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) ապացույցների բավարարությունը որոշելու հետևյալ ընդհանուր չափանիշները՝
1) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունք,
2) դատավարական որոշումների հիմնավորվածություն և պատճառաբանվածություն,
3) անմեղության կանխավարկած» (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 14-15-րդ կետերը, իսկ վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքի, դատավարական որոշումների հիմնավորվածության և պատճառաբանվածության, անմեղության կանխավարկածի մասին մանրամասն տե՛ս նույն որոշման 16-19-րդ կետերը)։
29. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված գործով արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ապացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.
1) անմեղության կանխավարկածը,
2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,
3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը։
30. Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական դատավարությունում կանխավարկածը օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։ Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով։ Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։
Հարկ է նշել նաև, որ անմեղության կանխավարկածն ամրագրող նորմերը, ինչպես նաև նախադեպային իրավունքը սահմանում են ոչ միայն այդ սկզբունքի բուն էությունը, այլև՝ դրա հաղթահարման, նույնն է, թե անձի մեղավորության հաստատման համար անհրաժեշտ դատավարական չափորոշիչները։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Մ.Հակոբյանի գործով որոշման մեջ շեշտել է. «(…) ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված՝ ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով։ Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։ Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը (…)» (տե՛ս Մարգար Հակոբյանի վերաբերյալ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշման 13-րդ կետը)։ Անմեղության կանխավարկածի սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել և իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով որոշման մեջ (տե՛ս Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ կետը)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքը, ի թիվս այլոց, ենթադրում է մեղադրանքի կողմի պարտականությունը ներկայացնելու անձին դատապարտելու համար բավարար ապացույցներ (տե՛ս, ի թիվս այլոց, Barbera Messegue and Jabardo v. Spain, գանգատ թիվ 10590/83, 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ, 77-րդ կետ, Janosevic v. Sweden, գանգատ թիվ 34619/97, 2002 թվականի հուլիսի 23-ի վճիռ, 97-րդ կետ)։
Այսպիսով, անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար։
31. Ապացույցների բավարարությունը որոշելու մյուս չափանիշին՝ ներքին համոզմունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։
Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում։ Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական։ Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը։ (…)» (տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 14-րդ կետը)։
Այսպիսով, «ներքին համոզմունքը» սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա է։ Այն ապացույցների գնահատումն իրականացնող սուբյեկտի գիտակցված և ողջամիտ համոզվածությունն է իր իսկ կողմից կայացված որոշման հիմնավորվածության մեջ (սուբյեկտիվ բնույթ)։ Այդպիսի համոզվածությունը պետք է ձևավորված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում և հիմնվի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստերի վրա, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կձևավորեն նույն համոզվածությունը (օբյեկտիվ բնույթ)։
Ելնելով այն հանգամանքից, որ ներքին համոզմունքն ունի օբյեկտիվ հիմքեր, անհրաժեշտ է այն տարբերակել ինտուիցիայից, ենթադրություններից և այլ անհաշվետու զգացմունքներից։ Ի տարբերություն դրանց, ներքին համոզմունքը չի կարող ձևավորվել առանց օբյեկտիվ հիմքի և հիմնվել անթույլատրելի, ոչ վերաբերելի, անարժանահավատ ապացույցների վրա։ Այլ խոսքով, ներքին համոզմունքը հիմնվում է ողջամիտ կարծիքի, գիտելիքի վրա, այլ ոչ թե ենթադրությունների, երևակայության, համակրանքի, հակակրանքի կամ կանխակալ կարծիքի վրա։
Ներքին համոզմունքի՝ որպես ապացույցների գնահատման արդյունքի օբյեկտիվ հիմքը քրեական գործով ձեռք բերված, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտված ապացույցների բավարար համակցությունն է։ Այս առումով անհրաժեշտ է վերլուծել ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության հատկանիշները, որոնց տեսանկյունից ապացույցները ենթակա են գնահատման։
31.1. Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին։ Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը և ենթադրում է.
- աղբյուրի օրինականություն՝ ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),
- ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,
- դատավարական ձևակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն դատավարական ձևակերպման,
- լիազորված սուբյեկտ՝ այն պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից։
Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով։
31.2. Վերաբերելիությունն ապացույցի կարողությունն է իր բովանդակությամբ ծառայելու ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքները, գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող այլ տվյալները բացահայտելուն և հաստատելուն։ Այլ խոսքով՝ ապացույցի վերաբերելիության հատկանիշն արտացոլում է ապացույցի և գործի քննության ու լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների միջև կապը։ Ապացույցը կհամարվի վերաբերելի, եթե տեղեկություններ պարունակի գործի համար որևէ նշանակություն ունեցող փաստի մասին։
31.3. Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.
ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),
բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),
գ) ապացուցողական տեղեկությունը ձեռք բերելու միջոցը,
դ) ապացույցի բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը,
ե) նույն տեղեկության ստացումն այլ աղբյուրից։
Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։
Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա։
32. Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս՝ դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (սույն չափանիշի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների մասին տե՛ս նաև Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 18-րդ կետը)։ Ապացույցների կամայական գնահատման արգելքը ենթադրում է ապացույցները բարեխիղճ վերլուծության ենթարկելու պարտականություն։
Վերջին դիրքորոշումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված։ Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»։
Դատական ակտի պատճառաբանվածության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար։
(…) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման։
(…) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում՝ ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը)։
Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշմամբ ձևավորած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պարտավոր է իր դատական ակտում ամրագրել և թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատման ենթարկել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև նշել այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ կետ)։ Հակառակ դեպքում ապացույցների գնահատումը, դրա արդյունքում դատարանի համապատասխան ներքին համոզմունքի ձևավորումը կկրեն սուբյեկտիվ բնույթ, կհանգեցնեն կամայականության և անձի արդար դատաքննության իրավունքի խախտման՝ սահմանափակելով նաև դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու վերադաս դատարանի հնարավորությունը։
33. Սույն որոշման 29-32-րդ կետերում կատարված իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի լուծման համար ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշները սերտորեն փոխկապակցված են և փոխադարձաբար պայմանավորում են միմյանց։ Գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով` պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում։
Ս.Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է. «Ապացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով (…)։ Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե`
1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,
2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,
3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում։» (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 17-րդ կետը)։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը։ Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»։
Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով մեջբերված իրավանորմերը, դատողությունները և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները` անհրաժեշտ է համարում առավել հանգամանորեն անդրադառնալ «չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու» (in dubio pro reo) կանոնի էության պարզաբանմանը։
Այս կանոնն իր ամրագրումն է ստացել ինչպես մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերում, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և հանդիսանում է մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքի գործնական երաշխիք քրեական դատավարության և մասնավորապես` դատական քննության ընթացքում։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կարծիքով, անմեղության կանխավարկածը, inter alia, պահանջում է, որ իրենց պարտականությունները կատարելիս դատարանի անդամները չունենան կանխակալ կարծիք առ այն, որ մեղադրյալը կատարել է մեղսագրվող արարքը, իսկ ապացուցման պարտականությունը պետք է կրի մեղադրանքի կողմը և ցանկացած կասկած պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի։ Դատարանի գնահատմամբ՝ «չփարատված կասկածները» հասկացությունը վերաբերում է ինչպես մեղադրանքի ողջ ծավալին, այնպես էլ մեղադրանքի առանձին դրվագներին, մեղքի ձևին, հանցագործությանն անձի մասնակցության աստիճանին և բնույթին, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներին, առանձին վերցրած ապացույցներին։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրավական հետևանք կարող է ունենալ ոչ թե յուրաքանչյուր կասկած, այլ միայն չփարատված կասկածները։ Կասկածները համարվում են չփարատված, եթե դրանք շարունակում են մնալ, երբ քրեական գործի բոլոր հանգամանքները հետազոտվում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի, քրեադատավարական ապացուցման բոլոր միջոցներով։ Կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելը նշանակում է, որ հանցագործության դեպքի, դրանում մեղադրյալի մասնակցության, մեղադրյալին մերկացնող, նրա պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներն ապացուցող փաստերը ճանաչվում են գոյություն չունեցող և հակառակը` մեղադրյալի մեղավորությունը կասկածի տակ դնող, նրան արդարացնող կամ մեղմացնող հանգամանքները ճանաչվում են հաստատված, եթե դրանց գոյությունն արժանահավատորեն հերքված չէ: Չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու կանոնը ենթադրում է հանցագործության դեպքի, դրանում մեղադրյալի մասնակցության աստիճանի, բնույթի, մեղավորության և այլ հարցերի հաստատված լինելու վերաբերյալ դատարանի մոտ անվստահության վիճակ, որը հիմնված է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար անհրաժեշտ ապացուցողական տեղեկատվության պակասի վրա:
Այսպիսով, անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ /հիմնավոր/ կասկածից վեր ապացուցված համարելու և ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար։ Անմեղության կանխավարկածն այս տեսանկյունից կարելի է համարել հաղթահարված, եթե ապացուցման առարկան կազմող հանգամանքներն ապացուցված են անկասկած, այսինքն` այնպես են ապացուցված, որ դրանց ճշտությունը` առկա բավարար ապացույցներով հաստատված ճանաչելու դեպքում չի կարող կասկածներ առաջացնել։ Հակառակ դեպքում, եթե այդ հանգամանքներն ապացուցված չեն անկասկած, անվերապահորեն, ապա չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու կանոնի (in dubio pro reo) կիրառմամբ պետք է ապացուցված համարել հակառակը։
Ընդհանրացնելով վերոգրյալը` հարկ է փաստել, որ հանցագործության համար դատապարտումը չի կարող պայմանավորված լինել անձի հավանական մեղավորության վերաբերյալ հետևություններով կամ ենթադրություններով, այլ պետք է բխի նրա կողմից տվյալ արարքը կատարելու հարցում դատարանի համոզմունքից։ Միաժամանակ դատարանի համոզմունքը չի կարող կամայական և սուբյեկտիվ լինել. այն պետք է ձևավորվի պատշաճ ընթացակարգի շրջանակներում ապացույցների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման և գնահատման արդյունքում։
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն.
«1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
(…)
2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝
(…)
3. Նույն արարքը, որը կատարվել է՝
(…)
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(…)
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
(…)
2) առանձնապես խոշոր չափերով,
(…)
Սույն գլխում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն. «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»։
Կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Է.Զաքարյանի ու այլոց գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում արտահայտել այն մասին, որ. «(…) [Օ]բյեկտիվ կողմից քննարկվող հանցագործությունը դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն
ա) ստանալով կամ,
բ) պահանջելով կամ,
գ) ստանալու խոստմամբ կամ,
դ) առաջարկն ընդունելով:
(…) [Հ]անցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից պահանջ ներկայացնելով, որը հանդիսանում է կաշառք տվողի օգտին որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու անվերապահ պայման: (…):
Քննարկվող հանցագործությունը ձևական է և ավարտված է համարվում պահանջ ներկայացնելու պահից` անկախ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության ձեռքբերման, կաշառքի առարկան հետագայում ստանալու կամ չստանալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին պայմանավորված գործողությունները կատարելու կամ չկատարելու հանգամանքից: (…):
(…) [Հ]անցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է, որպեսզի ներկայացվող պահանջը լինի կոնկրետ, առկա և իրական, իսկ այս չափանիշներին չհամապատասխանող, զուտ անձի դիտավորությունը բացահայտող պահանջ ներկայացնելը չի կարող հանցագործություն համարվել: Կաշառք տալու միայն կոնկրետ և իրական պահանջի դեպքում է խոսք գնում հանրորեն վտանգավոր, հակաիրավական, գիտակցված և կամային այնպիսի արարքի (գործողության) կատարման մասին, որն ուղղված է կոնկրետ օբյեկտի` պետական ապարատի բնականոն գործունեության դեմ, այդ հարաբերություններում առաջացնում է բացասական փոփոխություններ, հեղինակազրկում է պետական իշխանությունը, վտանգում դրա նորմալ գործունեությունը (…)»:
Վերահաստատելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումը և անդրադառնալով կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմի մյուս հատկանիշներին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի օբյեկտիվ կողմի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանցակազմն առկա է նաև որոշակի գույքային առավելության դիմաց պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու դեպքում, այլ կերպ՝ պաշտոնատար անձի կողմից թեկուզև օրինական գործողություն կատարելու համար գումար պահանջելը կամ ստանալը նույնպես կարող է որակվել որպես կաշառք ստանալ: Ինչ վերաբերում է ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալուն, ապա որպես քննարկվող հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք՝ այն նախատեսված է նույն հոդվածի 2-րդ մասում:
19.1. Պաշտոնատար անձի կողմից իր իրավասության շրջանակում որոշակի գույքային առավելության դիմաց օրինական գործողության կատարման համար ևս քրեական պատասխանատվություն սահմանելու գաղափարն ամրագրված է նաև Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայում (17) (այսուհետ՝ նաև Կոնվենցիա)։ Կոնվենցիայով նախատեսված՝ կաշառակերության (ակտիվ կամ պասիվ) համար քրեական պատասխանատվություն նախատեսելու պահանջի տեսանկյունից, այդ նույն Կոնվենցիայի բացատրական զեկույցի համաձայն, անհրաժեշտ չի համարվում պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունները խախտելու լրացուցիչ տարրի նախատեսումը։ Նշված զեկույցի համաձայն՝ այս իրավախախտման հիմնական տարրը ոչ թե պաշտոնատար անձի՝ այս կամ այն կերպ գործելու լիազորության առկայությունը կամ բացակայությունն է, այլ այն, որ դրա համար պաշտոնատար անձը ստացել, կամ վերջինիս առաջարկվել կամ խոստացվել է կաշառք։ Ընդ որում, բացատրական զեկույցից բխում է, որ այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությամբ նախատեսված է վերը հիշատակված լրացուցիչ տարրը, այնուամենայնիվ, պետք է ապահովվի Կոնվենցիայի 2-րդ հոդվածում տրված՝ կաշառակերության բնորոշման իմպլեմենտացումն այն հաշվով, որ չվտանգվի դրա քրեականացման նպատակը (…)»:
Անդրադառնալով սույն գործին և վերոհիշյալ չափանիշներով գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել ամբաստանյալ Միքայել Զադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ։
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ սույն գործով չի ձևավորվել վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որպեսզի դրանք ապահովեն սույն գործի ճիշտ լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հանգամանքները, մասնավորապես՝ ամբաստանյալ Միքայել Զադոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունը կատարելու հիմնավորվածությունը և արժանահավատությունը։
Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործով ապացույցների անհրաժեշտ և բավարար համակցություն ձեռք չի բերվել, որպեսզի ամբաստանյալ Միքայել Զադոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման վերաբերյալ յուրաքանչյուր փաստական հանգամանք հաստատված համարվի այն խորությամբ և աստիճանի, որ կասկած չմնա դրանց ապացուցվածության վերաբերյալ, իսկ ներկայացված ապացույցներով` այդ հանգամանքների ապացուցվածությունն ակնհայտ կասկած է հարուցում, այսինքն` առկա է չփարատված կասկած` Միքայել Զադոյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած լինելու մասին, որը պետք է մեկնաբանվի հօգուտ նրա։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ապացուցված և հաստատված է համարել այն, որ Միքայել Զադոյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով Բաբկեն Գասպարյանի որդու` Սոս Գասպարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի միջնորդությամբ և նրա միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվել է թիվ 12808616 քրեական գործը, որով Սոս Բաբկենի Գասպարյանին վերագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում։ Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում` 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանի հայրը Բաբկեն Գասպարյանն այցելել է քննչական բաժին, հանդիպել տվյալ գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով 3.000 ԱՄՆ դոլար կաշառք` իր ներկայացրած անձի՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու, այն է` Սոս Գասպարյանին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն և պատիժ սահմանող նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։
Քննիչ Միքայել Զադոյանը Բաբկեն Գասպարյանին ուղղորդել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ՝ խորհուրդ տալով դիմել նրան, քանի որ Բաբկեն Գասպարյանի կողմից մատնանշած փաստաբան Կարինե Շախմուրադյանը հիմնականում զբաղվելիս է եղել քաղաքացիական գործերով։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը նույնը օրը հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, նրան հայտնել իր որդու հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից անմիջապես հետո Գայանե Գալոյանը, գնալով քննչական բաժին, լրացուցիչ պարզաբանումներ է կատարել ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ և կաշառք ստանալու շուրջ կողմերի՝ Միքայել Զադոյանի և Բաբկեն Գասպարյանի միջև համաձայնություն ձեռք բերելու՝ այն է կաշառքի միջնորդություն իրականացնելու դիտավորությամբ հանդիպել է Բաբկեն Գասպարյանի հետ։ Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանին կրկին հավաստիացրել է գումարի դիմաց նրա որդու օգտին գործողություններ կատարելու հիշյալ պաշտոնատար անձի վճռականության մասին, ապա հանդիսանալով որպես կաշառքի միջնորդ, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչ Միքայել Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափի 3.000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը»:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը վերը նշված դիրքորոշման գալուց արձանագրել է, որ. «Գործի նյութերից և դատարանում հետազոտված ապացույցներից ակնհայտ է, որ Բաբկեն Գասպարյանը և Միքայել Զադոյանն առաջին անգամ հանդիպել են 2016թ-ի դեկտեմբերի 27-ին, երբ քննիչ Զադոյանը խուզարկություն է կատարել Բ.Գասպարյանի բնակարանում։ Դրանից հետո վերջինս Գասպարյանին է հանձնել հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ծանուցագրեր, որոնցով վերջինիս որդիները պարտավոր էին ներկայանալ քննիչին։ Գործի նյութերով դատարանը հաստատված է համարում նաև այն, որ 2016թ-ի դեկտեմբերի 29-ին Բ.Գասպարյանը գնացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և հանդիպել Մ.Զադոյանին։ Հատկանշականն այն է, որ հիշյալ հանդիպման վերաբերյալ Բ.Գասպարյանը նախաքննության ժամանակ ներկայացրել է որոշակի հանգամանքներ, իսկ արդեն դատարանում` տվել հակասական ցուցմունք։
Մասնավորապես, նախաքննության ընթացքում Գասպարյանը հստակ կերպով, յուրաքանչյուր անգամ հարցաքննվելիս ներկայացրել է այն նույն փաստերը, որոնք վերաբերում են 2016թ-ի դեկտեմբերի 29-ին քննչական բաժնում Մ.Զադոյանին հանդիպելուն, ինչպես նաև՝ նրա խորհրդով Գ.Գալոյանին դիմելուն։ Բ.Գասպարյանը նախաքննության ընթացքում իրականացված հարցաքննությունների ժամանակ պնդել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին այցելել է քննչական բաժին, հանդիպել գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 3.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր որդու՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու, այն է՝ Սոս Գասպարյանին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն և պատիժ սահմանող նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։
Այսպես.
09.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես վկա Բ.Գասպարյանը հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ-ի դեկտեմբերի 29-ին որդիների և կնոջ հետ գնացել են քննչական բաժին, ինքը վերցրել էր 3.000 ԱՄՆ դոլար, որպեսզի մտներ քննիչի մոտ և խնդրեր նրան գումարի դիմաց չձերբակալել Սոսին ու փոխել առաջադրված մեղադրանքը։ Մինչ քննիչի մոտ գնալը, իրենք հանդիպել են ծանոթ փաստաբան Կարինեին, նրան պատմել դեպքը, վերջինս ասել է, որ կփորձի օգնել։ Այնուհետև, ինքը միայնակ բարձրացել է քննչական բաժին։ Տեսնելով, որ քննիչ Զադոյանը տեղում չէ, զանգահարել է նրան, վերջինս ասել է, որ պետք է մի փոքր սպասի։ Մոտ 10 րոպե անց եկել է քննիչը, միասին մտել են նրա աշխատասենյակ, զրուցել որդու գործի մասին, ապա, առաջարկել է քննիչ Զադոյանին տալ 3000 ԱՄՆ դոլար, որպեսզի նա վերաորակի որդուն առաջադրված մեղադրանքը և նրան չձերբակալի։ Մ.Զադոյանը չի առարկել իր առաջարկին և ասել է, որ կկանչի տեղակալին և միասին կզրուցեն։ Այնուհետև, դուրս է եկել սենյակից և վերադարձել տեղակալի հետ։ Այդ ժամանակ Մ.Զադոյանն իրեն չի ներկայացրել տեղակալի տվյալները, սակայն հետագայում իմացել է, որ նա հանդիսանում է Բունիաթ Եղիազարյանը։
...Այդ ժամանակ ի պատասխան Զադոյանի հարցին, ինքը նրան ասել է, որ ունեն պայմանավորվածություն փաստաբան Կարինեի հետ, սակայն Զադոյանն ասել է, որ պետք չէ, որպեսզի Կարինեն մասնակցի այդ գործին, նա կասի, թե ում պետք է վարձեն։ Մասնավորապես, Մ.Զադոյանն ասել է, որ վարձեն փաստաբան Գայանե Գալոյանին, ասելով՝ «մնացածը Գայանեն քեզ ամեն ինչ կասի», հասկացել է, որ գումարային հարցերի շուրջ պետք է պայմանավորվի այդ փաստաբանի հետ։ Այդ ժամանակ Մ.Զադոյանը զանգահարել է Գ.Գալոյանին և ասել՝ «քո մոտ ուղարկում եմ մի տղամարդու, հանդիպի հետը, զրուցի» և իրեն է փոխանցել Գալոյանի հեռախոսահամարը՝ 091-49-81-91 …»։
12.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…Դեկտեմբեր ամսին գնացել է քննիչ Զադոյանի մոտ, առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար այդ հարցի լուծման համար, իսկ քննիչը չի առարկել, ասելով, որ պետք է կանչի պետի տեղակալին։ Պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանն իր հետ զրույցի ժամանակ ասել է, որ Սոսին կօգնեն օրենքի շրջանակներում։ Դրանից հետո քննիչ Զադոյանն իրեն ասել է, որպեսզի դիմի փաստաբան Գայանե Գալոյանին և իրեն է տվել նրա հեռախոսահամարը…»։
19.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես մեղադրյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…Գործը քննող քննիչին ինքն առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար, որպեսզի նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով և նրան չձերբակալեին։ Քննիչ Զադոյանը համաձայնվել է իր առաջարկին, քանի որ ասել է՝ «…գնամ պետի տեղակալին կանչեմ, խոսենք»։ Պետի տեղակալն ասել է, որ Սոսին կօգնեն օրենքի շրջանակներում, ապա քննիչն իրեն ասել է, որպեսզի դիմեն փաստաբան Գայանե Գալոյանին, ինչն ինքն արել է…»։
16.11.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ որպես մեղադրյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«2016թ-ի դեկտեմբերի 29-ին որդու վերաբերյալ Էրեբունու քննչական բաժնում քննվող քրեական գործով քննիչ Մ.Զադոյանին առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար կաշառք, որպեսզի նա որդուն չձերբակալի և նրան առաջադրված մեղադրանքը վերաորակի ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Քննիչը համաձայնվել է իր առաջարկի հետ և աշխատասենյակ է կանչել պետի տեղակալ Բ.Եղիազարյանին, ով խոստացել է օգնել այդ հարցում։ Քննիչի ասելով հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, ում միջոցով 3.000 ԱՄՆ դոլար է փոխանցել քնիչին և պետի տեղակալին…»։
29.09.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ կասկածյալ Միքայել Զադոյանի հետ առերես հարցաքննվելիս ցուցմունք է տվել և պնդել իր կողմից նախկինում ասածն այն մասին, որ՝
«…Դեկտեմբերի ամսի 29-ին տղաների հետ գնացել է քննչական բաժին, հանդիպել Զադոյանին, խնդրել է օգնել իրենց և շեշտել, որը մոտը կա 3.000 ԱՄՆ դոլար։ Զադոյանն ասել է, որ պետք է կանչի պետի տեղակալին և զրուցեն նրա հետ։ Պետի տեղակալը եկել է և ասել, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Այնուհետև, Զադոյանն ասել է, որ Սոսի պաշտպանը կլինի փաստաբան Գայանե Գալոյանը և փոխանցել է նրա հեռախոսահամարը։ Այդ զրույցից հետո Զադոյանն իրեն ասել է, որ մնացած բոլոր հարցերը Գայանեի հետ լուծի, նա կասի, թե ինքն ինչ պետք է անի։
Հավաստիացրել է, որ Գ.Գալոյանի մասին իրեն հայտնել է քննիչ Զադոյանը, քանի որ մինչ այդ, ինքը նրան ասել էր, որ Սոսի պաշտպանը լինելու է փաստաբան Կարինեն, իսկ Զադոյանն ասել է, որ որպես պաշտպան պետք է լինի Գայանե Գալոյանը։ Ինքն անձամբ է առաջարկել Զադոյանին գումար տալ…»։
13.10.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ մեղադրյալ Գ.Գալոյանի հետ առերես հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ`
«…Զադոյանի կողմից տրված ծանուցագրերի հիման վրա դեկտեմբերի 29-ին որդիների հետ գնացել է Էրեբունու քննչական բաժին։ Հանդիպել է քննիչ Զադոյանին, խնդրել է որդուն օգնել և շեշտել, որ իր մոտ 3.000 ԱՄՆ դոլար կա։ Այնուհետև, Զադոյանը կանչել է պետի տեղակալին, ով իրեն ասել է, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։ Այդ ժամանակ նրան խնդրել է որդուն չձերբակալել և առաջադրված մեղադրանքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Այդ պահին Զադոյանը զանգահարել է Գ.Գալոյանին և ասել, որ նրա մոտ մի տղամարդ է ուղարկում, ապա իրեն ասել է, որ Գալոյանն է լինելու որդու պաշտպանը, նա կասի, թե ինչ պետք է անել։ Դրանից հետո իրեն է փոխանցել Գալոյանի հեռախոսահամարը…»։
18.10.2017թ-ին նախաքննական մարմնի մոտ վկա Բ.Եղիազարյանի հետ առերես հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ՝
«…2016թ-ի հունվարի 29-ին որդու դեպքի առիթով գնացել է Էրեբունու քննչական բաժին` քննիչ Զադոյանի մոտ։ Զադոյանին խնդրել է օգնել իրեն, որդուն չձերբակալել և նրան ավելի մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրել, քանի որ նա պաշտպանվելու ժամանակ է դանակով հարվածել Ս.Կուդրյաշովին, հետևաբար խնդրել է նրա արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Զադոյանը, լսլով այդ ամենը, ասել է` «գնամ պետի տեղակալին ասեմ ու գամ»։ Երբ եկել է պետի տեղակալը, Զադոյանն իրեն ներկայացրել է որպես Սոսի հայր, ով ցանկանում է, որպեսզի օգնեն որդուն։ Դրանից հետո պետի տեղակալ Եղիազարյանն ասել է, որ օրենքի սահմաններում կօգնեն, և նա ու Զադոյանը դուրս են եկել աշխատասենյակից։ Երբ Զադոյանը վերադարձել է, իրեն առաջարկել է, որ իրենց փաստաբանը լինի Գայանե Գալոյանը, ապա իրեն է տվել վերջինիս հեռախոսահամարը։ Զադոյանը զանգահարել է Գալոյանին, ասել, որ նա մոտ է ուղարկում մի տղամարդու…»։
Դատարանն արձանագրում է, որ Բաբկեն Գասպարյանի՝ դատական քննության ընթացքում հրապարակված նախաքննական ցուցմունքներով հավաստվում է, որ նա`
- Մ.Զադոյանին առաջարկել է 3.000 ԱՄՆ դոլար կաշառք,
- վերջինս թեև դրա վերաբերյալ հստակ պատասխան չի տվել, սակայն չի հրաժարվել նաև կաշառքն ընդունելու առաջարկից,
- Բ.Գասպարյանին խորհուրդ է տվել դիմել փաստաբան Գ.Գալոյանին։
Մինչդեռ, Բ.Գասպարյանը դատարանում հայտնել է լիովին այլ տեղեկություններ. մասնավորապես`
«...Դեկտեմբերի 29-ին կնոջ և տղաների հետ գնացել է իր ընկերոջ կնոջ` փաստաբան Կարինեի մոտ` դեպքի հետ կապված զրուցելու նպատակով, սակայն, քանի որ վերջինս աշխատավայրում չի գտնվել, ինքը միայնակ բարձրացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Բաժնում Զադոյանի հետ զրույցի ժամանակ կրկին ասել է, որ Սոսի արարքը սխալ է որակված, այն չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածին, նրա արարքում առկա են ինքնապաշտպանության տարրեր, ուստի դիմել է նրան առաջադրված մեղադրանքը փոխելու խնդրանքով։ Այդ ժամանակ աշխատասենյակ է մտել մի երիտասարդ, ում Զադոյանը ներկայացրել է որպես պետի տեղակալ, և նրան ասել, որ ինքը Սոսի հայրն է, օգնություն է խնդրում։ Պետի տեղակալ Բ.Եղիազարյանն ասել է, որ օրենքի սահմաններում կօգնեն։ Մ.Զադոյանի հետ զրույցի ժամանակ վերջինս հարցրել է, որ թե ով պետք է պաշտպանի Սոսի շահերը, պատասխանել է, որ փաստաբան Կարինե Շախմուրադյանը, սակայն Մ.Զադոյանն ասել է, որ Կարինեն քաղաքացիական գործերով է զբաղվում և խորհուրդ է տվել դիմել քրեական գործերով փաստաբան Գայանե Գալոյանին։ Մ.Զադոյանն իրեն է տվել Գ.Գալոյանի հեռախոսահամարը, քննիչի խորհրդով ինքը զանգահարել է նրան և հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել...»։
Հատկանշականն այն է, որ նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո չհերքելով գումարի վերաբերյալ տեղի ունեցած խոսակցության փաստը, ամբաստանյալ Գասպարյանը հայտնել է, որ չի բացառում, որ Զադոյանի մոտ «մրմնջացած» լինի գումարի մասին, սակայն նա որևէ արձագանք չի տվել։ Աշխատասենյակում գտնվելու ժամանակ, երբ Զադոյանը գնացել է դեպի դուռը, սենյակ է մտել պետի տեղակալ Բ.Եղիազարյանը, Զադոյանն իրեն ներկայացրել է որպես Սոսի հայր, ով օգնություն է խնդրում, իսկ Եղիազարյանն ասել է, որ օրենքի շրջանակներում կփորձեն օգնել։
Փաստորեն, դատարանում ամբաստանյալ Գասպարյանի հարցաքննության ժամանակ ստեղծվել է մի իրավիճակ, երբ վերջինս չի պնդել Զադոյանի հետ գումարային հարցերի շուրջ ուենցած զրույցի մասին իր կողմից նախկինում հայտնածը, մինչդեռ, վերջինիս հրապարակված նախաքննական ցուցմունքները վկայում են լիովին այլ հանգամանքների մասին։ Տվյալ պարագայում, դատարանը գնահատելով ամբաստանյալ Բ.Գասպարյանի դատաքննական և նախաքննական ցուցունքները, գալիս է այն եզրահանգման, որ վերջինս այս առումով դատարանում տվել է կցկտուր, որոշակի առումով նաև խուսափողական ցուցմունք, մինչդեռ, նախաքննության ընթացքում տարբեր դատավարական կարգավիճակով հարցաքննելիս հստակ, մանրամասն՝ այդ թվում նաև Միքայել Զադոյանին առերես նկարագրել է դեպքը և պնդել, որ Մ.Զադոյանին գումարի առաջարկ իրականում արել է, որից հետո, վերջինս իրեն ուղարկել է Գ.Գալոյանի մոտ։
Հետևաբար, վերը շարադրված ապացույցների ամբողջության և դրանց ընդհանուր գնահատման արդյունքում դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Բ.Գասպարյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներն առավել արժանահավատ են և այդ ցուցմունքները՝ զուգորդված վերը նշված ապացույցների ամբողջությամբ, հանդիսանում են այն փաստական տվյալների զանգվածը, որոնցով և հաստատվում է Մ.Զադոյանին առաջադրված մեղադրանքը։
Ինչ վերաբերում է Բունիաթ Եղիազարյանի կողմից դրսևորած ենթադրյալ գործողություններին, ապա, դատարանը փաստում է, որ նրան սույն գործով մեղադրանք առաջադրված չէ, հետևաբար, նրա վերաբերյալ դատողություններն անելն այս գործի շրջանակներում անթույլատրելի է՝ վերջինիս անմեղության կանխավարկածի իրավունքը պահպանելու նկատառումներից ելնելով։ Ավելին, դատարանը նշված անձի ենթադրյալ կատարած արարքին չի անդրադառնում նաև ելնելով այն փաստից, որ Մ.Զադոյանին առաջադրված մեղադրանքի փաստական կողմում ներառված չէ այլ անձի՝ տվյալ դեպքում Բ.Եղիազարյանի, հետ նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու կամ ստանալու ենթադրյալ փաստական հանգամանքը:
Բացի վերոգրյալից, Միքայել Զադոյանի կողմից կաշառք ստանալու փաստը դատարանը հաստատված է համարում նաև ներքոհիշյալ ապացույցների առկայությամբ։
Գործի քննությամբ հիմնավորվեց, որ այն բանից հետո, երբ Գայանե Գալոյանը առաջին անգամ իր մոտ եկած Բաբկեն Գասպարյանից և նրա որդիներից տեղեկանալով Սոս Գասպարյանի հետ տեղի ունեցածի մասին, գնացել է քննչական բաժին և վերադարձել, վերջիններիս ասել է, որ Սոսին այս պահին չձերբակալելու, ինչպես նաև հետագայում նրա արարքը առավել մեղմ հոդվածով վերաորակելու համար պահանջում են 3.000 ԱՄՆ դոլար գումար։ Ընդ որում, ինչպես այդ օրը, այնպես էլ հետագա խոսակցություններում, Գ.Գալոյանը իրեն դիմած Գասպարյաններին, նկարագրելով քննչական մարմնի հետագա քայլերը, ասել է, որ պատրաստ լինեն, քանի որ, այնուամենայնիվ, Սոսը ձերբակալվելու է, այնուհետև ազատ է արձակվելու, իսկ ավելի ուշ` իր միջնորդության հիման վրա կլինի նաև արարքի վերաորակումը:
Հետագայում արդեն, իրադարձությունների զարգացումը՝ բացառությամբ արարքի վերավորակման, ճիշտ եղել է այնպես, ինչպես նախապես նկարագրել էր Գ.Գալոյանը. դեկտեմբերի 29-ին՝ ըստ պայմանավորվածության, Սոս Գասպարյանը մտացածին՝ այն է ոտքը վնասված լինելու պատճառաբանությամբ չի ներկայացել նախաքննական մարմին, չի ձերբակալվել, իսկ հետագայում տեղի է ունեցել այն ամենը ինչ նույնությամբ նկարագրել էր Գայանե Գալոյանը։ Այստեղ հարկ է նաև հիշատակել սույն գործից անջատված մասով այդ պահին ամբաստանյալ հանդիսացող Բունիաթ Եղիազարյանի կողմից դատարանում տրված ցուցմունքի այն հատվածը, համաձայն որի` վերջինս հայտնել է, որ Սոս Գասպարյանին չեն ձերբակալել, իսկ հետագայում նրա նկատմամբ գործողություններն իրականացրել են հիշյալ հերթականությամբ և ժամկետներում, ելնելով գործի քննության տակտիկայից։ Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ որևէ մեկի, այդ թվում նաև Բաբկեն Գասպարյանի կամ Գայանե Գալոյանի հետ որևէ պայմանավորվածություն չունենալու պայմաններում, հազիվ թե դատավարական հակադիր՝ պաշտպանական կողմը այդ կերպ տեղեկացված և համոզված լիներ, թե ինչպիսի դատավարական ժամկետներում և ինչ գործողություններ պետք է ձեռնարկի մեղադրանքի կողմը՝ նախաքննության մարմինը: Այլ խոսքով, նախաքննական մարմնի՝ տվյալ դեպքում քննիչ Զադոյանի և պաշտպանության կողմի՝ Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի միջև ակնհայտ է, որ եղել է որոշակի պայմանավորվածություն՝ վերը շարադրված գործողություններն իրականացնելու ուղղությամբ և պատահական չէ, որ Բ.Գասպարյանը, տեսնելով, որ քննիչն իրականացնում է իրենց խոստացածը նախաքննության սկզբնական փուլում որևէ դժգոհություն չի հայտնել և սկսել է անհանգստություն հայտնել միայն այն բանից հետո, երբ որդին կրկին կալանավորվել է, իսկ նրան առաջադրված մեղադրանքն այդպես էլ չի փոփոխվել։
Միքայել Զադոյանի կողմից Գայանե Գալոյանի միջոցով կաշառքը ստանալու մասին է վկայում նաև այն փաստը, որ այն բանից հետո, երբ առանց Սոս Գասպարյանին առաջադրված մեղադրանքը առավել մեղմով փոփոխելու գործն ուղարկվել է դատարան, վերջինիս հայրը շարունակ իր անհանգստությունն է հայտնել, թե Գայանե Գալոյանին, թե Միքայել Զադոյանին, երբեմն նաև հանդիմանելով վերջիններիս իրեն այդ դրության մեջ դնելու, իսկ խոստացածն այդպես էլ չկատարելու մեջ։ Եթե մի պահ ընդունենք, որ ինչպես Զադոյանն ինքն է նշում, նախաքննության ժամանակ Բ.Գասպարյանին հուսադրել են, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ նա սրտի վիրահատություն տարած և տարեց մարդ է եղել, ապա հակառակի՝ որոշակի պարտավորվածության մասին է վկայում այն փաստը, որ գործն արդեն դատարան ուղարկվելուց հետո, Բ.Գասպարյանն իր մոտ առաջացած բազմաթիվ հարցերի պատասխանը փորձել է փնտրել ոչ թե դատարանում, այլ դարձյալ շարունակել է անհանգստացնել Գ.Գալոյանին և Մ.Զադոյանին։ Այլ կերպ, եթե վերջիններս որևէ հարցի շուրջ պայմանավորվածություն կամ գումարային որևէ խնդիր չեն ունեցել Բ.Գասպարյանի հետ, ինչու էին շարունակաբար՝ ամիսներով լսում նրա գանգատներն ու մտահոգությունը, իսկ Զադոյանի դեպքում նաև՝ հանձն առնում ևս մեկ անգամ զրուցել Գալոյանի հետ իրավիճակը հասկանալու և ինչ-որ լուծում տալու համար։
Նույն փաստի մասին է վկայում նաև գործով վկաներ Սոս և Հովհաննես Գասպարյանների դատաքննական ցուցմունքները, որտեղ վերջիններս հայտնել են հետևյալը. Սոս Գասպարյանը դատարանում պնդեց, որ իր և տուժողներից մեկի առերեսման ժամանակ քննիչն իրեն հուսադրել է, ասելով, որ` «...քեզ խելոք պահի, սաղ լավա լինելու»։ Նմանատիպ հուսադրող արտահայտություններ քննիչն արել է նաև իր մոտ ՔԿՀ գալու ժամանակ: Իր հերթին Հովհաննես Գասպարյանը դատարանում հայտնել է, որ մեկ անգամ, երբ գտնվել է Միքայել Զադոյանի մոտ, նա անձամբ է իրեն ասել է, որ` «... մի անհանգստացիր, հոդվածն անպայման կփոխվի...»։
Հիշյալ փաստի մասին են վկայում նաև ամբաստանյալներ Գայանե Գալոյանի կողմից օգտագործվող 091-49-81-91 բջջային հեռախոսահամարով և Բաբկեն Գասպարյանի կողմից օգտագործվող 091-77-85-74 բջջային հեռախոսահամարով կատարված մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների և այդ հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաք կայանների տեղակայման հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող լազերային սկավառակը զննման ենթարկելու մասին արձանագրությունը և արձանագրությանը կցված հավելվածները: Համաձայն դրանց` Գայանե Գալոյանի կողմից օգտագործվող 091-49-81-91 բջջային հեռախոսահամարից Միքայել Զադոյանի կողմից օգտագործվող բջջային 093-00-35-85 բջջային հեռախոսահամարին քննությանը հետաքրքրող ժամանակահատվածում կատարվել են ընդհանուր առմամբ 112 մուտքային և ելքային հեռախոսազանգեր, որոնցից առաջին հեռախոսազանգը կատարվել է 2016թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 10.18-ին Միքայել Զադոյանի կողմից նրա 093-00-35-85 Գայանե Գալոյանին և տեղի է ունեցել հեռախոսազրույց 31 վայրկյան տևողությամբ: Պարզվել է նաև, որ Միքայել Զադոյանի կողմից Գայանե Գալոյանին նշված օրը կատարվել է ևս 3 ելքային հեռախոսազանգ՝ ժամը 10.31-ին, 12.55-ին և 13.53-ին և տեղի են ունեցել համապատասխանաբար 8, 6 և 4 վայրկյան տևողությամբ հեռախոսազանգեր։ Նույն օրը Գայանե Գալոյանի կողմից Միքայել Զադոյանին կատարվել է ևս 2 ելքային հեռախոսազանգ՝ ժամը 10.33-ին և 13.48-ին և դարձյալ տեղի են ունեցել համապատասխանաբար 94 և 3 վայրկյան տևողությամբ հեռախոսազրույցներ:
Զննմամբ պարզվել է նաև, որ դեկտեմբերի 20-ից մինչև 29-ն Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի միջև որևէ հեռախոսազանգ առկա չէ հիշյալ հեռախոսահամարներով։ Ասվածը հերքում է Զադոյանի կողմից հայտնած այն տեղեկությունը, թե Գ.Գալոյանը, որպես փաստաբան, մասնակցել է նաև իր մոտ քննվող այլ քրեական գործերով, հետևաբար, կարող էին այդ զանգերը վերաբերել նաև այլ գործերին։
Պարզվել է նաև, որ Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի միջև առկա են ընդհանուր առմամբ 55 ելքային և մուտքային հեռախոսազանգեր, որոնցից առաջինը կատարվել է 2016թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 12.32-ին, Բաբկեն Գասպարյանը զանգահարել է Գայանե Գալոյանի բջջային 091-49-81-91 բջջային հեռախոսահամարին և նրանց մեջ տեղի է ունեցել 61 վայրկյան տևողությամբ հեռախոսազրույց, նույն օրը ժամը 13.19-ին և 13.27-ին կատարվել են ևս մեկական մուտքային և ելքային հեռախոսազանգեր` համապատասխանաբար 8 և 17 վայրկյան տևողությամբ, իսկ վերջին զանգը նրանց մեջ կատարվել է 2017թ.հունիսի 1-ին, ժամը 17.26-ին՝ 14 վայրկյան տևողությամբ։
Վերծանումների զննմամբ պարզվել է նաև, որ Բաբկեն Գասպարյանի կողմից օգտագործվող 091-77-85-74 բջջային հեռախոսահամարից Միքայել Զադոյանի կողմից օգտագործվող 093-00-35-85 բջջային հեռախոսահամարին վերը նշված ժամանակահատվածում կատարվել են ընդհանուր առմամբ 5 ելքային և մուտքային հեռախոսազանգեր, որոնցից առաջինը կատարվել է 2016թ. դեկտեմբերի 29-ին ժամը 09.43-ին և տեղի ունեցել խոսակցություն 31 վայրկյան տևողությամբ, որից հետո նույն օրը ժամը 10.11-ին տեղի ունեցել ևս մեկ հեռախոսային խոսակցություն 9 վայրկյան տևողությամբ։
Այսպիսով, վերծանումների զննմամբ հիմնավորվել է Բաբկեն Գասպարյանի հայտնած այն հանգամանքը, որ երբ ինքը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին գնացել է քննիչ Միքայել Զադոյանի մոտ, վերջինս իրեն առաջարկել է, որպես իր որդու շահերի պաշտպան Գայանե Գալոյանին, Միքայել Զադոյանն իր ներկայությամբ զանգահարել է Գայանե Գալոյանին, որից հետո նոր միայն իրեն տվել է Գայանե Գալոյանի հեռախոսահամարը և ինքը նույնպես զանգահարել է նրան նույն օրը:
Ավելին, ասվածի մասին անառարկելիորեն վկայում է նաև քրեական գործում առկա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ իրականացված՝ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարհանմամբ ու գաղտնաձայնագրմամբ ստացված՝ ամբաստանյալներ Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները պարունակող լազերային սկավառակներում առկա տեղեկատվությունն առ այն, որ՝ փողոցում պատահականորեն հանդիպելով քննիչ Զադոյանին` Բ.Գասպարյանը դարձյալ սրտնեղում է որդու հետ տեղի ունեցածից և ընդհանրապես կատարվածից և ասում Մ.Զադոյանին՝ «...Ես ախր բացարձակ չեմ զգում էդ ինչի սենց եղավ...Հետո էլ /Գայանեն/ ասում ա էն որ պետքա վերաորակեր քննչականը, բան, դու գնացել հարյուր մարդ ես խառնել: ...Զադոյան ջան, ոնց ասիր...գնացի՞ դրան, ամեն ինչ նորմալ էր ախր, ինչի սենց եղավ...»։ /ձայնագրառման 55-56 րոպեներ/։
Դրանից հետո, նույն օրը գտնվելով արդեն քննիչի աշխատասենյակում Բաբկեն Գասպարյանը Միքայել Զադոյանի հետ ունենում է հետևյալ խոսակցությունը. «...Դե ասում եմ, Գայ ջան, ոնց ասիր...ոնց ասել ես, մի սխալ թույլ ե՞մ տվել... Իրան շեշտեցի էլի, որ ասիր 3000 ընդե են ուզում.... տվեցի՞ Գայ ջան, հետո ասեցիր, որ 4000 էլ պիտի պատրաստես, ասի հա չունեմ, բայց կպատրաստեմ։ ....Բա հիմա ցավս էնա, որ, Զադոյան ջան, որ ինձ ասում ա...բանա էդ 3000-ը տվիր, որ....էրեխուդ...»։ Դրան անմիջապես արձագանքում է Միքայել Զադոյանը, ընդհատում Բաբկեն Գասպարյանին, հայտնելով հետևյալ միտքը «...մի բան արա...» և ձեռքով կատարում համապատասխան նշան՝ այդտեղ, այդ պայմաններում և այդ թեմայով Գասպարյանի խոսակցությունը կանխելու նպատակով: Բ.Գասպարյանը չի ավարտում միտքը, սակայն շարունակելով զրույցը ասում է Զադոյանին՝ «...Հաա...փող չասե՞մ,... լավ»։ Դրանից հետո Մ.Զադոյանն ասում է՝ «...Բան մի արա, ես Գայանին կկանչեմ մի հատ, կխոսամ, տենամ ինքն ինչ ա ասում, էսօր դատախազին էլ են փոխել, սաղին փոխել են, համբերի մի հատ տենանք ինչ ա լինում, Գայանին կանչեմ մի հատ խոսանք, հասկանանք ինչ ա ասում...» /ձայնագրառման 01։35-01։38 րոպեներ/։
Դատարանն արձանագրում է նաև, որ փողոցում իրեն հանդիպելու ժամանակ տեղի ունեցած խոսակցության առումով ևս ամբաստանյալ Զադոյանը դատարանում որևէ տրամաբանական պատճառ չկարողացավ ներկայացնել, թե ի վերջո ինչու էր Բաբկեն Գասպարյանն իր մտահոգություններն արտահայտելու նպատակով մշտապես դիմում, թե՛ իրեն, թե՛ Գ.Գալոյանին, այն պայմաններում, երբ գործն արդեն վաղուց գտնվում էր դատական քննության փուլում, այսինքն իր լիազորություններից դուրս։
Թեև գործի դատական քննության ընթացքում ամբաստանյալ Մ.Զադոյանը պատճառաբանել է, որ ներքին դիտման ժամանակ իր ձեռքի շարժումը ոչ այլ ինչ է, քան պարզապես ժեստիկուլիացիա, սակայն դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերջինիս այդ հայտարարությունը մտացածին է, չփաստարկված, քանի որ գործով ձեռք բերված և սույն դատավճռում վերլուծված ապացույցներն առավել քան ծանրակշիռ են նրա կողմից Գ.Գալոյանի միջոցով կաշառք ստանալու փաստը հաստատված համարելու տեսանկյունից։
Միևնույն ժամանակ, դատարանը համամիտ չէ պաշտպանական կողմի պնդումների հետ առ այն, որ Մ.Զադոյանի կողմից կաշառքի գումար վերցնելը հերքող փաստ է այն, որ նա Ս.Գասպարյանի վերաբերյալ գործով իրականացրել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որևէ կերպ նրան օգտակար չի եղել։ Ասվածի մասին, ըստ պաշտպանական կողմի, վկայում է այն, որ Զադոյանը, ի թիվս այլնի, վերաքննության կարգով բողոք ներկայացնելու համար միջնորդել է դատախազին՝ առաջին ատյանի դատարանի՝ Ս.Գասպարյանին գրավով ազատ արձակելու մասին որոշման բողոքարկման հարցը քննարկելու համար։
Նշված համատեքստում, դատարանն ընդգծում է, որ կաշառք ստանալու հանցակազմը քրեական իրավունքում ձևական է և այն, տվյալ դեպքում, ավարտված է համարվում՝ կաշառքի գումարը ստանալու պահից` անկախ տվյալ պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին պայմանավորված գործողությունները հետագայում կատարելու կամ չկատարելու հանգամանքից։
Հետևաբար, կաշառքը ստանալը՝ անկախ պաշտոնատար անձի կողմից հետագայում դրսևորած վարքագծի, համարվում է արդեն իսկ ավարտված հանցագործություն, որի պայմաններում որոշակի վարքագիծ /օբյեկտիվ քննության իրականացում/ դրսևորելն անհերքելիորեն չի կարող վկայել հակառակի` տվյալ դեպքում հանցակազմի կամ ապացույցների բացակայության մասին։ Ավելին, անհրաժեշտ է ընդգծել գործով ձեռք բերված այն ապացույցը, համաձայն որի, ըստ պայմանավորվածության՝ Բ.Գասպարյանը գումարը քննչական մարմնին ի սկզբանե տվել է նաև որդուն այդ օրը չձերբակալելու, նրան ամանորյա տոներից հետո վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու և դրանից հետո միայն ձերբակալելու ու հետագա վերաորակման գործողություններն իրականացնելու պայմանավորվածության համար։ Այլ խոսքով, քննիչը, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, իր խոստման մի մասն իրականացրել է»։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Միքայել Զադոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված համարված այն հանգամանքին, որ Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանից` որպես կաշառք, վերցրած 1.450.950 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումարը նույն օրը փոխանցել է Միքայել Զադոյանին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներում առկա չէ գեթ մեկ փաստ, որը կհավաստեր Առաջին ատյանի դատարանի նշված ենթադրությունը:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի վերը նշված ենթադրությունը չի հաստատվում ինչպես սույն գործով ամբաստանյալների և վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքներով, այնպես էլ գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցներով:
Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ նաև Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, համաձայն որի` անդրադառնալով ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի դատարանում տված այն ցուցմունքին, որով վերջինը նշել է, որ չի բացառում, որ Մ.Զադոյանի մոտ «մրմնջացած» լինի գումարի մասին, որին նա որևէ արձագանք չի տվել, եկել է եզրահանգման, որ Բ.Գասպարյանն այդ առումով դատարանում տվել է կցկտուր, որոշակի առումով նաև խուսափողական ցուցմունք։
Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով Միքայել Զադոյանի վերաբերյալ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացրել է Բաբկեն Գասպարյանը, հետևաբար, նա հանդիսանում է շահագրգռված անձ` Միքայել Զադոյանի կողմից կատարած ենթադրյալ հանցավոր արարքը բացահայտելու առումով:
Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում այն, որ ըստ էության Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված չի համարվել այն հանգամանքը, որ 2019թ. դեկտեմբերի 29-ին Միքայել Զադոյանի աշխատասենյակում վերջինս ընդունել է Բաբկեն Գասպարյանի` 3.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը: Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն, որ Միքայել Զադոյանը կաշառք ստանալու համաձայնությունը ձեռք է բերել Գայանե Գալոյանի միջնորդությամբ, որը նույնպես Վերաքնննիչ դատարանի համար ընդունելի չէ, քանի որ քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներում առկա չէ նշված հանգամանքը հավաստող գեթ մեկ փաստ:
Անդրադառնալով գործով վկաներ Սոս և Հովհաննես Գասպարյանների դատաքննական ցուցմունքներին, որտեղ Սոս Գասպարյանը հայտնել է, որ իր և տուժողներից մեկի առերեսման ժամանակ քննիչն իրեն հուսադրել է` ասելով. «... քեզ խելոք պահի, սաղ լավա լինելու», իսկ Հովհաննես Գասպարյանը հայտնել է, որ մեկ անգամ, երբ գտնվել է Միքայել Զադոյանի մոտ, նա անձամբ իրեն ասել է. «... մի անհանգստացիր, հոդվածն անպայման կփոխվի...», Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված ցուցմունքները Միքայել Զադոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող որևէ տվյալ չեն պարունակում:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Միքայել Զադոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող որևէ տվյալ չեն պարունակում նաև Գայանե Գալոյանի կոմից օգտագործվող 091-49-81-91 և Բաբկեն Գասպարյանի կողմից օգտագործվող 091-77-85-74 հեռախոսահամարներով կատարված մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ 2017թ. հուլիսի 18-ին և 19-ին իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ դրանք ճանաչվել են որպես անթույլատրելի ապացույց, հետևաբար չեն կարող դրվել Մ.Զադոյանի մեղադրանքի հիմքում:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Միքայել Զադոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման։ Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ։ Նշված խախտումները Վերաքննիչ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա մասնակիորեն բեկանելու Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, ճանաչելու Միքայել Զադոյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Միքայել Զադոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` գրավը, հարկավոր է վերացնել։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հարկավոր է վերացնել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Օհանյանի 2017թ. հոկտեմբերի 25-ի որոշմամբ Միքայել Զադոյանին պատկանող անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցների վրա դրված կալանքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 360-րդ, 361.1-րդ, 385-387-րդ, 390-րդ, 393-394-րդ, 398-րդ և 412-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Պաշտպան Հրանտ Անանյանի վերաքննիչ բողոքը բավարարել:
Միքայել Արթուրի Զադոյանի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թ. հունիսի 4-ի դատավճիռը բեկանել մասնակիորեն և փոփոխել:
Միքայել Արթուրի Զադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Միքայել Արթուր Զադոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` գրավը, վերացնել, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանի դեպոզիտ հաշվին վճարված գրավի գումարը` օրինական հիմքերի առկայության դեպքում` վերադարձնել գրավատուին:
Վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Օհանյանի 2017թ. հոկտեմբերի 25-ի որոշմամբ Միքայել Արթուրի Զադոյանին պատկանող անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցների վրա դրված կալանքը:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Ա.ԱԶԱՐՅԱՆ



Ն.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ



Սույն որոշման կապակցությամբ առկա է նախագահող դատավոր Մ.Արղամանյանի հատուկ կարծիքը:



ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Մ.ԱՐՂԱՄԱՆՅԱՆ



ԵԷԴ/0129/01/17

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

«28» ապրիլի 2020թ. ք.Երևան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կազմը նախագահող դատավոր Մ.Արղամանյանս չհամաձայնելով թիվ ԵԷԴ/0129/01/17 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ-ի հունիսի 4-ի դատավճռի դեմ պաշտպան Հ.Անանյանի վերաքննիչ բողոքը բավարարելու, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ-ի հունիսի 4-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու, Միքայել Արթուրի Զադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ դատավորներ Ա.Ազարյանի և Ն.Հովակիմյանի եզրահանգումների հետ, հայտնում եմ սույն հատուկ կարծիքը:
Նախաքննական մարմնի կողմից 2017թ-ի նոյեմբերի 17-ին Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա «ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով` նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու` Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Այսպես.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվել է թիվ 12808616 քրեական գործը, որով Սոս Բաբկենի Գասպարյանին վերագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում։ Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում` 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանի հայրը Բաբկեն Գասպարյանն այցելել է քննչական բաժին, հանդիպել տվյալ գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 1450950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով 3000 ԱՄՆ դոլար կաշառք` իր ներկայացրած անձի՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու, այն է` Սոս Գասպարյանին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն և պատիժ սահմանող նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։
Ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու դիմաց նշված գործով քննիչ Միքայել Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և հայտնել է, որ կկանչի քննչական բաժնի պետի տեղակալին իր աշխատասենյակ։
Դրանից հետո քննիչի հետ աշխատասենյակ է եկել վերջինիս վերադաս հանդիսացող նույն բաժնի պետ տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, ով ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնության գալով, նույնպես Բաբկեն Գասպարյանին խոստացել է վերջինիս որդուն ի նպաստ, իր լիազորությունների շրջանակներում կատարել գործողություններ։
Ապա կաշառքի առարկան` 3000 ԱՄՆ դոլարը ստանալն իրականացնելու, այն անխոչընդոտ և բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով քննիչ Միքայել Զադոյանը Բաբկեն Գասպարյանին ուղարկել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ` վերջինիս միջոցով կաշառքի առարկան ստանալու, Գայանե Գալոյանի օժանդակությամբ կաշառք տվողի հետ բանակցություններ վարելու և նրա միջոցով քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով Գայանե Գալոյանին։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Բաբկեն Գասպարյանը նույն օրը հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, նրան հայտնել իր որդու հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից հետո նույն օրը Գայանե Գալոյանը լրացուցիչ պարզաբանումներ է կատարել ավագ քննիչ Միքայել Զադոյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ և կաշառք ստանալու հարցով վերջիններիս օժանդակելու դիտավորությամբ հանդիպել է Բաբկեն Գասպարյանի հետ։ Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանին կրկին հավաստիացրել է գումարի դիմաց նրա որդու օգտին գործողություններ կատարելու հիշյալ պաշտոնատար անձանց վճռականության մասին, ապա վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչ Միքայել Զադոյանին ու բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափի 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը»:
2017թ-ի դեկտեմբերի 11-ին Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ-ի հունիսի 4-ի դատավճռով.
- Միքայել Արթուրի Զադոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով Միքայել Զադոյանի` 1 տարի 3 ամիս 29 օր կալանավորման տակ գտնվելու ժամկետը հաշվակցվել է նշանակված պատժին և թողնվել կրելու` ազատազրկում 5 տարի 8 ամիս 1 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։
Միքայել Զադոյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
- Բաբկեն Սոսի Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով` Բաբկեն Գասպարյանն ազատվել է նշանակված պատժից։
Բաբկեն Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
- Գայանե Հայկազունու Գալոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիմքով նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է։
Գայանե Գալոյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է։
Դատարանը որոշել է նաև վերացնել Միքայել Զադոյանին և Գայանե Գալոյանին պատկանող անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցների վրա դրված կալանքները:
Դատաքննությամբ և գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել որ «Միքայել Զադոյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով Բաբկեն Գասպարյանի որդու` Սոս Գասպարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի միջնորդությամբ և նրա միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Այսպես.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվել է թիվ 12808616 քրեական գործը, որով Սոս Բաբկենի Գասպարյանին վերագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում։ Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում` 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանի հայրը Բաբկեն Գասպարյանն այցելել է քննչական բաժին, հանդիպել տվյալ գործով ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նրան առաջարկել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով 3.000 ԱՄՆ դոլար կաշառք` իր ներկայացրած անձի՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու և նրա վիճակն էապես բարելավելու, այն է` Սոս Գասպարյանին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն և պատիժ սահմանող նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։
Քննիչ Միքայել Զադոյանը Բաբկեն Գասպարյանին ուղղորդել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ՝ խորհուրդ տալով դիմել նրան, քանի որ Բաբկեն Գասպարյանի կողմից մատնանշած փաստաբան Կարինե Շախմուրադյանը հիմնականում զբաղվելիս է եղել քաղաքացիական գործերով։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը նույն օրը հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանին, նրան հայտնել իր որդու հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից անմիջապես հետո Գայանե Գալոյանը, գնալով քննչական բաժին, լրացուցիչ պարզաբանումներ է կատարել ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ և կաշառք ստանալու շուրջ կողմերի՝ Միքայել Զադոյանի և Բաբկեն Գասպարյանի միջև համաձայնություն ձեռք բերելու՝ այն է կաշառքի միջնորդություն իրականացնելու դիտավորությամբ հանդիպել է Բաբկեն Գասպարյանի հետ։ Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանին կրկին հավաստիացրել է գումարի դիմաց նրա որդու օգտին գործողություններ կատարելու հիշյալ պաշտոնատար անձի վճռականության մասին, ապա հանդիսանալով որպես կաշառքի միջնորդ, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչ Միքայել Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափի 3.000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Միքայել Զադոյանը՝ միջնորդելով. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.06.2019 թվականի ԵԷԴ/0129/01/17 դատավճիռը մասնակիորեն բեկանել, փոփոխել՝
1. Որպես անթույլատրելի ապացույց ճանաչել ամբաստանյալ Գ.Գալոյանի աշխատասենյակում և Մ.Զադոյանի աշխատասենյակում իրականացված միայն ներքին դիտման վերաբերյալ նյութերը՝ վերոնշյալ փաստարկների լույսի ներքո:
2. Ճանաչել և հռչակել Մ.Զադոյանի անմեղությունը նրան վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4 մասով մեղադրանքում:
3. Գնահատել սույն բողոքի նկարագրական մասում վկայակոչված մյուս փաստարկները և միջնորդությունները»:
Ամբաստանյալներ Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի կողմից առաջին ատյանի դատարանի դատավճիռը չի բողոքարկվել:
Գտնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով Միքայել Զադոյանի մեղավորության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019թ-ի հունիսի 4-ի դատավճռում արված հետևությունները պատճառաբանված, հստակ ու համոզիչ են և բխում են տրամաբանորեն փոխկապակցված գործի ներքոշարադրյալ փաստական հանգամանքներից:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի վարույթում է գտնվել թիվ 12808616 քրեական գործը, որով Բաբկեն Գասպարյանի տղային՝ Սոս Գասպարյանին է վերագրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում։
- 2016թ-ի դեկտեմբերի 27-ին, երբ վերոնշյալ քրեական գործի շրջանակներում քննիչ Միքայել Զադոյանը խուզարկություն է կատարել Բաբկեն Գասպարյանի բնակարանում, որի ընթացքում վերջինս հայտնել է, որ իր որդին ինքնապաշտպանություն է արել, ինչի առթիվ Միքայել Զադոյանն ասել է, որ ինքնապաշտպանությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով է նախատեսված, նույն վայրում Բաբկեն Գասպարյանին է հանձնել հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ծանուցագրեր, որոնցով վերջինիս որդիները՝ Սոս Գասպարյանը որպես կասկածյալ, իսկ Հովհաննես Գասպարյանը որպես վկա, պարտավոր էին 2016թ-ի դեկտեմբերի 29-ին քննիչի մոտ հարցաքննության ներկայանալ:
- 2016թ-ի դեկտեմբերի 29-ին Գասպարյանները դիմել են իրենց ծանոթ ՀՀ փաստաբանների միության փաստաբան Կարինե Շախմուրադյանին և գործի հետ կապված որոշակի իրավաբանական խորհրդատվություն ստացել:
- Նույն օրը Բաբկեն Գասպարյանը որդիների՝ Սոս և Հովհաննես Գասպարյանների, ինչպես նաև կնոջ՝ Հռիփսիմե Գրիգորյանի հետ միասին գնացել են Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ Բաբկեն Գասպարյանը բարձրացել է ավագ քննիչ Միքայել Զադոյանի աշխատասենյակ, իսկ մյուսները սպասել են դրսում:
Աշխատասենյակում քննիչ Միքայել Զադոյանի հետ զրույցի ժամանակ Բաբկեն Գասպարյանը նորից ասել է, որ Սոսի արարքը սխալ է որակված, քանի որ նա ինքնապաշտպանության է դիմել և խնդրել է որդուն առաջադրված մեղադրանքը փոխել ու նրան չձերբակալել, հայտնելով նաև, որ դրա համար պատրաստ է 3000 ԱՄՆ դոլար տալ:
Միքայել Զադոյանը հարցրել է, թե ով պետք է պաշտպանի Սոսի շահերը և Բաբկեն Գասպարյանից իմանալով, որ փաստաբանը Կարինե Շախմուրադյանն է, ասել է, որ Սոսի պաշտպանը կլինի փաստաբան Գայանե Գալոյանը, զանգահարել է վերջինիս և ասել, որ մոտը մարդ է ուղարկում, ապա Գասպարյանին է փոխանցել Գալոյանի հեռախոսահամարը՝ 091-49-81-91, ասելով, որ մնացած բոլոր հարցերը Գայանեի հետ լուծի, նա կասի, թե ինչ պետք է անել։
- Նույն օրը Բաբկեն Գասպարյանը Միքայել Զադոյանի տված հեռախոսահամարով զանգահարել է Գայանե Գալոյանին, հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել և ժամը 16-ի սահմաններում Սոս և Հովհաննես Գասպարյանների հետ միասին գնացել Գալոյանի գրասենյակ, որտեղ նրան պատմել է եղելությունը, քննիչ Զադոյանի հետ ունեցած խոսակցության մանրամասները, որից հետո Գասպարյաններին թողնելով իր գրասենյակում, Գայանե Գալոյանը գնացել է քննչական բաժին և մոտ կես ժամ անց վերադառնալով, վերջիններիս ասել է, որ Սոսին այս պահին չձերբակալելու, ինչպես նաև հետագայում նրա արարքը առավել մեղմ հոդվածով վերաորակելու համար պահանջում են 3.000 ԱՄՆ դոլար գումար, հավելելով նաև, որ դրանից բացի իր փաստաբանական ծառայությունների համար պետք է վճարել 450.000 ՀՀ դրամ, ինչին Բաբկեն Գասպարյանը համաձայնել է և որդիների ներկայությամբ 3.000 ԱՄՆ դոլար տվել նրան, իսկ 450.000 ՀՀ դրամը Գալոյանին է տվել հաջորդ օրը:
Ընդ որում, նկարագրելով քննչական մարմնի հետագա քայլերը, Գայանե Գալոյանն ասել է, որ Սոսը այդ օրը չպետք է ներկայանա քննիչին և չպետք է ձերբակալվի, սակայն պատրաստ լինեն, քանի որ, ամանորյա տոներից հետո նա ձերբակալվելու է, այնուհետև ազատ է արձակվելու, իսկ ավելի ուշ` իր միջնորդության հիման վրա նրա արարքը կվերաորակվի:
Իրադարձություններն իրականում այդպես էլ զարգացել են, բացառությամբ արարքի վերավորակման մասով, սակայն ինչպես քննիչ Զադոյանը, այնպես էլ փաստաբան Գալոյանը Գասպարյաններին մշտապես հավաստիացրել են, որ հանգիստ լինեն, ամեն ինչ լավ է լինելու, Սոսի արարքը ավելի մեղմ հոդվածով է փոխվելու:
- Ի վերջո, տեսնելով, որ չնայած տրված հավաստումներին, որդու արարքը նույն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով է ուղարկվել դատարան, Բաբկեն Գասպարյանը կատարվածի մասին 14.07.2017թ-ին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետին, ով 17.07.2017թ-ին Միքայել Զադոյանի և Գայանե Գալոյանի նկատմամբ արտաքին և ներքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ է հարուցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որոնք դատարանի նույն օրվա որոշմամբ բավարարվել են և 18.07.2017թ-ին ու 19.07.2017թ-ին վերոնշյալ օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացվել են Բաբկեն Գասպարյանի միջոցով, ով գաղտնատեսանկարահանել և գաղտնաձայնագրել է իր աշխատասենյակում Գայանե Գալոյանի, ինչպես նաև Միքայել Զադոյանի հետ տեղի ունեցած խոսակցությունները՝ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի շենքի մոտ և վերջինիս աշխատասենյակում:
- Համաձայն առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների՝
Բաբկեն Գասպարյանի հարցին, թե «... երեք հազար տվի, որ տղուս երեք տարի տա՞ն...», իր աշխատասենյակում Գայանե Գալոյանը պատասխանում է՝ «...տվիր, որ երկրորդ երեխիդ էլ չտանեն...»։ Մեկ այլ խոսակցության ժամանակ Բաբկեն Գասպարյանը Գայանե Գալոյանին դարձյալ ասում է, որ 450.000 ՀՀ դրամ տվել է փաստաբանի աշխատանքի համար, իսկ «...3000 էլ՝ տվի տարար տվիր նրանց...»։
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի շենքի մոտ հանդիպելով քննիչ Միքայել Զադոյանին՝ Բաբկեն Գասպարյանը նրան ասում է՝ «...Ես ախր բացարձակ չեմ զգում էդ ինչի սենց եղավ...Հետո էլ /Գայանեն/ ասում ա էն որ պետքա վերաորակեր քննչականը, բան, դու գնացել հարյուր մարդ ես խառնել: ...Զադոյան ջան, ոնց ասիր...գնացի՞ դրան, ամեն ինչ նորմալ էր ախր, ինչի սենց եղավ...»։
Դրանից հետո, նույն օրը գտնվելով արդեն քննիչի աշխատասենյակում, Բաբկեն Գասպարյանը Միքայել Զադոյանի հետ ունենում է հետևյալ խոսակցությունը. «...Դե ասում եմ, Գայ ջան, ոնց ասիր...ոնց ասել ես, մի սխալ թույլ ե՞մ տվել... Իրան շեշտեցի էլի, որ ասիր 3000 ընդե են ուզում.... տվեցի՞ Գայ ջան, հետո ասեցիր, որ 4000 էլ պիտի պատրաստես, ասի հա չունեմ, բայց կպատրաստեմ։ ....Բա հիմա ցավս էնա, որ, Զադոյան ջան, որ ինձ ասում ա...բանա էդ 3000-ը տվիր, որ....էրեխուդ...»։ Դրան անմիջապես արձագանքում է Միքայել Զադոյանը, ընդհատում Բաբկեն Գասպարյանին, հայտնելով հետևյալ միտքը «...մի բան արա...» և ձեռքով կատարում համապատասխան նշան՝ այդտեղ, այդ պայմաններում և այդ թեմայով Գասպարյանի խոսակցությունը կանխելու նպատակով: Բ.Գասպարյանը չի ավարտում միտքը, սակայն շարունակելով զրույցը ասում է Զադոյանին՝ «...Հաա...փող չասե՞մ,... լավ»։ Դրանից հետո Մ.Զադոյանն ասում է՝ «...Բան մի արա, ես Գայանին կկանչեմ մի հատ, կխոսամ, տենամ ինքն ինչ ա ասում, էսօր դատախազին էլ են փոխել, սաղին փոխել են, համբերի մի հատ տենանք ինչ ա լինում, Գայանին կանչեմ մի հատ խոսանք, հասկանանք ինչ ա ասում...»:
Ու որևէ մեկը չի հարցնում. ի՞նչ փող, ի՞նչ 3000 դոլար, դու այդ ի՞նչ ես ասում, ընդհակառակը, քննիչ Զադոյանն իր աշխատասենյակում գտնվող երիտասարդին խնդրում է դուրս գալ, որպեսզի Բաբկեն Գասպարյանի հետ կոնֆիդենցիալ զրույց ունենա:
Ընդ որում վերոշյալ խոսակցությունները տեղի են ունեցել 2017թ-ի հուլիսի 18-ին և հուլիսի 19-ին, իսկ Սոս Գասպարյանի վերաբերյալ քրեական գործը դեռևս մայիս ամսից գտնվում էր առաջին ատյանի դատարանում, և քննիչը բնականաբար որևէ առնչություն չպետք է ունենար գործի հետ:
Գործի վերոգրյալ փաստական տվյալները Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճռում հանգամանորեն վերլուծվել են, հետազոտված ապացույցների համակցությամբ դրանց տրվել է հավաստի գնահատական, որի վերջնարդյունքում դատարանը Միքայել Զադոյանի մեղավորության առումով հանգել է պատճառաբանված ու ճիշտ գնահատականի:
Անդրադառնալով 2017թ. հուլիսի 18-ին և 19-ին իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ նյութերը որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությանը և գտնելով, որ այդ առթիվ առաջին ատյանի դատարանի եզրահանգումները հիմնավորված ու պատճառաբանված են, հարկ եմ համարում հավելել նաև հետևյալը:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության առաջին նպատակը հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը և խափանումն է:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն`
1) բացահայտ կամ գաղտնի մեթոդներով իրականացնելու սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված միջոցառումները.
2) հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ(…)»:
Նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝
«1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանն անվճար կամ պայմանագրի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են ներգրավվել չափահաս և գործունակ անձինք` պահպանելով համագործակցության գաղտնիությունը: Համագործակցությունը հնարավոր է այդ անձանց համաձայնությամբ:
(…)
3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու`
1) պատգամավորների.
2) նախարարների.
3) դատավորների.
4) ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, քրեակատարողական ծառայողների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաև դատախազության և այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների(…)»:
Նույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածների համաձայն՝ արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման, անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց, իսկ ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:
Բաբկեն Գասպարյանը կատարվածի մասին 14.07.2017թ-ին հայտնելով ՀՀ ԱԱԾ ղեկավարությանը և ըստ էության ընդունելով նաև իր կողմից կատարված արարքը, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել իր մատնանշած հանգամանքները ստուգելու առումով աջակցելու ազգային անվտանգության մարմիններին, որի հիման վրա էլ վերոնշյալ օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացվել են Բաբկեն Գասպարյանի միջոցով, ով գաղտնատեսանկարահանել և գաղտնաձայնագրել է Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի հետ տեղի ունեցած խոսակցությունները: Քրեական գործով իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակը եղել է առերևույթ կատարված հանցագործության բացահայտումը, իսկ Բաբկեն Գասպարյանը չի մտնում այն անձանց շրջանակի մեջ, ովքեր «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն որպես համագործակցող անձ իրավունք չունեն ներգրավելու օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը:
Ընդ որում Բաբկեն Գասպարյանը ինչպես Գայանե Գալոյանի, այնպես էլ Միքայել Զադոյանի աշխատասենյակներն է մտել նրանց իսկ թույլտվությամբ և վերջիններիս, քրեադատավարական իրավունքի իմաստով, բնակարանի անձեռնամխելիության իրավունքն ըստ էության չի խախտվել, ինչը կարող էր տեղի ունենալ ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումն այլ կերպ իրականացնելու պարագայում:
Կապված Բաբկեն Գասպարյանի ցուցմունքների արժանահավատության հետ, գտնում եմ, որ դրանք հաստատվում են գործի փաստական տվյալների ամբողջությամբ, այդ թվում նաև Սոս և Հովհաննես Գասպարյանների ցուցմունքներով առ այն, որ 3.000 ԱՄՆ դոլարը Գայանե Գալոյանին է տրվել իրենց ներկայությամբ, իսկ Միքայել Զադոյանը մշտապես հավաստել է, որ Սոսի հոդվածը փոխվելու է, Բաբկեն Գասպարյանը նախաքննության ընթացքում իր ցուցմունքը պնդել է նաև Միքայել Զադոյանի հետ առերես հարցաքննության ընթացքում, իսկ առաջին ատյանի դատարանում տրված իր ցուցմունքով նա փորձել է որոշակիորեն օգնել և մեղմել Զադոյանի պատասխանատվությունը, ինչին դատարանի կողմից ճիշտ քրեաիրավական գնահատական է տրվել: Հարկ է փաստել նաև, որ կատարվածի մասին հաղորդում և ցուցմունքներ տալով՝ Բաբկեն Գասպարյանը միաժամանակ ամբաստանել է ինքն իրեն, ինչի համար ենթարկվել է քրեական պատասխանատվության ու պատժի, ու նաև այս առումով տրամաբանական չէ եզրահանգումն առ այն, թե որպես գործի ելքով շահագրգռված անձ՝ նրա ցուցմունքներն արժանահավատ չեն:
Այս առումով տեղին եմ համարում հիշատակել ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014թ-ի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։
Վերոնշյալ չափանիշներով գնահատելով գործի փաստական հանգամանքները, գտնում եմ, որ ձեռք բերված ապացույցների ամբողջական շղթան՝ իր տրամաբանական համակցության մեջ «հիմնավոր կասկածից» վեր ապացուցողական չափանիշով հաստատում է առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ Միքայել Զադոյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով Բաբկեն Գասպարյանի որդու` Սոս Գասպարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի միջնորդությամբ և նրա միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է 1.450.950 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափի 3.000 ԱՄՆ դոլար կաշառք, ուստի Միքայել Արթուրի Զադոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ-ի հունիսի 4-ի մեղադրական դատավճիռը պետք է թողնել անփոփոխ, ամբաստանյալի վերաքննիչ բողոքը՝ մերժել:



ԴԱՏԱՎՈՐ Մ.ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

ԵԷԴ/0129/01/17




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան
Դատավորներ՝ Ա.Ազարյան
Ն.Հովակիմյան



24 հունվարի 2023 թվական ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ


գրավոր ընթացակարգով քննության առնելով Միքայել Արթուրի Զադոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2020 թվականի ապրիլի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62228617 քրեական գործը:
2017 թվականի սեպտեմբերի 27-ին Միքայել Զադոյանը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Մ.Զադոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Մ.Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։
Նախաքննության մարմնի 2017 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Մ.Զադոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:
Նախաքննության մարմնի 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ թիվ 62228617 քրեական գործից անջատվել է մեղադրյալներ Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի վերաբերյալ թիվ 62239717 քրեական գործը:
2017 թվականի դեկտեմբերի 11-ին թիվ 62239717 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի հունվարի 25-ի որոշմամբ ամբաստանյալ Մ. Զադոյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի՝ գրավի չափ սահմանելով 3․000․000 (երեք միլիոն) ՀՀ դրամ գումարը։
Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 4-ի դատավճռով Մ.Զադոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Բաբկեն Գասպարյանը, իսկ Գայանե Գալոյանի նկատմամբ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը:
3. Ամբաստանյալ Մ.Զադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2020 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 4-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել, Մ.Զադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Նույն դատական ակտով որոշվել է Մ.Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացնել, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանի դեպոզիտ հաշվին վճարված գրավի գումարը` օրինական հիմքերի առկայության դեպքում` վերադարձնել գրավատուին:
Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Արղամանյանը դատական ակտի վերաբերյալ հայտնել է հատուկ կարծիք` գտնելով, որ ամբաստանյալ Մ.Զադոյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունիսի 4-ի դատավճիռը թողնել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ (1)։ Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:
Այսպես՝ բողոքաբերը նշել է, որ գործում առկա ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պնդումները հակասում են «Օպերատիվ-հետախուզական գործունության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգավորումներին և հիմնված են Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով որոշման սխալ մեկնաբանման և կիրառման վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ նշված որոշմամբ արտահայտած դիրքորոշումները սույն գործի փաստական հանգամանքներին վերաբերելի չեն։
5.1. Բողոք բերած անձը նշել է նաև, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար է եղել Մ.Զադոյանին առաջադրված մեղադրանքը հաստատված համարելու և նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար, սակայն Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել քրեական գործում առկա ապացույցները, խախտել է ապացույցների գնահատման կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի, ինչպես նաև դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և թիվ ՇԴ/0126/01/12 գործերով որոշումների պահանջները՝ արդյունքում կայացնելով արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտ:
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2020 թվականի ապրիլի 28-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հունիսի 4-ի դատավճռին։

Վճռաբեկ բողոքի պատասխանը, հիմնավորումները և պահանջը.
7. Ամբաստանյալ Մ.Զադոյանի պաշտպան Հ.Անանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է, օրինական և պատճառաբանված, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
Անդրադառնալով ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլատրելիության վերաբերյալ բողոքաբերի պնդումներին՝ պաշտպանը նշել է, որ դրանք անհիմն են և Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով որոշմամբ արտահայտված դիրքորոշումները կիրառելի են սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ:
7.2. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Հ.Անանյանը խնդրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ Մ.Զադոյանին արդարացնելու մասով, թողնել օրինական ուժի մեջ։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. 2017 թվականի հուլիսի 14-ին Բաբկեն Գասպարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է ներկայացրել իր որդու օգտին գործողություններ կատարելու դիմաց փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով քննիչ Միքայել Զադոյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու ենթադրյալ դեպքի վերաբերյալ հաղորդում՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել ազգային անվտանգության մարմիններին (2)։
9. 2017 թվականի հուլիսի 17-ին դատարան են ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի և ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու բաժնի քննիչ Միքայել Զադոյանի նկատմամբ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություններ հարուցելու մասին որոշումները, որոնք դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 17-ի գաղտնագրված որոշումներով բավարարվել են (3):
10. 2017 թվականի հուլիսի 18-ին և 19-ին կազմված «Արտաքին և ներքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին» արձանագրությունների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 18-ին և 19-ին Բ.Գասպարյանի մասնակցությամբ Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ իրականացվել են ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (4):
11. Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հունիսի 4-ի դատավճռով Մ.Զադոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հետևյալ արարքի կատարման համար․ «(…) [Նա] ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի միջնորդությամբ և նրա միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ (…)» (5):
11.1. Առաջին ատյանի դատարանը, մեղադրական դատավճռի հիմքում, ի թիվս այլնի, դրել է նաև Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարահանմամբ ու գաղտնաձայնագրմամբ կատարված՝ ամբաստանյալներ Բ.Գասպարյանի, Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները պարունակող լազերային սկավառակները, դրանց զննման արձանագրությունը (6):
11.2. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Առաջին ատյանի դատարանը], անդրադառնալով պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությանը՝ արտաքին և ներքին դիտման ընթացքում ստացված գաղտնատեսանկարահանման և գաղտնաձայնագրառման՝ որպես ապացույցի օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու առումով, փաստում է, [որ] չի խախտվել տվյալ տեսակի ապացույց ձեռք բերելու ինչպես օրենսդրական պահանջը, այնպես էլ դատավարական կարգը (...)» (7):
12. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները մեղադրական դատավճռի հիմքում դնելիս դրանք պատշաճ ուսումնասիրության չեն ենթարկվել։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ`
- արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են ոչ թե օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու, այլ, ըստ էության, Բաբկեն Գասպարյանի միջոցով միջնորդավորված հարցաքննության եղանակով Գայանե Գալոյանից և Միքայել Զադոյանից գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման գործընթացը գաղտնի տեսաձայնագրելու նպատակով։ Այսինքն՝ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում փաստացի իրականացվել է քողարկված հարցաքննություն՝ արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույց ձեռք բերելու նպատակով՝ անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ հարցաքննության դատավարական կարգի այնպիսի առանցքային պահանջներ, ինչպիսիք են՝ հարցաքննվող անձանց իրենց իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ լռելու, իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները պարզաբանելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառման մասին տեղեկացնելը՝ անձանց իրավունք վերապահելով այդ առնչությամբ ներկայացնելու իրենց դիտողություններն ու հայտարարությունները,
- արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի՝ նույն տեղեկությունների ձեռք բերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում։ Այսինքն՝ տվյալ պարագայում չի պահպանվել նաև համաչափության սկզբունքը։
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերոնշյալ փաստական հանգամանքները պատշաճ ուշադրության չարժանացնելը և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ 2017թ․ հուլիսի 18-ին և հուլիսի 19-ին իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Միքայել Զադոյանի մեղադրանքի հիմքում դնելը հանգեցրել են վարույթի արդարացիության և ըստ այդմ՝ Միքայել Զադոյանի արդար դատաքննության իրավունքի խախտման։ Այլ կերպ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով անթույլատրելի է և չէր կարող դրվել մեղսագրվող արարքի հիմքում Միքայել Զադոյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցների զանգվածում։ (...)» (8):

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:
14. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (9) 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են`
1) հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը և խափանումը.
2) հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը․ (...)»։
Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն`
(…)
2) հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ (…)»:
Նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման, անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց»:
Նույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց»։
Նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «[Ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է» ։
14.1․ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանն առնչվող օրենսդրական նորմերի մեկնաբանման և կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գոռ Սարգսյանի գործով՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ օպերատիվ-հետախուզական գործունեությունը, լինելով իրավապահ մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ, նպատակաուղղված է ենթադրյալ հանցանքների, դրանք ենթադրաբար նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերմանն ու պարզմանը, այդ կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմանը և պետք է իրականացվի այդ գործունեության բնույթին, նպատակային նշանակությանը և օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխան` մշտապես երաշխավորելով հանրային շահի և անհատի իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը (10)։
14.2. Միևնույն ժամանակ, նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը քրեական գործի նյութերի համակողմանի վերլուծության և գնահատման արդյունքում արձանագրել է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել էր ոչ թե օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու, այլ, ըստ էության, հարցաքննության եղանակով վարույթն իրականացնող մարմին կամավոր ներկայացած Գ.Սարգսյանից գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման գործընթացը գաղտնի տեսաձայնագրելու նպատակով: Այսինքն` տվյալ գործով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում փաստացի իրականացվել էր քողարկված հարցաքննություն` արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույց ձեռք բերելու նպատակով` անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ հարցաքննության դատավարական կարգի այնպիսի առանցքային պահանջներ, ինչպիսիք են՝ հարցաքննվող անձին իր իրավունքները և պարտականությունները, այդ թվում` լռելու, իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները պարզաբանելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառման մասին տեղեկացնելը` անձին իրավունք վերապահելով այդ առնչությամբ ներկայացնելու իր դիտողություններն ու հայտարարությունները:
Տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ քննարկվող միջոցառումն իրականացվել էր անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի` նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում: Մասնավորապես, եթե ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին ինքնակամ ներկայացել էր Գ.Սարգսյանը և հայտնել, որ ինքն է տուժողին պատճառել մարմնական վնասվածքը, ապա գործի համար կարևորություն ներկայացնող տեղեկությունները Գ.Սարգսյանից կարող էին ձեռք բերվել ոչ թե հաջորդիվ նրա նկատմամբ գաղտնիության ռեժիմով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով` նրան որպես կասկածյալ հարցաքննելով։ Այսինքն` տվյալ պարագայում չէր պահպանվել նաև համաչափության սկզբունքը (11):
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 17-ի որոշումների հիման վրա 2017 թվականի հուլիսի 18-ին և 19-ին Բ.Գասպարյանի մասնակցությամբ Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ իրականացվել են արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (12),
- Առաջին ատյանի դատարանը Մ.Զադոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ և մեղադրական դատավճռի հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դրել է նաև արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները՝ գտնելով, որ դրանց ձեռքբերման ընթացքում չեն խախտվել ինչպես տվյալ տեսակի ապացույց ձեռք բերելու օրենսդրական պահանջը, այնպես էլ դատավարական կարգը (13),
- Վերաքննիչ դատարանը Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով նախադեպային որոշման հիման վրա անթույլատրելի է ճանաչել արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները որպես ապացույց օգտագործելը՝ պատճառաբանելով, որ՝
ա) դրանք իրականացվել են ոչ թե օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու, այլ, ըստ էության, Բ.Գասպարյանի միջոցով միջնորդավորված հարցաքննության եղանակով Գ.Գալոյանից և Մ.Զադոյանից գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման գործընթացը գաղտնի տեսաձայնագրելու նպատակով։ Այսինքն՝ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում փաստացի իրականացվել է քողարկված հարցաքննություն,
բ) արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի՝ նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում։ Այսինքն՝ տվյալ պարագայում չի պահպանվել նաև համաչափության սկզբունքը (14)։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-14.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստական հանգամանքներն էապես տարբերվում են Գոռ Սարգսյանի գործի փաստական հանգամանքներից: Այսպես՝ Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում փաստացի իրականացվել էր քողարկված հարցաքննություն` հաշվի առնելով, որ առկա էր հարուցված քրեական գործ, դրա շրջանակներում հանցագործության մեջ կասկածվող Գոռ Սարգսյանն ինքնակամ ներկայացել էր հետաքննության մարմին և հայտնել իր կողմից հանցագործության կատարման մասին տվյալներ, որպիսի պայմաններում գործի համար կարևորություն ներկայացնող տեղեկությունները Գոռ Սարգսյանից ողջամտորեն կարող էին ձեռք բերվել ոչ թե նրա իրավունքների նկատմամբ լուրջ միջամտություն ենթադրող՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխիքների ապահովմամբ` նրան որպես կասկածյալ հարցաքննելով։ Այսինքն՝ տվյալ դեպքում բացակայել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներին բնորոշ՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու անհրաժեշտությունը։
Մինչդեռ, սույն գործով ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման պայմանները և իրավիճակն այլ է։ Այսպես՝ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Բ.Գասպարյանը 2017 թվականի հուլիսի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է ներկայացրել իր որդու օգտին գործողություններ կատարելու դիմաց փաստաբան Գ.Գալոյանի միջոցով քննիչ Մ.Զադոյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու ենթադրյալ դեպքի վերաբերյալ հաղորդում՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել ազգային անվտանգության մարմիններին, ինչին հաջորդել են 2017 թվականի հուլիսի 18-ին և 19-ին վերջինիս մասնակցությամբ Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Այսինքն՝ սույն դեպքում արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձի՝ Բ.Գասպարյանի մասնակցությամբ և հարուցված քրեական գործի բացակայության պայմաններում նպատակ են հետապնդել բացահայտելու բարձր լատենտայնութամբ օժտված՝ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործությունը: Ուստի, ի տարբերություն Գոռ Սարգսյանի գործի, տվյալ դեպքում prima facie առկա է եղել օպերատիվ-հետախուզական միջոցառումներին բնորոշ՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու անհրաժեշտություն։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ Գոռ Սարգսյանի գործով ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել էր ոստիկանության օպերատիվ ծառայողի աշխատասենյակում, որտեղ, մասնավոր կյանքի անձեռնմխելիության բացակայության պայմաններում, ինքնակամ ներկայացած անձի հայտնած տվյալները քրեադատավարական կարգով արձանագրելու փոխարեն, իրականացվել էր քողարկված հարցաքննություն՝ արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույց ձեռք բերելու նպատակով։ Մինչդեռ սույն գործով ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են էականորեն տարբերվող պայմաններում և հանգամանքներում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավապահ մարմինների հետ գաղտնի համագործակցող Բ․Գասպարյանի մասնակցությամբ՝ փաստաբան Գ.Գալոյանի և քննիչ Մ.Զադոյանի՝ մասնավոր աշխատավայրերում տեղի ունեցած հաղորդակցության շրջանակներում։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն ընդունելի չի համարում սույն գործով Բաբկեն Գասպարյանի միջոցով քողարկված հարցաքննություն իրականացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը և գտնում է, որ տվյալ դեպքում քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան՝ ենթադրյալ հանցագործությունը բացահայտելու նպատակով:
16.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի՝ նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պայմաններում։
Այս առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, համաչափության սկզբունքի պահպանման տեսանկյունից անդրադառնալով Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման իրավաչափությանը, պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել սույն գործի փաստական հանգամանքները, մասնավորապես՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի տրամադրության տակ Մ․Զադոյանի և մյուսների կողմից կոռուպցիոն բնույթի հանցանքի կատարմանը ենթադրյալ առնչության հիմք տվող տեղեկատվությունը, ենթադրյալ հանցավոր սխեմայում ներգրավված ենթադրյալ կաշառք ստացողի և ենթադրյալ կաշառքի միջնորդի փոխհամաձայնեցված գործելու մասին փաստական տվյալների առկայությունը, հարուցված քրեական գործի բացակայությունը՝ իրականացված միջոցառումների արդյունքները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության հիմքում դնելով այն ընդհանրական և չպատճառաբանված դատողությունը, թե գործի համար կարևորություն ներկայացնող տեղեկությունները կարող էին ձեռք բերվել անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում՝ չհստակեցնելով և որևէ ողջամիտ փաստարկ չներկայացնելով առ այն, թե դատավարական ակնհայտ ի՞նչ ավելի մեղմ միջոցի կիրառմամբ էր հնարավոր հասնել ենթադրյալ կաշառք տալու-ստանալու և կաշառքի միջնորդության վերոնշյալ դեպքի բացահայտմանը։
17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների թույլատրելիությունը որոշելիս մեխանիկորեն՝ in abstracto կիրառել է Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և չի հիմնվել գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա՝ in concreto փաստական հանգամանքների գնահատմամբ՝ չպարզելով, թե արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են արդյո՞ք դրանց բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, և արդյո՞ք տվյալ դեպքում պահպանվել է համաչափության սկզբունքը։
Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն արտահայտվել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտի կայացմամբ, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք է դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատի քրեական գործում առկա ապացույցները և հանգի համապատասխան հետևության` անդրադառնալով նաև բողոքաբերի կողմից սույն որոշման 5.1-րդ կետում բարձրացված՝ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների բավարարության հարցին։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել ամբաստանյալ Միքայել Զադոյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Միքայել Արթուրի Զադոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Միքայել Արթուրի Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:


Նախագահող` Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Կ.ԲԻՇԱՐՅԱՆ



1.Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2. Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 4-5:
3.Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 13-18:

4. Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 19, 30:
5. Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթ 103:
6. Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթ 45:
7. Տե՛ս նույն տեղում:
8.Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 97-99:
9. 2017 թվականի հուլիս ամսվա դրությամբ գործող խմբագրությամբ։
10. Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշման 17-17.2-րդ կետերը։
11.Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով վերը նշված որոշման 18-19-րդ կետերը։
12.Տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը:
13.Տես սույն որոշման 11-11.2-րդ կետերը:
14.Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

Դատական Գործ N: ԵԷԴ/0129/01/17
Դատական Գործ N: ԵԷԴ/0129/01/17
Էրեբունի և Նուբարաշեն
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 12-12-2017
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 62239717
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող թիվ 12808616 քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող թիվ 12808616 քրեական գործով Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին:
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Մեղադրյալ
Անձ
ԱնունԲաբկեն   
ԱզգանունԳասպարյան   
ՀայրանունՍոսի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված312       Մաս 3       Կետ 1
Դատվածություն:չդատված
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Մեղադրյալ
Անձ
ԱնունԳայանե   
ԱզգանունԳալոյան   
ՀայրանունՀայկազունի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված38-311       Մաս 4       Կետ 2
Դատվածություն:չդատված
Պաշտպան
ԱնունՎլադիմիր
ԱզգանունԳրիգորյան
ՀասցեՀՀ Փաստաբանների պալատ
ՍեռԱրական
Պաշտպան
ԱնունԱրմինե
ԱզգանունԿարապետյան
ՀասցեՀՀ Փաստաբանների պալատ
ՍեռԻգական
Պաշտպան
ԱնունՆաիրա
ԱզգանունՀովհաննիսյան
ՀասցեՀՀ Փաստաբանների պալատ
ՍեռԻգական
Պաշտպան
ԱնունՄնացական
ԱզգանունՂազարյան
ՀասցեՀՀ Փաստաբանների պալատ
ՍեռԱրական
Պաշտպան
ԱնունԹամարա
ԱզգանունՊողոսյան
ՀասցեՀՀ Փաստաբանների պալատ
ՍեռԻգական
Մեղադրյալ
Անձ
ԱնունՄիքայել   
ԱզգանունԶադոյան   
ՀայրանունԱրթուրի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված311       Մաս 4       Կետ 2
Դատվածություն:չդատված
Պաշտպան
ԱնունՍիմոն
ԱզգանունԱմիրխանյան
ՀասցեՀՀ Փաստաբանների պալատ
ՍեռԱրական
Պաշտպան
ԱնունՀրանտ
ԱզգանունԱնանյան
ՀասցեՀՀ Փաստաբանների պալատ
ՍեռԱրական
Վիճակագրական տողի համարը: 14.4
Վիճակագրական տողի համարը: 14.5
Իրեղեն ապացույց
Իրեղեն ապացույցի անվանումը:
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը:
Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին
Խափանման միջոց: Կալանավորում
Խափանման միջոց: Կալանավորում
Չափահաս: Այո
Չափահաս: Այո
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 12-12-2017
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Էրեբունի և Նուբարաշեն
Դատավորի անուն: Մեսրոպ Երջանիկի Մակյան
Դատավոր
Դատարանի անվանում: Էրեբունի և Նուբարաշեն
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 14-12-2017
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 14-12-2017
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 08-01-2018
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր
ԱնունԱ.   
ԱզգանունՄնացականյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԳայանե   
ԱզգանունԳալոյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունՄիքայել   
ԱզգանունԶադոյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԲաբկեն   
ԱզգանունԳասպարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունՀրանտ   
ԱզգանունԱնանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունՍիմոն   
ԱզգանունԱմիրխանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԱրմինե   
ԱզգանունԿարապետյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունՄնացական   
ԱզգանունՂազարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունՆաիրա   
ԱզգանունՀովհաննիսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԹամարա   
ԱզգանունՊողոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: *
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2018թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 22-01-2018
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 3
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 02-02-2018
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համարը: *
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 06-02-2018
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 16-02-2018
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 23-02-2018
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 02-03-2018
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 06-03-2018
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 23-03-2018
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 26-03-2018
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ: